ՍՈՒՐԲ ՄԱՏԹԷՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Բանին կենաց կանուխ քարոզ եւ աւետարանիչ.

Երգ փրկութեան հնչումն ահաւոր:

Ազգի մարդկան պարծանք սուրբդ Մատթէոս.

Բարեխօս լեր վասն անձանց մերոց

(Շարակնոց)

 

Մարդկանցից հրեշտակը, քառակերպ կենդանիների խորհրդով թեւաւոր մարդը, սուրբ աւետարանիչներից առաջինը՝ Քրիստոսի երանելի առաքեալ Մատթէոսը, որ թարգմանաբար նշանակում է «կեանքի կամ փրկութեան երգ», ղեւտացիների ցեղից էր, Ալփեայի որդին եւ Յակոբ Ալփեանի եղբայրը:

 

Արդ, ինչպէս ինքն է վկայում իր իսկ մասին, նախկինում մաքսաւոր է եղել, որը վատ համարում ունեցող գործ էր, եւ դրանով զբաղւում էին մեղաւոր, մանաւանդ արծաթասէր մարդիկ: Եւ ահա մինչ նստած էր Կափառնայում քաղաքի մաքսատանը, որ գալիլեացիների Տիբերական ծովի ափին էր, Յիսուս անցնելիս տեսնում է նրան եւ ասում. «Արի՛ Իմ յետեւից»: Նա անմիջապէս ընդունեց տէրունի հրաւէրը ու թողնելով իր ամբողջ հարստութիւնը եւ աշխարհի հոգսերը՝ աշակերտեց Փրկչին ու դարձաւ տասներկու աշակերտներից մէկը: Հրաժարուելով ամէն բանից՝ իր տուն հրաւիրեց իր Տիրոջն ու Վարդապետին, Նրա աշակերտներին եւ իր ծանօթ բազմաթիւ մաքսաւորներին: Նրանց առջեւ յայտնեց իր սրտի ուրախութիւնը, որովհետեւ թողել էր կորստեան ենթակայ ունեցուածքը եւ աշխարհի պատրանքներն ու ազատուելով մամոնայի ծառայութիւնից՝ դարձել Աստուծոյ ճշմարիտ ծառան եւ աշխարհի Փրկչի ու երկնաւոր Վարդապետի հարազատ աշակերտը: Եւ մինչեւ Կենարարի Համբարձումը՝ Նրա քարոզչութեանն ու գործունէութեանը մասնակից լինելու ամբողջ ընթացքում, Վերնատանը միւս առաքեալների հետ ընդունեց Սուրբ Հոգու առատ պարգեւները եւ միառժամանակ սկսեց քարոզել Հրեաստանի սահմաններում: Եւ երբ աւետարանը քարոզելու համար պատրաստւում էր գնալ հեռաւոր վայրեր, Երուսաղէմի հաւատացեալները խնդրեցին նրան, որ ինչ որ աւետարանեց իրենց խօսքով, աւանդի նաեւ գրաւոր կերպով որպէս անմոռաց յիշատակ, որովհետեւ ճանաչում էին նրան իբրեւ գրագէտ եւ կիրթ մարդու: Նա յանձն առաւ եւ Երուսաղէմ քաղաքում եբրայերէն լեզուով (ոչ հին եբրայերէնով, որ կայ Հին Կտակարանում, այլ Պաղեստինի այն ժամանակների սովորական լեզուով, որն առաւել մօտ էր ասորերէնին եւ խառը՝ քաղդէական լեզուին) Տիրոջ Համբարձումից եօթ կամ ութ տարի յետոյ Սուրբ Հոգու թելարանքով գրեց իր աւետարանը: Բայց քանի որ ամբողջ աշխարհում աւետարանի քարոզչութիւնը տարածուել էր առաւել յունարէն լեզուով, այդ պատճառով ասում են, թէ կա՛մ նա ինքը՝ սուրբ Մատթէոսն է թարգմանել յունարէն լեզուի, կա՛մ էլ առաքեալներից ու աշակերտներից մէկը: Առաջին օրինակներից մէկը սուրբ Բառնաբասը տարաւ իր հետ, եւ յետոյ այն գտնուեց նրա տապանի վրայ, ինչպէս գրուած է նրա վարքում: Բոլոր ժամանակներում իբրեւ բնագիր համարւում էր յունարէն օրինակը՝ յատկապէս եբրայերէնը չգտնելուց յետոյ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:

 

ՍՈՒՐԲ ՄԱՏԹԷՈՍ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆՆ ԸՍՏ ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔԻ

 

Մինչ Քրիստոսի առաքեալ եւ աւետարանիչ Մատթէոսը՝ կիսամերկ, բոկոտն եւ մէկ պատմուճանով, գտնւում էր լերան վրայ, սուրբ Անդրէաս առաքեալն ազատեց նրան մարդակերների ձեռքից եւ լերան վրայ իր աշակերտներով օծեց նրան: Եւ այնտեղ Տէրը պատանու կերպարանքով երեւաց նրան ու ասաց. «Խաղաղութի՛ւն քեզ, Մատթէո՛ս»: Նայելով նրան՝ առաքեալը պատասխանեց. «Ողջո՛յն քեզ, ո՛վ շնորհընկալ պատանի»: Յիսուս նրան ասաց. «Զօրացի՛ր, Մատթէո՛ս, եւ քաջալերուի՛ր: Վերցրո՛ւ այս գաւազանը, ե՛կ, իջի՛ր լերան վրայից եւ գնա՛ մարդակերների Զմիւռնիա քաղաքն ու այս գաւազանը տնկի՛ր այն եկեղեցու մօտ, որ շինեցիք դու եւ Անդրէասը: Այն կը դառնայ մեծ ու պտղաբեր ծառ, որից ուտելով՝ գազանաբարոյ մարդիկ կը թողնեն իրենց անմտութիւնը եւ կը սթափուեն միւս մարդկանց նման: Հագուստներ կը հագնեն եւ այեւս չեն ուտի մարդկանց մարմիններ կամ այլ պիղծ կերակուրներ: Նրանք կը ճանաչեն Ինձ եւ Իմ Հօրը, որ երկնքում է, իսկ դու կը նահատակուես հրկիզուելով ու կ՚ընդունես լուսէ պսակը»:

 

Այս ասելով՝ Յիսուս գաւազանը տուեց Մատթէոսին եւ երկինք վերացաւ: Եւ Մատթէոսն իջաւ լերան վրայից ու գնաց քաղաք: Նրան պատահեցին չար դեւից այսահարուած մարդիկ՝ թագաւորի կինը, որի անունը Փուլպանա էր, նրա որդին՝ Փուլպանոսը, եւ որդու կինը՝ Երբան: Նրանք բարձրաձայն աղաղակում էին եւ ասում. «Ո՛վ Մատթէո՛ս, ո՞վ քեզ դարձեալ այս քաղաք բերեց, եւ կամ ո՞վ տուեց քեզ այդ գաւազանը՝ մեզ կործանելու համար: Ահա տեսնում եմ քեզ մօտ կանգնած Յիսուսին՝ որպէս պատանի: Եւ այժմ քանի որ եկար հալածելու մեզ այս քաղաքից, ապա մենք այս քաղաքի թագաւորին կը գրգռենք քո դէմ, որ քեզ հրի մատնի»: Իսկ Մատթէոսը, ձեռք դնելով, բժշկեց նրանց ու հալածեց դեւերին: Եւ քաղաք մտնելով՝ նրանց հետ եկեղեցի գնաց, իսկ Պլատոն եպիսկոպոսն ամբողջ միաբանութեան հետ ընդառաջ ելաւ նրանց: Բոլորն ընկան առաքեալի ոտքերը եւ օրհնութիւն ստացան նրանից: Քաղաքի ժողովուրդը հաւաքուեց նրա մօտ, եւ նա, ելնելով վէմի վրայ, քարոզեց նրանց կենաց խօսքը, որպէսզի հեռանան իրենց Աստորոն կուռքից ու հաւատան Քրիստոսին: Քարոզելուց յետոյ ասաց. «Նայէ՛ք այս գաւազանին եւ կը տեսէ՛ք մեծ սքանչելիք: Ահա ես տնկում եմ այն: Նա իսկոյն կ՚արմատանայ ու գեղեցիկ եւ զարմանալի պտուղ կը բերի»: Այս ասելուց յետոյ աղօթեց առ Աստուած, գաւազանը խրեց հողի մէջ, եւ այն անմիջապէս բուսնեց, աճեց, մեծ ծառ եղաւ ու առատ եւ քաղցրահամ պտուղներ տուեց, իսկ ծառի արմատից սառը եւ բարեհամ յորդ աղբիւր բխեց: Ովքեր կերան պտղից եւ խմեցին ջրից, իսկոյն սթափուեցին, տեսան իրենց մերկ եւ զազրելի վիճակում ու ամաչելով միմեանցից՝ գնացին իրենց տները եւ ծածկեցին իրենց մերկութիւնը:

 

Եւ սուրբ Մատթէոսը պատուիրեց Պլատոն եպիսկոպոսին ծառից բխող աղբիւրի մէջ մկրտել բոլոր նրանց, ովքեր հաւատացին Քրիստոսին: Կատարելով փրկչական պատարագը՝ նրանց հաղորդ դարձրեց Աստուծոյ Որդու Մարմնին եւ Արեանը: Իսկ Փուլպանոս թագաւորը՝ տեսնելով, թէ ինչ արեց Մատթէոսն իր կնոջը, որդուն եւ հարսին, ուրախացաւ նրանց բժշկութեան համար, բայց քանի որ նրանք չէին բաժանւում Մատթէոսից, բարկացաւ եւ կամեցաւ հրի մատնել Մատթէոսին: Եւ այդ գիշեր Մատթէոսը տեսաւ Տէր Յիսուսին, Ով ասաց նրան. «Մի՛ երկնչիր, որովհետեւ Ես քեզ հետ եմ: Զօրացի՛ր եւ քաջալերուի՛ր, որովհետեւ Ես եմ, որ պիտի զօրացնեմ քեզ»: Եւ Մատթէոսն արթնանալով ասաց եպիսկոպոսին. «Աստուած յայտնեց, որ թագաւորը կամենում է չարչարել ինձ ու հրկիզել, բայց մի՛ վախեցէք, որովհետեւ Տէրը մեզ հետ է»: Տեսնելով, որ Մատթէոսի քարոզչութեամբ քաղաքի բազմութիւնն ընդունել է քրիստոնէութիւնը, թագաւորը տարակուսեց եւ մտածեց, թէ ինչ հնարքով բռնի նրան: Իսկ դեւերը, որոնք ելան նրա կնոջ, որդու եւ հարսի միջից, ընդունեցին զօրականներից մէկի կերպարանքը եւ կանգնելով թագաւորի առաջ՝ ասացին. «Ինչո՞ւ այդքան վախեցար այդ օտար աղանդաւորից: Նա առաջ մաքսաւոր էր եւ ապա աշակերտել է Յիսուսին, Ով խաչուեց հրեաների կողմից: Ահա նա Պլատոն եպիսկոպոսի հետ ելնում է քաղաքի պարիսպներով, որ Բարէն է կոչւում: Արդ, շտապի՛ր եւ հեշտ բռնի՛ր նրան, ինչը որ կամենում ես»: Եւ թագաւորն իսկոյն ուղարկեց երեք զօրականների՝ ասելով նրանց. «Եթէ չբերէք Մատթէոսին, ես ձեզ կը սպանեմ»: Նրանք զինուած գնացին դէպի քաղաքի պարիսպները եւ լսեցին Մատթէոսի ձայնը, որը սաղմոսերգում էր եպիսկոպոսի հետ, բայց նրան չէին տեսնում: Ապա վերադարձան թագաւորի մօտ եւ ասացին. «Մենք լսում էինք նրանց ձայները, որ սաղմոսում էին, բայց նրանց տեսնել չկարողացանք»: Թագաւորն ուղարկեց տասը զինուած զօրականների, եւ երբ նրանք մօտեցան, նրանց երեւաց մի պատանի՝ վառ ջահը ձեռքին, որն այրեց նրանց աչքերն ու երեսները: Ահը պատեց նրանց, վայր գցեցին իրենց զէնքերը եւ փախչելով ու համրացած գնացին թագաւորի մօտ, որովհետեւ խօսել չէին կարողանում: Եւ դեւը՝ դարձալ զօրականի կերպարանքով, ասաց թագաւորին. «Ես քեզ կ՚ասեմ ճշմարտութիւնը, որովհետեւ երկնքից հրեշտակը զարհուրեցրեց ինձ՝ ասելու, որ եթէ դու ինքդ էլ գնաս քո զօրքով, չես կարող չար բան անել Մատթէոս առաքեալին, որովհետեւ նա Քրիստոսի աւետարանիչն է եւ Նրա հրամանով է եկել այստեղ: Եւ եթէ բռնութեամբ ինչ-ինչ չարիք պատճառես նրան, ապա կը խաւարեն քո աչքերը, խելքդ կը կորցնես, եւ դու ինքդ կ՚ուտես քեզ»: Թագաւորը հարցրեց. «Ո՞վ ես դու, որ խօսում ես ինձ հետ»: Կերպարանուած զօրականն ասաց. «Ես այն դեւն եմ, որ քո կնոջ, որդու եւ հարսի մէջ էի ու Քրիստոսի Խաչի նշանով հալածուեցի նրանցից: Ահա նրանք եկեղեցում են ու սաղմոսում են առաքեալի հետ: Եւ եթէ լսես ինձ, ապա դու եւս կը հաւատաս Քրիստոսին, ինչպէս որ նրանք ու կը փրկուես»: Այս ասելով՝ դեւը ցնդեց ծուխի պէս:

 

Այնժամ մեծ ահ ընկաւ թագաւորի վրայ, մինչեւ անգամ երկիւղից չկերաւ, չխմեց ու կորցրեց քունը: Առաւօտեան վեր կացաւ, վերցրեց իր երկու իշխաններին եւ գնաց եկեղեցի՝ Մատթէոսին նենգաբար սպանելու համար: Եւ երբ եկեղեցի մտաւ, խաւարեցին նրա աչքերը: Նա լսում էր Մատթէոսի ձայնը, բայց նրան չէր տեսնում: Այնժամ աղաչելով ասաց նրան. «Ցո՛յց տուր քեզ, առաքեա՛լդ Քրիստոսի: Ես եւս հաւատում եմ քո Աստծուն: Այժմ հասկացայ, որ միայն Նա է ճշմարիտ Աստուած, Ում դու քարոզում ես»: Երբ այս ասաց, բացուեցին նրա աչքերը, բայց նա չթողեց իր նենգութիւնը: Մատթէոսն ասաց նրան. «Ո՛վ արիւնարբու բռնաւոր, մինչեւ ե՞րբ չես թափելու թոյներդ, ինչո՞ւ չես յայտնում, որ կատարում ես քո հօր՝ սատանայի կամքը»: Թագաւորը վերադարձաւ իր տուն: Նա մտածում էր, թէ ինչ հնարքով սպանի Քրիստոսի առաքեալ Մատթէոսին:

 

Յաջորդ օրը հրամայեց բռնել նրան եւ տանել ծովափնեայ մի վայր, ուր տանջում էին չարագործներին: Այնտեղ Քրիստոսի առաքեալին տարածեցին գետնի վրայ, ձեռքերն ու ոտքերը կապելով պրկեցին չորս ցցերին, նրա վրայ դիզեցին չոր փայտ եւ այրեցին՝ աւելացնելով ձիւթ, ձէթ եւ ճարպ: Իշխանը զօրականներին պատուիրեց, որ եթէ մէկն ընդդիմանայ իրենց, ապա նրան եւս այրեն: Բոլոր հաւատացեալները հաւաքուեցին դահիճների շուրջը եւ կամեցան նրանց ձեռքից բռնութեամբ յափշտակել Մատթէոսին, բայց նա սաստեց նրանց, եւ նրանք լռեցին: Հուրը բորբոքուեց Մատթէոսի վրայ, իսկ նա նայեց դէպի երկինք եւ աղաչեց Աստծուն՝ թագաւորի փրկութեան ու նաեւ ամբողջ քաղաքի դարձի համար, որպէսզի կորստեան չմատնուեն: Ապա դարձաւ ժողովրդին՝ ասելով. «Խաղաղութի՛ւն ձեզ» եւ առ Աստուած աւանդեց իր հոգին, որ եղաւ նոյեմբերի տասնվեցին՝ ուրբաթ օրը՝ օրուայ վեցերորդ ժամին: Եւ Պլատոն եպիսկոպոսը տեսաւ նրան արեգակից պայծառ կերպարանքով օդում վերանալիս ու սաղմոսներով գոհացաւ Աստծուց: Եւ ահա երկու լուսաւոր ու սքանչելատես մարդիկ իջան բորբոքուած հրի մէջ, վերցրին Մատթէոսի մարմինը եւ տարան դրեցին հաւատացեալների մէջ: Նրանք յոյժ ուրախացան եւ աղաղակելով ասացին. «Չկայ այլ Աստուած, բացի Մէկից, Որին քարոզեց Մատթէոսը»: Լսելով նրանց աղաղակը՝ թագաւորը զարհուրեց եւ շտապ գնաց եպիսկոպոսի մօտ, ընկաւ նրա ոտքերը ու մեծ հառաչանքներով հայցեց թողութիւն եւ մկրտութիւն: Պլատոնը, տեսնելով թագաւորի ջերմեռանդ զղջումը, գոհացաւ Աստծուց, օրհնեց նրան եւ մկրտեց: Մկրտութեան պահին Մատթէոսը երեւաց աւազանի վրայ եւ ասաց. «Թող Փուլպանոսն իմ անուամբ Մատթէոս կոչուի, իսկ նրա կինը՝ Սոփիա»: Եւ լուսաւորուած Սուրբ Հոգով՝ ելան աւազանից ու հաղորդուեցին Աստուծոյ Որդու կենարար Մարմնին ու Արեանը: Թագաւորը, գնալով իր ապարանքը, ոչնչացրեց բոլոր կուռքերը, ոսկեղէնն ու արծաթեղէնը բաշխեց աղքատներին եւ հրամայեց իր բոլոր գաւառներում վերացնել բոլոր բագինները: Բոլոր կռապաշտները լուսաւորուեցին աստուածպաշտութեան հաւատով: Եւ սուրբ Մատթէոս առաքեալը տեսիլքի մէջ թագաւորին քահանայ ձեռնադրեց, իսկ որդուն՝ սարկաւագ՝ ասելով. «Երեք տարի անց Պլատոնը կը ննջի ի Քրիստոս, դու կը նստես նրա աթոռին որպէս այս քաղաքի եպիսկոպոս, իսկ քեզնից յետոյ՝ քո որդին»: Երեք տարի անց Պլատոն եպիսկոպոսը փոխուեց առ Աստուած, եւ Մատթէոս թագաւորն իր թագաւորութիւնը կամաւոր տուեց մէկ այլ քրիստոնեայի, օծուեց եպիսկոպոս եւ իր որդուն էլ քահանայ օծեց: Աստծուց նրան շնորհներ տրուեցին, քանզի միայն աղօթելով ու ձեռք դնելով՝ փարատում էր մարդկանց եւ անասունների բոլոր ցաւերը: Եւ ապրելով գովելի վարքով՝ խաղաղութեամբ ննջեց ի Քրիստոս՝ եպիսկոպոսութեան աթոռը թողնելով իր որդուն, որը եւս երկար տարիներ ապրելով բարի վարքով՝ խաղաղութեամբ փոխուեց առ Աստուած:

 

Քրիստո՛ս Աստուած, Քո ընտրեալ առաքեալների եւ կենաց խօսքիդ քարոզիչների աղաչանքներով ողորմի՛ր այս գիրը թողնողին:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մատթէոս առաքեալի տօնը յիշատակում է Սուրբ Խաչի Զ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ միւս երեք աւետարանիչների հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

 

Գիրք, որ կոչի Յայսմաւուրք տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ: