ՍՈՒՐԲ ՄԱՐՈՒԹԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԱՐՔԸ

«Ողորմեաց մեզ Տէր Աստուած մեր ի յիշատակի սուրբ հայրապետացն:

Որք յանուն Քո սուրբ դարձուցին զաշխարհս կռոցն ի պաշտելութենէ.

Աղօթիւք սոցա ողորմեա մեզ:

Եւ արժանի եղեն ընդունիլ ի Քէն զանթառամ փառաց պսակն.

Աղօթիւք սոցա ողորմեա մեզ»:

(Շարակնոց)

 

Սուրբ եւ երանելի Մարութայ (ասորերէնից թարգմանաբար նշանակում է երկրի տէր) հայրապետն ապրել է յունաց Թէոդոս Կրտսեր կայսեր եւ պարսից Յազկերտ Առաջին արքայի օրօք, եղել է նաեւ հայոց Սահակ Պարթեւ հայրապետի ժամանակակիցը: Հայրական կողմից ազգութեամբ ասորի էր, իսկ մայրական կողմից՝ հայ: Նրա մասին պատմութիւնը հետեւեալն է:

 

Տրդատի որդի Խոսրովի թագաւորութեան օրօք, երբ Հայաստանում իր առաքելութեամբ փայլում էր սուրբ Վրթանէսը, իսկ Միջագետքում՝ Մծբինի Յակոբ հայրապետը, Միջագետքի սահմաններում դեռեւս մնացել էին կռապաշտութեան մնացուկներ: Այդ կողմերի իշխանը Օտայ (կամ Օդաս) անունով քրմապետն էր, որը կնութեան էր առել հայոց նախարարներից մէկի դստերը՝ Մարիամին: Եւ քանի որ նա բարեպաշտ եւ աստուածավախ կին էր, համոզեց իր ամուսնուն այդ երկիր վերադարձնել եկեղեցու քահանաներին ու սպասաւորներին: Նա շինեց եկեղեցիներ ու վանական միաբանութիւններ՝ առատօրէն հասոյթ յատկացնելով նրանց եւ ծաղկեցնելով այդ շրջանը քրիստոնէական կարգով: Հնազանդուելով քրիստոնէական կարգին ու հաւատքին՝ նա հաճելի վարք ունէր Աստուծոյ եւ մարդկանց առաջ, մինչեւ իսկ իր իմաստութեամբ համոզեց ամուսնուն, որ նա թողնի սնոտի պաշտամունքների ծառայութիւնը եւ պաշտի երկնքի ու երկրի Աստծուն: Նրա բարի խորհուրդների եւ անդադար աղօթքների շնորհիւ Օտան հաւատաց ճշմարիտ Աստծուն, մկրտուեց իր ընտանիքով հանդերձ եւ կոչուեց Մարութայ, որ նշանակում է երկրի տէր, ինչպէս որ էր այդ երկրի համար: Եւ մեծ ուրախութիւն եղաւ երանելիներին՝ ամուսնուն եւ կնոջը:

 

Սակայն կարճ ժամանակ անց Մարութան վախճանուեց բարի հաւատով՝ թողնելով Մարիամից ծնուած երեք որդիներին, որոնցից անդրանիկն իր հօր փոխարէն տէր կանգնեց այդ երկրին, միւս երկուսն էլ զօրավարներ կարգուեցին արքունիքում՝ նշանաւոր եւ փառաւոր լինելով բոլորի առաջ ու ծաղկելով քրիստոնէական հաւատքով:

 

Իսկ երանելի Մարիամն իր ամուսնուն մեծաշուք պատուով եւ քրիստոնէավայել թաղելուց յետոյ միշտ գոհանալով օրհնում էր Աստծուն, որ տեսաւ ամուսնուն հաւատքի եկած՝ նախքան Աստուծոյ մօտ գնալը: Եւ այնուհետեւ առաւել տրուեց Աստուծոյ ծառայութեան՝ աղքատներին խնամարկելու եւ եկեղեցիներին ու վանքերին թիկունքից օգնելու գործին: Գնաց Երուսաղէմ եւ իր ամուսնու փրկութեան, որդիների արդար գործունէութեան եւ նրանց երկարակեցութեան համար նուիրատւութիւններ արեց Աստուծոյ սուրբ եկեղեցիներին եւ առատապէս բաշխեց աղքատներին: Եւ այնտեղ կատարելով իր մեծախորհուրդ ուխտը՝ բարեպաշտ կինը միշտ աղաչում էր Աստծուն, որ իր որդիներից մէկն արժանանայ քահանայագործել բարձրեալ Աստուծոյ առաջ, որպէսզի հակառակ ամուսնու նախկինում կուռքերին ծառայութեանը՝ իր զաւակը ճշմարիտ Աստուծոյ սպասաւորը լինի, եւ սուրբ Երրորդութիւնը միշտ փառաւորուի իր սերնդի կողմից:

 

Եւ երբ Երուսաղէմից Անտիոք գնաց, օթեւանեց սուրբ մակաբայեցիների՝ Եղիազարի, Շամունէի եւ նրա եօթ որդիների վկայարանի մօտ: Նա ողջ գիշերն անցկացրեց՝ Աստծուն աղօթելով: Բոլոր սուրբերի բարեխօսութեամբ եւ արտասուքներով նա խնդրում էր ամենքի Տիրոջը կատարել իր խնդրանքները, որոնք կամենում էր: Եւ տեսիլքի մէջ տեսաւ Աստուծոյ հրեշտակին, որն ասաց իրեն. «Քաջալերուի՛ր, ո՛վ կին, որովհետեւ քո աղօթքները լսելի եղան Աստուծոյ առաջ: Ինչ որ խնդրեցիր Տիրոջից, կը տրուի քեզ այդ սուրբերի բարեխօսութեամբ, որոնց ապաւինեցիր»: Եւ Մարիամը, մխիթարուելով տեսիլքից, մեծ ուրախութեամբ գոհացաւ Աստծուց եւ աներկբայ յոյսով հաւատաց, որ կը կատարուեն Տիրոջ հրեշտակի խօսքերը:

 

Երբ եկաւ իր երկիրը եւ իր տունը, թոռ ունեցաւ իր որդիներից մէկից, որը երկրի տէրն էր: Նա յոյժ ուրախացաւ եւ օրհնեց ամենակալ Տիրոջը, աստուածասէր Մարմարայ քահանայի ձեռքով մկրտեց թոռանը եւ պապի անունով մանկանը Մարութայ կոչեց: Մտածեց, որ նրանով Տէրն այցելութիւն կ՚անի երկրին, որովհետեւ տեսնում էր, որ մանկան վրայ շնորհներ են երեւում: Հինգ կամ եօթ տարի յետոյ ուսման եւ դաստիարակութեան տուեց նախասացեալ Մարմարայ քահանայի մօտ, որը կրթեց նրան եւ ցոյց տուեց գրագիտութիւն, իմաստութիւն, հաւատք եւ արդար վարք ձեռք բերելու ճանապարհները: Երբ Մարութան չափահաս դարձաւ, փայլեց շնորհներով, առաքինութեամբ հաճելի եղաւ Աստծուն ու մարդկանց եւ կոչուեց սարկաւագութեան, իսկ այնուհետեւ՝ Աստուծոյ եկեղեցում քահանայութեան, որը շինուել էր իր տատի՝ Մարիամի կողմից:

 

Այնուհետեւ Մարութան աւելի ու աւելի առաջադիմեց աստուածապաշտութեանն ուղղուած ճգնողական ջանքերում, որովհետեւ լցուած լինելով Աստուծոյ Հոգով՝ ընտրեց սրբութեան եւ արդարութեան ճանապարհը: Հասկանալով, որ ունայն է այս աշխարհի կեանքը, արհամարհեց այն եւ իր բարի վարքի օրինակով կենդանի քարոզ եղաւ: Այս բանի համար Մարիամը լցուեց անպատմելի ուրախութեամբ, որովհետեւ, ինչպէս որ ակնկալում էր հաւատով, տեսնում էր իր թոռանը՝ բարեզարդարուած շնորհներով: Նա ցնծում էր եւ օրհնում Տէր Աստծուն, որովհետեւ ինչպէս խնդրել էր հաւատով, Բարերարը կատարեց իր բարի փափագը: Այնուհետեւ մտաւ կուսանաց վանք, որ շինել էր առաջ, այնտեղ իր կեանքի բոլոր օրերին Աստուծոյ փառքի համար ճգնեց խստակեցութեամբ, իսկ երբ լրացան օրերը, վախճանուեց զարդարուած առաքինութիւններով: Նրան պատշաճ կարգով թաղեց իր թոռը՝ սուրբ Մարութայ քահանան՝ բարեպաշտ տատի աղօթքների պտուղը:

 

Մարութան օրըստօրէ աւելի ու աւելի առաջ էր ընթանում առաքինութեան մէջ՝ ամենայն սրբութեամբ անսասան մնալով չարի բոլոր փորձութիւնների եւ աշխարհի պատրանքների դէմ, վարժեցնելով իրեն աղօթքներին, պահեցողութեանն ու անդադար առաջադիմելով բարի գործերի մէջ: Չունէր աշխարհիկ հոգսեր, որովհետեւ աշխարհում ոչինչ չունէր: Աչքի էր ընկնում առաքինութիւններին ուղղուած մրցապայքարում, ուստի շնորհաշատ լինելու համար վերակոչեցին նրան եպիսկոպոսութեան պատուին, որպէսզի իր լուսաւոր անձամբ լուսատու լինէր բոլորին, որը եւ նա կատարեց գործով: Քանզի իսկ եւ իսկ նստելով Ծոփք[1] քաղաքի եպիսկոպոսական Աթոռին՝ ձեռնամուխ եղաւ բարեկարգութեանը՝ գնալով Քրիստոսի ճանապարհով: Առաքելական քարոզչութեամբ մոլորեալներին դարձնում էր դէպի ճշմարիտ գիտութիւնը, երկրի բոլոր բնակիչներին կռապաշտութիւնից բերում դէպի ճշմարիտ աստուածգիտութիւնը, որովհետեւ իր լուսաւոր վարդապետութեամբ բոլորին դարձնում էր դէպի սուրբ հաւատը եւ բարի գործերով հաստատում հաւատացեալներին աստուածապաշտութեան մէջ: Նա շինեց բազմաթիւ եկեղեցիներ՝ բարեզարդարելով նախկին սուրբ հայրերի օրինակով, կարգեց ամենասուրբ Երրորդութեանը փառաբանող քահանաներ ու սպասաւորներ եւ իր տատի՝ Մարիամի շինած վանքերում աւելացրեց ճգնաւորների թիւը: Երկրի բնակիչներին՝ տղամարդկանց եւ կանանց, վերստին նորոգեց նոր կեանքով եւ ծաղկեցրեց երկիրը Աստուծոյ դրախտի պէս: Մեծամեծ սքանչելիքներով մաքրեց հեթանոսական հետքերն ու  աղանդաւորութիւնը եւ փարատեց մարդկանցից կռապաշտութեան խաւարը, որովհետեւ յայտնուել էր նրանց որպէս լուսաւոր կանթեղ՝ մահուան ստուերներում նստածներին աստուածային խօսքի վարդապետութեամբ լուսաւորելու համար:

 

Նա եղաւ այդ երկրի լուսաւորիչը, քանզի ովքեր մէկ անգամ սուրբ եպիսկոպոսից լսում էին Աստուծոյ խօսքը, կուռքերի պաշտամունքից դառնում էին դէպի ճշմարիտն Աստուած, վերացնում էին կուռքերի արձանները եւ կանգնեցնում եկեղեցիներ ու վանքեր, մինչեւ իսկ ամբողջովին խափանում քրմերի մոլորեցուցիչ պաշտամունքները: Աստուծոյ եկեղեցիները լցւում էին օրհնութիւններով՝ ի ուրախութիւն քրիստոնեաների եւ ի հաճութիւն ամենքի Արարչի:

 

Մի անգամ, երբ Մարութան, կանգնեցնելով Խաչի նշանը, մաքրում էր հեթանոսների կողմից պղծուած վայրերը, բանսարկուն, տեսնելով, որ հոգեւոր պատերազմի մէջ պարտուել է սուրբի կողմից, բոլորին լսելի ճչաց ու ասաց. «Վա՛յ ինձ, վա՛յ իմ իւրայիններին, որովհետեւ Քրիստոսի ծառայի ձեռքով հալածուեցինք մեր բնակութեան վայրից: Այժմ չգիտենք, թէ ուր գնանք, որովհետեւ ամբողջ աշխարհը լցուած է Քրիստոսի փառքով»: Եւ այդտեղից ինքն ու իր արբանեակները քշուեցին քամուց անհետացող ծխի նման:

 

Մինչ ամբողջ ժողովուրդը սոսկումի ու զարմանքի մէջ էր, երանելի Մարութայ եպիսկոպոսը սուրբ Խաչով կնքեց Քրիստոսի հօտին, որը հաւատ ընծայեց իրեն, որպէսզի այլեւս չարը չմօտենայ նրանց՝ մոլորութեան մէջ հրապուելու համար: Եւ այս օրինակով՝ որպէս աշխատասէր հոգեւոր մշակ, արմատախիլ արեց չար դեւերի փշերն ու որոմները, սերմանեց աստուածապաշտութիւն եւ սրբութիւն, ծաղկեցրեց քրիստոնէութիւնը, բարի գործերով պտուղներ տուեց եւ բազմաթիւ նշաններով օրէցօր մեծացրեց իր հօտը, որովհետեւ Տէրը նրան զօրավիգ էր: Այս ամէնը եղաւ չորրորդ դարի վերջին եւ հինգերորդի սկզբին՝ սուրբ Յովհան Ոսկեբերանի ժամանակներում, որը գովասանական թուղթ է գրել սուրբ Մարութայի մասին:

 

Աստուծոյ այսպիսի պարգեւատու շնորհներով եւ Սուրբ Հոգու թելադրանքով սուրբ Մարութան գնաց Ասորեստան, որպէսզի այնտեղ եւս Քրիստոսի զօրութեամբ վերացնի հեթանոսական աղանդի չար արմատները, սերմանի սուրբ հաւատը, աստուածապաշտութեամբ նորոգի այն հաւատացեալներին, որոնք վտանգի էին մատնուած մոգերի բռնութեամբ, որը եւ արեց: Քանզի այնտեղ եւս, ծագելով Աստծուց որպէս ճառագայթ, շնորհատու սքանչելիքներով շատերին դարձրեց դէպի ճշմարտութիւնը եւ լուսաւորեց քրիստոնեաներին՝ ամաչեցնելով մոգերի մոլորութիւնը, որով յայտնի դարձաւ ճշմարտութեան յաղթանակը, եւ ամենօրեայ պաշտամունքներով պայծառացան Աստուծոյ եկեղեցիները:

 

Սուրբ եպիսկոպոսի սքանչելիքների համբաւը հասաւ պարսից Յազկերտ Առաջին թագաւորին, որը նստում էր Տիզբոն քաղաքում եւ հալածում էր քրիստոնեաներին: Թագաւորը վայելչատես մի զաւակ ունէր, որն արքայի ամենասիրելի որդին էր: Նա չարաչար տանջւում էր դեւի կողմից եւ որեւէ տեղից բժշկութիւն չէր գտել, ո՛չ մոգերից, ո՛չ դիւթողներից եւ ո՛չ աստղահմաներից: Երբ Յազկերտը լսեց, թէ Մարութան մեծ հրաշքներ է գործում Ասորեստանում, կանչել տուեց նրան, որ թերեւս կարողանայ օգնել մանկանը: Խոստացաւ նաեւ, որ ամէն բանում ազատութիւն եւ խաղաղութիւն կը տայ քրիստոնեաներին, որոնց մինչ այդ իր թագաւորութիւնում հարստահարում էր՝ մեծ հալածանքներ եւ նեղութիւններ պատճառելով, սակայն փոքր-ինչ մեղմացրել էր հայոց Սահակ Մեծ հայրապետի շնորհիւ:

 

Երբ Մարութան Տիզբոն եկաւ, թագաւորը պարսից նախարարների հետ ընդունեց նրան մեծարանքով: Տեսնելով Աստուծոյ մարդու պատկառելի դէմքը, որի վրայ յայտնապէս երեւում էին աստուածային շնորհները, իր մեծամեծների ներկայութեամբ խոնարհուեց սուրբի առջեւ՝ իբրեւ երկնառաք հրեշտակի: Սուրբը եւս, ըստ նրա արքայական պատուի, խոնարհուեց, ողջոյն տուեց նրան ու շնորհալից խօսքեր ասաց թագաւորին: Թագաւորն ամբողջ սրտով սիրեց սուրբին, եւ քրիստոնեաների հանդէպ գութ բորբոքուեց նրա սրտում, որի համար ասաց. «Նրանք բարձրեալ Աստուծոյ ծառաներն են, որոնց իրենց շնորհազարդ խօսքերով եւ վարմունքով վեր եմ տեսնում սովորական մարդկային բնութիւնից»: Ապա արքան Մարութային ասաց. «Ես մի սիրելի որդի ունեմ, որը չարաչար տանջւում է դեւերից: Խիստ տրտում եմ նրա համար, որովհետեւ ոչ մի տեղից բժշկութիւն չեմ գտել: Արդ, աղաչում եմ քեզ, Բարձրեալի՛ ծառայ, խնդրի՛ր քո Աստծուն, որ դեւը հեռանայ իմ որդուց, եւ նա առողջանայ ու ապրի»: Այնժամ սուրբ Մարութայ եպիսկոպոսն ասաց. «Թող քո որդին այստեղ գայ, որ ես տեսնեմ նրան»: Եւ երբ մանկանը բերեցին, դեւը, որ մանկան մէջ էր, ճչաց բոլորի առաջ եւ ասաց. «Ի՞նչ կայ իմ եւ քո միջեւ, խաչեալ Աստուծո՛յ ծառայ, հեռու երկրից եկար, որ մեր բնակութեան վայրից հալածե՞ս մեզ»: Ապա մանկանը զարկեց գետնին: Երեխան մահուչափ վտանգի մէջ էր, նրա տեսքը ողորմելի էր եւ ողբի արժանի,  որից ներկաները մինչեւ իսկ սարսափեցին:

 

Մարութայի հետ կար մէկ այլ եպիսկոպոս: Նրանք երկուսով երեսնիվայր ընկան գետնին եւ աղօթեցին՝ ասելով. «Ամենազօր Տէ՛ր Աստուած, Դու լսեցիր Քեզ աղաղակող քանանացի կնոջը, գթալով նրան՝ հանեցիր դեւին նրա դստեր միջից ու բժշկեցիր նրան դեւի տանջանքներից: Դու խոզերով լեգէոնին ընկղմեցիր ծովի խորքերում եւ այլ շատ դեւեր հալածեցիր մարդկանցից, ոմանց Քո ձեռքով, ոմանց՝ Քո աշակերտների եւ բոլոր սուրբերի միջոցով: Ում Դու ողորմեցիր, ողորմութիւն արեցիր նրանց միջոցով: Դու զօրութիւնների նոյն Տէրն ես, այժմ սաստի՛ր պիղծ դեւին, որ բնակւում է թագաւորի որդու՝ այս պատանեակի մէջ, ու հալածի՛ր նրանից Քո ամենահզօր խօսքով եւ սուրբ անունով, որպէսզի բոլորն իմանան, որ Դու ես միայն ճշմարիտն Աստուած: Թող Քո սուրբ անունով սրա բժշկութեամբ ամբողջովին դադարեն Քո հօտի հալածանքները, որովհետեւ Դու ամենազօր ես, եւ ամէն բան կատարւում է Քո փառքի համար այժմ եւ յաւիտեանս»: Եւ երբ ասացին՝ ամէն, դեւը ցնցեց երեխային, բարձրաձայն ճչաց եւ ասաց. «Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, որքա՜ն մեծ փառքից զրկուեցի եւ իմ բնակութեան վայրից ինչպէս հալածուեցի»: Իսկ մանուկը սթափուելով եւ զգաստանալով ոտքի ելաւ ու փառաւորեց Աստծուն:

 

Տեսնելով այս՝ արքան մեծապէս ուրախ եղաւ եւ բարձրաձայն ասաց. «Արդարեւ, մեծ է քրիստոնեաների Աստուածը, առաւել՝ բոլոր աստուածներից, որովհետեւ ինչպէս որ լսել էինք, այդպէս էլ մեծ սքանչելիք տեսանք Նրա ծառայի ձեռքով»: Ապա արքան սուրբին ասաց. «Այժմ խնդրի՛ր ինձնից, ինչ քեզ պէտք է, եւ ես կը տամ ամէն բան»: Երանելի Մարութան ասաց. «Իմ անձի համար քեզնից ոչինչ պէտք չէ: Խնդրում եմ միայն Աստուծոյ ժողովրդի համար, որ բոլոր քրիստոնեաներին ազատես բանտերից, կապանքներից եւ չարաչար տանջանքներից, որպէսզի նրանք համարձակ պաշտեն իրենց Աստծուն, եւ թող քո թագաւորութեան մէջ նորոգուեն Աստուծոյ եկեղեցիները: Նաեւ սիրով ջերմ բարեկամութիւն հաստատիր յունաց Թէոդոս թագաւորի (Թէոդոս Կրտսերի) հետ, եւ քո ձեռքով խաղաղութիւն կը լինի ամբողջ երկրում»:

 

Արքան սիրով ընդունեց սուրբի բոլոր խօսքերը եւ կատարեց Մարութայի խնդրանքները: Թագաւորական հրովարտակով աւետիս տարածուեց ամբողջ երկրում, ըստ որի պէտք է ազատութիւն տրուէր քրիստոնեաներին՝ համարձակ պաշտելու իրենց Աստծուն, իսկ ովքեր կը համարձակուէին հալածել կամ նեղել նրանց, կը պատժուէին արքունիքի կողմից: Այնժամ Քրիստոսի համար կապուած կալանաւորներն արձակուեցին բանտերից: Նրանց մէջ էին նաեւ հայոց իշխանական դասի նախարարազուն քրիստոնեայ այրեր: Մեծ սուգ եղաւ մոգերի ու բոլոր անհաւատների, բայց ուրախութիւն՝ քրիստոնեաների համար: Խաղաղութիւն տիրեց արքայի թագաւորութեան մէջ, եւ քրիստոնեաները համարձակուեցին նորոգել Քրիստոսի եկեղեցիներն ու անխոչընդոտ պաշտել ճշմարիտ Աստծուն:

 

Այնուհետեւ երանելի Մարութան արքային խնդրեց արձակել իրեն, եւ թագաւորը մեծամեծ պարգեւներով ու խաղաղասիրական նամակներով ճանապարհեց նրան յունաց թագաւորի մօտ: Երանելի Մարութան եկաւ Կոստանդնուպօլիս, մտաւ Թէոդոս կայսեր մօտ, ողջոյն տուեց նրան ու յանձնեց պարսից արքայի հրովարտակը: Երբ կայսրն ընթերցեց, մեծապէս ուրախ եղաւ քրիստոնեաների հանդէպ արքայի սիրոյ եւ խաղաղութեան համար ու հարցուփորձ արեց սուրբին կատարուած բոլոր իրադարձութիւնների մասին: Եւ նա պատմեց ամէն բան, ինչպէս եւ հալածանքների դադարման մասին, որ կատարուեցին Բարձրեալի օգնականութեամբ: Այնժամ բարեպաշտ Թէոդոս կայսրը փառաւորեց Աստծուն, որ Նա Մարութայի ձեռքով ազատութիւն տուեց քրիստոնեներին: Նա յոյժ սիրեց ու մեծարեց սուրբ հայրապետին եւ խնդրեց նրան՝ որպէս Աստուծոյ մարդու, աղօթել իր համար: Ապա կայսրն ասաց. «Խնդրի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, փոքր բաներից մինչեւ մեծամեծները, եւ ես անպայման կ՚անեմ»: Եւ սուրբ Մարութան խնդրեց նրանից ամրագոյն պարիսպներով ամրացնել Ծոփք քաղաքը (Տագրիտը՝ իր եպիսկոպոսական Աթոռը) եւ քաղաքի մէջ շինել Աստուծոյ փառքի անուան տաճար, «որի մէջ, - ասաց, -  միշտ կատարուի քահանայագործութիւն, մատուցուեն պատարագներ, այնտեղ հաւաքուեն նշխարներ բոլոր սուրբերից, եւ այն կոչուի Մարտիրոսների քաղաք», որովհետեւ սուրբի սիրտն այրւում էր սուրբ վկաների հանդէպ սիրով, նրանց վարքով եւ վկայաբանութիւններով, յատկապէս պարսից երկրում շրջելուց յետոյ, որտեղ շատերը նոր էին նահատակուել: Թագաւորն ասաց. «Բարի է ցանկութիւնդ, եւ աստուածահաճոյ են խորհուրդներդ: Արդ, արա՛, ինչպէս կամենում ես, իսկ ես կը հոգամ ծախսերը, որքան անհրաժեշտ կը լինի»: Այդպէս կայսրը մեծարանքով արձակեց Մարութային՝ տալով նրան Յազկերտ արքային ուղղուած խաղաղասիրական նամակ:

 

Սուրբը նախ եկաւ Ծոփք քաղաք, սկսեց պարիսպների շինարարութիւնը, հաւաքեց աշխատաւորներ, նրանց վրայ նշանակեց վերակացուներ, իսկ յետոյ այլ եպիսկոպոսների հետ գնաց Պարսկաստան: Պարսից արքան մեծ պատուով ընդունեց նրան եւ բոլորին, որ նրա հետ էին, բայց նրանց մէջ առանձնացրեց Մարութային՝ առաւել սէր եւ մեծարանք ցուցաբերելով: Արքան ընթերցեց Թէոդոս կայսեր հրովարտակը, շատ ուրախացաւ նամակի բովանդակութեան ու պատգամի խօսքերի համար, որոնք լսեց Մարութայի բերանից, եւ երկու թագաւորների միջեւ սէր եւ խաղաղութիւն հաստատուեց: Այնուհետեւ արքան Մարութային ասաց. «Վաղուց սաստիկ ցաւեր ունեմ իմ գլխում, սակայն բժիշկներից ոչ մի օգուտ չեմ ստացել»: Այնժամ սուրբն իր աջը դրեց արքայի գլխին, եւ նա Տիրոջ անունով իսկոյն բժշկուեց ու այլեւս գլխացաւ չունեցաւ: Եւ սկսեց աւելի ու աւելի սիրել ու մեծարել սուրբին, որովհետեւ ճշմարտապէս իմացաւ, որ Աստուած նրա հետ է:

 

Այս բանից մոգերն անասելի չարացան, նախանձեցին եւ որոշեցին Աստուծոյ սուրբ մարդուն որոգայթի մէջ գցել, որպէսզի կարողանան հեռացնել նրան արքայի սիրուց: Եւ խորամանկելով, ինչպէս որ արեցին բաբելացիները Դանիէլի հանդէպ, կրակարանի տակ, որտեղ նրանք պաշտում էին արքունի մեհեանի մշտավառ հուրը, գետնափոր փոս փորեցին: Այդ թաքստոցի ներսում մի մարդ կանգնեցրին եւ նրան սովորեցրին, որ ի դէմս կուռքերի՝ թագաւորին ասի. «Այլեւս չեմ ընդունում քո երկրպագութիւնը, որովհետեւ դու սիրեցիր քրիստոնեաների քահանային, որն ուսուցանում է արհամարհել ինձ եւ իմ սպասաւորներին»: Եւ երբ թագաւորն, ըստ սովորութեան եկաւ երկրպագելու կրակին, այնժամ թաքստոցում պահ մտած այրը բարձր եւ ահարկու ձայն արձակեց, ու թուաց, թէ կրակի միջից թագաւորին անարգելով եւ սպառնալով ասաց. «Հեռացի՛ր այստեղից, անօրէ՛ն: Ես չեմ ընդունում քո երկրպագութիւնը, որովհետեւ դու յարեցիր այն քրիստոնեային, որը հրապուրում է քեզ պաշտել Խաչեալին եւ սովորեցնում է անարգել ինձ ու իմ սպասաւորներին»: Այս լսելով՝ թագաւորը սաստիկ զարհուրեց եւ գլխիկոր դուրս եկաւ: Նա տրտմեց ու տարակուսեց, պղտորուեցին նրա մտքերը, սակայն ակնածում էր սուրբից, որ նրան մի բան ասի: Իսկ սուրբ Մարութան, Սուրբ Հոգու ազդեցութեամբ իմանալով մոգերի խորամանկութեան մասին, մօտեցաւ թագաւորին եւ ասաց. «Մի՛ խռովուիր, արքա՛յ, վերադարձի՛ր մեհեան՝ կրակատեղի մօտ, եւ որտեղից ձայն լսուի, բացի՛ր այդ տեղը ու կը տեսնես մոգերի խորամանկ խաբէութիւնը»: Թագաւորը վերադարձաւ, եւ երբ լսեց նոյն ձայնը, իսկոյն հրամայեց բացել այն տեղը, որտեղից լսուեց ձայնը: Այնժամ նենգութիւնն ի յայտ եկաւ: Երբ այդտեղից դուրս բերեցին մարդուն, նա արքային յայտնեց, թէ այդ խորամանկութիւնն ովքեր արեցին: Այս բանից բարկացած թագաւորը սպանել տուեց չարիք գործողներին, իսկ մոգերին գցեց տասանորդի տուգանքի տակ:

 

Բայց այս բանից միւսներն աւելի չարացան եւ նոր խաբէութիւն յօրինեցին. այնպէս արեցին, որ գարշելի հոտ բուրեց արքայի աթոռից: Եւ երբ թագաւորը մոգերին հարցրեց անսովոր ժանտ հոտի մասին, նրանք մեղադրեցին Մարութային եւ նրա եպիսկոպոսներին, սակայն արքան հետաքննելով իմացաւ, թէ ովքեր էին արել այդ բանը, ու նրանց եւս մահուան մատնեց: Այնուհետեւ պարսից մոգպետներն ու նախարարներն առաւել չարացան եւ մինչեւ իսկ որոշեցին սպանել արքային ու Մարութային:

 

Նրանց խորհուրդներին մասնակից էր նաեւ մեծ հազարապետը՝ արքայից յետոյ երկրորդ մարդը, որը սիրելի եւ նշանաւոր էր թագաւորի աչքին ու մեծարուած էր նրա կողմից առաւել քան պարսից բոլոր նախարարները: Երբ նա տեսաւ մոգերի մահը, ձեռնարկեց դաւ նիւթել արքայի դէմ՝ իբրեւ թէ կամենալով յանուն աստուածների վրէժ լուծել կրակի պաշտամունքի սպասաւորների համար: Նա իր տան մէջ մի խոր փոս փորեց, փոսի յատակին երկու սուսեր ցցեց, հորի վրայ թանկարժէք եւ պայծառ ծածկոցով պատուական բազմոց դրեց ու թագաւորին եւ Մարութային իր տուն հրաւիրեց: Նա մտածում էր, որ երբ թագաւորը նստի բազմոցին, կ՚ընկնի հորի սուսերի վրայ եւ կը մեռնի, որից յետոյ համարձակ կը սպանեն նաեւ Մարութային: Սակայն Տէրը Մարութային յայտնեց չարի խորհուրդը: Երանելին ծածուկ մտաւ արքայի մօտ եւ ասաց. «Քանի որ ես շնորհ գտայ քո առաջ, եւ դու ողորմութիւն արեցիր քրիստոնեաներին, հոգ տար քո եւ քո տան մասին, ու լսիր այն, թէ ինչ է ինձ յայտնել Տէրը: Մարդը, որը քեզ ընթրիքի է հրաւիրել, մահուան որոգայթ է պատրաստել քեզ համար: Նա բազմոցի տակ խոր հոր է փորել եւ նրան մէջ սուսեր է ցցել, որպէսզի երբ բազմես, ընկնես ու մեռնես»: Այս լսելով՝ արքան զարհուրեց եւ ասաց. «Անհաւատալի են թւում ասածներդ: Ինչպէ՞ս կարող է իմ մահն ուզել նա, որն այնքան սիրուած է իմ կողմից եւ մեծարուած բոլորից առաւել»: Մարութան ասաց. «Մի՛ գնա այդ ընթրիքին, արքա՛, իսկ եթէ գնաս, ապա հրաւիրողին կը նստեցնես արքայական բազմոցին, որ պատրաստել է քեզ համար»: Արքան ասաց. «Այդպէս էլ կը լինի»:

 

Մարդը եկաւ եւ աղաչելով արքային ու Մարութային ընթրիքի հրաւիրեց: Նրանք գնացին, տուն մտան, ուր դրուած էր արքայի բազմոցը: Եւ երբ մարդը հրաւիրեց արքային նստել փառահեղ պատրաստուած բազմոցին, թագաւորը հրամայեց նրան, որ ինքը բազմի իր տեղը: Մարդն ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծառան բազմել արքունի գահին»: Արքան ստիպում էր նրան հնազանդուել իրեն, իսկ նա ծնկի իջած լաց էր լինում եւ աղաչում, սակայն արքային լսելի չեղաւ: Երբ նա յանձն չառաւ, արքան զինուորներին հրամայեց, որ նրան գցեն բազմոցի վրայ: Եւ երբ արեցին, նա իսկ եւ իսկ խորասուզուելով ընկաւ հորի սուսերի վրայ ու մեռաւ:

 

Տեսնելով կատարուածը եւ թէ ինչպէս ճշմարիտ եղան սուրբ Մարութայի խօսքերը՝ թագաւորը բարձրաձայն ասաց. «Մեծ է քրիստոնեաների Աստուածը, Ով Իր սիրելիներին յայտնում է ծածուկ խորհուրդները»: Եւ դրանից յետոյ երանելին աւելի ու աւելի սիրուեց եւ մեծարուեց արքայի կողմից: Արքան հաւատաց, որ Նա է ճշմարիտն Աստուած, Որին պաշտում է Մարութան: Այդ պատճառով յօժարութեամբ լսում էր նրան, բայց վախենում էր տեսանելի պատիւ եւ հնազանդութիւն ցուցաբերել՝ ակնածելով նախարարներից, որպէսզի նրանք խռովութիւն առաջացնելով՝ իր ձեռքից չառնեն թագաւորութիւնը կամ չսպանեն իրեն:

 

Յաջորդ օրն արքան կանչեց իր բոլոր երեւելի նախարարներին եւ պատմեց եղելութիւնների մասին, թէ ինչպէս սուրբ Մարութայի միջոցով փրկուեց դաւաճանի ձեռքից: «Եւ այժմ ասէ՛ք, - ասաց, - թէ ինչ պէտք է անել այսպիսի երախտաւոր մարդուն»: Եւ երբ նրանք լսեցին, սքանչացան ու ասացին. «Թող նա պատուի, մեծարանքի ու մեծամեծ պարգեւների արժանանայ արքայի եւ բոլոր նախարարների կողմից»: Արքան ասաց. «Թող լինի այնպէս, ինչպէս ասացիք»: Եւ արքայից հրաման ելաւ, որ իր իշխանութեան մէջ Մարութան ինչ որ կամենայ ստանալ, թող տրուի նրան:

 

Եւ երանելի Մարութան օրհնեց Աստծուն ու թագաւորի առաջ ասաց. «Օրհնեա՛լ է Աստուած, որ փրկեց արքային որոգայթադիր մահից: Թող միշտ խաղաղութիւն եւ սէր լինի քրիստոնեաների ու իմ տիրոջ միջեւ»: Արքան իր մեծամեծների առաջ մեկնեց իր ոսկէ գաւազանը դէպի սուրբ Մարութան՝ ասելով. «Թող լինի քեզ, ինչ որ կամենում ես»: Մարութան խոնարհուեց արքայի առաջ եւ հեռացաւ՝ գոհանալով եւ օրհնելով Աստծուն:

 

Այնուհետեւ սուրբի համար աւելի հեշտ յաջողուեց հաւաքել սուրբ վկաների նշխարները: Նախ սկզբում արքունի հրամանով շրջեց ու հաւաքեց մարտիրոսների բազմաթիւ նշխարներ, որոնք այդ ժամանակներում տեսակ-տեսակ տանջանքներով մոգերի եւ հէնց արքայի կողմից նահատակուել էին Պարսկաստանում, ու տարբեր տեղերում մեծ պատուով ամփոփեց  հանգստարաններում: Իր հետ մասունքներ վերցրեց բոլոր նշխարներից՝ տանելու Մարտիրոսների քաղաք եւ հրաժեշտ տալով պարսից արքային՝ խաղաղական նամակով եւ բազում պարգեւներով վերադարձաւ իր Աթոռը: Որպէս արքայից յիշատակ՝ իր հետ բերեց եւ ոսկով լի մի ոսկէ բաժակ, որով վկաների անուամբ տաճար շինեց Ծոփք քաղաքում: Եւ գալով ու տեսնելով քաղաքի եւ Աստուծոյ եկեղեցու գործերի յաջող ընթացքը՝ օրհնեց Աստծուն:

 

Ապա շտապեց գալ Կոստանդնուպօլիս՝ Թէոդոս կայսեր մօտ, յանձնեց նրան պարսից արքայի հրովարտակը եւ մէկ առ մէկ պատմեց բոլոր իրադարձութիւնները, որ կատարուեցին իր հետ, եւ որոնք այդ թղթում նկարագրել էր նաեւ Յազկերտը: Եւ երբ Թէոդոս կայսրն ընթերցեց ու լսեց ամէն բան, գոհանալով օրհնեց ամենակալ Տէր Աստծուն՝ կատարուած սքանչելիքների եւ հաւատացեալներին այցելութեան համար, որ ցոյց տուեց Իր սուրբի միջոցով, որի համար նախկինից առաւել մեծարեց ու պատուեց երանելի Մարութային: Այնժամ սուրբը կայսրից խնդրեց, որ թոյլ տայ  իր տէրութեան մէջ եղող բոլոր սուրբերի նշխարներից մասունքներ վերցնել եւ տանել Մարտիրոսների քաղաք: Եւ երբ այդ մասին արքայից վաւերական հրովարտակով հրաման ելաւ, սուրբն իր օգնականներով ճանապարհուեց դէպի Հռոմ, շրջեց նշանաւոր արեւելեան ու արեւմտեան քաղաքներում, գաւառներում, գիւղերում եւ ճգնաւորների վանքերում ու Աստուծոյ յաջողութեամբ եւ ըստ իր բարի ցանկութեան՝ բազմաթիւ մասունքներ հաւաքեց: Իսկ երբ երանելին վերադարձաւ թագաւորական քաղաք՝ Թէոդոս կայսեր մօտ, ոչ քիչ ուրախութիւն եղաւ թագաւորին, որովհետեւ սուրբը նրան եւս բերեց մասունքներ մեծանուն սուրբերի նշխարներից եւ յունաց երկրին յիշատակ թողեց: Կայսրն առատ պարգեւներ տուեց Մարութային, նաեւ գիւղեր, ագարակներ, ձիթենու պտղատու այգիներ տուեց Աստուծոյ եկեղեցիներին եւ Մարտիրոսների քաղաքին ու մեծ ուրախութեամբ ճանապարհեց նրան:

 

Սուրբ Մարութան սուրբերի նշխարների անգին գանձերով հանդերձ վերադարձաւ Միջագետք՝ իր երկիրը, մեծ շուքով մտած իր աթոռանիստ Ծոփք քաղաքը, ուր աւարտին էր մօտենում քաղաքի եւ եկեղեցու հրաշակերտ շինարարութիւնը: Մարութան Աստուծոյ տան պատերին աւելացրեց խորաններ եւ դրանց մէջ դրեց վայելչօրէն դասաւորուած սուրբերի նշխարներով տապանակները, որոնք նա հաւաքել էր. հռոմէացիներից՝ հարիւր քսան հազար, Ասորեստանից՝ քսան հազար, պարսից իշխանութիւնից՝ ութսուն հազար, մերձաւոր Հայոց երկրից եւ ասորիներից՝ վաթսուն հազար մասունքներ: Հեռուից բերուած ընդհանուր բոլոր սուրբերի նշխարները երկու հարիւր ութսուն հազար էին:

 

Մարտիրոսասէր եւ սրբասէր Աստուծոյ այր երանելի Մարութան մեծ ջանքերով սուրբերի այս բոլոր նշխարները ժողովեց Ծոփք քաղաքում, այն կոչեց Սուրբերի քաղաք, այսինքն Նփրկերտ կամ Նեփրկերտ, թէպէտ շատերը սովորութիւն ունէին այն կոչել Վկաների կամ Մարտիրոսների քաղաք:

 

Ի պայծառութիւն արեւելեան եկեղեցիների՝ սուրբ Մարութան բազմաթիւ այլ գործեր արեց: Գրեց իմաստալից ճառեր սուրբ վկաների մասին, այսինքն արեւելեան մարտիրոսների վկայաբանութիւններ, որոնք նահատակուեցին Շապուհ Երկայնակեացից մինչեւ Յազկերտ Առաջինի օրերին, ասորերէն եւ քաղդեացիների լեզուով գրեց նաեւ ներբողներ ու պէս-պէս տաղեր:

 

Այսպէս ապրելով աստուածասէր եւ առաքինի կեանքով, անարատ քաղաքավարութեամբ փայլելով իբրեւ լուսատու աստղերից մէկը՝ սուրբը ննջեց ի Քրիստոս՝ լի արդիւնաւէտ գործերով, որ եղաւ յունուարի քսանմէկին կամ փետրուարի տասնվեցին, Մարտիրոսների քաղաքի իր եպիսկոպոսական Աթոռում, Թէոդոս Կրտսեր կայսեր եւ մեր թարգմանիչներ սուրբ Սահակի եւ Մեսրոպի օրօք: Տեղի բնակիչները բոլոր սուրբերի նշխարների հետ մեծարուելով պատուեցին նրա պատուական նշխարները: Նրանք ընդունում էին նրան որպէս իրենց երկրի լուսաւորչի եւ փրկչի, որովհետեւ Աստուած նրա միջոցով այդ երկրին փրկութեան տարաւ: Բոլոր քրիստոնեայ եկեղեցիները նրա օրերից մինչեւ այսօր պատուելով մեծարում են նրան:

 

Ժամանակ անց՝ սուրբ Մարութայի վախճանից ութսուն տարի յետոյ, պարսից Յազկերտ Առաջին արքայի թոռը՝ Կաւատ արքան, պատերազմի ելաւ յունաց Անաստասիոս կայսեր դէմ: Տիրոջ 503 թուականին նա գրաւեց Միջագետքի Ամիդ քաղաքը, ապա մեծ զօրքով յարձակուեց Նփրկերտ քաղաքի վրայ՝ այն եւս գրաւելու համար: Քաղաքի բնակիչները նեղուեցին, որոշեցին հաճոյանալ Կաւատին, շահել նրա սիրտը եւ նուիրել նրան այն ոսկէ բաժակը, որը նրա նախահայր Յազկերտը որպէս պարգեւ տուել էր սուրբ Մարութային: Եւ երբ այն տուեցին Կաւատ արքային, նա տեսաւ ու կարդաց բաժակի վրայ փորագրուած իր պապի՝ Յազկերտի անունը, արտասուեց եւ ասաց. «Քա՛ւ լիցի, որ ես վերցնեմ իմ հայրերի յիշատակը կամ ինչ-որ չարիք պատճառեմ այս քաղաքին: Այլ թող իմ եւ այս քաղաքի բնակիչների միջեւ սէր եւ խաղաղութիւն լինի»: Եւ վերադարձաւ այնտեղից: Քաղաքացիները փրկուեցին վտանգից ու հասկացան, որ Տէրը փրկեց իրենց քաղաքը սուրբ Մարութայի եւ հաւաքուած վկաների նշխարների բարեխօսութեամբ:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մարութայ եպիսկոպոսի տօնը նշում է Յիսնակի պահոց Դ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ սուրբ Իգնատիոս Աստուածազգեացի եւ սուրբ Ադդէ հայրապետի հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

 

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա:

 

[1] Կոչւում էր եւ Տագրիտ, իսկ յետոյ՝ Նփրկերտ եւ գտնւում էր Ամիդ՝ Տիգրանակերտ քաղաքի մօտ: