Երրորդութեանն սիրող անձինք յաղթող վկայիցն.
Արժանաւորք ընդունելոյ ի յառագաստն լուսոյ:
Զի զառաջին մեղացն զբոց՝ արեամբ իւրեանց շիջուցին.
Եւ զտիեզերս հրաւիրեցին յօրհնաբանութիւն:
Հեղմամբ արեանն իւրեանց մեզ ճանապարհ հորդեցին.
Եւ առ Քրիստոս մեզ դուռն կենաց բացին ի յերկինս:
(Շարակնոց)
Տիրոջ 98-117 թուականներին՝ այն ժամանակ, երբ թագաւորում էր հռոմէական կայսր Տրայիանոսը, բարիատեաց սատանան նրա սրտում Աստուծոյ Եկեղեցու դէմ հալածանքներ յարուցելու չար խորհուրդներ դրեց: Ամենուրէք սկսեցին նեղել քրիստոնեաներին, իսկ ատեանում նստած անօրէն թագաւորը հրամայեց բոլոր քաղաքներում եւ գիւղերում զոհ մատուցել անշունչ կուռքերին: Սկսեցին ստիպել զոհաբերութիւններ անել եւ յատկապէս ստիպում էին նրանց, ովքեր զինուորական կարգ ունէին ու ապրում էին քրիստոնէական բարեպաշտ կեանքով: Թագաւորը հրովարտակներով հեծելազօրներ ուղարկեց ամբողջ երկրով մէկ, որպէսզի տանջանքի մատնէին քրիստոնեաներին, որտեղ էլ նրանց գտնէին:
Այդ ժամանակ արքունիքում Ռոմելոս անունով իշխաններից մէկը, որը պրեպոսիտութեան, այսինքն արքունի հազարապետութեան կամ զօրքի վերակացութեան պատիւ ունէր, մօտեցաւ թագաւորին եւ ասաց. «Ձերդ բարեպաշտութեան հրամանը հզօր է եւ պատուական, սակայն պալատի պատուական եւ նշանաւոր որոշ մարդկանց ուղարկիր Արեւելք՝ Գաղատիա՝ քաջամարտիկ եւ արիագոյն զօրքի մօտ»: Այնժամ թագաւորը Ռոմելոսին ասաց. «Երդւում եմ աստուածների փրկագործութեամբ, որ բարի են քո խորհուրդները»: Եւ պալատի հինգ մեծամեծ անձանց հրամայեց գնալ՝ նրանց հետ մեծ ինչքեր եւ հրովարտակ ուղարկելով, որն ունէր այս բովանդակութիւնը. «Միշտ յաղթող հռոմէական կայսր Տրայիանոսից ողջո՛յն տասներկու ազգերի կոմսերի զօրագլուխների պատուական դասին: Մեր քաջութիւնը հրամայում է ձեզ մեր պալատի երեւելի եւ գլխաւոր իշխանների պատուէրների միջոցով, քանզի որոշեցինք միասին ծանուցել ձեզ աստուածների բարերարութեան մասին, որոնք արիական քաջութիւն եւ զօրութիւն են շնորհում բոլորին: Ուստի պարտաւոր ենք ընծաներ եւ զոհեր մատուցել նրանց ու սիրել նրանց ամբողջ մտքով եւ զօրութեամբ, որպէսզի պատերազմի ելնելիս իսկոյն յաղթող երեւաք ձեր թշնամիների դէմ, որ կան արեւելեան կողմերում»: Սակայն նրանք արհամարհեցին թագաւորի հրամանները եւ անուշադրութեան մատնեցին հրովարտակի խօսքերը: Քրիստոնէական կարգ ու կանոնով պատրաստուեցին արքունիքի թշնամիների դէմ մղուող առաջիկայ մարտին, յաղթեցին հակառակորդներին եւ փառքով վերադարձան պատերազմից:
Իմանալով այս մասին՝ Ռոմելոս պրեպոսիտոսը գովաբանեց քրիստոնեայ զօրականի քաջութիւնը, որովհետեւ զօրքը, Քրիստոսով զօրացած, միաժամանակ վանեց հոգու եւ մարմնի թշնամիներին: Եւ Ռոմելոսը, որ նախապէս տեղեակ էր քրիստոնէական օրէնքներին, ընդունեց Քրիստոսի հաւատը: Իսկ թագաւորը, տեսնելով, որ իր հրամաններն արհամարհուել են քրիստոնեայ զօրականի կողմից, սաստիկ բարկացաւ եւ անտեսեց ձեռք բերուած յաղթանակը: Անձամբ եկաւ Արեւելք եւ հրամայեց նրանց լքել իրենց հայրենի երկիրը՝ Գաղատիան, ու գնալ Հայաստանի կողմերը՝ Մելիտենէ քաղաք՝ համարելով, թէ այդպիսով անարգեց նրանց որպէս վտարանդիներ իրենց հայրենիքից: Եւ նրանք, զարհուրած Տրայիանոս բռնաւորի սպառնալիքներից, եւ որպէսզի բարկանալով նա չկոտորէր իրենց, եկան վերոնշեալ գաւառը: Նրանց զօրքը տասնմէկ հազարանոց սուսերամերկ պատերազմող մարտիկներ էին: Եւ թէ ինչ դէպքեր անցան նրանց վրայով, «Ճառընտիր»-ների վկայաբանութիւններում լռութիւն է, սակայն ոմանք ասում են, թէ հազարաւոր զօրականներ նահատակուել են Քրիստոսի անուան համար: Սակայն մենք վերադառնանք մեր պատմութեանը:
Ռոմելոս իշխանը, տեսնելով Տրայիանոսի ձախողակ խորհուրդներն ընդդէմ վտարանդի եղած զօրականի, մեղադրեց նրան՝ ասելով. «Ո՛վ թագաւոր, դու այնպէս ես կարծում, թէ այդ անելով՝ իմաստուն մի գործ ես արել»: Թագաւորն ասաց նրան. «Ուրեմն դու ե՞ւս խաբուեցիր նրանց աղանդի մոլորութիւնից»: Իսկ երանելի Ռոմելոսը լոյսը չծածկեց գրուանի տակ, այլ ցանկացաւ լինել ճշմարտութեան վկան եւ սկսեց համարձակ յանդիմանել բռնաւորին՝ ասելով. «Յիմա՛ր եւ անզգա՛՝ արբած չարի մոլորութեամբ, դու խօսիր քո սնոտի ջանքերի մասին, որ ունես կուռքերի հանդէպ եւ մի՛ չարախօսիր իմ կատարեալ հաւատքի մասին»: Թագաւորը բարկացաւ, հրամայեց մահակներով հարուածել նրան ու ասաց. «Տեսնենք կ՚օգնի՞ քեզ քո Քրիստոսը»: Սուրբը պատասխանեց. «Անդնդայի՛ն վիշապ, կեղծաւո՛ր, չգիտե՞ս արդեօք, որ քո չարչարանքները, որոնցով կարծում ես կը զարհուրեցնես ինձ, ազատում եւ փրկում են ինձ կուռքերի պղծութիւնից ու ինձ անապական հանդերձ են հագցնում, որ Քրիստոս պարգեւում է Իր սիրելիներին»: Թագաւորը, տեսնելով, որ ոչ մի օգուտ չի ունենում, այլ ամօթահար է լինում, հրամայեց գլխատել վկային: Եւ այդպէս սուրբ Ռոմելոսը նահատակուեց բարի խոստովանութեամբ, որը եղաւ, ինչպէս կարծւում է, հայոց Մելիտենէ քաղաքում, հոկտեմբերի տասնիննին, շաբաթ օրը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սուրբ Ռոմելոսի յիշատակը տօնում է ս.Խաչի Զ Կիրակիին յաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Թէոդիտոն քահանայի, սուրբ Եւդոքսիոս կոմսի, Զենոն զինաւորի ու Մակարիոսի հետ:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: