Օրհնեմք զՔեզ անեղ անսկիզբն Հայր.
Անհասանելի եւ փառաւորեալ յանմարմնոց զինուորութեանց:
Գովեմք զՔեզ Որդի Հօր՝ արարչակից Բանդ.
Նորոգող եւ կեանք ազգի մարդկան՝ Թագաւոր յաւիտենից:
ԶՔեզ բարեբանեն ամենայն ազինք. մշտնջենաբուխ անսպառ աղբիւր՝
Սուրբ Հոգիդ ճշմարտութեան
(Շարակնոց)
Մեր Տօնացոյցի մէջ նկատելի է, որ այս ՅՈՎՀԱՆՆԷՍ եւ ՄԱՐԿՈՍ անունները տրուել են երկու տարբեր անձանց եւ ըստ այդմ մտել օրացոյցի մէջ: Երկու անուններ ունեցող մեզ յայտնի այս անձն առաջին անգամ յիշատակւում է «Գործք Առաքելոց»-ում, երբ Պետրոս առաքեալը, բանտից ազատուելով, գալիս է նրանց տուն. «Եւ Պետրոսը ... եկաւ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր՝ Մարիամի տուն»[1]: Այստեղից հետեւում է, որ ՅՈՎՀԱՆՆԷՍԸ եւ ՄԱՐԿՈՍԸ նոյն անձի երկու տարբեր անուններ են, մէկը՝ եբրայերէն, միւսը՝ յունա-հռոմայերէն: Նկատելի է, որ երկու անուններ ունենալը բնորոշ է քրիստոնէական եկեղեցու առաջին գործիչների մեծ մասին: Վերոնշեալ հատուածից հետեւում է նաեւ, որ իր մայրը եւս յայտնի անձնաւորութիւն է նորածին եկեղեցու մէջ, եւ կարեւորը՝ իրենց տունը եղել է առաջին քրիստոնեաների գլխաւոր հաւաքատեղիներից մէկը, որովհետեւ վերոյիշեալ մէջբերմանը յաջորդում է հետեւեալ միտքը. «Այնտեղ հաւաքուել էին շատերն ու աղօթք էին անում»[2]: Ուրեմն Մարկոսը երուսաղէմացի է եւ Բառնաբաս առաքեալի եղբօրորդին, որը հաստատւում է Պօղոս առաքեալի կողոսացիներին ուղղուած թղթով, որոնց ողջոյն է ուղարկում նաեւ «Բառնաբասի եղբօրորդի Մարկոսը»[3]: Երբ Բառնաբասն ու Պօղոսը Երուսաղէմ եկան, Անտիոքի հաւատացեալների նիւթական նուէրը բերելով Երուսաղէմի աղքատ եկեղեցուն, վերադարձին իրենց հետ վերցրին նաեւ «Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում»[4]: Նրանց առաջին ճանապարհորդութեանը ընկերացաւ նաեւ Մարկոսը՝ իբրեւ սպաասաւոր, այսինքն օգնական, որը նոր էր Փոքր Ասիա մտել, բայց Պօղոսին ինչ-ինչ տհաճութիւն պատճառելով՝ վերադարձաւ Երուսաղէմ ու այդ պատճառով էլ Պօղոսը չցանկացաւ նրա ընկերակցութիւնն իր երկրորդ ճանապարհորդութեանը: Այդ պատճառով Բառնաբասն ու Մարկոսը վերադարձան Կիպրոս, որտեղ ամենայն հաւանականութեամբ շարունակեցին իրենց սկսած աւետարանական քարոզչութիւնը: Պօղոս առաքեալի թղթերի մէջ տեսնում ենք, որ նրանք հաշտուել են միմեանց հետ: Հռոմում իր բանտարկութեան ժամանակ տեսնում ենք, որ Մարկոսը Պօղոսի հետ է, ինչպէս վերը տեսանք, որտեղից առաքեալը ողջոյն է ուղարկում Կողոսիայի եկեղեցուն, որտեղ ուղարկուել էր Մարկոսը քարոզչական առաքելութեամբ:
Տիմոթէոսին ուղղուած երկրորդ թղթի մէջ Պօղոսը թելադրում է նրան՝ ասելով. «Քեզ հետ բեր Մարկոսին, որովհետեւ նա անհրաժեշտ օգնական է ինձ համար»[5]:
Մարկոսի գրած աւետարանն անմահացնում է իր անունը եւ մնայուն ծառայութիւն է մատուցում քրիստոնեական եկեղեցուն: Չորս աւետանանների մէջ թէեւ այն ամենահամառօտն է, բայց միաժամանակ ամենահինն է: Կարծիք կայ, որ այն գրուել է Պետրոս առաքեալի թելադրանքով եւ առաջնորդութեամբ, որը նրան իր առաջին թղթում կոչում է. «Մարկոսը՝ իմ որդին»[6]: Համարւում է, որ այն գրուած է հեթանոսների՝ յատկապէս հռոմէացիների համար, ուր Քրիստոս ներկայացւում է իբրեւ հզօր անձնաւորութիւն՝ Իր խօսքով ու մանաւանդ գործերով: Նրա ոճը պարզ է, հատու եւ յամառօտ:
Յիշատակւում է չորս աւետարանիչների հետ՝ սուրբ Խաչի Զ կիրակիի շաբաթ օրը:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
- Շնորհք Արք. Գալուստեան. «Աստուածաշնչեան սուրբեր», Երեւան, 1997:
- Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների.Մայր Աթոռ ս. Էջմիածին, 1994:
[1] Գործք. ԺԲ 12:
[2] Գործք. ԺԲ 12:
[3] Կող. Դ 10:
[4] Գործք. ԺԲ 25:
[5] Բ Տիմ. Դ 11:
[6] Ա Պետր. Ե 13:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: