ԶՔեզ արդար եւ ուղիղ Դատաւոր՝ ի մէջ սրբոց Քոց բարեբանիս.
Հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
ԶՔեզ որ ի հնոցն իջեր ապաւէն. խոնարհեալ ի գունդս մարտիրոսաց գովիս.
Հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
ԶՔեզ որ ահաւոր Թագաւոր յաւիտենից՝
Այսօր ընդ դասս վկայից Քոց բարեբանեմք.
Հարցն մերոց Աստուած օրհնեալ ես յաւիտեան:
(Շարակնոց)
Տարագրոսեան այս երեք փառաւոր եւ սուրբ վկաներն ապրել են Դիոկղետիանոս կայսեր ժամանակներում: Նրանք ծննդեամբ տարբեր վայրերից էին. նրանցից աւագը՝ սուրբ Տարագրոսը, իսաւրացիների Կլոդիուպօլիս քաղաքից էր, Պրոբոսը՝ Պամփիլիայի Սիդա քաղաքից կամ էլ Թրակիայից, իսկ Անդրոնիկոսը կամ Անդրանիկոսը՝ Եփեսոս քաղաքից: Նրանք սերտ բարեկամներ էին, միասիրտ եւ միաբան իրենց խորհուրդներով եւ փայլում էին աստուածպաշտութեան մէջ, սակայն աչքի ընկնելով քրիստոնեաների մէջ՝ փախան յարուցուած հալածանքների երեսից եւ եկան Կիլիկիայի Տարսոն քաղաքը:
Սակայն այստեղ նրանք մատնուեցին Կիլիկիայի Մաքսիմոս կամ Մաքսիմիանոս դատաւորի ձեռքը եւ քաջութեամբ խոստովանեցին Քրիստոս Աստծուն՝ անարգելով կուռքերին եւ անսասան մնալով թէ՛ նրանց ողոքիչ խօսքերի եւ թէ՛ սպառնալիքների դէմ:
Այնժամ դատաւորը առանձնացրեց նրանց, որ թերեւս կարողանայ յաղթել առանձին-առանձին: Նախ կանչեց սուրբ Տարագրոսին եւ հարցրեց. «Ի՞նչ է քո անունը, եւ ինչ զբաղմունք ունես»: Վկան պատասխանեց. «Իմ անունը քրիստոնեայ է, որն ինձ համար պարծանք է, թէպէտ դու հալածում ես այդ անունը կրողներին՝ նրանց յանցաւոր համարելով, իսկ ծնողներս ինձ Տարագրոս են կոչել: Ժամանակին զօրական եմ եղել, սակայն որպէս անպիտան՝ թողել եմ երկրաւոր զինուորութիւնը, որովհետեւ քրիստոնեաների զէնքը ոչ թէ մարմնաւոր է, այլ հոգեւոր՝ Աստուծոյ զօրութեամբ հակառակորդին կործանելու համար: Արդ, վարուի՛ր ինձ հետ, ինչպէս կամենում ես: Ահա ես ինքս դրդեցի ու բարկացրի քեզ՝ առաջիկայ պատերազմի մէջ մտնելու համար, որովհետեւ թէպէտ մարմնով առաջացած տարիքի մէջ եմ, սակայն հոգով եւ զուարթութեամբ կատարեալ երիտասարդ եմ»: Դատաւորն ասաց. «Մի կողմ թող յանդուգն յիմարութիւնդ եւ ըստ հայրերի օրէնքի ու ինքնակալի հրամանների՝ յանձն առ պաշտել անմահ աստուածներին»: Վկան պատասխանեց. «Հայրերի օրէնք մի՛ կոչիր այն, ինչն անխորհրդաբար եւ առանց բանականութեան գործում են թագաւորները, որովհետեւ մէկն է մեր բոլորի ճշմարիտ հայրը՝ Աստուած, Ով արարեց մեզ, իսկ փայտեղէն եւ քարեղէն աստուածները զազրելի են, որոնց դու եւ քո թագաւորը չէք ամաչում պաշտել»:
Դատաւորը սաստիկ բարկացաւ՝ աստուածներին եւ ինքնակալներին անարգելու համար ու հրամայեց ջարդել Տարագրոսի կզակը եւ ուժգին հարուածել նրա պարանոցին: Եւ մինչ երկար տանջում էին երանելուն, ատեանում գտնուողներից ոմանք մօտեցան նրան եւ խրատեցին թողնել յիմարութիւնն ու լսել դատաւորին: Քրիստոսի զօրականը նրանց ասաց. «Քրիստոսի համար վաթսունվեց տարի կրթուել եմ այդ «յիմարութեամբ», եւ հիմայ ինչպէ՞ս մէկ ժամում կորցնեմ այդքան տարիների ընթացքում ձեռք բերածս, ո՛չ երբէք: Որքան էլ Մաքսիմոսն ինձ սպառնայ աւելի ծանր չարչարանքներով, ահաւասիկ ես պատրաստ եմ կրել ամէն բան Քրիստոսի սիրոյ համար»: Դատաւորը հրամայեց գաւազանով անխնայ հարուածել նրա թիկունքին, սակայն տեսնելով, որ ոչինչ չի շահում, ծանր շղթաներով կապել տուեց ու նրան բանտ նետեց:
Նրանից յետոյ կանչել տուեց Պրոբոսին եւ սկսեց հարցաքննել նրան, իսկ քաջ նահատակը, որ փափագում եւ շտապում էր տանջանքներ կրել, ասաց նրան. «Ո՛վ դատաւոր, ըստ աստուածային եւ պատուական անուանակոչութեան՝ ես քրիստոնեայ եմ, իսկ մարդկանց կողմից Պրոբոս եմ կոչուել: Ազգութեամբ թրակիացի, պարզ, հասարակ մարդ եմ: Ինքնակալների եւ քո խօսքերը, որոնք հակասում են ճշմարիտ հաւատքին, ինձ համար արհամարհելի են: Ես գարշում եմ ձեզ հետ բարեկամութիւնից, որովհետեւ այն ինձ հեռացնում է Աստծուց»: Այնժամ դատաւորի ակնարկով դահիճները երանելուն կախեցին փայտից եւ հարուածեցին մահակներով ու արջառաջլերով, կտրեցին ոտքերի ջլերը եւ այնքան քերեցին կողերը, մինչեւ որ նրանից հեղուող արիւնը ներկեց գետինը: Նրան տեսնողները սրտացաւութեամբ եւ մեծ սոսկումով ասում էին. «Նայի՛ր հոսող արեանդ եւ խնայի՛ր քո անձը»: Իսկ վկան նրանց պատասխանում էր. «Իմ այս արիւնը ես իւղ եմ համարում, որով օծւում են ըմբշամարտիկները, որովհետեւ սրանով առաւել անորսալի կը լինեմ իմ թշնամու դեմ նահատակութեանս ասպարէզի մէջ»: Դահիճները հարուածում էին նրա որովայնին, իսկ արիւնը, յորդելով մարմնից, աւելի ու աւելի էր ներկում գետինը: Նահատակը միայն կարողանում էր ասել. «Քրիստո՛ս, օգնի՛ր ինձ», իսկ բռնաւորն ասաց նրան. «Եթէ Նա քեզ կարողանար օգնել, ապա այժմ կ՚ազատէր քեզ տանջանքներից»: Պրոբոսն ասաց. «Ես չեմ խնդրում ազատուել չարչարանքներից, այլ կրել դրանք քաջութեամբ եւ յօժարութեամբ, որովհետեւ ոչ մի ողջամիտ մրցող չի հեռանայ մրցարանից, որտեղ կարող է շահել մարտի բրաբիոնը: Բայց դու չգիտես, որ Տէրը լսելով լսեց ինձ եւ տուեց Իր օգնականութիւնը, որով կը կարողանամ տոկալ ամէն բանի եւ արիաբար արհամարհել քո տանջանքները»: Այնժամ իշխանը հրամայեց շղթայել նրան երկաթէ կապանքներով, բանտ տանել եւ ամրացնել քառակողմ անցքերով կոճղի մէջ:
Այնուհետեւ հարցաքննութեան բերեցին երանելի Անդրոնիկոսին, որն ամրակազմ եւ կատարեալ իմաստութեամբ մի այր էր: Դատաւորը նրան հարցրեց. «Դու որտեղի՞ց ես»: Առաքինի նահատակը պատասխանեց. «Ես Եփեսոս քաղաքից եմ եւ մեծահարուստ իշխանի որդի եմ, սակայն ես Քրիստոսի ծառան եմ, որովհետեւ ես քրիստոնեայ եմ: Հետեւաբար չեմ պաշտի ձեր կուռքերին եւ զոհ չեմ մատուցի դեւերին»: Դատաւորը սաստեց նրան ու ասաց. «Խելքի՛ արի, սթափուի՛ր եւ զոհ մատուցիր աստուածներին»: Անդրոնիկոսն ասաց. «Ո՛վ Մաքսիմոս, իրաւացիօրէն անմտութիւն կը համարուէր մեր ճգնութիւնը, եթէ մենք անյոյս լինէինք, ինչպէս միւսները: Բայց եթէ մէկը տեսնի այն յոյսը, որ խոստացաւ Նա, Ով տուեց իր անձը մեր փրկութեան համար, անշուշտ, Պօղոս առաքեալի հետ կ՚ասի. "Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ"[1]»:
Դատաւորի հրամանով հարուածեցին նրան դալար ճիպոտներով, կտրեցին ջլերը եւ մինչեւ ոսկորները քերթեցին թիկունքը: Աղ ցանեցին վէրքերի վրայ եւ շփեցին, որ սաստիկ ցաւ պատճառեն, իսկ սուրբն ասաց. «Այդ աղն առաւել ամուր եւ տոկուն է դարձնում մարմինս՝ այլ տանջանքներ կրելու համար»: Այդպէս նրան եւս միւս սուրբերի հետ բանտ նետեցին:
Օրեր անց նրանց դուրս բերեցին բանտից եւ հարցաքննեցին ու դարձեալ տեսան, որ նրանք հաստատուն են իրենց հաւատքի մէջ եւ անվեհեր՝ պատասխանելիս: Այնժամ երանելիներին կապուած տարան Մամեստիա, որտեղ դարձեալ փորձեցին վկաներին, իսկ նրանք չդադարեցին խոստովանել Քրիստոս Աստծուն եւ յանդիմանել կուռքերին ու կռապաշտներին: Դատաւորը հրամայել քարերով հարուածել ու ջարդել Տարագրոսի բերանը, այրել նրա երկու ձեռքերը, գլխիվայր կախել եւ ներքեւից գարշահոտութիւն ծխեցնել, իսկ քթի մէջ աղի հետ խառնած քացախ եւ կծու սերմեր լցնել: Սակայն նա արիաբար կրեց ամէն բան՝ գեհենի հրի համեմատ հուրը զովութիւն համարելով, իսկ դժնի հոտաւէտ նիւթերը՝ անուշահոտութիւն:
Սուրբ Պրոբոսի թիկունքը հարուածեցին արջառաջլերով, գլուխն ածիլեցին եւ պատեցին հնոցի կայծախառն մոխրով, իսկ բերանի մէջ կրակի կայծեր լցրին: Հրամայեցին հանել լեզուն, որպէսզի կտրեն, եւ նա անյապաղ արեց հրամայուածն՝ ու ասաց դատաւորին. «Իմ լեզուն անսպառ եւ անմահ է, որին լսում է Աստուած, քանզի Նա գիտէ լսել նաեւ արեան գոչը»: Այս ասելուց յետոյ կտրեցին երանելու լեզուն եւ Տարագրոսի հետ բանտ տարան:
Դատաւորը կանչեց Անդրոնիկոսին եւ ասաց նրան. «Խելքի՛ եկ եւ զոհ մատուցիր, քանի դեռ նորանոր տանջանքների չես ենթարկուել: Քո բարեկամները, բացի աւելի դաժան կտտանքներից, ի՞նչ շահեցին իրենց յամառութիւնից: Սակայն նրանք հասկացել են իրենց անձանց օգուտը, զղջացել եւ յանձն են առել պաշտել աստուածներին»: Սուրբ Անդրոնիկոսը պատասխանեց նրան. «Ինչքան որ կարող ես համոզել ինձ, այնպէս էլ նրանց: Դու չկարողացար ինձ խելքահան անել եւ ցնորուել տալ քո մոլորութեան յետեւից, որովհետեւ նրանց անդրդուելի հաստատուն միտքը իմ ի Քրիստոս խորհուրդների առհաւատչեան է: Մի է աստուածպաշտութեան խորհուրդը մեր մէջ, եւ մենք բոլորս մի ենք Յիսուս Քրիստոսով»: Բռնաւորը զայրացաւ եւ ասաց. «Անխնայ հարուածէ՛ք դրան, մինչեւ որ մեռնի»: Եւ արջառաջլերով այնքան հարուածեցին սուրբի թիկունքին, մինչեւ որ նրա մարմինը պատառոտուեց ու դարձաւ մի ամբողջական վէրք: Իսկ նահատակը ծիծաղելով ասում էր. «Ո՛վ դատաւոր, ուրեմն սուտ եղան քո սպառնալիքները, որովհետեւ ինձ յաղթելու համար, անկարող լինելով նորանոր տանջանքներ յօրինել, դարձեալ ինձ նոյն հարուածներն ես հասցնում»: Ապա անօրէնը հրամայեց աղաջուր լցնել վկայի վէրքերի վրայ, իսկ սուրբն ասաց նրան. «Տեսնո՞ւմ ես, որ աղն անապական է դարձրել իմ մարմինը: Նախկին հարուածների հետքն անգամ չի երեւում, եւ ես սքանչելապէս նորոգուած ու զարդարուած երեւացի բոլորի առջեւ»: Յիմարացած դատաւորն սկսեց պատժել ատեանի սպասաւորներին, որ իբր թոյլ են տուել բժիշկներին մտնել բանտ եւ դարմանել կապուածներին: Ապա հրամայեց Անդրոնիկոսին տանել իր ընկերների մօտ եւ պահել նրանց հսկողութեամբ:
Այնուհետեւ սուրբերին տարան Անարզաբայ քաղաք եւ այնտեղ ատեանի առաջ առաջինը Տարագրոսին կանգնեցրին: Եւ երբ նա յանդիմանեց հեթանոսների մոլորութիւնը, հարուածեցին նահատակի բերանին եւ շիկացած շամփուրներով խոցոտեցին նրա մարմինը: Կտրեցին նրա երկու ականջները, ածիլեցին գլուխը եւ կրակի կայծեր լցրին գագաթին: Նոյնպէս էլ շամփուրներով խանձատեցին Պրոբոսի անութներն ու թիկունքը եւ փորեցին նրա երկու աչքերը: Բռնութեամբ բերանի մէջ լցրեցին զոհերի արեամբ խառնուած գինի, որը երբ նա ուզում էր թքելով դուրս թափել, ջարդեցին նրա ատամները: Սակայն սուրբերը չէին տկարանում իրենց խորհուրդների մէջ:
Այնուհետեւ բռնաւորը հրամայեց սուրբերին նետել քաղաքից դուրս՝ գազանների առաջ որպէս կերակուր, բայց գազանները չմօտեցան նրանց: Այնժամ դատաւորը բարկացաւ վերակացուի վրայ, որ ոչ կատաղի բնոյթ ունեցող գազաններ է բերել այդտեղ եւ հրամայեց սուրբերի վրայ արձակել գազազած արջերի: Արջը մօտենալով նստեց սուրբ Անդրոնիկոսի ոտքերի առաջ եւ սկսեց լիզել նրա վէրքերը: Եւ թէպէտ վկան գրգռում էր գազանին, որ չխնայի իրեն, բայց նա, մոռացած իր վայրի բնոյթը, հեզութեամբ նստած էր նրա մօտ: Այս բանը մոգութիւն համարելով՝ զայրացած բռնաւորը դահիճներին հրամայեց սպանել արջին:
Ապա սուրբերի վրայ արձակեցին մի մեծ մատակ առիւծ, որը նախ սաստիկ մռնչալով առաջ եկաւ, բայց մօտենալով նահատակներին՝ ընկաւ նրանց ոտքերի առաջ եւ ասես թէ երկրպագութիւն մատուցեց: Սուրբ Տարագրոսը բռնեց նրան, քաշքշեց նրա ականջներից ու մազերից, որ յարձակուի իր վրայ, բայց գազանը՝ իբրեւ հեզ գառ, դուրս պրծաւ Տարագորսի ձեռքից եւ ուղղուեց դէպի ասպարէզի դուռը, փորձեց թաթով ջարդել դուռն ու դուրս ելնել, բայց ամբոխը ստիպեց վերակացուին, որ նա բացի դուռը եւ դուրս տանի գազանին:
Մոլեգնած Մաքսիմոսը սրով սպանել տուեց երեք վկաներին եւ դահիճներին ասաց. «Նրանց մարմինները խառնէք միւս սպանուածներին եւ հսկէք, որ քրիստոնեաները չգողանան նրանց մարմինները, մինչեւ որ մեծ խարոյկ կը վառէք ու կ՚այրէք նրանց մարմինները»: Այնժամ մեծ որոտ եղաւ ու սաստիկ անձրեւ սկսուեց, որը մարեց պատրաստուած հուրը: Պահապանները երկիւղած փախան, իսկ հաւատացեալները գիշերով եկան եւ տարան սուրբերի մարմինները, որոնց Աստուած առանձնացրեց սքանչելի աստղի միջոցով, որը երեւաց իւրաքաչիւր նահատակի վրայ: Նրանց մարմինները թաքցրեցին մի լերան մէջ:
Այս պատմութիւնը գրեցին սուրբերի հետեւորդ եղբայրներից ոմանք, որոնք կատարուած դէպքերի ականատեսներն էին: Նրանք պատուական վկաների մարմինները տեղափոխեցին Իկոնիա քաղաք եւ պատուով ամփոփեցին տապանում:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Տարագրոս, Պրոբոս եւ Անդրոնիկոս վկաների յիշատակը տօնում է սուրբ Ղուկիանոս քահանայի եւ սուրբ Պօղոս առաքեալի աշակերտ Ոնեսիմոսի հետ՝ Յիսնակի պահոց առաջին երեքշաբթի օրը:
[1] Հռոմ. Ը 18:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: