ՍՈՒՐԲ ՎԱՐՈՍԻ ԵՒ ՆՐԱ ՀԵՏ ԵՂՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Յուսացեալքն յանուն Քո սուրբ՝ պատերազմեալք յաղթեցին թշնամւոյն.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ, Աստուած հարցն մերոց:

Որք կամաւն իւրեանց անցին՝ ընդ հուր եւ ընդ սուր.

Եւ դասակից եղեն վերին զուարթնոցն.

Սոցին աղաչանօք խնայեա ի մեզ, Աստուած հարցն մերոց:

Արդ, խնդրեմք ի Քէն Թագաւոր փառաց.

Աղաչանօք սրբոց վկայիցն խնայեա՛ ի մեզ, Աստուած հարցն մերոց:

(Շարակնոց)

 

Վկաների մէջ երանելին՝ Քրիստոսի առաքինի նահատակ Վարոսը, որն իր մէջ կրում էր Աստուծոյ երկիւղը, զինուորական էր Եգիպտոսում տեղակայուած արքունի գնդում: Նա իշխանական տոհմից էր եւ զօրքում գլխաւորներից պատուական մէկը: Դիոկղետիանոսի փեսայի՝ Մաքսիմիանոսի օրօք հրաման իջաւ Եգիպտոսի բոլոր քաղաքների իշխաններին, որով պէտք է ստիպէին բոլոր մարդկանց զոհ մատուցել աստուածներին: Ըստ հրամանի՝ ովքեր կը հնազանդուէին, պիտի անպատիժ ազատ արձակուէին, իսկ ովքեր չէին հնազանդուի, բազմաթիւ տանջանքների ու խոշտանգումների ենթարկուելուց յետոյ սպանուէին հրով կամ սրով:

 

Այդ ժամանակ բոլոր սուրբերը երկնային կանչով գնում էին դէպի նահատակութիւնը՝ համբերելով բազմաթիւ սարսափելի քերանքների ու տանջանքների՝ տօնահռչակ նահատակութեամբ ժառանգում երկնքի արքայութիւնը:

 

Այդ անտանելի հալածանքների օրերին աստուածասէր զինուորական Վարոսը գիշերուայ մէջ գաղտագողի այցելում էր բանտում պահուող սուրբերին, գնում-ընկնում էր նրանց առջեւ եւ նրանց արեամբ կնքում իր աչքերն ու կուրծքը, քանզի նա վախենում էր յայտնապէս խոստովանել Քրիստոսին, որպէսզի կորստեան չմատնուէր չարաչար մահով, որը սպասւում էր բոլոր նրանց, ում կը գտնէին այդ հաւատքի մէջ, ինչը տեսնում էր ամէն օր. ոմանց հրկիզում էին, ոմանց խեղդում եւ այլ տարատեսակ տանջանքներով կործանում:

 

Պատահեց, որ հալածողներն անապատից բռնեցին վեց սուրբ մենակեացներ, որոնք երկար տարիներ հրաժարուել էին աշխարհից եւ ապաստանել այդտեղ՝ խուսափելով անօրէն մարդկանց դաւաճանութիւնից: Սկզբում նրանք թուով եօթն էին եւ երեսուն տարի բնակւում էին անապատում վայրի գազանների ու զեռուների հետ, սակայն նրանցից նշանաւոր մէկը վախճանուեց անապատում, իսկ մնացած վեցին զինուորները բռնուեցին եւ տարան քաղաք:

 

Եւ երբ իշխանին տեղեկացրին, թէ ձեռնակապերով քրիստոնեայ վարդապետներ են բերել, ու նրանք դրսում են, այնժամ դատաւորն ուրախացաւ, հրամայեց առայժմ բանտարկել նրանց եւ յաջորդ օրն իր առջեւ բերել, միաժամանակ պատուիրեց նաեւ պատրաստել տանջանքի գործիքներ ու փայտեր: Եւ դահիճները տարան նրանց ու պահեցին բանտում, իսկ ոտքերն ամրացրին կոճղերի մէջ:

 

Իմանալով, որ ամենագովելի սուրբերը մեծ վտանգի մէջ են, Վարոսը կաշառեց պահապաններին եւ գիշերը գաղտնի ներս մտնելով՝ արձակեց նրանց կապանքները, հանեց ոտքերը կոճղերից եւ նրանց առաջ ընկած երկրպագելով՝ խնդրեց կերակուր ճաշակել, որովհետեւ անօրէնների ձեռքն ընկնելուց ի վեր ութ օր անսուաղ էին մնացել: Ապա ասաց նրանց. «Սո՛ւրբ վկաներ եւ Քրիստոսի՛ ծառաներ, վաղը դուք պիտի նահատակուէք այս անօրէն մարդկանց ձեռքով, ուստի աղաչում եմ ձեզ, որ խնդրէք Քրիստոս Փրկչին, որ ինձ բաժին տայ ձեր ժուժկալութիւնից եւ համբերութիւնից: Ես նշանաւոր գնդի զինուորական եմ, միաժամանակ եւ՝ քրիստոնեայ ու սուրբերի ծառայ, սակայն վախենում եմ խոստովանել, որպէսզի չարաչար մահուան չմատնուեմ, որովհետեւ գիտեմ, թէ ինչպիսի մահուան դատապարտուեցին նրանք, որոնք բռնուեցին այդ հաւատքի մէջ: Աղօթէ՛ք, որ անցնի այս ալէկոծութեան ամպրոպը, որ կայ քրիստոնէութեան վրայ, որպէսզի Քրիստոսին հաւատացողները կարողանան համարձակ երեւալ»:

 

Սուրբերն ասացին նրան. «Ոչ ոք չի հնձի, եթէ չսերմանի ամպրոպի ժամանակ, եւ ոչ էլ կը պսակուի որեւէ զինուոր, եթէ նա երկչոտ մէկը լինի: Մանաւանդ որ Քրիստոս ասում է. "Ճշմարիտ եմ ասում ձեզ: Եթէ մէկը մարդկանց առջեւ չխոստովանի ինձ, Ես եւս չեմ խոստովանի նրան Իմ Հօր առաջ, որ երկնքում է": Այժմ, ե՛կ, ճանապարհորդի՛ր մեզ հետ դէպի երինք, որովհետեւ այսպիսի ուղեկիցներ երբէք չես գտնի»: Եւ մինչ սուրբերը խօսում էին, զինուորները ներս մտան, որպէսզի նրանց ատեանի առաջ տանէին: Տեսնելով Վարոսին, որը համբուրում էր նրանց ոտքերը եւ արտասւում նրանց առաջիկայ չարչարանքների համար, զինուորներն ասացին նրան. «Ո՛վ մարդ, դու մոլորուե՞լ ես եւ չե՞ս վախենում, որ գուցէ դատաւորին կամ իշխաններին կը յայտնեն քո մասին եւ կ՚ասեն, որ դու նրանց հետ էիր ու քրիստոնեայ ես, ինչից յետոյ կը կորցնես քո զինուորական կարգը եւ չարաչար կը կործանուես»: Վարոսն ասաց. «Թող որ ես քրիստոնեայ լինեմ եւ միշտ նրանց հետ լինեմ: Սակայն իմ մասին ո՞վ կը տեղեկացնի դատաւորին, որովհետեւ դուք բոլորդ իմ ընկերներն ու բարեկամներն էք եւ կը խնայէք ինձ»: Նրանք յորդորեցին Վարոսին, որ զգոյշ լինի, ապա շղթայեցին անապատականների ձեռքերն ու պարանոցները եւ տարան դատուելու դատաւորի առաջ:

 

Դատաւորը հրապարակաւ նստել էր ատեանի առաջ, իսկ զինուորները եւ հասարակ ժողովուրդը շրջապատել էին նրան: Հրամայեց, որ մերկացնեն սուրբերին եւ սփածանելիով իր առջեւ բերեն: Եւ երբ բերեցին, հարցրեց նրանց. «Ովքե՞ր էք, ո՞ւմ որդիներն էք եւ ո՞ր գաւառից էք»: Սուրբերը նրան պատասխանեցին. «Գաւառ չունենք երկրի վրայ, իսկ եթէ իսկապէս կամենում ես իմանալ մեր քաղաքի մասին, հաւատա՛ Քրիստոսին, որովհետեւ քրիստոնեաների քաղաքը երկնքում է շինուած»: Դատաւորն ասաց նրանց. «Որտեղի՞ց էք եւ ի՞նչ են ձեր անունները, ասացէ՛ք, այլապէս երդւում եմ բոլոր աստուածներով, որ կորստեան կը մատնեմ ձեզ՝ ողջ-ողջ շների առաջ գցելով»: Սուրբերն ասացին. «Մենք չենք վախենում քո սպառնալիքներից, իսկ թէ մենք ովքեր ենք, ասացինք, որ օտարականներ ու պանդուխտներ ենք, ինչպէս մեր բոլոր հայրերը»: Դատաւորն ասաց. «Չարաչար մահուան այս դատապարտուածները միեւնոյն խորհուրդն ունեն, այժմ մերկացրէ՛ք նրանց, որ տանջանքներ կրեն»: Եւ մինչ նրանք տանջանքների մէջ էին, հարցրեց. «Որտե՞ղ է ձեր եօթերորդ ընկերը, որն ամենակարեւորն է, որովհետեւ նա մեծ համբաւ ունի»: Եւ երբ այս ասաց, սուրբ Վարոսն իսկոյն դուրս վազեց ամբոխի միջից, կանգնեց բոլորի առաջ եւ ասաց. «Նա նահատակուեց՝ աւարտելով իր ընթացքը եւ պահելով իր հաւատքը: Իր փոխարէն նա ինձ դարձրեց իր համբերութեան ժառանգորդը: Եթէ նա մեղաւոր է ինչ-որ բանում, ահաւասիկ ես պատրաստ եմ հատուցել նրա փոխարէն, որովհետեւ թողած պատժիչ գործերի համար ժառանգորդներն են հատուցում»: Դատաւորը բարկացաւ եւ հարցրեց. «Այդ ո՞վ է»: Մօտ կանգնածներն ասացին. «Զինուորական է՝ բարձրաստիճաններից մէկը»: Հարցրեց նրանց. «Ո՞ր գնդում է նշանակուած»: Պատասխանեցին. «Տիանացիների»: Դատաւորը դիմեց Վարոսին եւ ասաց. «Ո՞վ մոլորեցրեց ու գայթակղեց քեզ, որ կորցնես քո գունդն ու բարձր ռոճիկը եւ չարաչար կործանուես»: Սուրբ Վարոսը պատասխանեց. «Տարիներ շարունակ կերակրուել եմ այդ ռոճիկով, բայց ոչինչ չեմ շահել, որովհետեւ ուտելուց յետոյ դարձեալ քաղցել եմ: Իսկ այժմ աւելի լաւ կերակուր եմ գտել»: Դատաւորը հարցրեց. «Ի՞նչ կերակուր»: Վարոսը պատասխանեց. «Այն հացը, որ իջաւ երկնքից եւ կեանք տուեց բոլորին, իսկ գինու փոխարէն, որն արբեցողութիւն եւ շուայտութիւն է բերում, ունեմ Քրիստոսի Արիւնը, որ կեանքի աղբիւր է եւ սրբում է նրանց, ովքեր ճաշակում են: Ապականացու մսի փոխարէն ունեմ անարատ Գառան անբիծ եւ անարատ մարմինը, Ով վերցրեց աշխարհի մեղքը»:

 

Դատաւորը սուրբ մենակեացներին ասաց. «Այդ դո՞ւք հրապուրեցիք դրան ունենալ այդ համոզումը: Ահա դուք կորստեան մատնեցիք թագաւորի այդպիսի զինուորականին: Երդւում եմ իմ մեծ աստուածներով, որ ձեզ կը կործանեմ նրանից առաջ»: Սուրբերն ասացին նրան. «Անմի՛տ, չգիտե՞ս, որ մենք նրան կարգեցինք հրեշտակների դասում: Եւ եթէ լսեցիր նրանից զինուորութեան փրկական թոշակի մասին, ապա մի քիչ համբերիր եւ կը տեսնես, թէ նա ինչպիսի զինուորական քաջութիւն է ցուցաբերում»: Դատաւորն ասաց նրան. «Ո՞ւմ զինուորական քաջութեան, այդ պատժապարտ ապստամբի՞»: Ասացին նրան. «Կա՞յ աւելի մեծ քաջութիւն, քան քեզ՝ կորստեան իշխանիդ, եւ քո բոլոր զինուորներին յաղթելը, որ շուտով պիտի ապականուեն»: Դատաւորն ասաց նրանց. «Այժմ ես կ՚ապականեմ ձեր մարմինները, եթէ խոնարհուելով աստուածներին չերկրպագէք»: Սուրբերն ասացին. «Աստուածները, որոնք չեն արարել երկինքն ու երկիրը, պիտի կորչեն երկրի երեսից, որովհետեւ հեթանոսների բոլոր աստուածները դեւեր են, իսկ Տէրը ստեղծել է երկինքը»: Այնժամ Վարոսը դատաւորին ասաց. «Ինչո՞ւ ես անիմաստ շատախօսութեամբ յոգնեցնում սուրբերին: Ահա ես՝ ինքնակամ դատապարտեալս, կանգնած եմ քո առջեւ, արա՛, ինչ կամենում ես»: Դատաւորն ասաց. «Ես կամենում եմ, որ կորստեան մատնեմ բոլոր նրանց, որոնք չեն պաշտում եգիպտական աստուածներին: Այժմ խնայէ՛ք ձեզ եւ կը փրկուէք ձեզ համար պատրաստուծ չարիքներից»: Վարոսն ասաց. «Ինչ պատրաստել ես մեզ համար, պիտի քանդուի սարդոստայնի պէս, իսկ ինչ պատրաստուած է քո եւ քո ամբողջ ընտանիքի համար, յաւիտենական է»:

 

Դատաւորը բարկացաւ, հրամայեց նախ Վարոսին կախել փայտից՝ տանջելու համար, իսկ սուրբերին ասաց. «Եթէ դուք յաղթէք ինձ, ապա ես կ՚ուրանամ աստուածներին»: Սուրբերը պատասխանեցին նրան. «Առայժմ փորձի՛ր ուժդ առջեւում կանգնած մէկի վրայ. եթէ յաղթես նրան, հաւատա՛, որ յաղթել ես նաեւ մեզ»: Դատաւորը սուրբ Վարոսին ասաց. «Երդւում եմ իմ գլխով, որ այդ տանջանքներով, որոնցով չարչարւում ես, կը խրատուեն նաեւ միւս զինուորները եւ հասարակ ժողովուրդը, որպէսզի չթողնեն իրենց աստուածներին ու չերկրպագեն Քրիստոսին, Ում դուք էք երկրպագում»: Վարոսն ասաց. «Դու եւ դրանց յուսացողները նման կը լինէք քո աստուածներին, որոնք ո՛չ լսում են, ո՛չ խօսում, ո՛չ տեսնում եւ ո՛չ էլ շարժւում»: Բարկացած դատաւորը հրամայեց իջեցնել նրան կախաղանից եւ չորս կողմից հաստ պարաններով ու բրիչներով հարուածել նրան: Այնժամ երանելի Վարոսը սուրբ մենակեացներին ասաց. «Սո՛ւրբ հայրեր, օրհնէ՛ք ձեր ծառային եւ աղօթէ՛ք ինձ համար, որպէսզի զօրանամ, հանգցնեմ այս անօրէնի բարկութիւնը եւ վերացնեմ սրա դառը տանջանքները»: Սուրբերն իրենց աչքերն ուղղեցին դէպի վեր՝ առ Աստուած, եւ ասացին. «Օրհնեա՛լ ես, Տէ՛ր Աստուած, Դու Քո ընտրեալներին պսակում ես համբերութեան պսակով, զօրացրո՛ւ Քո ծառային նահատակութեան այս մրցասպարէզում»: Եւ Քրիստոսի վկան, որ երկար տանջանքներ էր կրում, ասաց սուրբերին. «Մի՛ խռովուէք, ձեր սուրբ աղօթքները լսելի են, որովհետեւ հարուածները, մանաւանդ արջառաջլերի ուժգին հարուածները, ինձ վրայ իջնում են փափուկ ասրի պէս»:

 

Դատաւորը նրան ասաց. «Թշուառակա՛ն, ի՞նչ շահեցիր»: Վարոսը պատասխանեց. «Շահեցի այնքան, որքան դու վնասուեցիր»: Դատաւորն ասաց. «Այդ մոլորեցնողնե՞րն են սովորեցրել քեզ այդպէս խօսել»: Վարոսն ասաց. «Մոլորեցնողները երբէք փրկութեան գործեր չեն անում, իսկ քանի որ նրանք բարի, ճշմարիտ եւ աննախանձ երախտաւորներ են, այս փրկութիւնը մատուցեցին ինձ իրենց գանձերից: Այդ դու ես մոլորեցուցիչն ու կախարդը եւ քո համախոհները»:

 

Բարկացած թագաւորը հրամայեց դարձեալ փայտի վրայ քերել նրան, իսկ սուրբերը, տեսնելով վկայի կողերը, որոնք քերւում էին երկար ժամեր, ասացին դատաւորին. «Անօրէ՛ն, եթէ այդպէս քերէին ապառաժ քարերին, նրանք արդէն մաշուած կը լինէին»: Դատաւորն ասաց. «Թող ձեր Քրիստոը գայ եւ փրկի դրան»: Վարոսը պատասխանեց նրան. «Թող Նա փրկի ինձ ոչ թէ այս, այլ յաւիտենական տանջանքներից»: Կրճտացնելով իր ատամները՝ բռնաւորը հրամայեց հարուածել վկայի լեարդակողմին եւ ասաց. «Հանէ՛ք դրա աղիքներն իր իսկ աչքի առջեւ»: Վարոսն ասաց նրան. «Սատանայի՛ որդի եւ արդարութեա՛ն թշնամի, ահա դու կարող ես հանել իմ աղիքները, սակայն չես կարող վերացնել հաւատքս»: Երբ սուրբերը տեսան նրա պատառոտուած որովայնը, արտասուեցին: Դատաւորն ասաց նրանց. «Տեսա՞ք, որ ես յաղթեցի ձեզ: Ինչո՞ւ էք լալիս եւ տրտմում, եթէ իսկապէս անմահութիւն էք համարում Քրիստոսի համար մեռնելը»: Սուրբերն ասացին. «Մերժելով գազանաբարոյ անգթութիւնը՝ լաց ենք լինում նրան չարչարակցելու համար, բայց սրտանց բերկրելով՝ ուրախանում եւ տօնում ենք, որովհետեւ գիտենք, որ այս քիչ տանջանքներով ժառանգելու ենք յաւիտենական հանգիստը»: Եւ դարձեալ բարկանալով՝ դատաւորը հրամայեց նրանց բանտ տանել, իսկ Վարոսին տանջել, մինչեւ որ մեռնի:

 

Երբ Վարոսը տեսաւ, որ սուրբ հայրերին քաշ են տալիս շղթաներով, բարձրաձայն ասաց նրանց. «Քրիստոսի սո՛ւրբ եւ ընտի՛ր նահատակներ, ինձ յանձնէք Տիրոջը եւ վստահ եղէք, որ այլեւս ոչ մի խօսք չեմ պատասխանի այդ անաստուածին ու չեմ բացի իմ բերանը նրա առաջ: Ահա ես գնում եմ Տէր Քրիստոսի մօտ՝ շնորհակալ լինելով ձեզ: Դուք պատճառ եղաք, որ ես յաւիտենական կեանք ունենամ»:

 

Սուրբ վկային տանջեցին մօտ երեք ժամ, որից յետոյ նա աւանդեց իր հոգին: Հարուածողները դեռեւս տանջում էին նրան՝ համարելով, թէ նա կենդանի է: Եւ երբ դահիճները տեսան, որ տանջում են մեռած մարմնին, ասացին բռնաւորին. «Նա վաղուց մեռել է, այժմ ո՞ւր ես հրամայում դնել նրա մարմինը»: Բռնաւորն ասաց. «Իջեցրէ՛ք եւ քարշ տուէ՛ք քաղաքից դուրս եւ գցէ՛ք շների առաջ»: Եւ նրանք արեցին այդպէս. գցեցին դուրս՝ բաց երկնքի տակ, որտեղ անասունների լեշերն էին նետում:

 

Յաջորդ օրը բռնաւորը հրամայեց իր առջեւ բերել միւս սուրբ այրերին՝ Վարոսի հայրերին, բայց չկարողացաւ հնազանդեցնել կամ սասանել նրանց, որի համար բազմատեսակ խոշտանգումներից յետոյ հրամայեց գլխատել նրանց: Եւ սուրբ հայրերը նահատակուեցին ուրախութեամբ ու զուարթութեամբ: Քրիստոնեաներից ոմանք ծածուկ տարան նրանց մարմինները եւ պատուով ամփոփեցին: Նրանք սուրբ Վարոսի անունով Վարոսեաններ կոչուեցին: Իսկ Վարոսի թաղումը եղաւ հետեւեալ կերպով:

 

Կլէոպատրա անունով մի պաղեստինցի կին, որ քրիստոնեայ էր, բարեպաշտ եւ աստուածավախ, սուրբ Վարոսի նահատակութեան պահին նրան էր նայում: Տեսնելով նրան անտանելի տանջանքների մէջ՝ դառնապէս լաց էր լինում եւ ծեծում իր կուրծքը, բայց վախենում էր խոստովանել, որ ինքը եւս քրիստոնեայ է: Գիշերը նա իր ծառաների եւ տասներկու տարեկան որդու հետ գնաց ու գողացաւ սուրբ Վարոսի մարմինն ու իր տուն տարաւ: Օծեց անուշահոտ իւղերով, պատուական հանդերձներ հագցրեց, ապա մահճակալի տակ փոս փորեց եւ թաղեց սուրբին՝ մշտապէս ճրագներ վառելով ու խնկարկելով:

 

Երբ դադարեցին քրիստոնեաների հալածանքները, եւ երբ զօրացաւ Կոստանդիանոս Մեծի կայսրութիւնը, Կլէոպատրան որոշեց վերադառնալ իր երկիրը՝ Պաղեստին, եւ պատրաստութիւն տեսաւ: Մի նշանաւոր հռետորի միջոցով մօտեցաւ Եգիպտոսի իշխանին եւ ասաց. «Իմ ամուսինը պատուելի, քաջ զինուորական էր: Նա մեռաւ պատերազմում եւ այստեղ թաղուած է իմիջիայլոց՝ առանց օրինաւոր թաղման: Արդ, աղաչում եմ ձերդ մեծութեանը, հրամայի՛ր, որ անվտանգ դուրս բերեմ նրան այստեղից, տանեմ եւ օրէնքով թաղեմ իմ երկրում»: Իշխանը, մեծ ինչք ստանալով կնոջից, ընդառաջեց նրա աղաչանքներին ու հրամայեց կատարել նրա խնդրանքը: Իսկ կինը, ամուսնու մարմինը թողնելով Եգիպտոսում, նրա անուան տակ շտապ դուրս բերեց թաղուած սուրբ Վարոսին: Դարձեալ պայծառ հանդերձներ հագցրեց, օծեց խունկերով եւ անուշահոտ իւղերով, դրեց գորգի մէջ, որի մէջ եւ շատ բուրդ, ու այդպէս դուրս բերեց նրան Եգիպտոսից, որպէսզի անգամ ոչ մի քրիստոնեայ չիմանայ եւ չյափշտակի իրենից, որովհետեւ քրիստոնեաներն սկսել էին համարձակ երեւալ, փնտռել սուրբերի նշխարները, պահել վանքերում եւ կատարել նրանց յիշատակը:

 

Արդ, Պաղեստին գալով՝ եկաւ իր գիւղը, որ կոչւում էր Էդրա եւ գտնւում էր Թաբօր լերան մօտ, սուրբ Վարոսի պատուական մարմինը դրեց իր նախնիների գերեզմանում, որը գտնւում էր ճանապարհի մօտ: Իր ընտանիքով միշտ բարձրանում էր այնտեղ՝ մոմեր վառելով եւ խունկեր ծխեցնելով: Նոյնն սկսեցին անել նաեւ այլ տղամարդիկ ու կանայք՝ միանալով  նրանց: Շուտով գաւառի բնակիչներին յայտնի դարձաւ, որ մի սուրբ է թաղուած Թաբօր լերան մերձակայ գիւղում, եւ սկսեցին այդտեղ բերել իրենց հիւանդներին ու նեղութեան մէջ եղողներին, եւ բոլորը բժշկւում էին:

 

Տեսնելով, որ մեծացել է մարդկանց հոսքը, իսկ տարածքը նեղ է, Կլէոպատրան որոշեց վաճառել իր ունեցուածքը եւ սուրբի անունով տաճար կառուցել: Նա ունէր մինուճար որդի, որին բաժին տալով ունեցուածքից՝ ուղարկեց նրան արքունիք՝ ստանալու հօր զինուորական աստիճանը, իսկ մնացած միջոցները ծախսեց տաճարի շինարարութեան համար:

 

Կլէոպատրայի որդին մեծ պատուի արժանացաւ Կոստանդիանոսի արքունիքում եւ զինուորական ծառայութեան անցնելու գրութիւն ստացաւ թագաւորից: Նա վերադարձաւ մօր մօտ՝ ուրախութեամբ նշելու այդ պատիւը եւ հագնելու պատուաւոր հանդերձը, քանի որ կինը մեծահարուստ եւ նշանաւոր էր Պաղեստինում: Այնժամ Կլէոպատրան մտքում որոշեց. «Երբ սուրբի նշխարների հանգստեան օրը կը կատարուի տաճարի նաւակատիքը, ես իմ որդուն կը հագցնեմ իշխանական պատմուճանը, եւ նա ինձ հետ կը բարձրացնի սուրբի տապանը որպէս զինուորական, ինչպիսին որ ինքը՝ սուրբ Վարոսն էր»: Եւ այդպէս վաճառելով իր մեծ ունեցուածքը՝ կինը սուրբի համար վկայարան կառուցեց եւ զարդարեց շքեղ զարդարանքներով: Հրաւիրեց եպիսկոպոսների, բազմաթիւ վանականների եւ այլ քրիստոնեաների, սուրբ Վարոսի նշխարները դուրս բերեց տապանից եւ դրեց նոր՝ զարդարուած եւ մաքուր ծածկոցներով պատուած տապանի մէջ: Ապա Կլէոպատրան իր որդուն տարաւ քահանաների մօտ, որոնք օրհնեցին նրան: Նրանք վերցրին որդու իշխանական պատմուճանն ու գօտին, դրեցին սուրբի տապանի վրայ եւ ապա հագցրին նրան: Այնուհետեւ Կլէոպատրան ու նրա որդին բարձրացրին սուրբի տապանը եւ քահանաների ուղեկցութեամբ մտցրին նորակառոյց տաճարը: Տղամարդկանց եւ կանանց այնքան մեծ բազմութիւն էր հաւաքուել, որ տեղաբնակները հոգում էին, թէ որտեղից ջուր բերէին եկած բազմութեան համար:

 

Աքլորականչից մինչեւ իններորդ ժամը քահանաները կատարեցին արարողակարգը եւ երբ սուրբի նշխարները դրեցին նախատեսուած տեղում, սեղան կանգնեցնելով՝ պատարագ մատուցեցին եւ միաբան աղօթեցին Կլէոպատրայի եւ նրա մինուճար որդու համար: Եւ երբ ամէն բան աւարտեցին, Կլէոպատրան ընկաւ սուրբ Վարոսի տապանակի վրայ եւ աղաչեց՝ ասելով. «Սո՛ւրբդ Աստուծոյ, աղաչում եմ քեզ՝ ինձ եւ որդուս համար, թէ որն է Աստուծոյ կամքը, եւ ինչն է օգտակար որդուս համար: Խնդրի՛ր Տիրոջը՝ ինձ եւ որդուս օգնելու համար, քանի որ հալածիչների կողմից սատանայական խռովութիւնների ժամանակ ես ամբողջ սրտով ծառայում էի քեզ: Եւ այժմ խնդրի՛ր Տէր Աստծուն խաղաղութեամբ առողջութիւն շնորհել եւ թագաւորի առջեւ շնորհներ տալ որդուս իր զինուորական ծառայութեան գործում: Աղաչում եմ քեզ, յիշի՛ր ինձ, որովհետեւ ոչ ոքի չեմ պատուել քեզնից առաւել՝ ո՛չ ամուսնու, ո՛չ զաւակի եւ ո՛չ ունեցուածքի»:

 

Երբ դուրս եկաւ տաճարից, Կլէոպատրան մեծ ճաշկերոյթ կազմակերպեց ամբողջ բազմութեան համար՝ անձամբ ծառայելով բոլորին, որդին եւս նրա հետ մեծ ուրախութեամբ ծառայում էր բոլորին: Մայրը պատուիրել էր որդուն ոչինչ չճաշակել, եւ երբ նստածները վեր կենան, «ես եւ դու - ասաց, - կը ճաշակենք նրանց թողած մնացորդներից»: Եւ երբ մարդիկ վեր կացան, որդին յոգնեց ու պառկեց: Մայրը եկաւ, համբուրեց որդու աչքերը եւ ասաց. «Որդեա՛կ, այս ամէնն արեցի քո առողջութեան համար: Այժմ ե՛կ եւ ճաշակի՛ր, որովհետեւ քաղցած եւ յոգնած ես»: Սակայն որդին հազիւ էր խօսում, որովհետեւ նրա բերանն այրւում էր բարձր ջերմութիւնից: Մայրը փարուեց որդուն, նրան իր գիրկն առաւ եւ ասաց. «Կենդանի է Տէրը, եւ լսելի են սուրբի աղօթքները: Ես չեմ ճաշակի, մինչեւ չտեսնեմ, թէ ինչ է լինելու իմ որդուն, որովհետեւ ես էի պատուիրել նրան ոչինչ չճաշակել, մինչեւ չգնան հաւաքուածները»: Այդպէս որդուն իր գիրկն առած՝ ողջ գիշեր խորովում էր ցաւերից, իսկ որդին գիշերուայ մէջ աւանդեց իր հոգին:

 

Այնժամ Կլէոպատրան վերցրեց մահացած որդուն, մտաւ սուրբ Վարոսի տաճարը, դրեց նրան սուրբ Սեղանի առաջ եւ աղաղակելով ասաց. «Ո՛հ, ա՞յս էր արդարիս հատուցումը, ինչի՞ փոխարէն այսպէս հատուցեցիր թշուառիս: Տո՛ւր ինձ իմ որդուն, որին ունեցայ երկունքով, տո՛ւր ինձ իմ մինուճարին: Ո՛հ, բռնութի՛ւն արդարութեան հանդէպ, որ այս հատուցմամբ վրէժ լուծեցիր ինձնից, վերադարձրո՛ւ որդուս, որի համար այս ամէնն արեցի, որպէսզի նա ապրի եւ իմ մխիթարութիւնը լինի: Վերադարձրո՛ւ նրան, այլապէս այստեղ՝ քո առջեւ, կը ջարդեմ իմ գլուխը: Աղաչի՛ր քո Տիրոջը՝ վերադարձնելու իմ մինուճարին, որովհետեւ Նա յարութիւն տուեց վաղուց մեռածներին: Տո՛ւր ինձ իմ որդուն, այլապէս ինձ եւս տար նրա մօտ»:

 

Լսելով ազնուագեղ պատանու յանկարծամահ լինելու լուրը՝ ամբողջ ժողովուրդն արտասւում էր մօր հետ, բայց առաւել լաց էր լինում նրա աստուածավախ եւ քրիստոսասէր մօր համար, համարելով, որ նա իր արածների դիմաց անարժան հատուցում չստացաւ: Եւ այդպէս կինն ամբողջ օրն անցկացրեց ողբով: Բոլոր քահանաներն եւ մերձաւորները փորձում էին մխիթարել նրան՝ արտաքուստ արդարացի համարուող վշտի համար:

 

Կէսգիշերին Կլէոպատրան, որդուն գիրկն առած, մի փոքր հանդարտուեց, քանզի յոգնել էր շատ լալուց: Նա ամբողջ օրը ոչինչ չէր ճաշակել: Եւ ահա սուրբ Վարոսը որդու հետ երեւաց նրան: Երկուսն էլ իրենց մէջքին ոսկէ գօտիներ ունէին, իսկ պատմուճանները՝ լուսաշող սպիտակ եւ աստղերի պէս փայլուն: Նրանց գլուխներին թագեր կային, եւ դրանց շուրջն՝ աստղեր: Այս տեսնելով՝ Կլէոպատրան զարհուրեց, երկրպագեց եւ  աջ ձեռքով բռնեց սուրբի ոտքից, իսկ միւսով՝ որդու: Այնժամ սուրբ Վարոսը բարձրացրեց նրան եւ ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես աղաղակելով բողոքում ինձնից, որ իբրեւ թէ անիրաւութիւն եմ գործել կամ էլ քո երախտիքների դիմաց չարիք եմ հատուցել: Մի՞թէ մոռացել եմ այն ամէնը, ինչ արեցիր Եգիպտոսում եւ ճանապարհին: Մի՞թէ միշտ չէի հոտոտում քո խունկի բոյրը, չէի՞ զգում, երբ ամփոփում էիր քաղաքից դուրս նետուած իմ ոսկորները, որոնք թաղեցիր քո մահճի տակ, կամ երբ դրեցիր դրանք բրդէ քրձի մէջ: Մի՞թէ չիմացայ, որ թաղեցիր ինձ այստեղ՝ քո նախնիների մօտ, որոնց, շնորհ անելով քեզ, ազատեցի՝ թողութիւն խնդրելով Տիրոջից: Մի՞թէ չիմացայ, որ դու քո որդու հետ գերեզմանից ինձ դուրս բերեցիր եւ դրեցիր տապանի մէջ: Մի՞թէ ես չէի չարից պահպանում տաճարը շինողներին, մի՞թէ ես չէի, որ նաւակատիքի ժամանակ քեզ հետ սպասաւորեցի հաւաքուածներին եւ Տիրոջ անուամբ օրհնեցի քո պատրաստութիւնը: Երբ ինձ դրեցիր սուրբ Սեղանի առաջ, մի՞թէ դու չխնդրեցիր Աստծուն, որ Նրա կամքը լինի քո որդու համար եւ դասի նրան երկնաւոր անդրանիկների շարքին: Ես աղաչեցի Տիրոջը, եւ Նա տուեց մեզ այս բոլոր շնորհները: Դու այժմ քո որդուն փառքի մէջ ես տեսնում, բայց եթէ կամենում ես, վերցրո՛ւ նրան»:

 

Երբ սուրբն այս ասաց, պատանին իսկոյն փարուեց նրան եւ ասաց. «Տէ՛ր իմ եւ վարդապե՛տ իմ, մի՛ լսիր նրան եւ թոյլ մի՛ տուր, որ վերադառնամ անիրաւ աշխարհ, որը լի է ունայնութեամբ եւ անօրէնութեամբ, որից հազիւ փրկուեցի՝ առանց շաղախուելու նրա պղծութիւններին: Հա՛յր իմ, մի՛ հեռացրու ինձ քեզնից եւ մի՛ առանձնացրու ինձ սուրբերից, որոնց հետ բնակւում եմ: Տէ՛ր իմ, մի՛ զրկիր ինձ այնպիսի վայելչութիւններից, որոնք ժառանգեցինք արժանավայել կերպով: Ո՛չ, տէ՛ր իմ, ինձ մի՛ մերժիր Աստուծոյ տեսութիւնից»: Ապա դարձաւ մօրն ու ասաց. «Ո՛վ կին, հեռացի՛ր, մի՞թէ կայ մի մայր, որը երբեւէ կը նախանձի իր մինուճար որդուն, կը դարձնի նրան արքայութիւնից դէպի աղքատութիւն եւ լոյսից՝ խաւար»: Այնժամ Կլէոպատրան ասաց նրանց. «Այդ դէպքում վերցրէք ինձ եւս, որպէսզի ես էլ թագաւորեմ ձեզ հետ», իսկ սուրբ Վարոսին դիմելով՝ ասաց. «Մի՛ բաժանիր ինձ իմ մինուճարից»: Սուրբ վկան ասաց նրան. «Եթէ դու այս տաճարում ես, ուրեմն մեզ հետ ես: Այժմ գնա՛ խաղաղութեամբ եւ երկրի վրայ կատարի՛ր մեր յիշատակը: Եւ երբ Տէրը կամենայ, իր ժամանակին մենք կ՚այցելենք քեզ: Ահաւասիկ հնազանդուի՛ր եւ գնա՛ խաղաղութեամբ»:

 

Կլէոպատրան արթնացաւ սարսուռով եւ տեսիլքը պատմեց բոլորին: Ապա որդուն մաքուր հանդերձներ հագցրեց, օծեց անուշահոտ իւղով եւ նրան յանձնեց սուրբին՝ թաղելով նրա սուրբի տապանի մօտ: Նրա մերձաւոր կանայք խնդրում էին, որ որդու զինուորական պատմուճանը եւս դնի նրա հետ, «որպէսզի, - ասացին, - չտեսնես քո տան մէջ, եւ հոգիդ չխռովուի»: Բայց նա յանձն չառաւ՝ ասելով. «Մնացէ՛ք ինձ հետ, վաղը մեծ տօնակատարութիւն եմ անելու, որովհետեւ որդիս զինուորագրուեց հրեշտակների զօրքին»: Յաջորդ օրը նա մեծ ճաշկերոյթ կազմակերպեց եւ անձամբ մեծ ուրախութեամբ սպասաւորեց հաւաքուածներին: Բազմութեանը ճանապարհելուց յետոյ նա հրաժարուեց աշխարհից՝ բնակուելով վկայարանում, որտեղ աղօթքներով շարունակ պաշտամունքներ էր մատուցում Աստծուն: Եւ ամէն կիրակի սուրբ Վարոսն ու իր սուրբ զաւակը երեւում էին նրան առաւել պայծառ փառքով, մինչեւ որ երանելի Կլէոպատրան եւս վախճանուեց եօթ տարի անց եւ նոյն վկայարանում հանգստացաւ նրանց հետ: Թող բոլոր սուրբերի աղօթքներով եւ բարեխօսութեամբ Տէրն արժանացնի մեզ մաս ունենալ նրանց հետ, ինչպէս եւ բոլոր նրանց, ովքեր հաւաքւում են՝ կատարելու նրանց յիշատակը:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Վարոսի յիշատակը տօնում է սուրբ Խաչին յաջորդող եօթերորդ երկուշաբթի օրը՝ սուրբ Անաստաս քահանայի, Թէոդորիտէի ու նրա որդիների հետ:

 

Սկզբնաղբիւրներ

1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 757: