Այսօր գոլով ի Բեթանիա՝ քո ամենազօր հրամանաւըդ՝.
Ձայնեցեր Ղազարու եւ դողացաւ մահ.
Դժոխք պարտեցաւ՝ ապականութիւն լուծաւ.՝
Կենդանարար Քրիստոս, կեցո զմեզ:
Այսօր գոլով ի Բեթանիա՝ զՔո զաշխարհակեցոյց սուրբ զյարութիւնդ.՝
Յառաջագոյն ծանուցեր անապականաբար կոչմամբ զչորեքօրեայն ի թաղմանէ.՝
կենդանարար Քրիստոս, կեցո զմեզ:
Այսօր գոլով ի Բեթանիա՝ եբրայեցւոց մանկունքն սքանչացեալ ասէին.
ԶՄարիամու զեղբայրն ի թաղմանէ յարուցեալ որդւոյն Մարիամու՝.
կենդանարար Քրիստոս, կեցո զմեզ:
(Շարակնոց)
Ղազարոսի մասին իմանանք, որ նա գտնւում էր դժոխքում՝ սատանայի իշխանութեան տակ, եւ դեռեւս ոչ ոք չէր ելել նրա արգելարաններից: Նա իր գարշապարներն էր դրել դժոխքի դռան շէմին, որով մարդիկ ներս էին մտնում, եւ չկար հնար որեւէ մէկին ելնելու այնտեղից:
Բացւում էին գերեզմանի դռները, իսկ սատանան ականջ դրած նայում էր` տեսնելու, թէ մեռելներից այն ո՞վ աւելացաւ իր գերուածներին: Եւ յոյս ունէր իր իշխանութեան վրայ, քանզի ոչ մի մեռել չէր կարող ակնկալել դուրս գալ նրա դռներից. մահն իր ներքին արգելարանում հաւաքել-պահել էր բոլոր մեռելներին՝ Ադամից սկսած, բոլոր սերունդներին՝ հրէաներին եւ հեթանոսներին, թագաւորներին եւ իշխաններին, առաջնորդներին, նախահայրերին եւ նահապետներին, քահանաներին, մարգարէներին, աւագներին եւ ռամիկներին, Ադամին, Սէթին, Նոյին եւ Աբրահամ արդարին: Կապել էր գովելիներին եւ երեւելիներին ու վստահ էր, թէ ամեն ոք, ով ներս կը մտնի, այլեւս չի կարող ելնել: Բնաւ չէր կարծում, թէ մեռելներից մէկը դուրս կը գայ իր բանտից:
Սակայն երբ Տէրը բարձրաձայն գոչեց. «Ղազարո՜ս, դո՛ւրս արի», զարհուրեց մեռելը եւ վերստին զօրացաւ, քանզի կենդանի Ձայնը հաստատեց Ղազարոսին եւ քայլել տուեց Աստուածորդուն ընդառաջ: Մահը տեսաւ եւ ապշեց, սարսեց, դողաց եւ զարմանքով ասաց. «Ո՞վ է սա, որ դուրս է գալիս եւ կամենում է ազատուել ինձնից: Նոր է իրողութիւնը՝ չքնաղ եւ զարմանալի, քանզի մեռելը դուրս է գալիս իմ ապարանքից: Արդեօք նա չէր, ում ես մեռած էի կարծում: Տեսքը մեռածի է, բայց քայլելը՝ ողջի, կապուած է, բայց գնում է արձակուածի պէս: Պատանքն ու վարշամակը Ղազարոսինն են, բայց թէ ո՞վ է, չգիտեմ: Քայլում է արագ, շտապելով, բայց կապուած են նրա ոտքերը: Ոչ ոք չի լսել, որ հոտելուց յետոյ մեռելը կը կենդանանայ, ոչ ոք չի տեսել, որ պատանքով եւ կապուած մէկը կարող է քայլել: Սոսկում եմ արգելել նրան. միգուցէ ներս գայ Նա, Ով կանչեց սրան եւ մեծ աւար առնի իմ դժոխքի արգելարանից: Չեմ համարձակւում արգելել սրան, թէրեւս Նա դարձեալ ձայնի, եւ իմ ամրութիւններն ամբողջապէս հիմքերից քանդուեն: Եթէ նորից կանչի սրան, ո՞վ կ՚ընդդիմանայ Նրան, գուցէ իմ ապարանքում բոլորը լսեն Նրա ձայնը եւ դուրս գան այստեղից: Դողում է իմ անձը Նրա Ձայնից, սասանւում են իմ լէգէոնները: Եւ եթէ դարձեալ կանչի, կը սարսեն դժոխքիս բարապանները եւ կը կործանուեն հիմքից: Թող սա ելնի այստեղից, որովհետեւ մէկի գնալով՝ ոչինչ չի լինի»: Այսպէս սատանան մտածում էր իր մէջ, վարանում ու տագնապում:
Ո՜հ զարմանք, կենդանացել է հոտած եւ որդնալից մեռելը: Մեծ հիացմունք է տեսնել, թէ ինչպէս է կապուածը քայլում, դէմքը ծածկուած պատանքով՝ ուղիղ դուրս ելնում դռնից: Կապուած էին ոտքերը, բայց չէր սխալւում. ուղիղ քայլում էր դէպի իրեն Կանչողը, դէպի մեր Տէր Յիսուս Քրիստոս: Եւ Նա զմռսողներին եւ պատանողներին հրամայեց արձակել նրան կապանքներից եւ թողնել, որ գնայ: Եւ սա արեց, որպէսզի ստուգապէս իմանան, որ նա նոյն Ղազարոսն է, որին իրենք պատանել էին, բայց Տէր Յիսուս Քրիստոս յարութիւն տուեց նրան եւ կենդանացրեց ի փառս Իր Աստուածութեան:
Սուրբ Հոգու գալուստից յետոյ հաւատի վէմ Պետրոսի ձեռամբ Ղազարոսը կարգուեց եպիսկոպոս, քարոզչութեան համար գնաց Կիպրոս և իր յարութիւնից տասնհինգ տարի անց ննջեց խաղաղութեամբ:
Այդ տասնեւհինգ տարիներին, որքան ողջ մնաց, բնաւ չծիծաղեց: Եւ երբ փոխուեց այս աշխարհից, դրուեց այդ տապանում, որի վրայ գրուած էին այդ խօսքերը:
Յունաց բարեպաշտ Լեւոն արքան, ով Մեծն Վասիլի որդին էր եւ թագաւորեց 886-911 թուականներին, Կոստանդնուպօլսում սուրբ Ղազարոսի անուամբ հոյակերտ եւ շքեղ եկեղեցի կառուցեց: Երբ աւարտեցին եկեղեցու շինութիւնը եւ մեծահանդէս նաւակատիքով օրհնեցին Եկեղեցին, Տիրոջ հրեշտակը գիշերուայ տեսիլքի մէջ երեւաց նրան եւ ասաց. «Գնա՛ Կիպրոս կզղում գտնուող Կիտուան քաղաքը եւ նշուած տեղում կը գտնես հողով ծածկուած մարմարէ մի տապան: Այնտեղ է դրուած Քրիստոսի սիրելի եւ բարեկամ Ղազարոսը, ով չորս օր յետոյ յարութիւն առաւ մեռելներից: Հանի՛ր նրան այնտեղից և բեր դիր քո եկեղեցում, որը կառուցեցիր նրա անուամբ, որովհետեւ Աստծուց հրաման եղաւ, որ յայտնի լինեն նրա նշխարները»:
Երբ արթնացաւ տեսլիքից, Լեւոն թագաւորը յոյժ ուրախացաւ եւ պատրիարքին պատմեց հրեշտակի երեւման մասին: Շտապ առաքեց իր պատուաւոր իշխաններից ընտիր այրեր, ովքեր գալով գտան տապանը` նրա վրայ փորագրած գրութեամբ. Ղազարոս` բարեկամ Յիսուս Քրիստոսի, ով չորս օր յետոյ յարութիւն առաւ մեռելներից:
Երբ բացեցին տապանը, անուշ հոտ բուրեց, եւ եղաւ շատ ցաւերի եւ հիւանդութիւնների բժշկութիւն, որից հիացած` փառաւորեցին Աստծուն: Հանելով այնտեղից` դրեցին իրենց հետ բերած տապանի մէջ եւ գնացին մեծ ուրախութեամբ: Երբ հասան Կոստանդնուպօլիս, տեսան, որ ամբողջ քաղաքը եւ թագաւորն իր մեծամեծներով ընդառաջ էին ելել իրենց մոմերով եւ խնկերով: Շատ ցաւագարներ, ովքեր սրբութեամբ եւ հաւատով մերձենում էին սուրբ տապանին, բժշկութիւն էին ստանում: Եւ ապա մեծ պատուով դրեցին իր անուան սուրբ եկեղեցում` ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ, Ով օրհնեալ է յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ղազարոսի հիւանդութիւնը խորհրդանշում է մարդկային բնութիւնը, որը հիւանդացաւ մեղքով: Եւ մեր բնութիւնը կարիք ունէր սիրելի հարազատի օժանդակութեան, այսինքն Քրիստոսի, Ով կը քանդէր վճռի հանգոյցը եւ անէծքը կը փոխարկէր օրհնութեան:
Եկաւ Տէրը, գտաւ մեզ՝ մեռած մեղքերով, ոչ թէ չորեքօրեայ, այլ բազում ժամանակների, նեխած եւ հոտած ժահահոտ ախտերով: Մարդկային ազգը չարի խաբէութեամբ ամբողջովին հոտած եւ նեխած էր մարմնաւոր եւ հոգեւոր մեղքերով: Նաեւ կռապաշտութեան ծանր վէմն էր դրուած հեթանոս ազգի թիկունքին, անգիտութեան խաւարն էր պատել, որպէսզի նրանց վրայ չծագի աստուածգիտութեան լոյսը:
Բայց Նա եկաւ, աղաղակեց կենդանարար ձայնով. «Արի՛, դո՛ւրս եկ քո կապանքներից, եւ Քրիստոս կը լուսաւորի քեզ»: Այս հրամանից հեթանոսների անթիւ բազմութիւններ աւազանի միջոցով մերկացան խաբէպատիր մեղքերից, արձակուեցին ձեռքերն ամբարշտութեան կապանքներից եւ նրանց երեսներից ընկաւ անյուսութեան վարշամակը: Եւ հրամայեց արձակել, որ գնան ոչ թէ կորստեան տանող ճանապարհով, այլ Իր առաջնորդութեամբ դէպի մշտնջենաւոր կեանք:
Ուստի Ղազարոսի քոյրերի նմանութեամբ ընկնենք Նրա առջեւ, ցոյց տանք Նրան մեղքով մեռած մեր հոգիները, որպէսզի լինենք Նրա բարեկամները: Եւ թող Աստուած բոլոր Իրեն հաւատացողներին արժանացնի կենցաղավարել բարեկամութեամբ, ուղղափառ խոստովանութեամբ եւ անարատ վարքով, որպէսզի Կենարարի ձայնով յարութիւն առնենք մեռելներից եւ Իր հետ բազմենք երկնքի հայրենի արքայութեան մէջ ի Յիսուս Քրիստոս, Ով օրհնեալ է Հօր եւ Ամենասուրբ Հոգու հետ յաւիտեանս. ամէն:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1.Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 433, 311:
2. Ս. Գրիգոր Տաթեւացի. Ձմեռան հատոր, տպեալ յամի 1740 ի Պօլիս, գլուխ ՃԴ, էջ 464 (հատուածաբար):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: