ՍՈՒՐԲ ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԱՇԱԿԵՐՏ ՍՈՒՐԲ ՈՆԵՍԻՄՈՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Աշակերտք Քրիստոսի. եւ առ ամենայն տիեզերս առաքեալք.

Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:

Որք առիք զպատուէր քարոզել աներկիւղ զԲանն կենաց յաշխարհի.

Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:

Որք արժանի եղէք տեսանել մարմնով զՈրդին Աստուծոյ յայտնապէս.

Բարեխօսեցէք առ Տէր վասն մեր:

(Շարակնոց)

 

Սուրբ Ոնեսիմոսը, որի անունը թարգմանաբար նշանակում է «օգտակար եւ շահեկան», համարւում է համանուն երկու սուրբերից մեծը եւ համարւում է առաքեալ՝ Պօղոս առաքեալի աշակերտ: Նա ծնուել է ասիական Կողոսիա քաղաքում եւ ծառայում էր այդ նոյն քաղաքի Փիլիմոն անունով ազնուական իշխանին, որն ազգութեամբ հռոմէացի էր: Երբ սուրբ Պօղոսի քարոզչութեամբ Փիլիմոնն ընդունեց քրիստոնէական հաւատքը, հաւատացեալները հաւաքւում էին նրա տանը, իսկ Ոնեսիմոսն իր տիրոջը յարելու փոխարէն շարունակում էր մնալ հեթանոսական մոլորութեան մէջ: Աւելին, տոգորուած երիտասարդական աւիւնով եւ մտադրուելով ազատուել ծառայութիւնից՝ նա գողութիւն արեց իր տիրոջ՝ Փիլիմոնի ունեցուածքից եւ փախաւ Հռոմ:

 

Սակայն մարդասէր Աստուծոյ առաջնորդութեամբ, Ով կամենում էր Ոնեսիմոսի լիովին դարձը, նրան վիճակուեց տեսնել սուրբ Պօղոս առաքեալին, որն այդժամ կապանքների մէջ գտնւում էր Հռոմում: Եւ Ոնեսիմոսը, որ առաջ փախչում էր առաքեալից՝ իբրեւ իր տիրոջ ծանօթից, այնուհետեւ սկսեց յաճախ հանդիպել նրան եւ սովորոյթ դարձնելով՝ լսել նրանից Աստուծոյ խօսքի քարոզչութիւնը, մինչեւ որ ընդունեց սուրբ հաւատքը, մկրտուեց եւ քրիստոնեայ դարձաւ: Այնուհետեւ մեծ սիրով ծառայեց առաքեալին որպէս նրա սպասաւոր եւ աւագ սարկաւագ, իսկ Պօղոսը նրան ընդունեց որպէս իր սիրելի որդու:

 

Արդ, առաքեալը, կամենալով Ոնեսիմոսին հաշտեցնել իր տիրոջ հետ, եւ վերջինիս համաձայնութեամբ պահել նրան իրեն սպասաւորելու համար, Ոնեսիմոսի ձեռքը Փիլիմոնին ուղղուած վկայագիր կամ յանձնարարագիր տուեց՝ գրուած ամենայն ուշիմութեամբ եւ բարեկիրթ խօսքերով, որում մտերմաբար խնդրում էր ներել Ոնեսիմոսի մեղքերը եւ սիրով ընդունել նրան ոչ թէ որպէս ծառայի, այլ իբրեւ եղբօր: «Աղաչում եմ քեզ, - ասում էր, - իմ որդի Ոնեսիմոսի համար, որին ծնեցի իմ կապանքների մէջ, եւ որը մի ժամանակ պիտանի չէր քեզ, բայց այժմ պիտանի է թէ՛ քեզ եւ թէ՛ ինձ: Ես նրան ուղարկեցի քեզ մօտ, եւ դու ընդունի՛ր նրան որպէս իմ սրտի հատորը: Նրան ուզում էի պահել ինձ մօտ, որպէսզի քո փոխարէն ծառայի ինձ Աւետարանի համար իմ կրած կապանքների մէջ, բայց առանց քո կամքի ոչինչ չուզեցի անել, որպէսզի քո բարի գործը չլինի հարկադրանքով, այլ յօժարակամ: Եւ թերեւս նա հեռացաւ միառժամանակ նրա համար, որ ընդմիշտ ունենաս նրան այլեւս ոչ իբրեւ ծառայ, այլ առաւել, քան ծառան, որպէս մի սիրելի եղբայր. եթէ նա ինձ համար սիրելի է, որչա՜փ եւս առաւել կը լինի քեզ համար թէ՛ իբրեւ ծառայ եւ թէ՛ իբրեւ եղբայր Տիրոջով: Եթէ ինձ քեզ ընկերակից ես համարում, ապա ընդունի՛ր նրան, ինչպէս որ ինձ կ՚ընդունէիր: Եւ եթէ նա մի անիրաւութիւն է արել քո դէմ կամ մի բան է պարտք քեզ, այն ինձ վրայ հաշուիր: Ես՝ Պօղոսս, իմ ձեռքով գրեցի, ես կը հատուցեմ, որպէսզի չասեմ քեզ, թէ դու էլ քո անձն ես ինձ պարտական: Այո՛, եղբա՛յր, քո փոխարէն ես կ՚ուրախանամ Տիրոջով: Մխիթարի՛ր իմ սիրտը Քրիստոսով: Քո հնազանդութեանը վստահելով է, որ գրեցի քեզ, քանզի գիտեմ, որ կ՚անես աւելին, քան ինչ ասում եմ»: Եւ այս նամակն առաքեալը գրեց Տիրոջ 58 թուականին՝ Ներոնի կայսրութեան չորրորդ տարում: Այդ ընթացքում նա գրեց նաեւ կողոսացիներին ուղղուած թուղթը եւ այս նոյն Ոնեսիմոսի ձեռքով ուղարկեց Եւտիքոսին:

 

Երբ Ոնեսիմոսը հասաւ Կողոսիա, Փիլիմոնը նրան ընդունեց մեծ մարդասիրութեամբ եւ յարմար ժամանակին դարձեալ պատուով ուղարկեց Հռոմ՝ սուրբ Պօղոսի մօտ՝ սպասաւորելու նրան, որ գտնւում էր կապանքների մէջ: Այնուհետեւ Ոնեսիմոսը եղաւ Պօղոս առաքեալի ոչ միայն սպասաւորը, այլեւ նրա գլխաւոր գործակիցը սուրբ Աւետարանի քարոզչութեան գործում: Նա առաջադէմ գտնուեց իր առաքինի վարքով, աչքի ընկաւ առաքելական ծառայութեան նախանձախնդրութեամբ եւ մինչ իսկ նշանաւոր դարձաւ Պօղոս առաքեալի աշակերտների մէջ:

 

Եւ երբ Պօղոսին արձակեցին իր կապանքներից, Ոնեսիմոսն սկսեց շրջել նրա հետ եւ Հռոմում ու ամբողջ Իտալիայում քարոզել Քրիստոսի սուրբ Աւետարանը: Երբ առաքեալը տեսաւ նրա վրայ իջած Սուրբ Հոգու շնորհները, ձեռնադրեց նրան եպիսկոպոս: Եւ քանի որ Եփեսոսի եկեղեցու հովիւ երանելի Տիմոթէոսը գլխաւորն էր Պօղոսի գործակիցների մէջ եւ չէր կարող այդ ժամանակաշրջանում բաժանուել նրանից, առաքեալը Ոնեսիմոսին ուղարկեց Եփեսոս՝ զբաղեցնելու Տիմոթէոսի Աթոռը եւ միեւնոյն ժամանակ մարգարէաբար ասաց, թէ յետագայում նա ինքը պիտի լինի Եփեսոսի հովիւը:

 

Պօղոս առաքեալի նահատակութիւնից յետոյ Տիմոթէոսը վերադարձաւ իր Աթոռին, իսկ երանելի Ոնեսիմոսը դարձեալ ուղղուեց դէպի Արեւմուտք՝ շրջելու քարոզչութեամբ եւ հաստատելու աշակերտողներին: Անցնելով Պատրաս քաղաքի միջով՝ այնտեղ հանդիպեց սպանացի Պողիւքսենիա կոյսին եւ Սառային, որոնք աշակերտել էին սուրբ Անդրէաս առաքեալին: Նրանք յորդորեցին իրենց հետ նաւ նստել, եւ նա գնաց Սպանիա, որտեղ լուսաւորեց Կարպետանիայի երկրամասը եւ հիմնեց եկեղեցիներ: Այդ շրջանում երանելի Տիմոթէոսը նահատակուեց, եւ եփեսացիները խնդրեցին սուրբ Յովհաննէս Աւետարանչին չթողնել այն եկեղեցին առանց հովուի եւ անձամբ վերակացու լինել, որն էլ ստանձնեց մինչեւ Տրայիանոսի տիրապետութեան ժամանակները՝ Տիրոջ 99 թուականը: Իսկ Աւետարանչի փոխուելուց յետոյ եփեսացիները ստիպելով կանչեցին սուրբ Ոնեսիմոսին, եւ նա, վերադառնալով Արեւմուտքից, իր ծեր՝ աւելի քան վաթսունամեայ հասակում ստանձնեց Եփեսոսի առաջնորդութիւնը: Մեծապէս բարեկարգեց ու զարդարեց Եփեսոսի եկեղեցին՝ յարգելով եւ պանծալի դարձնելով երանելի Տիմոթէոսի եւ աստուածաբան սուրբ Յովհաննէս Աւետարանչի վաստակը:

 

Տարիներ անց բռնեցին Անտիոքի սուրբ Իգնատիոս աստուածազգեաց հայրապետին[1] եւ նրան կապուած Հռոմ տարան: Ճանապարհին Զմիւռնիա քաղաքի մօտ սուրբ Ոնեսիմոսը իւրայինների հետ Եփեսոսից նրան ընդառաջ ելաւ: Ողջունելով միմեանց՝ մխիթարակից եղան, եւ անսահման ուրախութիւն տիրեց երկու սուրբերին: Եւ սուրբ Իգնատիոսը Տիրոջ 107 թուականին մխիթարական թուղթ գրեց՝ ուղղուած եփեսացիներին, որտեղ արժանի գովեստի խօսքերով յիշատակում էր նրանց հովուին եւ ասում. «Աստուծոյ անուամբ ես ընդունեցի ձեր մեծաթիւ բազմութեանը յանձինս Ոնեսիմոսի, որն անպատմելի է սիրոյ մէջ: Խնդրում եմ Տիրոջից, որ սիրէք նրան Յիսուս Քրիստոսով եւ աղաչում եմ ձեզ, որ դուք նմանուէք նրան: Օրհնեալ է Նա, Ով ձեզ՝ արժանաւորներիդ արժանացրեց այդպիսի եպիսկոպոս ունենալ ... Նա ինքը՝ Ոնեսիմոսը, մեծապէս գովաբանում է ձեր աստուածային բարեկարգութիւնը, որովհետեւ ամենքդ ճշմարտութեան մէջ էք, հերձուածը ձեր մէջ տեղ չունի, եւ դուք հետեւում էք միայն Յիսուս Քրիստոսին»: Ոնեսիմոսի կողմից կայ նաեւ գրուած թուղթ՝ ուղղուած Անտիոքի ժողովրդին, որն սկսւում է. «Ողջո՛յն ձեզ Ոնեսիմոսից՝ եփեսացիների հովուից»:

 

Սուրբ Իգնատիոսի նահատակութիւնից յետոյ հեթանոսները որոնում էին միւս քրիստոնեայ առաջնորդներին, որոնք տարածում էին Խաչեալի հաւատքը եւ հաստատուն պահում հաւատացեալներին: Այնժամ ոմանք մատնեցին երանելի Ոնիսիմոսին, եւ արքունի հրամանով ու Ասիայի անթիհիւպատոսի հրահանգով բռնեցին նաեւ նրան եւ կապանքներով տարան Հռոմ:

 

Եւ երբ երանելուն կանգնեցրին ատեանի առջեւ, Տերտիւղոս անունով եպարքոսն սկսեց հարցաքննել նրան ու ասել. «Ո՞վ ես դու եւ որտեղի՞ց եկար քարոզելու այլ Աստուծոյ, որին մենք չենք ճանաչում»: Ոնեսիմոսը պատասխանեց. «Ժամանակին ես մի մարդու կողմից գնուած ծառայ էի, բայց այժմ ես Աստուծոյ ծառան եմ, գնուել եմ Քրիստոսի պատուական Արեամբ եւ ազատ եմ, քան բոլոր մարդիկ, որովհետեւ հեռացել եմ կռապաշտութիւնից եւ բարեպաշտութեան կոչուել»: Եւ եպարքոսի հետ երկար խօսեց աստուածային գիտութեան շուրջ, որ թերեւս նրան դարձնի ճշմարտութեան ճանապարհին, իսկ Տերտիւղոսը, տեսնելով սուրբի համարձակութիւնը, բորբոքուեց բարկութեամբ եւ հրամայեց տասնութ օր առանց հաց ու ջրի պահել նրան բանտում, որպէսզի սովամահ լինի: Բայց երանելի Ոնեսիմոսն անվնաս մնաց ու չդադարեց կենաց Խօսքը ուսուցանել նաեւ այդտեղ եւ շատերին, որոնց եպարքոսը հալածել էր Հռոմից, հեռացրեց հռոմէացիների աստուածպաշտութիւնից: Նա սուրբ Ոնեսիմոսին հեռացրեց նաեւ այդ քաղաքից եւ կապանքների մէջ իր հետ տարաւ Պատիողոս քաղաք: Երանելին այնտեղ եւս քարոզեց Աստուծոյ խօսքը եւ իր մօտ եկող շատ մարդկանց դարձրեց քրիստոնէական հաւատքին: Տերտիւղոսը տեղեկացաւ այդ մասին, եւ նրա հրամանով չորս զինուորներ հաստ գաւազաններով ուժգին ձաղկեցին սուրբին: Ապա մէջքի վրայ գցեցին գետնին, ջարդեցին նրա ազդրերն ու սրունքները: Այդտեղ էլ երանելի առաքեալ եւ սուրբ հայրապետ Ոնեսիմոսն աղօթելով ու բարի վկայութեամբ աւանդեց իր հոգին առ Աստուած, որն եղաւ Տրայիանոս կայսեր օրօք՝ Տիրոջ 109 թուականին:

 

Թագաւորական տոհմից Մատիդէ անունով քրիստոնեայ մի կին, որն ինչպէս ասում են Տրայիանոս կայսեր քոյրն էր եւ ծածուկ աշակերտում էր Հռոմի սուրբ Կղեմէս հայրապետին, մարդիկ ուղարկեց եւ առաւ սուրբ Ոնեսիմոսի մարմինն ու այն ամփոփեց արծաթէ տապանում, իսկ ժամանակ անց եփեսացի բարեպաշտ անձինք նրան պատուով տեղափոխեցին Եփեսոսի իր Աթոռը:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Պօղոս առաքեալի աշակերտ սուրբ Ոնեսիմոս հայրապետի յիշատակը տօնում է սուրբ Տարագրոս, Պրոբոս եւ Անդրոնիկոս վկաների ու սուրբ Ղուկիանոս քահանայի հետ՝ Յիսնակի պահոց առաջին երեքշաբթի օրը:

 

[1] Եղել է սուրբ Յովհաննէս Աւետարանչի աշակերտը: