ՍՈՒՐԲ ՄԵԼԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԵՒ ՆՐԱ ԵՐԿՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԲՈՒՐԱՅ ՔԱՀԱՆԱՅԻ ԵՒ ՇԻՆՈՒ ՍԱՐԿԱՒԱԳԻ ՎԱՐՔՆ ՈՒ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Ի փառս պարծեսցին մանկունք սիրեցեալք ի Տեառնէ.

Որք արժանի եղեն առնուլ զհայրական պսակն:

Որք զտանջանս եւ զմահ վասն անուան Տեառն յանձն առին.

Եւ արժանի եղեն առնուլ զհայրական պսակն:

Եւ զօրութեամբ Սուրբ Հոգւոյն եղեն յաղթօղք ի պատերազմի.

Եւ արժանի եղեն առնուլ ի Հօրէ զպսակն:

(Շարակնոց)

 

Արթուն հովիւ եւ ճշմարտութեան առաքինի քարոզիչ, ճգնազգեաց սուրբ հայր Մելեսը Պարսից աշխարհի Ռաժիկ երկրամասից էր եւ ապրել է Որմիզդ արքայի ու նրա որդու՝ Շապուհ Երկարակեացի ժամանակներում: Երիտասարդ հասակից նա զինուորագրուեց պարսից արքունական զօրքի գնդում: Զարդարուած էր առաքինութիւններով եւ սուրբ վարքով, որովհետեւ ծածկապէս պաշտում էր քրիստոնէութիւնը, որն ի յայտ էր գալիս նրա երկիւղածութեամբ եւ աստուած պաշտութեան գործերով:

 

Այնուհետեւ աստուածային կանչով հրաժարուեց զինուորութիւնից ու աշխարհիկ կեանքի ալէկոծութիւններից եւ ընդունեց առանձնական կեանքը՝ բնակուելով անապատում պահեցողութեամբ, աղօթքներով, տքնութեամբ արտասուքներով եւ գետնատարած անկողիններով ու գիշեր-ցերեկ անդադար աղաչելով Աստծուն իր անձի փրկութեան համար: Նրա սրտում, որ լի էր Սուրբ Հոգով, խորհուրդ դրուեց ելնել ու անհաւատներին քարոզել Աստուծոյ խօսքը, որի համար եկաւ Մեղիկերտ կամ Մեղկանայ կոչուող քաղաքը, որտեղ Դանիէլ մարգարէն տեսիլք էր տեսել: Ոմանք էլ ասում են, թէ նա գնաց Ելամի երկրի Լապետոս քաղաքը, որը գտնում էր Դանիէլ մարգարէի Գրքում յիշատակուած պարսից Շօշ քաղաքի պարիսպներին մօտ եւ այնտեղ երկրի բնակիչների ստիպմամբ Լապետոս կամ Բիթղաբադ քաղաքի սուրբ Գադիաբոս եպիսկոպոսապետի կողմից ձեռնադրուեց Բիթբաղակ քաղաքի եպիսկոպոս: Բայց երբ գնաց այնտեղ ու սկսեց քարոզել ճշմարիտ խօսքը, այդ քաղաքի բնակիչները չընդունեցին նրան, որովհետեւ նրանք պաշտում էին հրին ու արեգակին:

 

Երեք տարի աշխատեց, սակայն օգուտ չունեցաւ, ինչպէս որ կը ցանկանար, այլ անօրէնների կողմից կրեց միայն շատ տառապանքներ եւ անգամ խոշտանգումներ: Նրան քարշ էին տալիս փողոցներով եւ կիսամեռ գցում քաղաքից դուրս, բայց երանելին դարձեալ գալիս ու քարոզում էր ոմանց առանձին, ոմանց հրապարակաւ: Սակայն երբ վերջին անգամ նա մահուչափ հալածանք կրեց, անիծեց այդ քաղաքը, բայց ոչ թէ իրեն հալածելու, այլ իր աւետարանական քարոզչութիւնն ու Քրիստոսի հաւատքը չընդունելու համար եւ ասաց. «Արդ, քանի որ քաղաքների մէջ ամենաթշուառդ չարութեամբ ոտնահարեցիր քո բարեբախտութեան առիթը եւ քեզ տրուած Աստուծոյ երախտիքների կատարեալ շնորհները, ահա շատ շուտով  քեզ վրայ անսպասելի կորուստ կը հասնի անողորմ թշնամու կողմից. կը կործանուեն քո բարձրաբերձ շինուածքները եւ քո ամբարտաւան բնակիչները ցիրուցան կը լինեն անյայտ տեղերում»: Եւ ահա երեք ամիս անց պարսից թագաւորը բարկացաւ ապստամբող քաղաքացիների վրայ: Նրանց վրայ զօրք ուղարկեց երեք հարիւր փղերով, հրամայեց այրել նրանց քաղաքը, հիմնայատակ աւերել եւ ապա հերկել այդ վայրն ու այնտեղ մանանեխ ցանել:

 

Երանելի Մելես եպիսկոպոսը գնաց Երուսաղէմ եւ այնտեղից անցնելով Ալեքսանդրիա քաղաք՝ շրջեց Եգիպտոսում: Եղաւ Սկիտէի  եւ Թեբայիդի անապատներում, ուր այցելեց մենակեացներին, հանդիպեց Անտոն Մեծ անապատականին եւ նրա նշանաւոր աշակերտ հայր Ամոնին: Ապա վերցնելով միայն Աւետարանն ու ցուպը՝ հայր Անտոնի հրամանով դարձեալ Պարսկաստան վերադարձաւ: Ճանապարհին, մինչ անցնում էր մէկ այլ անապատով, օթեւանեց մի քարայրում, որում բնակւում էր մենակեաց մի անապատական: Այնտեղ մի վիշապ բուն էր դրել: Երանելի եպիսկոպոսն աղօթեց, եւ իսկոյն վիշապը պատառոտուելով սատկեց: Այնժամ մենակեաց անապատականն ասաց. «Բաւական ժամանակ է, որ այս քարայրում բնակւում եմ այդ գազանի հետ, սակայն նա ինձ բնաւ չի վնասել»: Երանելի Մելեսն ասաց. «Աստուած թշնամութիւն է դրել նրա եւ մարդու միջեւ, ուստի պէտք չէ բնակակից լինել թշնամու հետ»:

 

Եւ ապա եկաւ-հասաւ Մծբին քաղաք՝ երանելի Յակոբ սքանչելագործ եպիսկոպոսի մօտ: Սուրբ Յակոբը մարգարէացաւ նրա համար՝ յայտնելով, թէ պիտի վախճանուի մարտիրոսութեամբ: Երանելի Մելեսը տեսաւ, որ սուրբ Յակոբը մեծ եւ վայելուչ եկեղեցի է շինում, քանզի նախորդը փոքր էր, եւ հաւատացեալների շատանալուն զուգընթաց նա որոշել էր մեծացնել Աստուծոյ տաճարը, ինչպէս որ հրաման էր ստացել Տիրոջից: Եւ քանի որ սուրբ Մելեսն իր հետ ոչինչ չունէր բացի Աւետարանից, երեք հարիւր դինար պարտք վերցրեց վաճառականներից, որոնք իր երկրից էին եւ որպէս օգնութիւն յատկացրեց եկեղեցու շինութեան համար:

 

Դրանից յետոյ գնաց սուրբ Մարուգէի վանք, որպէսզի ողջոյն տար նրան եւ եղբայրներին ու ապա վերադառնար իր Աթոռը: Բոլոր եղբայրները հաւաքուեցին նրա շուրջը եւ ողջոյն տուեցին միմեանց: Այնժամ սուրբ Մարուգէն ասաց նրան. «Ո՛վ Աստուծոյ այրդ, դու միշտ անաչառ ես մարդկանց հանդէպ, արդ, յայտնում եմ քեզ լինելիքը. ահա դու պիտի գնաս Արեւելքի երկիր ու այնտեղ հանդիպես Ադդէի որդի Փիլիպպոսին, որն իր ամբողջ չարութեամբ հանդերձ՝ ինքն իրեն պատրիարք է հռչակել ու նստել Տիզբոնում: Նա սիրով չի ընդունելու քո խրատը, իսկ դու չարաչար նզովելու ես նրան, որից նրա մի կողմը պիտի գոսանայ»: Եւ սա այն մարդն էր, որին առաւելապէս նկատի ունենալով՝ սուրբ Յակոբը գրեց հակառակութեան եւ հերձուածողների մասին իր ընդարձակ ճառը: Այնժամ սուրբ Մելեսը պատասխանեց Մարուգէին եւ ասաց. «Ողջո՛յն քեզ, սքանչելագո՛րծ ծեր, որ տեսել ես անիծեալ օձին եւ նրա ծնունդներին, նրա ոչնչանալն ու նրանից ծնուածների կորուստը», քանզի այն վիշապի սատկելը խորհրդանշում էր այդ բռնակալ աթոռակալի պախարակուելն ու պատուհասուելը, որն Աստուած յայտնել էր Մարուգէին: Եւ սուրբ Մարուգէն ասաց նրան. «Որտեղի՞ց իմացար, եղբա՛յր, որ ես տեսել եմ այդ (այսինքն վիշապի սատկելը քո ձեռքով ու դրա խորհուրդը)»: Սուրբ Մելեսը պատասխանեց նրան. «Նա, Ով յայտնեց իմը քեզ, նաեւ քոնը յայտնեց ինձ»: Սուրբ Մարուգէն ասաց նրան. «Երանի՜ է քեզ, իմ Մելե՛ս եղբայր, քանզի մօտեցել է քո մարտիրոսութեան ժամը: Սուրբ Պօղոսի անաչառ քարոզութեան օրինակով, որը պսակուեց ամբարիշտ Ներոնի ձեռքով, դու պիտի յանդիմանես անօրէններին, վկայես քո Տիրոջ համար եւ առնես փառքի պսակը»: Եւ ինչպէս վկայում է վկայագիրը, որը սուրբ Մարուգէի վանքի եղբայրներից մէկն էր, սուրբ Մելեսին ճանապարհեցին վանքից: Նա ողջոյն տուեց բոլոր եղբայրներին ու գնաց՝ ասելով նրանց. «Աղօթէ՛ք, որպէսզի անվախճան եւ անպատում կեանքում Աստուծոյ առաջ արժանի լինենք տեսնելու միմեանց, որովհետեւ այս կեանքում այլեւս իրար չենք տեսնելու»:

 

Եւ իջնելով Սելեւկիա՝ Քտիսիփոն, որը Պարսից թագաւորութեան մայրաքաղաք Տիզբոնն է, հանդիպեց հաւաքուած եպիսկոպոսների բազմութեան, որոնք վիճում էին Փիլիպպոս եպիսկոպոսապետի հետ: Սուրբ Մելեսը ճանաչեց նրան, որովհետեւ այդ եպիսկոպոսապետն անիրաւութեամբ եւ ամբարտաւանութեամբ էր վիճում իր եպիսկոպոսների հետ: Սուրբ Մելեսը յանդիմանեց նրան Սուրբ Գրքով եւ աստուածային վարդապետութեամբ, իսկ եպիսկոպոսապետ կոչեցեալն ասաց Մելեսին. «Ո՛վ յիմար, ինչո՞ւ ես ինձ ուսուցանում այն, ինչը ես գիտեմ»: Բացելով Աւետարանը՝ երանելի Մելեսը պատասխանեց. «Սա է ուսուցանում, եւ ոչ թէ ես»: Եպիսկոպոսապետը ձեռքը դրեց Աւետարանի վրայ եւ հեգնելով ասաց. «Ասա՛ մեզ, ո՛վ Աւետարան, ասա՛, ինչ որ ասելու ես»: Իսկ երանելի Մելեսը, լսելով նրա հայհոյախօսութիւնը, համբուրեց սուրբ Աւետարանը, այն դրեց իր մախաղում եւ ասաց եպիսկոպոսին. «Քանի որ դու անարգեցիր Տիրոջ խօսքը, ապա թող Աստուած դատի քեզ»: Այնժամ սաստիկ որոտ եղաւ, հրացայտ փայլատակմամբ կայծակը հարուածեց եպիսկոպոսապետին ու չորացրեց նրա աջ կողմը: Եւ ինչպէս ոմանք ասում են, նրա վախճանը եղաւ այդ նոյն տարուայ մէջ, իսկ ուրիշներն էլ ասում են, թէ տասներկու տարի նա տառապեց այդ հարուածից:

 

Սուրբ Մելեսը քարոզչութեամբ շրջում էր Տիզբոնում: Երկրի քաղաքներով եւ գիւղերով անցնելիս նա աղօթքով բժշկեց բազմաթիւ հիւանդների, շատ անհաւատներ նրա միջոցով հաւատացին Քրիստոսին եւ քրիստոնեայ դարձան, իսկ սուտ երդում տուող մէկին բորոտ դարձրեց: Հասնելով մի անհուն խոր գետի՝ տեառնագրեց Խաչի նշանով եւ հողաթափերով անցաւ գետի վրայով, ինչպէս ցամաքով: Այս ամէնը սուրբ Մելեսի այլ հրաշագործութիւններով հանդերձ՝ գրել են քաղդէացի եւ ասորի վկայաբանները, որ լսել են սուրբ Մարուգէից եւ համառօտագրել մեր ճառընտիրներում:

 

Մէկ տարի անց սուրբ Մելեսը եկաւ հասաւ իր ծննդավայրը: Քաղաք մտնելով՝ սկսեց համարձակ քարոզել Աստուծոյ խօսքը եւ արգելել մարդկանց երկրպագել արեգակին ու զոհ մատուցել կրակին: Այդ երկրի եւ քաղաքի Մեստոփարէս անունով իշխանը, որին ոմանք թագաւոր էին կոչում, լսեց նրա մասին եւ սաստիկ բարկացած հրամայեց նրան իր մօտ բերել: Ծառաները գալով բռնեցին երանելուն եւ տարան՝ ոտքերն ու ձեռքերը կապուած:

 

Որսի օրեր էին, իշխանը Ներսան անունով իր եղբօր հետ գտնւում էր լերան դաշտավայրում եւ որոշեց այնտեղ էլ նստել ու դատել սուրբ Մելեսին: Նա խօսեց երանելու հետ եւ սպառնաց նրան, որ եթէ յանձն չառնի ընդունել պարսից կրօնը, ապա կը խողխողուի՝ ինչպէս որսի գազանները, սակայն սուրբը յանդիմանեց նրան անաստուած մոլորութեան համար եւ քարոզեց Քրիստոս Աստծուն: Այնժամ սաստիկ բարկացած իշխանը վեր կացաւ տեղից եւ իր սրով հարուածեց սուրբ եպիսկոպոսի կրծքին: Միաժամանակ իշխանի եղբայրը՝ Ներսանը, սուսերով խոցեց սուրբի սիրտը: Երանելի Մելեսը գոհացաւ Աստծուց, որ արժանի եղաւ նահատակուել վկայութեամբ եւ ասաց նրանց. «Վաղն եւեթ՝ այս ժամին, դուք ձեր իսկ ձեռքով ոչնչացնելու էք միմեանց»: Եւ եղաւ այնպէս, ինչպէս ասաց երանելին: Յաջորդ օրը այդ երկու իշխանները, ձի հեծած, գնում էին որս անելու: Եւ ահա մի այծեամ երեւաց նրանց: Նրանցից մէկը շարժուեց այծեամի մի կողմի ուղղութեամբ, միւսը՝ հակառակ: Եւ լարելով իրենց աղեղները՝ նետահարեցին միմեանց, իսկ այծեամն անվնաս մնաց: Այդպէս ընկնելով երիվարներից՝ նրանք մեռան չարաչար մահով: Նրանց վրայ կատարուեց սուրբ Մելեսի մարգարէութիւնը, ինչպէս նաեւ մարգարէի այն խօսքը, թէ. «Նրանց սրերը կը մտնեն իրենց սրտերը, եւ նրանց աղեղները կը փշրուեն»[1]: Աշակերտները, վերցնելով սուրբ Մելեսի մարմինը, թաղեցին մեծ պատուով, եւ ըստ Մարուգէի մարգարէական խօսքի՝ նա ստացաւ անթառամ եւ անապական պսակը:

 

Կրակապաշտ պարսիկները բռնեցին սուրբի երկու աշակերտներին՝ Բուրա քահանային եւ Շինու սարկաւագին, քարկոծեցին նրանց որպէս սուրբ Մելեսի գործակիցներ: Այդպէս նրանք եւս նահատակուեցին բարի խոստովանութեամբ: Մի քանի հաւատացեալներ նրանց նշխարները դրեցին Մեղկանա քաղաքում՝ իրենց սուրբ վարդապետի մօտ, որտեղ բազում հրաշքներ էին լինում, եւ որոնց շնորհիւ թշնամիներն այլեւս չհարձակուեցին այդ քաղաքի ու երկրի վրայ:

 

Սուրբ Մելես եպիսկոպոսը նահատակուեց չորրորդ դարում, Տիրոջ 330 թուականին՝ նոյեմբեր ամսի տասներեքին կամ տասնչորսին: Նա է, որին Մելիտոս անուամբ դարձեալ յիշատակում ենք սուրբ Յակոբ Մծբնայ հայրապետի եւ Մարուգէ ճգնաւորի հետ, եւ ըստ ճառընտիրի՝ նրա մասին է վկայաբանութեան հետեւեալ վերջաբանը. «Նա է, որը յիշատակւում է սուրբ Յակոբ Մծբնայ եպիսկոպոսի ճառի վերջում, եւ որն արժանի եղաւ ընդունելու անեղծ պսակը մեր Տէր Յիսուս Քրիստոսի կողմից: Նա է վերին Քաղաքի քաղաքացին, որի կենդանութեան օրօք Աստուած նրա աղօթքների միջոցով ցոյց տուեց բազմաթիւ եւ զանազան հրաշքներ, որոնք նրա նշխարներով ցոյց տուեց նաեւ իր մահից յետոյ: Նա է, որ կուսութեամբ, արեամբ ու ճգնաւոր ժուժկալութեամբ նահատակուեց եւ փառաւորուեց, որովհետեւ թէ՛ այս աշխարհում եւ թէ՛ հանդերձեալում Աստուած փառաւորում է Իրեն փառաւորողներին, Ով երկրպագւում եւ փառաւորւում է այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մելես եպիսկոպոսի, Բուրայ քահանայի եւ Շինու սարկաւագի յիշատակի տօնը կատարում է սուրբ Խաչին յաջորդող իններորդ երկուշաբթի օրը Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետի եւ սուրբ Մինաս Եգիպտացու հետ:

 

[1] Սաղմ. ԼԶ 15: