ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ԵՒ ԲԱԳՈՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Որք զհանդէս նահատակութեան առ բռնաւորսն ցուցին.

Եւ յաղթեցին հաւատով. Երրեակ լուսոյն եղեն մեզ առիթ.

Աղաչանօք սոցա՝ կեցո զմեզ:

Որք զխաւար կռապաշտութեանցն վանեալ հերքեցին.

Եւ կանգնեցին մեզ նշան յաղթօղ ընդդէմ թշնամւոյն.

Աղաչանօք սոցա՝ կեցո զմեզ:

Եւ հրաշափառ ճգնութեամբ պատերազմեալք երկնայնոց՝

դասուցն եղեն երգակից.

Աղաչանօք սոցա՝ կեցո զմեզ:

 (Շարակնոց)

 

Սրանք Մաքսիմիանոս կայսեր արքունիքում փառաւոր այրեր էին, ազգութեամբ հռոմէացիներ եւ ազնուականների որդիներ՝ նշանակուած աւագութեան պաշտօնում: Սարգիսը դիւանապետ էր կամ առաջին ատենադպիրը, իսկ Բագոսը՝ երկրորդ դիւանադպիրը: Ունէին բարի համբաւ եւ զարդարուած էին գովելի առաքինութիւններով, զուարթադէմ էին ու պայծառատես: Լինելով քրիստոնեաներ ու տեղեակ աստուածային գրքերին՝ հեթանոս պալատականների մէջ ապրում էին պարկեշտութեամբ, արքունի պաշտօնեաների դասում փայլում էին լուսատուների պէս եւ սիրելի էին բոլորին, առանձնապէս՝ թագաւորին:

Այնժամ պաշտօնակիցներից ոմանք, չարանալով նրանց դէմ, ամբաստանեցին նրանց Մաքսիմիանոսի առջեւ՝ ասելով. «Ո՛վ արքայ, չգիտե՞ս արդեօք, որ այս Սարգիսն ու Բագոսը, որոնց ձեր ինքնակալութիւնն այդչափ մեծարեց որպէս արքունի գործերում հաւատարիմ անձանց, թշնամի են մեր տիրոջը եւ քո աստուածներին, քանզի պաշտում են Քրիստոս անունով նազովրեցիների Աստծուն եւ իրենց համարում Նրա ծառաները»: Թագաւորը յոյժ տրտմեց, որովհետեւ մեծապէս սիրում էր նրանց եւ չկամեցաւ իսկոյն հաւատալ չար մարդկանց խօսքերին, այլ կամեցաւ զոհաբերութին մատուցելու առիթով ճշտել իրողութիւնը: «Եթէ ճշմարիտ լինեն ձեր խօսքերը, - ասաց, - չեմ խնայի նրանց, որպէսզի վրէժ լուծեմ աստուածերի համար»: Քրմերին հրաման տուեց մեծ պատրաստութիւն տեսնել զոհեր մատուցելու համար: Եւ ինքը՝ թագաւորը, աւագանու բազմութեամբ հանդերձ ելաւ-գնաց այդ մեհեանը՝ զոհ մատուցելու, եւ իր հետ առաւ նաեւ Սարգսին ու Բագոսին: Մաքսիմիանոսն ու իր իւրայինները մտան կուռքերի տաճարը եւ դեգերում էին մինչեւ զոհ մատուցելը, իսկ Քրիստոսի երկու ծառաները ներս չմտան, այլ ինչ-ինչ պատճառաբանութեամբ մնացին դրսում: Բազկատարած աղաչում էին Աստծուն՝ փրկել իրենց փորձութիւնից եւ կոյր հեթանոսներին ազատել կռապաշտութեան մոլորութիւնից: «Տէ՛ր, Տէ՛ր, - ասում էին, - ամէնքի Աստուած եւ տիեզերքի Թագաւոր, լսի՛ր մեր աղօթքը եւ քաւութիւն տուր մեզ, որ Քո ժառանգութիւնն ենք: Խնայի՛ր, Տէ՛ր եւ լուսաւորիր նրանց սրտի աչքերը: Դարձրո՛ւ նրանց անգիտութեան խաւարից դէպի աստուածգիտութեան լոյսը, որովհետեւ միայն Դու ես ճշմարիտ Աստուած: Նրանք հեռացել են Քո փառքից, չարութեամբ խոտորուել Քեզնից ու գնացել սնօտի ուսմունքի յետեւից՝ ծառայելով անասունների, չորքոտանիների, զեռուների եւ ամէն տեսակ կենդանիների կերպարանքներով անշունչ կուռքերին: Ետ դարձրո՛ւ նրանց, Տէ՛ր, եւ նրանք կը տեսնեն Քո սքանչելի գործերը ու կը հաւատան Քո Միածին Որդուն, Ով Իր կենարար Խաչով փրկեց ողջ աշխարհը: Անբիծ եւ անարատ պահի՛ր մեզ Քո սուրբ հաւատի մէջ, որպէսզի աներկիւղ եւ աներեր ընթանանք Քո պատուիրանների ճանապարհներով»:

Իսկ թագաւորը մեհեանում նայում էր իր շուրջը եւ որոնում Սարգսին ու Բաքոսին: Եւ երբ իմացաւ, որ նրանք անգամ չեն կամեցել մեհեան մտնել, որպէսզի հաղորդ չլինեն զոհաբերութիւններին, խռովուեց իր հոգում, եւ փոխուեց երեսի գոյնը: Գոչեց առիւծի պէս՝ ահի մատնելով բոլոր ծառաներին եւ ասաց. «Ինչո՞ւ էք կանգնել, այստեղ՝ իմ առջեւ բերէ՛ք անօրէններին, որպէսզի զոհ մատուցեն, եւ մեր կրօնից բոլոր հեռացածներն ըստ արժանւոյն դատուեն»: Եւ իսկոյն բռնելով Քրիստոսի ծառաներին՝ բռնութեամբ մտցրին կուռքերի տաճարը եւ կանգնեցրին թագաւորի առջեւ: Խէթ նայելով նրանց՝ Մաքսիմիանոսը դառը դէմքով սկսեց խօսել եւ ասել. «Թող չլինի այնպէս, որ ձեզ անողոքաբար բերեն մեր մեծ մարդասիրութեան առջեւ, որ ունենք ձեր հանդէպ, եւ առաւել եւս թող չլինի, որ հակառակ դուրս գաք իշխանութեանս դէմ ու ապաշնորհ գտնուելով՝ անօրէնութիւն գործէք մեր աստուածների հանդէպ: Եւ այժմ ասում եմ ձեզ, որ եթէ զոհ չմատուցէք եւ չհաշտուէք մեր աստուածների ու մեզ հետ, ես շտապ միջոց կը ձեռնարկեմ, իսկ դուք անմիջապէս կը տեսնէք աստուածների ցասումը, որը բորբոքեցիք ձեզ վրայ»: Այնժամ սուրբ Սարգիսն ու սուրբ Բագոսն աներկիւղ առաջ եկան եւ, որպէս մէկ բերան դարձած, պատասխանեցին. «Քա՛ւ լիցի, թէ մենք ճշմարտութիւնը փոխանակենք ստութեան հետ, կամ լոյսը խաւարի հետ: Մենք քրիստոնեայ ենք եւ պաշտում ենք Քրիստոս Աստծուն Իր Հօր եւ Սուրբ Հոգու հետ: Իսկ ձեր կուռքերն աստուածներ չեն, այլ սնոտի տարրեղէն նիւթեր՝ ոսկի եւ արծաթ, քար եւ փայտ, մարդկանց ձեռքի գործ, որոնք դեւերի պատրանքներով մոլորուեցին ճշմարտութիւնից: Այդ ինչպէ՞ս կը լինի, որ մենք ինքնակամ մոլորուենք մոլորուածների յետեւից կամ լսենք աստուածընդդէմ հրամաններ: Ո՛վ ինքնակալ, մենք գիտենք մեր անձանց պարտականութիւնը՝ հաւատարիմ ծառայութեամբ հպատակուել մարմնաւոր տէրերին, կատարել արքունի գործերը եւ չհակառակուել մեր երկնաւոր Թագաւորի հրամաններին, ինչպէս որ արել ենք մինչ այժմ: Անհնար է, որ մենք հեռանանք ճշմարիտ Աստծուց եւ ծառայենք խուլ ու համր դեւերին, թէպէտ անողորմ պատուհասի մատնուենք, թէպէտ հրով կամ սրով կամ այլ տանջանքներով զրկուենք այս կեանքից: Հէնց այդ էլ մեծապէս ցանկալի է մեզ՝ արիաբար մեռնել մեր Տիրոջ անուան համար, քանզի ի՞նչն է աւելի առաքինի, քան բարեպաշտութիւնը, կամ ի՞նչն է աւելի երանելի, քան բարեպաշտութեան համար մահուչափ չարչարանքները»:

Մաքսիմիանոսը տեսաւ, որ Քրիստոսի քաջ նահատակները անդրդուելի են, անմիջապէս բարկացած հրամայեց նրանցից վերցնել արքունի պատուոյ նշանները, պարանոցից հանել ականակուռ ոսկէ մանեակը, վերցնել իշխանական պատմուճանը եւ ճոխ քղամիդը: Բռնաւորի ակնարկով նրանց կանացի անարգ զգեստներ հագցրին, շղթայեցին նրանց ոտքերն ու պարանոցները, այդպէս ծաղրելով շրջեցրին ամբողջ քաղաքով ու ապա արքունիք բերեցին:

Իսկ երանելիները փառք էին համարում այդ բոլոր անարգանքները, որ եղան Քրիստոսի անուան համար, ամբողջ ճանապարհին միաձայն սաղմոսում էին՝ ասելով. «Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես: Արի՛, Տէր, եւ օգնի՛ր մեզ, փրկի՛ր մեզ Քո սուրբ անուան համար: Մեր անձերը ցնծում են Քեզնով, որովհետեւ փրկութեան հանդերձ  եւ ուրախութեան պատմուճան հագցրիր մեզ»:

Եւ երբ կանգնեցրին արքունիքի ատեանի առջեւ, թագաւորը իւրայիններին ասաց. «Նրանք այսքան բարիքներ էին ստացել մեզնից, եւ ահա թէ ինչպէս յանդգնեցին ըմբոստանալ մեր հրամանների դէմ ու անարգել անմահ աստուածներին, յատկապէս աստուածների հայր մեծն Արամազդին, նախապատւութիւն տալով Յիսուս անուամբ ոմն հիւսնի Որդու, որ խաչուեց չարագործների հետ եւ անարգուելով մեռաւ: Ես ինքս մեղաւոր եմ դրա ապերախտութեան համար, որովհետեւ աւելի մարդասիրութիւն ցոյց տուեցի, քան արժանի է: Վեր բարձրացնելով՝ նրանց դարձրեցի իմ բարեկամները եւ պատիւներ շնորհեցի»: Ապա դարձաւ սուրբերին եւ ողոքիչ խօսքերով սկսեց հրապուրել նրանց՝ ասելով. «Եթէ դուք այն նոյն Սարգիսն ու Բագոսն էք՝ իմ սիրելի բարեկամները, ապա պատկառէ՛ք իմ գահից եւ ակնածէ՛ք ձեր հանդէպ ունեցած իմ մաքուր սիրուց: Մի կողմ թողէ՛ք օտար ուսմունքը եւ աստուածների ջերմեռանդ սպասաւորներ եղէ՛ք, որպէսզի մինչ ի մահ վայելէք մեր սէրը: Ես կարող էի խստութեամբ վարուել ձեզ հետ որպէս անծանօթների եւ անյապաղ տանջանքների մատնել, սակայն խնայում եմ ձեզ որպէս բարեկամների: Մինչ այժմ ես ձեզ հետ վարւել եմ ըստ ձեր ընտանիքի բարի համբաւի, որի համար պատկառելով բարեկամական աւանդոյթներից՝ չեմ պատուհասում ձեզ»: Երանելիները պատասխանեցին եւ ասացին. «Ո՛վ արքայ, դու ինքդ վկայութիւն տուր, եւ թող վկայի նաեւ քո ամբողջ աւագանին. արդեօ՞ք դաւաճանել ենք ինքնակալիդ հանդէպ սիրոյ եւ հպատակութեան օրէնքներին, կամ թէ երբեւէ խուսափե՞լ ենք քեզ հաւատարիմ ծառայելուց: Քանզի մեր կամքն ու որոշումն էր կատարել արքունի բոլոր գործերը՝ որպէս Բարձրեալի հրաման, որը պատուիրում է հնազանդ լինել Իր կողմից կարգուած թագաւորներին եւ առաւելը՝ կամենում էինք աղօթքներով Աստծուն հաշտեցնել ձեզ հետ: Սակայն այժմ ստիպում էք, որ մենք ապստամբենք ընդդէմ մեր Արարչի եւ բոլորի Փրկչի, մտածում էք մեզնից հեռացնել աստուածպաշտութիւնը՝ մեր պատիւը եւ գլխի պսակը, ցանկանում էք մեզ զրկել Աստծուց, որն ամենամեծ չարիքն է: Անհնար է, որ այդպէս լինի: Այսուհետեւ ոչինչ են ձեր պատիւն ու փառքը, որովհետեւ չենք կարող մարդկային սէրը աստուածսիրութիւնից նախապատիւ համարել: Եւ ինչպէ՞ս, մի՞թէ կեղծաւորութեամբ երախտագէտ երեւալու պատճառով կարող ենք ապերախտ գտնուել մեր Արարչի եւ հոգիների Փրկչի հանդէպ: Արժան է յիշեցնել հեթանոսներիդ, որ չէք ճանաչում Արարչի անբաւ բարերարութիւնները եւ, օտարանալով Նրանից, ծառայում էք դեւերին: Թող ձեզ չթուայ, թէ մենք ապաշնորհ կը լինենք կամ կ՚ուրանանք ճշմարտութիւնը: Իսկ ինչ որ մեզ առաջարկում ես, ո՛վ կայսր, լինի բարիք, թէ՛ չարիք, մահ, թէ՛ կեանք, միօրինակ արհամարելի են մեր Տիրոջ սիրոյ եւ այն յոյսի համար, որ ունենք առ Քրիստոս Աստուած»:

Սուրբերից այսպիսի եւ առաւել քան այսպիսի խօսքեր լսելով՝ Մաքսիմիանոսը կամեցաւ խոշտանգումներով նրանց մահուան մատնել, սակայն տեսնելով, որ աւելի է փառաւորւում Քրիստոսի անունը, եւ ինքն էլ սուրբին նուաճել չկարողանալու պատճառով ամօթ է կրում բոլոր մեծամեծների առջեւ, որոշեց նրանց ուղարկել մի հեռաւոր վայր ու այնտեղ մատնել անողորմ դատաւորների ձեռքը: Այնժամ հրամայեց նրանց տանել Արեւելքի Անտիոքոս դուքսի մօտ, որը քրիստոնեաներին հալածող մի անգութ մարդ էր: «Բաւակա՛ն է, - ասաց, - որ միայն նրա անունը սարսափեցնի սրանց: Եւ քաջ գիտեմ, որ նա ինձ մի հաճելի գործ անելու համար խստագոյնս կը տանջի սրանց եւ կը հնազանդուի մեր կամքին: Միայն երկար ճանապարհը բաւական է, որ շնչասպառ լինեն ու պատժուեն»: Բայց մտածում էր, որ ամենակարեւորն այն է, որ Անտիոքոսը, երանելի Սարգսի իշխանութեան տակ է եղել եւ նրա միջնորդութեամբ է հասել արեւելեան կողմերի դքսութեան պատուի: Այսպէս որոշելով՝ կայսրը կամեցաւ սաստիկ խոցոտել Սարգսի սիրտը՝ յանձնելով իրեն երախտաւոր մէկի ձեռքը, որպէսզի երախտիքների փոխարէն չարիքներ ընդունի նրանից: Եւ այս որոշմամբ մի հրովարտակ ուղարկեց Անտիոքոսին, ըստ որի եթէ Սարգիսն ու Բագոսը չհամաձայնուեն հեռանալ քրիստոնէական հաւատից, դաժան պատուհասներով զրկուեն կեանքից:

Զօրականները, վերցնելով արքունի հրովարտակը, ճանապարհ ընկան՝ իրենց հետ շղթայակապ տանելով երկու սուրբերին: Նրանց յետեւից գնում էին նաեւ սուրբերի ծառաներից մի քանիսը, որոնք սպասաւորում էին նրանց: Ճանապարհին լսում էին, թէ ինչպէս էին երանելիները միմեանց պատմում,  որ այն գիշերուայ մէջ, երբ ելան հռոմէացիների քաղաքից, Աստուծոյ հրեշտակը տեսիլքի մէջ երեւաց իրենց եւ ասաց. «Զօրացէ՛ք եւ մի՛ երկնչէք, արթուն մնացէ՛ք ձեր առաջիկայ պատերազմում եւ ուրախամիտ եղէ՛ք Քրիստոսի համար ձեր այդ ճանապարհին»: Եւ այս տեսիլքը, որ նոյնօրինակ երեւաց թէ՛ սուրբ Սարգսին եւ թէ՛ սուրբ Բագոսին, այնպէս գօտեպնդեց երանելիներին, որ իրենց քաղցր թուացին ճանապարհի բոլոր նեղութիւնները, եւ ծանր շղթաները թեթեւացրին իրենց քայլերը, որի համար ցնծալից ուրախութեամբ սաղմոսում էին՝ ասելով. «Քո վկայութեան ճանապարհներին ուրա՛խ եղանք, Տէ՛ր»:

Արդ, երբ բազմօրեայ եւ տաժանելի ճանապարհը մօտեցաւ Անտիոքոսի իշխանութեան սահմաններին, իջեւանելու համար մտան Վառվառիսոն քաղաքը: Պատահեց, որ այդ օրն այդտեղ ժամանեց դուքսն ինքը՝ Անտիոքոսը, եւ այդ մասին տեղեկանալով՝ սուրբերին անմիջապէս տարան նրա առջեւ: Ովքեր մէկ անգամ տեսնում էին երանելիներին, ասես հրեշտակներ էին տեսնում եւ չէին յագենում նայելու առաքինիների զուարթագին, պայծառ երեսներին ու շնորհալի կերպարանքներին: Սակայն երբ դատաւորը տեսաւ նրանց, որոնց քաջ գիտէր, խռովքի մատնուեց եւ խիստ զարմացաւ նրանց շղթայակապ տեսնելով: Ընթերցելով Մաքսիմիանոսի նամակը՝ անծանօթ ձեւացաւ եւ խոժոռ նայեց նրանց, սակայն զարմացաւ իր մտքում, թէ ինչպէ՞ս այդ փառաւոր այրերն իրենց կամքով նուաստացան մինչեւ վերջ: Այնուհետեւ իմացաւ նաեւ, որ նրանք պատրաստ են մեռնել Քրիստոսի համար, եւ իրեն անհնար է ինքնակալի կամքով նուաճել նրանց: Այդ պահին յայտնապէս ոչինչ չասաց, ապա կանչեց բանտապետին եւ ասաց. «Տա՛ր սրանց եւ մեծ զգուշութեամբ ու առանց մի նեղութիւն պատճառելու պահի՛ր մի բարւոք տեղում, մինչեւ որ յարմար ժամի հարցաքննեմ նրանց ատեանի առաջ»:

Եւ նրանց փակեցին բնտում: Երեկոյեան կանգնեցին աղօթքի՝ ասելով. «Տէ՛ր, նայի՛ր մեզ Քո սուրբ բնակութեան վայրից եւ մի՛ մատնիր մեզ գազանակերպ մարդկանց ձեռքը: Յիշի՛ր Քո ուխտը եւ Քո սուրբ անուան համար ընդունի՛ր ու փրկի՛ր մեզ»: Երբ երկար սաղմոսերգութիւնից յետոյ մի փոքր հանգստացան ու քուն մտան, գիշերուայ մէջ դարձեալ երեւաց Աստուծոյ հրեշտակը՝ պայծառ հանդերձներով ու ճառագայթարձակ արեգակնափայլ տեսքով եւ ասաց նրանց. «Քաջալերուէ՛ք, Քրիստոսի ծառանե՛ր, մի՛ երկնչէք, այլ հաստատուն եւ անսասան մնացէք ի խոստովանութիւն մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որովհետեւ Նա ձեզ հետ է՝ առաջնորդելու համար»:

Սուրբերն արթնացան քնից մեծ ուրախութեամբ եւ մխիթարութեամբ ու պատմեցին սքանչելի տեսիլքը՝ ի լուր այլ բանտարկուածների եւ սպասաւորների: Լի բերկրանքով սկսեցին սաղմոսել՝ ասելով. «Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, եւ նա լսեց ինձ Իր սուրբ լերան վրայից: Ես ննջեցի եւ քուն մտայ. զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է: Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, որովհետեւ Տիրոջից է փրկութիւնը, Քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի»:

Հետեւեալ օրը դուքսը, շրջապատուած զինուորների բազմութեամբ, նստեց դատողական աթոռին եւ հրամայեց սուրբերին կապանքներով իր առջեւ բերել: Նախ հրամայեց ի լուր նրանց ընթերցել արքունի հրովարտակը, ապա դարձաւ նրանց եւ ասաց. «Ո՛վ քաջեր, դուք պարտաւոր էիք լսել ինքնակալի հրամանը, զոհ մատուցել աստուածներին եւ ոչ թէ ձեզ վրայ բորբոքել կայսեր բարկութիւնը: Եւ քանի որ հակառակուեցիք առանց մտածելու, կորցրեցիք ձեր բարձր պատիւները ու շահեցիք այս անարգանքներն եւ տառապանքները: Սակայն եթէ ինձ ձեր խորհրդակիցը դարձնէք եւ խոնարհուէք՝ կատարելու արքայի հրամանը, կ՚ունենաք նոյն փառքը՝ մեծ առաւելութիւններով հանդերձ: Եւ ծանր մեղք չէ այն, որ արեցիք առանց մտածելու, որովհետեւ թեթեւ բան է անգիտութեամբ սխալուելը: Դուք կարող էք սթափուել եւ ուղղել նախկին սխալը, որովհետեւ մեծ պարծանք է ճիշտ ճանապարհին կանգնելը: Այլ ծանր յանցանք է, երբ մէկը կամակոր է եւ անուղղելի: Եւ արդ, ընտրէ՛ք, թէ որն է բարին ձեզ համար, որովհետեւ ես ինքս ձեր բարին եմ կամենում՝ յիշելով մեր նախկին բարեկամութիւնն ու սէրը, յատկապէս քեզնից ստացած երախտիքները, իմ տէ՛ր Սարգիս, որոնցով ինձ քեզ պարտական դարձրիր: Ես չգիտեմ, թէ ինչպէս վարուեմ կեանքի վիճակի այս փոփոխութիւնից, քանի որ ես այժմ նստած եմ որպէս դատաւոր, իսկ դուք որպէս մեղաւորներ կանգնած էք ատեանի առջեւ՝ հաշիւ տալու աստուածների հանդէպ ձեր անհաւատութեան ու կայսեր հանդէպ ստահակութեան համար»:

Իսկ սուրբերը լուռ էին եւ արժան չէին համարում պատասխանել նրան: Այնժամ դատաւորը շարունակեց. «Եթէ չընդունէք իմ խրատը, ապա ստիպուած եմ աւարտին հասցնել արքունի հրամանը, ակամայից թշնամանալ պատուական տէրերիդ հանդէպ եւ դաժան մահուամբ ձեզ զրկել կեանքից»: Երբ սուրբերը ծիծաղեցին նրա սպառնալիքների վրայ, անօրենն սկսեց թուարկել բոլոր տանջանքների տեսակները, որպէսզի, ինչպէս կարծում էր, սարսափեցնի նրանց: Այնժամ երանելիերը միաբերան պատասխանեցին նրան. «Ո՛վ դատաւոր, ովքեր իրապէս որոշել են շահել Քրիստոսին եւ անմահական կեանքը, նրանց համար հոգ չէ անցաւոր եւ կորստեան ենթակայ ամէն բան: Ո՛չ փառքը, ո՛չ իշխանութիւնը, եւ ոչ էլ նման բաները չեն կարող մոլորեցնել նրանց: Տանջանքները, տառապանքները եւ անգամ մահը չեն կարող սասանել նրանց: Այդ պատճառով մեզ համար հաւասարապէս արհամարհելի են ձեր ողոքիչ խօսքերը եւ նրանց հետեւող սպառնալիքները: Եւ արդ, մեզ չար խորհրդակից մի՛ եղիր եւ քո բերանից օձի դառը թոյներ մի՛ թափիր: Արդարեւ, մահուան դեղ է կաթում քո շուրթերից, որը քա՛ւ լիցի, թէ ճաշակենք ու հոգով մեռնենք: Մի՛ խաբիր սնոտի խորհուրդներով՝ մեզ որսալու համար եւ զուր ժամանակ մի՛ ծախսիր, քանզի չես կարող մեզ նուաճել տանջանքների մատնելով, ոչ էլ խոստումներով ձեր թակարդի մէջ գցել: Անհնար է, որ մենք թողնենք ճշմարիտ Աստծուն եւ խուլ ու անզգայ դեւերին զոհ մատուցենք: Ինչպէս որ մեզ համար բարի է ապրել Քրիստոսի համար, նոյնպէս էլ Նրա համար մեռնելը շահ է, որը դու չես կարող ասել քո աստուածների համար, որովհետեւ նրանք անշունչ տարրեր են, որոնք չեն կարող որեւէ մէկին շահ կամ վնաս պատճառել: Այդ պատճառով նրանց նման են լինում բոլոր նրանք, ովքեր պաշտում են եւ յոյս են դնում նրանց վրայ»:

Սուրբի բերանից լսելով այս համարձակ խօսքերը՝ դուքսն սկսեց փորձել նրանց տանջանքներով: Եւ քանի որ ակնածում էր յատկապէս Սարգսից, հրամայեց առայժմ նրան բանտ տանել, իսկ Բագոսին առաջ բերել տանջելու համար: Այնժամ բռնաւորի ցուցումով երանելի Բագոսի ձեռքերն ու ոտքերը պրկեցին չորս ցցերի վրայ եւ արջառաջլերով անխնայ հարուածեցին այնքան, որ մարմնի մասերը կտոր-կտոր պատառոտուելով՝ ցած էին թափւում, իսկ արիւնը հոսում էր գետնի վրայով: Որքան նա իրեն անխռով էր պահում եւ որքան սքանչելի համբերութեամբ էր տանում այդ ամէնը, այդչափ մոլեգնում էր դատաւորը եւ ստիպում դահիճներին՝ աւելի ուժգին ու անխնայ հարուածել: Եւ այնքան տանջեցին նրան, որ դահիճները յոգնեցին, ուժասպառ եղան ու անզօր ընկան: Այս տեսնելով՝ սուրբ Բագոսը կշտամբեց բռնաւորին եւ ասաց. «Ա՛յ թշուառական, ինչո՞ւ չես խնայում նաեւ քո զօրականներին: Չգիտե՞ս արդեօք, որ Քրիստոս է, որ զօրացնում է ինձ եւ համբերութիւն տալիս՝ կրելու բոլոր տանջանքները մինչեւ մահ»: Եւ նոյն պահին երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Ե՛կ, Բագո՛ս, Իմ քաջ զինուոր, եւ հանգստացի՛ր Արքայութեան մէջ քեզ համար պատրաստուած տեղում»: Երբ Բագոսն ի վերուստ լսեց այս ձայնը, գոհացաւ Աստծուց եւ նոյն պահին իր հոգին աւանդեց Աստուծոյ ձեռքը:

Դատաւորը հրամայեց այրել երանելու մարմինը: Եւ երբ նրան տեղեկացրին, որ կրակը չի մօտեցել նրան, հրամայեց նետել մի հեռու տեղ, որ կերակուր լինի գազանների համար, սակայն գազանները չմօտեցան նրան: Եւ հաւատացեալները գիշերը վերցրին սուրբի մարմինը ու պահեցին մի քարայրում:

Իսկ սուրբ Սարգիսը, բանտում իմանալով իր ընկերոջ՝ Բագոսի նահատակութեան մասին, լալագին աղօթում էր, որպէսզի ինքը եւս արժանանայ նրա ցանկալի վիճակին եւ ասում. «Վա՜յ ինձ, իմ ընկեր եւ իմ եղբայր Բագո՛ս, այլեւս չենք սաղմոսի միասին եւ չենք ասի՝ «Ի՜նչ վայելուչ է եւ ի՜նչ բարի, երբ եղբայրները բնակւում են միասին: Հեռացա՜ր ինձնից, եղբա՛յր, երկինք ելար եւ ինձ երկրի վրայ թողեցիր մենակ»: Եւ ահա յանկարծ գիշերուայ մէջ Քրիստոսի սուրբ վկայ Բագոսը երեւաց նրան: Յայտնուեց պայծառատես, պարանոցին ոսկէ մանեակ հագած, զինուորական պատուի իր համազգեստով եւ ասաց նրան. «Ինչո՞ւ ես տրտմում եւ խռովւում, եղբա՛յր իմ եւ տէ՛ր իմ Սարգիս: Թէպէտ ես մարմնով հեռացել եմ քեզնից, սակայն հոգուս խոստովանութեամբ միաւորուած եմ քեզ: Ես քեզ հետ եմ, մենք դարձեալ միասին կը սաղմոսենք՝ ասելով. "Քո պատուիրանների ճանապարհով ընթացայ, քանզի անդորրութիւն տուիր իմ սրտին": Շտապի՛ր, եղբա՛յր, հասի՛ր ինձ, որովհետեւ քեզ համար եւս պատրաստուած է արդարութեան պսակը»:

Ապա դատաւորը գնաց Սուրոն կոչուած ամրոցը, որ գտնւում է ասորիների Միջագետքում եւ իր հետ տարաւ սուրբ Սարգսին: Հետեւեալ օրն նստեց ատեանում, իր առջեւ կանչեց երանելուն եւ սկսեց խօսել շողոքորթութեամբ. «Պատկառում եմ այն պատիւներից, որոնք ընդունեցի քեզնից, ո՛վ պատուական Սարգիս, որովհետեւ ստիպուած եղայ դատաստանի օրէնքներով հարցաքննել իմ տիրոջը եւ սիրելի բարեկամին: Լաւ կը լինէր, որ առանց պատիւների վայելէի քո բարեկամութիւնը, քան քեզ տեսնել այդ վիճակում: Խնայի՛ր քեզ, հեռացի՛ր քրիստոնէութիւնից, եւ մենք միասին կը վարենք արեւելեան կողմերի իշխանութիւնը, ու մի՛ ստիպիր ինձ դահիճ լինել իմ բարերարի հանդէպ»: Երանելի Սարգիսը պատասխանեց եւ ասաց. «Ինձ ոչինչ մի՛ վերագրիր մարմնաւոր բարիքներ ունենալուդ համար եւ դրա փոխարէն հոգու վնաս ինձ մի՛ պատճառիր, որը չես կարող անել, թէպէտ կամենում ես: Սակայն եթէ ցանկանում ես քեզ ինձ երախտապարտ համարել, ապա լսի՛ր ինձ, եւ ես աւելի մեծ բարիք կ՚անեմ քեզ. հեռացի՛ր քո սնոտի կուռքերից եւ դարձի՛ր դէպի քո Արարիչը: Իսկ ես քեզ օգնական կը լինեմ, զուարթամիտ ծառայութեամբ կը կորզեմ քեզ մոլորութեան խորխորատներից եւ կը դարձնեմ դէպի ճշմարտութեան լոյսը եւ մինչեւ անգամ քեզ մտերիմ բարեկամ կը դարձնեմ մեր անմահ Թագաւորին»:

Պապանձուեց Անտիոքոսը եւ, իր մէջ խռովքի մատնուելով, չարութիւնից շառագունեց եւ դառնացած սաստեց սուրբին՝ որպէս հայհոյչի, սակայն սուրբ Սարգիսը շարունակեց իր արժանի յանդիմանութիւնները՝ ընդդէմ հեթանոսների մոլորութիւնների: Դատաւորը, պատասխան չունենալով այս յանդիմանութիւններին, ասաց. «Իմ մեծ հեզութիւնը եւ երկայնամիտ մարդասիրութիւնը քեզ աւելի յանդուգն դարձրեց ու բացել տուեց քո բերանը մեր եւ մեր աստուածների դէմ, սակայն ես կը սովորեցնեմ քեզ, թէ ինչպէս թողնես ամբարտաւանութիւնդ, եւ այս էլ իմացի՛ր, որ այլեւս դու հռոմէացի պատրիկ կամ իշխան չես ու այլեւս ոչ մի առնչութիւն չունես արքայի հետ, այլ դու մի անարգ գերի եւ անխրատ ծառայ ես՝ պարտական տանջանքների ու մահուան»: Այս ասելով՝ հրամայեց իր ծառաներին՝ ամրոցից շարժուել դէպի Ռուծուփ քաղաք՝ իրենց հետ տանելով շղթայուած Սարգսին՝ խոշտանգելու գործիքներով հանդերձ:

Եւ ուղղուեցին նշուած վայրը: Հրամայեց երկաթէ կօշիկներ հագցնել Սարգսին, սուր բեւեռներով ներսից գամել ոտքերը եւ այդպէս դատաւորի կառքի առջեւից քայլեցնել ամբողջ ճանապարհը, որ տանում էր դէպի Տետրաբիւրգիա ամրոցը՝ Սուրոնից եօթանասուն ասպարէզով հեռու: Սուրբ նահատակը քայլում էր արիաբար եւ սաղմոսը շուրթերին՝ ասում էր. «Համբերելով սպասեցի Տիրոջը, եւ Նա նայեց ինձ, լսեց իմ աղօթքը եւ ինձ դուրս բերեց տառապանքների գբից: Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը»: Եւ ովքեր տեսնում էին նրա ոտքերից հոսող արիւնը, զարմանում էին նրա սրտի եւ երեսի զուարթութեան վրայ ու չէին հասկանում, որ նրա մխիթարութիւնը երկնային այցելութիւնից էր:

Երբ հասան Տետրաբիւրգիա, նրան բանտ նետեցին: Գիշերը, երբ սուրբն աղօթում էր, Աստուծոյ հրեշտակը յայտնապէս երեւաց նրան, սփոփիչ խօսքերով քաջալերեց եւ հանգստացրեց ճանապարհի յօգնութիւնից: Առողջացրեց ոտքերի վէրքերը եւ փարատեց մարմնի բոլոր ցաւերը: Որպէս մի մտերիմ բարեկամ՝ ողջոյն տուեց սիրոյ եւ խաղաղութեան ողջոյնով, ուրախացրեց նրան առաջիկայ նահատակութեան համար եւ ապա աներեւոյթ եղաւ:

Յաջորդ օրը դատաւորը կամեցաւ վերստին դատել նրան եւ կարծելով, թէ սաստիկ ցաւերից եւ չարչարանքներից չի կարող գալ ատեան, հրամայեց բերել նրան պատգարակով, սակայն սպասաւորները գալով նրան տեսան ողջ ու կայտառ, իսկ ինքն անմիջապէս զուարթութեամբ վեր կացաւ եւ ինքնուրոյն ատեան եկաւ: Նրան տեսնելով՝ դատաւորն ապշեց եւ սկսեց աղաղակել. «Երդւում եմ աստուածներով, որ քրիստոնեաների բոլոր գործերը կախարդութեամբ են արւում, քանզի որտեղից է սրան ինքնակալի դէմ համարձակութիւնը, կամ ինչպէս յանկարծակի թօթափուեց բոլոր վէրքերից եւ ցաւերից, եթէ ոչ յայտնի մոգութեամբ, որն անում են մրմնջալով, իբրեւ թէ աղօթելով»: Ապա դարձաւ վկային եւ ողոքիչ խօսքերով ասաց. «Զարմացած եմ քեզ վրայ, ո՛վ Սարգիս, թէ ինչպէս փափկասուն եւ ազնուական լինելով կարողացար տանել այսքան դաժան վշտեր ու տանջանքներ»: Սարգիսը պատասխանեց. «Ո՛վ դատաւոր, ինչ որ կրեցի Քրիստոսի սիրոյ համար, տանջանքներ չեմ համարւում, այլ յաղթութեան աստուածեղէն հանդէս եւ ցնծութեան տօն, անմահութեան առիթ եւ երկնքի Արքայութեան ճանապարհ»:

Դատաւորը ոչինչ չպատասխանեց, հեռացրեց նրան իր առջեւից, իսկ ինքը ճանապարհուեց դէպի Ռուծափ, որն ինը մղոն հեռու էր Տետրապիւրգիայից: Դարձեալ հրամայեց երկաթէ կօշիկներ բեւեռել Սարգսի ոտքերին եւ այդպէս քայլեցնել մինչեւ տեղ հասնելը: Արդ, երբ հասան Ռուծափ, Անտիոքոսը չերկարացրեց Սարգսի դատաստանը, որովհետեւ վերջին դատաստանի ժամանակ տեսնելով, որ նա հաստատուն է Քրիստոսի սիրոյ եւ հաւատի մէջ՝ ինչպէս որ առաջ, հրամայեց քաղաքից դուրս մի տեղում գլխատել նրան: Երբ նրան տարան նահատակութեան վայրը, տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը, որոնց մէջ քիչ չէին քրիստոնեաները, գնում էր նրա յետեւից: Այնժամ սուրբն սկսեց աղօթել՝ ասելով. «Բարերար եւ մարդասէր Տէ՛ր, Աստուա՛ծ մեր եւ Տէր Յիսուս Քրիստո՛ս, որ Քո անբաւ գթութեամբ արարեցիր մեզ Քո բարերարութեան պատկերով եւ գթասիրելով մեղքով կործանուածներիս՝ կանգնեցրիր մեզ գլորումից Քո աշխարհ Գալստեամբ: Նոյն գթութեամբ ողորմի՛ր, Տէ՛ր, եւ ների՛ր նրանց, ովքեր չգիտեն, թէ ինչ են անում եւ դարձրո՛ւ նրանց անգիտութեան խաւարից դէպի աստուածգիտութեան լոյսը: Նայի՛ր եւ ինձ, աղաչում եմ Քեզ, ընդունի՛ր իմ մարմնի կամաւոր պատարագը եւ խառնի՛ր իմ հոգին  Քո սուրբերի հետ: Եւ ովքեր կը յիշատակեն Քո ծառաներին, Դու՝ Տէ՛ր, կատարի՛ր նրանց բոլոր խնդրանքները»: Եւ երկնքից ձայն եկաւ, որն ասաց. «Իմ քաջ զինուոր, ե՛կ եւ հանգստացի՛ր երկնքի Արքայութեան մէջ քեզ համար պատրաստուած օթեւանում, եւ ովքեր կը կատարեն ձեր անուան յիշատակը, կը կատարուեն նրանց բարի խնդրանքները»: Եւ սուրբը «Ամէն» ասելով՝ պարանոցն ուրախութեամբ մօտեցրեց սրի բերանին:

Երբ կտրեցին նրա գլուխը, պատռուելով ճեղքուեց այն տեղը, որտեղ հեղուեց նրա պատուական արիւնը: Յանկարծ մեծ վիհ բացուեց, որից զարհուրած՝ դահիճները թողեցին ու փախան, իսկ հաւատացեալները, որոնք եկել էին նրա յետեւից, վերցրին սուրբ մարմինը եւ Ռուծափ քաղաքից դուրս՝ նահատակութեան մօտ վայրում, թաղեցին սաղմոսներով եւ օրհնութեամբ:

Մէկ տարի անց, երբ բռնաւոր Անտիոքոս դուքսը հեռացաւ այդ կողմերից, Ռուծափ քաղաք եկան նախանձախնդիր քրիստոնեաներ եւ կամեցան գաղտուկ տանել սուրբ Սարգսի մարմինը: Բայց քանի որ Աստուած չկամեցաւ, որ համընդհանուր պարգեւը իւրացուի ոմանց կողմից, խափանեց նրանց ցանկութիւնը, քանզի երբ գաղտագողի մօտեցան սուրբ վկայի տապանին, սուրբի նշխարներից սաստիկ հուր ցոլաց եւ ցիրուցան արեց նրանց: Երբ այս լուրը տարածուեց, վրայ հասան Ռուծափ քաղաքի բնակիչները՝ զինուորներով հանդերձ, եւ նրանց թոյլ չտուեցին մօտենալ աստուածային գանձին: Ապա սուրբի հանգստարանի վրայ մատուռ շինեցին, որպէսզի տարէցտարի բոլորի կողմից հանդիսապէս կատարուի սուրբի յիշատակը նրա նահատակութեան օրը, որը եղաւ Տիրոջ 300 թուականին, հոկտեմբեր ամսուայ եօթերորդ օրը՝ սուրբ Բագոսի նահատակութիւնից մի քանի ամիս անց:

Տարիներ անց, երբ Մեծն Կոստանդիանոսի օրօք փայլեց քրիստոնէութիւնը, հռչակուեց սուրբ Սարգսի անունը կատարուած հրաշքների միջոցով, որ Աստուած անում էր նրա բարեխօսութեամբ: Հաւաքուեցին տասնհինգ եպիսկոպոսներ եւ Ռուծափ քաղաքում մեծ եւ վայելուչ եկեղեցի կառուցեցին, ուր տեղափոխեցին սուրբ Սարգսի նշխարները: Կարծիք կայ, որ այնտեղ է փոխադրուել նաեւ նրա ընկերոջ՝ սուրբ Բագոսի մարմինը, ուր սուրբ վկաների բարեխօսութեամբ բազում բժշկութիւններ էին լինում՝ փառաւորելով Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն: