ՍՈՒՐԲ ԿՈԶՄԱՍ ԵՒ ԴԱՄԻԱՆՈՍ ԱՆԱՐԾԱԹ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Սուրբ ես Տէր զօրութեանց՝

Որ բնակեալդ ես ի յերկինս եւ բարեբանիս ի սրբոց Քոց:

Երկնային զօրութիւնք սերովբէք եւ քերովբէք.

Անդադար օրհնեն սուրբ զանունդ Քո:

Քահանայք ընդ նոսին պաշտօնեայք եւ ժողովուրդք.

Երկրպագեսցուք տէրութեանդ Քո:

(Շարակնոց)

 

Արեւելքի եւ Արեւմուտքի քրիստոնէական բոլոր եկեղեցիների մէջ ի սկզբանէ եւ մինչ օրս մեծ է հրաշագործ վկաների՝ այս անարծաթ սուրբ բժիշկների անունը եւ պատիւը, ու ամենուր քարոզւում են նրանց սքանչելագործութիւնները:

 

Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի թագաւորութեան օրօք Կիլիկիայի Եգէա քաղաքում բնակուող Թէոդիտէ անունով աստուածավախ մի կին ունէր երկուորեակ զաւակներ՝ Կոզմաս եւ Դամիանոս անուններով, որոնց ունեցաւ աղօթքներով եւ մեծացրեց աստուածպաշտութեամբ: Նրանք սովորեցին բժշկութեան արուեստը, սակայն առաւել ուսանեցին Սուրբ Հոգուց, որովհետեւ մարդկանց եւ անասունների բոլոր ախտերն ու հիւանդութիւնները բժշկում էին Տիրոջ անուամբ: Նրանք մինչեւ իսկ լուսաւորում էին կոյրերին, քայլեցնում կաղերին, բացում էին խուլերի ականջները, հալածում դեւերին եւ որեւէ մէկից ոչինչ չէին առնում, որովհետեւ հետեւում էին Քրիստոսի այն պատուիրանին, թէ ձրի առաք, ձրի էլ տուէք:

 

Մի անգամ նրանք բժշկեցին Պալլադիա անունով մի կնոջ անբուժելի հիւանդութիւնը: Կինը թախանձեց սուրբ Դամիանոսին ընդունել իրենից չնչին վարձք կամ հաւի երեք ձու: Նրանք յանձն չէին առնում, բայց երբ կինը, Աստուծոյ ահեղ անունով երդում տալով, ստիպեց չանտեսել իր աղաչանքը, Դամիանոսն ամաչեց եւ այն ընդունեց:

 

Լսելով այս մասին՝ Կոզմասը յոյժ տրտմեց եւ կամեցաւ հեռանալ եղբօրից ու մինչեւ իսկ պատուիրեց, որ իրենց միասին չթաղեն նոյն գերեզմանոցում: Սակայն այդ գիշեր Տէրը երեւաց Իր ծառայ Կոզմասին եւ ասաց. «Ինչո՞ւ ես զուր խռովւում, քո եղբայրն առաւ ընծան ոչ թէ վարձքի դիմաց, այլ Իմ անուան համար, որով երդուեց տուողը»:

 

Եւ այդ օրերին քրիստոնեաների դէմ ամենուր հալածանքներ սկսուեցին: Անօրէնները Եգէա քաղաքի Լիւսիաս դատաւորի առաջ մատնեցին այս երկու եղբայրներին՝ ասելով, թէ նրանք Քրիստոսի անուամբ փարատում են բոլոր ցաւերը, որը տեսնելով՝ շատերը հեռանում են աստուածների պաշտամունքից եւ գնում Նազովրեցու յետեւից: Եւ դատաւորը կանչեց նրանց, լսած ամբաստանութիւնների պատճառով խօսեց խիստ սպառնալիքներով եւ ասաց. «Նախ ասացէ՛ք, թէ դուք որ երկրից եւ քաղաքից էք, ինչ են ձեր անունները եւ կեանքի ինչ յանգամանքներում էք ապրում»: Անդրանիկ եղբայրը պատասխանեց եւ ասաց. «Մենք արաբների երկրից ենք, իմ անունը Կոզմաս է, իսկ եղբօրս Դամիանոս են կոչում: Մենք քրիստոնեաներ ենք, ուստի եւ պատուական ազգից»: Դատաւորը հարցրեց. «Դուք այլ եղբայրներ կամ ընկերներ ունէ՞ք»: Կոզմասը պատասխանեց. «Այո՛, ունենք, նրանց անուններն են Անթիմոս, Ղեւոնդիոս եւ Եւպրեպիոս»: Լիւսիասը կանչել տուեց նրանց եւ բոլորին միաժամանակ ասաց. «Մտածելով ձեր օգտի մասին՝ մօտեցէ՛ք եւ զոհ մատուցէք մեր աստուածներին: Հեռացէ՛ք ձեր Քրիստոսից, այլապէս ձեզ կը հնազանդեցնեմ՝ տանջանքների մատնելով»: Սուրբ վկաները միաբան պատասխանեցին. «Մենք արհամարհում ենք քո տանջանքները եւ չենք վախենում: Արա՛, ինչ կամենում ես, որովհետեւ մենք չենք կարող աստուածներ կոչել խուլ եւ համր, քարեղէն ու պղնձէ կուռքերին եւ անգամ չենք կարող նրանց մարդ կոչել, այլ դեւեր»:

 

Բարկացած դատաւորը հրամայեց կապել նրանց ձեռքերն ու ոտքերը եւ տանջել՝ սաստիկ հարուածներ տալով, իսկ երանելիները սաղմոսում էին՝ ասելով. «Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար»[1]: Ապա Լիւսիասին ասացին. «Եթէ կան աւելի խիստ տանջանքներ, ապա չարչարի՛ր մեզ դրանցով, որպէսզի հասկանաս, որ քո տանջանքները չեն կարող մեզ վնաս պատճառել»:

 

Այնժամ դատաւորը հրամայեց նրանց շղթայակապ ծովը նետել: Եւ ահա Տիրոջ հրեշտակը արձակեց նրանց շղթաները եւ ողջանդամ դուրս բերեց: Լսելով այս մասին՝ դատաւորն ահաբեկուեց, կանչեց նրանց եւ ասաց. «Երդւում եմ մեծ աստուածներով, որ դուք յաղթում էք կախարդութեամբ, որովհետեւ արհամարհեցիք տանջանքները եւ ապշեցրիք ծովին: Դէ ինձ էլ սովորեցրէք այդ մոգութիւնը, եւ ես կ՚աշակերտեմ ձեզ»: Սուրբ Կոզմասն ու Դամիանոսը պատասխանեցին. «Մենք կախարդութեամբ չենք զբաղւում, որովհետեւ քրիատոնեաներ ենք եւ Քրիստոսի անուամբ արհամարհում ենք կախարդներին: Իսկ եթէ դու կամենում ես տեսնել մեր Քրիստոս Աստուծոյ զօրութիւնը, ապա քրիստոնեայ դարձիր եւ Քրիստոսի անուամբ եկ մեր յետեւից»: Հեգնելով նրանց՝ դատաւորն ասաց. «Ես կը գամ ձեր յետեւից, սակայն իմ Ապոլոն աստուծոյ անունով»:

 

Եւ այս խօսքի վրայ դատաւորը պատուհասուեց. երկու դեւեր երեւացին նրան, սկսեցին չարաչար տանջել ու ապտակել, իսկ նա, աղաղակելով սուրբ վկաներին, ասաց. «Աղաչում եմ ձեզ, Քրիստոսի՛ զինուորներ, աղօթէ՛ք ինձ համար ձեր Աստծուն, որպէսզի կարողանամ ազատուել այս դեւերի ձեռքից»: Եւ երբ սուրբերն աղօթեցին ու ձեռք դրեցին նրա վրայ, դեւերն աներեւոյթ եղան: Անօրէն Լիւսիասն ասաց. «Տեսա՞ք, թէ ինչպէս տրտմեցին դեւերը, քանի որ մտածում էի թողնել նրանց»: Այնժամ սուրբ վկաները յանդիմանեցին նրա խստասրտութիւնը եւ սուտ աստուածների մոլորութիւնները: Այդ օրը նրանց բանտ տարան, որտեղ սաղմոսներով եւ օրհնութեամբ չէին դադարում փառաւորել Քրիստոս Աստծուն:

 

Յաջորդ օրը բռնաւորը հրամայեց նրանց իր առջեւ բերել: Ասաց. «Խելքի եկա՞ք, թէ՞ դեռեւս ձեր անմիտ խորհուրդների մէջ էք»: Սուրբերը պատասխանեցին. «Լսի՛ր, ճշմարտութեա՛ն թշնամի, մենք քրիստոնեաներ ենք եւ մինչեւ մեր կեանքի վերջը պիտի պատերազմենք յանուն ճշմարտութեան: Մենք չենք ուրանայ բոլորի ճշմարիտ Աստծուն եւ չենք կարող աստուած կոչել արարածներին կամ սնոտի պատկերներին: Իսկ դու արա՛ այն, ինչ մտադիր ես»: Այնժամ անօրէնը հրամայեց բորբոքել հնոցը եւ վկաներին նետել վառուող կրակի մէջ:

 

Երանելիները շրջում էին հնոցի՝ իբրեւ փափկութեան դրախտի մէջ: Նրանք ցնծութեամբ սաղմոսում էին եւ ասում. «Աչքերս դէպի քեզ բարձրացրի, Տէ՛ր, որ բնակւում ես երկնքում»[2]: Եւ մինչ աղօթում էին, բոցը դուրս ելաւ եւ այրեց շատ հեթանոսների, իսկ սուրբերն ամբողջովին անարատ մնացին, որովհետեւ նրանցից մի մազ անգամ չէր այրուել:

 

Այս տեսնելով՝ դատաւորը զարմացաւ, սակայն դարձեալ համակուեց չարով եւ ասաց. «Երդւում եմ իմ մեծ աստուածներով, որ զարմացած եմ այս նոր իրողութեան վրայ: Արդ, ասացէ՛ք՝ մինչեւ ե՞րբ պէտք է ձեր մոգական արուեստով ստուեր գցէք մեր աչքերին եւ զոհ չմատուցէք աստուածներին, որոնցով կայ տիեզերքը»: Սուրբերն ասացին. «Ո՛վ ամբարիշտ, մինչեւ ե՞րբ պիտի Բարձրեալի զօրութիւնը մոգութիւն համարես եւ խուլ կուռքերին աստուածներ կոչես: Մենք չենք կարող ուրանալ մեր Աստծուն, որով ապրում ենք եւ կանք»:

 

Բռնաւորը հրամայեց կախել նրանց, քերել մարմինները եւ տանջել: Դահիճները յոգնեցին տանջելուց, իսկ Տիրոջ հրեշտակը սուրբերին անվնաս էր պահում: Լիւսիասն ասաց. «Ձեր կախարդութիւնը ձեզ օգուտ չի տայ, եթէ չհնազանդուէք թագաւորի հրամաններին»: Կոզմասն ու Դամիանոսը պատասխանեցին. «Մենք չենք հնազանդուելու քո թագաւորի անօրէն հրամաններին: Մեր Թագաւորը, որ երկնքում է, Քրիստոս Աստուածորդին է»: Այնժամ դատաւորը հրամայեց խաչել Կոզմասին եւ Դամիանոսին ու քարկոծել, իսկ Անթիմոսին, Ղեւոնդիոսին եւ Եւպրեպիոսին շղթայել ու բանտ տանել: Դահիճները կատարեցին հրամայուածը, սակայն քարերը վերադառնում էին քարկոծողների վրայ: Տեսնելով իր վիրաւոր սպասաւորներին՝ դատաւորը հրամայեց, որ զինուորների չորս գնդեր ամբողջ բազմութեան առաջ նետահարեն խաչի վրայ եղող սուրբերին, բերել տուեց նաեւ բանտարկուած նահատակներին, որպէսզի տեսնեն նրանց հասած պատուհասները:

 

Սակայն զինուորների արձակած բազմաթիւ նետերը չմօտեցան սուրբ վկաներին, այլ սաստիկ խոցոտեցին հաւաքուած ամբոխին: Մեծ իրարանցում եղաւ, որից վրդովուած դատաւորը հրամայեց վկաներին իսկոյն տանել մի տեղ եւ գլխատել: Ճանապարհին նրանք միաբան սաղմոսում էին եւ ասում. «Բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել Քո անուանը, ո՛վ Բարձրեալ»[3]: Երբ հասան նահատակութեան վայրը, դարձեալ աղօթեցին ու երբ ասացին՝ ամէն, դահիճները մօտեցան ու սրով գլխատեցին նրանց: Եւ այսպէս նրանք՝ թուով հինգ հոգի, խաղաղութեամբ Աստուծոյ ձեռքն աւանդեցին իրենց հոգիները ու ստացան յաղթութեան պսակները: Աստուածավախ մարդիկ վերցրին նահատակների մարմինները եւ ամփոփեցին Երուսաղէմին մօտ գտնուող Պոռեման կոչուող մի վայրում:

 

Ժամանակներ անց՝ քրիստոնէութեան շրջանում վկայարան շինուեց սուրբ վկաների մարմինների վրայ: Մաղքոս անունով մի մարդ, որը սպասաւորում էր նրանց տաճարին, բերեց իր կնոջը եւ սուրբերի տապանի առաջ նրան ասաց. «Ահա ես պիտի գնամ հեռու ճանապարհ՝ դէպի օտար երկիր, եւ քեզ յանձնում եմ Աստուծոյ ու Նրա սուրբերի՝ Կոզմասի եւ Դամիանոսի պահպանութեանը: Նստի՛ր ու սպասի՛ր քո տանը»: Ապա մի նշան ցոյց տալով՝ ասաց. «Թող այս նշան լինի քեզ համար: Երբ Աստուած կամենայ, ես կ՚ուղարկեմ այն ու կը կանչեմ քեզ»: Արդ, ամուսնու գնալուց յետոյ ժամանակ անց դեւը ճանապարհորդի կերպարանքով եկաւ կնոջ մօտ եւ ասաց նրան. «Ահա քո ամուսնու նշանը. նա ուղարկեց ինձ, որպէսզի քեզ տանեմ այն քաղաքը, որտեղ նա գտնւում է»: Կինը ճանաչեց նշանը, սակայն կասկածելով այդ «օտարականին», խնդրեց նրան սուրբ Կոզմասի եւ Դամիանոսի տաճարում երդուել նրանց անունով, որպէսզի ճանապարհին իրեն չար բան չպատահի: Եւ դեւը երդուեց: Նա կնոջը տարաւ գրաստի վրայ դրած, եւ երբ անցնում էին մի դժուարանցանելի տեղով, չարը հրեց նրան եւ կամեցաւ կնոջը գահավէժ անել ու կորստեան մատնել: Այնժամ կինն աղաղակեց. «Օգնեցէ՛ք ինձ, սուրբ Կոզմաս եւ Դամիանոս»: Եւ ահա նոյն պահին յայտնուեցին արագահաս վկաները՝ հեծած սպիտակ երիվարների վրայ եւ սպիտակազգեստ բազմութեամբ հանդերձ: Նրանք ազատեցին կնոջը, սատանան իսկոյն անհետացաւ, եւ կատարուեց այն խօսքը, թէ «Նա փոս փորեց, խորացրեց, հէնց ինքն էլ ընկաւ այն փոսը, որ նա պատրաստեց»[4]: Սուրբերը բռնեցին կնոջ ձեռքից, խաղաղութեամբ բերեցին իր տուն եւ ասացին. «Մենք Կոզմասն ու Դամիանոսն ենք, որոնց քո ամուսինը յանձնեց քեզ: Դու երդուելու չափով հաւատացիր մեզ, որի համար մենք շտապեցինք թիկունքից քեզ օգնութեան հասնել»:

 

Ինչպէս վկայաբանն է ասում, երկար կը լինի թուել, թէ Աստուած մինչ օրս որքան շատ սքանչելիքներ է արել այդ տեղում ի փառս եւ ի գովեստ Իր փառաւորեալ անուան համար: Հին մատենագրութեան մէջ սուրբ վկաների փառքի մասին գրուած են այս խօսքերը. «Կոզմաս եւ Դամիանոս երկուորեակ եղբայրները, որոնք բժիշկներ էին, քրիստոնեայ դառնալուց յետոյ իրենց առաքինութիւնների եւ աղօթքների զօրութեան շնորհիւ փարատում էին մարդկանց բոլոր հիւանդութիւնները: Բազմաթիւ սքանչելիքներ ցոյց տալով երկրի բնակիչներին՝ նրանք տեսակ-տեսակ չարչարանքներով դասուեցին երկնաւորների հետ, եւ եթէ մէկը կատարեալ հաւատքով աղօթի նրանց տապանի մօտ, իսկոյն կ՚առողջանայ»:

 

Մի մարդ, որ խեղ էր իր ոտքից, բարձրութիւնից ցած ընկաւ, կոտրեց իր ոտքը եւ անդամալոյծ դարձաւ: Նա լսեց այն սքանչելիքների մասին, որ գործում էին սուրբ Կոզմասն ու Դամիանոսը: Ծառաները նրան տարան սուրբերի տապանի մօտ եւ նրա անկողինը դրեցին նրանց տապանի առաջ: Այնտեղ կար նաեւ մի համր կին, եւ նրանցից իւրաքանչիւրն իր համար առողջութիւն էր խնդրում: Երկար մնալով սուրբերի տաճարում՝ կաղ անդամալոյծն իր մտքում ասաց. «Կարծում եմ, որ սուտ էին սուրբերի մասին իմ լսած լուրերը, թէ նրանք փարատում են մարդկանց անբժշկելի ցաւերը, որովհետեւ ահա քանի օր է անցել, բայց ես չեմ բժշկւում»: Եւ այդ գիշեր սուրբերը երազի մէջ երեւացին նրան ու ասացին. «Ինչո՞ւ ես մեզ մեղադրում, որ շուտ չառողջացար: Այժմ արա՛, ինչ որ կ՚ասենք, եւ դու կ՚առողջանաս»: Եւ նա ասաց. «Հրամայէ՛ք ինձ, Աստուծո՛յ սուրբեր, եւ ես կ՚անեմ»: Սուրբերն ասացին. «Եթէ կամենում ես շուտ առողջանալ, ապա գաղտնի մտիր համր կնոջ անկողին, ամուսնացիր նրա հետ եւ կ՚առողջանաս»: Արթնանալով անդամալոյծն ասաց. «Վա՛յ ինձ, այս ի՞նչ էր, որ տեսայ երազում: Ես լսեցի եւ եկայ այստեղ ոտքերիս ու անձիս բժշկութեան համար, բայց սուրբերն իրենց եկեղեցու մէջ ինձ փորձութեան եւ պոռնկութեան մէջ են գցում: Եթէ անեմ ինձ հրամայուածը, ապա վախենում եմ՝ գուցէ կինը չկամենայ մեղանչել ինձ հետ, ու նաեւ եկեղեցպանը, իմանալով իմ զազրելի գործի մասին, կը պատմի քահանաներին, եւ նրանք բարկացած ինձ դուրս կ՚անեն, գաւազաններով ու այլ հարուածներով կը ջարդեն իմ վնասուած անդամները, եւ իմ վերջին տանջանքները կը լինեն աւելի վատ, քան նախկինում: Նրանք չեն կամենում, որ ես բժշկուեմ, այլ ընկնեմ մեղքերի մէջ»: Եւ դարձաւ սուրբերի տապանին ու ասաց. «Ա՞յս է սուրբերի պարգեւը: Բարիք անելու փոխարէն նրանք կամենում են ինձ փորձանքների եւ մեղքերի մէջ գցել»: Միւս գիշերուայ մէջ սուրբերը դարձեալ երեւացին նրան ու ասացին. «Արա՛, ինչ որ քեզ պատուիրեցինք, եւ դու կ՚առողջանաս»: Քնից արթնանալով՝ նա ասաց. «Ո՛վ Աստուծոյ սուրբեր, ես կ՚անեմ այն, ինչ որ հրամայեցիք, իսկ դուք էլ արէ՛ք, ինչ որ կը կամենաք»: Գիշերը յետեւեց, թէ որտեղ է քնում կինը, գաղտագողի գնաց, բարձրացրեց սաւանը եւ մտաւ կնոջ անկողինը: Այնժամ սուրբերը կնոջը լեզու տուին եւ բացեցին նրա բերանը, իսկ կինն աղաղակելով ասաց. «Ո՞վ ես դու, որ մտել ես իմ անկողինը, մեղանչում ես եւ չես վախենում Աստծուց ու այս սուրբ եկեղեցուց»: Եւ նոյն պահին սուրբերը զօրութիւն տուեցին կաղ անդամալոյծին, որն ահից եւ ամօթից դուրս վազեց կնոջ անկողնուց, բժշկուած գնաց դէպի եկեղեցու դուռը, բացեց այն եւ փախաւ արագընթաց ոտքերով: Եւ բոլոր նրանք, ովքեր տեսան ու լսեցին այս սքանչելիքի մասին, փառաւորեցին Աստծուն:

 

Թէ՛ Հայոց եւ թէ՛ այլ Յայսմաւուրքներում յիշատակւում են նաեւ այլ երկու համանուն բժիշկ եղբայրներ, որոնք կամ շփոթութեան արդիւնք են, կամ սրանց պատմութեան այլ տարբերակներ են:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Կոզմաս եւ Դամիանոս անարծաթ սուրբ բժիշկների յիշատակութեան տօնը կատարում է Յիսնակի պահոց հինգերորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Աբրահամի եւ Խորէնի հետ:

 

[1] Սաղմ. ՁԹ 1:

[2] Սաղմ. ՃԻԲ 1:

[3] Սաղմ. ՂԱ 2:

[4] Սաղմ. Է 16: