ՍՈՒՐԲ ԽԱՐԻԹԵԱՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Յամենայն ժամ օրհնեմք զՔեզ. որ մարդասէրդ ես, կեցո՛ զմեզ:

Յօրհնութիւն ի նոր օրհնեսցուք զՏէր.

Զի Նա է փառաւորեալ յամենայն սրբոց Իւրոց:

Օրհնեալ է այն, որ արժանի արար զմեզ հասանիլ

Ի մասն ժառանգութեան սրբոցն ի լոյս:

(Շարակնոց)

 

Մի ամբողջ քաղաքի եկեղեցական եւ աշխարհական կարգի բազմահոյլ այս նահատակների նախանձելի եւ երանելի դասը՝ տղամարդ թէ կին, ծեր թէ մանուկ, խարիթեաններ են կոչւում իրենց առաջնորդի՝ Խարեթաս կամ Արեթաս անունով սուրբ ծերունու անունով, որը վեցերորդ դարի սկզբում Եթովպիայի Ոմերիտայի շրջանի (սուրբ Գրքում այս շրջանը Սաբա է կոչւում) Նաջրան քաղաքի իշխանը եւ վերակացուն էր:

 

Տիրոջ 518 թուականին՝ Յուստիանոս քրիստոսասէր թագաւորի եւ յունաց կայսր Յուստինոս Թրակացու ժամանակներում, Եթովպիայի՝ Հաբէշստանի արքայանիստ Աքսում քաղաքում, թագաւորում էր հաւատացեալ եւ բարեպաշտ Ելէզբահան արքան: Իսկ ոմերիտացիների շրջանում, ուր ապրում էին հրեաների եւ հեթանոսների մեծ բազմութիւն, թագադրուեց եւ նստեց Դովնաս անունով մի ժանտ հրեայ, որի եւ եթովպիացիների արքայի միջեւ պատերազմ էր ընթանում:

 

Յոյժ զօրանալով՝ աստուածասէր Ելէզբահան թագաւորը հարուածեց Դովնասի զօրքին եւ հալածեց նրանց դէպի լեռներն ու ամրոցները, հսկիչ զօրքեր ու զօրավարներ թողեց նրա երկրում, եւ ինքը վերադարձաւ Եթովպիա: Իսկ Դովնասը հրեաներից ու հեթանոսներից զօրք հաւաքեց, ձմեռնամուտին անակնկալ յարձակուեց եթովպիացիների զօրքի վրայ, որոնք մնացել էին Ոմերիտայի շրջանում, հարուածեց ու ոչնչացրեց նրանց եւ մեծ հալածանքներ յարուցեց քրիստոնեաների դէմ: Տարբեր տեղերում նրանցից շատերին սպանելուց յետոյ զօրքը շարժեց Նաջրան քաղաքի վրայ, որովհետեւ այնտեղ քրիստոնեաների մեծ բազմութիւն էր ապրում:

 

Իր գնդով հասնելով այնտեղ՝ անօրէն Դովնասը շրջապատեց քաղաքը, որպէսզի ցրէր եւ վերացնէր հաւատացեալներին: Տեսնելով քաղաքի վրայ կանգնեցուած Խաչի նշանը՝ լցուեց առաւել բարկութեամբ եւ հրամայեց ի լուր քաղաքի բարձրագոչ հայհոյել ու ասել. «Եթէ որեւէ մէկը չհայհոյի Խաչեալին կամ չանարգի այս կանգնեցուած նշանն ու անիծեալ փայտը, կորստեան կը մատնուի սրով եւ հրով, իսկ ով համախորհուրդ կը լինի մեզ եւ կ՚ուրանայ գալիլեացիների Երրորդութեանը, մեծ պատուի կ՚արժանանայ ու համարձակութիւն կը ստանայ իմ թագաւորութեան կողմից: Ո՛վ նաջրանցիներ, ահա մեծ զօրքով եւ բարձր բազուկով մօտեցել եմ ձեզ»: Իսկ քրիստոնեաները Խարեթաս քաղաքապետի հրամանով պարսպից պատասխանեցին նրան՝ ասելով. «Ո՛վ թագաւոր, մենք սովորել ենք պաշտել ամենակալ Աստծուն, Նրա Բանին, Որով եղաւ ամէն բան եւ ամենքի կենդանարար Սուրբ Հոգուն: Ոչ թէ բազմաստուածութիւն ներմուծելով, այլ մի Աստուածութեան երեք Անձերին դաւանելով՝ երկրպագում ենք նոյն մի Զօրութեանը, ինչպէս որ պաշտում էին ձեր եւ մեր հայրերը՝ Աբրահամը, Իսահակը, Յակոբը, Մովսէսը, Ահարոնը, Սամուէլը, Դաւիթը եւ բոլոր մարգարէները»:

 

Անօրէն թագաւորը բարկացաւ եւ ամբողջապէս պաշարելով շրջափակեց քաղաքը՝ ձեռք բերելով տանջելու գործիքներ եւ պատերազմական զէնքեր: Եւ երբ չկարողացաւ խարխլել Քրիստոսի հաւատի վրայ հաստատուած քաղաքը, հրամայեց հաւաքել բոլորին, որ կային քաղաքի անդաստաններում, ագարակներում եւ բուրաստաններում. նրանցից ոմանց սպանեց, ոմանց էլ իր մեծամեծներին ծառայութեան շնորհեց: Եւ հաասկանալով, որ ոչ մի կերպ չի կարող գրաւել քաղաքը, սկսեց երդուել եւ վկայակոչել Աստծուն՝ ասելով. «Քաղաքից ոչ ոքի չեմ վնասի ու չեմ հարկադրի որեւէ մէկին թողնել իր հաւատքը, այլ միայն կամենում եմ ձեզ մօտ լինել հարկատւութեան համար, որ ամէն տարի ինձ տաք հարիւր երեսուն ոսկու տաղանդներ: Կամենում եմ, որ իմ առջեւ բացէք այս քաղաքը, որպէսզի մտնեմ եւ տեսնեմ նրա վայելչութիւնը»:

 

Իսկ քաղաքի Աստուծոյ ժողովուրդը, որ միշտ հնազանդ էր Քրիստոս Փրկչի սուրբ պատուիրաններին, ասաց թագաւորին. «Մենք օրէնքներից, մարգարէներից եւ առաքեալներից սովորել ենք հարկեր վճարել եւ հպատակուել մարմնաւոր տէրերին, որոնք չեն հեռացնի մեզ Աստծուն ծառայելուց: Եւ այժմ, լսելով ու վստահելով քո խօսքերին, ահա բացում ենք քաղաքի դուռը, որպէսզի մտնես ու վերցնես, ինչ որ կամենում ես: Բայց իմացի՛ր, որ եթէ ստես՝ ուխտազանց լինելով, ապա մեր Աստուածը կ՚օգնի մեզ, եւ քո ամբողջ չարութիւնը քո գլխին ու քո թագաւորութեան գլխին կը թափուի: Իսկ մենք երեք մանուկների խօսքը կ՚ասենք քեզ. "Մենք չենք պաշտի քո աստուածներին, չենք հնազանդուի քո հայհոյութիւններին եւ շահ կը համարենք մեռնել Քրիստոսի անուան համար, Ով մեռաւ մեզ համար եւ յարութիւն առաւ"»:

 

Այս ասելով՝ բացեցին քաղաքի դուռը, եւ ոմերիտացիների նենգ թագաւորը ներս մտաւ: Քաղաքի նախարարները, Խարեթասի հետ միասին ընդառաջ գալով, խոնարհուեցին նրա առաջ, եւ նա, նախքան նրանց ունեցուածքը յափշտակելը, բոլորին հրամայեց հաւաքուել եւ խնդրեց ցոյց տալ իրենց Պօղոս եպիսկոպոսին: Լսելով, թէ նա մահացել է երկու տարի առաջ, չհաւատաց: Հրամայեց բերել նրա պատուական ոսկորները, հրով այրել, եւ աճիւնը թիակներով օդում ցանել: Յաջորդ օրն ամբողջ զօրքին հրամայեց շատ փայտ հաւաքել եւ քաղաքից դուրս մեծ խարոյկ վառել, որպէսզի մի հրապարակի տեղ ունենայ: Հաւաքեց Աստուծոյ բոլոր քահանաներին, սարկաւագներին եւ սուրբ եկեղեցու այլ սպասաւորներին, ինչպէս եւ մենակեացների ու կոյսերի, որոնք կային քաղաքում եւ նրա մերձակայքում: Ապա առանց հարցուփորձ անելու՝ հրամայեց նրանց բոլորին գցել բորբոքուած հրի մէջ՝ կամենալով վախեցնել եւ զարհուրեցնել միւս քրիստոնեաներին: Այդ օրը նահատակուեց չորս հարիւր քսանեօթ հոգի:

 

Այնուհետեւ հրամայեց երկաթէ կապանքներով կապել Խարեթասին եւ նրա հետ՝ քաղաքի նախարարներին ու իշխաններին: Ոմերիտացիների լեզուով յայտարարւում էր ուրանալ Քրիստոսին եւ ընդունել հրեութիւնը, սակայն սուրբերը պատասխանեցին նրան. «Չլինի թէ մենք ուրանանք մեր Քրիստոս Աստծուն եւ մեր հաւատքը, որով մկրտուեցինք»: Իսկ անօրէն հրեան, կարծելով, թէ կարող է նենգ խօսքերով պատրել նրանց, որպէս հրեաների եւ հրեամիտ աղանդապետ Նեստորի համախոհ՝ սկսեց չարախօսել յոյներից, որովհետեւ այդ ժամանակներում յոյների եւ ասորիների երկրներում նեստորականութիւնը լայն տարածում էր գտել: Ասաց. «Յոյները եւս հասկացել են, որ Երուսաղէմում մեր հայրերը՝ քահանաները եւ օրէնուսոյցները, մարդու են խաչել: Եւ քանի որ նա հայհոյեց Աստծուն, տանջեցին եւ սպանեցին մարդու եւ ոչ թէ Աստուծոյ: Հապա ինչո՞ւ էք մոլորուել այդպիսի մարդու յետեւից, մի՞թէ դուք աւելի լաւն էք, քան յոյները եւ Նեստորիոսը, որոնք ասում են մեզ, թէ նրան Աստուած չենք համարում, այլ՝ Աստուծոյ մարգարէ: Ո՛վ նաջրանցիներ, մենք չենք պահանջում, որ ուրանաք երկնքի եւ երկրի Արարչին եւ ոչ էլ երկրպագել արեւին, լուսնին ու աստղերին, այլ կամենում եմ միայն, որ ուրանաք Յիսուս կոչուածին, Ով հայհոյեց եւ Իրեն Աստուած կոչեց»: Իսկ սուրբ վկաներն ասացին. «Մենք չենք ուրանում այն հաւատքը, որով մկրտուեցինք ի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի եւ խոստովանում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսին, Ով հայհոյւում է քո կողմից եւ Ով մարդացեալ Աստուած է, որ մեր փրկութեան համար մարմին առաւ սուրբ Կոյս Մարիամից: Իսկ քեզ, որ ստեցիր ճշմարտութեան դէմ, ուրանում ենք որպէս ուխտազանց Աստուծոյ օրէնքներին»: Ապա սուրբ Խարեթասն յաւելեց իր խօսքը՝ յայտարարելով. «Մենք բաժին չունենք Նեստորի հետ, որին նզովելով՝ միաձայն դատապարտեց յոյների ուղղափառ դասը, որից դու չարախօսում ես»:

 

Այնուհետեւ թագաւորն սկսեց քաղցրութեամբ խօսել բազմութեան հետ եւ ողոքիչ խօսքերով համոզել ուրանալ Քրիստոսին ու ազատուել առաջիկայ մահից, սակայն նրանք ասացին. «Թեկուզ մեզ հրի կամ սրի մատնես, մենք չենք կարող ուրանալ Քրիստոսին, որովհետեւ մեր կեանքը Քրիստոս է, իսկ մեռնելը՝ շահ»: Եւ այս խոստովանութեան առաջնորդը սուրբ Խարեթասն էր:

 

Այնժամ անօրէն Դովնասի հրամանով խումբ-խումբ բռնեցին տղամարդկանց եւ կանանց, ծերերին ու երիտասարդներին՝ թուով երկու հազար երեք հարիւր յիսուն հոգու: Չարահնար գազանը բոլոր կապուած տղամարդկանց, նրանց կանանց եւ որդիներին կանգնեցրեց միմեանց հանդէպ եւ ողոքանքի ու սպառնալիքի նենգ խօսքերով խրատեց նրանց ուրանալ Քրիստոսին, իսկ նրանք, միաբանուած որդիներով ու կանանցով, ասացին. «Չլինի թէ, որ անենք այդ: Մենք կը թողնենք որդիներին, կանանց, ծնողներին եւ ունեցուածքը, կը վերցնենք Քրիստոսի Խաչը ու կը հետեւենք Նրան, Ով վկայեց պոնտացի Պիղատոսի առաջ: Մենք պատրաստ ենք մեռնել Նրա անուան համար, որովհետեւ Նա է Աստուած՝ կենդանի Աստուծոյ Որդին, մեր Տէր Յիսուս Քրիստոս, իսկ մենք Նրա ժողովուրդն ենք եւ երկրպագում ենք Նրա Խաչին»: Նոյնը համարձակ կրկնեցին նաեւ կանայք՝ ասելով. «Քա՛ւ լիցի, թէ ուրանանք Քրիստոսին, առաւել եւս մեր ամուսիններին սպանելուց յետոյ»: Թագաւորն ասաց նրանց. «Անզգա՛մ կանայք, ցանկանո՞ւմ էք մեռնել մի մոլորեցուցիչ կախարդի համար»: Նրանցից տասը կանայք պատասխանեցին. «Խցի՛ր բերանդ, որն անօրէնութիւն է խօսում ընդդէմ անմահ Թագաւորի»: Այնժամ բարկացած թագաւորը հրամայեց բոլոր կանանց՝ իրենց երեխաներով հանդերձ, տանել մի խորխորատ վայր եւ սրի քաշել: Եւ դահիճները բռնաբար քարշ տուեցին նրանց մազերից, սակայն նրանք յօժար էին իրենց ոտքով նահատակութեան գնալ: Երբ տեղ հասան, սուրբ կոյսերը, որ կային այլ կանանց մէջ, իրենց հետ եղողներին խնդրեցին նախ իրենք մեռնել՝ ասելով. «Ո՛վ աստուածավախ կանայք, թո՛յլ տուէք, որ վկայութեամբ նախ մենք պսակներ առնենք Աստծուց, որովհետեւ ունենք կուսութեան կնիքը եւ կարգը: Գիտէք, որ Սուրբ Խորհրդին հաղորդուելու ժամին նախ մեզ էին կանչում եւ ապա՝ ձեզ՝ աշխարհականներիդ: Այժմ եւս պէտք է մարտիրոսութեան բաժակը ճաշակենք ձեզնից եւ ձեր այրերից առաջ»: Իսկ նրանք պատասխանեցին. «Այդպէս չէ, քանի որ մենք մարտիրոսների կանայք եւ մայրեր ենք, նախ մենք պէտք է մեռնենք, որպէսզի չտեսնենք մեր ամուսինների եւ որդիների մահը»: Այսպէս նրանցից իւրաքանչիւրը խնդրում էր դահիճներին աւելի շուտ սպանել իրենց: Եւ բոլոր կանայք, կանչելով Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունները, իսկոյն եւեթ գլխատուեցին, նրանց հետ եւ իրենց մանուկները՝ ուստրերն ու դուստրերը, որոնք իրենց մայրերի նման ձայն էին տալիս դահիճներին՝ իրենց եւս նահատակելու համար: Այնժամ թագաւորն իր մեծամեծներին ասաց. «Տեսնո՞ւմ էք, թէ այն խաչեալ կախարդն ինչ մոլորեցուցիչ ազդեցութիւն թողնեց ամբողջ երկրի վրայ»:

 

Այնուհետեւ բռնեցին նաեւ մի այրի տիկնոջ, որ երեւելի էր ամբողջ քաղաքում: Բռնաւորը հրամայեց նրան իր առջեւ բերել շուքով եւ պատուով՝ կարծելով, թէ խօսքերով ու խոստումներով կը կարողանայ մոլորեցնել նրան: Եւ երբ չկարողացաւ շահել, հրամայեց իր երկու դստրերի հետ բանտարկել նրան: Նրանք գնում էին տխրած եւ սաստիկ նեղուած, որ չսպանուեցին այն սուրբ կանանց հետ:

 

Երրորդ օրը թագաւորը մի իշխան ուղարկեց բանտ՝ նրանց ասելու. «Եթէ հնազանդւում ես ինձ եւ ուրանում խաչեալ Քրիստոսին, դու կը փրկուես քո դուստրերի հետ, եւ ինձնից շնորհ կը գտնէք: Իսկ եթէ չհնազանդուէք, իմացէ՛ք, որ չար վախճան էք ունենալու իմ ձեռքով»: Այս լսելով՝ կինը հեգնելով ասաց. «Ինձ տարէք թագաւորի մօտ, եւ ես կը հնազանդուեմ նրան, ինչ էլ որ ասի»: Այնժամ բռնաւորի սպասաւորները դեսպակով[1] տարան նրան, ինչպէս վայել էր իր պատուին, որովհետեւ երբէք արեգակ չէր տեսել բաց երկնքի տակ, այլ միայն պատուհանի միջով՝ լոյսի նշոյլներ: Նա եկաւ եւ իր երկու դուստրերի հետ կանգնեց գազանաբարոյ թագաւորի առջեւ: Թագաւորն ասաց նրան. «Ո՛վ կին, թող քեզ չմոլորեցնեն խաչեալի կախարդութիւնները, եւ մի՛ կամեցիր կորստեան մատնուել քո սպանուած քաղաքացիների մոլորութեամբ: Դու պատուական եւ ազնուատոհմ կին ես: Մանաւանդ ականջիս է հասել քո պատուի, տոհմի, ունեցուածքի, քո եւ դուստրերիդ գեղեցկութեան մասին, ու որ երբէք չես երեւացել որեւէ տղամարդու, բացի քո ամուսնուց: Այժմ հնազանդուի՛ր ինձ, եւ դու պատուի կ՚արժանանաս իմ եւ պալատի թագուհու կողմից»: Իսկ սուրբ կինը պատասխանեց նրան՝ ասելով. «Ես պատիւ չեմ ուզում այն մարդուց, որն ուխտազանց է եղել Աստծուն, ու չեմ բնակուի հայհոյիչի հետ, որը բոլորին ստիպում է հայհոյել եւ Աստծուն կախարդ կոչել»:

 

Այնժամ անօրէնը հրամայեց մերկացնել նրա եւ դուստրերի գլուխները եւ հերարձակ կանգնեցնել բոլորի առջեւ: Իսկ սուրբը, թիկունք դարձնելով, տեսաւ սգացող կանանց բազմութիւն բոլոր ազգերից, եւ ասաց նրանց. «Պարկե՛շտ եւ հաւատակի՛ց կանայք, հրեանե՛ր ու հեթանոսնե՛ր, որ կան ձեր մէջ, լսէ՛ք իմ խօսքը: Դուք գիտէք, որ ես եւ իմ ամբողջ ազգը քրիստոնեայ է: Ունեմ ոսկու, արծաթի եւ պղնձեղէնի մեծ ունեցուածք, ծառաներ ու աղախիններ, անդաստաններ եւ անասուններ ու ոչ մի բանի կարիք չունեմ: Եթէ ամուսնուս մահից յետոյ կամենայի ամուսնանալ, ոչ ոք ինձ չէր նախատի՝ իբրեւ օրինազանցի, որովհետեւ սուրբ առաքեալի վարդապետութիւնը պատուիրում է աւելի լաւ է ամուսնանալ օրէնքով, քան թէ բորբոքուել կրքով: Դուք գիտէք, որ կինն ուրախ է լինում իր հարսանիքի օրը: Այդ օրից յետոյ այնուհետեւ նեղութիւններ, վշտեր, տրտմութիւններ եւ հեծութիւններ են, մանաւանդ երբ զաւակներ են ծնում ու նրանց վախճանուած տեսնում: Արդ, այսուհետեւ զատուելով ազատւում եմ դրանցից եւ մտնում ուրախութեան մէջ, ինչպէս իմ հարսանիքի օրը: Ահաւասիկ այս վկայութեան միջոցով իմ այս երկու կոյս դուստրերին՝ որպէս Աստուծոյ հարս, լծակից դարձնելով միաւորում ենք ճշմարիտ Քրիստոս Փեսային, Ով առագաստ պատրաստեց իւղով լի ջահերով կոյսերի համար: Այս ապականացու եւ ժամանակաւոր կեանքում իմ հարսանիքից յետոյ երկրորդ անգամ էք տեսնում իմ բաց երեսը, եւ այժմ ցանկանում եմ մտնել հոգեւոր եւ յաւիտենական հարսանիք՝ պահելով իմ դուստրերի անապական կուսութիւնը եւ իմ անձի սրբութիւնը: Վկայ է ինձ Աստուած, որ այս մարդը չի կարող պատրել մեզ՝ ուրանալու Քրիստոսին, իսկ իմ ոսկիներն ու արծաթները կը վկայեն հանդերձեալում, որ ես չսիրեցի իրենց, այլ բաժանեցի նրանց, ովքեր կարիք ունէին»:

 

Լսելով այս ամէնը՝ թագաւորն ասաց նրան. «Ես երկար համբերեցի քեզ, եւ որքան կամեցար, խօսեցիր բոլոր նրանց հետ, որոնք արտասւում են քեզ համար: Գոնէ ինքդ եւս ցաւակից եղիր քեզ եւ այսուհետեւ հնազանդուի՛ր ինձ»: Սուրբ կինը պատասխանեց նրան. «Ո՛վ թագաւոր, դու ինձ խրատում ես ուրանալ Քրիստոսին եւ ապրել այս ժամանակաւոր կեանքում, սակայն ես վախենում եմ յաւիտենական հրից, անքուն որդերից եւ ուրացութեան յաւիտենական ամօթից: Աւելի լաւ է մեռնել, քան քեզ հնազանդուել»: Ապա թիկունք դարձնելով՝ արտասուեց բռնաւորի կուրութեան համար՝ ասելով. «Չլինի թէ ուրանանք կենդանի Աստուծոյ Որդուն՝ Քրիստոսին, Ով նստում է քերովբէների վրայ եւ փառաբանւում է սերովբէների կողմից»:

 

Այնժամ բարկացած թագաւորն ասաց. «Ո՛վ կին, դու հայհոյում ես՝ անիծելով»: Իսկ կրտսեր դուստրը, որը տասներկու տարեկան էր, զայրացաւ, բերանը լցրեց թքով եւ մօտենալով թքեց անօրէնի երեսին: Այնժամ թագաւորի մօտ եղողները, որոնք կանգնած էին մերկ սուսերով, գլխատեցին սուրբի դուստրերին: Թագաւորը հրամայեց հաւաքել նրանց արիւնից եւ բռնութեամբ լցնել նրանց մօր բերանի մէջ: Իսկ նա ըմպելով ասաց. «Գոհանում եմ Քեզնից, կենդանի Աստուծոյ Որդի, որ արժանացրիր ինձ ճաշակել իմ պատուական եւ անարատ դուստրերի զոհաբերութիւնից»: Ապա հրամայեց գլխատել նաեւ նրան: Անօրէնը երդուելով ասում էր իր մեծամեծներին. «Սաստիկ տրտմած եմ այս կնոջ եւ նրա դուստրերի համար, որովհետեւ երբէք չեմ տեսել նման տեսքի նկարագիր: Չգիտեմ, թէ որտեղից անզգամութիւն սերմանուեց քրիստոնեաների մէջ, որ նրանք մոլորուեցին սպանուած մարդու յետեւից, որն իրեն Աստուած էր կոչում»:

 

Միւս օրը հրաման տուեց իր առջեւ բերել սուրբ Խարեթասին ու միւս կապեալներին, որոնք երեք հարիւր քառասուն հոգի էին, եւ ասաց նրան. «Քեզ եմ ասում, չարութեամբ ծերացած ժա՛նտ Խարեթաս, ինչո՞ւ չնմանուեցիր քո հօրը, որն այս քաղաքի իշխանն էր, այլ կամեցար բռնաբար միահեծան պահել Նաջրան քաղաքը՝ յուսալով եւ վստահելով կախարդ մարդու, ով իրեն Աստուած կոչեց ու որոշեցիր փախչել իմ ձեռքից: Այսուհետեւ որպէս պատուական ծեր՝ գթա՛ եւ խնայի՛ր ծերութեանդ ու քո եւ քեզ հետ եղողների կեանքի պատճառ եղիր՝ ուրանալով Քրիստոս կոչուածին, այլապէս նախկինների պէս կը մեռնես դժնդակ մահով»: Այնժամ փառաւորեալ Խարեթասը պատասխանեց թագաւորին. «Ճշմարտապէս մեծ տրտմութեան մէջ եմ այս քաղաքի քրիստոնեաների համար: Ես նրանց պատուիրեցի քաղաքի դուռը չբացել քո առջեւ, բայց ինձ չլսեցին: Դարձեալ չլսեցին, երբ այլ խրատ տուեցի, որ Աստուծոյ ժողովրդի համար պատերազմէին քո դէմ, քանզի վստահ էի, որ իմ Քրիստոս Թագաւորով կը յաղթէի ու կը հարուածէի քո տասը հազարանոց զօրքին, ինչպէս Գեդէոնը յաղթեց իր երեք հարիւր զօրքով եւ Քրիստոսի խօսքով: Բայց թող Աստուծոյ կամքը լինի, որովհետեւ գիտեմ, որ մեր մեղքերի պատճառով ենք մատնուել քո ձեռքը՝ հաւատալով քո սուտ երդմանը, քանզի երբէք ճշմարտութիւն չի ելել քո բերանից»: Թագաւորի աթոռակալն ասաց նրան. «Ա՞յդ են ուսուցանում քրիստոնեաների գրքերը, թշնամանել թագաւորի՞ն: Չգիտէ՞ք, որ եբրայեցիների թագաւորներն օծեալներ են»: Սուրբ Խարեթասը պատասխանեց նրան. «Ո՛վ տէր պատրիկ, աւելացրո՛ւ նաեւ Իսրայէլի Աքայաբ թագաւորի Եղիային ասածները, թէ "Այդ դո՞ւ ես Իսրայէլը տակնուվրայ անողը", որին Եղիան պատասխանեց. "Ես չեմ Իսրայէլը տակնուվրայ անողը, այլ դու եւ քո հօր տունը": Ոչ ոք չի մեղանչում, երբ յանդիմանում է անօրէն թագաւորին: Նա չպատկառեց ուրանալ տալ Աստուծոյ Բանին, Որով եղաւ ամէն բան երկնքում եւ երկրի վրայ: Տեսնելով, որ Իր ստեղծածները խաբուեցին օձ սատանայից, չանտեսեց նրանց, այլ տուեց պատուիրանների կարգ՝ խրատելու բոլոր մարդկանց, որպէսզի հրաժարուելով հեռանան բոլոր չարիքներից, ինչպէս որ Իսրայէլին խրատեց արդարութեամբ եւ դարձեալ Իր ողորմութեամբ կանչեց Բաբելոնից: Եւ քանի որ Աստուծոյ պատուիրանն արհամարհելու պատճառով ապականուեց Արարչի պատկերով ստեղծուած գեղեցիկ պատկերը, Հօր կամքով Աստուածորդին իջաւ, ընկածներին վերցրեց Իր վրայ, նրանց մեղքերը խաչեց Իր մարմնում եւ մարդկային ազգի համար պատարագուեց Հայր Աստծուն: Եւ արդ, ինչպէ՞ս կարող ենք ուրանալ Նրան, Ով այսպիսի բարերարութիւններ է արել մեր փրկութեան համար, կամ ինչպէ՞ս թողնելով ճշմարտութիւնը՝ գնանք ուխտադրուժ արքայիդ ստութեան յետեւից, որը չպահեց մեզ երդում տուած իր խօսքը: Հնդիկների, պարսիկների եւ եթովպիացիների մէջ տեսել եմ քեզնից աւելի բարձր թագաւորների ու ազգապետերի, բայց նրանց մէջ այդպիսի բան չկար, այլ նրանց խօսքը ճշմարտապէս էր: Ես չեմ հեռանայ աստուածային այս խոստովանութիւնից եւ ստուգապէս երանի եմ տալիս իննսունհինգամեայ իմ ծերութեանը, որ Տէր Յիսուս արժանացրեց ինձ ճգնել ու մեռնել Իր անուան համար: Արդ, այժմ հասկացայ, որ Աստուած սիրում է ինձ, քանզի այս աշխարհում շատ տարիներ եմ ապրել ու որդիներ ծնել, տեսել եմ որդիներիս որդիներին մինչեւ չորրորդ սերունդ եւ այժմ ուրախ եմ, ո՛վ թագաւոր, որ իմ ծերութիւնն աւարտւում է սուրբ վկաների հետ: Վստահ եմ, որ այս քաղաքում կը պահեն իմ յիշատակը: Հաւատա՛ ինձ, որ ինչպէս գարնանը էտուած այգին առաւել պտղաբեր է լինում, այդպէս էլ այս քաղաքում ու ոմերիտացիների ամբողջ երկրում գնալով բազմանում է քրիստոնեայ ժողովուրդը: Ահա Աստուծոյ առաջ եմ ասում քեզ. քո կողմից այրուած եկեղեցին պիտի բարձրանայ, եւ այս երկրում այլ թագաւորութիւն պիտի լինի, որում պիտի ապրեն քրիստոնեաները: Իսկ քո թագաւորութիւնը շուտով պիտի ընկնի, եւ քո չար կրօնի քարոզչութիւնը պիտի վերանայ»:

 

Ապա շրջուեց եւ աղաղակելով սուրբ վկաներին ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցի՞ք իմ խօսքերը, որ ասացի թագաւորին»: Նրանք միաբան պատասխանեցին. «Այո՛, ո՛վ պատուական հայր, լսեցինք»: Ասաց նրանց. «Ինչպէ՞ս էք համարում այս վկայաբանութիւնը: Թող ձեզնից ոչ ոք չտատանուի այս անօրէնի սպառնալիքներից եւ հեռանալով չզատուի»: Իսկ սուրբերն ասացին. «Զօրացի՛ր, մեր հա՛յր, զօրացի՛ր այս մրցութեան մէջ: Մենք բոլորս պատրաստ ենք մեռնել քեզ հետ եւ չենք հեռանայ քեզնից»: Սուրբ Խարեթասն ասաց. «Լսէ՛ք, քրիստոնեանե՛ր, հրեանե՛ր եւ հեթանոսնե՛ր: Իմ ազգականներից ու մերձաւորներից ով կ՚ուրանայ Քրիստոսին, նրան  էլ կ՚ուրանայ Քրիստոս, Ով դատելու է ողջերին ու մեռածներին, իսկ ես յարութեան օրը մաս ու հաղորդութիւն չունեմ նրա հետ: Կամենում եւ պատուիրում եմ, որ իմ ամբողջ ունեցուածքը տաք սուրբ եկեղեցուն, որը պէտք է շինուի իմ մահից յետոյ: Իսկ եթէ իմ որդիներից կամ ազգականներից մէկը ողջ մնայ՝ չուրանալով եւ պահելով անբիծ հաւատը, թող նա լինի իմ ժառանգորդը եւ իմանայ, որ երեք ամենալաւ գիւղերը կամենում եմ տալ սուրբ եկեղեցուն»:

 

Ապա սուրբ ծերը՝ դառնալով թագաւորին, ասաց. «Գովում եմ քեզ միայն այն բանում, որ համբերութեամբ պահում ես հին թագաւորների եւ ազգապետերի աւանդութիւնը եւ չես ընդհատում իմ խօսքը: Բայց այժմ լսի՛ր իմ խօսքը եւ աւել հարցեր մի՛ տուր, որովհետեւ հասել է մեր նահատակութեան ժամը: Ամէն ոք, ով կ՚ուրանայ  այս վկայութիւնը, ուրացուած կը լինի արարիչ Աստծուց եւ կորստի կը մատնուի ողջերի երկրից: Ով ուրանայ Քրիստոսի Խաչը, կը մերժուի յաւիտենական բարիքներից: Ով հաղորդակից կը լինի քեզ ու քեզ համախոհ հրեաներին, ո՛վ թագաւոր, թող լինեն Դաթանի ու Աբիրոնի պէս, որոնց կուլ տուեց բացուած երկիրը: Եւ ահա ասում եմ քեզ, ինչպէս այսպիսի պատուական եղբայրների հետ սեղան նստելիս նախ ինձ էր տրւում բաժակը, այդպէս էլ այժմ թող նախ ես յօժարութեամբ ըմպեմ մարտիրոսութեան բաժակը եւ սուրբ Խաչի նշանով ու Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով կնքեմ իմ հետ եղող այս ժողովրդին»: Եւ այդժամ սուրբերից իւրաքանչիւրը կնքեց իրեն սուրբ Խաչի նշանով:

 

Երանելի Խարեթասը իր գլուխը խաչանման շարժեց չորս կողմերի ուղղութեամբ, որովհետեւ նրա ձեռքերը կապուած էին թիկունքին, ապա աղաղակելով ասաց. «Թող մեր հոգիներն ընդունելի լինեն Աստուծոյ քահանաների գլխին թափուած իւղի պէս, իսկ մեր արիւնը թող լինի որպէս օրհնութեան պատարագ եղջիւրաձեւ զոհասեղանի վրայ»: Եւ բազմութիւնը դարձեալ աղաղակեց. «Հա՛յր պատուական եւ մեր մրցապայքարի՛ նախամարտիկ, ահա Աբրահամ հայրապետը սպասում է քեզ, եւ մենք էլ թող չմնանք քո մահից յետոյ»:

 

Լսելով այս ամէնը՝ անօրէն թագաւորը հասկացաւ, որ անհնար է նրանց համոզելը: Այնժամ հրամայեց տանել նրանց չարչարանքների ձորը կամ Օտիաս կոչուած հեղեղատի մօտ, որտեղ խորխորատ էր փորուել նախկին սպանուածների համար, գլխատել նրանց, ցած գլորել, եւ նշխարները տալ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին:

 

Արդ, երբ սուրբ վկաները հասան նահատակութեան վայրը, իրենց հոգու աչքերը ուղղեցին դէպի բարձունքները եւ բարձրագոչ ասացին. «Յիսո՛ւս Քրիստոս, մեզ օգնութեան հասիր: Յիսո՛ւս Քրիստոս, թող մեր արիւնը թողութիւն եւ հանգիստ լինի հալածեալներիս եւ այս անօրէնի կողմից սպանուողներիս համար: Յիսո՛ւս Քրիստոս, ահա մենք խոստովանեցինք Քեզ մարդկանց առաջ, եւ Դու էլ խոստովանիր մեզ Քո ընտրեալների ու սուրբ հրեշտակների առաջ: Յիսո՛ւս Քրիստոս, բարձրացրո՛ւ անօրէնի կողմից այրուած եւ կործանուած Քո տաճարը: Յիսո՛ւս Քրիստոս, ողորմի՛ր նրանց, որոնք կը յիշեն մեզ եւ օրհնի՛ր բոլոր նրանց, որոնք կը պատուեն մեր վկայութիւնը՝ մեղքերի թողութիւն պարգեւելով նրանց: Յիսո՛ւս Քրիստոս, բարձրացրո՛ւ քրիստոնեաների եղջիւրը: Հռոմէացիների եւ եթովպիացիների թագաւորներին ու այս ոմերիտացիների թագաւորութիւնը տո՛ւր քրիստոնեաներին, որոնք կը կատարեն քո կամքը: Յիսո՛ւս Քրիստոս, հարուածի՛ր այս անօրէնին եւ արմատախիլ արա նրան, ինչպէս փարաւոնին, Ամաղեկին եւ Սեհոնին: Յիսո՛ւս Քրիստոս, արժանացրո՛ւ մեզ տեսնել Քո փառքը եւ սուրբ հրեշտակների աւետարանութեամբ լսել այս անօրէնի արագ անկման եւ հրեանէրի անօրէնութեան կործանման մասին»: Այսպէս աղօթելուց յետոյ միմեանց աղաղակելով՝ ասացին. «Խաղաղութի՛ւն ձեզ սուրբ համբոյրով»: Եւ սուրբ Խարեթասն ասաց նրանց. «Եղբայրնե՛ր, Խաչեալի խաղաղութիւնը, որ տուեց Իր սուրբ աշակերտներին, թող ձեզ հետ լինի. ամէն»: Ապա խոնարհեց իր սուրբ գլուխը, առաջինը մօտեցրեց իր պարանոցը սրին, եւ բոլոր վկաները նրա հետ ծնրադրեցին: Սուրբ Խարեթասը ծերութեան պատճառով չէր կարողանում ծնկի գալ, բայց նրանցից չորսը, որ ծերունու մօտ էին, վեր բարձրացրին նրա բազուկները: Այնժամ զինուորներից մէկը կտրեց նրա սուրբ գլուխը: Շուրջ եղող սուբ նահատակների բազմութիւնը մօտեցաւ, վերցրեց սուրբ Խարեթասի արիւնից, եւ օծեցին իրենց մարմինները, որից դահիճները զարմացան եւ արտասուեցին: Եւ ապա բոլոր սուրբերը խոնարհեցրին իրենց պարանոցները եւ նահատակուեցին Տիրոջ համար, որ եղաւ Տիրոջ 524 թուականին:

 

Այդտեղ կար մի քրիստոնեայ կին, որն իր հետ չորս-հինգ տարեկան որդի ունէր: Նա մի կողմ կանգնած ուշադիր հետեւում եւ տեսնում էր, թէ ինչպէս էին սուրբերն օծում իրենց երեսները սուրբ Խարեթասի արեամբ: Կինը մօտեցաւ նրանց, վերցրեց արիւնից, օծեց իրեն եւ որդուն ու աղաղակեց՝ ասելով. «Թող եբրայեցիների այդ թագաւորը փարաւոնի նման լինի»: Իսկոյն բռնեցին նրան ու տարան թագաւորի մօտ, եւ նա հրամայեց խորխորատ փորել, փայտ կիտել, վրան ձէթ եւ ծծումբ լցնել ու կրակ բորբոքել: Այն մեծ հնոց դարձրին, որպէսզի կնոջը գցեն դրա մէջ: Եւ մինչ կապում էին սուրբ վկայուհուն, նրա որդին, տեսնելով բարձրադիր տեղում նստած թագաւորին, շտապ վազեց նրա մօտ եւ ընկնելով համբուրեց նրա ոտքերը՝ կամենալով միջնորդել իր մօր ազատութեան համար: Իսկ թագաւորը, տարածեց իր ձեռքերը, նրան իր գիրկն առաւ եւ գգուելով ասաց. «Ասա՛, մանո՛ւկ, որն է լաւ քեզ համար, գնա՞լ, թէ՞ մնալ ինձ մօտ ու դառնալ իմ որդեգիրը»: Եւ մանուկն ասաց. «Ինձ համար լաւ է իմ մօր հետ լինել, որովհետեւ նա ինձ ասաց. "Ե՛կ, որդեա՛կ, մարտիրոսանանք, ինչպէս բոլորը": Ես նրան հարցրեցի. "Մա՛յր իմ, ի՞նչ է մարտիրոսանալը", եւ նա ասաց. "Մեռնելը եւ դարձեալ կենդանանալը"»: Եւ երբ թագաւորը սաստեց մանկանը, նա ասաց. «Թո՛յլ տուր, որ գնամ իմ ծնողի մօտ, որովհետեւ ահա տեսնում եմ, որ կապում են նրան»: Եւ աղաղակեց՝ մա՛յր, մա՛յր: Թագաւորը նրան հարցրեց. «Ճանաչո՞ւմ ես Նրան, Ում Քրիստոս են կոչում»: Պատասխանեց՝ այո՛: Թագաւորն ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում Նրան»: Մանուկը պատասխանեց. «Երբ իմ մօր հետ գնում էի եկեղեցի, ճշմարտապէս Նրան միշտ տեսնում էի եկեղեցում: Եթէ կամենում ես, արի՛ ինձ հետ, եւ ես քեզ ցոյց կը տամ Նրան»: Թագաւորը դարձեալ հարցրեց նրան. «Ի՞նձ ես սիրում, թէ՞ Նրան, Ում Քրիստոս են կոչում»: Մանուկն ասաց. «Իրապէս Քրիստոսին»: Թագաւորը շարունակեց հարցնել. «Ո՞ւմ ես սիրում, ի՞նձ, թէ՞ քո մօրը»: Մանուկը պատասխանեց. «Իմ մօրը»: Թագաւորն ասաց. «Ապա ինչո՞ւ ես թողել նրան, եկել ես ինձ մօտ ու համբուրում ես իմ ոտքերը»: Մանուկն ասաց. «Ես կարծում էի, թէ դու քրիստոնեայ ես, որի համար եկայ՝ աղաչելու քեզ, որ արձակես իմ մօրը»: Եւ նա ասաց. «Ես հրեայ եմ, բայց եթէ կամենում ես մնալ ինձ մօտ, ես քեզ կը տամ ընկոյզ եւ նուշ, թուզ եւ ինչ որ կամենաս»: Մանուկն ասաց. «Թող որ գնամ իմ մօր մօտ: Ես քեզնից ոչինչ չեմ վերցնի, որովհետեւ դու հրեայ ես»: Թագաւորն իր մեծամեծներին ասաց. «Տեսէ՛ք, թէ ինչպէս է այս չարահնարը իմաստութեամբ պատասխան տալիս»: Այնժամ թագաւորի մերձաւորներից մէկն ասաց մանկանը. «Արի՛ ինձ հետ, եւ ես քեզ կը տանեմ թագուհու մօտ»: Սակայն նա չպատասխանեց, այլ երբ հեռուից տեսաւ, որ մօրը գցեցին հրի մէջ, լաց եղաւ եւ ասաց. «Կամենում եմ տեսնել իմ մօրը», եւ ջանում էր փախչել ու գնալ, իսկ թագաւորն արգելում էր նրան: Այնժամ բռնեց թագաւորի ազդրից ու ատամներով կծեց, իսկ թագաւորը երեխային տուեց իր մեծամեծներից մէկին՝ ասելով. «Վերցրո՛ւ դրան, մեծացրո՛ւ եւ սովորեցրո՛ւ հրեանալ»: Եւ մինչ այդ մարդը ձեռքից բռնած տանում էր մանկանը, պատահեց այլ իշխանների եւ սկսեց պատմել նրանց մանկան ասած խօսքերը, եւ թէ ինչպէս նա ատամներով կծեց թագաւորին: Նրանք խօսքերով ընկած թողել էին մանկան ձեռքը,  եւ քանի որ հեռու չէին հնոցից, երանելի մանուկը փախաւ եւ իսկոյն նետուեց կրակի մէջ ու այդպէս իր մօր հետ նահատակուեց: Այդ օրերին քաղաքում եւ քաղաքից դուրս բոլոր նահատակուածների թիւը շուրջ տասը հազար էր: Ըստ «Յայսմաւուրք»-ի՝ տասը հազար հոգի աշխարհականներ էին եւ երկու հարիւր քառասունհինգը՝ եկեղեցականներ, իսկ «Տօնացոյց»-ում ընդհանուր առմամբ յիշատակուած են տասը հազար երկու հարիւր վկաներ:

 

Այնժամ իշխանները՝ մեծամեծներով հանդերձ, ընկան թագաւորի առաջ՝ թեթեւութիւն խնդրելով մնացած քրիստոնեաների համար: Բռնաւորը յանձն առաւ, բայց քաղաքի եւ աւանների քրիստոնեայ իշխաններից ու ծառաներից, հողագործներից եւ արհեստաւորներից հաւաքեց տասնհինգ տարեկանից ցածր իգական եւ արական սեռի երեխաների, որոնց թիւը հազար երկու հարիւր իննսունեօթ էր, նրանց բաժանեց ու շնորհեց իր բոլոր մեծամեծներին ծառայութեան, իսկ ինքը գնաց իր քաղաքը՝ Փառէ: Եւ այդ օրերին հիւսիսային կողմում օդի մէջ հրատեսիլ գիշերային երեւոյթ եղաւ, որին բնախօսները հիւսիսային արշալոյս են կոչում: Այն տեւեց քառասուն օր՝ երեկոյից մինչեւ կէսգիշեր: Թէպէտ այս տեսիլքը յատուկ էր բնական գիտութիւններին, սակայն բնութիւնից վեր երեւոյթ էր, որովհետեւ այն, տաք հնոցի պէս երկրի վրայ հեղուած, ահ, երկիւղ եւ յանդիմանութիւն էր Տիրոջ դէմ պատերազմող հրեաների համար: Իսկ հաւատացեալները տեսնելով օրհնում էին Աստծուն, ինչպէս մեր «Ճառընտիր»-ների վկայաբաններն են ասում իբրեւ ականատեսներ: Եւ Մետափրաստէսն էլ աւելացնում է. «Ապա նաեւ ի վերուստ հուր տեղաց երկրի վրայ, որը կատարեալ հարուած էր, բայց եւ այնպէս հրեաները չխրատուեցին իրենց անօրէնութիւնից»: Իսկ «Յայսմաւուրք»-ներն էլ ասում են. «Գիշերային երեւոյթից յետոյ հուրը փոշու պէս երկրի վրայ էր իջնում»:

 

Սակայն Աստուած այլ կերպով եւս վրէժ առաւ հրեաներից եւ բարձրացրեց քրիստոնեաներին: Քանզի երբ անօրէն Դովնասը վերադարձաւ իր թագաւորանիստ քաղաքը՝ Փառէ, իր դեսպանների միջոցով շարունակեց ընդդէմ բոլոր քրիստոնեաների գրգռել պարսից Կաւատ արքային, ինչպէս նաեւ պարսից իշխանութեան տակ գտնուող սարակինոսների Ալամադին իշխանին՝ մեծ կաշառք խոստանալով նրանց, եթէ հալածանքներ յարուցէին Քրիստոսի հաւատացեալների դէմ: Երբ Յուստիանոս կայսրն իմացաւ այս մասին, իմաստուն Աբրահամ երէցին ուղարկեց Ալամադինի մօտ՝ միաբանութեան դաշինք հաստատելու յունաց բաժնում եղող սարակինոսների հետ: Երբ նա հասաւ իշխանի մօտ, պարսից արքայի կողմից այնտեղ եկաւ նաեւ Սահակ երէցը կամ եպիսկոպոսապետը, որը Պարսկաստանում ուղղափառ քրիստոնեաների գլուխն էր, եկաւ եւ նեստորականների Շիղա եպիսկոպոսը՝ ի դէմս հրեայ Դովնասի, որը պայքարի մէջ մտնելով ուղղափառների դէմ, ջանում էր հրեական վարդապետութեամբ ցոյց տալ Քրիստոսին որպէս սոսկ մարդ, սակայն յաղթուելով ուղղափառների կողմից՝ վերադարձաւ ամօթահար եղած: Իսկ Աբրահամը, աւարտելով այն գործը, որի համար եկել էր, գնաց կայսրի մօտ եւ պատմեց Ոմերիտայի քրիստոնեաների հետ կապուած բոլոր իրադարձութիւնների մասին, որոնք կատարուեցին հրեայ Դովնասի ձեռամբ: Այնժամ Յուստիանոս կայսրը նամակ գրեց Ալեքսանդրիայի եպիսկոպոսին, որպէսզի նա յորդորէր եթովպիացիների Ելէզբահան արքային տիրասպան հրեայ ազգից առնել սուրբ Խարիթեանների արեան վրէժը: Բայց Ելէզբահանը, վառուելով Աստուծոյ նախանձախնդրութեամբ, աւելի վաղ պատրաստ էր անելու այդ բանը: Ժողովելով իր եւ օտարներից էլ հարիւր քսան հազարանոց զօրք՝ ծովով եւ ցամաքով արշաւեց ընդդէմ Դովնասի: Բայց քանի որ ձախողակի դէպքեր պատահեցին, մինչեւ անգամ տասնհինգ հազարանոց զօրքը կործանուեց ամայի եւ անջրդի վայրերում, Ելէզբահանը դիմեց առ Աստուած եւ մի սուրբ կրօնաւորից յաղթանակի յայտնութիւն ստացաւ: Եւ մեծ ջանքերից յետոյ մեծամեծ հարուածներ հասցրեց հրեաներին թէ՛ ծովում եւ թէ՛ ցամաքում, որովհետեւ Տիրոջ կողմից յայտնապէս սքանչելիք եղաւ. երեւացին հրեշտակները՝ օգնելու Քրիստոսի բանակին եւ բարձունքներից լսելի եղաւ ձայն, որը երեք անգամ ասաց. «Գաբրիէ՛լ, Գաբրիէ՛լ, Գաբրիէ՛լ»: Այդ ամէնից յետոյ Ելէզբահանն իր ձեռքով սպանեց անօրէն Դովնասին եւ գրավելով ոմերիտացիների երկիրն ու նրա արքայանիստ Փառէ քաղաքը՝ շինեց եկեղեցիներ, այնտեղ տարածեց քրիստոնէութիւնը, եւ կոտորածից մնացած հրեաներից ոչ քչերն ընդունեցին քրիստոնէութիւնը: Այնուհետեւ բարեպաշտ Ելէզբահան արքան եկաւ Նաջրան քաղաքը, այնտեղ եկեղեցի շինեց եւ պատուեց սուրբ Խարիթեանների նահատակութեան վայրը: Կատարեց նաեւ սուրբ Խարեթասի կտակի խօսքերը եւ նրա որդիներից մէկին երկրի զօրավար կարգեց: Քրիստոնեաներից Աբրամ անունով մէկին ոմերիտացիների թագաւոր կարգեց եւ Ալեքսանդրիայից բերել տուեց մի եպիսկոպոս՝ քահանաներով ու սարկաւագներով հանդերձ, եւ այդպէս ամէն բան կարգի բերելով՝ վերադարձաւ իր երկիրը՝ Եթովպիա: Այնուհետեւ հրաժարուեց իշխանութիւնից, որդուն իր տեղում թագաւոր կարգեց եւ իր թագն ուղարկեց Երուսաղէմ՝ Յովհան հայրապետի մօտ՝ Քրիստոսի գերեզմանի մօտ կախելու համար: Ապա առանձնացաւ մենակեացների վանքում, որ կար լերան վրայ, առանձնական վարքով եւ խստակրօն ճգնութեամբ մնաց մի խցում եւ Աստուծոյ կամքով աւարտելով իր կեանքը՝ փոխուեց դէպի անանց Արքայութիւն: Եւ այս ամէնն առաջնորդուեց Տիրոջ կողմից՝ սուրբ Խարիթեանների արեան բարեխօսութեամբ, ըստ սուրբ Խարեթասի յայտնի մարգարէութեան եւ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ անուան:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Խարիթեաններին յիշատակում է ս. Խաչի վեցերորդ հինգշաբթի օրը՝ սուրբ Արտեմիսի, Քրիստափոր վկայի եւ սուրբ Ակիւլինէի ու Կալինիկէի հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:

 

[1] Ծածկոյթով պատգարակ, որ տանում են առջեւի եւ յետեւի ձողերից բռնած կամ էլ ծածկաւոր կառք: