«Ժողովեալքս ի յիշատակ սրբոց մարտիրոսացն. միաբանութեամբ երգելով.
Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:
Քանզի հեղմամբ արեան սոցա պարտեցաւ թշնամին.
Եւ մեծարեալ պարծի Սիոն երգելով.
Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:
Դասակցելոցն ընդ զօրս վերին զուարթնոցն՝
Յիշատակաւ բերկրեալ ի սրբութիւն սոցա երգեսցուք.
Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ»:
(Շարակնոց)
Հեթանոսների մէջ երկրորդ Աբրահամը եւ նրանց հաւատքի հայրը, որ հրաւիրեց նրանց Քրիստոսի նորածին եկեղեցի, հանդիսացաւ սուրբ Կոռնելիոսը, նա, որին սուրբ Ղուկաս աւետարանիչը յիշատակում է «Գործք Առաքելոց» գրքում եւ գովաբանում երանելի այս մարդուն՝ պանծալիօրէն արձանագրելով. «Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարիւրապետ «Իտալական» կոչուող գնդից: Նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով՝ շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ աղօթում էր Աստծուն»[1]: Աւետարանիչը ցոյց է տալիս, որ թէպէտ նա հեթանոս էր, սակայն բարի էր բնոյթով եւ հեռու կռապաշտների հետ խառնակեցիկ կեանքից ու նրանց անօրէն ճանապարհներից: Եղել էր բազմաստուածութիւն քարոզող սուտ ուսմունքի մէջ, սակայն անձամբ տեղեկանալով միակ ճշմարիտ Աստուծոյ ճշմարտութեանը՝ երկնչեց միայն Նրանից եւ դիմեց Նրան ամենօրեայ աղօթքներում: Իր օրինակով նոյն հաւատքով կրթում էր իր ամբողջ ընտանիքին, որը ծնողներից քչերի մէջ էր տեսնւում:
Ապրում էր Պաղեստինի մայրաքաղաք Կեսարիայում: Մեծահարուստ այր էր, փառաւոր բոլոր հրեաների եւ հեթանոսների աչքին, սակայն զեխացած չէր ունայն հարստութեան եւ աշխարհի պատրանքների մէջ, ինչպէս աշխարհի մեծահարուստներից շատերը: Բարեգործ էր աղքատների հանդէպ եւ պարկեշտ, ողորմասէր ու աղօթասէր, որի համար նրա աղօթքները եւ ողորմութիւնները յիշուեցին ու բարձրացան ծածկագէտ Աստուծոյ առաջ: Եւ Տէրն արժանացրեց նրան տեսնելու Իր երկնաւոր հրեշտակին, որից հրաման առաւ մարդիկ ուղարկել Յոպպէ ու իր մօտ կանչել հաւատքի վէմ Պետրոս առաքեալին: Նրանից լսելով կեանքի աւետարանի մասին՝ իբրեւ պարարտ հող, սակայն ծարաւ կենդանի ջրի աղբիւրին, իր ամբողջ ընտանիքով ու մերձաւորներով ընդունեց Սուրբ Հոգու պարգեւների զեղումը, ինչպէս երանելի առաքեալները՝ սուրբ Վերնատանը: Մինչեւ իսկ սկսեց խօսել լեզուներով եւ փառաւորել Աստծուն, որը տեսնելով Պետրոս առաքեալը հէնց այնտեղ Յիսուս Քրիստոսի անունով եւ սուրբ աւազանի ջրով մկրտեց Կոռնելիոսին ու նրա հետ եղողներին: Եւ այս եղաւ սուրբ Ստեփաննոս Նախավկայի նահատակութիւնից, Պօղոս առաքեալի դարձից եւ Քրիստոսի երկինք համբարձուելուց մէկ տարի անց՝ Տիրոջ 34 թուականին:
Եւ ահա երանելի Կոռնելիոսի սքանչելի դարձը դէպի սուրբ հաւատքը Քրիստոսի եկեղեցու մուտքի դուռ եղաւ բոլոր հեթանոսների համար: Փոքրիկ հօտն սկսեց մեծանալ, որովհետեւ երկնաւոր Հովուապետի կանչով թէ՛ ներսից եւ թէ՛ այլ տեղերից եղաւ մէկ հօտ եւ մի Հովիւ: Քանի որ փրկութիւնը, ինչպէս եւ Փրկիչը հրեաներից էր, հրեայ հաւատացեալները մինչ այդ խտրութիւն էին դնում իրենց եւ այլազգիների միջեւ, որի համար նրանց առջեւ փակ էր մնում փրկութեան ճանապարհը: Իսկ Կոռնելիոսը եղաւ հեթանոսներից առաջինը, որն արժանի եղաւ մտնել ընդհանրական եւ առաքելական սուրբ Եկեղեցի եւ ապա իր օրինակով իր յետեւից ձգել ամբողջ տիեզերքին՝ առջեւում հաւատքի օրինակ ունենալով նախկին հարիւրապետին, որի մասին վկայեց աշխարհի Փրկիչը՝ ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք»[2]:
Արդ, երբ Կոռնելիոսն իր մերձաւորների հետ մկրտուեց Պետրոսի կողմից, խնդրեցին նրան մի քանի օր մնալ իրենց մօտ՝ առաւել վայելելու նրա վարդապետութեան հոգեւոր շնորհները: Եւ սուրբ առաքեալը, յօժարութեամբ կատարելով նրանց աստուածահաճոյ խնդրանքը, աւելի ու աւելի լուսաւորեց բոլորին աստուածային խօսքով:
Ինչպէս միաբան վկայում են հին վկայագիրները, Կոռնելիոսն այնուհետեւ հրաժարուեց հարիւրապետի զինուորական գործից եւ բոլոր կենցաղային զբաղմունքներից, թողեց արքունի իշխանական պատիւը, զինուորագրուեց Քրիստոսին, եղաւ Սուրբ Խաչի նշանի դրօշակիրը եւ աշակերտելով Պետրոս Վեմին՝ աւետարանի քարոզչութեան գործում հետեւեց սուրբ առաքեալներին, իսկ յետագայում, երբ արդէն ծերացել էր, քահանայ եւ եպիսկոպոս ձեռնադրուեց նրա կողմից:
Այնուհետեւ Պաղեստինի Կեսարիա քաղաքն աշակերտների համար եղաւ իբրեւ հիւրանոց: Նրանք երանելի Կոռնելիոսի հրամանով եւ գործակցութեամբ համարձակ ելումուտ էին անում՝ այնտեղ հեթանոսներին եւ հրեաներին քրիստոնէութիւն քարոզելու համար: Այնտեղ էր գտնւում Փիլիպպոս աւետարանչի՝ եօթ սարկաւագներից մէկի տունը: Այլ քաղաքներում հեթանոսներին հրապարակաւ քարոզելու դեռեւս զգուշութիւն էր պահւում, այդ պատճառով Ստեփաննոսին հասած նեղութիւնների պատճառով ցրուածները թէպէտ հասան մինչեւ Կիպրոս եւ Անտիոք, սակայն բացի հրեաներից՝ նրանք ոչ ոքի խօսք չէին ասում: Բայց աշակերտները, կամաց-կամաց համարձակութիւն ձեռք բերելով, սկսեցին խօսել յոյների, այսինքն հելլենների եւ այլ ազգութիւնների հետ՝ աւետարանելով Տէր Յիսուս Քրիստոսին, որի արդիւնքում հաւատացեալների մեծ բազմութիւն դարձաւ դէպի Տէրը, եւ ապա Բառնաբասի եւ Պօղոսի շնորհիւ առաջին անգամ Անտիոքում աշակերտները քրիստոնեաներ կոչուեցին:
Մինչ քրիստոնէական հաւատքն օրէցօր տարածւում էր տարբեր կողմերում, Հերովդէսի ձեռամբ սպանուեց Յովհաննէսի եղբայր մեծն Յակոբոսը: Պետրոսը բանտարկուեց, սակայն հրեշտակի առաջնորդութեամբ նա ազատուեց եւ ուր էլ որ գնաց, Կոռնելիոսը միշտ հետեւեց նրան: Քարոզչութեամբ տարբեր վայրերում շրջելիս նրանց յարեց նաեւ Պօղոս առաքեալի երանելի աշակերտ Տիմոթէոսը: Նրա հետ եկան-հասան Եփեսոս, որտեղ Պետրոս առաքեալը խորհուրդ արեց իր երանելի գործակիցների հետ, եւ որոշեցին առաւել հոգալ այն քաղաքների համար, որտեղ դեռեւս չէր հասել աւետարանի քարոզչութիւնը: Վիճակ գցելով՝ իւրաքանչիւրի համար որոշուեց իր քաղաքը, իսկ Կոռնելիոսին վիճակուեց գնալ Սկեփսիոն քաղաքը, որը Հելլեսպոնտոսի մօտ գտնուող Սկեփսիս կոչուած փոքր գաւառում է՝ մօտ Աւիդոսին: Այնժամ առաքեալի հրամանով Կոռնելիոսը գնաց Սկեփսիոն՝ այնտեղ կենաց խօսքը քարոզելու համար: Եւ երբ քաղաք մտաւ, սկսեց աւետարանել Քրիստոս Աստծուն, եւ մարդկանց բազմութիւնը ցնցուեց նոր քարոզչութիւնից:
Լուրը հասաւ քաղաքի Դեմետրիոս անունով դիցամոլ եւ յոխորտաբարոյ իշխանին, որը նշանաւոր էր հեթանոսական աղանդի ուսմունքի եւ փիլիսոփայական իմաստասիրութեան մէջ: Նա իսկոյն Կոռնելիոսին կանչեց իր ատեանի առաջ եւ հարցրեց, թէ ով է, որտեղից է եւ որ Աստծուն է պաշտում: Երանելին պատասխանեց. «Ես կենդանի Աստուծոյ ծառան եմ եւ Նրա կողմից եմ ուղարկուել այստեղ՝ աւետարանելու անպատում բարիքներ, դուրս բերելու ձեզ մոլորութեան խաւարից եւ առաջնորդելու դէպի կենաց լոյսը»: Այսպէս սկսելով՝ խօսեց նրանց ի Քրիստոս Յիսուս ճշմարիտ հաւատքի մասին: Այնժամ իշխանը զայրագին սաստեց նրան եւ ասաց. «Ես քեզ ի՞նչ հարցրի, եւ դու ի՞նչ ես պատասխանում: Երդւում եմ աստուածներով, որ եթէ յետ չկանգնես այդ սնոտի խօսքերից, չեմ խնայի քեզ: Այժմ ասա՛, ո՞վ ես դու, ո՞ւմ ես զինուորագրուել եւ ինչո՞ւ ես եկել այստեղ»: Կոռնելիոսն ասաց. «Եթէ հարցնում ես իմ նախկին վիճակի մասին, ապա ես կայսերական արքունիքին զինուորագրուած հարիւրապետ էի, բայց վաղուց ես հրաժարուել ու զինուորագրուել եմ երկնաւոր Թագաւորին՝ երկնքի եւ երկրի Արարչին: Ես այստեղ եմ եկել Նրա հրամանով, որպէսզի քարոզեմ ձեզ ճշմարտութիւնը ձեր օգտի համար, որպէսզի դառնաք դէպի իմ Տէրը եւ կեանք ունենաք»:
Երանելու բերանից այսպիսի եւ առաւել քան այսպիսի խօսքեր լսելով՝ իշխանն ասաց նրան. «Տեսնում եմ, որ պատուական ծերութեան հասած ազնուական մարդ ես, եւ ես խղճում եմ առաջացած տարիքիդ: Ուստի թո՛ղ այդ նորալուր խօսքերով շատախօսութիւնը, որոնք մեզ յիմարութիւն են թւում, եւ մօտեցի՛ր ու զո՛հ մատուցիր մեծափառ եւ մեծազօր մեր աստուածներին: Այլապէս իմացի՛ր, որ չես փրկուի իմ ձեռքից եւ կը մեռնես չարաչար մահով»: Կոռնելիոսը ժպտալով ասաց. «Ո՞ր ամենահզօր աստուածներին ես ասում զոհ մատուցել»: Իշխանն ասաց. «Մեծ Արամազդին եւ Ապոլոնին»: Այնժամ երանելին հառաչեց նրա կուրութեան համար եւ ասաց. «Լսի՛ր ինձ, փառաւո՛ր իշխանդ, եւ ես կ՚ասեմ քեզ ճշմարիտը: Չար դեւերին եւ խուլ ու համր քանդակուած կուռքերին չեմ կարող պաշտամունք մատուցել, որովհետեւ գրուած է. "Պիտի երկրպագես քո Տէր Աստծուն եւ միայն Նրան պիտի պաշտես"[3]: Եւ դարձեալ. "Աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են"[4]: Եւ ոչ միայն այսքանը, հոգաչափ ջանք եմ թափում, որ իմ Աստուծով համոզեմ ձեզ, որ ձեր այս ունայնութիւններից դառնաք դէպի կենդանի Աստծուն եւ փրկուէք բանսարկուի մոլորութիւնների դժոխային կապանքներից: Եթէ իմ խօսքերն անհաւանական են թւում քեզ, ապա փորձի՛ր ինձ եւ տե՛ս գործերից: Դէ ուրեմն ե՛կ, ես եւ դու գնանք քո աստուածների տաճար ու տեսնենք, թէ նրանք որքան զօրութիւն ունեն, եւ ի՞նչ է նրանց փառաւորութեան պարծանքը»:
Այս լսելով՝ Դեմետրիոս իշխանը մեծապէս ուրախացաւ, որովհետեւ մտածեց, թէ Կոռնելիոսը, միայն մեհեանի շքեղ զարդարանքները եւ հոյեակապ շինուածքը տեսնելով, կ՚ակնածի իր աստուածներից ու կը երկրպագի նրանց: Այդ քաղաքում կար Դիոսի անունով փառաւոր տաճար՝ մեծապայծառ զարդարուած ոսկով եւ արծաթով, ներսից ու դրսից հաստատուած էր կամարակապ տաշած քարերով, քանդակուած փայտաշէն հեղոյսներով, բարձրակառոյց եւ ահաւոր տեսքով: Ապա իշխանը վեր կացաւ եւ դատաւորների հետ վերցրեց Կոռնելիոսին՝ իրենց հետ տաճար տանելու: Նրանց յետեւից գնում էր քաղաքի բազմութիւնը՝ տղամարդիկ եւ կանայք: Նրանց մէջ էին եւ իշխանի կինը՝ Եւանթիան ու որդին՝ Դեմետրը:
Երբ տեղ հասան, իշխանը սուրբին ասաց. «Տե՛ս, թէ ինչպիսին է այս տաճարի փառքը եւ մեր աստուածների զօրութիւնը: Այժմ մօտեցի՛ր եւ զո՛հ մատուցիր, նրանց սիրելի եղիր, իսկ մեզ՝ բարեկամ, քանզի տեսնում եմ, որ պատկառելի այր ես եւ թւում է, թէ բարձրատոհմ ու իմաստուն մէկն ես»: Սուրբը չպատասխանեց: Նա հեծեծում էր սրտի խորքերից, արտասուագոչ աղօթքով խօսում Աստուծոյ հետ եւ ասում. «Երկնաւո՛ր Հայր, բոլոր արարածների՛ Արարիչ, առաւե՛լ սքանչելագործ եւ հզօր, ցո՛յց տուր Քո ողորմութիւնն այստեղ հաւաքուածներին՝ Քո ձեռքի ստեղծածներին: Նայի՛ր, Տէ՛ր, եւ տե՛ս սրանց խաբէութիւնը, որոնց մոլորեցրել է բանսարկու թշնամին: Տէ՛ր, սրանց միջից վերացրո՛ւ գայթակղութիւնը, որովհետեւ նրանք Քո ստեղծածներն են, ու թող, որ նրանք Քո երկրպագուները լինեն»: Ոտքի վրայ այսպէս աղօթելով՝ ծնրադրեց դէպի արեւելք, խաչակնքեց կուռքերի արձանների դէմ ու աղօթեց. «Ամենակա՛լ Տէր, Դու, որ Դանիէլի ժամանակ կործանեցիր Բէլ անունով կուռքին, սատկացրիր վիշապին եւ փակեցիր առիւծների բերանը, այժմ էլ փշրի՛ր այս սնոտի կուռքերի արձանները եւ Քո այդ ժողովրդին ճանաչել տուր Քո բարձր բազուկը, որովհետեւ Դու ես մեր զօրութեան պարծանքը»: Եւ զոհասեղաններն իսկոյն ընկան, բոլոր կուռքերը զարկուեցին գետնին եւ փշրուեցին:
Այնժամ ամբոխը աղաղակելով յարձակուեց սուրբի վրայ եւ նրան դուրս տարաւ, իսկ բարկութեամբ բորբոքուած իշխանը չգիտէր, թէ ինչ ասէր կամ անէր: Նայելով նրան՝ Կոռնելիոսն ասաց. «Ո՛վ Դեմետրիոս, ո՞ւր են այժմ քո ամենազօր մեծ աստուածները: Տեսա՞ր նրանց եւ իմ կենդանի Աստուծոյ զօրութիւնը»: Իսկ նա, լցուած անասելի ցասումով, ասաց. «Ի՞նչ կախարդութեամբ դու կործանեցիր մեր անմահ աստուածներին: Դու նրանց ձեռքից անպատիժ չես մնայ», եւ մտադրուեց դառը կտտանքներով սպանել երանելուն:
Երեկոն իջել էր, եւ նա հրամայեց այդ գիշեր բանտարկել նրան: Դահիճներին հրամայեց նրան բրածեծ անել այնքան, մինչեւ կը յագենան հարուածելուց, ապա կախել ոտքերից ու ձեռքերից եւ թողնել մինչեւ առաւօտ: Այս պատուէրը տալով՝ Դեմետրիոսը խիստ տխուր գնաց իր ապարանքը, իսկ ամբոխը գլխիկոր հեռացաւ այդտեղից, սակայն իշխանի կինը եւ որդին յետ մնացին ու քուրմերի հետ մնացին տաճարում: Նրանք զարմացել էին կատարուածների համար եւ խիստ մորմոքւում էին աստուածների արձանների փշրուելու համար:
Երբ դահիճները բանտում չարաչար տանջում էին սուրբին, նա ջերմ սրտով աղօթում էր Աստծուն՝ իրեն նեղողների փրկութեան համար: «Տե՛ս, Տէ՛ր, - ասում էր, - մի՛ լռիր եւ այս պահին երկայնամիտ մի՛ եղիր: Ցո՛յց տուր Քո բարկութեան զօրութիւնն այն տաճարի վրայ, որին յոյս են դնում նրանք, ովքեր Քեզ չեն ճանաչում»: Եւ ահա ամբողջ քաղաքում մեծ թնդիւն եղաւ, բայց աւելի սաստիկ դղրդաց տաճարը, հիմնիվեր կործանուեց, իսկ քուրմերը, նրա հետ նաեւ իշխանի կինը եւ որդին, մնացին տաճարի տակ: Այնժամ Տեղեփոն անունով տաճարի սպասաւորներից մէկը գնաց իշխանի մօտ եւ լալագին ասաց. «Տէ՛ր, կործանուեցին մեր տիկինը եւ քո սիրելի որդին, որովհետեւ տաճարը փլուեց նրանց վրայ»: Այս լսելով՝ իշխանը պատառոտեց իր հանդերձները, գնաց դէպքի վայրը եւ ողբաց կնոջ ու մինուճար որդու համար: Այնտեղ եկան նաեւ քաղաքի մեծամեծները եւ սգակից ու կարեկից եղան Դեմետրիոսին՝ ասելով. «Միայն թէ հնար գտնենք՝ փլատակների տակից թաղուածների մարմինները դուրս բերելու համար»: Եւ նա բազմութեանը հրամայեց հեռացնել քարերը, դուրս բերել փայտերը ու պեղել հողը, որ թերեւս գտնեն մեռած մարմինները: Սակայն ոչինչ չգտնելով՝ գիշերը հեռացան այդտեղից:
Յաջորդ օրն՝ առաւօտեան, իշխանը դարձեալ հրաման տուեց աւելի խորը փորել եւ պեղել հողը: Հարիւրաւոր մարդիկ շատ չարչարուեցին, բայց ապարդիւն, որի համար Դեմետրիոսը յոյսը կտրած եւ դառնացած վերադարձաւ այնտեղից ու իր զայրոյթից որոշեց այլեւս կենդանի չթողնել Կոռնելիոսին եւ նոյն օրը սպանել: Այնտեղ ողջ մնացած քուրմերից մէկը, որի անունը Բարբատոս էր, հասաւ իշխանի յետեւից եւ խափանեց նրա որոշումը՝ ասելով. «Ոչինչ չկայ քո եւ այն արդար մարդու միջեւ, որովհետեւ այս գիշեր ես եկայ այդ տաճարի տեղը եւ ձայն լսեցի. աւերակների միջից աղաղակ էր լսւում, որն ասում էր. "Մե՛ծ է քրիստոնեաների Աստուածը, որ փրկեց մեզ Իր սուրբ Կոռնելիոս ծառայի շնորհիւ, որը եկաւ ազատելու մեզ այս վտանգից": Եւ դարձեալ ասում էին. "Դեմետրիո՛ս, շտապիր այստեղ բերել Կոռնելիոսին ու դուրս բերել մեզ այստեղից, որ չկործանուենք: Քանզի այստեղ մեծ Աստուծոյ սքանչելի եւ հրեղէն զօրքեր ենք տեսնում, որոնք երկնքից դէպի երկիր ահաւոր ձայն հնչեցնելով՝ փառաւորում են Աստծուն եւ աշխարհին խաղաղութիւն աւետարանում": Ես յայտնապէս լսեցի այս ամէնը: Իսկ այժմ տե՛ս, գուցէ այն մարդը մեծ Աստուծոյ առաքեալ է եւ կարող է օգնել իշխանիդ տառապանքներին ու այս ամբողջ քաղաքին»:
Այս լսելով՝ իշխանը ահուդողի մէջ ընկաւ: Իսկոյն վեր կացաւ եւ անձամբ ուրախութեամբ բանտ՝ սուրբի մօտ գնաց: Գիտէր, թէ նա պէտք է կապուած լինէր ոտքերով ու ձեռքերով, սակայն տեսաւ Աստուծոյ մարդուն, որը քայլում էր բանտի սենեակում ու գիրքը ձեռքին օրհնում եւ գովաբանում էր իր Տէր Աստծուն, որովհետեւ Աստուծոյ հրեշտակը, փակ դռների միջով եկել ու արձակել էր նրան կապանքներից: Այս բանից դարձեալ ապշած՝ Դեմետրիոսն ընկաւ երանելու ոտքերը եւ աղաչեց գնալ ու աւերակների միջից դուրս բերել իր կնոջն ու որդուն: «Աղաչում եմ, - ասաց, - շտապի՛ր, քանի դեռ կենդանի են»: Սուրբ Կոռնելիոսն իշխանին ասաց. «Եթէ հաւատաս Աստուծոյ կենդանի Որդուն՝ Տէր Յիսուս Քրիստոսին, կը կատարուեն քո խնդրանքները»: Եւ իշխանն ասաց. «Հաւատում եմ Տէր Յիսուս Քրիստոսին եւ Նրա Հօրը, միայն թէ Նրանք փրկեն իմ որդուն»: Այնժամ գնացին դէպքի վայրը, Կոռնելիոսը խաչակնքեց եւ աչքերը երկնքին յառած՝ աղօթեց առ Աստուած՝ ասելով. «Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, որ նայում ես երկրին, եւ նա դողում է, Քո երեսի լոյսից հալւում են լեռները, եւ սոսկում են խոր անդունդները: Լսի՛ր կապուածների հեծութիւնը եւ խաւար խորխորատներում ընկածներին դո՛ւրս բեր տառապանքների գբից, որ փառաւորուի Քո անունը, Տէ՛ր»:
Այս ասելով՝ հրամայեց մի փոքր տեղ բացել, եւ հողն իսկոյն տարածուելով պատռուեց: Իշխանի կինը՝ Եւանթիան եւ նրա որին՝ Դեմետրը, ողջ, անվնաս ու պայծառ դէմքով դուրս եկան այնտեղից եւ ուրախութեամբ բարձրաձայն ասացին. «Մե՛ծ ես, քրիստոնեաների՛ Աստուած, որ Քո Կոռնելիոս ծառայի ձեռքով ազատեցիր մեզ դաժան մահից եւ յաւիտենական կորստից՝ ցոյց տալով Քո մեծ զօրութիւնը»: Ողջ բազմութիւնը ձայնակից եղաւ նրանց եւ միաձայն գոչեց. «Մե՛ծ է քրիստոնեաների Աստուածը, որին քարոզում է Կոռնելիոսը»: Այդ օրը հաւատաց իշխանն՝ իր ամբողջ ընտանիքով հանդերձ, տաճարի քարերն ու հողը պեղող մարդկանց բազմութիւնը եւ մկրտուեցին:
Այդ օրուանից Կոռնելիոսը նստում էր նշանաւոր Ստադիոն (ասպարէզ) կոչուած մի տեղում եւ աւետարանը հրապարակաւ քարոզում էր բոլոր նրանց, որոնք գալիս էին իր մօտ: Եւ այդպիսով օրըստօրէ մեծանում էր Տիրոջը հաւատացողների բազմութիւնը: Երեք տարի մնալով այնտեղ՝ Կոռնելիոսը բոլոր գաւառներում քարոզում էր փրկութեան աւետարանը եւ բոլորին դարձնում դէպի ճշմարիտն Աստուած: Եւ այնպէս հաստատուեցին հաւատքի մէջ, որ բարեպաշտ Դեմետրիոս իշխանի գործակցութեամբ իրենց ձեռքով աւերում էին բոլոր տեղերում մնացած զոհասեղանները եւ այրում մեհեանները: Այդ երեք տարիների ընթացքում, որքան Կոռնելիոսը մնաց Սկեփսիոնում, նա շինեց եկեղեցիներ եւ կարգեց քահանաներ ու սպասաւորներ:
Իսկ երբ մօտեցաւ իր կոչման[5] ժամը, երկնքից ձայն լսեց, որն ասաց. «Ե՛կ, Կոռնելիո՛ս, եւ երկնքի Արքայութեան մէջ հանգստացի՛ր արդարների հետ: Ահա քեզ համար պատրաստուած է արդարութեան պսակը»: Եւ նա, գոհանալով Աստծուց, երկար աղօթեց, ապա կանչեց հաւատացեալների առաջնորդներին ու խրատեց նրանց հաստատուն մնալ աստուածպաշտութեան սուրբ հաւատքի մէջ: Օրհնեց նրանց, նրանց քաղաքն ու ամբողջ գաւառը եւ խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս, որ եղաւ փետրուարի քսաներկուսին: Քաղաքի հաւաքուած բազմութիւնը մեծապէս սգաց նրա համար, որովհետեւ զրկուեց իր սուրբ հօրից եւ իրենց հոգիների լուսաւորչից: Եւնոմիոս քահանան եւ Դեմետրիոս աստուածասէր իշխանը եկեղեցու միաբանութեան հետ վերցրին նրա պատուական մարմինը, տարան եւ պատուով թաղեցին նոր գերեզմանում, որն իշխանն իր ընտանիքի համար պատրաստել էր տուել աւերուած տաճարի տեղում:
Արդ, հաւատացեալները ստէպ հաւաքւում էին սուրբի տապանի մօտ եւ կատարում նրա յիշատակը, բայց երբ նրա տապանի վրայ մորենի բուսնեց, այն ծածկեց տապանը, իսկ ժամանակ անց մորենու պատճառով տեղն անյայտ դարձաւ: Աստուած մեծ սքանչելիքներ էր գործում այդ տեղում, որից զարմանում էին տեղի բնակիչները, որովհետեւ տեղեակ չէին հանգամանքներին: Շատերն էլ տգիտութեամբ մորենին սուրբ էին համարում եւ պատւում այդ վայրը: Այդպէս տապանը ծածկուած մնաց, մինչեւ որ ամբողջ երկրով մէկ հաստատուեց քրիստոնէական հաւատքը:
Թէոդոս Կրտսեր կայսեր օրօք եղաւ, որ Տրովադայի սուրբ Սեղբիանոս (Սիլուանոս) եպիսկոպոսն այցելեց Սկեփսիոն քաղաք եւ այնտեղ տեսիլքով տեսաւ սուրբին, որն ասաց իրեն. «Շատ ժամանակ է, որ բնակւում եմ այստեղ, եւ ոչ ոք չի այցելել ինձ՝ բացի նրանցից, որոնց մկրտել եմ»: Արթնանալով տեսիլքից՝ եպիսկոպոսը մտածեց այս հրաշալի յայտնութեան մասին, բայց չհասկացաւ ասած խօսքերը: Յաջորդ գիշեր սուրբը դարձեալ երեւաց նրան եւ ասաց. «Ես եմ՝ Կոռնելիոս հարիւրապետը: Իմ հանգստեան տապանը դրուած է մորենու տակ՝ քանդուած մեհեանի տեղում: Դու ինձ համար աղօթարան շինիր Պանդոքսիոն կոչուած տեղում, որը մօտ լինի Աստուծոյ ծառայ Դեմետրիոսի հանգստարանին, ուր դրուած են ի Քրիստոս ննջած սուրբ եղբայրների բազմաթիւ մարմիններ»:
Առաւօտեան արթնանալով՝ եպիսկոպոսը հաւաքեց եկեղեցու միաբանութեանը եւ պատմեց նրանց տեսիլքի մասին: Ապա բազմութեամբ գնացին այնտեղ, արմատախիլ արեցին մորենին, հողը պեղելով՝ գտան սուրբի տապանը եւ մեծապէս ուրախ եղան: Եւ կամեցան վերցնել ու տանել տապանը Պանդոքսիոն, որտեղ տեսիլքը հրամայել էր եկեղեցի շինել: Իսկ եպիսկոպոսը, տեսնելով, որ այդ տեղում եւ նրա շուրջը շատ գերեզմաններ կան, անպատեհ համարեց այդտեղ եկեղեցու հիմքեր գցել եւ որոշեց այլ աւելի պատշաճ տեղ գտնել, բայց տեսիլքով դարձեալ հրաման առաւ նշուած տեղում շինել:
Մինչ եպիսկոպոսը հոգում էր շինութեան ծախսերի մասին, սուրբ Կոռնելիոսը երեւաց բարեպաշտ աւագ սպասաւորներից մէկին, որի անունը Եւգինէոս էր եւ հրամայեց նրան աւարտին հասցնել եկեղեցու շինութիւնը՝ տալով նաեւ շինուածքի տեսքն ու չափերը: Եւ նա, գալով եպիսկոպոսի մօտ, յայտնեց սուրբի պատուէրի մասին: Իսկոյն գործի անցնելով՝ սուրբ Կոռնելիոսի անունով տաճար շինեցին, տապանի համար բեմի տակ տեղ պատրաստեցին եւ այն զետեղեցին այնտեղ: Այնուհետեւ իւրաքանչիւր տարի հաւատացեալները նրա տաճարում միաբան կատարում էին սուրբի յիշատակը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Կոռնելիոս հարիւրապետին յիշատակում է Յիսնակի պահոց երրորդ երեքշաբթի օրը՝ Քրիստոսի ազգական Շմաւոնի եւ Զմիւռնիայի Պօղիկարպոս հայրապետի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա:
[1] Գործք. Ժ 1-2:
[2] Մատթ. Ը 10:
[3] Մատթ. Դ 10:
[4] Երեմ. Ժ 11:
[5] Հրաւէրք դէպի երկինք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: