ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՈՒԼՆԵՑՈՒ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Յիշեա զմեզ Աստուած Փրկիչ մեր. յորժամ գաս թագաւորութեամբդ Քո.

Կեցո զմեզ բարեխօսութեամբ սրբոց Քոց:

Շնորհեա մեզ թողութիւն՝ երկնաւոր Թագաւոր եւ ընկալ զաղաչանս մեր

Կեցո զմեզ բարեխօսութեամբ սրբոց Քոց:

Յօրհնութիւն ի նոր օրհնեսցուք զՔեզ Քրիստոս Թագաւոր, որ վասն մեր մարմնացար.

Կեցո զմեզ բարեխօսութեամբ սրբոց Քոց:

(Շարակնոց)

 

Մեծ նախավկայի անուանակիր եւ նրա քաջ նահատակութեան հետեւորդ երանելի Ստեփանոսը՝ Թորգոմեան տան պսակը, Փոքր Հայքից էր եւ ապրել է Յուլիանոս Ուրացողի ժամանակներում: Նրա հայրը՝ Ղազարոսը, Միջագետքի պատուական եւ մեծահարուստ նախարարական տնից էր եւ մանկուց բնակուել է ասորական Անտիոք քաղաքում: Նա ծածուկ էր պահում ի Քրիստոս ունեցած իր հաւատքը, որովհետեւ Կոստանդիանոս եւ Տրդատ արքաների դարձից յետոյ դեռեւս տեղ-տեղ կային հեթանոսներ, որոնք ամբարիշտ Լիկիանոսի եւ նրա արբանեակների հրամանով հալածում էին քրիստոնեաներին: Եւ Ղազարոսն անօրէնների ահից հեռացաւ ու բնակուեց Փոքր Հայքի Կոկիսոն քաղաքում, ուր երեք տարի ապրելով ճշմարիտ հաւատքով՝ հանդիպեց նոյնպէս քրիստոնեայ եւ աստուածավախ մի կնոջ, որի անունն էր Մարիամ ու ամուսնացաւ նրա հետ աշխարհի կարգով: Եկեղեցու խաղաղ օրերի շրջանում նրանք ապրում էին բարեպաշտութեամբ՝ անտեսելով Կոստանդ կայսեր օրօք արիանոսների յարուցած հալածանքները: Մարիամն ամուլ էր, եւ նրանք զաւակ չէին ունենում, որի համար ուխտով խնդրեցին Աստծուն իրենց զաւակ պարգեւել: Նրանց աղօթքների ու պահեցողութեան շնորհիւ Տէր Աստուած տուեց նրանց խնդրանքը, եւ նրանց արու զաւակ ծնուեց: Երբ մանուկն ութ օրական եղաւ, նրան տարան սուրբ Աստուածածնի տաճար, ուր Աստուծոյ Կոստանդին քահանան մկրտեց նրան, անուանակոչեց Ստեփանոս ու մանուկ հասակից դաստիարակեց իր ձեռքով՝ մեծացնելով աստուածապաշտութեան կարգով եւ գրագիտութեամբ: Պատուական քահանան միշտ սուրբ պատարագ էր մատուցում այդ եկեղեցում եւ ամէն կիրակի քրիստոնեաներին ու մանկանը հաղորդ դարձնում Տիրոջ Մարմնի եւ Արեան կենարար Խորհրդին:

 

Եւ այդպէս մանուկ Ստեփանոսը, որ լի էր Սուրբ Հոգու շնորհներից բխած իմաստութեամբ, աճում էր ու զօրանում: Տասնհինգ տարեկան հասակում արդէն լիովին դաստիարակուած էր աստուածային պատուիրաններով ու Աստուածաշունչ գրքով եւ, լցուած լինելով Սուրբ Հոգով, իր խօսքով ու օրինակով յորդորում էր հաւատացեալներին դէպի աստուածապաշտութիւն:

 

Պատահեց, որ Կոստանդ քահանան հիւանդացաւ: Նա իր մօտ կանչեց Աստուծոյ ծառայ Ստեփանոսին՝ ասելով. «Որդեա՛կ, ամուր մնայ հաւատքիդ մէջ եւ քաջալերի՛ր քո փոքրիկ հօտին, որպէսզի նրանք չսասանուեն, մինչեւ որ Աստուած տեսուչ կը տայ Իր ժողովրդին»: Նա այդպէս ասաց ժամանակին տիրող խռովութիւնների պատճառով, որովհետեւ ինչ տարածուել էին անօրէն Յուլիանոսի թագաւորելու մասին լուրերը, կռապաշտները դարձեալ գլուխ էին բարձրացրել  եւ սպառնում էին իսպառ վերացնել քրիստոնէութիւնը: Ապա Կոստանդ քահանան իր ձեռքը դրեց Ստեփանոսի վրայ եւ մարգարէական հոգով ասաց. «Տէրը քեզ եւ քո հաւատացեալ հօտի հետ լինի, Աստուծո՛յ ծառայ: Դու, որդեա՛կ, շուտով քիչ թուով մարդկանց հետ պիտի անցնես լեռնակողմը, ուր պիտի մնաք կարճ ժամանակ, որովհետեւ անօրէնները պիտի մատնեն ձեզ, եւ դուք պիտի նահատակուէք: Ձեր նահատակութեան վայրում պիտի  բժշկութիւններ լինեն բոլոր հիւանդների համար, քո անունը պիտի տարածուի ողջ աշխարհով մէկ, եւ Աստուած պիտի փառաւորուի քեզնով»: Այս ասելով՝ աւանդեց իր հոգին: Սուրբ Ստեփանոսը ժողովեց քրիստոնեաներին, նրանք ամփոփեցին սուրբ քահանայի մարմինը եւ մեծ պատուով գերեզման դրեցին: Մեծ տրտմութիւն պատեց ժողովրդին այդ նեղ օրերին քահանայի մահուան պատճառով, սակայն նրանք մխիթարւում էին Աստուծոյ ծառայ Ստեփանոսով, նրանով հաստատւում հաւատքի մէջ եւ զօրանում ի Տէր:

 

Շուտով Կոկիսոն քաղաքի սահմանների մօտ քրիստոնեաների դէմ հալածանքների հրդեհ բորբոքուեց: Յուլիանոսը եկաւ Կեսարիա եւ, սպառնալով Բարսեղ Մեծ հայրապետին ու ժողովրդին, ասաց. «Երբ վերադառնամ Պարսկաստանից ու տեսնեմ, որ դեռեւս չէք հնազանդուել իմ կամքին, կը մեռնէք դաժան մահով»: Իշխանաւորների ու ոստիկանների հետ մարդիկ ուղարկեց՝ քաղաքներում փնտռելու քրիստոնեաներին եւ հրամայեց՝ ասելով. «Ովքեր կը հնազանդուեն մեզ, կ՚ուրանան Խաչեալին եւ կ՚երկրպաագեն աստուածներին, նրանց պատուի արժանացրէք, այլապէս սրի ճարակ դարձրէք բոլորին»: Եւ ինքն իր բանակով ճանապարհ ընկաւ դէպի Պարսկաստան:

 

Այնժամ նրա ոստիկաններից մէկը՝ Սոկրատէս բդեշխը, եկաւ հասաւ Հայոց Կոկիսոն քաղաքը: Քաղաք մտնելով՝ նա առիւծի պէս մռնչաց քրիստոնեաների դէմ եւ իր դաժան ու սեւադէմ կերպարանքով ահաբեկեց բոլորին: Արդ, քանի դեռ նա ձեռք չէր բարձրացրել որեւէ մէկի վրայ, սուրբ Ստեփանոսը, իմանալով քրիստոնեաների երկմտութեան եւ դատաւորից ահաբեկուած լինելու մասին, ժողովեց նրանց ու ասաց. «Եղբայրնե՛ր, թերահաւատ մի՛ եղէք եւ մի՛ վախեցէք անօրէն դատաւորից, որովհետեւ Աստուած կը փրկի մեզ նրա ձեռքից, ինչպէս որ փրկեց նախկին նահատակներին անօրէնների ձեռքից՝ պսակելով նրանց անմահական փառքով: Արդ, վե՛ր կացէք, եղբայրնե՛ր, դուրս եկէք այս քաղաքից եւ գնացէ՛ք Քրիստոսի յետեւից, ինչպէս որ Նա կ՚առաջնորդի ձեզ, քանզի դուք բոլորդ չէ, որ կատարեալ էք, եւ ձեզնից ոմանք մանկան պէս պարզամիտ են: Գուցէ չարի սպասաւորները խաբէպատիր խօսքերով համոզեն ձեզնից մէկին, ինչպէս նախկինում է եղել եւ պառակտեն ընտիր հօտը»: Եւ նրանք պատասխանեցին. «Տէրն է մեր յոյսը, մենք ումի՞ց պիտի վախենանք: Թող մեր Տիրոջ կամքը լինի»:

 

Այնժամ սուրբ Ստեփանոսն առաւ նրանց, տարաւ մօտակայ սուրբ Աստուածածնի տաճարը, եւ ձեռքերը դէպի երկինք տարածելով՝ սկսեց աղօթել ու ասել. «Մեր Տէ՛ր եւ Աստուա՛ծ, Դու ես մեր Արարիչը: Մենք ճանաչեցինք Քեզ սուրբ առաքեալների միջոցով, եւ Քեզնից բացի չկայ ուրիշ Աստուած: Դու անօրէնների ձեռքից փրկեցիր նախկին ընտրեալ անձանց եւ կանգնեցրիր նրանց որպէս ամուր աշտարակ ու պարիսպ Քո հաւատացեալների համար, որպէսզի նայելով նրանց՝ մենք ճշմարիտ հաւատքով հաստատուենք Քո մէջ: Սուրբ Աստուածածնի բարեխօսութեամբ եւ սուրբ Կոստանդ քահանայի աղօթքներով ընդունի՛ր քո ծառաների խնդրանքները, որոնք հաւատքով աղաչում են Քեզ եւ առաջնորդի՛ր մեզ Քո հրեշտակի միջոցով, որպէսզի նա մեզ նաւահանգիստ հասցնի եւ աներկիւղ պահի թշնամի ու անօրէն դատաւորից, որպէսզի չմոլորուենք բանսարկուի յետեւից եւ չհեռանանք Քո հօտից: Մեր Տէր Աստուա՛ծ, ողորմի՛ր մեզ եւ փրկի՛ր մեզ, որպէսզի յաւիտեանս յաւիտենից փառաւորենք Սուրբ Երրորդութեանդ. ամէն»:

 

Այնժամ սուրբ Ստեփանոսն առաւ իրեն միաբանուած թուով երեսուներեք անձանց, որոնք մերձաւոր եւ բարեկամներ էին միմեանց, եօթ կոյսերի եւ իր հօրը՝ Ղազարոսին, որը վատառողջ էր, ու գիշերուայ մէջ հեռացան քաղաքից: Սակայն Կոկիսոն քաղաքից շատ չհեռացած՝ վախճանուեց Ստեփանոսի հայրը՝ աստուածասէր այր Ղազարոսը, որը յիսունհինգ տարեկան հասակում Տիրոջ ձեռքն աւանդեց իր հոգին՝ ապրելով անբիծ վարքով եւ առաքինութեամբ: Աստուծոյ ծառաները գիշերուայ մէջ ամփոփեցին երանելի Ղազարոսի մարմինը, աղօթեցին նրա գերեզմանի վրայ, սուրբ խաչի նշանով կնքեցին նրա բնակութեան յարկը եւ ապա շտապեցին դէպի լեռնակողմը: Հասան այն քարանձաւին, որտեղ երբ սուրբ Բարսեղը Կեսարիայից այդ լերան վրայ ցոլացող հրէ սիւն էր տեսել, Տիրոջ հրամանով այդ տեղում եկեղեցի էր հիմնել, օրհնել էր խաչը եւ ընծայել եկեղեցին սուրբ Աստուածածնի անունով: Այնտեղ քաղցրահամ ջրի աղբիւր էր բխում:

 

Արդ, երբ Աստուծոյ ծառաները հրեշտակի առաջնորդութեամբ հասան այդ վայրը, ուրախ եղան եւ գոհացան Աստծուց: Գիշեր ու ցերեկ սաղմոսներով, օրհնաբանութեամբ եւ հոգեւոր երգերով անդադար օրհնում էին Աստծուն՝ իրենց առաջնորդ ունենալով սուրբ Ստեփանոսին, զովանում էին մխիթարիչ Սուրբ Հոգու շնորհներով եւ կերակրւում լերան վրա աճող կանկառներով[1]: Եւ այդպէս շուրջ երեք ամիս աներկիւղ ապրեցին այդտեղ:

 

Մի օր Սոմնաս անունով սուրբերից մէկը եղբայրներին սպասաւորելու համար գնաց լերան յետնակողմում գտնուող հովտանման մի հարթավայր՝ կանկառ հաւաքելու: Եւ ահա մի հովիւ, որը լերան վրայ արածեցնում էր իր հօտը, տեսաւ նրան, իսկոյն մօտեցաւ եւ հարցրեց. «Որտեղի՞ց ես դու, ո՛վ մարդ եւ ի՞նչ ես անում այստեղ»: Եւ սուրբ Սոմնասը պատասխանեց. «Ես Աստուծոյ ծառան եմ եւ եկել եմ բանջար հաւաքելու իմ եղբայրների ու քոյրերի համար»: Հովիւն ասաց նրան. «Որտե՞ղ էք բնակւում, եւ ինչ պաշտամունք ունէք»: Սուրբը պատասխանեց. «Փախչելով Սոկրատէս դատաւորից՝ բնակւում ենք այն կողմում գտնուող մի քարայրում եւ պաշտում ենք խաչեալ Աստծուն»: Հովիւը լցուեց բարկութեամբ եւ կամեցաւ բռնել ու սպանել նրան, բայց սուրբ Սոմնասը փախչելով շտապ գնաց ընկերների մօտ եւ պատմեց նրանց իր հետ կատարուածի մասին: Եւ սուրբերն ապաւինեցին աղօթքներին ու իրենց յանձնեցին Աստուծոյ ձեռքը:

 

Իսկ չար հովիւն իր հօտը յանձնեց իր ընկերներին, իսկոյն գնաց դատաւորի մօտ եւ մատնեց նրանց՝ յայտնելով, թէ մեր դիմաց՝ մի քարայրում, բնակւում են մարդիկ, որոնք փախել են այս քաղաքից: Լսելով այս մասին՝ դատաւորն ուրախացաւ, բայց հրամայեց շղթայել մատնիչին եւ ասաց. «Գուցէ դու ես փախցրել նրանց այս քաղաքից, որովհետեւ հեշտութեամբ գտար նրանց: Արդ, իսկոյն իմ զինուորներին տար նրանց մօտ, որ նրանց այստեղ բերեն, ապա թէ ոչ, սրով կը սպանեմ քեզ»: Եւ նա ամբողջ սրտով խոստացաւ կատարել դատաւորի հրամանը:

 

Նախքան նրանց ժամանելը, սուրբ Ստեփանոսը՝ հասկանալով, թէ ինչ պիտի լինի, իր հետ վերցրեց բոլոր եղբայրներին եւ եօթ կոյսերին, մտաւ սուրբ Աստուածածնի տաճար, որ կար այդ քարայրում, միասին ծնրադրեցին սուրբ Նշանի առաջ եւ աղօթեցին՝ ասելով. «Օրհնեա՛լ ես, ճշմարիտ Աստուա՛ծ, որ արժանացնում ես մեզ նահատակուել անօրէնների ձեռքով: Այո՛, Տէ՛ր, Դու կարող ես ազատել մեզ նրանց ձեռքից: Քո սուրբ անուան փառքի համար Դու կամենում ես մեզ օգտակարը եւ բարին, սակայն մենք, չճանաչելով Քո բարի կամքը, փախչելով եկանք այստեղ: Եւ արդ, թող Քո կամքը լինի, Տէր Աստուա՛ծ, որովհետեւ մենք պատրաստ ենք մեռնել Քո անուան համար: Տէ՛ր, մի՛ լքիր մեզ, որովհետեւ Քո սուրբ Արեան գինն ենք եւ փառաւորում ենք ամենասուրբ Երրորդութեանդ ամենազօր Տէրութիւնը այժմ եւ յաւիտեանս. ամէն»:

 

Եւ երբ աւարտեցին աղօթքը, տրտմած փոքր-ինչ ննջեցին: Այնժամ Տէրն Իր հրեշտակին առաքեց նրանց մօտ, որն ասաց նրանց. «Մի՛ երկնչէք, որովհետեւ Տէրն ուղարկեց ինձ՝ ձեզ օգնութեան: Թշնամին չի կարող յաղթել ձեզ, եւ դուք Տիրոջով զօրացած աւարտին պիտի հասցնէք ձեր յաղթանակը ու ընդունէք փառքի պսակը: Ձեր նշխարները բժշկութիւն կը լինեն այս երկրում, եւ ձեր քաջութեան համբաւը կը տարածուի ողջ աշխարհով մէկ»: Եւ նրանք իսկոյն արթնացան իրենց քաջալերող հրեշտակի տեսիլքից եւ մեծ ուրախութեամբ դարձեալ սկսեցին աղօթել:

 

Իսկ անօրէն հովիւը, ձեռքերը մէջքի յետեւում կապուած, առաջնորդում էր զինուորներին: Եւ երբ մօտեցան սուրբերին, յանկարծ հովիւն այսահարուեց պիղծ դեւի կողմից ու հէնց այնտեղ էլ դաժան տանջանքներով կորստեան մատնուեց: Զինուորներն ահաբեկուեցին եւ պատուեցին մեծ երկիւղով, իսկ սուրբ Ստեփանոսն ու միւս սուրբերը փառաւորեցին Աստծուն: Ապա սուրբ Ստեփանոսն առաջ եկաւ եւ ասաց զինուորներին. «Ո՞մ էք փնտռում եւ կամ ինչի՞ համար էք եկել»: Եւ նրանք պատասխանեցին. «Սոկրատէս իշխանը մեզ է ուղարկել այստեղ, որպէսզի ձեզ իր մօտ տանենք, հովիւը եկել ու մատնել է ձեզ: Արդ, եթէ կամենում էք, գնանք նրա մօտ, ապա թէ ոչ, դատաւորը մեզ կը սպանի»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Մենք չենք վախենում գալ ձեր իշխանի մօտ, որովհետեւ ահա Տէրն ամաչեցրեց մեր թշնամուն: Մենք պատրաստ ենք մեռնել մեր Տիրոջ սուրբ անուան համար»: Ապա սուրբ Ստեփանոսը դարձաւ իր ընկերներին ու ասաց. «Եկէք գնանք, եղբայրնե՛ր, որովհետեւ հասել է մեր նահատակութեան ժամը, եւ միաբան լինենք, որպէսզի բանսարկուն մեզնից ոչ ոքի կորստեան չմատնի եւ մեզ վրայ չծիծաղի»:

 

Այնժամ ծնրադրեցին սուրբ Աստուածածնի առջեւ եւ սկսեցին միաբան սաղմոս երգել ու ասել. «Տէրը կը հովուի ինձ ...»: Եւ երբ աւարտեցին, սուրբ Ստեփանոսն աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր, առաջնորդի՛ր եւ պահպանի՛ր մեզ, որովհետեւ մենք Քեզ ենք ապաւինել»: Ապա զինուորների հետ ճանապարհ ընկան եւ եկան հասան մի դղեակի: Սոկրատէս դատաւորը, որն արդէն այնտեղ էր, տեսնելով սուրբերին, մռնչաց առիւծի պէս եւ յոխորտալով ասաց. «Փախչելով կամենում էիք ազատուե՞լ իմ ձեռքից»: Այնժամ սուրբ Ստեփանոսը՝ զօրացած Սուրբ Հոգով, ամաչեցրեց իշխանին յոխորտալու համար եւ ասաց. «Քանի որ մենք երկնքի եւ երկրի Արարչի ծառաներն ենք, հնազանդ ենք Նրա օրէնքներին եւ չենք կամենում հաղորդ լինել անօրէններին: Այդ պատճառով երբ իմացանք, որ եկել է անօրէնութեան ծառան, փախանք, որովհետեւ անգամ քեզ տեսնելը ամօթ ու նախատինք ենք համարում»: Դատաւորն ասաց. «Թո՛ղ յամառութիւնդ եւ հնազանդուի՛ր իմ խօսքերին, որոնք ինքնակալի կամքն են, որպէսզի բարի լինի քեզ եւ քո ընկերների համար: Երդւում եմ իմ աստուածներով, որ մեծ պատուի կ՚արժանացնեմ քեզ եւ քեզ հետ եղող մարդկանց: Քեզ էլ տէր եւ իշխան կը դարձնեմ իմ զօրքի վրայ»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Թող կորչեն քո պարգեւները քեզ հետ միասին: Մենք չենք կամենում հնազանդուել քո կամքին: Ինչ կամենում ես, արա՛ իսկոյն, որովհետեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար մենք պատրաստ ենք կապանքների, բանտարկութեան եւ մահուան»: Դատաւորն ասաց. «Դու քո կախարդութեամբ հնազանդեցրել ես քեզ հետ շրջող մարդկանց: Արդ, ես կը ոչնչացնեմ քո կախարդութեան զօրութիւնը»: Այս ասելով՝ հրամայեց մէջքի յետեւում կապել նրանց ձեռքերը եւ արջառաջլերով հարուածել նրանց որովայններին եւ թիկունքներին:

 

Արդ, զինուորները եկան շղթայեցին սուրբերին, իսկ կոյսերին եւ Ստեփանոսի մօրը՝ Մարիամին, առանց կապելու բանտ նետեցին: Կապուած սուրբերին տարան գաւիթ եւ օրուայ վեցերորդ ժամից մինչեւ տասներորդ ժամը դահիճները, միմեանց փոխարինելով, սկսեցին հարուածել նրանց: Սուրբ Ստեփանոսն ու իր ընկերները իրենց աչքերը երկինք բարձրացրին եւ սկսեցին ասել «Որ բնակւում է Բարձրեալի օգնութեամբ ... »[2], «Աստուա՛ծ, մեզ օգնութեան հասի՛ր եւ Տէ՛ր, փութա՛ ընկերակցել մեզ»[3], «Մեր նեղութիւնները մեր թշնամիների դէմ դարձրո՛ւ եւ Քո ճշմարտութեամբ կործանի՛ր նրանց, որովհետեւ Դու, Տէ՛ր, մեզ հետ ես, եւ մեր թշնամին մեզ չի յաղթի»[4] սաղմոսները: Եւ այսպէս սաղմոսներ եւ աղթօքներ էին ասում տանջանքների ժամանակ: Երեկոյեան նրանց բանտ տարան, եւ Աստուած այդ գիշեր զօրացրեց սուրբերին: Դատաւորի սպասաւորները զարմացած եւ զարհուրած էին, որովհետեւ տեսնում էին, որ սուրբերն արհամարհում են տանջանքների նեղութիւնները: Առաւօտեան գնացին եւ պատմեցին դատաւորին, թէ «Այն մարդիկ արհամարհում են տանջանքները»: Այնժամ դատաւորը հրամայեց իր առջեւ բերել նրանց, եւ երբ բերեցին, ասաց. «Չարքե՛ր եւ աստուածների թշնամինե՛ր, որքա՞ն ներեմ ձեզ: Այժմ հնազանդուէ՛ք իմ կամքին եւ զոհ մատուցէք աստուածներին, որպէսզի չկործանեմ ձեզ խստագոյն տանջանքներով»: Սուրբերը միաբերան պատասխանեցին. «Մենք չենք երկրպագի քո աստուածներին եւ քո կամքին չենք հնազանդուի, որովհետեւ Տէրն է մեր օգնականը: Մենք չենք վախենում քո սպառնալիքներից: Ահա իշխանութիւն ունես մեր մարմինների վրայ, արա՛, ինչ կամենում ես»:

 

Այնժամ բռնաւորը հրամայեց կախել եւ երկաթէ քերիչներով քերել նրանց մարմինները: Քերեցին այնքան, որ արիւնը, որից կարմիր հանդերձներ էին հագել սուրբերի մարմինները, թրջում էր նրանց անդամները եւ առատապէս հոսում երկրի վրայ: Եւ այդ տանջանքներից մէջ Բագրատունի կամ Բագարատ անունով սուրբերից մէկը, որ դեռեւս մանուկ էր հասակով, աւանդեց իր հոգին: Մինչ մանուկը տառապում էր տանջանքներից, սուրբ Ստեփանոսն ասաց նրան. «Գնա՛ մեր Տիրոջ մօտ, որդեա՛կ, քանզի ինչպէս երբ տանտէրը կերակրում է իր որդիներին, նախ ընտիրն է մատուցում, այդպէս էլ դու, որ իբրեւ պատուական, անբիծ եւ անարատ գառ ես, խաղաղութեամբ Տիրոջ մօտ գնա»:

 

Երբ դատաւորն իմացաւ տղայի մահուան մասին, բարկացաւ դահիճների վրայ, որովհետեւ չէր կամենում, որ տանջուողներից որեւէ մէկը շուտ մեռնի: Հրամայեց կախաղանից իջեցնել սուրբերին, իսկ մահացածին նետել շների առաջ: Երբ դահիճներից երկուսը մօտեցան քարշ տալու մեռած նահատակին, իսկոյն նրանց ձեռքերը քարացան, լեզուները պապանձուեցին եւ չկարողացան խօսել, իսկ միւս զինուորները, տեսնելով կատարուածը, ահաբեկուած գնացին՝ պատմելու դատաւորին: Իշխաններից մէկը Սոկրատէս դատաւորին ասաց. «Եթէ չսպանես այդ կախարդներին, ապա նրանք կը կործանեն մեր զօրքը, որովհետեւ սպանեցին հովուին եւ այս երկու պատուական մարդկանց էլ խեղանդամ դարձրին»:

 

Այնժամ բարկութեամբ լցուած դատաւորը հրամայեց սուրբերին իր առջեւ բերել, եւ երբ նրանք եկան, ցասմամբ ասաց նրանց. «Ձեր կախարդութիւնը ձեզ յիմարեցրել է: Դուք սպանեցիք իմ հովուին, բայց ես անտեսեցի, որ թերեւս հնազանդուէք ինձ եւ երկու պատուական մարդկանց էլ կիսամեռ դարձրիք: Երդւում եմ իմ Ասկղեպիոն աստուծով, որ եթէ չհնազանդուէք իմ կամքին եւ չթողնէք ձեր յամառութիւնը, դաժան մահով կորստեան կը մատնեմ ձեզ, ինչպէս այն մէկին, որը մեռաւ, իսկ եթէ հնազանդուէք, իսպառ կը մոռանամ այն ամէնը, ինչ որ արեցիք: Միայն թէ ասացէք, որ հաւատում էք մեծ Ասկղեպիոն աստծուն, որովհետեւ նրանով են խաղաղութեամբ ապրում երկիրը եւ մենք»: Սուրբ Ստեփանոսն առաջ եկաւ եւ ասաց. «Սատանայի որդի՛, քո հովուին սպանեցին դեւերը, որոնց աստուածներ ես կոչում, որովհետեւ Ասկղեպիոս նշանակում է դեւերի բնակութիւն: Արդ, մենք անխօս եւ անմիտ դեւերին չենք երկրպագում, իսկ մեր ընկերը, որին մեռած ես կարծում, մահուանից դէպի կեանք անցաւ, որի համար Պօղոս առաքեալն ասում է. "Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք"[5], եւ դարձեալ՝ "Նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք[6]": Արդ, մեր եղբայրը Քրիսոսի սէրը բորբոքեց մեր մէջ եւ գնաց՝ մեզ տեղ պատրաստելու»: Սոկրատէսն ասաց. «Քո խելագարութիւնը քեզ թոյլ չի տալիս հասկանալ, թէ ինչ ես խօսում»: Ստեփանոսն ասաց. «Խելագարը դու ես, որ աստուած ես կոչում մարդկանց ձեռքի գործերին, քանդակուած փայտերին եւ կոծափոյ քարերին: Դու չգիտես, որ նրանք չեն կարող փրկել քեզ յաւիտենական հրից, որովհետեւ հոգուդ աչքերը կոյր են: Դու չես տեսնում եւ երկրաւոր պատուովդ ես ուրախանում»: Սոկրատէսն ասաց. «Ի՞նչ շահ ունէք Խաչեալին պաշտելուց: Ձեզնից առաջ շատերը պաշտեցին Նրան, սակայն մեռան թագաւորների ձեռքով»: Ստեփանոսը պատասխանեց. «Ո՛վ հակառակորդ, նրանք մահուանից դէպի կեանք անցան եւ անթառամ պսակների արժանացան»: Սոկրատէսն ասաց. «Ես այժմ քեզ անթառամ պսակներ կը մատուցեմ»:

 

Եւ նրա հրամանով տասը մարդիկ արջառաջլերով հարուածեցին նրանց գլուխներին այնքան, որ յոգնեցին: Իսկ սուրբ Ստեփանոսը եւ նրա հետ եղողները, ձեռքերը երկինք տարածելով, աղօթեցին՝ ասելով. «Տէ՛ր Աստուած, օգնի՛ր մեզ մեր այս նեղութեան մէջ, որովհետեւ Քո անուան համար մեզ ծաղրելով՝ հարուածում են մեր գլուխներին եւ անարգում Քո անունը: Մենք՝ Քո ծառաներս, ճանաչեցինք Քեզ սուրբ առաքեալների միջոցով: Չկայ այլ Աստուած Քեզանից բացի: Տէ՛ր, այժմ թոյլ մի՛ տուր, որ Քո անունը հայհոյուի անօրէնների կողմից, այլ ցոյց տուր Քո զարմանահրաշ գործերը, որպէսզի ճանաչեն Քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուդ, եւ Քո սուրբ անունը փառաւորուի հաւատացեալների կողմից»:

 

Եւ երբ աւարտեցին աղօթքը, յանկարծ սաստիկ լոյս փայլատակեց, որը ծածկեց արեգակին: Տէրն իջաւ նրանց մօտ եւ ասաց. «Խաղաղութի՛ւն ձեզ, Իմ սիրելինե՛ր, Ես յաւիտեան ձեզ հետ եմ» եւ նոյն  պահին բժշկեց նրանց ու երկինք վերացաւ: Սուրբերը, տեսնելով սքանչելիքը եւ իրենց անձանց բժշկութիւնը, յոյժ ուրախացան եւ գոհացան Աստծուց, իսկ այնտեղ գտնուողները կուրացան, որից դատաւորն ու իշխանները զարմացած սարսափահար եղան: Այնժամ հարիւր յիսունհինգ հոգի զղջալով հաւատացին Տիրոջը եւ բարձրաձայն ասացին. «Մենք եւս պաշտում ենք Ստեփանոսի Աստծուն», իսկ սուրբ Ստեփանոսն իր ձեռքը դնելով բժշկեց եւ հաստատեց նրանց հաւատքի մէջ:

 

Տեսնելով կատարուածը՝ դատաւորը խիստ տրտմեց: Նրա իշխաններից մէկն ասաց. «Ես ասացի՝ իսկոյն վերացրո՛ւ դրանց, որպէսզի իրենց կախարդութեամբ չսպանեն մեզ: Այժմ արա՛, ինչ կ՚ասեմ քեզ. հրամայի՛ր նախ բերել կոյսերին եւ սպանել, իսկ յետոյ՝ այդ մարդկանց»: Եւ նա հրամայեց իր առջեւ բերել կոյսերին: Դատաւորն սկսեց խօսել նրանց հետ եւ ասել. «Ես կը խնայեմ ձեզ ու չեմ տանջի, ինչպէս ձեր ընկերներին: Այժմ հնազանդուէ՛ք իմ կամքին եւ զոհ մատուցէք աստուածներին: Երդւում եմ, որ ձեզ կնութեան կը տամ մեր իշխաններին եւ մեծ պատուի ու հարստութեան կ՚արժանացնեմ, այլապէս կը հրամայեմ սրով սպանել ձեզ»:

 

Մարիամը՝ Ստեփանոսի մայրն ասաց. «Այդ կոյսերն իրենց նուիրել են ոչ թէ երկրաւոր հարստութեան կամ մարդկանց, այլ Քրիստոս Թագաւորին: Այժմ խաբէպատիր խօսքեր մի՛ բարբաջիր եւ մի՛ ջանիր որսալ մեզ, որովհետեւ մեր յոյսը մեր Տէրն է, եւ մենք չենք վախենում քո սպառնալիքներից: Տէրը կ՚օգնի մեզ իմ որդու, նրա ընկերների եւ մեր եղբայրների աղօթքներով ու կը փրկի մեզ քո ձեռքից»: Այնժամ դատաւորը հրամայեց դահիճներին տանել նրանց հեռու մի տեղ եւ այնտեղ սպանել, որպէսզի նրանց մարմինները կերակուր լինեն գազանների համար»:

 

Վաղ առաւօտեան դահիճները Մարիամի հետ վերցրին եօթ սուրբ կոյսերին եւ տարան նահատակութեան վայրը: Երանելի Մարիամը՝ տեսնելով, որ իրեն նահատակութեան են տանում եղբայրներից եւ իր որդուց առաջ, ուրախութեան արտասուքներով եւ բարձր ձայնով ասաց իրենցից փոքր-ինչ հեռու գտնուող սուրբ Ստեփանոսին. «Որդեա՛կ իմ, Ստեփանո՛ս, դու գիտես, թէ ինչպէս հոգացի, որ դու կրթուես աստուածապաշտութեամբ: Արդ, ամո՛ւր մնայ հաւատքիդ մէջ եւ քաջալերի՛ր եղբայրներիդ, որպէսզի նրանցից ոչ ոք չզարհուրի տանջանքներից, չսասանուի, չերկմտի եւ չվախենայ դատաւորի սպառնալիքներից, որովհետեւ նրանց մէջ կան մանուկներ, որոնք դեռեւս անչափահաս են: Թող, որ նրանք նահատակուեն ձեզանից առաջ եւ սրբութեամբ մեր Տիրոջ մօտ գնան: Իսկ դու, որդեակ իմ Ստեփանո՛ս, աղօթիր իմ եւ իմ դուստրերի համար, որպէսզի խաղաղութեամբ հասնենք մեր անձկալի Քրիստոսին»: Եւ սուրբ Ստեփանոսն ասաց. «Մայր իմ Մարիա՛մ, գնա՛ խաղաղութեամբ, թող Տէրը քեզ հետ եւ իմ քոյրերի հետ լինի»: Ապա շարունակեց յունարէն լեզուով. «Մա՛յր իմ, մա՛յր իմ, թող նախ կոյսերն ըմպեն մահուան բաժակից եւ ապա դու, որովհետեւ գուցէ, անչափահաս լինելով, երկնչեն՝ սուսեր տեսնելով: Իսկ ես եւ իմ եղբայրներն այսօր եւեթ ձեր յետեւից կը ժամանենք ձեզ մօտ»:

 

Արդ, դահիճները եօթ կոյսերին, նրանց հետ եւ Մարիամին, տարան նահատակութեան վայրը, որ գտնւում էր լերան ստորոտի մի ձորակի դիմաց եւ պատրաստուեցին անխնայ կոտորել նրանց: Կոյսերը, կնքելով իրենց անձերը սուրբ Խաչի նշանով, մէկ-մէկ մօտենում էին դահիճներին՝ զոհաբերուելու: Մարիամը կանգնած էր կոյսերի դիմաց եւ քաջալերում էր սուրբերին՝ ամուր մնալ հաւատքի մէջ եւ հասնել երկինք՝ տեսնելու Քրիստոսին: Դահիճները գլխատեցին նրանց եւ ապա մերկ սուսերով մօտեցան Մարիամին: Մարիամի ձեռքերը կապուած չէին, նա մի կողմ կանգնած աղօթում էր բազկատարած եւ ասում. «Օրհնեա՛լ ես, անմահ Թագաւո՛ր, որ անարատ զաւակներիս արժանացրիր ըմպել մահուան բաժակից»: Դեռ աղօթքը չաւարտած՝ դահիճներից մէկը սրով հարուածեց նրա կրծքին, եւ սուրբ Մարիամը բարի խոստովանութեամբ ի Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, իսկոյն աւանդեց իր հոգին, որ եղաւ օգոստոս ամսուայ տասնմէկին, ուրբաթ օրը, տասներորդ ժամին: Սուրբերի մարմինները մնացին անթաղ, ինչպէս նրանցից առաջ նահատակուած Բագրատունու մարմինը: Ժամանակ անց նորահաւատ անձինք գիշերուայ մէջ ծածուկ հաւաքեցին սուրբ Բագրատունու նշխարները, տարան սուրբ կոյսերի նշխարների մօտ եւ ամփոփեցին միեւնոյն վայրում եւ միառժամանակ նրանց հանգստարանը ծածուկ պահեցին:

 

Իսկ դահիճները սուրբերի նահատակութիւնից յետոյ գնացին դատաւորի մօտ եւ պատմեցին, ինչ որ արեցին: Այնժամ դատաւորը հրամայեց դարձեալ իր առջեւ բերել Ստեփանոսին եւ նրա ընկերներին: Ասաց նրանց. «Որքա՞ն համբերեմ ձեզ, դուք ձեր կախարդութեամբ իմ ժողովրդին ձեր կողմն էք դարձնում»: Սուրբերը պատասխանեցին. «Աստուածապաշտութեան դառնալը կախարդութի՞ւն ես համարում»: Սոկրատէսն ասաց. «Ես հրաման եմ առել թագաւորներից, որ երեք կամ չորս անգամ ներեմ ձեր հանցանքները: Այժմ հնազանդուէ՛ք իմ կամքին եւ զոհ մատուցէք աստուածներին, որպէսզի չմատնեմ ձեզ առաւել դաժան տանջանքների, եւ ձեր Աստուածը չկարողանայ ձեզ փրկել իմ ձեռքից»: Սուրբ Ստեփանոսն ասաց. «Ո՛վ դատաւոր, ինչո՞ւ ես ջանում փորձել Աստուծոյ ծառաներիս: Մենք պատրաստ ենք տանջանքների, որոնց կամենում ես մատնել: Քո ձեռքին են մեր մարմինները, արա՛, ինչ կամենում ես»:

 

Դատաւորը հրամայեց սաստիկ հուր բորբոքել եւ նրանց հրի մէջ նետել: Զինուորները կատարեցին իրենց հրամայուածը եւ մեծ հուր բորբոքեցին: Ճանապարհին սուրբերն սկսեցին երգել Երեք Մանուկների օրհնութիւնը: Եւ երբ մօտեցան հնոցին, զինուորները կապեցին նրանց ձեռքերը եւ նետեցին բորբոքուած հրի մէջ: Սուրբերի հնոցի մէջ էին, ինչպէս մի զով վայրում, որովհետեւ բոցը խորանաձեւ հովանի եղաւ նրանց: Եւ սուրբ Ստեփանոսն ընկերների հետ աղօթեց՝ ասելով. «Օրհնեա՛լ ես, անմահ Թագաւո՛ր, որ այսօր ցոյց տուեցիր քո սքանչելիքները, գովաբանում ենք Քեզ, սքանչելի Աստուա՛ծ եւ փառաւորում Քո անունը այս հնոցի մէջ»:

 

Երբ զինուորները տեսան կատարուած հրաշքը, զարմացան եւ պատուեցին մեծ երկիւղով: Սուրբերին թողնելով հնոցի մէջ՝ շտապ գնացին իրենց իշխանի մօտ եւ պատմեցին իրենց տեսածը: Դատաւորն ասաց. «Եւ նրանք դեռեւս ո՞ղջ են հնոցում»: Զինուորները պատասխանեցին. «Նրանք ուրախ են եւ փառաւորում են իրենց Աստծուն»: Այնժամ դատաւորը գազազեց առիւծի նման եւ ասաց դահիճներին. «Իսկոյն այդ կախարդներին տարէք ջրանցքի մօտ ու սրով կոտորէք նրանց, որպէսզի ի յայտ չգան նրանց կախարդութեան նոր հետեւորդներ, չգան ու չսպանեն ինձ, քանի որ իմ զօրքն ինձ հետ չէ»: Այդ նոյն օրերին տարածուել էին Յուլիանոսի Պարսկաստանում մեռնելու եւ Յովիանոս Բարեպաշտի թագաւորելու մասին լուրերը, որի պատճառով անօրէն Սոկրատէս դատաւորը շտապեց կորստեան մատնել սուրբերին, որպէսզի չստանայ բանտարկուած քրիստոնեաներին արձակելու հրամանը:

 

Այնժամ դահիճները գաղտնի գնացին եւ Ստեփանոսին ու նրա ընկերներին ողջանդամ դուրս բերեցին հնոցից, որովհետեւ Աստուծոյ զօրութեամբ Տիրոջ հրեշտակը պահպանում էր նրանց այնպէս, որ նրանց գլխից մազ անգամ չէր խանձուել: Այդ տեսնելով՝ դահիճները զարմացան եւ չհամարձակուեցին ձեռք բարձրացնել նրանց վրայ, բայց քանի որ յոյժ երկնչում էին դատաւորից, միմեանց շտապեցնում էին տանել նրանց նահատակութեան վայրը եւ կատարել դատաւորի հրամանը: Դահիճներից մէկն արձակեց սուրբերի կապանքները, որպէսզի նրանք հեշտութեամբ քայլեն: Եւ այդպէս սուրբերը ճանապարհն անցնում էին մեծ ուրախութեամբ, սաղմոսերգում էին ու ասում. «Մեր նեղութեան մէջ Տիրոջը կանչեցինք, եւ Տէրը փրկեց մեզ նենգ շրթունքներից ու չար լեզուներից»[7]: Եւ աւարտելով սաղմոսը՝ հասան նահատակութեան վայրը՝ կոյսերի նահատակութեան  վայրի դիմաց փոքր-ինչ հեռու գտնուող մի խոր ձորակի: Դահիճները շտապում էին սպանել սուրբերին, իսկ նրանք ծնրադրած միաբան աղօթում էին՝ ասելով. «Տէ՛ր, մեր յո՛յս, ապաւէ՛ն եւ Փրկի՛չ, ճշմարիտ Աստուա՛ծ, փառաւորում ենք Քո մարդասիրութիւնը, որովհետեւ Դու փրկեցիր մեզ դատաւորի ձեռքից ու ամբողջական պահեցիր մեր միաբանութիւնը, քանի որ մեզնից ոչ ոք չվախեցաւ դատաւորի տանջանքներից: Այժմ, բարերար Տէ՛ր, ընդունի՛ր Քո ծառաների աղաչանքները: Քո մօր՝ սուրբ Աստուածածնի եւ Կոյսի բարեխօսութեամբ ընդունի՛ր Քո ծառաների հոգիները, որ փառաւորուի Քո սուրբ անունը»: Եւ երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Եկէ՛ք, Աստուծոյ ծառաներդ, եւ հանգստացէ՛ք միւս նահատակների հետ»:

 

Դահիճները յարձակուեցին սուրբերի վրայ ու սկսեցին կոտորել նրանց: Սուրբ Ստեփանոսը մեկուսի կանգնած աղօթում էր՝ ձեռքերը երկինք տարածած, բայց երբ տեսաւ, որ դահիճներն անխնայ կոտորում են իր եղբայրներին, ասաց նրանց. «Նախ կոտորէք հասակով փոքրերին», սակայն դահիճները, սուրբի խօսքերին հակառակ նախ մեծերին կոտորեցին: Եւ Աստուծոյ ծառայ Ստեփանոսը քաջալերում էր սուրբերից իւրաքանչիւրին՝ փոքր-ինչ դիմանալ ու հասնել իրենց նահատակուած ընկերներին: Ասում էր. «Ահա գնում ենք դէպի հանգիստը, որը Տէրը պատրաստել է Իր ծառաների համար»:

 

Այդպէս կոտորեցին բոլորին, եւ միայն Ստեփանոսը մնաց: Ահա այն անունները, որոնք նահատակուեցին բարի հաւատով. սուրբ Բագարատ, Վեղարիոս, Բասիլիոս, Սիմէոն Կեսարացի, Գրիգորիո կամ Գրիգորիոս, որը հաւատով լի մի այր էր Կոկիսոն քաղաքից, նրա երկու որդիները՝ Սմբատ եւ Յովհաննէս, նաեւ պատուական այր Ղեւոնդիոսն իր երեք որդիների՝ Դաւթի, Ստեփանոսի եւ Թադէոսի հետ, Անտիոքից մէկ այլ պատուական եւ մեծատոհմ այր՝ իր չորս որդիներով, ինչպէս եւ ուրիշներ՝ թուով տասնեօթ կամ տասնութ հոգի, որոնց անունները գրուած են Կեանքի Գրքում:

 

Իսկ սուրբ Ստեփանոսը շարունակում էր աղօթել ջերմ արտասուքներով: Երբ դահիճները մօտեցան, ասաց նրանց. «Ինչո՞ւ էք յապաղում, ինչո՞ւ էք ապշել՝ արբած անօրէնութեամբ, ինչպէ՞ս սատանան կուրացրեց ձեր սրտի աչքերը: Ձեզ թուաց, թէ նրանք մեռան, սակայն մահուանից դէպի կեանք անցան եւ այժմ յաւիտենական հանգստի մէջ են: Եթէ իմանայիք նրանց երանութեան մասին, նախանձախնդրութիւն կունենայիք հետեւել նրանց»: Դահիճները, որոնք թուով երեսունութն էին, ասացին. «Մենք մեր իշխանից իմացել ենք քո եւ սպանուածների կախարդութեան մասին: Այժմ կամենում ես մեզ դարձնել ձեզ նման, եւ սպանուել դատաւորի կողմի՞ց»: Սուրբը պատասխանեց. «Գրուած է, որ ով չի կամենում Տիրոջ օրհնութիւնը, հեռու կը լինի Նրանից»: Ապա խնդրեց փոքր-ինչ ժամանակ տալ՝ աղօթելու համար եւ երեսնիվայր ընկած աղօթեց՝ ասելով. «Ո՛վ ճշմարիտ Աստուած, անեղ Էութի՛ւն, սուրբ Երրորդութի՛ւն, հրեշտակների դասերն անլռելի ձայնով օրհնաբանում են Քեզ, եւ բոլոր արարածները խոստովանելով երկրպագում են Քեզ՝ անդադար օրհնելով Քո Տէրութիւնը եւ փառաւորելով Քո սուրբ անունը: Դու պարսպեցիր Քո հաւատացեալներին սուրբ Խաչի նշանով, որպէսզի նրանով կնքելով մեր անձերը՝ ամաչեցնենք հակառակորդին, եւ նա չկարողանայ յաղթել հաւատացեալներին: Մենք՝ ծառաներս, ապաւինելով Քո սուրբ Խաչի նշանին, Քո սուրբ անուան համար մեզ մահուան մատնեցինք: Եւ այժմ, Տէ՛ր, գոհանում ենք Քեզնից, որ պահեցիր մեզ աներկբայ հաւատով եւ արժանացրիր մեռնել Քո սուրբ անուան համար: Արդ, ընդունի՛ր այս իմանալի պատարագը, որ մատուցում եմ Քեզ: Մարդասէր Տէ՛ր, դասակարգի՛ր նրանց Քո սուրբերի թւում եւ գրի՛ր նրանց անունները Կեանքի Գրքում: Տէ՛ր, ընդունի՛ր եւ ինձ եւ խաղաղութեամբ հասցրու անվախճան Կեանքի նաւահանգիստը: Աղաչում եմ Քեզ, Սուրբ Երրորդութի՛ւն, ընդունի՛ր իմ խնդրանքները եւ մեր նահատակութեան վայրը քրիստոնեաների բնակավայր դարձրու: Օրհնի՛ր հաւատացեալ նոր հօտին եւ օրըստօրէ աճեցրու նրանց, որպէսզի նրանք բազմանան եւ օրհնեն Քո սուրբ անունը: Ոչնչացրո՛ւ թշնամի դատաւորին, ինչպէս որ սուրբ Բարսեղ հայրապետի աղօթքներով եւ Մերկուրիոս վկայի ձեռքով կորստեան մատնեցիր նրա թագաւորին եւ, կատարելով նրանց խնդրանքները, պահպանեցիր Քո սուրբ անուանը հաւատացողներին: Եւ այժմ դարձեալ խնդրում ենք Քեզ, մարդասէր Տէ՛ր, օրհնի՛ր նրանց եւ արժանացրո՛ւ, որ մեր նահատակութեան վայրը լինի բժշկութիւն հիւանդների համար, որպէսզի ովքեր գան մեր անունով եւ ինչ որ խնդրեն Քեզ այս տեղում, օգնես նրանց: Եւ եթէ ինչ-ինչ հիւանդութիւն կամ ցաւեր ունեն, բժշկես նրանց եւ փրկես, որ փառաւորեն Քո սուրբ անունը: Իսկ ինձ արժանի արա, որ ուրախութեամբ ըմպեմ մահուան բաժակը եւ փառաւորեմ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

 

Այնժամ երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Ե՛կ, Քրիստոսի վկայ, եւ հանգստացի՛ր արդարների ուրախութեան մէջ: Ինչ որ խնդրեցիր Տիրոջից, կը տրուի քեզ: Եթէ մէկը խնդրանք ունենայ ձեր նահատակութեան վայրում, ձեր բարեխօսութեամբ Տիրոջ կողմից կը տրուեն նրան»: Եւ սուրբը ցնծաց Սուրբ Հոգով: Լոյս փայլեց նրա սքանչելատես երեսին, որից դահիճները, որոնք գտնւում էին փոքր-ինչ հեռու, երկիւղեցին: Ահ ու դողով մի տեղ խմբուած՝ չգիտէին, թէ ինչ անէին: Սուրբը ձայն տուեց նրանց ու ասաց. «Այժմ եկէ՛ք եւ կատարէ՛ք ձեր հօր՝ սատանայի կամքը»: Եւ դահիճներից մէկը, որ բոլորից անգութ էր, համարձակուեց յարձակուել սուրբի վրայ, իսկ սուրբը, աղօթելով սրտում, խոնարհեցրեց իր պարանոցը, եւ մերկ սուսերը հատեց նրա գլուխը: Դահճի ձեռքը, որում սուսերն էր, քարացաւ: Նա այսահարուեց, արիւնախառն լեարդը բերանով դուրս թափուեց եւ մեռաւ, իսկ ընկերները փախան, իսկոյն գնացին իրենց իշխանի մօտ ու պատմեցին իրենց արածի եւ իրենց ընկերոջ կորստեան մասին:

 

Լսելով այս՝ դատաւորը կանչեց իր խորհրդականներին ու ասաց. «Արդարեւ, ասում եմ ձեզ, որ այդ կախարդները սպանուեցին, եւ իմ անձն ազատուեց հոգսից: Այժմ մեծապէս ուրախ եղէք, կարճ ժամանակով դուրս եկէք քաղաքից, եւ ապա մի քանի օր յետոյ դարձեալ եկէք ու վերացրէք այն բոլոր մարդկանց, ովքեր հաւատում են կախարդներին»: Իսկ նրա իշխաններն ասացին նրան. «Եկէք վաղը զոհ մատուցենք աստուածներին, որ փրկեցին մեզ նրանցից»: Այս խօսքերը հաճելի եղան անօրէնին, սակայն երբ լոյսը բացուեց, եւ իշխանը կամեցաւ վեր կենալ մահճից, յանկարծ մի մեծ քար ընկաւ նրա վրայ: Նա սպանուեց՝ չիմանալով, թէ որտեղից ընկաւ քարը, իսկ զօրքն էլ այսահարուելով մոլեգնեց:

 

Կոստէ անունով նրա իշխաններից մէկը զղջալով դարձի եկաւ ու ասաց. «Այս բոլոր նեղութիւնները, որ եկան մեր զօրքի վրայ, եղան Աստուծոյ ծառաների պատճառով, որոնց անխնայ կոտորեցինք»: Եւ իշխանն այսահարուած զինուորների հետ գնաց վկաների նահատակութեան վայրը, նրանց հետ ծնրադրեց ու աղօթեց՝ ասելով. «Ով սուրբ վկանե՛ր, հաւատում ենք ձեր Աստծուն, որին դուք պաշտում էիք: Բարեխօսեցէ՛ք Տիրոջ մօտ, որպէսզի Նա թողութիւն տայ մեր մեղքերին, որոնք գործեցինք ձեր հանդէպ եւ վերացնի ցասումը, որ եկաւ մեզ վրայ, որովհետեւ մենք զղջացել ենք մեր արած գործերի համար ու դարձել դէպի Տէրը»: Երբ իշխանն այս ասաց, դիւահարներն ուշքի եկան եւ միաբան օրհնեցին Աստծուն: Եւ քանի որ անթաղ էին սուրբ վկաների մարմինները, բժշկուած զինուորները եւ իշխանը, որ թուով իննսունհինգն էին, հաւաքեցին սուրբերի նշխարներն ու այն հողը, որի վրայ հեղուել էր նրանց արիւնը, արագ ամփոփեցին:

 

Քրիստոնեաները եկան Կոստէ իշխանի մօտ, ուրախացան միմեանց տեսութեամբ եւ, տեսնելով բժշկուած զինուորներին, օրհնեցին Աստծուն, որովհետեւ սուրբ վկաների շնորհիւ Քրիստոսի նոր ժողովուրդ ծնուեց: Եւ ասացին իշխանին. «Եկէք սուրբ վկաների համար տաճար շինենք եւ նրանց նշխարները դնենք տաճարի հիմքում»: Եւ երեք վկայարաններ շինեցին. մէկը սուրբ կոյսերի նշխարների վրայ, որն անուանեցին «Սուրբ կաթողիկէ», միւսը՝ սուրբ Ստեփանոսի նշխարների վրայ՝ աղբիւրի դիմաց, որը բխեց բնակիչների կարիքների եւ հիւանդների բժշկութեան համար ու անուանեցին «Սուրբ Ստեփանոս» եւ երրորդ վկայարանը՝ միւս բազմաթիւ վկաների նշխարների վրայ: Այնուհետեւ Յոբիանոսի թագաւորութեան օրօք խաղաղութիւն տիրեց եկեղեցուն, իսկ Կոստէ իշխանը, որ վերակացու եղաւ այդ տարածքում, հրաւիրում էր քահանաների եւ Աստուծոյ սպասաւորների, որոնք հաստատում էին հաւատացեալներին ի Քրիստոս: Օրըստօրէ աւելանում էր քրիստոնեաների թիւն այդ վայրում, եւ ամէն տարի նրանք նշում էին սուրբերի նահատակութեան օրը:

 

Սուրբ Ստեփանոսի եւ նրա ընկերների նահատակութիւնը եղաւ Տիրոջ 363 թուականին, օգոստոսի տասնութին: Այդ օրն ուրբաթ էր, Ստեփանոսի մօր՝ Մարիամի եւ նրա հետ եղող կոյսերի նահատակութիւնից յետոյ ութերորդ օրը: Ստեփանոսեան բոլոր սուրբ վկաները՝ այրերը եւ կանայք, հայրերն ու որդիները, թուով երեսուներեքն էին, եւ Ստեփանոսի ու նրա հօր՝ Ղազարոսի հետ՝ երեսունհինգը: Սուրբ Ստեփանոսը Ուլնեցի կոչուեց Ուլնի քաղաքի անունով, որտեղ գտնւում է նրա գերեզմանը: Ժողովուրդն այդ քաղաքը Զէյթունի է կոչում: Այն գտնւում է Փոքր Հայքում, Եփրատ գետի մօտ, Մարաշից հիւսիս: Ինչպէս արդէն ասացինք, փառաւոր վկան ծննդեամբ Կոկիսոն քաղաքից էր: Առաքինի նահատակը մարտիրոսացաւ երիտասարդ՝ քսան կամ քսանհինգ տարեկան հասակում եւ իր անունով ու գործերով նահատակակից եւ պսակակից եղաւ սուրբ Ստեփանոս Նախավկային:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ստեփանոս Ուլնեցու տօնը յիշատակում է սուրբ Աստուածածնի Վերափոխման երրորդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը:

 

 

[1] Կանկառ - գնդաձեւ գլուխ ունեցող փշոտ վայրի բոյս:

[2] Սաղմ. Ղ:

[3] Սաղմ. ԿԹ:

[4] Սաղմ. ԾԳ:

[5] Ա Կորնթ. ԺԵ 19:

[6] Ա Կորնթ. ԺԵ 18:

[7] Սաղմ. ՃԺԹ 1-2: