ՍՈՒՐԲԵՐ

Կայ սուրբերի երկու դասակարգում:

Ա. Սուրբեր, ովքեր Քրիստոսի անուան եւ սուրբ հաւատի համար մարմնով գտնւում են կապանքների մէջ: Եւ ինչպէս սուրբ Ոսկեբերանն է ասում, նրանց կարող ենք հաղորդ լինել չորս կերպով:

Առաջին` սպասաւորելով նրանց անհրաժեշտ կարիքներով` կերակրով եւ ըմպելիքներով, որի համար Տէրն ասում է. «Բանտում էի, եւ ինձ այցի եկաք»[1]:

Երկրորդ` քաջալերելով նրանց մխիթարական խօսքերով՝ հաւատի մէջ հաստատուն մնալու եւ չարչարանքները ուրախութեամբ կրելու համար, որովհետեւ Քրիստոսի համար մահը կեանք է, իսկ տանջանքները` յաւիտենական հանգիստ:

Երրորդ` եթէ հնարաւոր է, բռնաւորին յետ դարձնելով չարից եւ շարժելով նրա գութը` լինի աղաչանքներով, լինի նուիրատւութեամբ կամ այլ կերպով:

Չորրորդ` արտասուքներով կցորդ լինելով նրանց չարչարանքներին, որով մասնակից կը լինենք նաեւ նրանց ուրախութեանը Քրիստոսի ահեղ դատաստանի Օրը:

Այս չորս եղանակներով կարող ենք կցորդ լինել սուրբերին, ովքեր դեռեւս ողջ են եւ բանտերում են:

 

Բ. Այս կեանքից հեռացած սուրբեր, որոնց կարող ենք հաղորդ լինել եւս չորս կերպով:

Նախ` հաղորդ ենք լինում, երբ հիանում ենք, թէ ինչպէս նրանք տաժանակիր չարչարանքներ կրեցին, թէ ինչպէս հողեղէն մարմնով նմանուեցին անմարմիններին, արհամարհեցին մարմնի կարիքները եւ ոչինչ համարեցին այս կեանքը:

Երկրորդ` հաղորդ ենք լինում, եթէ ցանկանանք, որ մենք եւս նահատակուենք նրանց նմանութեամբ: Եւ թէպէտ մարմնով չենք նահատակւում, այս ցանկութիւնը յոյժ բարի է:

Երրորդ` եթէ նրանց անուան համար այլեւայլ տեղերում կառուցենք տաճարներ եւ վկայարաններ:

Չորրորդ` եթէ պատուենք նրանց նահատակութեան օրը եւ ուրախանանք տօնախմբութեամբ ջահերով, խնկերի բուրմամբ, պատարագներով եւ նրանց անուան համար աղքատներին ողորմութիւն բաշխելով: Ինչպէս պատերազմներում թէպէտ ոմանք առաջնագծում են, ոմանք թիկնապահներ են, ոմանք` խրախուսողներ, ոմանք` հանդերձներն ու կարասիներ պահողներ, սակայն բոլորն էլ աւարին բաժանորդ են լինում: Այսպէս, ովքեր կցորդ լինեն սուրբերի չարչարանքներին, վերջին օրը պարգեւներ բաշխող Քրիստոս Աստծուց նրանց փառքին հաղորդ կը լինեն:

 

Սուրբ Գրիգոր Տաթեւացի

[1] Մատթ. ԻԵ 36: