Սրապիոնը, որ սուրբ եւ աստուածավախ այր էր, մենակեաց դարձաւ, եւ Աստուած յաջողութիւն էր տալիս նրա բոլոր գործերին: Կրում էր առանց թեզանիքի[1] հագուստ, կարդալ չգիտէր, սակայն խօսելիս բոլոր գրուածքները բերանացի գիտէր: Աղքատութեան պատճառով նա չէր կարողացել իր համար հիւղակ շինել, ուստի շրջում էր եգիպտացիների երկրում որպէս անմարմին մի էակ:
Արդ, երանելի Մակարը պատմում էր Սրապիոնի մասին, թէ նա գնաց Ալեքսանդրիա քաղաք եւ քսան դահեկանով իրեն վաճառեց երկու հեթանոս փողահարների: Երեք տարի նրանց ծառայելուց յետոյ նրանց դարձրեց դէպի քրիստոնէական հաւատքը եւ երբ մկրտեց նրանց, վերադարձրեց նրանց քսան դահեկանը: Սակայն նրանք խնդրեցին այն տալ աղքատներին, «որպէսզի, - ասացին, - դա մեզ համար փրկութեան առիթ լինի»: Իսկ նա ասաց. «Դա ձերն է, դուք էլ տուէք: Ես մենակեաց էի, ձեզ տեսայ մոլորուած ու ողորմեցի, եւ Աստուած ձեզ դէպի Իրեն դարձրեց: Այժմ թոյլ տուէք, որ գնամ այլ տեղ՝ ուրիշին շահելու համար»: Իսկ նրանք ասացին. «Հայրի՛կ, գոնէ տարին մէկ անգամ եկ մեզ մօտ, որ տեսնենք քեզ»:
Սուրբն այնտեղից գնաց Աթէնք: Նա իր հետ չունէր ո՛չ հաց, ո՛չ կերակուր եւ ո՛չ գաւազան, այլ միայն իր ունեցած մի պարեգօտը: Մտնելով քաղաք՝ նա աղաղակեց եւ ասաց. «Աթէնացինե՛ր, օգնէ՛ք ինձ»: Նրանք հարցրեցին. «Ի՞նչ է եղել, ո՞վ ես դու, եւ քեզ ի՞նչ է հարկաւոր»: Եւ նա ասաց. «Ես եգիպտացի մենակեաց եմ: Ինձ վրայ յարձակուեցին երեք խորհուրդներ, եւ ես չկարողացայ հատուցել դրանց պարտքերը»: Նրանք ասացին. «Ո՞ւր են դրանք, որ նեղում են քեզ, ցո՛յց տուր, եւ մենք կ՚օգնենք քեզ»: Իսկ ծերն ասաց. «Մանկուց ինձ նեղեց արծաթասիրութիւնը, սակայն ես ոչինչ չունէի, որ տայի պոռնկութեան: Ոսկի չունեմ, որ ազատուեմ որկրամոլութիւնից՝ հաց գնեմ եւ ուտեմ, քանզի այս երեք օր է, որ ուտելու ոչինչ չունեմ, իսկ քաղցը՝ որպէս չար պարտապան, սաստիկ նեղում է ինձ: Եւ եթէ դրան չկերակրեմ, թոյլ չի տայ, որ ապրեմ»: Այնժամ փիլիսոփաներից ոմանք իմացան եղելութիւնը եւ նրան մէկ դահեկան տուին, իսկ նա, վերցնելով այն, տուեց հացավաճառին եւ մէկ հաց գնեց: Նա հեռացաւ այդտեղից ու այլեւս չվերադարձաւ: Այնժամ փիլիսոփաները հասկացան, որ արդարեւ նա Աստուծոյ մենակեաց այր էր:
Ապա սուրբ ծերը եկաւ քաղաքի շուկան, որտեղ գտաւ մէկի, որ մանիքեցի էր եւ մեծահարուստ: Առաջուայ պէս երանելի Սրապիոնը մտաւ ծառայութեան եւ երեք ամիս անց նրան ու նրա ամբողջ ընտանիքին դարձրեց դէպի ճշմարիտ հաւատքը եւ մկրտեց նրանց: Ապա տասնհինգ օր յետոյ գնաց Հռոմ եւ իջնելով ծովափ՝ մի նաւ նստեց: Նաւորդները կարծեցին, թէ նա պաշար ունի, քանզի ամէն ոք գիտի, որ նաւում պէտք է բաւական պաշար ունենալ, եւ երբ տեսան, որ սկսած առաջին օրից նա ուտելու ոչինչ չունի, հարցրին նրան. «Ինչո՞ւ չես ուտում, հայրի՛կ»: Նա պատասխանեց. «Որովհետեւ ոչինչ չունեմ»: Նաւորդներն ասացին. «Հապա ինչո՞ւ ես նաւ նստել»: Եւ ծերն ասաց. «Եթէ ինչ-որ վնաս եմ պատճառում ձեր նաւին, ապա վերադարձրէ՛ք ինձ այնտեղ, որտեղից գտաք»: Երբ հարցուփորձ անելով՝ չիմացան, թէ ով էր նրան նաւ նստեցրել, այնժամ կերակրեցին նրան ու տարան Հռոմ: Քաղաք մտնելով՝ նա գտաւ Դոմնեասի աշակերտին, որի գերեզմանի մօտ դեռեւս բժշկութիւններ էին լինում: Ծերը հարցրեց նրան. «Այստեղ կա՞յ արդեօք մենակեաց որեւէ կոյս»: Եւ նա ցոյց տուեց մի կոյսի դուռ, որը քսանհինգ տարի ոչ ոքի չէր տեսել: Ծերը եկաւ ու նստեց նրա տան մուտքի առաջ եւ կոյսի մօտ ուղարկեց մի աղջկայ՝ պատուիրելով. «Ներս մտիր ու ասա՛, թէ մի մենակեաց կամենում է տեսնել քեզ»: Բայց նա իրեն պատասխան չբերեց: Երեք օր մուտքի մօտ նստելուց յետոյ ասաց աղջկան. «Ներս մտիր ու ասա՛, թէ Աստուած է ինձ ուղարկել»: Այնժամ կոյսն ասաց. «Նրան այստեղ բերէք»: Ներս մտնելով՝ աղօթեցին, ապա ծերը նստեց ու ասաց. «Ինչո՞ւ ես այստեղ նստում»: Կոյսը պատասխանեց. «Չեմ նստում, այլ գնում եմ»: Ծերն ասաց. «Ո՞ւր ես գնում»: Կոյսը պատասխանեց. «Իմ Տէր Աստուծոյ մօտ»: Ծերն ասաց. «Կենդանի՞ ես, թէ՞ մեռած»: Կոյսն ասաց. «Մեռած եմ այս աշխարհի համար»: Ծերն ասաց. «Այդպէս ասելով՝ ի՞նձ ես հաճոյանում, թէ՞ Աստծուն: Այժմ արա՛, ինչ որ կ՚ասեմ՝ վե՛ր կաց, գնա՛ եկեղեցի, եւ թող մարդիկ տեսնեն քեզ»: Կոյսն ասաց. «Քսանհինգ տարի է, ինձ ոչ ոք չի տեսել եւ եթէ այժմ տեսնեն, ի՞նչ կ՚ասեն»: Ծերն ասաց. «Վա՛հ, մի՞թէ չասացիր, թէ մեռած եմ: Մեռածն աշխարհի բաներն ինչպէ՞ս կ՚իմանայ»: Ծերից այս լսելով՝ կոյսը դուրս եկաւ ու եկեղեցի գնաց: Ծերը եւս գնաց ու գտաւ նրան եկեղեցու մուտքի մօտ: Ծերը կոյսին ասաց. «Եթէ ճշմարտապէս մեռած ես, ապա արա՛, ինչ որ ես կ՚անեմ»: Կոյսն ասաց. «Ասա՛, հա՛յր իմ»: Ծերն ասաց. «Եկ մերկանանք, մեր հանդերձները դնենք մեր ուսին ու շրջենք քաղաքի միջով՝ ես՝ առջեւից, իսկ դու՝ իմ յետեւից»: Կոյսն ասաց. «Ամօթ է, որովհետեւ եթէ այդպէս անենք, մարդիկ մեր մասին կ՚ասեն, թէ դիւահար են»: Ծերն ասաց. «Դու չասացի՞ր, թէ մեռած ես: Մեռածին հոգ չէ, թէ ամօթ է»: Կոյսն ասաց. «Աղաչում եմ Քրիստոսի ճշմարիտ ծառայիդ, դրանից բացի ինչ որ ասես, կ՚անեմ»: Այնժամ ծերն ասաց. «Ուրեմն մի՛ բարձրամտիր, որովհետեւ դու մեռած չես, այլ կենդանի ես աշխարհի համար»: Եւ կոյսը նրանից խոնարհութիւն սովորեց:
Ծերը, փոքր Աւետարանը ձեռքին, այնտեղից վերադարձաւ Ալեքսանդրիա քաղաք: Տեսնելով մէկին, որն ընկած էր պարտքերի տակ, վաճառեց իր Աւետարանը, տուեց նրա պարտքերը եւ ազատեց նրան: Դրանից առաջ, տեսնելով մի աղքատի, որը սաստիկ դողում էր ցրտից, հանել էր իր պարեգօտը ու տուել նրան: Եւ երբ նա, որը պահպանում էր ճանապարհի խաղաղութիւնը, հարցրեց, թէ ո՞վ մերկացրեց քեզ, նա հանեց Աւետարանը եւ ասաց նրան. «Սա մերկացրեց ինձ»: Այնուհետեւ վաճառեց Աւետարանը: Իսկ երբ եկաւ իր խուցը, նրա աշակերտը՝ Զաքարիան, հարցրեց նրան. «Հա՛յր, ո՞ւր է քո պարեգօտը»: Ասաց նրան. «Ուղարկեցի այնտեղ, որտեղ մեզ պէտք է»: Ապա հարցրեց. «Իսկ ո՞ւր է քո փոքր Աւետարանը», եւ ծերը պատասխանեց. «Նա, Ով ասում էր՝ վաճառէք ձեր ունեցուածքը եւ տուէք աղքատներին, ես վաճառեցի ու տուեցի Իրեն, որպէսզի այնտեղ համարձակութիւն ունենանք»:
Նա իր հօրեղբօր հետ անապատում ապրեց վաթսունեօթ տարի եւ հինգ ամիս: Շատ անգամ նրան տեսնում էին գիւղից դուրս նստած ու լաց լինելիս: Երբ հարցնում էին պատճառը, նա ասում էր. «Տէրն ինձ տուեց Իր գանձը, բայց ես կորցրի այն, որի համար Նա ինձ պիտի տանջի չարով»: Նրանք հաց էին գցում նրան ու ասում. «Ա՛ռ, եղբա՛յր, կե՛ր, եւ Աստուած կը տայ քեզ այն գանձը, որ կորցրիր»: Եւ նա ասում էր՝ ամէն:
Նա եղել է սուրբ Մակարի աշակերտը եւ արել շատ բարի գործեր, քան այլ մենակեացները: Երեք տարի մնաց ոտքի վրայ եւ երկու տարի ծածկի տակ չմտաւ: Վախճանուել է Սկիւթիայում, իր աշակերտի՝ Զաքարիայի խցում ի փառս Քրիստոսի:
[1] Հագուստի երկար թեւք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: