ՍՈՒՐԲ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄԻ ԱՆՆԱՅԻՑ ԾՆՆԴԵԱՆ ՏՕՆԸ

«Աստուածածին մայր լուսոյ՝ Արեգականն արդարութեան արեւելք.

Որ ի խաւար աշխարհի ծագեցեր զլոյսն գերազանց.

Օրհնութեամբ զքեզ բարեբանեալ մեծացուցանեմք:

Ամպ թեթեւ լուսաւոր անընդունակ խոնաւութեան.

Որ զցօղն կենաց ի ցամաքեալ բնութիւնս ցօղեր.

Օրհնութեամբ զքեզ բարեբանեալ մեծացուցանեմք:

Սերովբէ հողեղէն եւ մարմնաւոր քերովբէ.

Որ զԱնտեսն ի նոցունց յորովայնի քում կրեցեր.

Օրհնութեամբ զքեզ բարեբանեալ մեծացուցանեմք»:

(Շարակնոց)

 

Եկեղեցին ուրախութեամբ տօնում է ոչ միայն Գաբրիէլեան աւետիսի օրը, որում անարատ Կոյսը Սուրբ Հոգով եւ անարատաբար ու անսերմնապէս յղացաւ Աստուածորդուն, այլեւ այն օրը, որում ինքը՝ անարատ Մարիամը, յղացաւ իր մօրից՝ Աննայից, իր հօր՝ Յովակիմի գործակցութեամբ: Այս օրը Մարիամի ստեղծման եւ նոր աշխարհի հիմնարկէքի օրն է: Աւետման օրը Յիսուսի յղացման օրն է, իսկ այս օրը՝ Կոյսի յղացման օրը: Այն օրն Աստուած մարդացաւ, իսկ այսօր արարուեց Աստուծոյ ծնողը, եւ եթէ այս չլինէր, Բանը մարմին չէր լինի: Եթէ Աննան աւետիսով չյղանար Մարիամին, ինչպէ՞ս Մարիամն աւետիսով կը յղանար Աստծուն: Ապա ուրեմն, ինչպէս որ օրհնեալ է Մարիամի որովայնի Պտուղը՝ Յիսուս, այնպէս էլ կանանց մէջ օրհնեալ է եւ ինքը՝ Աննայի որովայնի պտուղը՝ Մարիամը: Ինչպէս որ Բանի մարդեղութիւնը Կոյսից աւետարանուեց յուրախութիւն տիեզերքի, նոյնպէս եւ Կոյսի Յովակիմի եւ Աննայի զաւակ լինելը մեր ուրախութեան սկիզբն ու արմատն է ճանաչւում: Ուստի իրաւամբ այս օրը տօնելի եղաւ տէրունական տօների երկրորդ շարքում՝ գլխաւորագոյն տօնախմբութիւններից յետոյ:

 

Յիրաւի, ոմանց մօտ յիշատակւում է նաեւ Յովհաննէս Կարապետի յղութիւնը Եղիսաբէթից որպէս տիեզերական ցնծութեան սկզբնաւորիչ առիթ: Քանզի ինչպէս որ արուսեակի ծագումն աւետաբեր է արեգակի ծագման համար, այնպէս էլ սուրբ Կարապետի սկզբնաւորուելը՝ Բանի մարդեղութեան համար: Բայց ինչպէս որ Յովհաննէսն անբաւ անջրպետով տարատրոհուած է Տիրամօրից, այդպէս էլ մէկի տօնի յարգը՝ միւսի տօնից: Քանզի Յովհաննէսը ճրագ էր, իսկ Մարիամը՝ Լոյսի մայր եւ արդարութեան Արեգակի ծնող, Յովհաննէսը՝ մարգարէ եւ կանանցից ծնուածներից մեծը, իսկ Մարիամն օրհնեալ էր կանանց մէջ, մարգարէների թագուհի, մարգարէութեան եւ մարգարէների Տիրոջ մայր: Յովհաննէսը՝ երկնաւոր Թագաւորի սպասաւոր, Մարիամը՝ դուստր եւ հարս, մայր եւ դշխուհի, երկնքի եւ երկրի արքայուհի: Եւ որ այսուհետեւ ուղղուած է մեծ խորհրդին, Յովհաննէս Մկրտիչը մօր որովայնում սրբուեց Կոյսի միջոցով, իսկ անարատ Կոյսը սուրբ ստեղծուեց իր մօր որովայնում: Այդ պատճառով նրա յղութիւնն անարատ է կոչւում, որն այս հանդիսութեան օրն արժան է պանծալի դարձնել:

 

Եթէ Մարիամն անարատ մայր է, ապա ուրեմն նաեւ՝ անարատ զաւակ: Եթէ յղացաւ անարատաբար ու ներգործապէս եւ վայելչապէս ծնեց Աստծուն, ապա եւ յղացաւ անարատաբար ու կրաւորապէս եւ Աննայից ծննդեամբ վայելչապէս Աստուծոյ ծնող սահմանուեց: Եկեղեցին նրա մասին վերաձայնում է՝ անթառամ ծաղիկ, անդատապարտ շառաւիղ, դու՝ մարդկային ազգի անթառամ ծաղիկ, մեր բնութեան նախնի ծնողի օրհնութեան շառաւիղ, մեղքերի փշերից մաքուր անդաստան, թեթեւ լուսաւոր ամպ՝ գիջութեանն անընդունակ, երկրաւոր ցանկութիւնների մէջ թեթեւ լուսաւոր ամպ՝ սուրբ Կոյս: Ինչպէս եւ ահա հոգեկիր Գրիգորի կարճ ու իմաստալից խօսքերը. առաջին մեղաւոր կնոջ առանց մեղքերի զաւակ լինելու գովեստին արժանացար, բոլոր ընտրեալ անբիծ անձանց սուրբ պսակ ճանաչուեցիր, քերովբէական ճաճանչների հրաբերան սփռող եղար: Լուսածին Կոյսի սպասաւորներս նաեւ այս ենք վերագրում, երբ յաճախ երգում ենք՝ անարատ սրբուհի, անարատ իսկուհի, մաքուր աղաւնի, երկնքի հարս՝ Մարիամ: Նաեւ ասում ենք՝ մաքրագործուած եւ սրբուած որովայնից, սակայն ոչ Երեմիա եւ Յովհաննէս մարգարէների պէս, որոնք անսրբութիւնից սրբութեան անցան, այլ մօր սուրբ եւ մաքուր ձեւաւորուած որովայնից եւ սրբուած արգանդից՝ սահմանուած սրբութիւնների Սրբութեան բնակութեան եւ մայրութեան համար:

 

Կոյսը ծագեց որպէս պայծառ երկինք երկրի վրայ եւ որպէս միջօրէի լոյս՝ օրէցօր արտափայլեց իր շնորհների լոյսը: Եւ մենք, որ նրա միջոցով խաւարից դէպի լոյս եկանք, թող դարձեալ չգնանք մեղքերի խաւարի միջով: Նա արեգակնաբար ծագեց ջինջ յստակութեան եւ անաղօտ լուսաւորութեան բնածին մաքրութեամբ ու ժամ առ ժամ վեր բարձրանալով դէպի գեղեցիկ երկնակամարը, հասաւ աստուածամայրութեան՝ երրորդ երկնքի գերագոյն գագաթը, որտեղից իր Միածնի միջոցով լուսաւորում է իւրաքանչիւր մարդու, ով գալու է աշխարհ: Մենք, որ նրա միջոցով դարձանք լոյսի որդիներ եւ ցերեկուայ որդիներ, տեղի չտանք խաւարասէր թշնամու խաւար խորհուրդներին: Ուստի այս օրը դիմենք անարատ Սրբուհուն՝ նրա մօտ բարեխօս ունենալով իր ծնողներին՝ Յովակիմին եւ Աննային, բարեխօս ունենալով եւ իրեն Իր Միածնի եւ երկնաւոր Հօր մօտ: Խնդրենք, որ մաքրի մեզ մեղքերի ախտից, մաքրազարդի Սուրբ Հոգու շնորհներով, որպէսզի անարատ լինենք ամէն բանում, ճոխանանք բոլոր առաքինութիւնների սրբափայլ զարդարանքներով, վարդագեղ վայելչութեամբ, լուսատեսիլ զուարթութեամբ ու պսակուենք նրա տեսակ-տեսակ շնորհներով, իր եւ Աստուածորդու փառքի շնորհներով: Լինենք լոյսի Մօր արժանաւոր զաւակները եւ պարզերես համարձակութեամբ մտնենք երկնային խորանները, տեսնենք մեր փառաւորեալ Դշխուհու փառաւորութեանը, երջանիկների դասի հետ յաւերժական տօնախմբութեամբ ցնծանք նրա փառքով եւ օրհնենք ու փառաւորենք նրան Փառաւորողին՝ երեքսրբեան մի Տէրութեանը եւ միասնական Սուրբ Երրորդութեանը յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ: