Այսօր նորահրաշ տօնիւ թագաւորին մեր Կոստանդին,
Ցնծայ սուրբ Եկեղեցի, մաքուր մանկամբ առագաստի:
Այսօր պարծանք մարդկան ազգի, սուրբ թագաւորն Կոստանդին,
Հիմն եւ աւարտ Սուրբ Սիօնի, քաջահաւատ արքայ բարի:
Տօնեմք այսօր, հրճուիմք հոգով փառաւորեմք զԱստուած հոգով,
Վասն արքային մեծ հաւատով, զի նա վառեալ էր Աստուծով:
Անդրդուելի էր նա յուսով եւ հաստատուն Տեառն սիրով,
Լի պատարուն էր երկիւղով, ընդ Աստուած խօսէր միշտ աղօթով:
Քաջ եւ յաղթող պատերազմի, զինու խաչիւն Քրիստոսի,
Կոստանդինոս արքայն արի, երկրպագուն Սրբոյ Խաչի:
Խաչին Սրբոյ Աստուածածին, Մարիամու Սրբոյ Կուսին,
Էր դաւանող եւ երկրպագող, հաւատացեալ Տեառն Յիսուսին:
Շնորհօք Սուրբ Հոգւոյն լցեալ, ի քեզ եւ ի քեզանէ հեղեալ ի մեզ,
Սուրբ թագաւոր Կոստանդիանոս, մեզ բարեխօս առ Տէր Քրիստոս:
Եկեղեցի քեւ հիմնեցաւ, խաչն ի գլուխն բարձրացաւ,
Սուրբ թագաւոր Կոստանդիանոս, բարեխօսեա՛ առ Տէր Քրիստոս:
Պարծանք հանդիսից մեծաց, աշխարհակալ թագաւորաց,
Մեծին ինքնակալ Կոստանդիանոս, ընդ մեր աղաչեա՛ զՏէր Քրիստոս:
Ընդ քեզ եւ մայր քո Հեղինէ, մեր ազգակից ի բնութենէ,
Միշտ հայցեցէ՛ք ի Քրիստոսէ, զմեզ ազատել ի չար ախտէ:
(Գանձարան)
Քրիստոնէութեան պարծանքը եւ հաւատի սիւնը, առաջին հաւատացեալ ինքնակալը, հռոմէացիների աստուածասէր եւ բարեպաշտ կայսրը, նոր Հռոմի՝ Կոստանդնուպօլսի հիմնադիր Մեծն Կոստանդիանոս թագաւորը Կոստաս /Կոստանդին/ կայսեր որդին էր, որն իր շիկահեր մազերի պատճառով կոչւում էր նաեւ Շլորոս: Ծնուել է նախքան հօր կայսր լինելը՝ բիւթանացի Հեղինէ անունով մօրից, որի համար ոմանք ասում են, թէ նա բրիտանացի է:
Ինչպէս միաբան վկայում են սուրբ Ամբրոսիոսը, Մովսէս Խորենացին եւ շատերը, երբ ինքնակալների հրամանով Կոստասը որպէս զօրավար ուղարկուեց Արեւելք, Բիւթանիայով անցնելիս իջեւանեց Դրեպանա գիւղում, որը յետոյ Հեղինուպօլիս կոչուեց: Այնտեղ տեսնելով Հեղինէ անունով մի գեղեցիկ կնոջ, որը պանդոկապետի դուստրն էր, մերձեցաւ նրան, ապա խօսք տուեց, որ եթէ որդի ծնուի, որպէս օրինաւոր կին իր ժամանակին որդու հետ իր մօտ կը բերի եւ մեծ փառքի կը հասցնի, որովհետեւ ինքը եւս կայսրութեան ակնկալութիւնն ունէր: Եւ երբ Հեղինեն արու զաւակ ծնեց, նրան Կոստանդիանոս կոչեց, այսինքն՝ Կոստանդինի կամ Կոստասի որդի, որպէսզի յայտնի լինէր, թէ նա ում որդին է:
Իսկ նրա հայրը՝ Կոստասը, Հռոմից վերադարձաւ յաղթանակով: Նա օրէցօր առաւել սիրելի էր դառնում Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս կայսրերի աչքին եւ մեծարւում նրանց կողմից: Մի քանի տարի անց՝ Տիրոջ 292 թուականին, որպէս նրանց որդեգիր եւ գահակից՝ նա ընտրուեց կեսարութեան պատուին արժանանալու համար, եւ նոյն բանի համար ընտրուեց նաեւ Մաքսիմիանոս Գաղերիոսը՝ Արմենտարիոս մականունով, որ նշանակում է հովիւ: Այս պատուին հասնելու համար ինքնակալները կամեցան նրանց փեսայացնել իրենց, որի համար ստիպեցին նրանց արձակել իրենց կանանց եւ կնութեան առնել իրենց դուստրերին: Նրանք յանձն առան եւ փեսայացան ինքնակալներին. Արմենտարիոսը թողեց իր կնոջը եւ կնութեան առաւ Դիոկղետիանոսի դստերը՝ Վալերիային, իսկ Կոստասը միառժամանակ լուռ մնաց Հեղինէի մասին եւ, լքելով իր առաջին կնոջը, որից զաւակներ ունէր, կնութեան առաւ Դիոկղետիանոսի կայսերակից Մաքսիմիանոսի դստերը՝ Հերակլիային:
Տարի անց, Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս կայսրերը մեծ հալածանքներ յարուցեցին ընդդէմ քրիստոնեաների, սակայն անօգուտ: Արդէն ծերացած եւ ձանձրացած իրենց գործերից՝ կամեցան հրաժարուել ինքնակալութիւնից, որն Աստուծոյ ողորմութեան սքանչելի տնօրինութիւնն էր: Բայց որպէսզի չլինէր, թէ մէկը թողնէր տէրութիւնը, իսկ միւսը՝ տիրէր, միասին դաշինք կնքեցին եւ մէկ օրուայ մէջ մերկացան իրենց ծիրանիներից: Դրանք հագցրեցին երկու կեսարներին՝ Արմենտարիոսին եւ Կոստասին ու Տիրոջ 304 թուականին նրանց հռչակեցին որպէս հռոմէացիների թագաւորներ եւ ինքնակալ կայսրեր: Կոստասի տէրութեանը բաժին ընկաւ բրիտանացիների, գաղղիացիների եւ սպանիացիների երկրները՝ արեւմտեան շրջակայ սահմաններով հանդերձ: Իշխանութիւնը հզօրացնելուց յետոյ նա իր մօտ բերեց Հեղինէին, իսկ որդուն՝ Կոստանդիանոսին, նախապէս Բրիտանիա էր ուղարկել: Այդ պատճառով ոմանք կարծում էին, թէ Կոստանդիանոսը՝ Կոստասի որդին, բրիտանացի կամ անգլիացի է, եւ Հեղինէի մասին եւս ասում էին, թէ այդ երկրներից է:
Բայց Կոստասն այլ կնոջից ունէր նաեւ վեց այլ զաւակներ, որոնք Կոստանդիանոսի համահայր, բայց ոչ համամայր եղբայրներն էին: Նրանցից չորսը յիշատակւում են անուններով՝ Կոստանդոսը՝ Յուլիանոս ուրացողի հայրը, Անաբաղզիանոսը, Գաղղոսը եւ նրանց քոյրը՝ Կոստանդիան, որը եղաւ Լիկիանոս կայսեր կինը:
Երբ Կոստասը տեսաւ իր Կոստանդիանոս որդուն, շատ ուրախացաւ եւ իր բոլոր զաւակներից ամէնից շատ նրան սիրեց: Նա մի պատանի էր՝ առոյգ եւ թիկնեղ, յաջողակ եւ կորովի, իմաստուն եւ զուարթամիտ: Այդ պատճառով համարեց նրան իր անդրանիկ որդին եւ նախքան կայսր դառնալը նրան ընտրեց որպէս իր առանձին տէրութեան ժառանգ ու դարձրեց Դիոկղետիանոսի որդեգիրը: Եւ որպէսզի իրապէս ստանայ հայրենի գահը, նրան տուեց տրիբունի իշխանութիւն եւ որպէս զօրավար՝ եօթ հազար հեծեալների հետ ուղարկեց ընդդէմ բարբարոսների. նա մեծ քաջութեամբ պատերազմ մղեց, վանեց թշնամիներին եւ մեծ յաղթանակով վերադարձաւ Հռոմ: Այնժամ Տիրոջ մօտ 298 թուականին Կոստանդիանոսին նշանակեց որպէս իր իշխանութեան իրաւայաջորդ, իր կայսր դառնալուց յետոյ նրան կեսար հռչակեց եւ Տիրոջ 304 կամ 305 թուականին իրեն գահակից դարձրեց: Ոմանք ասում են, թէ նրա մօրն էլ՝ Հեղինէին, դշխուհի անուանեց:
Կոստասը բարեսէր էր եւ զգօն, փոքր ի շատէ տեղեակ էր հեթանոսութեան ստութեանը եւ հոգ էր տանում իր իշխանութեան տակ եղող քրիստոնեաներին, որ նրանք պաշտեն իրենց ճշմարիտ մի Աստծուն եւ ոչ թէ բազմաթիւ աստուածներին: Միաժամանակ խրատում էր իր Կոստանդիանոս որդուն խաղաղութեան մէջ պահել աստուածպաշտներին եւ չնմանուել ժամանակի անագորոյն բարքով կայսրներին, թէ՛ նախորդներին, թէ՛ գահակիցներին, որոնք անողոքաբար հալածում էին քրիստոնեաներին: Աւանդում էր բարի լինել հպատակների հանդէպ եւ ամէն բանում՝ արդարակորով: Սակայն Կոստասը երկար չթագաւորեց, եւ նրա մահից յետոյ Տիրոջ 306 թուականի յուլիսի 25-ին բոլոր իշխանների եւ զօրքի հաւանութեամբ նրան փոխարինեց որդին՝ Կոստանդիանոսը, ինչպէս որ պատուիրել էր հայրը: Բայց նա դեռեւս չէր համարւում Հռոմի թագաւոր եւ ինքնակալ, այս սոսկ կեսար կամ կայսերական իշխանութեան մի մասի թագաւոր, որովհետեւ դեռեւս ողջ էին հրաժարուած կայսրերը՝ Դիոկղետիանոսն ու Մաքսիմիանոսը, որոնք ունէին այլեւայլ կեսարներ արեւելեան եւ արեւմտեան տէրութիւնների տարբեր բաժիններում: Կոստանդիանոսի իր հօր աթոռին յաջորդելը եղաւ այդ նոյն ինքնակալների կամակցութեամբ, որովհետեւ Կոստանդիանոսը սիրելի էր նրանց, եւ դեռեւս նրա հօր կենդանութեան օրօք իրենց որդեգիրն ու փեսան էր, քանզի իր վաղամեռիկ կնոջ մահից յետոյ, կնութեան առաւ Մաքսիմիանոսի դստերը՝ Մաքսիմինային, որը եւս Դիոկղետիանոսի որդեգիրն էր: Երբ Նիկոմիդա քաղաքում կայացաւ կայսերական շքեղ այս հարսանիքը, այնտեղ էր նաեւ հայոց Խոսրով արքայի որդին՝ Տրդատը: Եւ այդ ժամանակից Կոստանդիանոսի եւ Տրդատի միջեւ ընտանեկան սերտ բարեկամութիւն հաստատուեց:
Արդ, երբ Կոստանդիանոսը իր հօր՝ Կոստաս կայսեր փոխարէն կեսար դարձաւ, ելաւ շրջելու իր իշխանութեան՝ Բրիտանիայի, Գաղղիայի եւ Սպանիայի սահմաններով: Նա մարդասէր կամք էր ցուցաբերում իր հպատակներին՝ գովելի եւ սիրելի լինելով բոլորի համար: Զօրք հաւաքելով՝ արշաւեց գերմանացիների եւ գաղղիացիների վրայ, որոնք ապստամբել էին իր դէմ, ինչպէս նաեւ այլ բարբարոսների վրայ Հռենոս գետի եւ արեւմտեան օվկիանոսի կողմերում, նուաճեց նրանց եւ փոխեց նրանց վայրի բարքերը: Ապա վերադարձաւ յաղթանակով ու փառքով եւ Տիրոջ 308 թուականին ընդունեց «Օգոստոս» կամ «Սեբաստոս» կայսերական պատուաւոր տիտղոսները:
Այնուհետեւ շրջեց իր տիրապետութեան այլ կողմերում՝ ընդարձակելու իր տէրութեան բազուկը եւ յաղթելու այն կեսարներին, որոնք բռնութեամբ էին վարում հռոմէական իշխանութիւնը իրենց տիրապետութեան այլեւայլ սահմաններում: Քանզի Մաքսիմիանոսի որդի Մաքսենտիոսն իր հօրը բռնութեամբ նշանակեց իր նախկին պատուին, այսինքն Հռոմի ինքնակալ դարձրեց, որպէսզի կայսրութեան բովանդակ տէրութիւնը յետոյ իրեն անցնի: Իրեն համախոհ դարձրեց Մաքսիմիանոս Արմենտարիոսին, իսկ Արմենտարիոսի քեռորդին՝ Մաքսիմիանոս Դաժ կոչեցեալը, բռնութիւններ էր գործադրում Արեւելքում եւ Եգիպտոսում՝ հալածանքների ենթարկելով քրիստոնեաներին: Լիկիանոսը եւս, որ կեսար էր նշանակուել Արմենտարիոսի կողմից, դաժան բռնակալ էր եւ քրիստոնեաների թշնամի: Մէկ այլ կեսար՝ Սեւերիոսը, որ կեսարակից էր Դաժ Մաքսիմիանոսին, թէպէտ յարձակուեց բռնակալ Մաքսենտիոսի վրայ, սակայն չարաչար պարտուելով՝ սպանուեց: Լսելով այս ամէնի մասին՝ Կոստանդիանոսը պատրաստուեց ազատել Հռոմը Մաքսենտիոսի բռնակալութիւնից, որպէսզի աւելի հեշտ լինէր նուաճել միւսներին: Սակայն մտահոգ էր, որովհետեւ վատ աւարտ ունեցան կռապաշտ Մաքսիմիանոս Արմենտարիոս կայսեր եւ Սեւերիոս կեսարի պատերազմական գործողութիւնները, ուստի բարւոք համարեց պաշտել մի Աստուծոյ, որ երկնքում է, ինչպէս իրեն խրատել էր հայրը՝ Կոստասը:
Այդ պատճառով սկսեց աղաչել միակ ճշմարիտ Աստծուն՝ լուսաւորել իրեն՝ ճանաչելու Ճշմարտութիւնը, միաժամանակ յաջողութիւն տալ առաջիկայ մարտում, որովհետեւ մեծ երկիւղ ուներ թշնամիներից, եւ սիրտը կոտրուած էր Սեւերիոսի պարտութիւնից: Մինչ ճանապարհին վարանում էր այս խորհուրդներով, յանկարծ ցերեկուայ մէջ ի վերուստ նրան մեծ յայտնութիւն եղաւ. երբ միջօրէի արեւն անցաւ եւ խոնարհուեց դէպի Արեւմուտք, երկնքում յայտնապէս տեսաւ լուսեղէն Խաչի նշանը, որի վրայ աստղագիր տառերով գրուած էր. «Սրանով յաղթի՛ր»: Տեսնելով այս ահեղ եւ սքանչելի նշանը՝ Կոստանդիանոսը եւ իր զինուորները ահաբեկուեցին ու ապշեցին: Այնժամ Կոստանդիանոսն աւելի ու աւելի վարանեց ու խռովուեց իր մտքում, թէ ի՞նչ էր այդ նորատեսիլ երեւմունքը երկնքում: Մինչեւ երեկոյ չէին դադարում նրա յուզումները այդ մտքերի շուրջ, եւ չէր կարողանում հասկանալ կատարուածը:
Գիշերը, երբ տրտմած քուն մտաւ ալեկոծ մտքերով, Քրիստոս տեսիլքով երեւաց նրան՝ նոյն աստղագիր Խաչի նշանով, որ երեւաց ցերեկուայ մէջ, եւ պատուիրեց իրեն, որ պատրաստի զինուորական խաչանման դրօշ՝ որպէս յաղթութեան նշան ու ամուր զէնք, եւ այն ունենայ պատերազմներում:
Կոստանդիանոսն արթնացաւ հրաշալի տեսիլքից, շատ ուրախացաւ եւ հաստատապէս որոշեց պաշտել միայն Նրան, Ով երեւաց իրեն: Ապա հրամայեց, որ իր մօտ բերեն աստուածային ծածուկ խորհուրդներն իմացող Աստուծոյ քահանաներ: Եւ հարցրեց նրանց, թէ ո՞վ է Քրիստոս անունով այն Աստուածը, եւ թէ ի՞նչ են խորհրդանշում այն նշանները, որ երեւացին իրեն թէ՛ արթնութեան, թէ՛ գիշերային քնի մէջ: Նրանք պատասխանեցին. «Նա Ինքն է միակ ճշմարիտ Աստուածը, Աստուծոյ Միածին Որդին, իսկ տեսած նշանն անմահութեան կնիք եւ յաղթութեան նշան է, որով Նա յաղթեց մահուանը, երբ մարմնով երեւաց երկրի վրայ»: Եւ այսպէս սկսելով՝ քարոզեցին Աստուծոյ Բանի փրկչարար տնօրէնութեան խորհուրդը, իսկ թագաւորը մեծ փափագով ունկնդրում էր քրիստոնէական վարդապետութիւնը, մտածում վերնային այցելութեան մասին, թէ ինչպէս Բարձրեալն իրեն աստուածգիտութիւն շնորհեց, որից սքանչանում եւ զուարթանում էր իր հոգում:
Հասնելով մի քաղաք՝ իր խորհրդակից բարեկամներին պատմեց տեսիլքի մասին, շտապ կանչել տուեց ոսկեգործութեան եւ ակնագործութեան հմուտ արհեստաւորներին ու նրանց մանրամասն ցոյց տուեց խաչանիշ դրօշի օրինակը: Հրամայեց, որ այն պատրաստեն ոսկուց եւ պատուական քարերով, եւ նրանք անյապաղ կատարեցին ամէնը: Եւսեբեոս Կեսարացին գրում է, թէ տարիներ անց արժանի է եղել տեսնելու այդ դրօշը, որն ունէր այս կերպը. «Խաչանշանի բունը երկար գեղարդի նման ոսկեպատ գաւազան էր, եւ նրանից ոսկեպատ ձողերով ճիւղաւորւում էին Խաչի թեւերը: Խաչի գագաթին ամրացուած էր ոսկեկուռ եւ ականապսակ փառաւոր պսակ: Խաչի չորս անկիւններից, որտեղ միաւորւում էին խաչի չորս թեւերը, ցայտում էին չորս ոսկեճաճանչ ճառագայթներ՝ յունարէն X կամ հայերէն Ք տառի ձեւով, որը "Խրիստոս" անուան սկզբնատառն է: Գագաթի պսակազարդը, որ թեքուած էր մի կողմի վրայ, կիսաշրջան էր կազմել եւ, միանալով բնին, կազմել էր յունարէն P կամ հայերէն Ր տառը, որը Քրիստոսի անուան երկրորդ տառն է (Եւ այս երկտառ նշանը Կոստանդիանոսը յետագայում կրում էր իր սաղաւարտի վրայ): Խաչի մէջտեղից մինչեւ ներքեւ կախուած էր դրօշի ծիրանէ քառակուսի պաստառը՝ հաւասար լայնութեամբ եւ երկարութեամբ, փողփողուած ոսկեթել ականակապ զարդերով: Եւ խաչի մնացած մասի վրայ՝ բնի ստորին կողմում, դրոշմուած էին Կոստանդիանոս աստուածասէր թագաւորի եւ նրա որդիների կիսանդրիների ոսկենկար պատկերը»:
Կոստանդիանոսը, հաստատուն յոյսով ապաւինելով իրեն երեւացած Աստուծոյ զօրութեան վրայ, Իբրեւ խաչվառ՝ այս նշանն ու դրօշը պահեց իր բանակի առջեւից եւ գնաց ընդդէմ Մաքսենտիոս բռնաւորի եւ նրա գործակիցների դէմ: Բոցավառուած նոյն մտքով՝ զինուորները եւս այլեւայլ նիւթերից պատրաստուած խաչի նշաններ ամրացրին իրենց սաղաւարտների կամ զէնք ու զրահի վրայ եւ զուարթամիտ մղուեցին առաջ՝ դէպի պատերազմ: Սոյն հոգով եւ ամենայաղթ Խաչի զօրութեամբ Կոստանդիանոսը Տիրոջ 312 թուականին ներխուժեց Իտալիա, երեք անգամ փոքրաթիւ գնդերով բախուեց Մաքսենտիանոսի բազմամբոխ զօրքին եւ պարտութեան մատնեց նրանց: Իսկ չորրորդ անգամ Միլուիոն կամրջի մօտ՝ Հռոմի ամբողջ բնակչութեան առաջ, կատարեալ յաղթանակ տարաւ, որտեղ Մաքսենտիոսը, Տիբերիս գետի մէջ գլորուելով, մատնուեց կորստեան: Եւ այդպէս Մեծն Կոստանդիանոսը տիրեց կայսերական Հռոմ քաղաքին եւ ամբողջ Իտալիային՝ մինչեւ Ափրիկա եւ Եգիպտոս: Ծերակոյտը նրան հռչակեց հռոմէացիների միահեծան ինքնակալ: Նա հետզհետէ մէջտեղից վերացրեց բոլոր բռնաւորներին եւ տիրեց Արեւմուտքին ու Արեւելքին:
Այդ ժամանակ՝ Տիրոջ 315 թուականին, Հռոմի Մելքիատէս հայրապետից յետոյ սուրբ Պետրոսի Աթոռին նստեց Սեղբեստրոսը, որ Եւսեբիոս, այսինքն բարեպաշտ էր կոչւում: Ինչպէս Կոստանդիանոսի դարձից տասնչորս տարի առաջ սուրբ Գրիգորը Հայաստանում Տրդատ թագաւորի գործակցութեամբ լուսաւորեց արեւելեան կողմը, նոյնպէս էլ սուրբ Սեբեստրոսը Կոստանդիանոս կայսեր գործակցութեամբ եղաւ արեւմտեան ազգերի լուսաւորիչը՝ լուսաւորելով Հռոմի ծերակոյտը եւ ողջ արեւմտակողմը: Տեղի տուեց կռապաշտութիւնը, եւ պայծառացան Քրիստոսի եկեղեցիները: Իսկ թէ Կոստանդիանոսը այդժա՞մ Սեղբեստրոսից ընդունեց սուրբ մկրտութիւնը, ինչպէս վկայում են Հռոմի արքունական յիշատակարանները, թէ՞ իր մօտ վախճանին, ինչպէս ցոյց են տալիս Եւսեբիոս Կեսարացին եւ նրա համախոհները: Խորենացին, որ քաջ գիտէր Եւսեբիոսի միտքը եւ ապրած ժամանակով էլ հեռու չէր, համամիտ չէ նրան, այլ ժամանակակից եւ ականատես մատենագրի՝ Ագաթանգեղոսի վկայութեամբ առանց խօսք աւելացնելու կրկնում է հռոմէացիների աւանդութիւնը: Նա գրում է. «Այս Կոստանդիանոսը, նախքան թագաւորելը, մինչ կեսար էր, պարտուելով պատերազմում՝ մեծ տրտմութեամբ քուն մտաւ: Քնի մէջ երկնքում աստղագիր խաչ տեսաւ, որի վրայ գրուած էր "Սրանով յաղթի՛ր": Այն նշան դարձրեց եւ պատերազմներում առաջ պահելով՝ յաղթեց: Բայց հրապուրուելով իր կնոջով՝ Մաքսիմանայով, որ Դիոկղետիանոսի դուստրն էր, հալածանքներ յարուցեց եկեղեցու դէմ եւ շատերի վկայութեամբ վարակուեց ելեփանդական բորոտութեամբ ու ախտահարուեց իր յանդգնութեան պատճառով: Նրան չկարողացան բուժել ո՛չ արիովկեան կախարդները եւ ո՛չ էլ մարսիկեան բժիշկները, որի համար մարդ ուղարկեց Տրդատի մօտ, որպէսզի նա իր համար Պարսկաստանից եւ Հնդկաստանից դիւթահմաներ ուղարկի, բայց նրանք էլ օգուտ չտուին: Որոշ քրմեր դեւերի թելադրանքով հրամայեցին աւազանի մէջ բազմաթիւ մանուկներ մորթել, որպէսզի նա լուացուի նրանց տաք արեամբ եւ առողջանայ, սակայն, լսելով մանկանց լացը եւ մայրերի ողբը, շարժուեց նրա գութը, եւ լաւ համարեց նրանց, քան թէ իր փրկութիւնը: Փոխարէնը ստացաւ Աստծուց. անուրջի մէջ առաքեալներից հրաման առաւ սրբուել Հռոմի Սեղբեստրոս եպիսկոպոսի ձեռքով՝ լուացուելով կենսատու Աւազանի մէջ: Ապա աշակերտելով նրան՝ հաւատաց եւ նրա առջեւից վերացրեց բոլոր բռնաւորներին, ինչպէս որ համառօտ ուսուցանում է Ագաթանգեղոսը»:
Մաքսիմանայի չարութեան մասին յայտնի է նաեւ այլ մատենագիրներից: Նա իր ամուսնու՝ Կոստանդիանոսի ձեռքով սպանել տուեց նրա որդուն՝ բարեպաշտ Կրիսպոսին: Անզգամ կինը տարփանք էր տածում իր խորթ որդու՝ Կրիսպոսի հանդէպ, որ ծնուել էր Միներուայից: Եւ չկարողանալով իր չար կամքով որսալ նրան, չարախօսեց հօր առջեւ, իբրեւ թէ նա պղծութեամբ բռնաբարել է իրեն: Բարկացած հայրը զրկեց որդուն կեանքից, սակայն յետոյ իմանալով, որ որդին անպարտ էր, սաստիկ զղջաց եւ դաժանօրէն պատուհասեց չարեաց պարտական Մաքսիմանային, մինչեւ որ տանջալից մահ ունեցաւ:
Երբ Կոստանդիանոսն ամբողջովին դարձի եկաւ եւ սուրբ Սեղբեստրոսի կողմից լուսաւորուեց աստուածպաշտութեամբ, մեծապէս ուրախացաւ նրա մտերիմ բարեկամ մեր Տրդատ արքան: Սուրբ Լուսաւորչի հետ մեկնեց Հռոմ՝ ողջունելու Կոստանդիանոսին եւ Սեղբեստրոսին: Եւ ո՞վ կարող էր պատմել աստուածասէր թագաւորների եւ սուրբ հայրապետների հոգեւոր ուրախութեան մասին, որ ունէին տիեզերածաւալ լուսաւորութեան եւ Քրիստոսի եկեղեցիների պայծառութեան համար: Դաշինքով հաստատեցին իրենց միաբանական սէրը, ինչպէս որ պատմում են Ագաթանգեղոսը, որն այդ ամէնի ականատեսն էր, եւ նոյնը յիշատակում է նաեւ Խորենացին:
Ոմանք կարծում են, թէ Կոստանդիանոսի մայրը՝ բարեյիշատակ եւ առաքինի Հեղինէ դշխուհին, իր որդուց վաղ է եկել աստուածգիտութեան՝ լինելով որդու դարձի պատճառը, սակայն ըստ այլոց՝ նա լուսաւորուել է զաւակից յետոյ, եւ որդին է եղել նրա դարձի պատճառը: Քանզի ասում են, թէ երբ Կոստանդիանոսն ընդունեց հաւատի լոյսը, Հեղինէն Հռոմում չէր, այլ կամ Բիւթանիայում էր՝ Արեւելքում, կամ էլ Բրիտանիայում՝ Արեւմուտքում: Եւ երբ լսեց որդու հետ կատարուած դէպքերը, զարմացաւ, քանզի թէպէտ սուտ էր համարում հեթանոսական բազմաստուածութիւնը, սակայն ըստ հրեական համոզմունքի՝ կարծում էր, թէ ճշմարիտ աստուածպաշտութիւնը պէտք է գայ եբրայեցիներից, եւ թէ պէտք չէ հաւատալ եկած Մեսիային, այլ Նրան, որ գալու է: Բայց երբ դշխուհին եկաւ Հռոմ, աւելի ստոյգ ուսումնասիրելով ճշմարիտ հաւատը, լուսաւորուեց սուրբ Սեղբեստրոսի կողմից, մկրտուեց եւ ջերմ հաւատով պաշտեց Քրիստոսին: Եւ այդպէս աստուածասէր կայսրը եւ աստուածասէր դշխուհին օրէցօր առաջադիմում էին աստուածպաշտութեան մէջ եւ իրենց խօսքով ու օրինակով առաքելաբար բոլորին դարձնում դէպի Քրիստոսի սուրբ հաւատը:
Կոստանդիանոսն արքունի հրովարտակներով խափանում էր կուռքերի բոլոր պաշտամունքները: Դրանց տաճարները կամ փակում էր, կամ աւերում: Ծածկել էր տալիս դրանց քանդակուած արձանները կամ ոչնչացնում: Հրամայում էր սրբագործել մեհեանները եւ դրանք ճշմարիտ Աստուծոյ տաճարներ դարձնել: Հիմքից եկեղեցիներ էր շինում, որպէսզի ամէն տեղ համարձակ պաշտէին քրիստոնէութիւնը, իսկ Հեղինէն յորդորում եւ ամէն բանում գործակից էր լինում որդուն: Ինքը եւս բազում եկեղեցիներ եւ վկայարաններ էր կառուցել Արեւմուտքում եւ Արեւելքում: Եւ որ գովելի է, երբ տեսնում էր, որ որդին արքունի իշխանութեամբ օրէնքից դուրս էր գործում, միջամտում էր մայրական համարձակութեամբ եւ թոյլ չէր տալիս նրան աջ կամ ձախ խոտորուել, իսկ ինքնակալի հնազանդութիւնը եւ յարգանքը, որ տածում էր մօր հանդէպ, անչափ էր: Գովելի եւ անթերի կերպով կատարում էր ծնօղին պատուելու աստուածային պատուիրանը, խոնարհութեամբ լսում էր մօր բարի յորդորները եւ թոյլ չէր տալիս, որ նրա գէթ մէկ խօսքը գետին ընկնի: Միեւնոյն ժամանակ արքունի փառաւոր շուքով դշխուհի մօրը պատուով մեծարելու համար հրամայեց նրա անունով ոսկեդրամ կտրել՝ մէկ կողմում գրուած «Փլաբիա Հեղինէ Օգոստոս Տիրուհի», եւ միւս կողմում՝ «Ընդհանուր պետութեան ապահովութիւն»: Պատուասիրում էր մօրը, քանզի արքունի զօրքի թէ՛ քրիստոնեայ, թէ՛ հեթանոս դասերը դշխուհի Հեղինէին օգոստատիրուհի եւ ինքնակալուհի էին անուանակոչում: Արքունի գանձերի տնօրինութիւնը ամբողջովին յանձնեց մօր ձեռքը, որպէսզի ըստ իր գթառատ բարքի՝ առատապէս բաշխի աղքատների կարիքների եւ եկեղեցիների շինութեան համար, ինչպէս որ կամենայ:
Աստուածասէր թագաւոր Կոստանդիանոսը շատ բան արեց սուրբ Սեղբեստրոսի հովուապետութեանն օգնելու համար: Պանծալի դարձրեց Հռոմի գահը եւ հոգում էր եկեղեցու բոլոր կարիքները: Երբ խնդիրներ էին առաջանում ժամանակի հերեսիովտացիների կողմից, գործի էր դնում արքունի իշխանութիւնը՝ սանձելու մոլորուածներին սուրբ Սեղբեստրոսի խրատով, որին հպատակութեամբ պատւում էր որպէս իր հոգու հայր:
Սակայն Կոստանդիանոսի բարեպաշտութիւնն առաւել պանծալի երեւաց Նիկիայի տիեզերական ժողովում, որ տեղի ունեցաւ Տիրոջ 325 թուականին սուրբ Սեղբեստրոսի նախաձեռնութեամբ: Իր փոխանորդների եւ բոլոր սուրբ հայրապետների բռնադատութեամբ նա նստեց հայրերի մէջ եւ ընտրեց մի նուաստ տեղ եւ ոչ բարձր գահ, որն առաջարկում էին իրեն: Ամբողջ սրտով ընդունեց սուրբ ժողովի սահմանած ուղղափառ դաւանութիւնը եւ արտաքսեց հերեսիովտապետ Արիոսին ու նրա գլխաւոր համախոհներին: Բայց քանի որ աղուէսաբարոյ Արիոսը մեծ զղջում ցոյց տուեց եւ միջնորդ բռնեց իրեն համախոհ բազմաթիւ եպիսկոպոսների, թագաւորը, տեղեակ չլինելով նրա չար խորհուրդներին, վերադարձրեց Արիոսին՝ իբրեւ զղջացող: Եւ այդ ամէնից բազում նեղութիւններ եւ ալեկոծութիւններ կրեց աստուածասէր թագաւորը, որովհետեւ մեծ երկիւղ եւ յարգանք ունէր Աստուծոյ բոլոր քահանաների եւ եկեղեցու պաշտօնեաների հանդէպ, իսկ երբ հակառակութիւններ էին ծագում եպիսկոպոսների ու քահանաների միջեւ, չգիտէր, թէ որին լսէր: Թէպէտ երբեմն սխալւում էր՝ տեղի տալով արիոսականների եւ կիսաարիոսականների խօսքին, սակայն դա զարմանալի չէ, որովհետեւ նաեւ երեւելի եպիսկոպոսները նաւակոծութիւններ ունեցան ժամանակի մեծ ալեբախումներից: Բայց այնուամենայնիւ բարեպաշտ թագաւորը երբէք չերկմտեց ողջամիտ վարդապետութեան մէջ, այլ մինչեւ մահ հաստատուն պահեց նիկիական ուղղափառ հաւատը:
Այդ ժամանակներում Կոստանդիանոս ինքնակալն իր աթոռը Հռոմից փոխադրեց Բիւզանդիա՝ Արեւմուտքի եւ Արեւելքի գեղեցկադիր սահմանագօտում՝ Ասիայի եւ Եւրոպայի սահմանների եզրագծում: Այն ընդարձակեց եւ ամրացրեց պարիսպներով, զարդարեց տեսակ-տեսակ շինութիւններով, եկեղեցիներով ու վկայարաններով եւ անուանեց նոր Հռոմ, սակայն բնակիչները եւ ամբողջ երկիրը կոչեցին Կոստանդինի պօլիս, այսինքն Կոստանդիանոսի քաղաք կամ պարզապէս թագաւորական քաղաք: Իր բոլոր օրերին շատ քաղաքներ կառուցապատեց եւ այլեւայլ տեղերում արքունի գանձերից բազմաթիւ եկեղեցիներ շինեց, ինչպէս իր մայրը Երուսաղէմում: Աստուածասէր Հեղինէ դշխուհին մեծ տենչով փափագում էր գտնել Գողգոթա լերան վրայ թաղուած պատուական խաչափայտը: Եւ տեսիլքի մէջ հրաման առնելով Աստծուց՝ ելաւ գնաց սուրբ Երուսաղէմ քաղաքը՝ որոնելու, եւ հրաշքով գտաւ փափագելին: Խորենացին գրում է. «Պարսից Շապուհ արքան խնդրեց յաղթանակած Կոստանդիանոսին հաշտութիւն եւ մշտնջենաւոր խաղաղութիւն կնքել, որին Կոստանդիանոսն իսկոյն ընդառաջ գնաց: Ապա իր մօրը՝ Հեղինէին, ուղարկեց Երուսաղէմ՝ փնտռելու պատուական Խաչը, որը գտաւ հինգ բեւեռներով հանդերձ՝ հրեայ Յուդայի միջոցով, ով յետոյ Երուսաղէմի եպիսկոպոս եղաւ»:
Այնուհետեւ Հեղինեն, շրջելով սուրբ քաղաքի տնօրինական սրբատեղիներով, ի պատիւ Փրկչի սուրբ Ծննդեան, չարչարանքների, Յարութեան եւ Համբարձման՝ աստուածային տնօրինութեան վայրերում բազմաթիւ եկեղեցիներ եւ մատուռներ շինեց, որոնց մէջ երեւելի էր Խաչի գիւտի տեղում կանգնեցուած հոյեակապ տաճարը: Իսկ առաւել մեծավայելուչ էր սուրբ Յարութեան եկեղեցին, որը կառուցուել էր Կոստանդիանոսի կողմից: Հեղինէն չհասցրեց եկեղեցին տեսնել, Կոստանդիանոսն այն աւարտին հասցրեց մօր մահից յետոյ եւ ապա մեծ փառքով ու եպիսկոպոսների մեծահանդես ժողովով կատարեց տաճարի նաւակատիքը:
Աստուածասէր դշխուհին եկեղեցի շինեց նաեւ Բեթլեհէմում, որն իր մէջ էր առել Քրիստոսի Ծննդեան այրը, նաեւ Երուսաղէմում Ձիթենեաց լերան վրայ՝ Տիրոջ Համբարձման տեղում, որի կառուցման ժամանակ հրաշք կատարուեց. տաճարը սալայատակելու ժամանակ, շինարարները չկարողացան երկու ոտնաչափ տեղ ծածկել քարերով, ինչպէս նաեւ գմբեթի միջնայարկի նոյն ուղղահայեաց տեղը, որով յայտնի դարձան Փրկչի ոտնատեղերը եւ համբարձման պահին Նրա վերելքի ճանապարհը:
Հեղինէի հովանաւորութեամբ կառուցուեցին շատ եկեղեցիներ՝ Գեթսեմանիում՝ սուրբ Աստուածածնի գերեզմանի վրայ, ինչպէս նաեւ Նրա ծնողների՝ Հովակիմի եւ Աննայի անուան եկեղեցին, պարտեզում շինուած եկեղեցին, որտեղ Տէրը արիւն, քրտինք հեղեց, Բեթլեհէմի անմեղ մանուկների անուան եկեղեցին, հրեշտակների հովիւներին աւետման վայրում կառուցուած եկեղեցին եւ այլն:
Երուսաղէմում Հեղինէն տեսաւ Աստուծոյ նուիրեալ բազմաթիւ կոյսեր, որոնց մեծ գութ եւ մարդասիրութիւն ցուցաբերեց. նրանց հրաւիրում էր ճաշի, եւ այնքան ջերմ սիրով էր խանդաղատում նրանց, որ անպատեհ էր համարում յանձնարարել իր աղախիններից որեւէ մէկին սպասարկել նրանց: Այլ սրբիչ վերցնելով՝ կապում էր մէջքին եւ անձամբ սպասաւորում նրանց՝ կերակուրներ մատակարարելով, ըմպելիք մատուցելով եւ նրանց ձեռքերին ջուր լցնելով: Այսպէս տիեզերակալ դշխուհին՝ Քրիստոսի աղախինների աղախինը, դնում էր իր անձը նրանց համար: Եւ քանի որ բազմաթիւ էին այն կոյսերը, որոնք հանդարտում էին ոչ թէ առանձին մենարաններում, այլ տներում, եկեղեցիներին առընթեր կուսանոցներ շինեց եւ արքունիքից ռոճիկներ նշանակեց իւրաքանչիւր մենաստանի կարիքների համար:
Եւ Աստուածասէր դշխուհին այսպիսի բարեգործութիւններ արեց ոչ միայն Պաղեստինում, այլեւ, ինչպէս Եւսեբիոսն է գրում, Արեւելքի բոլոր երկրներում արքայավայել մեծ գործեր արեց: Քաղաքից քաղաք անցնելով՝ անթիւ բարեգործութիւններ արեց, զինուորականներին առատ գանձեր բաշխեց, իսկ աղքատներին եւ տառապածներին առատապէս հագուստներ եւ ինչքեր բաշխեց: Ազատ արձակեց շատ բանտարկեալների, շատերին վերադարձրեց աքսորից, կեղեքուածներին ազատեց հզօրների բռնութիւններից: Ջանում էր բարերարել ամէնքին, հեզ եւ մարդասէր էր բոլորի հանդէպ, բայց առաւելապէս խոնարհութեամբ սէր, պատկառանք եւ յարգանք էր տածում միայնակեացների եւ եկեղեցականների հանդէպ: Նրա ջերմեռանդ աղօթասիրութիւնը եւ մշտապէս տաճար գնալը բարի օրինակ տուեց ամէնքին: Ինչպէս գրում է Եւսեբիոսը, միշտ բոլորից առաջ եկեղեցի էր մտնում եւ, զարդարելով թանկարժէք սպասքով, պայծառացնում եկեղեցիներն ու վկայարանները՝ չանտեսելով անգամ փոքր քաղաքների մատուռները: Տեսնելու արժանի էր, թէ ինչպէս էր սքանչելի դշխուհին պարկեշտ ու վայելուչ կերպով կանգնում կանանց դասում՝ խտրութիւն չդնելով եկեղեցու պատուաւոր կամ անշուք տեղերի միջեւ: Եւ միշտ խոնարհաբար անմռունչ աղօթում էր՝ հեռու իշխանասիրութիւնից ու փառամոլութինից: Եւ այդպէս բարեպաշտութեամբ յայտի էր դարձնում իր կրօնասիրութիւնը, որի համար Աստուած փառաւորեց նրան թէ՛ այստեղ, թէ՛ հանդերձեալում: Ապրեց առանց վշտերի, հոգու եւ մարմնի կատարեալ առողջութեամբ, եւ ութսունամեայ հասակում խաղաղութեամբ աւարտեց իր կեանքը: Հոգին աւանդելիս բարեպաշտ եւ աստուածասէր կեանքի բազմաթիւ խրատներ որպէս կտակ թողեց իր որդուն, օրհնեց նրան հոգեւոր օրհնութեամբ եւ ասաց. «Այս է իմ փափագը, որդեա՛կ, որ նշանաւոր լինես աստուածսիրութեամբ եւ մարդասիրութեամբ, հոգիդ զարդարես բոլոր առաքինութիւններով՝ հեռու ամբարտաւանութիւնից, տէրութիւնդ պահես խնամքով եւ ամենակարեւորը՝ ահուդողով ծառայես Տիրոջը»: Եւ ապա ողջոյն տալով բոլորին՝ Տիրոջ 330 թուականին հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը:
Մեծն Կոստանդիանոսը մեծապէս սգաց մօր համար, նրան կայսերական յուղարկաւորութիւն արեց եւ պատուով թաղեց մի փառաւոր շիրիմում: Ոմանք ասում են, թէ թաղուած է Կոստանդնուպօլսի սուրբ Առաքելոց տաճարում, ուր գերեզման էր պատրաստել նաեւ իր համար, իսկ ըստ ոմանց էլ՝ հին Հռոմի Լաւիկանայի ճանապարհին գտնուող սուրբ Մարկեղինոսի ու սուրբ Պետրոսի վկայարանում: Ըստ աւանդութեան՝ ժամանակ անց նրա մարմինը Կոստանդնուպօլսից փոխադրուեց Վենետիկի սուրբ Հեղինէ կղզին, սակայն յայտնի է, որ նրա նշխարների մասունքները սփռուած են ամբողջ Եւրոպայում, եւ նրա յիշատակը պաշտւում է բոլոր եկեղեցիներում:
Իսկ բարեպաշտ Կոստանդիանոս ինքնակալը եղաւ մօր առաքինութիւնների ու խրատների հետեւորդը, փայլեց իր աստուածպաշտութեամբ եւ արդարադատ իշխանութեամբ: Նրա բարեպաշտութեան եւ մարդասիրութեան համբաւը տարածուեց քրիստոնէական բոլոր եկեղեցիներում: Էլ չեմ ասում եկեղեցիների բազմութեան մասին, որ կառուցեց եւ պայծառացրեց: Ուր լսում էր, որ կան սուրբ մարտիրոսների նշխարներ, այնտեղ նրանց գերեզմանների վրայ կամ նահատակութիւնների վայրում կառուցում էր վկայարաններ: Գանձեր էր բաշխում աղքատների կարիքների համար եւ բազմաթիւ այլ բարերարութիւններ անում:
Այս ամէնով հանդերձ՝ արքունի իշխանութիւնն իր ժամանակի թագաւորներից աւելի զօրացրեց եւ այդ չէր վերագրում իր անձին, այլ Աստծուն: Ըստ Ագաթանգեղոսի վկայութեան՝ իր թագաւորութիւնը աստուածակարգ թագաւորութիւն էր կոչում: Նա այնքան աստուածասէր եւ Աստուծոյ սիրելի եղաւ, որ ամէն առաւօտ երկնքից յայտնւում էր նրա պահապան հրեշտակը, սպասաւորում նրան եւ, թագի քրիստոնեական նշանն առնելով, նրա գլխին դնում: Երանելի Կոստանդիանոսը, իր աստուածպաշտութեամբ գերազանց գտնուելով բոլորից, իր թագաւորութիւնն ամրացրեց հաւատով եւ բոլոր եկեղեցիներում հաստատեց ճշմարիտ հաւատը:
Կոստանդիանոսի ականատես վկայ Եւսեբիոսը գրում է. «Հռոմի ինքնակալների մէջ միայն նա էր, որ Աստծուն պաշտեց գերագոյն բարեպաշտութեամբ: Միայն նա էր, որ Քրիստոսի վարդապետութիւնը համարձակ քարոզեց բոլորին եւ պայծառացրեց Աստուծոյ Եկեղեցին փառքով ու պատուով: Եւ ինչպէս յայտնի է իրողութիւնից, չգտնուեց նրա նմանը նաեւ յաջորդ քրիստոնեայ թագաւորների մէջ, որոնց համար նա եղաւ օրինակ եւ բոլոր հռոմէացիների քրիստոնէութիւն ընդունելու պատճառ»:
Եւ այս կերպով ապրելով աստուածպաշտութեամբ՝ սուրբ Պենտեկոստէի տօնի օրը սուրբ Կոստանդիանոսն իր թագաւորութեան երեսուներկուերորդ տարում՝ վաթսուն կամ վաթսունհինգ տարեկան հասակում, այս աշխարհից փոխադրուեց երկնքի Արքայութիւն, որ եղաւ Տիրոջ 337 թուականի մայիսի քսաներկուսին Նիկոմիդիայում:
Նրա յուղարկաւորութիւնն այնքան փառաւոր էր, որին չէր արժանացել կայսրերից որեւէ մէկը: Նրա մահը խորապէս սգում էին աւագանին, ազատագունդ զօրքը: Նրա պատուական մարմինը՝ պատուած արքայական ծիրանիով, դրեցին ոսկեպատ տապանակի մէջ, մեծ շուքով բերեցին Կոստանդնուպօլիս թագաւորական քաղաքը եւ դրեցին արքունիքի գլխաւոր սրահում՝ մի բարձրագահ տեղում: Շուրջբոլորը վառել էին ոսկէ աշտանակների վրայ դրուած ջահերն ու մոմերը: Ծիրանազգեստ, թագապսակ եւ կայսերաշուք մարմինը զմռսեցին մաքուր խունկերով: Ազնուազարմ բազում այրեր հսկում էին գիշեր-ցերեկ, մինչեւ որ ժամանէին արքայորդիները՝ Կոստանդինը, Կոստանդը եւ Կոստասը: Ժողովուեցին զօրավարներ եւ հազարապետներ, կուսակալներ, դատաւորներ եւ թագաւորութեան պաշտօնեաներ: Մօտենում էին տապանակին, եւ ինչպէս օրէնք էր ներկայանալ ինքնակալին, ծնրադրական երկրպագութեամբ ողջունում էին նրան: Նոյնօրինակ երկրպագութեամբ նրանց յաջորդում էին ծերակոյտն ու աւագանին, քաղաքի մեծամեծները եւ ապա ժողովուրդը՝ տղամարդկանց ու կանանց անհամար բազմութեամբ:
Որտեղ լսում էին բարեպաշտ ինքնակալի մահը, բոլորը սգում էին: Նրան կոչում էին երանելի եւ աստուածասէր ու հռոմէացիների միակ արժանաւոր ինքնակալը: Կանգնեցնում էին նրա արձաններն ու պատկերները ոչ միայն որպէս թագաւորի, այլ նաեւ Աստուծոյ մարդու եւ սուրբի: Ցանկացան նրա մարմինը փոխադրել Հռոմ՝ ի պանծանս նրա հոգու եւ մարմնի, սակայն աստուածասէր թագաւորը Հռոմը պատւում էր հոգեւորապէս, իսկ իր ձեռակերտը՝ Կոստանդնուպօլիսը՝ մարմնապէս: Եւ այդ խորհրդով էլ, ինչպէս որ կտակել էր, իրեն թաղեցին Կոստանդնուպօլսի իր կառուցած ս. Առաքելոց տաճարում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: