ԹԷՈԴՈՐՈՍ ԶՕՐԱՎԱՐ

   Որ ընտրեցեր ի սկզբանէ զհաճոյ եղեալսն ի մարդկանէ.

որ եւ զինուորեալ քեզ Թէոդորոս. զոր խառնեցեր ի դասս երկնաւոր զօրացդ.

աղաչանօք սորա կեցո զմեզ Քրիստոս Թագաւոր:

Որ յօրինակ աներեւոյթ վիշապ օձին`  զոր եւ կոխել հրամայեցեր` արիաբար Թէոդորոս`

զերեւելի զգլուխ վիշապին խորտակեաց քոյով զօրութեամբդ.

աղաչանօք սորա կեցո զմեզ Քրիստոս Թագաւոր:

Որ զհուրն արկեալ յերկիր` բորբոքեցեր յոգիս սրբոյն Թէոդորոսի.

որ եւ զտաճարն լուցեալ զկռոցն. եւ մատոյց զանձն ողջակէզ քեզ պատարագ ընդունելի.

աղաչանօք սորա կեցո զմեզ Քրիստոս Թագաւոր:

(Շարակնոց)

 

   Նահատակութիւնը Տիրոջ 305 թուականի փետրուարի տասնհինգին:

   

   Քրիստոսի քաջամարտիկ զօրական եւ յաղթող վկայ սուրբ Թէոդորոսն ապրել է Դիոկղետիա­նոսի եւ Մաքսիմիանոսի ժամանակներում: Նա Պոնտոսի Ամասիա քաղաքից էր, հաւա­տով քրիստոնեայ եւ բարեպաշտ ծնողների զաւակ:  Երբ դեռեւս կաթնակեր մանուկ էր, մահացաւ նրա մայրը, եւ հայրը նրան սնեց խաշած ցորենահատիկով ու նրա եփած ջրով:

   Թէոդորոսը հասակ էր առնում գովելի վարքով, առաքինութեամբ, սրբութեամբ, զգաստու­թեամբ եւ պարկեշտութեամբ: Նա մե­ծանում էր, սակայն սիրում էր նոյն ցորենահատիկը եւ, յա­գե­նալով դրանով, այլ ոչինչ չէր ախորժում: Հասաւ արբունքի եւ դարձաւ կատարելապէս արի, առոյգ, բարեկազմ երիտասարդ՝ կարճ ու գանգուր մազերով, բարեվայելուչ տեսքով: Տեսնելով նրան` զօրապետը, ով նստում էր Ամասիայում եւ նշանակուած էր այդ կողմերի պահ­­պանութեան համար, նրան զինուորագրեց մարմարացիների  գնդում եւ կարգեց նորեկ զօրականների դասում:

   Թէոդորոսը փայլում էր արիութեամբ, որի համար որոշեցին տալ ա­ւագութեան պաշտօն արքունի բանակում: Սակայն նա յանձն չառաւ` ասելով. «Ես երկնաւոր Թագաւորի` իմ Տէր Յիսուս Քրիստոսի զինուորն եմ, Ով խաչուեց ինձ համար»:

   Սուրբ Թէոդորոսն ընթանում էր անբիծ եւ ա­նա­րատ վարքով, զերծ էր հոգու եւ մարմ­­նի բո­­լոր ախտերից եւ հեռու ամէն չար բանից: Նա իր զի­նուորակիցներին անդադար ուսուց­ա­նում էր Աստուծոյ պատուիրանները, ապրում էր աս­տուա­ծա­հաճոյ վարքով եւ պաշ­տում Քրիստոս Աստծուն: Սակայն հեթանոս զօրքը, տեսնելով Թէոդորոսի ամուր հաւատը, թշնամութեամբ չարիքներ էր նիւթում ընդդէմ նրա եւ անարգում, թէպէտ կային նաեւ ծածուկ քրիս­տո­նեաներ, ովքեր յոյժ սիրում էին Թէո­դորոսին, օգնում էին նրան եւ ձեռք մեկնում ամէն բանում:

   Այդ օրերին եղաւ, որ քաջ Թէոդորոսը երիվարով պէտք է անց­ներ Եւքայիտա աւանի արուարձանով, ուր գտնւում էին Եւսեբեայ անունով մի հաւա­տա­ցեալ եւ մեծահարուստ այրի կնոջ կալուածքները: Օրը տօթ էր եւ սաստիկ շոգ: Ճանապարհից յոգնած՝ Թէոդորոսը կամեցաւ հանգստանալ արուարձանի մի զով տեղում, որի համար ձին կապեց մի ծառից եւ պառկեց նրա շուքի տակ:

   Իր տան սրահից տեսնելով նրան` Եւսեբեան ձայնեց եւ ասաց. «Ա՛յ հեծեալ, ա՛յ հեծեալ, մի՛ պառկիր այդտեղ, թունաւոր վիշապի որջ կայ այդ տե­ղում: Այս ժամին նա դուրս է գալիս եւ շրջում մարգագետնում: Գուցէ վնասուես դու եւ երիվարդ: Արի՛ իմ տուն, ճաշա­կի՛ր եւ հանգստացիր, իսկ հովն ընկնելուն պէս կը շա­րունակես քո ճանապարհը»:

   Երանելի Թէոդորոսը պատասխանեց. «Յուսալով Աստուծոյ օգնականու­թեա­նը՝ ես չեմ վախե­­նում ո՛չ աներեւոյթ, ո՛չ էլ տե­սա­նելի վի­շապից: Թող լինի, ինչպէս ասացիր, եւ ես կը սատկացնեմ նրան իմ Տէր Յիսուս Քրիստոսի ա­նուամբ»:  Այս լսելով՝ բարեպաշտ Եւսեբեան ի­մա­ցաւ, որ նա իրեն հաւատակից է, մեծ խնդու­թեամբ նրան ընդառաջ ելաւ եւ սկսեց թախան­­ձել, որ նա հեռանայ այդտեղից ու պատսպա­րուի իր տանը: Բայց մինչ կինը խօսում էր, լսուեց մօտե­ցող վիշապի ուժգին շա­չիւ­նը: Եւսե­բեան աղաղակելով փախաւ, իսկ լայնալանջ ու հաստա­­պա­րա­նոց վիշապը սոս­կալի շաչիւնով յարձակուեց երիվարի վրայ: Այնժամ Քրիստոսի քաջ զօրական Թէոդո­րոսը կնքեց իրեն ամենայաղթ սուրբ Խաչի նշանով եւ շեշ­տա­կի նի­­զակահարելով՝ ճեղքեց վի­շապի գլուխն ու սատկացրեց նրան: Այդ օրուանից որպէս մայր ու որ­դի ծանօթութիւն եւ սէր հաս­տա­տուեց բարեպաշտ Եւսեբեայի ու երանելի Թէո­դո­րո­սի միջեւ:

   Իսկ սուրբ Թէոդորոսն իր զինուորակիցներին եւ հաւատակիցներին պատ­­մեց, թէ Տէրն ինչ արեց իր ձեռքով, որով աւելի զօրացրեց ու հաստատեց նրանց: Սկսեց առաւել հա­մաձակ խօսել մեր Տէր Քրիստոս Փրկչի ա­նուան զօրութեան մասին եւ յորդորել չծածկել քրիս­տո­նէական հաւատն ու պահել Աստուծոյ պա­տուի­րանները: Նա ինչ ասում էր խօսքով, առա­ւել ցոյց էր տալիս  իր գոր­­ծով, վար­քով եւ ջերմ աստուածպաշտութեամբ:

   Այդ ժամանակներում՝ Տիրոջ 304 թուականին, հրաման ելաւ Մաքսիմիանոս Գաղերիոսի կողմից, ըստ որի՝ հռովմէական իշխանութեան տակ գտնուող այն բոլոր քրիստոնեաները, ովքեր կը ճաշակէին կուռքերին զոհաբերուած կենդանիների մսից, ողջ կը մնային, իսկ ովքեր չէին կամենայ ո՛չ զոհ մատուցել եւ ո՛չ էլ զոհաբերուածից ճաշակել, կը պատժուէին սոս­կալի դատաստանով:

   Կայսերական գնդի վե­րա­կացութիւնը յանձնուած էր Բրինկաս անունով մի արքունի իշխանի, ով իմանալով, որ նորըն­տիր զի­նուոր­նե­րի մէջ կան քրիստոնեաներ, հրամա­յեց նրանց եւս կարգել արքունի գնդում, որ­պէս­զի այլոց հետ հաւասարապէս զոհեն կուռքերին: Այնժամ շատերի հետ բռնեցին նաեւ երանելի Թէոդորոսին, ով այլ զինուորակիցների հետ ձմե­ռում էր Ամասիայում: Նրան տարան դատաւորի մօտ, ուր ստիպեցին ուրանալ Քրիստոսին եւ զոհել կուռ­քե­րին: Սակայն նա, լցուած Սուրբ Հոգով, կանգնեց ատեանի առջեւ եւ ասաց. «Ես քրիս­տոնեայ եմ եւ զոհել գար­շելիներին ու ուրուական պատկերներին, չեմ կարող»:

   Այդ օրը արձակեցին նրան ու ժա­մա­նակ տուեցին մտա­ծելու համար: Դուրս գալով այնտեղից՝ սուրբ Թէոդորոսը շրջում էր ամենուր եւ ամէն­քին ուսուցանում փրկութեան ճանապարհը: Գիշերը նա հրդե­հեց կուռքերի տա­ճա­րը, որի համար կռապաշտները բռնեցին նրան եւ տարան դա­տա­ւորի մօտ: Եւ սա անասելի ցասումով սկսեց հարցաքննել սուր­բին. «Աստուածուհուն զո­հա­բե­րելու ու խնկարկելու փոխարէն ինչո՞ւ հրկիզեցիր նրա տաճարը»: Թէոդորոսը պատաս­խա­նեց. «Ինչ որ արեցի, չեմ ուրանում, ես վա­ռեցի փայտը, եւ քարեղէն աստուածներն այ­րուե­ցին, քանի որ շինուած էին կրից: Ինչո՞ւ ձեր աստուածուհին այնչափ անպիտան գտնուեց, որ կրակը նրան հեշտութեամբ լափեց: Ուրեմն պարզ է, որ հրոյ ճարակ են ձեր բոլոր աս­տուածները: Զգո՛յշ եղէք, որ դուք էլ նրանց պէս հոգով եւ մարմնով չկորչէք յաւիտենական ան­շէջ կրակով»:

   Այնժամ սկսեցին ուժգին գա­նահարել նրան: Սուրբն իր տանջանքների մէջ ասաց. «Որ­­քան էլ աւելացնէք ձեր տանջանք­նե­րը, դրանք չեն կարող հեռացնել ինձ Քրիստոսի սիրուց: Եւ ինչ վճիռ էլ կայացնէք ինձ համար, ես չեմ երկնչի, քանի որ ապաստանի յոյս ու­նեմ առ Աստուած, Ով ինձ համբերութիւն է տա­լիս, փրկում է ձեր խաբէութիւններից եւ պսակում անանց փառ­քով»: Դատաւորն ասաց. «Զո­հի՛ր եւ փրկի՛ր անձդ տանջանքներից: Ես կը խնայեմ քո երի­տա­սար­­դութեանը, եւ աստուած­ներն էլ կը ներեն քեզ»: Սուրբ վկան պատաս­խա­նեց. «Այս տան­ջանք­նե­րը յաւիտենական չեն, եւ ես չեմ վախենում դրանցից, որովհետեւ ինձ փրկում է եւ միշտ ինձ հետ է իմ Տէրը` Յիսուս Քրիստոս, Ում դու չես տեսնում, որովհետեւ կոյր է քո հոգու աչքը»: Դատաւորը մռնչաց առիւծի պէս եւ, այլեւս չկարողանալով տանել նրան, հրա­մայեց անմիջապէս խաւարտչին բանտ նետել:

   Նրան տարան բանտ, պահեցին առանց հացի ու ջրի եւ երկար ժամանակ կնքած պահեցին բան­տի դու­ռը, որպէսզի քաղցից սովամահ լինի: Սակայն բանտում նրան կերակրում էր Տիրոջ հրեշտակը: Մի գիշեր Տէրը երեւաց նրան եւ ասաց. «Քաջալերուի՛ր, Թէոդորէ՛, որովհետեւ Ես քեզ հետ եմ: Մարդ­կանցից կերակուր մի՛ ընդունիր, քանզի քեզ համար անապական հաց եմ պատրաստել երկնքում»: Այս ասելով` Փրկիչը հեռացաւ, իսկ նա զօրացաւ ու սկսեց սաղ­մոսել եւ փառաբանել Աստծուն: Բանտախցի պահապանները լսեցին բազմութեան ձայներ, ո­րից սար­սա­փած եւ վախեցած եկան ստուգելու բանտի դուռը, սակայն այն տեսան փակուած եւ ամբողջական կնի­քով, ինչպէս առաջ էր: Պատուհանից ներս նայեցին եւ տեսան, որ սպիտա­կա­զգեստ մար­դիկ սաղմոսում էին Թէոդորոսի հետ, իսկ բանտախուցը ողողուած էր պայծառ լոյսով, ասես լուսաւորուած մեծապայծառ ջահից: Ահաբեկուեցին հրաշափառ տեսիլքից ու գնացին պատմե­ցին դատաւորին: Դատաւորն անձամբ եկաւ բան­տախցի մօտ եւ փակուած ու կնքուած դռան հետեւից լսեց բազմութեան սաղմոսեր­գու­թիւնները: Հարց­րեց. «Արդեօք քրիստոնեաներն են գաղտնի եկել եւ մտել Թէոդորոսի մօտ»: Ապա զօ­րա­կան­նե­րին հրամայեց զինուել, շրջապատել բանտը եւ ապա բացել բանտի դուռը, որ­պէս­զի բռնեն ներսում գտնուողներին, սակայն այնտեղ ոչ ոքի չգտան, բացի կապանքների մեջ եղող Աստուծոյ ծառայ Թէո­դո­րո­սից: Մեծ ահ պատեց դատաւորին ու նրա մարդկանց: Իբրեւ թէ գթասիրտ դարձաւ եւ հրամայեց Թէոդորոսին տալ նկանակի մէկ ութերորդ մասը եւ նոյնքան էլ ջուր: Բայց երանելի նահատակը, ինչպէս իրեն պատուի­րել էր Փրկիչը, չկամեցաւ նրանց ձեռքից կերակուր վերց­նել եւ ասաց. «Ինձ կերակրում է իմ Տէրը եւ Թագաւորը, Բարերարը եւ Ողորմածը»:

   Սուրբին դարձեալ ատեան բերեցին, ստիպեցին ուրանալ Քրիստոսին ու զոհել իրենց կուռ­քերին: Դատաւորը խոստանում էր նրան դարձնել իրեն ա­թո­ռա­կից եւ կուռքերի քահանայապետ` տալով մեծամեծ պարգեւներ, բայց սուրբը պատասխանեց նրան. «Դու իշխանութիւն ունես միայն իմ մարմնի վրայ, բայց ոչ հոգուս, մտքիս եւ կամքիս վրայ: Որ­քան էլ հրա­մա­յես տան­ջել իմ մար­մինը, մատնես հրի, գազանների եւ այլ չարչա­րանք­ների, ես չեմ ուրանայ իմ Քրիստոս Աստծուն, քանի դեռ շունչս իմ բերանում է»: Այնժամ գլխի­վայր կախեցին նրան եւ սկսեցին փշոտ գաւազանով հարուածել ու քերե­լ մարմինը: Այսպէս տանջեցին այնքան, որ երեւացին ոսկորները, բայց նա զուարթագին օրհնաբանում էր Աստծուն եւ սաղ­մո­սում: Դատաւորը զար­մացած էր նրա համբերութեան վրայ, բայց եւ միա­ժա­մանակ չարացած՝ նրա հոգու անպար­տե­լի ուժի վրայ: Դարձեալ նրան բանտ նետեցին` թող­նելով առանց խնամքի, սակայն Տիրոջ հրեշտակը, գալով նրա մօտ, ապաքինեց նրա բոլոր վէրքերը:

   Օրեր անց նրան դուրս բերեցին բանտից եւ տեսան, որ բժշկուել են նրա բոլոր վէրքերը: Դա­տաւորը հարցրեց նրան. «Ո՞ւմ հետ ես կամենում լինել` մե՞զ հետ, թէ՞ քո Քրիստոսի»: Եւ նա խնդութեամբ պա­տասխանեց. «Ես իմ Քրիստոս Աստուծոյ հետ եմ եւ կը լինեմ յաւիտեան»: Այնժամ դատաւորը հրամայեց այրել սուրբին: Մինչ բորբոքում էին հուրը, սուրբը եր­կար աղօթում էր` ասելով. «Աստուած Փրկի՛չ իմ, տո՛ւր ինձ զօրութիւն եւ շնորհի՛ր ինձ առնել քո յաղթութեան նշանը»: Ապա տեառնագրեց իրեն սուրբ Խաչի նշա­նով եւ որպէս պա­տա­րա­գուող ընծայ` ինքնակամ նետուեց դէպի հուրը ու առժամայն առ Աստուած ա­ւան­դեց իր հոգին Տիրոջ 305 թուականի փետրուարի տասնհինգին: Հաւատացեալները տե­սան սուրբի հոգին, որն ինչպէս սպի­տակափայլ աղաւնի՝ լոյսի պէս երկինք վերացաւ: Մա­րեց կրակը, եւ անու­շա­հոտութիւն բուրեց` տարածուելով ամենուր: Մի բա­րի կին կրակի միջից դուրս բերեց սուրբի ամբողջական մար­մի­նը. չէին այրուած անգամ նրա մազերը: Նրա մարմինը պատեց մաքուր կտաւներով, պատուով դրեց տապանի մէջ եւ տարաւ Եւքայիտա աւան` մերձ Ամասիա քաղաքին:

   Սուրբ Թէոդորոսի նահատակութիւնից անցաւ մօտ վաթսուն տարի: Եկան անօրէն Յուլիանոս Ուրացողի թագաւորութեան ժամանակները, եւ դարձեալ սաստիկ հալածանքներ սկսուե­ցին ընդ­դէմ քրիստոնեաների: Տեսնելով, որ անհնար է բռնութեամբ նուաճել նրանց, անօրէն թա­գա­ւորը սատանայա­կան հնարք­­նե­րով որոշեց շաղախել նրանց հեթանոսական պղծութեան մէջ: Իր մօտ կանչեց քաղաքի իր նման ա­նաս­տուած եպարքոսին եւ ասաց. «Որքան ջանացի քրիս­տո­­նեա­նե­րին դարձնել մեր պաշտա­մուն­քին, չկարողացայ անել ո՛չ սպառնալիք­նե­րով, ո՛չ մե­­ծա­­րանքներով եւ ո՛չ էլ խոստումներ տալով: Այս գիշեր մեր աստուածները բարի խոր­հուրդ­ դրեցին իմ սրտում. պէտք է նրանց հրամայեմ, որ կա՛մ ուրանան եւ զոհեն կուռքերին, կա՛մ էլ մեռնեն սովից: Ահա մօտեցել են նրանց պահոց օրերը, որոնք քրիստոնեաները պա­հում են սրբութեամբ: Արդ, պատուիրի՛ր, որ քաղաքում չվաճառուի ո՛չ հաց, ո՛չ այլ կե­րակուր կամ ըմպելիք: Թող վաճառանոցներում դրուի միայն այն, ինչ կը հրամայեմ»: Ապա հրա­ման տուեց վաճառուող սնունդը շաղախել զոհերի արեամբ եւ ճարպով, որպէսզի, ովքեր գնեն, ակամայ ուտեն, լուծուի նրանց պահքը, եւ հաղորդ լինեն աստուածների զոհերին:

   Եպարքոսն ասաց. «Ճշմարիտ է, որ թագաւորների սրտերը Աստուծոյ ձեռքում են: Բարի եւ հա­ճոյական խորհուրդ ես խորհել»: Ապա շտապեց կատա­րել հրամանը. ա­ղու­հացի առաջին իսկ օրերից քա­ղաքում արգելեց վաճառել հաց կամ այլ ինչ կերակուր եւ թոյլատ­րեց վա­ճառել միայն այն, ինչ պիղծ արքան հրամայում էր: Բայց Աստուած Իր ամենակարօղ զօ­րու­թեամբ ունայ­նաց­­րեց նրա չար խորհուրդները եւ Իր հաւատացեալներին փրկեց պիղծ ու զազ­րելի կերակուր­նե­րից. պահք մտնելու առաջին իսկ գիշերը Քրիստոսի վկայ սուրբ Թէոդորոսը երեւաց Կոստանդ­նու­պոլ­սի պատ­րի­արքին եւ ասաց. «Առա­ւօ­տեան քեզ մօտ ժողովիր բոլոր քրիստոնեաներին եւ պատուիրի՛ր նրանց, որ վաճառանոցներից ոչ մի կերակուր չգնեն, որովհետեւ ամեն ինչ պղծուած եւ շաղախուած է զոհերի ճարպով ու արեամբ»: Հայրապետն ասաց. «Ով­քեր մեծահարուստ են, ամ­բա­­րուած ուտելիք ունեն իրենց տներում, իսկ աղքատ­ներն ու օտարա­կան­ները, ովքեր իրենց օրուայ պարէնը գնում են վաճա­ռա­նոցներից, ի՞նչ կարող են անել»: Սուրբն ասաց. «Թող կու­լի­փայ ուտեն: Իսկ ովքեր չունեն, դու տուր եւ այդպէս զերծ պահիր նրանց հեթանոսական պղծու­­թիւններից»: Հայրապետը՝ չհասկա­նալով, թէ դա ինչ է, հարցրեց. «Իսկ ի՞նչ է կուլիփան»: Սուրբ Թէոդորոսն ասաց. «Այն եփած ցորենահատիկն է: Մենք Եւքայիտայում եփած ցո­րենին կուլիփայ էինք կոչում»: Հայ­րա­պետը հարցրեց. «Դու ո՞վ ես, տէ՛ր, որ այդպէս խնա­մար­կու­թեամբ եւ գթութեամբ հոգում ես Քրիստոսի հօտի համար»: Սուրբն ասաց. «Ես Քրիստոսի վկան եմ Եւքայիտայից` Թէոդորոս զինաւորը: Ես առաքուեցի Տիրոջ կողմից` քեզ այս խօսքերն ասելու եւ զգուշացնելու համար»: Եւ այս ասելով՝ անմիջապէս աներեւոյթ եղաւ:

   Առաւօտեան պատրիարքը բոլոր եկեղեցիներից կանչեց աւագ երէցներին եւ պատմեց տեսիլ­քի մասին: Պատուիրեց, որ իւրաքանչիւր աւագերէց իր ժողովրդին պատուիրի անել՝ ըստ սուրբի հրա­մանի: Իսկ Յուլիանոս Ուրացօղն ամօթահար եղաւ իր գոր­ծակիցներով հանդերձ, հրամայեց դա­­դարեցնել պղծախառն կերակուրների վաճառ­քը եւ նաւով հեռացաւ քաղաքից:

   Երբ եկաւ շաբաթ օրը, հաւատաւորները ի պատիւ սուրբ Թէոդորոսի, ուրախութեամբ  մեծապայծառ տօնախմբութիւն արեցին եւ աւանդեցին, որ բոլոր քրիստո­նեայ եկեղեցիները նոյն շաբաթ օրը հանդիսաւոր տօնակատարութիւն անեն ի յիշատակութիւն եւ ի երախտիք սուրբ Թէոդորոսի:
   
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 184: