ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Որ յանստուեր ի լուսոյն ընկալար զծագումն շնորհաց.

ո՛վ երանելի տէր Յովհաննէս.

Եւ հրաշազարդ գտար յերջանիկ դասս առաքելոցն.

Հայցեա՛ ի Տեառնէ զթողութիւն յանցանաց:

Որ փարեցար զսարսափելի պարանոցաւն զանմատոյց լուսոյն.

Եւ մաքրեցար որպէս զոսկի ի հուր,

Լուսազարդեալ երեւեցար ի մէջ սրբոցն որպէս յաստեղս արեգակն.

Հայցեա՛ ի Տեառնէ զթողութիւն յանցանաց:

Որ ի կենդանի աղբերէն արբեր զբղխումն շնորհաց.

Եւ ի թեւս Հոգւոյն հասեր զանիմանալին.

Աւետարանեցեր մշտնջենաւորակից Հօր զԷակից Որդին.

Հայցեա՛ ի Տեառնէ զթողութիւն յանցանաց:

(Շարակնոց)

 

Ըստ հայրերի եւ վկայագիրների միաբան աւանդութեան՝ երբ Փրկիչը սուրբ Աստուածածնին յանձնեց Իր սիրելի աշակերտ Յովհաննէսին՝ Որոտման որդուն, մինչեւ սուրբ Աստուածածնի երկինք վերափոխուելը Յովհաննէսը սրբուհուն սպասաւորելու համար մնաց Երուսաղէմում եւ ապա քարոզչութեամբ շրջեց արեւելքի զանազան վայրերում, առաւելապէս Փոքր Ասիայում, եւ այնտեղ էլ՝ Եփեսոսում, հաստատեց իր Աթոռը: Ոմանք ասում են, թէ նա միառժամանակ շրջել է մինչեւ Հայաստան եւ Պարսկաստան, պարթեւների երկիրը եւ Հնդկաստան, ու ըստ այդմ՝ Օգոստինոսը եւ իր նախորդները համարում են, թէ Յովհաննէսն իր առաջին ընդհանրական թուղթը գրել է պարթեւների երկրում:

 

Արդ, ասում են, թէ երբ սուրբ Յովհաննէսը եկաւ Եփեսոս, նախ աղօթքներով հիմնայատակ աւիրեց Ամազոնաց կոչուող մեհեանը եւ այլ հրաշագործութիւններով, իր աստուածաբան քարոզչութեամբ ու հրեշտակային վարքով հելլենացիներից շատերին հեթանոսութիւնից աստուածպաշտութեան դարձրեց: Դոմետիանոս կայսեր օրօք, որը թագաւորում էր Վեսպասիանոս եւ Տիտոս կայսրերից յետոյ, երանելի Յովհաննէսը շրջում էր Ասիայում ու աւետարանում Քրիստոսին: Նրա մասին լուրը հասաւ կայսրին, որի հրամանով բռնեցին նրան ու կապանքներով Հռոմ ուղարկեցին: Երբ այնտեղ առաքեալը յանդիմանեց հեթանոսական կուռքերի պաշտամունքները, նրան գցեցին եռացող ձէթի կաթսայի մէջ, բայց նա անվնաս ելաւ այնտեղից: Եւ այլ մեծամեծ նշաններ գործելու համար Դոմետիանոս կայսրն արտաքսեց նրան Էգեյեան ծովի Պատմոս կղզին, ինչպէս որ աւանդում են բոլորը, որը նաեւ յիշատակուած է նրա «Յայտնութեան» գրքում:

 

Այստեղ մեր «Ճառընտիր»-ն առաքեալի Պրոխորոն աշակերտի բերանով պատմում է, թէ Պատմոս կղզում կար մի կախարդ, որը բնակիչների կողմից համարւում էր իրենց աստուածներից մէկը: Նրա անունը Կինոպաս էր: Սա, տեսնելով Յովհաննէսի գործերը, որը խօսքով եւ զօրութեամբ իրեն գերազանցելով՝ կործանում է կուռքերի տաճարները եւ աւերելով Արտեմիդայի եւ Ապոլոնի արձանները՝ համարձակ քարոզում է Քրիստոս Աստծուն, որոշեց դեւերի ձեռքով սպանել Քրիստոսի սուրբ առաքեալին ու աւետարանչին, սակայն Կինոպասի բոլոր հնարքներն ի դերեւ ելան: Նա ցոյց էր տալիս նաեւ դիւային այլ խաբեպատիր նշաններ, սակայն յաղթուեց եւ ամօթահար եղաւ ճշմարիտ սքանչելիքների առաջ, որ գործում էր Աստուած Յովհաննէսի միջոցով: Կախարդը չարաչար կորստեան մատնուեց, եւ Պատմոսի բնակիչների մեծամասնութիւնը հաւատաց Աստծուն, որովհետեւ նրանք ճշմարտապէս ճանաչեցին Քրիստոսի հզօր զօրութիւնը:

 

Դոմետիանոսի վախճանից յետոյ թագաւորեց Ներուա կայսրը, որը իմաստուն եւ խաղաղասէր այր էր: Նա չէր արգելում քրիստոնէական վարդապետութիւնն ու չէր հակառակւում քրիստոնեաներից որեւէ մէկին: Լսելով Յովհաննէսի մասին, թէ նա մի առաքինի եւ սքանչելի այր է, առանձին հրովարտակ գրեց աքսորից նրա վերադարձի եւ Եփեսոսում իր Աթոռին նստելու համար: Իմանալով այս մասին՝ Պատմոսի բնակիչները, որոնցից շատերն աշակերտել էին Յովհաննէսին, խումբ-խումբ հաւաքուած եկան նրա մօտ եւ խնդրեցին ամբողջ կեանքում չհեռանալ իրենցից: Յովհաննէսը նրանց ասաց. «Որդեակնե՛ր, այդպիսի ծանրութիւն մի՛ դրէք իմ հոգու վրայ: Քրիստոս Իր կամքով ինձ ուղարկեց այստեղ՝ ձեզ լուսաւորելու համար եւ այժմ հրամայում է Եփեսոս վերադառնալ՝ այնտեղի մեր եղբայրների հոգիների շատ հիւանդութիւնների համար»: Այնժամ նրանք ընկան իրենց երեսների վրայ, արտասուելով աղաչեցին Յովհաննէսին ու ասացին. «Բարի՛ վարդապետ, քանի որ չես կամենում մնալ այս կղզում եւ մտածում ես մեզ որբ թողնել, ապա տո՛ւր մեզ այն բոլոր նշանների, սքանչելիքների ու խօսքերի գրաւոր պատմութիւնը, որ դու տեսար Աստուծոյ Որդուց ու լսեցիր Նրա սուրբ բերանից, որպէսզի մոլորուելով չհեռանանք Նրանից եւ քո լուսաւոր վարդապետութիւնից, այլ հաստատուն եւ անսասան մնանք»: Յովհաննէսը նրանց ասաց. «Լսէ՛ք, լոյսի՛ որդիներ: Արդարեւ, մինչ այս պահը կենդանի խօսքով ինձնից լսեցիք այն նշանների մասին, որ մեր աչքի առաջ գործեց Աստուծոյ Որդին: Լսեցիք նաեւ այն խօսքերը, որ Նա խօսեց ինձ եւ միւս առաքեալների հետ՝ աշխարհին քարոզելու համար: Եւ մենք, ընդունելով Նրանից, աւետարանեցինք ու քարոզեցինք Նրա աստուածութեան մասին: Արդ, մնացէ՛ք դրա մէջ, քանզի այդ բաւական է ձեզ յաւիտենական կեանք ունենալու համար»: Յովհաննէսն ասաց այսպէս, որովհետեւ բաւական էր համարում երեք աւետարանիչների՝ Մատթէոսի, Մարկոսի եւ Ղուկասի գրքերը, որոնք սկսել էին տարածուել աշխարհում՝ բոլոր առաքեալների եւ աշակերտների կենդանի քարոզչութեամբ: Բայց երբ շատ ստիպեցին երանելուն, նա ասաց. «Որդեակնե՛ր, իւրաքանչիւրդ գնացէք ձեր տուն, իսկ ես կը խնդրեմ Տիրոջը, եւ եթէ Նա հրամայի ինձ, ապա կը կատարեմ ձեր խնդրանքը»: Եւ նրանք, խոնարհուելով սուրբի առաջ, ուրախութեամբ գնացին իրենց տները:

 

«Եւ վերցնելով ինձ, - գրում է Պրոխորոնը, - մօտ մէկ մղոն դուրս եկանք քաղաքից եւ հասանք մի խաղաղ վայր, որ "Դադար" էր կոչւում: Այնտեղ կար մի փոքր լեռ, որը բարձրանալով մենք վեց օր դադար առանք: Յովհաննէսն այդ օրերն անցկացրեց առանց կերակրի՝ Աստծուն աղօթելու եւ եղբայրների համար բարի աւետարան հայցելու համար: Չորրորդ օրը նա ասաց ինձ. "Պրոխորո՛ն, որդեա՛կ, գնա՛ քաղաք եւ բե՛ր այստեղ մագաղաթ եւ թանաք: Եւ թող եղբայրներից ոչ ոք չիմանայ, թէ մենք որտեղ ենք: Երկու օր դու մնա այնտեղ եւ ապա լռելեայն արի ինձ մօտ": Եւ ես այդպէս արեցի: Երբ վերադարձայ, նրան աղօթքի մէջ գտայ: Նա ասաց ինձ. "Վերցրո՛ւ թանաքդ եւ մագաղաթդ ու կանգնիր իմ աջ կողմում": Եւ ես արդպէս արեցի: Եւ փայլատակում ու սաստիկ որոտ եղաւ: Տեղանքը շարժուեց, եւ ես, սարսափած ու մահու չափ ահաբեկուած, ընկայ երեսիս վրայ: Այնժամ Յովհաննէսը խոնարհուելով բռնեց իմ ձեռքից, բարձրացրեց ինձ, նստեցրեց իր աջ կողմում ու սկսեց աղօթել: Աւարտելով այն՝ ասաց ինձ. "Տե՛ս, որդեա՛կ, զգուշութեամբ գրիր առ այն ամենը, ինչ որ կը լսես իմ բերանից": Եւ աչքերը երկինք բարձրացնելով՝ բացեց իր բերանն ու սկսեց ասել. "Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստուծոյ մօտ էր, եւ Բանը Աստուած էր ..."[1]: Եւ ըստ կարգի՝ յոտնկայս աւետարանեց ամբողջ աւետարանը, իսկ ես նստած գրի առայ: Աւարտելով աստուածային խօսքերը՝ մտանք քաղաք եւ գնացինք Սոսիպատրոսի տուն: Մեծ ուրախութեամբ ընդունելով մեզ՝ մեր առջեւ բազմազան կերակուրներով սեղան բացեցին, եւ մենք կերանք ու խմեցինք: Յաջորդ օրը Յովհաննէսը Սոսիպատրոսին ասաց. "Սոսիպատրո՛ս, որդեա՛կ, ձեռք բեր մաքուր եւ ընտիր մագաղաթներ եւ բե՛ր մեզ՝ աստուածային սուրբ աւետարանը գրելու համար": Եւ նա գնաց, կատարեց խնդրանքն ու բերեց: Այնժամ Յովհաննէսն ասաց ինձ. "Որդեա՛կ իմ Պրոխորոն, վերցրու մագաղաթները, նստի՛ր այստեղ, ձեւաւորի՛ր եւ դրա վրայ մաքրագրի՛ր այդ աւետարանը": Եւ ես մեծ զգուշութեամբ արեցի այնպէս, ինչպէս ինձ հրամայեց:

 

Այնուհետեւ աւետարանիչը, ուսուցանելով հաւատացեալների բազմութեանը, եպիսկոպոսներ եւ քահանաներ կարգեց կղզում: Վերցնելով աւետարանը՝ տարանք դրեցինք եկեղեցում, եւ ապա Յովհաննէսը եղբայրներին պատուիրեց հաւաքուել: Եւ երբ եկան, ասաց ինձ. "Վերցրո՛ւ այդ աւետարանը եւ ընթերցի՛ր այն եղբայրների համար": Եւ ես վերցնելով ընթերցեցի այն ի լուր ամենքի: Ընդունելով մեծ ցնծութեամբ՝ բոլորը փառաւորեցին Աստծուն, իսկ Յովհաննէսն ասաց նրանց. "Վերցրէ՛ք, եղբայրնե՛ր, այն ընդօրինակէ՛ք ըստ նոյն օրինակի ու դրէ՛ք այս կղզու բոլոր եկեղեցիներում": Եւ նրանք վերցրեցին յստակ գրուած մագաղաթեայ գիրքը, կազմեցին այդպէս, իսկ առաջին օրինակը, որ գրել էինք մագաղաթի վրայ, վերցրեցինք մեզ հետ: Եւ Յովհաննէսն ինձ ասաց. "Պրոխորո՛ն, որդեա՛կ, նախքան մեր Եփսոս գնալը, եկ գնանք այլ երկրներ, որպէսզի այնտեղ եւս քարոզենք այդ սուրբ աւետարանը": Եւ հեռանալով այնտեղից՝ մենք վեց ամիս շրջում եւ ուսուցանում էինք բոլորին: Մի գիւղում հեթանոսական տաճարի մի քուրմ կար, որի որդին կոյր էր: Քրիստոսի առաքեալը բռնեց նրա ձեռքից ու ասաց. "Լուսաւորուի՛ր Յիսուս Քրիստոսի անունով": Եւ իսկոյն լուսաւորուեցին նրա աչքերը: Այնժամ տղայի հայրը հաւատաց: Յովհաննէսը վերցրեց նրանց, ու գնացինք նրանց տուն: Քարոզելով նա մկրտեց նրանց ու ամբողջ ընտանիքին Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով եւ ապա դարձեալ քաղաք մտանք»:

 

Այնուհետեւ Պրոխորոնը պատմում է, թէ ինչպէս էր մէկ ուրիշ անգամ աւետարանիչը տասն օր առանձնացել մի հանդարտ վայրի քարայրներից մէկում: Ապա Պրոխորոնին քաղաք ուղարկելով՝ եւս տասն օր առանց կերակրի մնացել է այնտեղ ու տեսել այն հրաշալի տեսիլքը, որ գրուած է «Յայտնութեան» գրքում, որը, ինչպէս աւետարանը, գրի է առնուել է Պրոխորոնի կողմից եւ նոյնի օրինակն աւետարանչի կողմից թողնուել Պատմոս կղզում:

 

Այնուհետեւ մէկ տարի անց մի օր Յովհաննէսը եկեղեցու հրապարակում հաւաքուած բազմութեանն ասաց. «Տեսէ՛ք, եղբայրնե՛ր եւ որդինե՛ր, զգուշութեամբ պահէք այն լուսաւոր վարդապետութիւնը, որ ձեր ամբողջ սրտով ընդունեցիք ինձնից եւ ջանացէք ողջամտութեամբ կատարել Քրիստոսի պատգամները: Կատարելապէս եղէք լուսոյ որդիներ, որովհետեւ ահաւասիկ մօտեցել է ձեզնից բաժանուելու եւ Եփեսոս նաւելու իմ ժամը»: Եւ երբ նրանք արտասուքներով ասացին. «Մեր բարի՛ հայր, որբ մի՛ թող քո ծառաներին ու որդիներին», պատասխանեց. «Իմ սիրելի բարեմիտ ուստրե՛ր եւ դուստրե՛ր, ուրախ եղէք մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որովհետեւ Նա է ինձ հրամայել Եփեսոս գնալ»:

 

Եւ յաջորդ օրը Եփեսոս գնացող պատրաստ նաւ գտանք, աղօթելով բաժանուեցինք եղբայրներից ու նաւ մտանք: Նաւելով տասնչորս օր՝ հասանք մի վայր, որ մօտ էր Եփեսոսին տասը մղոն հեռաւորութեամբ: Դուրս եկանք ցամաք, գնացինք եւ քաղաք մտանք, իսկ եղբայրներն իմանալով մեծ ուրախութեամբ հաւաքուեցին այնտեղ, ուր նստած հանգստանում էինք: Եւ Դոմնոս Եփեսացին՝ Դէոսկորիդի որդին, գալով մեզ իր տուն տարաւ: Նրա հայրը, որը երբեմն հիւրընկալում էր Յովհաննէսին, վախճանուել էր: Մենք իջեւանեցինք այնտեղ: Գալիս էին բոլոր եղբայրները, ուսանում Յովհաննէսից, եւ բոլոր եփեսացիներն ընդունեցին Յովհաննէսի բոլոր խօսքերն ու գործերը:

 

Այստեղ Պրոխորոնը ժամանակների այսպիսի հաշուարկ է տալիս: Գրում է, թէ երբ առաջին անգամ Երուսաղէմից եկանք Ասիա, Յովհաննէսը յիսուն տարեկան էր, իսկ ես՝ երեսուն: Ինը տարի քարոզեցինք Եփեսոս քաղաքից դուրս եւ նախքան մեր աքսորուելը՝ տասնհինգ տարի էլ Եփեսոսում: Աքսորավայրում՝ Պատմոս կղզում, մնացինք տասնեօթ տարի եւ վեց տարի էլ՝ աքսորավայրից Եփեսոս գալուց յետոյ: Եւ այս հաշիւը ճշտւում է՝ նայելով Տրայիանոսի առաջին տարում աքսորից վերադառնալու տարեթուին, որ եղաւ նրա նախորդ կայսեր՝ Ներուայի հրամանով, որը թագաւորեց մի երկու տարի՝ Տիրոջ 96 եւ 97 թուականներին: Ուստի եւ աքսորը Պատմոս կղզում լինում է Դոմետիանոս կայսեր առաջին տարում, այսինքն Տիրոջ 81 թուականին: Յովհաննէսի առաջին գալուստը Երուսաղէմից Ասիա Տիրոջ 57 թուականին էր, եւ այդ ժամանակ նա յիսուն տարեկան էր: Ստացւում է, որ ծնուել է Փրկչից եօթ կամ տասը տարի յետոյ, որը միաձայն է նրա վարքագրութեան ընթացքին:

 

Ինչպէս հաստատում են բոլորը, Յովհաննէսի վախճանը եղել է իննսունն անց տարիքում, եւ ժամն է այդ մասին պատմել ստորեւ:

 

Արդ, մեր մեծ «Ճառընտիր»-ը, որտեղից վերցրել ենք վերոգրեալ խօսքերը, այստեղ վերջ է դնում պատմութեանը, որում շարունակւում է Պրոխորոնի գրութեան միւս հրապարակուած հատուածը աւետարանչի հանգստեան կամ ննջման մասին: Այն սկսւում է «Երանելի Յովհաննէսը եղբայրների հետ էր ... » խօսքերով եւ կարելի է գտնել բազմաթիւ մատեաններում:

 

Կղեմէս Ալեքսանդրացին պատմում է Եւսեբիոսին, թէ երբ Պատմոս կղզուց վերադառնալուց յետոյ աւետարանը քարոզելու համար Յովհաննէսը շրջում էր ասիական Եփեսոս քաղաքի կողմերում, հանդիպեց զօրաւոր, գեղեցկատես եւ ջերմեռանդ հոգով մի երիտասարդի: Յովհաննէսը հաւանեց նրան ու եկեղեցում՝ Քրիստոսի առաջ, յանձնեց մի եպիսկոպոսի՝ բարւոք հոգ տանելու եւ նրան հաւատքով ու բարի վարքով դաստիարակելու համար: Եւ նա արեց ամէն բան: Մկրտեց երիտասարդին եւ այնուհետեւ արձակեց՝ իբրեւ հաստատուած ի Քրիստոս՝ անտեսելով նրան մեծ հոգաբարձութիւնից եւ խնամքից: Այնժամ նրա մօտ հաւաքուեցին նախկին ընկերները, հրապուրելով ձգեցին նրան հեշտասէր զեխ կեանքի մէջ եւ դարձրին նախկինից աւելի չարը, մինչեւ իսկ աւազակ, աւազակապետ ու սպանող եղաւ:

 

Պատահեց, որ Յովհաննէսը դարձեալ այդ քաղաք եկաւ ու ասաց եպիսկոպոսին. «Տո՛ւր մեզ այն աւանդը, որ ես եւ Քրիստոս տուեցինք քեզ այս եկեղեցու վկայութեամբ, որում դու ինքդ ես»: Եպիսկոպոսը սկզբում զարմացաւ, մտածելով՝ արդեօք արծաթ է խնդրում, որն ինքը չէր վերցրել, բայց երբ Յովհաննէսն ասաց, թէ այն երիտասարդին է փնտռում եւ եղբօր հոգին է պահանջում, եպիսկոպոսը դառը հոգոց հանեց եւ արտասուելով ասաց. «Նա մեռաւ»: Յովհաննէսը հարցրեց. «Ե՞րբ, ինչպէ՞ս եւ ինչպիսի՞ մահով»: Եպիսկոպոսն ասաց. «Նա մեռաւ Աստուծոյ համար, որովհետեւ այդ չար դեւը հեռացաւ Տիրոջից, աւազակ դարձաւ եւ այժմ էլ եկեղեցում լինելու փոխարէն իր նմանների հետ շրջում է լեռներում»:

 

Այս լսելով Յովհաննէսը ձեռքը գցեց իր պարեգօտին եւ պատառոտեց: Ողբաց հոգոց հանելով եւ ասաց. «Ա՜հ, "բարի՛ պահապան", որին յանձնեցի երիտասարդի հոգուն: Իսկոյն ձի բերէք եւ առաջնորդ մի այր՝ ճանապարհն ինձ ցոյց տալու համար»: Ապա իր հետ վերցրեց եկեղեցուց ոմանց եւ գնաց: Երբ տեղ հասաւ, աւազակների պահապանները բռնեցին նրան, բայց նա չփախաւ եւ չարգելեց, այլ աղաղակեց ու ասաց. «Այս իսկ պատճառով եմ ես եկել այստեղ: Տարէ՛ք ինձ ձեր առաջնորդի մօտ»: Իսկ այն երիտասարդը սպառազինուած կանգնած էր: Եւ երբ մօտեցաւ ու ճանաչեց Յովհաննէսին, ամաչեց, արձակեց նրա ոտքերն ու փախաւ: Իսկ Յովհաննէսը, մոռացած իր ծերութիւնը, բոլոր ուժերով հետապնդում էր նրան, աղաղակում եւ ասում. «Ինչո՞ւ ես փախչում, որդեա՛կ, վախենո՞ւմ ես քո ծեր հօրից: Գթա՛ ինձ, որդեա՛կ, եւ մի՛ վախեցիր, որովհետեւ կեանքի յոյս կայ քեզ համար: Քո փոխարէն ես պատասխան կը տամ Քրիստոսին: Եւ եթէ հարկ լինի մեռնել քո փոխարէն, յանձն կ՚առնեմ ուրախութեամբ եւ ցնծութեամբ ու կը համբերեմ: Ինչպէս որ մեր Տէրը յանձն առաւ մեր փոխարէն, այնպէս էլ ես կը տամ իմ անձը քո փոխարեն: Սպասի՛ր, հանդարտուի՛ր եւ հաւատա՛, որովհետեւ Տէրն է ուղարկել ինձ»: Երբ նա լսեց, նախ գլուխը խոնարհեց, ապա ցած գցեց իր զէնքերը եւ դողդողալով ու ահաբեկուած դառնապէս լաց եղաւ: Երբ Յովհաննէսը մօտեցաւ, երիտասարդն ընկաւ նրա գիրկը: Նա իր արտասուքներով թրջում էր իրեն՝ իբրեւ փրկութեան յոյս չունեցող մէկը, իսկ առաքեալը երաշխաւոր էր լինում եւ երդւում՝ ասելով. «Եթէ ես քեզ համար թողութիւն խնդրեմ մեր Փրկչից, դու քաւութիւն կը գտնես»: Նա բռնում էր աւազակապետի աջ ձեռքը, դնում իր աչքերին ու համբուրում, իբրեւ թէ նա սրբուեց ապաշխարութեան միջոցով:

 

Եւ նրան իր հետ եկեղեցի տարաւ: Նրա փոխարէն ստէպ-ստէպ պաղատանքներ եւ աղօթքներ էր մատուցում, անդադար պահեցողութեամբ տքնում եւ ջանում նրա հետ ու տարբեր վայելուչ խօսքերով մխիթարում նրան: Յովհաննէսը չգնաց այդտեղից, մինչեւ չհաստատեց նրան Տիրոջ շնորհների մէջ, ապա յանձնեց եկեղեցուն՝ տալով ճշմարիտ ապաշխարութեան ցուցանելի օրինակ:

 

Այնուհետեւ Եւսեբիոսը, օգտուելով Յովհաննէսի աշակերտ Պօղիկարպոսի աւանդութիւնից եւ առաջ բերելով՝ ըստ առաքեալների հետեւորդ Երանոսի, գրում է, թէ մի անգամ Յովհաննէսը մտաւ բաղնիք՝ լողանալու, բայց երբ իմացաւ, որ Կերինթոս աղանդապետը ներսում է, դուրս նետուեց, փախաւ այդտեղից, որովհետեւ չհանդուրժեց նրա հետ մի յարկի տակ լինել եւ իր հետ եղողներին ասաց. «Փախէ՛ք, գուցէ այս բաղնիքը փլուի, որովհետեւ այստեղ է ճշմարտութեան թշնամի Կերինթոսը»:

 

Զանազան վկայագիրների մօտ Յովհաննէս աւետարանչի մասին կան շատ այլ առանձին աւանդութիւններ: Նրանցից Հերոնիմոսը, համաձայն նրա սուրբ աւետարանի եւ թղթերի, յիշատակում է, թէ Յովհաննէսը ստէպ խրատում էր իր աշակերտներին ամէն ինչից առաւել յիշել Տիրոջ պատուիրանը միմեանց սիրելու մասին եւ իր բոլոր խօսքերում կրկնում էր. «Որդեակնե՛ր, սիրէ՛ք միմեանց, որովհետեւ սէրն Աստծուց է, եւ Աստուած սէր է»: Ուստի եւ նա՝ երանելին, կոչւում է սիրոյ աշակերտ, եւ այն աշակերտն է, որին սիրում էր Յիսուս: Եւ երբ հաւատացեալները երբեմն ասում էին նրան. «Վարդապե՛տ, միշտ սէր ես քարոզում, բայց կամենում ենք, որ խրատական այլ խօսքեր էլ մեզ որպէս թողնես յիշատակ», նա պատասխանել է. «Եթէ սէր լինի ձեր մէջ, այդ բաւական է ձեզ, եւ այլ ոչինչ պէտք չէ, որովհետեւ ամէն բան այդ պատուիրանի մէջ է բովանդակուած»:

 

Իսկ ըստ հին, անվաւեր վկայագիր Աբդիասի աւանդութեան՝ երբ հերձուածողներից ոմանք Յովհաննէսին մահաբեր թոյնով լի բաժակ են տուել, նա խաչակնքել է բաժակը, խմել է ու չի վնասուել:

 

Յովհաննէսի վարքի ընդարձակ պատմութեան մէջ կայ նաեւ հետեւեալ պատմութիւնը. «Մի հեթանոս մարդ դրամական ծանր պարտքերի մէջ էր ընկել: Պարտատէրերից նեղուած եւ անյուսութեան մէջ ընկղմուած՝ նա գնաց դեղագործ եւ դեղատու մի հրեայի մօտ՝ հնար գտնելու: Հրեան մի դեղով լի բաժակ տուեց, որպէսզի խմի եւ մահանալով ազատուի հոգսերից: Մարդն իր տուն գնաց եւ երբ ցանկացաւ ըմպել մահաբեր թոյնը, յիշեց քրիստոնեաների ուտելիքն ու ըմպելիքն օրհնելու սովորոյթը, խաչակնքեց բաժակը եւ ըմպեց: Եւ սուրբ նշանի զօրութեամբ նրան չար բան չպատահեց: Երբ նոյն բանը դարձեալ փորձելուց յետոյ եղածը պատմեց հրեային, վերջինս սթափուեց, գնաց սուրբ Յովհաննէս աւետարանչի մօտ, հաւատաց խաչեալ Քրիստոսին եւ մկրտուեց: Այնժամ Յովհաննէսը կանչեց նաեւ այն հեթանոս մարդուն ու նրան եւս դարձի բերեց: Ապա պատուիրեց բռով խոտ վերցնել ու տալ պարտատիրոջը: Խոտը նրա ձեռքի մէջ մաքուր ոսկի դարձաւ, եւ այդպէս հատուցեց իր պարտքը»:

 

Բայց մենք գանք առաւել ստոյգ աւանդութեանը, որ սուրբ աւետարանչի վերափոխման մասին է: Բոլոր հնախօսները պատմում են, թէ սուրբ Յովհաննէսը, իմանալով աշխարհից իր փոխուելու օրը, աշակերտներին իր վերջին խրատներն ու օրհնութիւնները տալուց յետոյ պատուիրեց իր համար գերեզման փորել եւ ննջեց այնտեղ` իբրեւ թէ քնով: Այս մասին ընդարձակ գրուած է ընթերցուածքի մէջ, որն սկսւում է այսպէս. «Երանելի Յովհաննէսը եղբայրների հետ էր ի Տէր մեծ ուրախութեամբ»: Եւ աւարտւում է. « ... եւ ապա ամբողջապէս խաչակնքեց իրեն ու ասաց. "Դու եղիր ինձ հետ, իմ Տէ՛ր Յիսուս Քրիստոս" եւ պառկեց փոսի մէջ՝ տարածելով իր հանդերձը: Եւ ասաց մեզ. "Խաղաղութի՛ւն ձեզ, եղբայրնե՛ր": Եւ մինչ մենք լալիս էինք, սուրբ առաքեալը եւ Յովհաննէս աւետարանիչը Տիրոջ ձեռքն աւանդեց իր հոգին»: Բոլոր վկայաբանները հին «Ճառընտիր»-ներում սրան աւելացնում են. «Եւ աշակերտները, քաղաք գնալով, յայտնեցին եղբայրներին, թէ մեր Յովհաննէս վարդապետը ննջեց: Եւ եղբայրներից ոմանք բացեցին տապանը ու գտան միայն նրա հողաթափերը, իսկ մարմինը չգտան, որովհետեւ Աստուած Իր կամքով վերափոխել էր Յովհաննէսին: Իսկ «Յայսմաւուրք»-ն ասում է. «Աւետարանչի սուրբ մարմինը չգտան, որովհետեւ կատարեալ յարութեամբ վերափոխուել էր առ Տէր, ինչպէս որ իր հոգեւոր մայր սուրբ Կոյս Մարիամ Աստուածածինը», որն ընդունելի կարծիք է: Իսկ ստոյգն անգիտելի է, եւ խորհուրդը՝ ծածուկ: Ուստի անմեկնելի է մնում նաեւ Յովհաննէսի մասին Տիրոջ ասած խօսքը Պետրոսին, թէ «Կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ Ես գամ», որն անգամ առաքեալներին էր անհասկանալի: Եւ ինքը՝ Յովհաննէսը, այդ խօսքերը մեկնելիս, անբացատրելի է թողնում՝ ասելով. «Եւ այս խօսքը տարածուեց եղբայրների մէջ, եւ համարեցին, թէ այն աշակերտը չի մեռնի»: Բայց Յիսուս նրան չասաց՝ չի մեռնի, այլ՝ «Ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ Ես գամ»: Եւ քանի որ սուրբ աւետարանչի նշխարներից որեւէ մասունք երբեւէ չգտնուեց, շատերը հաստատուեցին այս կարծիքի վրայ: Իսկ մեզ ամէն բանից առաւել կարեւոր է պատուել եւ պահել նրա աստուածաբան վարդապետութիւնը եւ սիրոյ հոգեկեցոյց խրատները, որպէսզի արժանանաք բաժնեկից լինել նրա սրբութեանը եւ երկնաւոր պսակներին մեր Տէր Յիսուս Քրիստոսով, Որին փա՛ռք յաւիտեանս. ամէն:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յովհաննէս աւետարանչին յիշատակում է միւս երեք աւետարանիչների հետ՝ ս. Խաչի Զ կիրակիին նախորդող շաբաթ օրը:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:

 

 

 

՚

 

 

[1] Յովհ. Ա 1: