Զինաւորն Քրիստոսի ի Հօրէ առեալ առեալ պարգեւս.
Յաստուածատունկ ի Դրախտէն ծագեցաւ մեզ շառաւիղ.
Որ է զէն յուսոյ վահան հաւատոյ:
Իսկ երանելին վկայն Քրիստոսի զօրանայր ի Սուրբ Հոգւոյն.
Զի զերանութեանցն առնոյր զշնորհս ողորմութեան.
Որ է զէն յուսոյ վահան հաւատոյ:
Աստ արասջիք զյիշատակ սրբոյն Մերկեռիոսի զօրավարին.
Որ է զէն յուսոյ վահան հաւատոյ:
(Շարակնոց)
Քրիստոսի յաղթող եւ ճգնազգեաց Մերկուռիոս (կոչում են նաեւ Մեռկուռիոս կամ Մեռկիւռիոս, որ թարգմանաբար նշանակում է հերմէս[1] կամ փայլածու) վկան ազգութեամբ սկիւթ էր: Նա զինուորագրուած էր հռոմէական բանակում: Նրա պանծալի վկայութեամբ նահատակութիւնը եղաւ Կապադովկիայի Կեսարիա քաղաքում, որը միաձայն աւանդում են մեր «Ճառընտիր»-ները հետեւեալ օրինակով:
Դեկոսի եւ Վաղերիանոսի թագաւորութեան ժամանակներում Հռոմ քաղաքում համընդհանուր հրաման արձակեցին զոհեր եւ խունկեր մատուցել աստուածներին: Ապա կանչեցին ամբողջ ծերակոյտին, միաձայն ծանուցեցին նրանց իրենց օրինադրած հրամանի մասին եւ նրանց իրենց կամքին միախորհուրդ գտնելով՝ մեծապէս ուրախ եղան: Իսկ եւ իսկ գրաւոր հրովարտակով հրամայեցին տարածել թագաւորի հրամանը, որ ստորագրուած էր ծերակոյտի կողմից: Այն դրուեց Կապիտոլիոնի տաճարում եւ ունէր հետեւեալ բովանդակութիւնը. «Քաջ եւ յաղթող ինքնակալ թագաւորները՝ պաշտելի եւ հռչակաւոր Դեկոսն ու Վաղերիանոսը, ծերակոյտի հետ միախորհուրդ, տեսան աստուածների բարեգործութիւններն ու պարգեւները, միաժամանակ վայելեցին հակառակորդ ազգերի դէմ տարած յաղթանակները, որոնք շնորհուեցին մեզ նրանց օգնութեամբ: Եւ ոչ միայն, մենք նաեւ ստացանք բարեխառն եղանակի առատ պարգեւներն ու երկրի տուած զանազան համեղ պտուղները: Եւ քանի որ ճանաչեցինք նրանց որպէս բարերարներ ու բոլորին խաղաղութիւն պարգեւողներ, ուստի միասնական հրամանով սահմանում ենք, որ բոլոր մարդիկ՝ իշխաններն ու ծառաները, զինուորներն ու գիւղացիները, բարեմտութեամբ զոհ մատուցեն աստուածներին՝ խոնարհուելով նրանց առջեւ: Եթէ մէկը կ՚արհամարհի մեր կողմից միասնաբար ստորագրուած աստուածային գրութիւնը, ապա հրամայում ենք այդպիսիններին կապել, բանտարկել ու զանազան տանջանքների մատնել, իսկ եթէ հնազանդուի, ապա ոչ քիչ պատուի կ՚արժանանայ մեր կողմից, բայց եթէ ընդդիմանայ, ապա բազում տանջանքներ կրելով՝ կը պատուհասուի՝ սրի քաշուելով կամ կը նետուի ծովի խորքերը կամ էլ թռչուններին ու շներին կերակուր կը դառնայ: Առաւել եւս եթէ քրիստոնեայ լինի, ապա թող պատժուի, իսկ եթէ կամենայ հնազանդուել մեր աստուածների աւանդոյթներին, թող արժանանայ մեծ պատիւների ու պարգեւների: Ո՛ղջ եղէք բարօրութեամբ»:
Երբ ելաւ արքունի այս հրամանը, ամբողջ քաղաքը սկզբում խռուվուեց, որովհետեւ ամենուր ընթերցելով՝ տարածում էին այդ անաստուած հրովարտակը, եւ սգում էին բոլոր աստուածապաշտ մարդիկ: Սակայն եղաւ, որ այդ ժամանակ բարբարոսների կողմից պատերազմ յարուցուեց հռովմայեցիների դէմ: Ինքնակալները հրամայեցին պատրաստել իրենց զօրքերը եւ ճակատ կազմել նրանց դէմ: Պատուիրեցին նաեւ տարբեր քաղաքներում տեղակայուած բոլոր գնդերին հասնել իրենց մարտակցութեան: Այնժամ բոլոր գաւառներից հաւաքուեցին պատերազմի: Մեծ Հայքից եկաւ-հասաւ նաեւ մարտինսեցիների լեգէոնը տրիբունի հետ, որի անունը Սատուռնինոս էր:
Դեկոսը ելաւ պատերազմի, իսկ Հռոմում նրա տեղը զբաղեցրեց նրա գահակից Վաղերիանոսը: Մարտը սկսուեց, բարբարոսները եւ հռովմայեցիները յարձակուեցին միմեանց դէմ, եւ պատերազմը շարունակուեց երկար ժամանակ: Այնտեղ քաջ զինուոր Մերկուռիոսը, որը Մեծ Հայքից եկած մարտինսեցիների գնդից էր, մի տեսիլք տեսաւ. նրան լուսաւոր եւ գերամեծար մի այր երեւաց՝ իր աջ ձեռքին սուսեր բռնած, եւ ասաց. «Մերկուռիէ՛, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ ես առաքուել եմ՝ քեզ օգնելու եւ քեզ յաղթող ցոյց տալու համար: Վերցրո՛ւ այս սուրը եւ պատերազմի՛ր ընդդէմ բարբարոսների, սակայն յաղթելիս չմոռանաս քո Տէր Աստծուն»: Իսկ նա, խիստ զարմացած, չճանաչեց Աստուծոյ հրեշտակին, այլ համարեց, թէ հաւաքուած իշխաններից մէկն է եւ ընդունելով նրա սուսերը՝ քաջալերուեց ու յարձակուեց բարբարոսների վրայ: Այդ սուսերով հարուածեց եւ սպանեց նրանց ցեղապետին, որին իրենք թագաւոր էին կոչում, սպանեց եւ կոտորեց նաեւ շատ ուրիշներին, մինչեւ որ նրա բազուկը խիստ յոգնեց: Այդպէս բարբարոսները նահանջեցին հռովմայեցիների առջեւից, եւ բանակում տարածուեց Մերկուռիոսի քաջութեան համբաւը:
Իմանալով նրա մենամարտութեան մասին՝ Դեկոսը կանչեց նրան եւ շնորհեց ստրատելատութեան, այսինքն զօրավարութեան պատիւ ու նրան զօրավար կարգեց: Դեկոսը համարելով, թէ նա պատերազմը յաղթել է իր աստուածների նախախնամութեամբ, արձակեց զօրականներից շատերին, իսկ ինքը Մերկուռիոս ստրատելատի հետ գնաց Հռոմ՝ անցնելով քաղաքներով եւ մեծագոյն պատիւներ ստանալով բոլորից:
Մի գիշեր, երբ Մերկուռիոս ստրատելատը ննջում էր, Տիրոջ հրեշտակը նախկին տեսքով մօտեցաւ նրան ու բոթելով նրա կողերը՝ արթնացրեց, որից նա պատուեց երկիւղով եւ զարմանքից ապշեց: Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Մերկուռիէ՛, յիշի՛ր, թէ ինչ ասուեց քեզ պատերազմը սկսուելիս՝ "Չմոռանա՛ս քո Տէր Աստծուն": Դու պէտք է հաւատքով ճգնես Նրա համար եւ բոլոր սուրբերի հետ ընդունես յաղթութեան պսակը փառաւոր Արքայութեան մէջ»: Այս ասելով՝ հրեշտակը հեռացաւ, իսկ նա, սթափուելով ու մտաբերելով տեսիլքը, գոհացաւ Աստծուց: Նա իր նախնիներից ծանօթ էր քրիստոնէական հաւատքին: Նրա հայրը՝ Գորդիանոսը, որ նոյն գնդի ատենադպիրն էր, բազմիցս ասում էր. «Երանի՜ նրան, ով կը զինուորագրուի երկնաւոր Թագաւորին, որովհետեւ նրան կը տրուի երկնքի Արքայութիւնը: Թագաւորը խօսքով ստեղծեց բոլոր արարածներին, եւ Նա է, որ պիտի գայ դատելու ողջերին ու մեռածներին եւ հատուցելու իւրաքանչիւրին ըստ իր գործերի»: Ապա մտաբերելով հօր խօսքերը եւ այն տեսիլքը, որ երեւաց իրեն, Սուրբ Հոգու ազդմամբ զղջաց եւ սկսեց արտասուել, խոստովանել ու ասել. «Վա՜յ ինձ՝ մեղաւորիս, քանզի ծառի բարի արմատի շառաւիղ լինելով՝ ես չորացայ, որովհետեւ չունէի աստուածգիտութեան պտուղը»: Եւ մինչ խօսում էր այսպէս, թագաւորն ուղարկեց Սեղենտրիոսին (իբրեւ լռիկ ազդարարող)՝ նրան իր մօտ կանչելու, բայց երբ նա հրաժարուեց, թագաւորը յետաձգեց ժողովն ու որոշեց հաւաքուել յաջորդ օրը: Միւս օրը Մերկուռիոսը ստիպուած եկաւ, եւ երբ ժողովն աւարտուեց, թագաւորը նրան ասաց. «Պէտք է բոլորս գնանք Արտեմիսի տաճարը եւ զոհ մատուցենք բոլոր աստուածներին»: Սակայն Մերկուռիոսը խոյս տուեց եւ հեռացաւ:
Այնժամ մեծամեծներից մէկը Դեկոսի մօտ չարախօսեց նրանից՝ ասելով. «Ո՛վ մեծ թագաւոր, քա՛ջ եւ յաղթո՛ղ, որ ընտրուել ես աստուածների կողմից եւ խաղաղութեամբ պահում ես քո թագաւորութիւնը: Նա, որ պատուելի է ձեր առաջ եւ փառաւորուած է ինքնակալ աջիդ կողմից, չկատարեց ձեր աստուածային հրամանը եւ չեկաւ մեր Արտեմիս աստուծոյ տաճար՝ զոհ մատուցելու ձերդ զօրութեան համար»: Թագաւորը հարցրեց. «Ո՞վ է նա»: Կատուղոս հիւպատոսն ասաց. «Մերկուռիոսն է, որին բոլորից շատ զարդարեցիք ու փառաւորեցիք զանազան պատիւներով: Աստուածներին չպաշտելով՝ նա երկմտանքի մէջ է գցում ուրիշներին»: Դեկոսն ասաց. «Թերեւս նախանձով ես լցուած այդ մարդու հանդէպ եւ այդ պատճառով ես այդպիսի խօսքեր ասում: Ես քեզ չեմ լսի, մինչեւ ինքս չիմանամ ճշմարտութիւնը, որովհետեւ ես առաւել հաւատում եմ աչքերիս, քան ականջներիս: Այժմ լռի՛ր եւ նրա դէմ ոչինչ մի՛ խօսիր: Եւ ինչպէս ասացի, եթէ խօսեցիր չարակամ խորհուրդներից դրդուած, խստօրէն կը պատժուես, իսկ եթէ քո խօսքերը ճշմարիտ լինեն, ապա պարգեւներ եւ պատիւներ կը ստանաս ինձնից՝ աստուածների հանդէպ բարեմիտ ու անկեղծ մօտեցման համար»:
Դեկոսը հրամայեց, որ Մերկուռիոս զօրավարին պատշաճ պատուով իր մօտ բերեն: Երբ նա եկաւ, թագաւորն ասաց. «Մերկուռիո՛ս, մի՞թէ ես մեծ պատուով չպատուեցի քեզ: Ես բոլոր իշխանների առաջ քեզ զօրավար դարձրի այն պատճառով, որ պատերազմի յաղթանակը աստուածների կամքով եղաւ քո ձեռամբ: Եւ ինչո՞ւ արհամարհելով իմ շնորհած պատիւը՝ չարամիտ եղար ու անտեսելով իմ պարգեւները՝ չես երկրպագում աստուածներին, ինչպէս որ ահա լսեցի ոմանցից»: Իսկ Քրիստոսի հզօր եւ քաջ զինուորն իր գործով ու ցանկութիւններով մերկացաւ հին մարդուց, ինչպէս առաքեալն է ասում եւ հաստատուած մկրտութեամբ՝ հագաւ նորը: Ի Քրիստոս վստահութեամբ նա թագաւորին ասաց. «Վերցրո՛ւ ինձնից քո այս պատիւները, որովհետեւ ես այստեղ եկայ ոչ թէ պարտադրանքով, այլ Աստուծոյ կամքով: Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհիւ յաղթելով բարբարոսներին՝ ես յաղթեցի սատանային: Վերցրո՛ւ ինձնից քո պարգեւած բոլոր պատիւները, ինչպէս որ ասացիր, որովհետեւ ես մերկ ելայ իմ մօր որովայնից եւ դարձեալ մերկ պիտի գնամ այն աշխարհ»:
Այս ասելով՝ հանեց քղամիդը, արձակեց գօտին, գցեց դրանք թագաւորի ոտքերի առաջ, աղաղակեց ու ասաց. «Ես քրիստոնեայ եմ, լսէ՛ք բոլորդ, ես քրիստոնեայ եմ»: Այնժամ Դեկոսը, զարմացած նրա համարձակութեան վրայ, միաժամանակ հիացած նրա փառաւոր գեղեցկութեամբ, հրամայեց բանտարկել նրան՝ ասելով. «Քանի որ այս մարդը չհասկացաւ պատիւը, ապա թող անպատւութիւն տեսնի»: Նա կարծեց, թէ դրանով կ՚ահաբեկի նրան, կը համոզի եւ կը հեռացնի իր բարեպաշտ խորհուրդներից: Իսկ վկան, բանտ գնալով, գոհանում էր եւ ցնծում՝ փառաւորելով Աստծուն: Այդ գիշեր նրան երեւաց Տիրոջ ուղարկած հրեշտակը, որն ասաց. «Քաջալերուի՛ր, Մերկուռիէ՛, եւ մի՛ վախեցիր: Հաւատա՛ Քրիստոսին, Որին Տէր խոստովանեցիր, որովհետեւ Նա կարող է փրկել քեզ բոլոր նեղութիւններից»: Եւ Քրիստոսի սուրբ վկան հրեշտակի տեսիլքից առաւել զօրացաւ:
Յաջորդ օրը Դեկոսը նստեց ատեանում եւ հրամայեց բերել նրան ու կանգնեցնել իր առջեւ: Ասաց նրան. «Քո չար բարքի համար քեզ այդ պատիւն է վայել»: Սուրբ վկան պատասխանեց. «Այո՛, ինձ այս պատիւն է վայել, որովհետեւ դու վերցրիր ինձնից անցաւոր պատիւը, իսկ մնայուն յաւիտենականը քո տուած պատիւների փոխարէն կ՚ընդունեմ Քրիստոսից»: Թագաւորն ասաց. «Ասա՛ ինձ, ի՞նչ ազգից ես, եւ ո՞րն է քո հայրենիքը»: Իսկ նա պատասխանեց. «Ես քեզ կ՚ասեմ ճշմարիտը: Իմ հայրը, որին Գորդիանոս էին կոչում, սկիւթացի էր եւ զինուորագրուած էր մարտինսեցիների գնդում, իսկ իմ հայրենիքը, որին շտապում եմ հասնել, երկնային Երուսաղէմն է, որը երկնաւոր Թագաւորի քաղաքն է»: Թագաւորը հարցրեց. «Քո այդ Մերկուռիոս անունը քո ծնողների՞ց ես ստացել, թէ՞ երբ զինուորագրուել ես»: Սուրբը պատասխանեց. «Ես Մերկուռիոս եմ կոչուել զինուորագրուելիս, տրիբունի կողմից»: Թագաւորն ասաց. «Այժմ ի՞նչ կ՚ասես, բոլորին ընդունելի հրամանով կ՚երկրպագե՞ս աստուածներին՝ վերստին ստանալով քո նախկին պատիւը, թէ՞ կամենում ես մեռնել տանջանքներով: Ասա՛ իսկոյն, որովհետեւ դու դրա համար ես կանչուել ատեանի առաջ»: Մերկուռիոսն ասաց. «Ինչպէս ասացիր, ես կամենում եմ տանջանքներ կրել Քրիստոսի համար: Ես եկայ այստեղ, որպէսզի յաղթեմ քեզ ու բանսարկուին, որ բոլոր չարիքների պատճառն է, եւ յաղթութեան պսակ առնեմ իմ Հանդիսադրից՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսից: Մի՛ յապաղիր եւ մի՛ ուշացրու, այլ արա՛ ինչ որ կամենում ես: Ես վերցրել եմ հաւատի սպառազինութիւնը եւ Աստուծոյ վահանը, որով պիտի յաղթեմ բոլոր չար հնարքներին»:
Այնժամ թագաւորը, լցուած սրտմտութեամբ եւ բարկութեամբ, ասաց. «Քանի որ ասացիր, թէ զէնք եւ վահան ունես, ապա այժմ կը հրամայեմ, որ մերկացնեն քեզ, բեւեռեն չորս ցցերի վրայ ու բարձրացրած պահեն»: Եւ մինչ երանելին տանջանքների մէջ էր, թագաւորն ասաց նրան. «Ո՞ւր է քո սպառազինութիւնը: Երդւում եմ Դիոս մեծ աստուծով, որ անխնայ կը պրկեն քեզ»: Իսկ սուրբ Մերկուռիոսը չպատասխանեց նրան, այլ երկինք նայելով՝ ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, օգնի՛ր ինձ՝ Քո ծառային»: Այնժամ թագաւորը հրամայեց սուր դանակով կտրել-կտրատել նրա մարմինը եւ ապա ներքեւից կրակի վրայ պահել: Նրա արեան առատ հոսքից կրակը մարում էր, իսկ սուրբն, արիաբար համբերելով, դիմանում էր այդ տանջանքներին: Ապա Դեկոսը հրամայեց արձակել նրան, որ շուտ չմահանայ եւ հսկողութեամբ արգելափակել նրան մի խաւարտչին տեղում: Նրան տանում էին բարձրացրած: Եւ քանի որ նրա շունչը փոքր-ինչ կտրւում էր, կարծում էին, թէ նա շուտով կը մեռնի:
Այդ գիշեր Տիրոջ հրեշտակը երեւաց նրան եւ ասաց. «Խաղաղութի՛ւն քեզ, քա՛ջ ճգնաւոր եւ առաքինի՛ նահատակ»: Ապա մօտենալով՝ այնպէս առողջացրեց նրան ու բժշկեց մարմնի վէրքերը, որ վեր կացաւ իրեն երեւացող հրեշտակի առաջ եւ փառք վերառաքեց Աստծուն: Իսկ Դեկոսը լսելով, որ երանելին ողջ է, հրամայեց նրան իր առջեւ բերել: Եւ տեսնելով նրան՝ իւրայիններին ասաց. «Նրան, որին տանում էիք որպէս մեռեալ, ինչպէ՞ս է այժմ քայլում եւ նոյնիսկ սպի չունի իր մարմնի վրայ»: Ապա զինուորներին հրամայեց մերկացնել նրան ու շօշափել: Նրանք թագաւորին ասացին. «Երդւում ենք ձերդ բարեյաղթ մեծութեանը, որ ասես թէ անգամ ապտակ չի առել: Նրա ամբողջ մարմինն անվնաս է, եւ բնաւ վէրքեր կամ սպիներ չկան»: Թագաւորն ասաց. «Ամենայն հաւանականութեամբ նա կ՚ասի, թէ իմ Քրիստոսն է բժշկել ինձ: Արդեօ՞ք որեւէ մէկին ներս էք թողել՝ բանտում նրան դարմանելու համար»: Զինուորներն ասացին. «Երդւում ենք ձերդ ամենազօր տէրութեամբ, որ խնամք է տանում ամբողջ տիեզերքի համար, ոչ ոք չի տեսել նրան: Մենք կարծում էինք, թէ շուտով նա կը մեռնի, բայց թէ ինչպէս է ողջ-առողջ կանգնած մեր առջեւ, չգիտենք»: Թագաւորն ասաց. «Տեսէ՛ք, թէ ինչպիսին է այդ քրիստոնեաների մոգութիւնը: Ինչպէ՞ս է, որ երեկ մեռած էինք համարում, իսկ այսօր առողջ կանգնած է մեր առջեւ»:
Եւ բարկացած թագաւորն ասաց նրան. «Ո՞վ էր, որ բժշկեց քեզ, ասա՛ համարձակ ամբողջ ճշմարտութիւնը, որովհետեւ չեմ կարծում, թէ առանց կախարդութեան կարող էիր առողջանալ»: Սուրբ Մերկուռիոսը պատասխանեց. «Ինչպէս որ սկզբում ակամայից ասացիր, ինձ բժշկեց իմ Տէրը՝ Յիսուս Քրիստոս, Որը հոգիների եւ մարմինների ճշմարիտ բժիշկն է, Նա, Ով վերացնում է կախարդներին, դիւթահմաներին եւ կռապաշտներին ու կապելով նրանց անքակտելի կապանքներով՝ գեհենի հուրն է նետում, որովհետեւ նրանք չընդունեցին Աստուծոյ ճշմարտութիւնը»: Թագաւորն ասաց. «Դարձեալ տանջանքներով կը ոչնչացնեմ մարմինդ, եւ կը տեսնենք՝ արդեօք կը բժշկի քեզ քո Քրիստոսը, որին դու Աստուծոյ Որդի ես խոստովանում»: Մերկուռիոսն ասաց. «Հաւատում եմ Տէր Յիսուս Քրիստոսին՝ ճշմարիտ Աստծուն: Որքան էլ զանազան տանջանքներ բերես իմ գլխին, չես կարող ինձ յաղթել, որովհետեւ Ինքը՝ իմ Տէր Յիսուս Քրիստոս, ասել է. "Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, Ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը"[2]: Նա է, որ մահից յետոյ դարձեալ պիտի յարութիւն տայ ինձ»:
Այս լսելով՝ թագաւորը հրամայեց շիկացած շամփուրներ բերել ու դնել նրա վրայ: Եւ ահա սուրբի մարմնից անուշահոտ բուրմունք տարածուեց, ինչպէս խնկից: Բոլորը զարմացան այդ հրաշափառ սքանչելիքից, իսկ Մերկուռիոսը կանգնած էր անվեհեր՝ առանց տանջանքներից հոգոց հանելու: Դեկոսն ասաց նրան. «Ո՞ւր է քո բժիշկը, թող այժմ գայ եւ բժշկի քեզ: Չէ՞ որ դու ասացիր, թէ Նա կարող է քեզ յարութիւն տալ մահից»: Սուրբ Մերկուռիոսն ասաց. «Ինչո՞ւ ես զուր չարչարւում, արա՛ ինչ կամենում ես: Դու իշխանութիւն ունես միայն մարմնիս վրայ, իսկ հոգուս վրայ Աստուած է իշխում: Որքան մարմինս ապականուի, այնքան հոգիս անապական կը մնայ»:
Թագաւորը նորից բարկացաւ եւ հրամայեց գլխիվայր կախել նրան եւ պարանոցից ծանր քար կապել, որպէսզի խեղդուի քարի ծանրութիւնից եւ դժնդակ տանջանքներով աւանդի իր հոգին: Իսկ սուրբ վկան, զօրացնելով իրեն Աստուծով, չկրեց այդ դժնի տանջանքները, ինչպէս մտածում էր Դեկոսը, այլ Աստծուց գոհանալով՝ ասում էր. «Նեղութեան ժամանակ ես Տիրոջը կանչեցի, Նա լսեց ինձ եւ հանդարտութեան առաջնորդեց»[3]: Նա երկար ժամեր մնաց այս տանջանքների մէջ: Տեսնելով, որ նա քաջաբար համբերում է չարչարանքներին եւ ոչ մի չար բան չի մօտենում նրան, Դեկոսը հրամայեց ազատ արձակել նրան: Ապա իր մօտ կանչելով՝ փորձեց համոզել փաղաքշական խօսքերով, բայց սուրբը, ամենեւին չհնազանդուելով նրա խօսքերին, անպարտելի ուժով հակառակուեց նրան: Այնժամ զայրացած թագաւորի հրամանով հարուածեցին նրան պղնձէ գաւազաններով այնքան, որ նրա արիւնը ողողեց գետինը: Եւ ստուգապէս անպարտելի այս վկան՝ որպէս կարծր ադամանդ, կրեց այդ բոլոր նեղութիւնները՝ Աստծուց գոհանալով եւ ասելով. «Փա՛ռք Քեզ, Տէ՛ր, որ արժանացրիր ինձ այսքան չարչարուել Քո անուան համար»:
Այնժամ Դեկոս թագաւորին տեղեկացրին, որ սուրբն անդրդուելի է եւ չի համոզւում: Իսկ նա, որ շտապում էր Հռոմ գնալ, խորհրդակցեց իր աւագանու հետ, վճռեց սրի քաշել նրան՝ ասելով. «Քանի որ Մերկուռիոսն անարգեց աստուածներին եւ արհամարհեց մեր բարեզարդ գթասրտութիւնը, ուստի մեր բարեփառ ու զօրաւոր իշխանութիւնը հրամայում է տանել նրա կապադովկիացիների երկիրը եւ այնտեղ գլխատել՝ ի ցոյց շատերի, որպէսզի ով թագաւորին հակառակ գործի, կը պատուհասուի եւ կը չարչարուի նրա կողմից ու բազում տանջանքներից յետոյ կը վախճանուի սրի քաշուելով»:
Զինուորները վերցրին նրան եւ կապեցին գրաստի վրայ, որովհետեւ երանելի մարտիրոսի մարմինը կազմալուծուել էր անասելի տանջանքներից: Այդպէս գնացին, մինչեւ կը հասնէին Կեսարիա քաղաքը: Եւ Տէրը յայտնուեց սուրբին ու ասաց նրան. «Մերկուռիէ՛, այսուհետեւ ե՛կ եւ հանգստացի՛ր, որովհետեւ դու աւարտեցիր քո ընթացքն ու պահեցիր հաւատքը: Այժմ ընդունի՛ր քո ճգնութեան պսակը, որովհետեւ այստեղ քեզ վիճակուած է մեռնել նահատակութեամբ»: Իսկ Տիրոջ վկան, զօրացած Սուրբ Հոգով, ցնծում էր Տիրոջ հրամանի եւ հրաւէրքի այդ տեսիլքով: Ապա սուրբն այնտեղ եղող զօրականներին ասաց. «Եկէ՛ք, եղբայրնե՛ր, այժմ կատարէ՛ք ձեզ հրամայուածը: Իսկ իմ Տէրը, որ կամենում է բոլորի փրկութիւնը՝ ապաշխարութեան հրաւիրելով, թող ձեզ արժանացնի Իր շնորհներին եւ բաժին տայ Իր արդարների հետ, որովհետեւ մեծատուն լինելով՝ Նա ի սրտէ առատօրէն բաշխում է Իր պարգեւներն Իրեն մօտեցողներին»:
Զինուորները դուրս բերեցին նրան Կեսարիա քաղաքից, իսկ նա գնում էր՝ գոհանալով եւ օրհնելով Աստծուն: Եւ երանելին գլխատուեց այդտեղ՝ վկայելով մեր Փրկիչ Աստծուն, որ եղաւ նոյեմբերի քսանհինգին, Տիրոջ 250 թուականին:
Եւ հրաշափառ սքանչելիքներ եղան, որ արժան է յիշատակել. նահատակութիւնից յետոյ սուրբ մարտիրոսի մարմինը ձեան պէս սպիտակ եղաւ եւ իւղերի ու խունկերի անուշահոտութիւն սփռեց: Եւ այս նշանի շնորհիւ շատերը հաւատացին Աստծուն: Սուրբին ամփոփեցին իր նահատակութեան վայրում, ուր շատ բժշկութիւններ էին լինում ի փառս Հայր Աստուծոյ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգու, Որին փառք, պատիւ եւ զօրութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մերկեռիոս զօրավարին յիշատակում է Յիսնակի երկրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Գենարիոս եպիսկոպոսի, սուրբ Յակովիկ բազմահատ վկայի եւ սուրբ Իրաւափառի հետ:
[1] Հերմէսը փայլածու մոլորակն է, Մերկուրին:
[2] Մատթ. Ժ 28:
[3] Սաղմ. ՃԺԷ 5:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: