Շնորհեա մեզ Քրիստոս Թագաւոր.
Կատարել ի հաճոյս Քո զյիշատակ սրբոցն.
Եւ օրհնել զանուն Քո սուրբ:
Որք հեղման Քո սուրբ արեան.
Եւ չարչարանաց Քոց՝ եղեն հաղորդ սուրբ վկայքն.
Եւ լուսաւորիչք աշխարհի:
Սոքօք միշտ աղաչեմք.
Եւ փառաւորեմք անդադար երգով օրհնութեամբ
Սուրբ զԵրրորդութիւնդ համագոյ:
(Շարակնոց)
Վկաների մէջ հռչակաւոր, Քրիստոսի հրաշագործ, քաջ եւ անարատ զօրական սուրբ Մինասն ազգութեամբ եգիպտացի էր եւ ծնուել է Եգիպտոսում: Հոգով եւ մարմնով գովելի մի մարդ էր՝ առաքինի, հզօր, բարետես եւ քրիստոնէական հաւատքով: Նա զինուորագրուած էր Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս թագաւորների զօրքում՝ Փիրմիլիանոս զօրապետի իշխանութեան տակ եւ նշանաւոր էր Ռուտիլիակաց գնդում, որ գտնւում էր Փռիւգիայի մայրաքաղաք Կուտիայում: Իբրեւ լուսաւոր աստղ՝ նա փայլում էր հեթանոսների մէջ եւ աչքի ընկնում իր առաքինութիւններով:
Այդ օրերին սաստիկ հալածանքներ սկսուեցին քրիստոնեաների դէմ: Արքունի հրովարտակի հրամանը հասաւ նաեւ Կուտիա քաղաք, որն ունէր այս բովանդակութիւնը. «Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս յաղթող թագաւորներից բոլորիդ, որ մեր իշխանութեան տակ էք, ողջո՛յն: Թող աստուածներից ձեզ բազում լիութիւն եւ առատութիւն տրուի, որի համար մենք լաւ համարեցինք ջանասիրաբար եւ անխափան կատարել նրանց պաշտամունքը իրենց տաճարներում: Թող այս կերպով բոլոր տեղերում իշխաններն ու քաղաքապետերը հրամայեն ժողովրդին կատարել աստուածների պաշտամունքը: Բոլոր տեղերում տղամարդիկ եւ կանայք՝ իրենց զաւակներով հանդերձ, թող անխափան պատիւ եւ զոհեր մատուցեն աստուածներին: Իսկ եթէ մէկը կը հակառակուի մեր հրամաններին, ապա մեր քաջութիւնը հրամայում է բոլոր տեսակի տանջանքներով եւ չարչարանքներով զրկել նրան կեանքից»:
Եւ այսպէս այս հրամանը տարածուեց բոլոր տեղերում: Սաստիկ ահից տագնապած եւ խռովայոյզ հաւատացեալներն այս ու այն կողմ էին փախչում, որպէսզի կարողանային փրկել իրենց անձերը, սակայն շատերն ընկնում էին չարի արբանեակների՝ հալածողների ձեռքը, որոնք սաստիկ խոշտանգումներով եւ տանջանքներով նեղում էին նրանց ու ստիպում կատարել ինքնակալների կամքը: Քաջ եւ առաքինի անձինք վկայաբանում էին՝ արհամարհելով տանջանքներն ու մահը, իսկ տկարներն ու երկմիտները դուրս էին մնում մրցապայքարից:
Երբ սուրբ Մինասը հազարապետից լսեց թագաւորների այս անօրէն հրամանի մասին, որոշեց թողնել զինուորական ծառայութիւնը: Նա լռել յայն հանեց իր զինուորական գօտին եւ ինքնակամ հեռացաւ Կուտիա քաղաքից: Գնաց մի անապատ վայր՝ լաւ համարելով բնակակից լինել վայրի գազաններին, քան կցորդ լինել կռապաշտների ամբարշտութեանը: Եւ այնտեղ, որպէս առանձնացած միայնակեաց, գիշեր թէ ցերեկ անդադար փառաբանութեամբ օրհնում էր Աստծուն՝ ապրելով բուսակերութեամբ, պահեցողութեամբ, խարազնազգեստ ճգնակեցութեամբ եւ մաքրուելով հոգով՝ արժանանում էր աստուածային լուսաւորութեանը:
Անցան երեք տարիներ: Տեսնելով, որ հետզհետէ շարունակւում են քրիստոնեաների հալածանքները, եւ սուրբերից շատերը պսակւում են մարտիրոսութեամբ, նրա սիրտը բոցավառուեց նահատակութեան ցանկութեամբ: Ապա Քրիստոսի զօրութեամբ եւ շնորհով վերադարձաւ Կուտիա քաղաք, որտեղ քաղաքի Պիւռոս Արքուրիկոս դատաւորը հրամայել էր ի պատիւ կուռքերի՝ ուրախ տօնակատարութիւն անել: Չգտնելով իր նախկին զօրապետին՝ մտաւ հրապարակ (ինչպէս որ յետոյ արեց սուրբ Գորդիոս հարիւրապետը) եւ այնտեղ յանդիմանեց հեթանոսների մոլորութիւնը՝ յայտնելով իր անձը որպէս քրիստոնեայ եւ երբեմնի զինուորական: Այս մասին լուրը հասաւ դատաւորի ականջին, եւ հէնց նոյն օրը նա հրաման տուեց պահել նրան արգելարանում:
Յաջորդ օրը դատաւորը կանչեց նրան ատեանի առաջ եւ սկսեց հարցաքննել՝ ասելով. «Ինչպէ՞ս համարձակուեցիր մտնել բազմութեան մէջ եւ քեզ համարձակ քրիստոնեայ կոչել»: Իսկ սուրբ Մինասը՝ լցուած Սուրբ Հոգով, պատասխանեց դատաւորին. «Ճշմարիտ Աստծուն պէտք է այդպէս խոստովանել, որովհետեւ Նա լոյս է, եւ Նրանում խաւար չկայ: Նրա առաքեալը ուսուցանել է մեզ՝ արդարանալու համար հաւատալ սրտով եւ փրկութեան համար խոստովանել բերանով»: Պիւռոսն ասաց. «Ո՛վ Մինաս, մի՛ կորցրու այս քաղցր կեանքը եւ մի՛ փոխիր բոլորին ցանկալի այս կեանքի լոյսը վաղահաս եւ դառը մահուան հետ, այլ ընդունի՛ր իմ յորդորը. ինքնակալների հրամանով մեզ հետ հաղորդակից եղիր աստուածների պաշտամունքին, եւ դու կը վերադառնաս քո նախկին պատուին ու կը հասնես առաւել շքեղ ու պատուաւոր աստիճանի»: Քաջ նահատակը ժպտաց դատաւորի մանկամիտ խոստումների վրայ եւ ասաց. «Չկայ որեւէ համեմատութիւն երկնաւոր եւ երկրաւոր բարիքների միջեւ, ամբողջ աշխարհը չի կարող կշռուել մէկ հոգու հետ: Իսկ եթէ դու կամենում ես ինձ շնորհ անել, ապա ինձ փորձութեան ենթարկիր տանջանքներով, որոնք ինձ համար ճշմարիտ փառքի եւ երանութեան առիթներ կը լինեն»:
Այնժամ բարկացած իշխանի հրամանով պրկեցին նրա մարմինը եւ ուժգին հարուածեցին արջառաջլերով, մինչեւ որ նրա արիւնը ծածկեց գետինը: Սուրբը գոհանում էր Աստծուց եւ խնդրում տոկալ ու համբերել տանջանքներին: Բռնաւորի ծառաները ստիպում էին սուրբին՝ ընդունել դատաւորի կամքը: Պեգասիոս անունով իշխանաւորներից մէկն էլ Մինասին ասաց. «Տեսնո՞ւմ ես անհնազանդութեանդ վնասները: Արդ, քանի դեռ մաս-մաս չի եղել ամբողջ մարմինդ, յանձն առ զոհ մատուցել առաջիկայ պատեհ ժամին, որ թերեւս քո Աստուածը, տեսնելով քո անտանելի նեղութիւնները, ների քեզ հարկադրուած հնազանդութեանդ համար»:
Այս անարժան խօսքերն առաւել դառնակսկիծ ցաւ պատճառեցին սուրբին, քան գանահարութիւնները: Նա խոժոռադէմ նայեց իր չար խրատատուներին եւ ասաց. «Հեռացէ՛ք ինձնից բոլորդ, որ անօրէնութիւն էք գործում, քանզի ես եմ զոհաբերւում, զոհաբերւում եմ իմ Աստծուն որպէս օրհնութեան պատարագ, Նրան, Ով օգնում է ինձ այս չարչարանքները ուրախութիւն համարել: Աստուած իմ օգնականն է: Նա է ինձ զօրացնում տանջանքների մէջ եւ ամօթով թողնում ձեզ ու իշխաններին, որ ստիպում էք Աստուծոյ ծառայիս հեռանալ Աստծուց եւ ձեզ հետ ուղեւոր լինել կորստեան ճանապարհով, որ տանում է դէպի յաւիտենական տանջանքները»: Իշխանը հարցրեց. «Մի՞թէ իսկապէս չզգացիր դառն ու անողորմ հարուածները»: Մինասը պատասխանեց. «Բնաւ մի՛ ակնկալիր, որ դաժան տանջանքների միջոցով կը յաղթես իմ իմաստուն խորհուրդներին, որովհետեւ մեծ Թագաւորի ուժն ու զօրութիւնն ինձ հետ են»:
Այնժամ իշխանը հրամայեց կախել սուրբին փայտից եւ քերել նրա մարմինը: Մունետիկն աղաղակում էր ու ասում. «Բացի մեր թագաւորներից այլ մէկին թագաւոր մի՛ խոստովանիր», իսկ երանելի Մինասն ասաց. «Մի՛ հայհոյէք երկնաւոր եւ անմահ Թագաւորին՝ հաւասարեցնելով Նրան մահկանացուների հետ: Նա է մեծ Թագաւորը ամբողջ երկրի վրայ եւ Աստուածը, Ով իշխանութիւն ունի իշխանութիւնների վրայ»: Իշխանն ասաց. «Այդ ո՞ր Աստուածն է, որ ասում ես, թէ Նա է տուել իշխանութիւն թագաւորներին եւ թէ Նա է, որ իշխանութիւն ունի ամբողջ աշխարհի վրայ»: Երանելի Մինասը պատասխանեց. «Նա մեր Տէր Յիսուս Քրիստոսն է՝ կենդանի Աստուծոյ Որդին, որ առաքուեց Հօր եւ Սուրբ Հոգու կողմից ու մեզ բարի աւետիս տուեց: Երկնաւորներն ու երկրաւորները երկրպագում են Նրան, եւ բոլոր ազգերը խոստովանում, որ Յիսուս Քրիստոս Տէր է ի փառս Հայր Աստուծոյ եւ Սուրբ Հոգու»: Իշխանն ասաց. «Չգիտեմ, թէ ինչ ես խօսում աներեւոյթ, մեծամեծ եւ անհասանելի բաների մասին, սակայն ես գիտեմ, որ եթէ չհնազանդուես, թագաւորների հրամաններն անողորմ բարկութեամբ քեզ կը զրկեն կեանքից»: Երանելին ասաց. «Այդ մասին նախապէս մարգարէացել է Դաւիթը՝ ասելով. «Տէրը թագաւորեց, ժողովուրդները բարկացան: Ո՜վ Քերովբէների վրայ Նստողդ, երկիրը սասանուեց» [1]: Եւ սա ասուել է Տիրոջ տնօրինութեան մասին, որը չես կարող հասկանալ քո խաւար մտքով, որովհետեւ սուրբ Աւետարանի խօսքերը յիմարութիւն են կորուսեալներիդ համար, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ կեանքի նորոգութիւն: Այդ պատճառով համբերում ենք ամէն ինչին, ինչպէս Պօղոս առաքեալն է ասել՝ ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը: Եւ այլ բոլոր վտանգներն ու պէս-պէս տանջանքները չեն կարող յաղթել Աստուծոյ ծառաներին»:
Այնժամ իշխանը հրամայեց աղ ցանել նրա վէրքերի վրայ եւ շփել մազեղէն քուրձով, իսկ Աստուծոյ անպարտելի սուրբը, որ մտքով Աստուծոյ հետ էր, օրհնում էր Նրան: Բոլորը զարմանում էին սուրբ վկայի համբերութեան վրայ: Իշխանն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այդպէս յամառելով մնում տանջանքների մէջ»: Երանելի Մինասը պատասխանեց. «Ինձ ուժ ու զօրութիւն է տալիս իմ Թագաւորը եւ Աստուածը, որպէսզի յաղթեմ քո ամենաչար հնարքներին ու արժանի լինեմ անսուտ խոստումներին, որոնք աչքը չի տեսել, ականջը չի լսել, եւ մարդու սիրտը չի ընկել, եւ որ պատրաստել է Աստուած՝ Իր սիրելիների համար»: Իշխանն աւելի բարկացաւ եւ հրամայեց հրով այրել Աստուծոյ ծառային: Կրակով ու բոցերով այրեցին ու խորովեցին սուրբի մարմինը, սակայն նա ոչինչ չէր ասում, այլ մտովի աղաչում էր Աստծուն զօրացնել իրեն: Նա կանգնած էր զուարթադէմ՝ արհամարհելով իր բոլոր ցաւերը:
Իշխանն ասաց նրան. «Ո՛վ թշուառական եւ վայրենաբարոյ, դու մարդկային բնութիւնից վեր ի՞նչ զօրութիւն ունես»: Երանելի Մինասը պատասխանեց. «Աստուած է, որ զօրացնում է ինձ եւ իրագործում մարգարէների խօսքերը, թէ՝ «Կ՚անցնես հրի միջով՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի» [2]: Ոչինչ է այս անցաւոր հուրը անշէջ հրի առաջ: Եւ նաեւ մեր Տէրն ասում է. «Մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք նրանից, ով կարող է սպանելուց յետոյ գցել յաւիտենական հրի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նրա կամարարների համար» [3]»: Իշխանը զարմացաւ սուրբի այս իմաստուն եւ զօրաւոր պատասխանից ու ասաց. «Լինելով ծառայած բանակում եւ զինուորական կարգի մէջ՝ որտե՞ղ ես ուսանել այդ խօսքերը, որոնք չեն սովորեցնում դպրոցներում»: Մինասը պատասխանեց. «Սրանք Քրիստոսի խօսքերն են, Ով նաեւ ասել է՝ Ես ձեզ իմաստութիւն կը տամ՝ խօսելու արժանին դատաւորների եւ թագաւորների առաջ»: Իշխանն ասաց. «Մի՞թէ ձեր Քրիստոսը գիտէր, որ այդ դէպքերը պիտի պատահեն ձեզ»: Մինասը պատասխանեց. «Այո՛, քաջ գիտէր, որովհետեւ նա ամենագէտ Աստուած է»:
Երբ իշխանը տեսաւ, որ չի կարողանում պատասխանել սուրբին կամ զարհուրեցնել նրան տանջանքներով, դարձեալ սկսեց խորամանկելով հնարքներ բանեցնել ու ասել. «Կը ցանկանա՞ս մի քանի օր ժամանակ տամ, որպէսզի մտածելով կեանքիդ մասին՝ գաս դէպի բարին, փոխես կամքդ եւ կատարես թագաւորների հրամանները»: Երանելին պատասխանեց. «Մտածել եմ բազմաթիւ անգամ եւ ճանաչել ճշմարտութիւնը, այն է՝ պաշտել կենդանի Աստծուն եւ քայլել Նրա ճանապարհով, նաեւ չպաշտել դեւերին կամ ընդունել թագաւորների այն հրամանները, որոնք մերժուած են կենդանի Աստուծոյ կողմից»: Բարկացած իշխանը հրամայեց սաստիկ բրածեծ անել, ջարդել նրա պարանոցն ու ծնօտը եւ շղթայակապ բանտ նետել:
Օրեր անց դարձեալ հարցաքննելով եւ տեսնելով երանելու ի Քրիստոս հաստատակամութիւնը՝ հրամայեց գետնի վրայ երկաթէ տատասկներ լցնել ու երանելուն քայլել տալ դրանց վրայով: Սուրբի արիւնը ծածկում էր ամբողջ գետինը, բայց նա ոչինչ չէր ասում, այլ ասես թէ շրջում էր փափուկ ծաղկաւէտ դաշտում եւ գոհանում ու օրհնում էր Աստծուն: Եղիոդորոս անունով մի դեսպանապետ, որ գտնւում էր այդտեղ, Պիւռոս իշխանին ասաց. «Չգիտե՞ս, որ քրիստոնեաները հպարտ են, եւ իրենց Աստուծոյ համար մահը կեանքից քաղցր է թւում: Վճիռ արձակիր դրա համար եւ որպէս անմիտ մահապարտի՝ սպանի՛ր դրան սրով, որովհետեւ նա արհամարհեց մեր աստուածներին եւ թագաւորներին»: Սակայն իշխանը, պարգեւներ եւ պատիւ խոստանալով, ողոքիչ խօսքերով շարունակում էր հրապուրել Աստուծոյ սուրբին: Մինասն ասաց նրան. «Ես շտապում եմ հասնել յաւիտենական Քրիստոս արքայի անանց պատուին, որ Նա խոստացաւ Իր սուրբերին: Այս պատիւն անցաւոր է, իսկ այն՝ յաւիտենական, որը մեզ անանց լոյսի եւ յաւիտենական կեանքի ժառանգորդներ պիտի դարձնի բոլոր սուրբերի հետ միասին»:
Իշխանը, տեսնելով նրա ի Քրիստոս անսասան հաւատքը եւ անփոփոխ միտքը, հրամայեց երանելուն սրով սպանել: Սուրբը վճիռն ընդունեց ուրախութեամբ եւ ամուր մտքով, որովհետեւ նա ցանկանում էր ելնել մարմնից եւ մտնել Աստուծոյ մօտ, Որին փափագում էր: Երբ նրան տարան նահատակութեան վայրը, աչքերը երկինք բարձրացնելով եւ ձեռքերը տարածելով՝ ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր, որ արժանացրեցիր ինձ մեռնել Քո սուրբ անուան համար, որ Քո զօրութիւնը չլքեց ինձ, եւ Քո շնորհների պարգեւները չհեռացան ինձնից: Դու օգնեցիր հաստատապէս տոկալ պէս-պէս տանջանքների մէջ, որոնց ես մատնուեցի, եւ հաստատուն ու անշարժ պահեցիր իմ միտքն ու խորհուրդները՝ ի սէր Քո Աստուածութեան: Եւ արդ, Տէ՛ր, թող Քո զօրութիւններն ու շնորհները չհեռանան ինձնից, որպէսզի կարողանամ արիութեամբ եւ ճշմարիտ խոստովանութեամբ աւարտել իմ ընթացքը եւ արժանի լինեմ Քո վկաների հետ ժառանգել անպատում կեանքը՝ փառաւորելով Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»: Ապա ծնրադրելով սրին մատուցեց իր պարանոցը, եւ բռնաւորի հրամանով իսկոյն կտրեցին երանելու գլուխը:
Այսպէս սուրբ Մինաս Եգիպտացին նահատակուեց ի փառս եւ ի գովութիւն Աստուծոյ, որը եղաւ Տիրոջ 303 թուականի նոյեմբեր ամսի տասնմէկին: Անօրէն իշխանը հրամայեց այրել սուրբի մարմինը: Հաւատացեալները հաւաքեցին հրից մնացած նշխարները եւ անմոռաց յիշատակով պահեցին մի ծածուկ տեղում, մինչեւ որ դադարեցին հալածանքները: Սուրբ վկայի անունով կառուցուեց վկայարան, որտեղ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ՝ սուրբի բարեխօսութեամբ բժշկութիւններ էին լինում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Մինաս Եգիպտացու յիշատակը կատարում է Խաչվերացի իններորդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետի, Բուրայ քահանայի եւ Շինու սարկաւագի հետ:
[1] Սաղմ. ՂԸ 1:
[2] Ես. ԽԳ 2:
[3] Հմմտ. Մատթ. Ժ 28:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: