ՍՈՒՐԲ ՀԱՅՐ ՆԵՂՈՍԻ ՎԱՐՔԸ (450թ.)

Սուրբ հայր Նեղոսը, որ Աստուծոյ Հոգով սուրբ այր էր եւ զօրաւոր էր իր խօսքով եւ գրչով, սուրբ Յովհան Ոսկեբերանի աշակերտն էր: Ազգութեամբ գաղատացի էր, ազնուական տոհմից եւ իւրայիններով հանդերձ՝ զարդարուած աստուածպաշտութեամբ: Թէոդոս Կրտսեր կայսեր օրօք եղել է թագաւորանիստ քաղաքի եպարքոսը, ապա հրաժարուել է աշխարհից, կնոջն ու դստերը տարել կուսանաց վանք եւ իր որդու՝ երանելի Թէոդուլոսի հետ մենակեցութեամբ առանձնացել Սինա լերան վրայ:

 

Նրա վարքը, որ զարդարուած էր հոգեւոր կարգ ու կանոնով եւ իմաստութեամբ, փայլում է նրա մեղրածոր վարդապետութեան, զանազան հոգեշահ աշխատասիրութիւնների, յորդորական թղթերի եւ մենակեացներին ուղղուած խրատների մէջ, որոնք օգտակար են նաեւ աշխարհականներին: Քանզի բոլոր առաքինութիւնների եւ մոլորութիւնների արմատը, բարի տունկերի բարի պտուղները եւ չարի զազրելի գործերը նա մեկնում եւ կենդանի նկարագրում է օրինակներով ու դիպուկ առակներով տպաւորում բոլորի մտքերում եւ սրտերում:

 

Նա ասում էր. «Որքան չարով հատուցես քեզ չարիք պատճառողին, այնքան դրանք քեզ գայթակղութիւն կը լինեն քո աղօթքների մէջ, որովհետեւ աղօթքը հեզութիւն, անբարկութիւն, խոնարհութիւն է, ինչպէս նաեւ հզօր դեղամիջոց, որ ցրում է ամէն տեսակ վիշտ ու տրտմութիւն»:

 

Ասում էր նաեւ. «Ամէն մի առաքինութիւն, որ մարդ գործում է, արդիւնքը կը գտնի աղօթքի ժամին: Եթէ կամենում ես աղօթել, ինչպէս որ հարկն է, մի՛ տրտմեցրու քո եղբօրը, եւ մի՛ ցանկացիր լինել այնպիսին, ինչպիսին ինքդ ես կամենում: Այլ ինչ որ Աստուած է կամենում քեզ համար, այն սիրիր, եւ դու հանգիստ կը գտնես աղօթքներիդ ու խնդրանքներիդ մէջ»:

 

Կայ ընդարձակ պատմութիւն՝ գրուած սուրբ Նեղոսի կողմից, որը պատմում է Սինա լերան վրայ սարակինոսների յարձակման մասին: Այնտեղ նկարագրւում է շատերի նահատակութիւնը, սուրբ Նեղոսի որդու՝ Թէոդուլոսի ազատութիւնը գերութիւնից, որի փրկագինը տուել էր եպիսկոպոսներից մէկը: Վերջինս բռնադատելով քահանայ ձեռնադրեց սուրբ Նեղոսին եւ նրա որդի Թէոդուլոսին:

 

Վախճանուել է Տիրոջ մօտ 450 թուականին՝ Թէոդոս Կրտսերի թագաւորութեան վերջին տարում:

 

Ասում են, թէ Յուստինոս կայսրը տեղափոխել է սուրբ Նեղոսի եւ սուրբ Թէոդուլոսի նշխարները ու դրել Կոստանդնուպօլիս քաղաքի սուրբ Առաքելոց եկեղեցու խորանի տակ:

 

ՍՈՒՐԲ ՆԵՂՈՍԻ ԽՕՍՔԵՐԻՑ

 

  • Աղօթքը մտքի խօսքն է՝ ուղղուած Աստծուն: Այն հեզութեան, անբարկութեան, անյիշաչարութեան եւ սիրոյ բխումն է:
  • Բոլոր խնդրանքներից առաջ քեզ համար օգտակար են արտասուքները, որովհետեւ Տէրը բաղձում է քեզնից ընդունել արտասուալից աղօթքներ:
  • Ջանա՛ աղօթքի ժամին միտքդ պահել խուլ եւ համր, անսայթաք մնալ բոլոր փորձութիւններից, որպէսզի աղօթքդ ընդունելի լինի:
  • Եթէ ցանկանում ես աղօթել, ինչպէս որ հարկն է, մի՛ տրտմեցրու որեւէ մէկին, այլապէս ունայն կը լինի քո վաստակն ու ընթացքն այդ գործում:
  • Եթէ երբէք չես առել աղօթքի շնորհը, ապա հնազանդուիր սաղմոսերգութեանը եւ կը ստանաս:
  • Պտղաբերութեան սկիզբը ծաղիկն է, իսկ առաքինութեան գործերի սկիզբը՝ համբերութիւնը:
  • Շատ փայտը մեծ բոց է առաջացնում, իսկ կերակրի առատութիւնը՝ չար ցանկութիւններ:
  • Բոցը մարում է, երբ վերջանում է փայտը, եւ սակաւ կերակրից տկարանում են ախտերը:
  • Պահեցողի աղօթքը արծուի ձագի պէս թռչում է դէպի բարձունքները, իսկ արբեցողինը՝ ծանրացած դէպի ցած է իջնում:
  • Պահեցողի միտքը պայծառ աստղի պէս է, իսկ արբեցողի միտքը խաւարի մէջ է:
  • Մէգը ծածկում է արեւի ճառագայթները, իսկ շատ կերակուրը խաւարեցնում է միտքը:
  • Ինչպէս որ անհնար է տիղմի մէջ անուշահոտ խունկ գտնել, այդպէս էլ որովայնամոլի մէջ՝ անուշահոտ սրբութիւն:
  • Հպարտութիւնը մոլեգին ախտ է եւ փքուած ուռուցք, որը պայթում է, ուր որ հասնում է եւ ժահահոտութիւն տարածում:
  • Ինչպէս որ նեխած պտուղն անօգուտ է այգեգործի համար, այդպէս էլ ամբարտաւան մարդու առաքինութիւններն անպիտան են Աստուծոյ առաջ:
  • Ամբարտաւանութիւնը երկնքից նետեց հրեշտակներին եւ փայլակի պէս իջեցրեց երկիր, իսկ խոնարհութիւնը մարդուն երկինք է բարձրացնում եւ պատրաստում նրան պար բռնել հրեշտակների հետ:
  • Ով յաղթել է ախտերին, նուաճել է տրտմութեանը, իսկ ով յաղթւում է ցանկութիւնից, չի ազատուի չարից:
  • Ով տրտմում է յաճախ եւ ասում է, թէ ախտեր չունի, նման է մի հիւանդի, ով ձեւանում է, թէ առողջ է: Քանզի ինչպէս որ հիւանդը յայտնի է լինում իր գոյնից, այնպէս էլ ախտաւորը յայտնի է դառնում տրտմութիւնից:
  • Տուժուած արծաթասէրը դառնապէս տրտմում է, իսկ ով քամահրում է ինչքը, անտրտում է լինում:
  • Ով սիրում է աշխարհը, միշտ տրտում է լինում, իսկ ով արհամարհում է աշխարհիկ կեանքը, միշտ ուրախ է ի Տէր: