Զճգնութիւն սրբոց Քոց Քրիստոս
Հաստատեցին զհիմունս սուրբ եկեղեցւոյ.
Կանգնելով ի սմա զնշան յաղթութեան:
Եւ հեղմամբ սուրբ արեան իւրեանց՝
Ազատեցին զտիեզերս ի դիցապաշտ մոլորութեանց.
Եւ եղեն յաղթօղք ի պատերազմի:
Ընդ որս եւ մեք աղաչեմք զՔրիստոս
Ընկալ եւ զմեզ յերկնային խորանս ի լուսեղէն առագաստին՝
Բարեխօսութեամբ եւ աղօթիւք սուրբ ճգնաւորացն:
(Շարակնոց)
Վասիլուհի կոյսը, որի անունը թարգմանաբար նշանակում է թագուհի կամ արքայուհի, ծնողազուրկ, դեռատի մի օրիորդ էր՝ լի Սուրբ Հոգով ու կրթուած աստուածպաշտութեամբ, եւ ապրել է Բութանիայի Նիկոմիդիա քաղաքում, Դիոկղետիանոս ու Մաքսիմիանոս կայսրերի օրօք:
Արդ, ինքնակալների հրամանով Նիկոմիդիա քաղաքի Ալեքսանդրոս դատաւորը, որը մի այր էր՝ մոլորուած սնոտի կուռքերի յետեւից, հրամայեց հաւաքել քաղաքում եւ գաւառում ապրող բոլոր քրիստոնեաներին՝ թէ՛ կանանց, թէ՛ տղամարդկանց ու ստիպել նրանց կա՛մ զոհ մատուցել աստուածներին, կա՛մ մեռնել չարաչար տանջանքներ կրելով: Եւ դահիճները, դատաւորի հրամանով այս ու այն կողմ գնալով, նոյն քաղաքի եկեղեցում բռնեցին մի սուրբ գառան, գայլերի նման յափշտակեցին նրան Քրիստոսի հօտից եւ տարան ու կանգնեցրին Ալեքսանդրոսի դատական բեմի առջեւ:
Երբ դատաւորը տեսաւ նրա դեռատի հասակը, արտաքին գեղեցկութիւնը եւ համեստ կերպարանքը, մօտ գտնուողներից հարցրեց նրա տարիքը: Եւ երբ իմացաւ, որ աղջիկն ինը տարեկան է, խելամիտ եւ քաջատեղեակ քրիստոնէական ուսմունքին, հարցրեց նրան. «Ասա՛ ինձ, աղջի՛կ, ով ես դու եւ ինչ է քո անունը: Նախքան քո գեղեցկութիւնը չարաչար տանջանքներով ապականելը՝ զոհ մատուցիր աստուածներին»: Իսկ սրբուհին, լցուած Սուրբ Հոգու իմաստութեամբ, կնքեց իր անձը սուրբ Խաչի նշանով եւ ասաց. «Ո՛վ դատաւոր, եթէ հարցնում ես, թէ ինչ է իմ անունը եւ թէ ով եմ ես, ապա կ՚ասեմ, որ իմ ծնողներն ինձ Վասիլուհի են կոչել: Ես մեծացել եմ որպէս քրիստոնեայ ու դարձել Քրիստոսի աղախինը: Հարսնացել եմ Նրան եւ սպասում եմ անապական զգեստներին, անմահ Փեսային ու մշտնջենաւոր հարսանիքին, որի համար ես չեմ կամենում զոհ մատուցել դեւերին, որքան էլ ինձ տեսակ-տեսակ տանջանքների մատնես: Ահա իմ հակիրճ պատասխանը, եւ սրանից աւելին դու չես լսի ինձնից»:
Այնժամ դատաւորը, յիմարացած իր խորհուրդներում եւ յուսահատուած երանելու համարձակ եւ վճռական պատասխանից, հրամայեց գլխիվայր կախել նրան, ինչպէս անմեղ գառան, եւ անխնայ հարուածել արջառաջլերով: Եւ հարուածեցին այնքան, մինչեւ որ ջախջախուեց ամբողջ մարմինը: Սակայն երանելին այնպէս էր վառւում Քրիստոսի սիրով ու այնքան էր զօրացել Սուրբ Հոգու շնորհներով, որ չգունատուեց եւ դէմքով չայլայլուեց անգամ այդ տանջանքների մէջ: Դատաւորը, տեսնելով սրբուհու զուարթադէմ երեսը եւ հարուածների դէմ անզգայ մարմինը, հրամայեց իջեցնել նրան, ծակել նրա սրունքներն ու գարշապարները, դրանցով անցկացնել երկաթէ շղթաներ ու դարձեալ կախել: Եւ ոչ միայն այսքանը. հրամայեց նաեւ երեսի մօտ նաւթախառն ծծումբ այրել, որպէսզի նա խեղդուի տապախառն բոցի դժնդակ հոտից ու իսկոյն մահանայ, սակայն սրբուհին չէր դադարեցնում օրհնաբանութիւնը եւ ողջ էր մնում Աստուծոյ զօրութեամբ: Եւ երբ դատաւորը տեսաւ, որ իր այս տանջանքով եւս չկարողացաւ յաղթել նրան, նաեւ ամօթ զգալով դեռահասից իր պարտութեան համար, հրամայեց բորբոքել հնոցը եւ երանելուն նրա մէջ գցել: Հնոցի մէջ Քրիստոսի սուրբ վկայուհին սկսեց աղօթել ու ասել. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, Դու ամէն բանի վրայ ներգործում ես այնպէս, ինչպէս կամենում ես: Քո ամենազօր հրամանի ակնարկով փոփոխւում են արարածների բնութիւնը եւ չեն կարող ընդդիմանալ Արարչիդ: Այժմ, Տէ՛ր, ցոյց տուր իմ հանդէպ գթասրտութիւնդ եւ այս հուրը ցօղի փոխարկիր, ինչպէս որ ժամանակին հրաշագործեցիր երեք մանուկների համար, որպէսզի բոլորը ճանաչեն Քեզ որպէս ճշմարիտ Աստուած, որ աշխարհի փրկութեան համար առաքեցիր մեր Տէր Յիսուս Քրիստոսին եւ Քեզնից բխող Սուրբ Հոգով լցրեցիր բոլոր արարածներին սուրբ Երրորդութեամբ, որ երկրպագւում է մի բնութեամբ»:
Եւ մինչ սրբուհին աղօթում էր, յանկարծ հուրը հրաշքով առագաստի նման դարձաւ: Երանելին բոլորին երեւաց որպէս հրափայլ ոսկի ու իբրեւ պայծառ արեգակ: Երբ դատաւորը տեսաւ այս սքանչելիքը, կատարուածը քրիստոնեաների կախարդանք համարեց ու զարհուրած հեռացաւ, իսկ յաջորդ օրուայ համար հրամայեց պատրաստուել՝ սրբուհուն գազանների առաջ նետելու համար:
Երբ ամբողջ քաղաքը հաւաքուեց ասպարէզում, ուր պիտի արձակէին գազաններին, սրբուհուն կանգնեցրին մէջտեղում եւ գրգռեցին երկու առիւծներին՝ յարձակուելու նրա վրայ: Իսկ երանելին, երբ տեսաւ իր վրայ ուղղուած կատաղի գազաններին, յիշեց Դանիէլին, արտասուալից աչքերով նայեց երկնքին ու սկսեց ողբերգաձայն աղաղակել առ Աստուած եւ երգասացութեամբ ասել եօթերորդ սաղմոսը. «Տէ՛ր իմ Աստուած, Քեզ վրայ դրեցի յոյսն իմ, փրկի՛ր ինձ եւ իմ բոլոր հալածիչներից ազատի՛ր ինձ: Չլինի թէ առիւծի նման յօշոտեն ինձ, եւ չգտնուի մէկը, որ փրկի ինձ ու պահպանի»: Սաղմոսն աւարտելով՝ աղօթեց նաեւ դատաւորի համար, որ նա իսպառ չմնայ կորստեան վիհում: Այնժամ գազանները մօտեցան սրբուհուն եւ իբրեւ ընտանի կենդանիներ փարուեցին նրան: Երբ Ալեքսանդրոս դատաւորը տեսաւ այս բոլոր սքանչելիքները, չկարողացաւ ուրանալ. սրբուհու աղօթքների շնորհիւ նրա մէջ ծագեց աստուածային լոյսի ճառագայթը եւ բացուեց նրա խաւար միտքը՝ ընդունելու կենաց խօսքն ու հրամայեց սրբուհուն անմիջապէս իր ապարանք տանել: Եւ ընկնելով նրա առջեւ՝ աղաչեց, որ չզրկի իրեն ճշմարիտ հաւատքից, իսկ սրբուհին նրա հետ գնաց այդ նոյն քաղաքի երանելի Անտոնիոս եպիսկոպոսի մօտ (ոմանք համարում են, թէ նա եղել է սուրբ Անթիմոսը՝ այդ ժամանակաշրջանի Նիկոմիդիայի եպիսկոպոսը): Այնժամ սուրբ հօտապետն ուրախ եղաւ նրա փրկութեան համար, ուսուցանեց նրան Սուրբ Երրորդութեան խոստովանութիւնը, հաստատեց սուրբ հաւատքի մէջ եւ արժանացրեց վերստին ծննդեան ու որդեգրուելու երկնաւոր Հօրը: Անմիջապէս խառնեց նրան Քրիստոսի հօտին, եւ կատարուեց սուրբ Գրքի այն խօսքը, թէ «Գայլերն ու գառները պիտի միասին արածեն»[1]:
Միառժամանակ հալածանքները դադարեցին: Ժամանակ անց Ալեքսանդրոսը փոխադրուեց հանդերձեալ կեանք եւ քրիստոնէական հաւատքով հանգաւ ի Քրիստոս, իսկ երանելի Վասիլուհին հեռացաւ քաղաքից, գնաց բնակութիւնից հեռու մի վայր, գտաւ մի անմարդաբնակ տեղ ու հաստատուեց այնտեղ՝ մի մեծ լերան մօտ: Սրբուհու աղօթքներով վէմից քաղցրահամ աղբիւր բխեց, ինչպէս ժամանակին՝ Մովսէսի գաւազանով: Եւ կարճ ժամանակ ճգնութեամբ այնտեղ ապրելուց յետոյ նա աւարտեց իր կեանքի ընթացքը՝ պահելով իր հաւատքը եւ բարի օրինակ լինելով բոլոր հաւատացեալների համար, որոնք հալածանքների պատճառով հեռացել էին ու կային այդ վայրերում: Վշտերի ու տանջանքների մէջ իր հոգին աւանդեց Քրիստոսին եւ արժանի եղաւ տեսնելու անմահ Փեսային ու յարազուարճ հարսնարանին:
Եւ երբ Սուրբ Հոգու յայտնութեամբ սուրբ եպիսկոպոսն իմացաւ երանելու վախճանի մասին, եկեղեցու ժառանգաւորների ու Նիկոմիդիա քաղաքի քրիստոնեաների հետ եկաւ այդ վայրը եւ փառաւորապէս յարգանքի տուրք մատուցեց սուրբ վկային: Նրան ամփոփեցին այն նոյն տեղում, որտեղից նրա աղօթքի շնորհիւ աղբիւր էր բխել: Եւ ինչպէս վկայաբանն է ասում, մինչ օրս այդ ջրով եւ սրբուհու նշխարներով բժշկութիւններ են լինում Քրիստոսի շնորհով, որին Հօր եւ Սուրբ Հոգու հետ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Վասիլուհի կոյսի յիշատակը տօնում է սուրբ Յուլիանէ կոյսի հետ՝ սուրբ Յիսնակի կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը:
[1] Ես. ԿԵ 25:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: