Այսօր յիշատակ սրբոցն. եւ փայլին նշխարք սոցա ի մէջ եկեղեցւոյ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր սոցա իմանալի Սիոն՝
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
Տաճար են Սուրբ Հոգւոյն. կենդանի ոսկերք սոցա՝ հիւանդաց բժիշկ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Այս փառաւոր եօթ վկաները, որ համարւում են հայոց վկաներ, Հիպերիքեաններ էին կոչւում իրենց առաջնորդի՝ Հիպերիքոսի անունով: Նրանք Սամոստիա քաղաքից էին, որը նաեւ կոչւում է Սամոսատ կամ Շամշատ, որ կար Հայոց երկրի երրորդ գաւառում՝ Եփրատի ափին: Ապրել են Մաքսիմիանոս կայսեր օրօք, որն իր գահակալութեան երկրորդ տարում հրամայեց, որ իր իշխանութեան ներքոյ գտնուող բոլոր քաղաքներում ջանասիրաբար զոհեր եւ ընծաներ մատուցուեն աստուածներին:
Պատահեց, որ մի հեթանոսական տօնի օրը թագաւորն անձամբ ժամանեց Սամոսատ քաղաք եւ այնտեղ տօնակատարութեան ընթացքում հրամայեց, որ քաղաքի ամբողջ բազմութիւնը հաւաքուի կռատանը՝ տօնը միասին նշելու համար: Ամբողջ քաղաքում լսւում էին փողերի եւ թմբուկների ձայները, ամենուր տարածուած էր խունկերի բոյրը, եւ ամբողջ բազմութիւնը մեծ խնջոյք էր անում:
Այդ ժամանակ քրիստոնեաների մէջ աչքի էին ընկնում երկու այրեր՝ Հիպերիքոսը եւ Փիլոթէոսը, որոնք միաբանուած էին միմեանց քրիստոնէական կարգի մէջ: Արհամարհելով կայսեր հրամանները՝ նրանք թաքնւում էին Հիպերիքոսի վերնատանը, որտեղ արեւելեան պատին խաչ էր կանգնեցուած: Այնտեղ նրանք, անձանձրոյթ աղօթելով, անդադար երկրպագում էին Քրիստոս Աստծուն: Հեթանոսներից հինգ անձինք՝ Յակոբոսը, Պարեգորիոսը, Աբիբասը, Դոմնասը եւ Յուլիանոսը, որոնք Հիպերիքոսի եւ Փիլոթէոսի սիրելի բարեկամներն էին եւ տարիքով նրանցից կրտսեր, այցելութեան եկան նրանց ու վերնատանը նրանց տեսան խաչի առաջ իններորդ ժամի աղօթքն անելիս: Ասացին նրանց. «Կայսրը հրամայել է բոլոր աստուածներին եւ քրմերին հաւաքել մեր քաղաքի կռատանն ու ամբողջ քաղաքով մեծ տօնախմբութիւն անել: Ահա բոլորն ուրախութեան մէջ են, իսկ դուք ինչո՞ւ էք սգաւորի պէս փակուել այստեղ, կարծես օտարականներ լինէք»: Եւ նրանք պատասխանեցին. «Մենք աղօթում ենք Աստծուն, Ով Իր իմաստութեամբ ստեղծեց երկինքն ու երկիրը»: Յակոբոսն ասաց. «Մի՞թէ այդ փայտեղէն խաչն է ստեղծել երկինքն ու երկիրը, որ երկրպագում էք նրան»: Նրանք պատասխանեցին. «Մենք երկրպագում ենք Նրան, Ով խաչուեց այդ խաչի վրայ, որովհետեւ Նա Աստուած է՝ ծնուած Աստծուց, համագոյ Հօրը եւ ոչ թէ արարած: Ամէն բան, որ կայ երկնքում եւ երկրի վրայ, Նրանով եղաւ: Ահա երեք տարի է, որ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անուամբ մկրտուել ենք Յակոբ երէցի ձեռամբ, ու նա միշտ Քրիստոսի Մարմինն ու Արիւնը մեզ հաղորդորդութիւն է տալիս: Այդ պատճառով մենք չենք ելնում եւ չենք ելնի այստեղից, որպէսզի չշաղախուենք դեւերին մատուցուող զոհերի՝ այրուող մսի գարշահոտ ծխով»: Պարեգորիոսն ու միւսներն ասացին. «Կա՞յ արդեօք մի այլ մեծ Աստուած, քան այն աստուածները, որոնց հաւաքել են կռատանը»: Հիպերիքոսն ասաց. «Դուք չէ՞ք տեսնում, որ այդ աստուած կոչուածներին բարձրացրած բերել ու դրել են այնտեղ: Արդ, եթէ նրանք չեն կարող անգամ տեղաշարժուել, ինչպէ՞ս կարող են աստուածներ լինել»: Յակոբոսն ասաց. «Կը ցանկանայի տեսնել ձեր Աստծուն եւ ձեզ հետ երկրպագել Նրան, որովհետեւ ասում էք, թէ Նա է ստեղծել երկինքն ու երկիրը»: Փիլոթէոսն ասաց. «Իսկ դու ի՞նչ ես կարծում, Աբի՛բէ»: Աբիբէն պատասխանեց. «Կարծում եմ, որ աստուածները, որոնց տօնում են այս քաղաքում, իրենք են ստեղծել ամէն բան»: Հիպերիքոսն ասաց. «Եթէ կամենում ես իմանալ ամբողջ ճշմարտութիւնը, ես ցոյց կը տամ այն, ինչպէս եւ կը յայտնեմ Աստուծոյ Իմաստութեան մասին, Ով ստեղծեց ամէն բան»: Պարեգորիոսն ընկերների հետ ասաց. «Դուք, որ այս քաղաքի նշանաւորներն ու մեծատոհմիկներն էք եւ ճանաչուած էք կայսեր կողմից, չէք երկրպագում նրա աստուածներին ու չէք մօտենում զոհ մատուցելու համար ձեր այդպիսի խոնարհութեամբ, ուստի մենք եւս ցանկանում ենք հաղորդ լինել ձեր հաւատքին, միայն թէ առանց բռնութեան»: Հիպերիքոսն ու Փիլոթէոսն ասացին. «Լսէ՛ք, եղբայրնե՛ր եւ որդինե՛ր, եթէ խեցեղէն անօթը, նախքան հրի մէջ թրծելը, թրջեն ջրի մէջ, այն չի ամրանայ, որովհետեւ բնութեամբ կաւ է, բայց եթէ թրծեն կրակի մէջ, ո՛չ սառոյցը կը քայքայի այն, եւ ո՛չ էլ ջուրը կը վնասի: Այժմ եթէ կամենում էք հաստատուել ճշմարիտ հաւատքի մէջ, ընդունէ՛ք Քրիստոսի մկրտութիւնը, եւ նենգութիւնն ամենեւին ձեզ չի մօտենայ»: Եւ նրանք հինգ հոգով միաբերան ասացին. «Մի՞թէ դուք էք արգելում մեզ: Երբ եկանք այստեղ, լսեցինք ձեր խօսքերը ու նայեցինք այդ խաչին, որին երկրպագում էք, մեր սրտերը բոցավառուեցին»: Հիպերիքոսն ու Փիլոթէոսն ասացին. «Եթէ իրապէս կամենում էք, ապա կը կանչենք Յակոբ երէցին, ով մկրտեց մեզ, որպէսզի մկրտի ձեզ եւս: Իսկ այժմ գնացէ՛ք, այսօր մտածէ՛ք եւ վաղը եկէ՛ք»: Եւ նրանք հինգ հոգով ասացին. «Այսօր եւ վաղը ի՞նչ պիտի փոխուի, թող որ շուտով ստանանք Քրիստոսի կնիքը»:
Այնժամ նրանք նամակ գրեցին Յակոբ երէցին եւ այն ուղարկեցին մի ծառայի միջոցով, որն ունէր այս բովանդակութիւնը. «Վերցրո՛ւ պատարագի սրբութիւններն ու օծման իւղը եւ շտապ ե՛կ մեզ մօտ, որպէսզի քո ձեռքով Քրիստոսի կնիքը դնես այն ոչխարների վրայ, որոնք այլ բակից դէպի Քրիստոսի փարախն են եկել»: Եւ Յակոբ քահանան, ստանալով նամակը, լցուեց ուրախութեամբ: Մինչ ընթերցում էր, նրա երեսը բերկրանքից բոցավառուեց, ծնրադրեց եւ աղօթելով ասաց. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի՛ Հայր, քրիստոնեաների՛ յոյս, զօրացրո՛ւ Քո ծառաներին՝ Հիպերիքոսին եւ Փիլոթէոսին, որպէսզի նրանք լինեն ճշմարտութեան եւ հաւատքի սիւները Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Ուրախութեամբ աւարտելով իր աղօթքը՝ նա եկաւ վերնատանը հաւաքուած երանելիների մօտ: Տեսնելով նրանց աղօթելիս՝ երէցն ասաց նրանց. «Խաղաղութի՛ւն ձեզ, խաչեալ Քրիստոսի՛ ծառաներ, Ով խաչուեց աշխարհի փրկութեան համար»: Եւ նոյն պահին այն հինգ այրերն ընկան նրա ոտքերն ու ասացին. «Գթա՛ մեզ եւ տո՛ւր Քրիստոսի մկրտութիւնը, Ում դուք երկրպագում էք»: Յակոբոս երէցն ասաց. «Եթէ ձեզ վրայ փորձութիւններ ու նեղութիւններ գան Նրա անուան համար, արդեօք կը համբերէք, ինչպէս որ Նա համբերեց մեզ համար: Քանզի երբ մենք համբերում ենք Նրա համար, այդ անում ենք որպէս պարտապաններ, որովհետեւ Նա մեզ ստեղծեց ոչնչից՝ կերպաւորելով մեզ մայրական որովայնում եւ Իր ձեռքը դրեց մեզ վրայ, ինչպէս որ գրուած է. "Դու ստեղծեցիր ինձ եւ Քո ձեռքը դրեցիր ինձ վրայ"[1]: Նա Ինքը՝ մեր Տէր Աստուած, Ով մեղք չունէր, իջաւ Բարձունքներից, ծնուեց սուրբ Կոյս Մարիամից, մարդացաւ, մեռաւ, երրորդ օրը յարութիւն առաւ, վերացրեց սատանայի զօրութիւնը, որը մոլորեցրեց մեր նախահայր Ադամին եւ հեռացրեց նրան Դրախտից»: Եւ նրանք միաբերան պատասխանեցին. «Ո՛չ բարձրութիւնը, ո՛չ խորութիւնը, ո՛չ ներկայ եւ ո՛չ էլ գալիք բաները չեն կարող հեռացնել մեզ Քրիստոսի սիրուց[2]»: Եւ երէցն ասաց. «Ծնրադրէ՛ք եւ աղօթէ՛ք»: Եւ երբ մէկ ժամ աղօթեցին, երէցն ասաց. «Թող մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը բոլորիդ հետ լինի. ամէն»:
Այսպէս մկրտեց նրանց Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ապա երբ նրանք հրաժարուեցին կուռքերից ու խոստովանեցին կենդանի Քրիստոս Աստծուն, երէցը հաղորդ դարձրեց Քրիստոսի պատուական Մարմնին եւ Արեանը:
Հեթանոսական տօնից երեք օր անց թագաւորն իր սպասաւորներին ասաց. «Գտնուե՞ց արդեօք այս քաղաքի նշանաւոր մարդկանցից որեւէ մէկը, որն արհամարհեց աստուածների տօնը եւ չմասնակցեց տօնակատարութեանը»: Եւ սպասաւորներն ասացին. «Կան երկու իշխանաւորներ՝ Հիպերիքոսն ու Փիլոթէոսը, որոնց արդէն երեք տարի է, ինչ չենք տեսնում աստուածներին երկրպագելիս»: Թագաւորն իսկոյն հրամայեց, որ նրանց բերեն այնտեղ, ուր զոհեր էին մատուցում աստուածներին: Դահիճները գնացին Հիպերիքոսի տուն եւ այնտեղ գտան եօթ անձանց: Նրանք ասացին. «Թագաւորը կանչում է ձեզ»: Հիպերիքոսն ու Փիլոթէոսն ասացին. «Դուք եկել էք մեր երկուսի՞ համար, թէ՞ այս եօթ հոգու»: Դահիճները պատասխանեցին. «Մեզ ուղարկել են Հիպերիքոսի եւ Փիլոթէոսի համար»: Այնժամ Փիլոթէոսը Յակոբոսին եւ իր ընկերներին ասաց. «Եղբայրնե՛ր եւ որդինե՛ր իմ, գուցէ դուք չկարողանաք համբերել փորձութիւններին, տանջանքներին եւ բռնութիւններին: Մենք ի սկզբանէ, երբ հաւատացինք Քրիստոսին, պատրաստ ենք Նրա անուան համար համբերել ամէն բանի: Թագաւորը ձեզ չի ճանաչում եւ ձեզ չի փնտռում: Մենք կը խնդրենք դահիճներին, որ ձեր մասին չասեն թագաւորին, իսկ դուք խոյս տուէք քաղաքից դէպի մօտակայ գիւղերը, մինչեւ անցնեն այս ժամանակները»: Եւ նրանք պատասխանեցին. «Մենք պատրաստ ենք մեր մարմնով ընդունել ամէն տեսակ նեղութիւններ եւ տառապանքներ, որոնք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար կը գան մեզ վրայ»:
Այդպէս եօթը միասին գնացին դահիճների յետեւից եւ կանգնեցին դատաստանի աթոռի առաջ, որտեղ դրուած էին կուռքերը: Նրանք իրենց գլուխները չխոնարհուեցին թագաւորի առաջ, այլ երկնքին նայելով՝ բարձրեալ Աստծուց օգնութիւն էին խնդրում: Թագաւորն ասաց նրանց. «Մի՞թէ աստուածներն ու իմ հրամաններն այդքան արհամարհելի են թւում ձեզ: Դուք չկամեցաք անգամ իմ առջեւ խոնարհուել: Չգիտէ՞ք, որ աստուածներից յետոյ ես եմ, որ իշխանութիւն ունեմ այս քաղաքում եւ ամբողջ գաւառում»:
Հիպերիքոսն ասաց. «Դու իշխանութիւն չունես մեր հոգիների վրայ, որովհետեւ դու էլ մեզ նման մարդ ես»: Թագաւորն ասաց. «Եթէ արհամարհում ես ինձ՝ որպէս մարդու, ապա ինչո՞ւ ես արհամարհում աստուածներին»: Հիպերիքոսն ասաց. «Դու աւելի պատուական ես, քան աստուածներ կոչուածները, որովհետեւ դու Աստուծոյ ստեղծածն ես, իսկ նրանք ստեղծուած են մարդկանց ձեռքով, այդ պատճառով բերան ունեն, բայց չեն խօսում, աչքեր ունեն, բայց չեն տեսնում: Նրանց նման կը լինեն դրանց յուսացողները, ինչպէս եւ նրանք, ովքեր քեզ նման կը երկրպագեն դրանց»: Թագաւորն ասաց. «Ինչո՞ւ ես շաղակրատում, Հիպերիքո՛ս»: Հիպերիքոսը պատասխանեց. «Ի՞նչ ասացի, որ հեռու է ճշմարտութիւնից»: Թագաւորն ասաց. «Դու միայն զոհ մատուցիր աստուածներին եւ ասա՛, ինչ կամենում ես»: Հիպերիքոսն ասաց. «Ո՛վ թագաւոր, ես ամաչում եմ քո փոխարէն, որ քարեղէն եւ փայտեղէն նիւթերին, որոնք մարդկանց ծառայելու համար են, աստուածներ ես կոչում»:
Բարկացած թագաւորը հրամայեց ծայրերից կապարէ գնդիկներ կախուած մտրակով յիսուն հարուած հասցնել նրա թիկունքին, քանի որ նա անարգեց աստուածներին, եւ ապա պահել մութ բանտախցում: Դահիճներն իսկոյն կատարեցին իրենց հրամայուածները եւ ապա գանակոծուած ու խոշտանգուած նրան բանտարկեցին:
Թագաւորը հրամայեց իր առջեւ բերել Փիլոթէոսին: Ասաց նրան. «Փիլոթէո՛ս, քո անունը աստուածասէր է նշանակում»: Փիլոթէոսն ասաց. «Ես, յիրաւի, Փիլոթէոս եմ կոչուել, որովհետեւ սիրում եմ մէկ կենդանի Աստուծոյ եւ ոչ թէ աստուածների»: Թագաւորն ասաց. «Մի՛ հակառակուիր քո ընկերոջ պէս եւ մի՛ ծանրացրու քո տանջանքները: Այժմ մօտեցի՛ր եւ զոհ մատուցիր աստուածներին, որպէսզի մեծացնեմ քո պատիւը»: Փիլոթէոսն ասաց. «Թէ՛ դու եւ թէ՛ քո խրատը այգու ծաղկի պէս կը չորանան երեկոյան, իսկ քո խօսքերն իբրեւ շիւղ են կրակի առաջ»: Թագաւորը շարունակեց. «Ես քեզ հետ խօսում եմ պատուով, իսկ դու պատասխանում ես թշնամանքով»: Փիլոթէոսն ասաց. «Այսպէս է ասել Աստուած. "Կը պատուեմ Ինձ պատուողներին եւ կ՚անարգեմ Ինձ անարգողներին"»: Թագաւորն ասաց. «Մի՛ տարուիր շատախօսութեամբ, Փիլոթէո՛ս»: Փիլոթէոսը պատասխանեց. «Այս կերպ դու դժուար թէ լսես կենդանի Աստուծոյ խօսքը»:
Թագաւորը հրամայեց կնդրուկ բերել եւ ապա Փիլոթէոսին ասաց. «Առաջացի՛ր, խունկ մատուցի՛ր զոհասեղանին, եւ դու մեծ պատուի կ՚արժանանաս իմ կողմից»: Փիլոթէոսը պատասխանեց. «Քո տուած պատիւն ինձ համար անարգանք է»: Թագաւորն ասաց. «Եթէ իմ տուած պատիւը թշնամանք է քեզ համար, ապա ըստ քեզ՝ ի՞նչ է պատիւը»: Փիլոթէոսն ասաց. «Ինձ համար մեծագոյն պատիւ է այն, ինչ լինում է Քրիստոսի անուան համար»: Թագաւորն ասաց. «Ասացի քեզ՝ շատ մի՛ խօսիր»: Փիլոթէոսը պատասխանեց. «Դու հարցնում ես, ես էլ պարտաւոր եմ պատասխանել»: Թագաւորն ասաց. «Ինչպէս վայել է քո իմաստութեանը, մօտեցի՛ր, խունկ մատուցի՛ր զոհասեղանին, եւ դու պատուելի կը լինես իմ թագաւորութեան մէջ»: Փիլոթէոսն ասաց. «Քրիստոս, Ում երկրպագում ենք եւ Ում համար համբերում ենք այս ատեանի առաջ, Իր խօսքով արարեց երկինքն ու երկիրը, նաեւ լեռներն՝ իրենց չափով եւ բլուրներն՝ իրենց կշռով, եւ երբ կամենայ, Նա կարող է Իր նոյն ակնարկութեամբ վերացնել ամէն բան: Նա համբերեց մեղաւորներիս համար, եւ երբ աստուածամարտները, որոնց բաժինը քեզ հետ է, տարան Նրան՝ դատուելու Պիղատոսի առաջ, Նա կարող էր միայն մէկ ակնարով կործանել Իրեն խաչողներին: Սակայն գրուած է. "Ինչպէս ոչխար՝ Նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման Իր բերանը չի բացում"[3]: Արդ, մի՛ կարծիր, թէ Նա տկար է Իր զօրութեամբ, որ քեզ թոյլ է տալիս խօսել եւ գործել քո կամքով: Նա սովորեցրեց մեզ հաւատալ ու հեզութեամբ նմանուել Իրեն եւ ժառանգել Իր արքայութիւնը, որ կայ եւ կը մնայ յաւիտեան, իսկ դու կ՚անցնես, եւ քո թագաւորութիւնն ու ատեանը կը վերանան»: Թագաւորն ասաց. «Քանի որ իմաստուն ես, այդ պատճառով կը հրամայեմ, որ կապեն ու բանտարկեն քեզ առանց տանջանքների, որովհետեւ իմաստունի համար խօսքը բաւական է հնազանդուելու համար, մինչդեռ անմիտն արժանի է տանջանքների: Քո իմաստութիւնն ինքը կը համոզի քեզ լսել ինձ»: Փիլոթէոսն ասաց. «Անարգի՛ր, ինչպէս կամենում ես, բայց ինձնից միայն այս կը լսես՝ հաւատում եմ Տէր Յիսուս Քրիստոսին: Ես չեմ ուրանայ Նրան եւ չեմ հնազանդուի՝ դեւերին զոհ մատուցելու համար»: Այնժամ թագաւորի հրամանով դահիճները կապեցին նրա ձեռքերը թիկունքին, տարան բանտ եւ փակեցին մէկ այլ առանձին տեղում, որտեղ չէր գտնւում երանելի Հիպերիքոսը:
Թագաւորը կանչեց Յակոբոսին եւ նրա ընկերներին ու ասաց նրանց. «Այն տարեց մարդիկ չխնայեցին իրենց մարմինը, քանի որ անմիտ էին կամ էլ ծերացած եւ մահուանը մօտեցած լինելու պատճառով հագեցել էին այս կեանքից, եւ այդ զարմանալի չէ: Բայց ես չեմ հաւատում, որ նրանք լիովին կ՚արհամարհեն իմ հրամանները, իսկ դուք՝ առաւել եւս, որովհետեւ երիտասարդ էք եւ ուշիմ: Վստահ եմ, որ կը խնայէք ձեզ եւ կը հնազանդուէք ինձ՝ արժանանալով մեծ պատուի ու պարգեւների»: Երանելիները պատասխանեցին. «Հաւատարիմ է Աստուած՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ Նա եկաւ ու խաչուեց խաչափայտին աշխարհի փրկութեան համար եւ առաջնորդեց մեզ մոլորութիւնից դէպի ճշմարիտ գիտութիւն եւ մահից դէպի կեանք: Եթէ մեր հայրերը՝ Հիպերիքոսն ու Փիլոթէոսը, իրենց ծերութեան մէջ չկատարեցին քո կամքը, ապա մենք եւս չենք ընդունի քո խոստումները, որովհետեւ ընդունել ենք Փրկչի Մարմինն ու Արիւնը եւ լսել ենք Իր խօսքը, թէ "Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք"[4]: Քանի որ մեր մարմինները սրբուեցին եւ մարգարիտ եղան Նրա Մարմնով, ուստի պէտք չէ, որ մարմինները, որոնք սրբուել են Քրիստոսով ու հրաւիրուել Նրա արքայութիւնը, կրկին դառնան եւ երկրպագեն ձեռակերտ աստուածներին: Ամօ՛թ է բաց աչքերով ընկնել խորխորատն ու կորուսուել»:
Թագաւորն ասաց. «Որքա՛ն շատ խօսեցիր, իսկ ես համբերատար եղայ ձեր հանդէպ ինչպէս երեխաների: Արդ, խնայէ՛ք ձեր երիտասարդութիւնը, խունկ մատուցէ՛ք աստուածներին եւ մի՛ յոգնեցրէք ինձ: Այլապէս երդւում եմ աստուածներով, որ փորձութեան կը ենթարկուէք մեծ տանջանքներով եւ դաժան հարուածներ կը ստանաք»: Սուրբերը պատասխանեցին. «Մենք չենք վախենում ո՛չ քո տանջանքներից, ո՛չ էլ քո հարուածներից, որովհետեւ մեր Տէրն ասել է. "Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող"[5]»:
Թագաւորն ասաց. «Արդ, քանի որ կրկնում էք Երուսաղէմում Խաչուածի խօսքերը եւ ձեր յոյսը դրել էք Նրա վրայ, ապա երդւում եմ աստուածներով, որ ինչպէս Երուսաղէմում Նա խաչուեց խաչափայտի վրայ ու չկարողացաւ փրկել Իրեն խաչողներից, այդպէս էլ եթէ չլսէք ինձ, դուք եւս ձեր այս Սամոստիա քաղաքում կը խաչուէք արեգակի ներքոյ, որպէսզի ամէն ոք, որ ընթանում է ձեր վարդապետութեամբ, վախենայ ու զարհուրի»:
Սուրբերն ասացին. «Աշակերտին հերիք է, որ լինի իր վարդապետի նման»: Թագաւորը շարունակեց. «Ասացի ձեզ, եթէ չլսէք իմ խօսքերը, դուք եւս կը մեռնէք ձեր Վարդապետի նոյն մահով»: Սուրբերն ասացին. «Մեր Վարդապետը մեռաւ Երուսաղէմում, երրորդ օրը յարութիւն առաւ, եւ երկինք ելնելով՝ նստեց Հօր աջ կողմում: Ահա այժմ Նա ծիծաղում է ձեր սպառնալիքների վրայ, ինչպէս որ գրուած է. "Նա, որ նստում է երկնքում, կը ծիծաղի նրանց վրայ, եւ Տէրը կ՚արհամարհի նրանց": Իսկ Երուսաղէմը, որտեղ Նա խաչուեց, կործանուեց, խաչողներն էլ ցրուեցին: Ձեր ձեռակերտ աստուածները, որոնց այսօր երկրպագում էք, կը լինեն իբրեւ չեղած բաներ, եւ այդպէս կը լինեն բոլոր նրանք, ովքեր յոյս են դրել դրանց վրայ»:
Բարկացած թագաւորը հրամայեց կապել նրա ձեռքերը թիկունքին եւ բանտարկել, մինչեւ անցնեն աստուածներին նուիրուած տօնակատարութիւնները: Պատուիրեց, որ տասնհինգ օր պահեն նրանց առանձին-առանձին խաւար խցերում եւ թոյլ չտան, որ ընկերը տեսնի ընկերոջը: Այնուհետեւ թագաւորը դուրս եկաւ քաղաքից՝ աստուածներին երկրպագելու: Եփրատի ափին նրա համար ատեան բացեցին, վրան խփեցրին եւ գորգ փռեցին: Նա կանչեց բանտապետին ու հարցրեց. «Մի՞թէ մեր քաղաքացիներից որեւէ մէկը կերակուր է տարել աստուածներին անարգող բանտարկեալներին: Ասա՛ ճշմարտութիւնը եւ երդուի՛ր աստուածներով»: Եւ բանտապետը երդուեց ու ասաց. «Այն օրից ի վեր, երբ նրանք բանտ են մտել, ո՛չ կերել են, ո՛չ խմել եւ ո՛չ էլ որեւէ մէկի երեսն են տեսել: Նրանց խցերի մօտ իւրաքանչիւրից միայն այս էի լսում. ասում էին. «Սո՛ւրբ Խաչ, օգնի՛ր ինձ»: Եւ որքան օրերն անցնում էին, նրանց ձայները նուաղում էին:
Այնժամ թագաւորը հրամայեց բերել նրանց: Դահիճները եկան, դուրս բերեցին նրանց կապանքներով եւ քարշ տալով տարան: Եօթն էլ եկան, կանգնեցին թագաւորի առաջ, եւ նա ասաց նրանց. «Այս օրերին, երբ բանտում էիք, ի՞նչ նոր բան մտածեցիք իմ այն հարցումների վերաբերեալ, որոնք ուղղեցի ձեզ»: Սուրբերը պատասխանեցին. «Մենք ուժ չունենք եւ չենք կարող պատասխանել քեզ»: Նրանք միայն Քրիստոս Աստծուն էին խոստովանում: Հիպերիքոսի թիկունքը հարուածների սաստկութիւնից վեր էր բարձրացել գլխից: Թագաւորը հարցրեց. «Հնազա՞նդ էք իմ խօսքերին, թէ՞ ոչ»: Հիպերիքոսը պատասխանեց. «Շատ խօսքեր պէտք չեն: Մենք ասել ենք՝ զոհ չենք մատուցի, իսկ դու արա՛ այն, ինչ կամենում ես»: Թագաւորն ասաց. «Մի՞թէ ես միայն քեզ հարցրի, դո՞ւ ես քո ընկերների բերանը»: Սուրբերը պատասխանեցին եւ ասացին. «Բռնաւո՛ր եւ անզգա՛մ, դու խիստ նման ես քո աստուածներին, որոնք ականջներ ունեն, բայց չեն լսում: Քանզի եթէ լսէիր իբրեւ մարդ, մենք արդէն ասել ենք, թէ քրիստոնեայ ենք՝ Քրիստոսի ծառաներ: Ո՛չ խորութիւնը, ո՛չ բարձրութիւնը, ո՛չ ներկայ եւ ո՛չ էլ գալիք բաները չեն կարող մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց»:
Թագաւորը խիստ բարկացաւ, որ նրանք անարգեցին իրեն, եւ հրամայեց պրկել նրանց մարմինները, քերել կողերն ու հարուածել նրանց որովայնին: Երբ դահիճները կատարեցին հրամանը, թագաւորը հրամայեց դարձեալ բանտարկել վկաներին ու չտալ նրանց բաւարար կերակուր եւ ըմպելիք, այլ սակաւ, միայն այնքան, որ միայն պահեն իրենց շունչը եւ շուտ չմեռնեն: Տասնհինգ ամիս՝ Ահեկան ամսուայ մէկից մինչեւ երրորդ Մարգաց ամսուայ քսաներորդ օրը, պահեցին բանտում: Եւ այդ ամսուայ քսանչորսերորդ օրը թագաւորը մարդիկ ուղարկեց եւ նրանց բերել տուեց ապարանք, ուր վերադարձել էր վերին գաւառներում շրջելուց յետոյ: Սուրբերը գերեզմանների մեռելների նման էին: Թագաւորն ասաց նրանց. «Դեռ ո՞ղջ էք, ես զարմացած եմ, եւ դեռ նոյն խորհուրդնե՞րն ունէք: Եկէ՛ք, ճաշէ՛ք ինձ հետ արքունիքում, եւ եթէ հնազանդուէք ու զոհ մատուցէք աստուածներին, ես ձեզ պատուելի կը դարձնեմ իմ թագաւորութեան մէջ»: Սուրբերը միաբան պատասխանեցին. «Խցի՛ր բերանդ, որ այդպիսի խօսքեր է ասում: Թող կուրանան աչքերդ, որովհետեւ ողոքիչ խօսքերով կամենում էիր մեզ հեռացնել այն ճանապարհից, որը դէպի կեանք է տանում, եւ որը ցոյց է տուել մեր Տէր Յիսուս Քրիստոս»:
Այնժամ թագաւորը մեծ բարկութեամբ ասաց սուրբերին. «Դուք մահ էք ցանկանում, դրա համար էլ անարգում էք ինձ: Այժմ ես ձեզ դա կը շնորհեմ, որովհետեւ գիտեմ, որ քանի դեռ կենդանի էք, թշնմամութեան մէջ պիտի լինէք աստուածների հանդէպ»: Եւ իսկոյն հրամայեց սպանել նրանց՝ ըստ նախկին որոշման:
Դահիճները սուրբերին բերանակապ հագցրին՝ իբրեւ չարագործների եւ քարշ տալով քաղաքից դուրս բերեցին: Հասան մի վայր, որ կոչւում էր «Չորս ճանապարհներ», ուր հաւաքեցին Հիպերիքոսի եւ Փիլոթէոսի բոլոր ազգականներին ու ծառաներին: Եւ երբ նրանք տեսան սուրբերի բերանակապերը, դառնապէս բարձրաձայն լաց եղան ու ողբացին: Նրանց ողբաձայնը լսելի եղաւ ամբողջ քաղաքում, եւ քաղաքի առաջնորդներն իսկոյն հաւաքուեցին ու գնացին թագաւորի մօտ՝ ասելով. «Արքա՛յ, մի՛ մտածիր իսկոյն կորստեան մատնել այդ մարդկանց, որոնց ձերդ մեծութիւնը հրամայել է սպանել, որովհետեւ նրանց ազգականներն ու քաղաքի ամբողջ բնակչութիւնը ողբում են՝ տեսնելով, որ այդ մարդիկ մատնուած են դառը տանջանքների եւ ստորացուցիչ մահուան»:
Իսկ թագաւորը պատասխանեց. «Նրանք անձամբ բերեցին այդ չարիքն իրենց վրայ, որովհետեւ չլսեցին ինձ եւ ականջ չդրեցին իմ խրատին»: Իշխաններն ասացին. «Աղաչում ենք ձերդ մեծութեանը, թող տրտմութիւն չընկնի մեր քաղաքի մէջ, այլ թող քո քաջութիւնը հրամայի ազատել նրանց այդ նեղութիւնից, մինչեւ որ նրանք իրենց ընտանիքներին պատուէր տան՝ օրէնքի համաձայն: Իսկ մենք էլ պարտաւոր ենք հարցաքննել նրանց՝ ըստ այս քաղաքի օրէնքների, որովհետեւ նրանք մեր սեղանակիցներն են»: Եւ թագաւորն ասաց. «Ահա ես հրամայում եմ ներել: Գնացէ՛ք ու հարցրէ՛ք նրանց ինչ կամենում էք»:
Եւ նրանք, ստանալով այդ հրամանը, ուրախութեամբ գնացին սուրբերի մօտ, տարան նրանց արքունի ատեան եւ առանձին մնալով՝ իսկոյն հանեցին նրանց բերանակապերը, համբուրեցին ու դառնապէս լաց եղան: Նրանք ասացին երանելիներին. «Իբրեւ թէ ինչ-որ կարեւոր խնդրի շուրջ կամենալով հարցաքննել ձեզ՝ մենք խնդրեցինք թագաւորին ներել ձեզ, որպէսզի տեսնենք եւ աղաչենք, որ մեզ համար աղօթէք Աստծուն, Ում դուք պաշտում էք: Այժմ դո՛ւրս եկէք, պատգամներ տուէ՛ք ձեր ընտանիքների համար եւ օրհնէ՛ք այս քաղաքն ու նրա բոլոր բնակիչներին, որտեղ մեծացել էք»: Եւ երբ ելան ատեանից, գնացին քաղաք, գաղտնի կանչեցին սուրբերի ազգականների բոլոր առաջնորդներին եւ ասացին նրանց. «Երբ սուրբերը հասնեն քաղաքի մուտքին, աղաղակելով ասացէ՛ք նրանց. "Պատգամներ տուէ՛ք ձեր ընտանիքների համար եւ օրհնէ՛ք այս քաղաքը"»: Եւ նրանք դուրս գալով՝ արեցին այնպէս, ինչպէս լսեցին, իսկ երանելիներն ասացին. «Խաղաղուէ՛ք եւ լսէ՛ք մեր խօսքը»:
Եւ ասացին. «Մեր Փրկիչը, որ փրկեց մեզ սատանայից, պատուիրեց մեզ տալ խնդրողներին ու չզրկել աղաչողներին: Եւ մենք մեր տկարութեամբ խնդրում ենք Աստծուն եւ Քրիստոսին ու Սուրբ Հոգուն, որի համար համբերում ենք այս մեծ նեղութիւններին եւ որի համար մեռնում ենք ամէն օր՝ չդառնալով դէպի օտար աստուածները: Նա կը վերացնի կռապաշտութիւնն այս քաղաքից եւ կը տնկի քրիստոնէութիւնը, նրա սահմաններից կը հեռացնի մոլորութիւնը եւ կը հիմնի Քրիստոսի Եկեղեցին, կը վերացնի սատանայի քրմերին եւ կը բազմացնի Քրիստոսի քահանաներին, կը վերացնի հեթանոսական հոտը եւ կը լցնի քաղաքը ճշմարտութեան փառքով ու պատուով: Քաղաքում եղած կռապաշտութեան եւ մոլորութեան սպասաւորների փոխարէն կը շատանան երէցներն ու սարկաւագները: Սատանայի աւելացող կոյսերի փոխարէն կը շատանան քրիստոնեայ կոյսերը, եւ այն պատանիների փոխարէն, որոնք պսակում են իրենց գլուխները՝ կուռքերին սպասաւորելու համար: Կը բազմանան ուխտաւորները եւ հաւատացեալ ժողովուրդը, որոնք իրենց աղօթքներով հաճելի կը լինեն Աստծուն: Հեթանոսական կուռքերի փոխարէն մեր Քրիստոս Փրկիչն առաջ կը բերի քրիստոնեայ թագաւորներ, որոնք կը տարածեն ու կը զօրացնեն քրիստոնէութիւնը, կը շատացնեն եկեղեցիները, որոնք հաստատուն կը մնան, մինչեւ Քրիստոսի Գալուստը՝ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Այնուհետեւ Հիպերիքոսն ու Փիլոթէոսն ասացին. «Ովքեր երբեւէ եղել են մեր ծառաները թէ՛ քաղաքում եւ թէ՛ գիւղերում, եւ ուր էլ գտնուեն, թող ազատ լինեն, որովհետեւ գրուած է. "Չկայ ծառայ, բացի նրանից, ով մեղք է գործում"»: Եւ երբ նրանք այս ասացին, ժողովուրդը բարձրացրեց իր ձայնը եւ դառնապէս լաց եղաւ: Երէցը, որը մկրտեց երանելիներին, գրի առաւ այս ամէնը, ինչպէս եւ սուրբերի հետ սկզբից մինչեւ վերջ տեղի ունեցած բոլոր իրադարձութիւնները:
Եւ երբ սուրբերը հասան քաղաքի մուտքին, բոլորն ասացին. «Աստուած, Ում վրայ դուք յոյս էք դրել, թող հանգստացնի ձեզ այն չարչարանքներից, որ կրեցիք եւ ողորմի ձեզ»: Երբ շատ ժողովուրդ հաւաքուեց, մեծ աղաղակ բարձրացաւ, որը լսելի եղաւ թագաւորին: Եւ նա, լսելով եւ իմանալով դրա պատճառը, կանչեց քաղաքի առաջնորդներին ու ասաց. «Դուք մեծ մեղք գործեցիք, որ թոյլ տուեցիք նրանց այդպէս խօսել քաղաքի մէջ»: Եւ նրանք պատասխանեցին. «Եթէ նրանք չազատուէին, մեծ խռովութիւն կը լինէր, եւ մարդիկ մեզ կը քարկոծէին»: Թագաւորը խիստ բարկացած ելաւ քաղաքից, նստեց ճանապարհի մօտ մի վայրում եւ հրամայեց սուրբերին իր մօտ բերել: Մինչ սուրբերը գալիս էին, ամբողջ ժողովուրդը պատառոտեց նրանց հանդերձները եւ իւրաքանչիւրը մի փոքր մաս առաւ՝ որպէս օրհնութիւն: Երբ սուրբերը եկան, թագաւորն ասաց նրանց. «Լսէ՛ք ինձ, կորստեան մի՛ մատնուէք եւ մի՛ զրկուէք այս կեանքից»: Սուրբերը պատասխանեցին՝ ասելով. «Մեր Տէրը եւ Աստուած ասել է, թէ ով այս աշխարհում կորստեան մատնուի, կը գտնի իրեն յաւիտենական արքայութեան մէջ»: Թագաւորն ասաց. «Մինչեւ այժմ այդպէ՞ս էք մտածում»: Սուրբերը պատասխանեցին. «Մենք հաստատուն ենք ոչ թէ մինչեւ այժմ, այլ մինչեւ Քրիստոսի Գալուստը: Արդ, ինչպէս որ ասել ու սպառնացել ես, իսկոյն կատարի՛ր»:
Թագաւորը հրամայեց փայտ բերել եւ ասաց. «Ես երդուել եմ աստուածներին, որ ինչպէս ձեր Վարդապետը Երուսաղէմում խաչուեց խաչափայտին, ձեզ նոյնպէս կը խաչեմ ձեր այս քաղաքում՝ Սամոստիայում»: Այս լսելով՝ երանելիները մեծապէս ուրախ եղան եւ ծածուկ միմեանց ասացին. «Մենք արժանի չենք մեր Տիրոջ նման խաչուել խաչափայտին», իսկ Փիլոթէոսն ասաց նրանց. «Հանգիստ մնացէք, եղբայրնե՛ր, գուցէ խանգարենք եւ այսօր զրկուենք այն ճանապարհից, որը դէպի յաւիտենական կեանք է տանում: Աղօթէ՛ք ձեր սրտերում, որ այսօր փոխուենք այս կեանքից եւ մտնենք առ Աստուած, Ում վրայ յոյս ենք դրել եւ Ում համար համբերել ենք»:
Երբ բերեցին եօթ խաչափայտերը եւ կանգնեցրին, թագաւորը հրամայեց տաքացնել ձէթով լի կաթսայ, կուտակել քարեր, մերկացնել սրեր, սուր սրել, նիզակներ շողշողացնել եւ տանջանքի այլ գործիքներ բերել՝ սուրբերին վախեցնելու համար: Այնուհետեւ թագաւորը սուրբ Հիպերիքոսին ասաց. «Ո՛վ անձնատեաց, խնայի՛ր ծերութիւնդ եւ մի՛ խաչուիր խաչափայտի վրայ՝ կործանելով կեանքդ»: Իսկ սուրբ Հիպերիքոսը, որը ճաղատ էր, իր ձեռքը դրեց գլխին եւ ասաց. «Ինչպէս անհնար է, որ մազ աճի իմ գլխին, այդպէս էլ անհնար է, որ ես լսեմ քեզ»: Եւ թագաւորը հրամայեց եօթին էլ խաչել խաչափայտին: Հրամայեց բերել ուլի մորթի, գցել Հիպերիքոսի գլխին եւ երկաթէ գամերով մեխել այն նրա գլխին: Ասաց. «Ահա գլխիդ մազեր աճեցին, այժմ զոհ մատուցիր աստուածներին»: Իսկ երանելին բացեց իր բերանը, շարժեց շրթունքները՝ պատասխան տալու համար, բայց իսկոյն աւանդեց հոգին:
Թագաւորը Փիլոթէոսին եւ միւս ընկերներին ասաց. «Խնայէ՛ք ձեզ եւ գոնէ այժմ հնազանդուէք ու զոհ մատուցէք, որպէսզի դուք եւս չմեռնէք այդ ալեւորի պէս, որը չխնայեց իրեն»: Սուրբերն ասացին. «Մենք աղօթում ենք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, որպէսզի շուտ հասնենք ալեւորին, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Գալստեան օրը պսակուենք նրա հետ, եւ կատարուի այն խօսքը, թէ "Ահա ես եւ իմ մանուկները, որ Աստուած տուեց ինձ"»: Թագաւորն ասաց. «Եւ հիմա, որ կախուած էք խաչից, չէ՞ք ամաչում»: Եւ թողնելով նրանց խաչափայտերի վրայ՝ թագաւորը մտաւ քաղաք:
Իսկ քաղաքացի իշխանական կանայք, որոնց յիշատակը թող օրհնութեամբ լինի, վերցրին սպունգներ ու վարշամակներ եւ օրուայ տապին եկան սուրբերի մօտ: Մէկ դահեկան տալով դահիճներին՝ խնդրեցին նրանց, որ թոյլ տան մաքրել սուրբերի քրտինքը եւ լուանալ նրանց վէրքերը: Եւ այդ անելով՝ նրանք վերադարձան քաղաք, իսկ սուրբերը ողջ ցերեկն ու ամբողջ գիշերը մնացին այնտեղ՝ խաչի վրայ:
Յաջորդ օրը թագաւորը հրամայեց երկաթէ գամեր խփել սուրբերի գլուխների վրայ, որից նրանց ուղեղները ծորացին քթերի ու բերանների միջով: Այդպէս նրանք վախճանուեցին: Այդ տեսնելով՝ դահիճները տեղեկացրին թագաւորին եւ ասացին. «Խաչուածներից մէկը վախճանուեց երէկ, որը տեսաւ եւ ձերդ մեծութիւնը, իսկ վեցը՝ այսօր: Արդ, ի՞նչ ես հրամայում անել նրանց մարմինները, որ դեռ խաչի վրայ են»: Թագաւորն ասաց. «Երեկոյեան, երբ ժողովուրդը խաղաղուի, նրանց ոտքերից չուաններ կապէք եւ քարշ տալով նետէք Եփրատ գետը»: Եւ դահիճները գնացին՝ կատարելու հրամանները:
Քաղաքում կար մի մեծահարուստ եւ աստուածավախ մարդ, որը Յովսէփ Արիմաթացու նման, որը թաղեց Յիսուսի մարմինը, թագաւորի ահից ծպտեալ քրիստոնեայ էր: Երբ նա լսեց թագաւորի անօրէն հրամանը, ըստ որի պէտք է սուրբերի մարմինները նետէին գետը, վերցրեց եօթ հարիւր դահեկան, եկաւ դահիճների մօտ, որտեղ եւ սուրբերի մարմիններն էին, եւ ասաց նրանց. «Վերցրէ՛ք այս եօթ հարիւր դահեկանը եւ տուէ՛ք ինձ այդ եօթ մարմինները, որ թաղեմ»: Եւ դահիճներն ասացին. «Մենք կամենում ենք անել, բայց վախենում ենք արհամարհել թագաւորի հրամանները: Գուցէ թագաւորն իմանայ եւ գլխատի մեզ»: Եւ այդ մարդն ասաց նրանց. «Գիտէք, որ ես համարձակութիւն ունեմ թագաւորի մօտ, եւ ինչ կամենում եմ, անում եմ այս քաղաքում: Ես հրամայում եմ փակել քաղաքի դարպասները մինչեւ առաջին ժամը՝ պատճառ բռնելով իմ ծառաների փախուստը»: Եւ դահիճներն ասացին. «Թող լինի քո կամքը»: Եւ նա իսկոյն ուղարկեց եւ բերել տուեց փայտի կոյտեր, դրանցից չուաններ կապեց, քարշ տուեց ու գետի մէջ լցրեց, որպէսզի երեւար, թէ սուրբերի մարմիններն են քարշ տրուել եւ գետը նետուել: Իսկ դահիճները, վերցնելով ոսկիները, գնացին իրենց տուն:
Այդ մարդը քաղաքից դուրս մի ագարակ ունէր, որտեղ բնակւում էր նրա աւանդապահ ծառան՝ իր ամբողջ ընտանիքով: Հունձքի ժամանակն էր: Նա կանչեց իր այդ ծառային եւ ասաց. «Հաւաքի՛ր սուրբերի մարմինները եւ թաղի՛ր, ու թող ոչ ոք չիմանայ այդ մասին: Ես ազատութիւն կը շնորհեմ քեզ, քո կնոջն ու որդիներին՝ այդ սուրբերին սպասաւորելու համար»: Այս լսելով՝ ծառան անմիջապէս այնտեղ եղած մի շիրիմ գտաւ, փորեց տեղը եւ արագ թաղեց սուրբերի մարմինները՝ առանց որեւէ մէկի գիտութեան: Իսկ երբ դադարեցին հալածանքները, այն մարդը ի պատիւ սուրբերի՝ վկայարան շինեց եւ երանելի սուրբերի նշխարները տեղափոխեց այնտեղ, ուր, ինչպէս վկայագիրն է ասում, ամէն բերան փառաւորում է մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսին՝ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Հիպերիքեանների յիշատակը տօնում է Ս.Խաչին յաջորդող եօթերորդ երեքշաբթի օրը՝ սուրբ Բաբելաս ծերի եւ ութսունչորս աշակերտների ու Սեւերիանոս Սեբաստացու հետ:
Սկզբնաղբիւրներ
1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 764:
[1] Սաղմ. ՃԼԸ 5:
[2] Հմմտ. Հռոմ. Ը 39:
[3] Ես. ԾԳ 7:
[4] Մատթ. Է 6:
[5] Մատթ. Ժ 28:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: