ՍՈՒՐԲ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՄԱՒՈՐ ԱՂՔԱՏԻ ՎԱՐՔԸ

«Յուսացեալքն յանուն Քո սուրբ՝ պատերազմեալք յաղթեցին թշնամւոյն.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:

Որք կամաւ իւրեանց անցին ընդ հուր եւ ընդ սուր.

Եւ դասակից եղեն վերին զուարթնոցն.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց:

Արդ խնդրեմք ի Քէն Թագաւոր փառաց.

Աղաչանօք սրբոց վկայիցն խնայեա ի մեզ. Աստուած հարցն մերոց»

(Շարակնոց)

 

Քրիստոսի ճգնաւոր նահատակ Յովհաննէսը, որն աղքատացաւ Քրիստոսի համար, ծնուել է Կոստանդնուպօլսում, Թէոդոս Կրտսերի ժամանակներում, կամ ըստ շատերի՝ փոքր-ինչ ուշ, բայց ըստ ոմանց էլ՝ փոքր-ինչ առաջ. ասում են, թէ նրա հայրն ապրել է Արկադիոս կայսեր եւ Յովհան Ոսկեբերանի օրօք, եւ իբրեւ թէ երկու կամաւոր աղքատները՝ Յովհաննէսն ու Ալեքսիանոսը կամ ժամանակակիցներ էին, կամ էլ Յովհաննէսը եղել է Ալեքսիանոսի հետեւորդը մի քանի տարի անց:

 

Յովհաննէսի ծնողները թագաւորանիստ քաղաքի պատուական մեծամեծներից էին: Հայրը, որի անունը Եւտրոպիոս էր, զօրավար էր, իսկ մօր անունը Թէոդորա էր: Երկուսն էլ աստուածավախ մարդիկ էին: Նրանք երեք որդի ունէին: Երկուսին ծառայութեան տուեցին արքունիքում, իսկ կրտսերին՝ Յովհաննէսին, տանն աստուածապաշտ կարգով մեծացնելուց յետոյ տուեցին՝ սերտելու Սուրբ Գիրքը, ապա հմտանալու ճարտասանութեան եւ փիլիսոփայութեան մէջ: Մանուկ Յովհաննէսը յոյժ զօրավոր էր մտքով, եւ մինչեւ իսկ կարճ ժամանակում տիրապետեց ամբողջ ուսմունքին: Սակայն նրա սիրտն առաւել ձգտում էր դէպի աստուածայինները. սիրում էր աղօթքները, Աստուծոյ եկեղեցիները, սուրբերի վկայարանները եւ Սուրբ Գիրքն ընթերցելուց երբէք չէր ձանձրանում:

 

Երբ տասնութ տարեկան դարձաւ, ակումիտների կամ անհանգիստների վանքից՝ Բիւզանդական նեղուցի վերին սահմաններից, մի մենակեաց հանդիպեց նրան: Յովհաննէսը, տեսնելով նրա հրեշտակակերպ տեսքն ու կերպարանքը, հարցուփորձ անելով իմացաւ միաբանութեան ամբողջ կարգի մասին եւ ցանկացաւ ծնողներից գաղտնի նրանց վանք մտնել, որովհետեւ գիտէր, որ թոյլ չէին տայ իրեն: Եւ պատմեց կրօնաւորին, թէ ինչ էր կրում սրտում: «Քանի որ, - ասաց, - իմ ծնողներն ինձ առաւել են սիրում, քան երկու եղբայրներիս, այժմ կամենում են թագաւորի արքունիքում զինուորագրել ինձ սինկղիտոսների դասում, ապա ամուսնացնել ու զբաղեցնել ինձ ունայն եւ անցաւոր կեանքի հոգսերով ու զուարճանքներով: Սակայն ես, միշտ եկեղեցի գնալով եւ լսելով Աստուածաշունչ գիրքը, որն ընթերցում են, իմացայ եւ հասկացայ, որ ոչինչ է այս աշխարհի կեանքը, ամէն բան ունայն է, պատրող ու կորստաբեր եւ միայն պէտք է, որ մարդը ձեր նմանութեամբ արհամարհի այս կեանքը, փրկուի յաւիտենական հրից եւ ժառանգի անմահ յաւիտենական կեանքը: Ուստի, ո՛վ պատուական հայր, ընկնում եմ քո ոտքերը եւ աղաչում, որ քեզ հետ տանես ինձ քո վանքը եւ դասես այլ կրօնաւորների շարքում»:

 

Այնժամ մենակեացը խոստացաւ նրան կատարել իր աստուածահաճոյ խնդրանքը, երբ վերադառնայ Երուսաղէմից, որտեղ գնում էր: Կրօնաւորի գնալուց յետոյ Յովհաննէսը ցանկացաւ ունենալ մի փոքր աւետարան: Պատճառ բռնելով, թէ իր ուսումնակիցներն ընթերցում եւ լուսաւորւում են, իսկ ինքը յետ մնալով ամաչում է նրանցից, համոզեց մօրը, եւ նա էլ՝ հօրը՝ որդու համար գեղեցկագիր ու նախշազարդ աւետարան գնել: Ապա հօր հրամանով ոսկերիչն աւետարանի համար պատրաստեց թանկագին քարերով եւ մարգարիտներով զարդարուած տուփ, իսկ նկարիչը տուփի վրայ իր սքանչելի եւ չքնաղակերպ գրչով նկարեց Յովհաննէսի, նրա հօր եւ մօր պատկերները: Վերցնելով այն՝ Յովհաննէսն առանձին պահում էր իր մօտ, անյագ փափագով յաճախ ընթերցում եւ հաստատւում իր բարի մտածմունքի մէջ, մինչեւ որ մենակեացը Երուսաղէմից վերադարձաւ թագաւորանիստ քաղաք: Նրան տեսնելով՝ Յովհաննէսը շատ ուրախացաւ եւ երբ կամեցաւ իր ունեցած խորհուրդն իրագործելու համար առանձին նաւ վարձել, նաւապետը մեծ գին՝ մինչեւ հարիւր դահեկան պահանջեց, այնինչ անհանգիստների վանքը հեռու չէր, եւ ինչպէս ասում են, գտնւում էր վաթսուն ասպարէզ հեռաւորութեան վրայ:

 

Այնժամ Յովհաննէսը գնաց եւ իր ուսումնակիցների ընդունելութեան  եւ հիւրասիրութեան պատրուակով ծնողներից հարիւր դահեկան խնդրեց: Հայրը մօր միջնորդութեամբ լսեց նրան, տուեց եւ ուղարկեց իր ծառաներից մէկին՝ որպէսզի որդին, երեխայ լինելով, անմիտ չծախսի: Իսկ նա, ճանապարհին մի գործ պատճառ բռնելով, հեռացրեց ծառային, եւ ինքը գնաց մենակեացի մօտ: Պահանջած գինը տուեց նաւապետին, եւ յաջողակ հողմով իսկոյն նաւելով՝ խաղաղութեամբ հասան ակումիտների կամ անհանգիստների վանքը: Մենակեացը ամէն բան պատմեց վանահօրը, ինչպէս նաեւ Յովհաննէսի վանք մտնելու յօժարութեան մասին, իսկ վանահայրը ուրախ եղաւ եւ երանելի Յովհաննէսին ասաց. «Որդեա՛կ, դու դեռեւս փափկասուն պատանի ես, իսկ այս մենակեացների ճգնութեան կարգը խիստ է: Ուստի պէտք է քառասուն օրերի ընթացքում տեղում տեսնես ժուժկալութեան վարքականոնը եւ ապա ընդունես կրօնաւորութիւնը, մազեղէն պարեգօտը, թիկնոցը, մաշկեղէն գօտին եւ հողաթափերը»: Եւ Յովհաննէսն ասաց. «Աղաչո՛ւմ եմ քեզ, հա՛յր, այսօր՝ իսկոյն եւեթ, զգեստաւորի՛ր մեծութեանդ կողմից ասուածներով եւ կարճացրո՛ւ իմ գլխի մազերը, որովհետեւ յոյժ ցանկանում եմ ընդունել հրեշտակային այդ կերպարանքը»: Վանահայրը, տեսնելով նրա յօժարութիւնը, իսկոյն հաւաքեց մենակեացների ամբողջ դասին, նրա վրայ կատարեց արարողութեան ամբողջ կարգն ու կանոնը եւ յանձնեց նրան Աստուծոյ ամենախնամ ողորմութեանը:

 

Այնուհետեւ երանելի Յովհաննէսն սկսեց խստակրօն ճգնութեամբ եւ հաստատակամութեամբ կենցաղավարել աղօթքներով, տքնութեամբ, պահեցողութեամբ եւ ապրել հեզութեամբ, հնազանդութեամբ, եղբայրասիրութեամբ ու բարեսէր կամքով: Մշտապէս խոկում էր աստուածայինները՝ արհամարհելով ստորինները: Մինչեւ իսկ մենակեացները խիստ զարմանում էին պատանու առաքինութիւնների վրայ եւ բոլոր եղբայրներին օրինակ բերում երանելուն, թէ ինչպէս պէտք է ծառայել Աստծուն:

 

Վանահայրը նրան ասաց. «Ծայրայեղ եւ անտանելի ճգնութեան ես մատնել քեզ, որդեա՛կ: Դու չես կարող գլուխ հանել, որովհետեւ չափից աւելի քաղցը, ծարաւն ու այլ ճգնութիւնները տկարացնում եւ խափանում են ամենօրեայ աղօթքներն ու ծնրադրութիւնները, իսկ շատ արտասուքները՝ խաւարեցնում աչքի լոյսը»: Սակայն երանելին յետ չէր չէր մնում աղօթքների կարգից, իսկ պաշտամունքն անընդհատ էր, եւ մենակեացների դասերը մէկը միւսի յետեւից գիշեր թէ ցերեկ փոխարինում էին միմեանց, որի համար վանքը կրեց անքուններ կամ անհանգիստներ անունը: Միեւնոյն ժամանակ նա խիստ պահեցողութեամբ աւելի ու աւելի էր ճնշում իր մարմինը: Նրա կերակուրն ու ըմպելիքը Քրիստոսի պատուական Մարմինն ու Արիւնն էին: Ճաշակում էր շաբաթ ու կիրակի օրերին, այն էլ՝ սակաւ թրջած հաց, աղ եւ ջուր: Եւ այդպէս հրեշտակային վարքով վեց տարի ապրեց այդ վանքում: Այս բանից չարացաւ բարիատեաց բանսարկուն, որովհետեւ չկարողանալով յաղթել պատանի Յովհաննէսին, որը վառւում էր Քրիստոսի սիրով, նրա սրտում դրեց ծնողներին տեսնելու ցանկութիւնը՝ հայրական ողջ փառքով հանդերձ: Եւ այդպէս մեծ տրտմութեամբ ու հոգսերով գիշեր թէ ցերեկ վարանումների մէջ էր գցում նրան: Առանց թողնելու տքնութիւնն ու մեծ ճգնութիւնը՝ հալումաշ էր լինում, մինչեւ որ անշունչ պատկեր եղաւ:

 

Այս տեսնելով՝ վանահայրը վախեցաւ, թէ նա կը մեռնի տկարութեան պատճառով եւ ասաց նրան. «Որդեա՛կ, Աստուած մարդուց պահանջում է այնքան, որքան նա կարող է տանել»: Յովհաննէսն ասաց. «Աղաչո՛ւմ եմ քեզ, հա՛յր, հաւատա՛ ինձ: Ինչպէս որ կարծում ես, պահեցողութիւնն ու ճգնութիւնները չեն, որ մաշում են ինձ, այլ իմ մեղքերը, քանզի երկար ժամանակ է, սատանան իմ սրտում ծնողներիս կարօտի եւ ընտանիքիս ու ծառաներին տեսնելու ցանկութիւն է դրել: Սակայն ես հաստատուն յոյսով ապաւինում եմ Աստծուն եւ ձեր սուրբ աղօթքներին, որ գնալով այնտեղ՝ Տիրոջով կը յաղթեմ թշնամուն»: Վանահայրն ասաց նրան. «Որդեա՛կ, մի՞թէ նախապէս չասացի քեզ, թէ չես կարող գլուխ հանել այս ծանր ու դժուար կենցաղավարութեան մէջ: Այժմ ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ, որդեա՛կ»: Յովհաննէսն ասաց. «Հա՛յր սուրբ, աղօթի՛ր քո մենակեացների հետ, եւ Աստուծոյ ու ձեր կամքով ես կը ճանապարհուեմ, քանզի ծնողներիս կարօտն ինձ հալումաշ է անում: Ես չեմ վախենում՝ ապաւինելով միաբանութեան սուրբ աղօթքներին, այլ յոյսս դնում եմ տարակուսեալների Օգնականի վրայ, որ այնտեղ ոտքի տակ կը տամ չար վիշապի խայթոցը»: Եւ երբ բոլոր եղբայրներն իմացան, որ նա կամենում է գնալ, բոլորն արտասուեցին բաժանման համար եւ աղօթելով ճանապարհեցին նրան:

 

Մի քարընկեց[1] հեռաւորութեամբ ճամփա անցնելով՝ Յովհաննէսը շրջուեց եւ նայելով անապատին, որտեղից հեռացաւ, արտասուելով հառաչեց եւ ծունկի եկած՝ ասաց. «Մնաս բարով, սուրբ մենակեացների սո՛ւրբ միաբանութիւն, հրեշտակների՛ բնակարան: Մնաք բարով եւ դուք՝ սուրբ մենակեացների՛ դասեր, որ բարութեամբ ընդունեցիք ու պահեցիք ինձ: Իմ յոյսը հաստատուն է առ Աստուած, որ ձեր աղօթքների մարտակցութեամբ իմ հօր տանը ոտնակոխ կ՚անեմ կամակոր վիշապի եւ դաւաճանող թշնամու գլուխը»:

 

Եւ մինչ երանելին գնում էր արտասուելով ու սաղմոսելով, տեսաւ մի աղքատ մարդու, որը պատառոտուած քուրձ էր հագել: Յովհաննէսն իր խարազնազգեստը տուեց նրան եւ վերցրեց նրա հին հանդերձը: Եւ երբ հասաւ իր ծննդավայրը, մօտեցաւ իր հօր ապարանքին ու աղաչեց Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր իմ, Յիսո՛ւս Քրիստոս, մի՛ թող ինձ Քո ձեռքից եւ օգնի՛ր ինձ, որովհետեւ ես Քեզ եմ ապաւինել: Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, որ տեսնել տուեցիր իմ ծնողների երկրաւոր յարկերը: Այժմ տո՛ւր ինձ կատարեալ յաղթանակ ընդդէմ սատանայի եւ թոյլ մի՛ տուր, որ մատնուեմ նրա փորձութեանը եւ մինչեւ այս աշխարհից իմ հեռանալը՝ կենդանութեանս օրօք, մի՛ թող, որ յայտնի լինեմ իմ ծնողներին»: Եւ աւարտելով աղօթքը՝ ննջեց իր տան մուտքի մօտ:

 

Առաւօտեան դռնապանը տեսաւ նրան եւ ասաց. «Ո՛վ դու, հեռացի՛ր այստեղից, որպէսզի իմ տէրը չտեսնի քեզ այստեղ ու չբարկանայ ինձ վրայ»: Յովհաննէսն ասաց. «Ես օտարական, աղքատ եւ տնանկ մարդ եմ: Հայեացքդ բարձունքներին՝ առ Աստուած ուղղիր եւ ինձ ողորմութիւն արա՛ ու թո՛յլ տուր, որ բնակուեմ այս փողոցի մի անկիւնում: Քո տիրոջ ելումուտի ժամանակ ասա՛ ինձ, եւ ես այդ պահին կը հեռանամ ու ոչ ոքի նեղութիւն չեմ տայ, իսկ դու վարձք կ՚առնես Աստծուց»: Դռնապանը գթաց նրան եւ վարուեց ըստ նրա խօսքի:

 

Եւ երբ երանելին տեսաւ իր ծնողներին, աչքերը լցուեցին արտասուքներով ու ջրի վտակների պէս արցունքներ հոսեցին նրա աչքերից: Ապա ասաց. «Աստուծոյ կամքով ճշմարտապէս տեսայ իմ ծնողներին եւ Աստուծոյ զօրութեամբ, որ կայ իմ մէջ, սատանայի հին խայթոցը ոտնակոխ արի»: Եւ շարունակ աղօթելով՝ Տիրոջով հաստատում էր իրեն:

 

Եւ մէկ տարի առանց ծածկի, մեծ տառապանքներով եւ համբերութեամբ մնաց այդ նոյն տեղում, մինչեւ որ նրա հայրն ասաց. «Խիստ զարմանում եմ տան առաջ ընկած այն աղքատի համբերութեամբ: Ինչպէ՞ս է նա դիմանում վատ եղանակներին ու երբէք չի մտնում մեր ապարանք, այլ բաւարարւում է այն չնչին ողորմութեամբ, որն ընդունում է մեզնից»: Ապա հրամայեց ծառաներին շամբիներից հիւղակ շինել ու ասաց. «Գուցէ Աստուած յանուն նրա ողորմի մեզ, որովհետեւ Աստուած նրան բերել է մեր դուռը, որպէսզի նրա միջոցով մեզ ողորմութիւն անի»:

 

Պատահեց, որ մի օր մայրը տեսաւ նրան, եւ նա մօրը երեւաց շնչաւոր վայրենու պէս: Մայրը ծառաներին ասաց. «Վերցրէ՛ք, տարէ՛ք դրան, որովհետեւ չեմ կարողանում անցնել այստեղով»: Եւ քարշ տալով՝ փոքր-ինչ հեռացրին նրան, բայց նա դարձեալ ընկած էր լինում այնտեղ ու չէր հեռանում: Երբ ծառաները սաստեցին նրան, որ տիկնոջը զզուանք չպատճառի, Յովհաննէսն ասաց. «Աղաչում եմ ձեզ, ինչպէս որ սկզբում ողորմեցիք ինձ, գթացէք նաեւ այժմ: Ըստ ձեր տիրոջ խօսքի՝ այս տեղում մի հիւղակ շինէք, եւ դուք Աստծուց օրհնութիւն կ՚առնէք»: Եւ նրանք շինեցին: Նրա հայրը՝ Եւտրոպիոս զօրավարը, ամէն օր իր սեղանից կերակուր էր ուղարկում, բայց նա ծածկապէս այն աղքատներին էր բաշխում, իսկ ինքը թրջած հաց էր ուտում, այն էլ՝ երեկոյեան: Եւ այդպէս երկու տարի մնաց այդ հիւղակում որպէս անմարմին ճգնաւոր, եւ յայտնի չեղաւ, թէ ով է:

 

Իր գալուց երեք տարի անց Քրիստոս, տեսնելով Իր քաջամարտիկ նահատակի եւ կատարեալ մենակեացի մեծ ճգնութիւնը, նրա մօտ ուղարկեց Իր հրեշտակին, որն ասաց նրան. «Ողջո՛յն քեզ, Յովհաննէ՛ս, Տիրոջ հաւատարիմ եւ բարի՛ ծառայ: Քո Տէր Աստուածը, Որին դու սիրեցիր քո ամբողջ սրտով, յայտնեց. "Քո անուանը համապատասխան դու պիտի դասուես Յովհաննէս Մկրտչի հետ ու Իմ բոլոր սուրբ ճգնաւորների հետ բնակուես երկնային խորաններում: Ահա վերջ պիտի լինի քո տառապանքներին, որովհետեւ երեք օր յետոյ պիտի Ինձ մօտ փոխադրուես"»:

 

Այնժամ բարձրացնելով իր բազկատարած ձեռքերը՝ երանելին արտասուագոչ ձայնով եւ հառաչանքներով ասաց. «Հայրերի՛ Աստուած եւ ողորմութեա՛ն Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, գոհանում եմ Քեզնից, որ անարժանիս խառնեցիր Քո սիրելիների հետ, որոնք ի սկզբանէ հաճոյ եղան Քեզ: Աղաչում եմ Քեզ, Քո մարդասիրութեամբ յիշի՛ր իմ ծնողներին, ների՛ր նրանց մեղքերը եւ ջնջի՛ր նրանց յանցանքների պարտամուրհակները: Ողորմի՛ր նաեւ այն մենակեացներին, որոնք սիրով ընդունեցին ինձ եւ պահեցին անարատութեամբ»: Աղօթելուց յետոյ խնդրեց իր հօր տան մատակարարին ու հոգաբարձուին գնալ ու յայտնել տիկնոջը, թէ այն աղքատը, որին հալածեցիր դռնից, ասաց, թէ՝ մի՛ գարշիր ինձնից, այլ արժանի արա գալ ինձ մօտ, որովհետեւ ասելու խօսք ունեմ: Իսկ մայրն ասաց. «Ի՞նչ է կամենում ասել այն աղքատը, ժահահոտութեան պատճառով ես չեմ կարող գնալ ու տեսնել նրան»: Եւ ամուսինն ասաց նրան. «Գնա՛ եւ մի՛ գարշիր աղքատներից, որովհետեւ Աստուած նրանց ընտրեց»: Եւ երբ Յովհաննէսն իմացաւ, որ մայրը չի կամենում գալ, ուղարկեց մէկ ուրիշ ծառայի, որպէսզի հաղորդի նրան. «Երեք օրից ես պիտի վախճանուեմ, եւ եթէ չգաս ու չտեսնես ինձ, յետոյ սաստիկ պիտի ցաւես, զղջալով ինքդ քեզ մեղադրես ու չկարողանաս քեզ մխիթարել: Խղճի խայթը քո սրտից յաւիտեան չի հեռանայ»:

 

Այս լսելով՝ տիկինը վախեցաւ եւ գնալով հիւղակի դրան մօտ՝ հրամայեց բացել ու նրան իր մօտ բերել: Այնժամ Յովհաննէսը գոհացաւ եւ նրանց բարիքներ մաղթեց Տիրոջից, «որպէսզի, - ասաց, - ինձ վրայ կատարուի աւետարանի այն խօսքը, թէ "Ինչ որ արեցիք այս փոքր եղբայրներից մէկին, Ինձ արեցիք"[2]: Ես՝ աղքատս, չունեմ օրհնութեան նշան, որ տամ ձեզ, բայց ասում եմ քեզ, տիկի՛ն, երդուի՛ր ինձ, որ ինչ ասեմ քեզ, կ՚անես ինձ համար»: Եւ երբ նա արտասուքներով երդուեց Աստուծոյ անունով եւ ի սէր իր կորցրած զաւակի, Յովհաննէսն ասաց. «Լսի՛ր, տիկի՛ն, ինչ որ կ՚ասեմ: Ինձ կը թաղես այս մազեղէն քրձով, որ հագել եմ, այլ պատուական պատմուճան չհագցնես եւ ուրիշ տեղում ինձ չթաղես»: Եւ մինչ մայրը զարմացած մտածում էր, թէ ինչո՞ւ է այս աղքատը խօսում որպէս երախտաւոր տանեցի եւ ոչ թէ որպէս օտար կամ աղքատ մէկը, Յովհաննէսը հանեց աւետարանը, դրեց նրա ձեռքին եւ ասաց. «Թող այդ քեզ եւ իմ տիրոջ՝ քո ամուսնու համար թոշակ եւ բաժին լինի այստեղ եւ հանդերձեալում»: Իսկ մայրը, աւետարանն այս ու այն կողմ շրջելով, ասաց. «Այս աւետարանը որքա՜ն նման է այն աւետարանին, որը գնեցինք մեր որդու՝ Յովհաննէսի համար»: Ապա գնաց տուն, այն ցոյց տուեց իր ամուսնուն, իսկ նա տեսնելով ասաց. «Արդարեւ, սա մեր որդու աւետարանն է: Ուրեմն նա գիտի, թէ որտեղ է մեր որդին»: Ուրախութիւնից հայրն ու մայրը եկան Յովհաննէսի մօտ, որին մի աղքատ օտարական էին համարում եւ արտասուքներով ասացին նրան. «Երդուեցնում ենք քեզ Աստուծոյ ահաւոր մեծ անունով, որ ասես, թէ որտեղից կամ ումից է այս աւետարանն ընկել քո ձեռքը»: Այնժամ Յովհաննէսը, խռովուելով իր հոգում եւ խանդաղատուելով ծնողների գութից, հոգոց հանելով՝ ասաց. «Այս այն աւետարանն է, որն ինձ ցոյց տուեց ճշմարտութեան փրկագործ ճանապարհը: Ունկնդրելով նրանում եղած խրատները՝ ես թողեցի ամէն բան, վերցրի Քրիստոսի խաչը եւ գնացի Նրա յետեւից, որ արժանի լինեմ Նրան: Իմ եւ ձեր փրկութեան համար ցանկացայ այս զգեստը եւ կրօնաւորական ժուժկալութիւնը՝ կրելով Քրիսոսի քաղցր լուծը: Աստուած կատարեց իմ խնդրանքները, եւ ահա մօտեցել է իմ վախճանն այս ծայրաստիճան աղքատութեան մէջ, որ տեսնում էք: Այժմ պիտի յայտնեմ ձեզ. ես եմ ձեր որդին՝ Յովհաննէսը, եւ այս էլ իմ աւետարանն է, որը դուք տուեցիք»:

 

Այս լսելով՝ ծնողներն ուշադիր նայեցին եւ ճանաչեցին նրան նշաններով, որ ունէր իրենց որդեակը: Աղիողորմ արտասուքներով բարձրաձայն լաց եղան, փարուեցին նրա պարանոցին եւ առաւօտից մինչեւ կեսօր ողբացին անպատմելի կսկիծով: Լուրը տարածուեց ամբողջ քաղաքում, եւ մարդկանց մեծ բազմութիւն՝ տղամարդիկ եւ կանայք, քահանաներ եւ կրօնաւորներ հաւաքուեցին այնտեղ ու սգացին հառաչելով: Իսկ մահճում պառկած Յովհաննէսը պայծառ դէմքով նայեց երկնքին եւ զուարթագին ուրախութեամբ ասաց. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ընդունի՛ր իմ հոգին, Քո ձեռքն եմ աւանդում հոգիս»: Եւ աւանդեց հոգին:

 

Ո՞վ կարող է պատմել այն կսկծալի ողբի ու սուգի մասին, որ ունեցան ծնողները, եղբայրները, ազգականները եւ առհասարակ ամբողջ քաղաքը: Մայրը, մոռանալով որդու պատուէրը եւ իր երդումը, հանեց նրա մազեղէն հանդերձներն ու հագցրեց ոսկէթել թանկարժէք հանդերձ: Եւ ահա կինն իսկոյն անդամալոյծ դարձաւ, ու գօսացան նրա երկու ձեռքերը: Այնժամ Յովհաննէսի հայրը սթափուելով ասաց. «Կը կատարենք մեր որդու պատուէրն ու ցանկութիւնը: Սո՛ւրբդ Աստուծոյ, մի՛ բարկացիր քո ծնողի վրայ»: Ապա հանեցին նրա պատուական հանդերձները, հագցրին իր հին ու պատառոտուած մազեղէն քուրձը եւ պատանեցին: Եւ նոյն պահին նրա սուրբ մարմնից անուշահոտութիւն բուրեց ու լցրեց նրա շամբեղէն հիւղակը եւ ամբողջ քաղաքը: Սաստիկ լոյս ծագեց սուրբ մարմնի վրայ, եւ նրա մայրն իսկոյն բժշկուեց: Լսելով այս մասին՝ թագաւորը եւ սուրբ պատրիարքը (որն ըստ «Հարանց վարք»-ի՝ Արկադիոս եւ Ոնորիոս ինքնակալների օրօք  եղել է սուրբ Յովհան Ոսկեբերանը) եկան սուրբի թաղմանը: Իմանալով կատարուածների մասին եւ տեսնելով լոյսը՝ փառաւորեցին Աստծուն եւ օրհնութեամբ ու սաղմոսներով թաղեցին նրան այն նոյն տեղում, ուր նրա հիւղակն էր: Օրեր անց սուրբի ծնողները սուրբի գերեզմանի վրայ նրա անուամբ աղօթքի տաճար շինեցին, ուր կենդանի նահատակի բարեխօսութեամբ բժշկութիւններ էին լինում: Իրենց ամբողջ ունեցուածքն ընծայաբերեցին եկեղեցու եւ կարօտեալների կարիքների համար, իսկ իրենք, մինչեւ իրենց կեանքի վերջը ճգնելով այդ նոյն տեղում, սպասաւորեցին նրա սուրբ նշխարներին:

 

Քրիստոսի երիցս երանելի ճգնաւոր Յովհաննէսն իր կեանքն աւարտեց յունուարի տասնհինգին, հինգերորդ դարի սկզբում կամ մէջտեղում, մեր սուրբ թարգմանիչների ժամանակներում:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Յովհաննէս կամաւոր աղքատի յիշատակը տօնում ենք Յիսնակի պահոց երրորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Մինաս, Երմոգինէս եւ Գրափոս վկաների եւ սուրբ Ալեքսիանոս կամաւոր աղքատի հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ

Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:

 

[1] Մի քար նետելու հեռաւորութիւն:

[2] Հմմտ. Մատթ. ԻԵ 45: