Սուրբ Աստուած Հայր անսկիզբն. որ փառաւորեալդ ես ի մէջ սրբոց Քոց.
Օրհնեմք զՔեզ ընդ զուարթունս երկնից:
Սուրբ Աստուած Որդիդ Միածին. որ պահեցեր յաղթող զճգնութիւն սրբոց Քոց.
Գովեմք զՔեզ ընդ զուարթունս երկնից:
Սուրբ Աստուած Հոգիդ ճշմարիտ. որ նորոգեցեր զտիեզերս ճշմարիտ երկրպագութեամբ Սուրբ Երրորդութեանդ.
Բարեբանեմք զՔեզ անլռելի ձայնիւ:
(Շարակնոց)
Այս երանելի Ղունկիանոսը մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրօք զինուորեալ հարիւրապետ էր: Նա խաչելութեան ժամանակ գտնւում էր այնտեղ, ըստ հրամանի՝ խոցեց Յիսուսի կողերը, բայց խաչի մօտ տեսնելով նշանները՝ հաւատաց Տիրոջը: Նա բախում էր իր կուրծքը եւ բարձրաձայն ասում. «Արդարեւ, Սա Աստուծոյ Որդին է»[1]:
Ժամանակ անց նա թողեց զինուորութիւնը, տարուեց Տիրոջ մասին յիշողութիւններով ու խոկումներով եւ սուրբ առաքեալներից լսեց Քրիստոսի արդար պատուիրանների մասին: Խրատուելով ճշմարտութեամբ՝ ուսանեց Աստուծոյ ճանապարհները եւ առնելով Քրիստոսի դրոշմի տեառնագրութիւնը՝ ամբողջովին նուիրուեց Աստծուն: Ողորմութիւններ էր անում, իմաստութեամբ կրթում իրեն եւ երկնային վարքով սուրբ պահում միտքը: Նա զարդարուեց քրիստոնէական բոլոր առաքինութիւններով, համբերութեամբ, պարկեշտութեամբ, մեղմ հայեցողութեամբ, հանդարտ իմացութեամբ, խոնարհամտութեամբ, անցաւ մարմնով եւ անխռով էութեամբ:
Գալով Գամիրք՝ քսանութ տարի վարժեցրեց իրեն խոնարհ եւ առանձնական կեանքին, շատերին անօրէնութիւնից աստուածպաշտութեան դարձրեց, լուսաւորեց արդարութեան խօսքով, խափանեց կուռքերին մատուցուող զոհաբերութիւնները եւ սերմանեց Տիրոջ արդար հրամանները: Եւ երբ այս ամէնը եկաւ-հասաւ Օկտաւիոս դատաւորի ականջին, նա հրամայեց Ղունկիանոսին իր առջեւ բերել:
Երբ բերեցին նրան, Օկտաւիոս դատաւորը հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»: Եւ նա կատարեալ մտքով եւ առ Աստուած ունեցած բարի խորհուրդներով պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ, որովհետեւ պէտք է նախ Քրիստոսի անունը խոստովանել բարւօք շնորհով»: Օկտաւիոս դատաւորն ասաց. «Քեզնից առաջ ոչ ոք օգուտ չի ունեցել այդ անունից: Այժմ ասա՛ ինձ, ի՞նչ է քո անունը»: Եւ սուրբը պատասխանեց. «Իմ անունը Ղինկիանոս է»: Դատաւորը հարցրեց. «Ո՞ր երկրից ես»: Ղունկիանոսը պատասխանեց. «Իսաւրացիների երկրից»: Օկտաւիոսը հարցրեց. «Ծառա՞յ ես, թէ՞ ազատ»: Ղինկիանոսն ասաց. «Սկզբում ես ծառայում էի մեղքերին, սակայն մարդասէր Աստուած՝ Յիսուս Քրիստոս, Իր նախախնամութեամբ, երկրպագելի Խաչով եւ կողերի կրկնակի շնորհներով ազատեց ինձ, մի անգամ ջրով եւ այժմ էլ արեամբ, եթէ վախճանուեմ նահատակութեան մրցասպարէզում»: Դատաւորն ասաց. «Ինչո՞ւ ես եկել այստեղ»: Ղունկիանոսը պատասխանեց. «Ես քաղաքացի էի՝ զինուորագրուած այս աշխարհում, բայց այժմ զինուորագրուել եմ իմ Տէր Յիսուս Քրիստոսին»: Դատաւորն ասաց. «Ո՞վ քեզ արձակեց քաղաքից, եւ ո՞վ ազատեց քեզ զինուորութիւնից»: Ղունկիանոսն ասաց. «Քաղաքի կարիքների համար ես շատ աղաչեցի իմ եղբայրներին, եւ նրանք, վերցնելով իմ ունեցուածքը, թոյլ տուեցին: Տարեկան ինձ հարիւր դահեկան էին տալիս, որը վերցնելով ես ծախսում էի աղքատների կարիքների համար: Ես աղաչեցի իմ Տէր Յիսուս Քրիստոսին՝ ճշմարիտ եւ երկնաւոր Թագաւորին, եւ Նա, արձակելով ինձ այս աշխարհի կապանքներից ու ազատելով մարմնաւոր զինուորութիւնից, հոգեւոր կեանք շնորհեց, որպէսզի այստեղ ապրեմ խաղաղութեամբ եւ Նրա անունը փառաւորուի մեղաւորիս մէջ»: Դատաւորն ասաց. «Եթէ այդպէս է, ապա դու իշխան, մեծ եւ փառաւոր մի այր ես: Այսուհետեւ հնազանդուիր թագաւորներին եւ զոհ մատուցիր աստուածներին: Ճաշակիր զոհերից եւ դարձեալ կը վարես քո նոյն խաղաղ կեանքն ու կամաց-կամաց չես մաշուի տանջանքներով»: Ղինկիանոսն ասաց. «Ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ, որոնք միմեանց հակառակ են: Իմ Աստուածը բարութեան, հանդարտութիւն, ժուժկալութիւն, անընչութիւն, խոնարհութիւն, առաքինութիւններ, աստուածային վարք եւ յաւիտենական կեանք պարգեւողն ու առաջնորդն է, իսկ քո աստուածները հակառակն են ջանում: Նրանք պոռնկութիւն, խռովութիւն, շփոթութիւն, արծաթասիրութիւն, խստութիւն, հպարտութիւն ցանկացողներ են, եւ կուռքերի հնարքներն ընդդէմ բոլոր առաքինութիւնների են: Արդ, ինչպէ՞ս կարող եմ կատարել կուռքերի գործերը եւ խոկալ իմ Աստուծոյ պատուիրանների շուրջ»: Դատաւորն ասաց. «Անսո՛ւրբ, ինչպէս դու ինքդ ես ասում, եթէ մեր աստուածներն ու քո Աստուածը հակառակն են միմեանց, ապա ինչպէ՞ս է, որ հեթանոսութիւնն օգնում է թագաւորներին եւ դատաւորներին, բարձրանում է՝ բազմանալով փառքով, իսկ քրիստոնէութիւնը նուաստանում է ու տկարանում անպատւութեամբ»: Ղինկիանոսը պատասխանեց. «Տեսնո՞ւմ ես, որ հեթանոսութիւնը հակառակ է քրիստոնէութեանը: Այն արգելում է համբերութեանը, վնասում զգաստութեանը, խափանում աստուածպաշտութիւնը, հեռացնում հաւատից, աւերում առաքինութիւնը, խաւարեցնում միտքը, արգելում ամէն տեսակ բարեգործութիւն եւ խրատներ, աղտեղում անձի սրբութիւնը, զեխ խորհուրդների բնակավայր է, պատերազմների գործակից: Չի սփոփում մարդուն ո՛չ խօսքով, ո՛չ գործով, ո՛չ կրօնով եւ ո՛չ էլ խորհուրդներով, այլ նրան ամբողջովին մոլեկան ու այլամիտ է դարձնում: Այժմ եթէ հրամայես, կ՚ասեմ նաեւ մեր քրիստոնէութեան մասին»: Օկտաւիոս դատաւորն ասաց. «Շատ խօսեցիր ու բարձրագոյն բաներ ասացիր, սակայն առանց իմաստութեան: Այժմ մօտեցի՛ր, զո՛հ մատուցիր աստուածներին եւ ճաշակի՛ր մսից: Քո Աստուածը կը ների քեզ եւ չի մեղադրի, որովհետեւ դու թագաւորների բռնութեամբ ես անում: Տեսնում եմ քեզ ամբողջովին նուազ, գունատ եւ անզօր: Դու չես կարող դիմանալ տանջանքներին: Գուցէ սկսենք դաժանօրէն քեզ տանջել, եւ դու, չկարողանալով համբերել, ամօթով ստիպուած հնազանդուես»: Ղինկիանոսն ասաց. «Եթէ իսկապէս այդպէս ես մտածում, ապա առաւել շատ դու քրիստոնեայ եղիր, եւ քո թագաւորը յանձն կ՚առնի, որովհետեւ եթէ արդարութեամբ ճանաչես Նրան որպէս մեծ Թագաւոր ու յաւիտենական Աստուած, ապա քո թագաւորը կը կամենայ հարուածել քեզ: Սակայն տանջանքները քեզ չեն մօտենայ, որովհետեւ որքան էլ խիստ տկար լինես, ինչպէս որ ես, հոգ չէ, միայն հաւատացեալ եղիր, քանի որ թագաւորների եւ նրանց տանջանքների անօրէնութիւնը չի կարող զօրանալ ի Քիստոս աստուածպաշտութեան դէմ»: Բարկացած դատաւորն ասաց. «Ատամնահան կռանով փշրէ՛ք դրա ատամները եւ սրով կտրէ՛ք լեզուն, որովհետեւ հայհոյում է աստուածներին եւ արհամարհում ինքնակալ թագաւորներին»: Դահիճները կատարեցին իրենց հրամայուածը եւ արմատներից փշրեցին նրա ատամները: Իսկ երանելին արիաբար համբերեց տանջանքներին ի Քրիստոս հաւատքով եւ ասաց դատաւորին. «Կուռքերին աստուա՞ծ ես համարում: Այժմ հրամայի՛ր ինձ փշրել դրանց, ու տեսնենք, թէ ինչպէս իրենք իրենց կ՚օգնեն»: Դատաւորն ասաց. «Չարագլո՛ւխ, դու, որ այդպիսի տանջանքների մէջ ես, ինչո՞ւ քո Քրիստոս չօգնեց քեզ»: Ղուկիանոսն ասաց. «Անմի՛տ, չե՞ս տեսնում, որ քո այսքան տանջանքները, որ բերել ես իմ գլխին, բնաւ ինձ չմօտեցան: Տո՛ւր ինձ իշխանութիւն, եւ ես կը փշրեմ քո աստուածներին: Եթէ նրանք կարողանան վնասել ինձ, ապա կը հաւատամ, որ նրանք աստուածներ են, իսկ եթէ ոչինչ չկարողանան անել, եւ իմ Աստուածն էլ վնասի քեզ, ապա պիտի հաւատաս, որ Նա է ճշմարիտ Աստուած»: Օկտաւիոսն ասաց. «Ահա քեզ իշխանութիւն եմ տալիս աստուածների վրայ»:
Այնժամ սուրբ Ղինկիանոսը մի տապար վերցրեց, փշրեց կուռքերին եւ նրանց սեղաններն ու թափեց զոհաբերութիւնների արիւնը սրսկելու տաշտը: Եւ դեւերը, որ մտել էին կուռքերի ու սեղանի մէջ, իսկոյն դուրս վազեցին: Նրանցից մէկը հարուածեց իշխանին, մէկը՝ բանտապետին, միւս դեւերն էլ՝ այլ զինուորներին: Նրանք բոլորը մեծ նեղութեան ու մոլորութեան մէջ էին, մոլեգնած հաչում էին եւ ասում. «Ինչո՞ւ այստեղ բերեցիք Աստուծոյ սուրբ Ղինկիանոսին, որը ժամանակից շուտ հալածեց մեզ մեր բնակութեան վայրից»: Եւ ընկնելով սուրբի ոտքերը՝ ասում էին. «Գիտենք, որ դու բարձրեալ Աստուծոյ ծառայ Ղինկիանոսն ես», իսկ երանելին սաստեց նրանց ու ասաց. «Ինչո՞ւ էիք բնակւում այս զոհարանում»: Եւ դեւերն ասացին. «Մենք գտանք այս զարդարուած քարեղէն պատկերները, որոնց վրայ չկար Քրիստոսի անունը եւ Խաչի նշանը, որին դուք երկրպագում էք: Գտանք նաեւ մեր անունով պատրաստուած այս զոհարաններն ու խառնարանները եւ ճանաչելով այս տեղն ու մեր մարդկանց՝ բնակուեցինք այստեղ, որովհետեւ բոլոր այն տեղերը, որտեղ չեն կանչում Աստուծոյ անունը եւ չկայ Խաչի նշանը, մեր բնակավայրներն են: Ուստի աղաչում ենք քեզ, Աստուծո՛յ սուրբդ, մի՛ հալածիր մեզ դէպի անդունդները»: Ղինկիանոսն իր մօտ հաւաքուած բազմութեանն ասաց. «Ի՞նչ էք կամենում, ուզո՞ւմ էք ունենալ եւ պաշտել դրանց որպէս աստուածների, որոնց ես ամաչեցրի Քրիստոսի անուամբ, թէ՞ իսպառ հալածեմ այդ պիղծ ոգիներին: Ահա տեսնում եմ ձեր դատաւորին, որն իմ Աստուծոյ զօրութեամբ փրփրած ընկել է իմ ոտքերը»: Եւ բազմութիւնն աղաղակեց՝ ասելով. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը: Աղաչո՛ւմ ենք քեզ, սո՛ւրբդ Աստուծոյ, թոյլ մի՛ տուր այդ դեւերին բնակուել մեր քաղաքում՝ ի կորուստ եւ ի ապականութիւն մարդկանց»: Այս լսելով՝ երանելի Ղինկիանոսն աչքերը երկինք բարձրացրեց եւ աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, լսի՛ր ինձ Քո մեծ մարդասիրութեամբ եւ իմ հանդէպ Քո անպատում գթութեամբ, քանզի գիտեմ, որ ամէն ժամ լսում ես ինձ: Ես հաւատում եմ, որ Դու կը տաս՝ նախքան իմ խնդրելը, մանաւանդ եթէ խնդրեմ փրկութեան համար: Եւ արդ, ինձ մօտ կանգնած այս բազմութեան, Քո անարժան ծառայի եւ աստուածութեանդ փառքի համար հրամայի՛ր այս պիղծ ոգիներին ելնել այս մարմիններից, որովհետեւ Քո ձեռքի գործերն են»: Այս ասելուց պէս դեւերը գոչեցին եւ քաղաքից դուրս բերեցին այն մարդկանց, որոնց մէջ պիղծ ոգինէր էին բնակւում, հարուածելով նրանց գցեցին գետնին ու աղաղակելով ելան նրանց միջից: Այդպէս այդ մարդիկ սրբուեցին, եւ մեծ ուրախութիւն եղաւ քաղաքում: Շատերը հաւատացին Տիրոջը եւ չէին հեռանում Ղինկիանոսից:
Սակայն քիչ ժամանակ անց անամօթ սատանան դարձեալ գրգռեց դատաւորին, եւ նա պատերազմեց Աստուծոյ ծառայ Ղինկիանոսի դէմ: Հրամայեց նրան իր առջեւ բերել, եւ երբ նա եկաւ, ասաց. «Իմացա՞ր, որ քո կախարդութեան պատճառով ամբողջ քաղաքը հրաժարուեց զոհ մատուցել: Եւ եթէ այդ մասին թագաւորն իմանայ, ապա ես եւ քաղաքը մահապարտ կը լինենք»: Այնժամ բանտապետը, որի անունն Ափրոդիտոս էր, դատաւորին ասաց. «Մի՞թէ դարձեալ պիտի տանջես մեզ փրկութիւն տուողին եւ այս քաղաքի երաշխաւորին»: Դատաւորն ասաց. «Նա, կախարդելով մեր միտքը, ամէն բան թուացեալ արեց»: Ափրոդիտոսն ասաց. «Մե՜ծ է քրիստոնեաների Աստուածը, եւ չկայ Նրա մօտ որեւէ թուացեալ բան կամ նենգութիւն: Թերահաւատ մի՛ եղիր եւ չարը մի՛ խորհիր Նրա ծառայի մասին, որպէսզի աւելի չար բան չպատահի քեզ»: Օկտաւիոս դատաւորն ասաց. «Թշուառակա՛ն, կը հրամայեմ կտրել քո լեզուն, որպէսզի չխոսես»: Իսկ Ղինկիանոսն ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, որ Քո աստուածապաշտութեան համար ցոյց տուիր նաեւ մէկ այլ պատերազմողի»: Եւ մինչ կտրում էին բանտապետի լեզուն, երանելի Ղինկիանոսը հառաչանքով դիմեց առ Աստուած, եւ Տիրոջ ձեռքն իսկոյն իջաւ դատաւորի վրայ: Դատաւորն անդամալոյծ դարձաւ եւ կուրացաւ: Երբ բանտապետը տեսաւ, որ նա զրկուեց աչքի լոյսից, աղաղակեց եւ ասաց. «Արդար ես Դու, Քրիստո՛ս, եւ ճշմարիտ են Քո դատաստանները»: Դատաւորն ասաց. «Եղբա՛յր Ափրոդիտոս, համոզի՛ր իմ տէր Ղինկիանոսին աղօթել ինձ համար, որովհետեւ շատ անիրաւ եղայ Աստուծոյ ծառաների հանդէպ»: Ափրոդիտոս բանտապետն ասաց. «Թշուառակա՛ն, մի՞թէ չէի ասում, թէ Աստուծոյ ծառայի համար չարը մի՛ խորհիր: Մեր Աստուածն անյաղթելի է, ինչպէս տեսար անարժանիս վրայ, քանզի խօսել տուեց ինձ՝ լեզուս կտրած լինելով»: Դատաւորն ասաց. «Վա՛յ ինձ, քանզի ոչ միայն աչքերս կորցրի, այլեւ սիրտս է չարաչար տանջւում»: Ղինկիանոսն ասաց. «Եթէ կամենում ես ողորմութիւն գտնել, իսկոյն կատարի՛ր ինձ համար իջած արքունի հրամանը, որպէսզի իմ մահից յետոյ աղաչեմ իմ Տէր Քրիստոսին՝ քեզ բժշկելու համար, որովհետեւ այնժամ՝ իմ Տիրոջ մօտ, այլ համարձակութիւն պիտի ունենամ»: Եւ դատաւորն իսկոյն սուրբին սրի քաշուելու մահավճիռ արձակեց: Երանելի Ղինկիանոսը ձեռքերը տարածած մօտ մէկ ժամ աղօթեց, ապա գլխատուեց եւ խաղաղութեամբ հոգին Տիրոջ ձեռքը յանձնեց:
Դատաւորն անմիջապէս մօտեցաւ երանելի Ղինկիանոսի մարմնին, հառաչելով ընկաւ երեսնիվայր եւ արտասուելով ասաց. «Մեղանչեցի, Տէ՛ր, մեղանչեցի, անօրէնութիւններս ես ինքս գիտեմ»: Եւ իսկոյն բացուեց նրա տեսողութիւնն ու բժշկուեց: Նա վերցրեց սուրբի նշխարները, պատեց մաքուր կտաւներով եւ դրեց հանգստարանում: Հաւատալով Քրիստոսին՝ մկրտուեց եւ մինչեւ մահ փառաւորելով Աստծուն՝ նուիրուեց աստուածպաշտութեանը: Սուրբ Ղինկիանոսի նահատակութիւնը եղաւ Գամիրքում՝ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում՝ օգոստոս ամսին, ութ կաղանդից առաջ, Օկտաւիոսի դատաւորութեան եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի թագաւորութեան ժամանակ: Նրան փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՍՈՒՐԲ ՂՈՒՆԿԻԱՆՈՍ ՀԱՐԻՒՐԱՊԵՏԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ ԸՍՏ ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔԻ
Այս Ղունկիանոսը Կապադովկիայից էր եւ հարիւրապետ էր կարգուած հռոմէական զօրագնդում: Նա Տիբերիոս կայսեր կողմից ուղարկուեց Երուսաղէմի դատաւոր Պիղատոսի մօտ: Եւ Քրիստոսի խաչելութեան օրը տեսաւ մեծ երկրաշարժը, արեգակի խաւարումն ու այլ սքանչելիքներ, որ եղան խաչելութեան ժամին՝ վէմերը պատռուեցին, եւ գերեզմանները բացուեցին: Երբ այս ամէնը տեսաւ, Ղունկիանոսն աղաղակեց եւ Յիսուսի մասին ասաց. «Սա, արդարեւ, Աստուծոյ Որդին է»: Եւ երբ հրեաները կաշառեցին զինուորներին, որ թաքցնեն Յիսուսի յարութիւնը, Ղունկիանոսը եւ երկու այլ զօրականներ, որոնք հաւատացին նրա հետ, չկամեցան գնուել արծաթով: Այնուհետեւ նրանք թողեցին իրենց զինուորական գործը, յարեցին Քրիստոսի աշակերտներին եւ Սուրբ Հոգու գալուստից յետոյ մկրտուեցին սուրբ առաքեալների կողմից: Ապա Պետրոս առաքեալի հրամանով Ղունկիանոսը գնաց իր հայրենի երկիրը՝ Կապադովկիա, եւ այնտեղ քարոզեց Քրիստոսին: Իմանալով այս մասին՝ Երուսաղէմի հրեաները դրդեցին Պիղատոսին սպանել Ղունկիանոսին: Եւ նա թուղթ գրեց, որում տեղեկացրեց Ղունկիանոսի քրիստոնեայ լինելու մասին եւ ուղարկեց Հռոմ՝ Տիբերիոս կայսրին: Տիբերիոսը մի զինուորական ուղարկեց Կապադովկիա՝ սպանելու Ղունկիանոսին: Եւ գալով՝ զօրապէտը Ղունկիանոսին եւ նրա հետ երկու զինուորներին գտաւ իր հայրենի աւանում, որ Սադրալիս էր կոչւում, եւ յորդորեց ու սպառնաց ուրանալ Քրիստոսին: Բայց նա արիաբար ընդդիմացաւ եւ ասաց. «Ով լուսաւորեց ինձ հոգով եւ մարմնով, Նա է ամէնքի Աստուածը»: Զօրապետը հարցրեց. «Ինչպէ՞ս լուսաւորեց քեզ»: Ղունկիանոսն ասաց. «Մի աչքս կոյր էր: Պիղատոսի հրամանով Քրիստոսի խաչելութեան ժամին ես այնտեղ էի: Նրան խոցելու ժամանակ կողը պատռուեց, եւ ջուր ու արիւն հոսեց որպէս Նրա անմահ Աստուածութեան եւ կենդանի մեռելութեան վկայութիւն: Քրիստոսի կենդանարար Արիւնից մի կաթիլ ցայտեց իմ խաւարած աչքին եւ լուսաւորեց ինձ ու միաժամանակ բացեց նաեւ իմ հոգու աչքը՝ տեսնելու իր աստուածգիտութեան լոյսը»: Սակայն զօրապետը, ծաղրելով նրա ասածները, ստիպում էր ուրանալ Քրիստոսին: Եւ երբ Ղունկիանոսը չհնազանդուեց, մատնեց նրան խստագոյն չարչարանքների: Սուրբի խօսքով խաւարեցին զօրապետի աչքերը, եւ նա աղաչեց Ղունկիանոսին լուսաւորել իրեն: Ղունկիանոսն ասաց. «Եթէ ինձ չսպանես, քո աչքերը չեն լուսաւորուի»: Այնժամ զօրապետը հրամայեց գլխատել նրան ու երկու ընկերներին: Զօրապետի աչքերն իսկոյն բացուեցին: Վերցնելով Ղունկիանոսի գլուխը՝ զօրապետը տարաւ Երուսաղէմ՝ Պիղատոսի մօտ: Եւ նա հրեաներից առնելով խոստացուած կաշառքը՝ տուեց Ղունկիանոսի սուրբ գլուխը, իսկ նրանք առնելով թաղեցին քաղաքի աղբակոյտերի մէջ:
Այդ օրերին կար կապադովկիացի մի քրիստոնեայ կին, որը կուրացել էր աչքերի ցաւից: Նա ունէր մինուճար որդի, որին վերցնելով գնաց Երուսաղէմ, որ թերեւս տեղի հողից ցանի իր աչքերին ու տեսնի լոյսը: Երուսաղէմ հասնելու ժամանակ նրա մինուճար որդին հիւանդացաւ եւ մեռաւ, որն էլ կրկնակի խաւար եղաւ այդ այրի կնոջ համար: Նա տկարացել էր մեծ ողբ ու կոծից, հեծեծանքներից, ողորմելի դառը կեանքից եւ խաւարած աչքերից: Եւ երազի մէջ սուրբ Ղունկիանոսը տեսիլքով երեւաց նրան, յայտնեց հրեաների եւ Պիղատոսի կողմից իր հանդէպ կատարուած ամէն բան ու թէ ինչպէս ինքը մարտիրոսացաւ: Ցոյց տուեց նրան այն տեղը, ուր թաղուած էր իր գլուխը եւ ասաց. «Փորի՛ր եւ հանի՛ր իմ գլուխը, եւ քո աչքերն իսկոյն կը տեսնեն լոյսը: Ցոյց կը տամ նաեւ քո որդուն, որ փառքի մէջ է»: Կինը վեր կացաւ, այլոց առաջնորդութեամբ գնաց այդ տեղը, փորեց իր ձեռքերով եւ գտաւ սուրբի գլուխը: Աղբից դուրս բերելով՝ առաւ իր ձեռքերի մէջ, եւ իսկոյն բացուեցին նրա աչքերը, ու տեսաւ լոյսը: Սուրբ գլուխը պատեց մաքուր կտաւներով եւ տարաւ իր երկիրը՝ Կապադովկիա: Տարաւ նաեւ իր որդու մարմինը, տարաւ Սադրալիս կոչուող աւանը եւ սուրբ գլխի հետ որդուն դրեց մի տապանի մէջ, ինչպէս իրեն հրամայել էր սուրբը: Եւ դարձեալ տեսաւ սուրբ Ղունկիանոսին եւ նրա մօտ՝ իր որդուն՝ փառքով եւ լուսապայծառ տեսքով, որն իրեն ասաց. «Տեսնո՞ւմ ես, մա՛յր իմ, թէ ինչպէս Ղունկիանոսի միջոցով Աստուած փառաւորեց ինձ: Նա ինձ հանձնեց նրան, եւ ես միշտ նրա հետ եմ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Ղունկիանոս հարիւրապետի յիշատակը տօնում է ս. Խաչի Զ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ Յովսէփ աստուածահօր, Յովսէփ Արիմաթացու, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քոյրերի՝ Մարթայի եւ Մարիամի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
- Գիրք, որ կոչի Յայսմաւուրք տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թուին հայոց ՌՃՀԹ:
[1] Մարկ. ԺԵ 39:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: