ՍՈՒՐԲ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԻ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԻՒՆԸ

Հանդիսացեալք ընդ երկնայնոցն՝ այսօր տօնեմք զյիշատակ սուրբ հայրապետացն.

Որք զաստուածայինն առատապէս առընկալեալ շնորհաց բաշխումն.

Ընդհանուր ծաւալեցին յեկեղեցիս արդարոց.

Օրհնեցէ՛ք զՏէր ընդ անմարմնոցն դասսն:

Որք բանիւ զանճառելի տնօրէնութիւն Բանին Հօր քարոզեցին.

Եւ լուսով իմանալեաւ զարդարեցին զտիեզերս.

Ի շնորհս պանծալիս երկնաձիր պարգեւացն.

Օրհնեցէ՛ք զՏէր ընդ անմարմնոցն դասսն:

Որք զանձնաւոր զէութիւն բղխեցելոյն ի Հօրէ Հոգւոյն Սրբոյ դաւանեցին.

Եւ նոյնագոյ բնութեամբ Հօր եւ Որդւոյ հաւասարեալ.

Անորիշ բաժանմամբ համագոյ Միութեամբ.

Օրհնեցէ՛ք զՏէր ընդ անմարմնոցն դասսն:

(Շարակնոց)

 

Սուրբ եկեղեցին երկինք է երկրի վրայ, որում առաքեալների դասերն արեգակնաբար ծագում են որպէս Արդարութեան Արեգակի լուսացնցուղ ճառագայթներ: Նոյն զօրութեամբ մարգարէների դասերը լուսնի նմանութեամբ լոյս էին տալիս ստուերային Հին Օրէնքի գիշերուայ մէջ, մինչեւ ծագեց առաւօտը, որի աւետաւորը եղաւ գեղեցիկ արուսեակը՝ սուրբ Յովհաննէս Կարապետը: Նոր Օրէնքում հաստատութեան աստղերի նմանութեամբ լուսաւոր սուրբ վարդապետները եղան այդ երկու դասերի հետեւորդները, ինչպէս Պօղոս առաքեալն է ասում, թէ «Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ վարդապետներ»[1]:

 

Արդ, քանի որ Աստուծոյ նախախնամութեամբ սահմանուած էր առաքեալների եւ մարգարէների թիւը, նոյնպէս էլ կարգ դրուեց եկեղեցում, որ բացի նրանց հաւաքական տօնակատարութեան յիշատակի օրից, նրանց յիշատակը տօնախմբել նաեւ առանձին եւ անուանապէս՝ ըստ իւրաքանչիւրի օրուայ: Սուրբ վարդապետների երամները չեն սահմանափակուած թուով, որովհետեւ նրանց պէս անթիւ են նաեւ աստղերի հոյլերը: Այնուամենայնիւ, այս խորհրդով նրանցից ընտրուեցին թուով տասներկու նշանաւոր վարդապետներ՝ ըստ առաքեալների թուի, ինչպէս նաեւ տասներկու աստղերի, որոնք կենդանակերպեր են կոչւում: Եւ այս են ընդհանրական Եկեղեցու տասներկու վարդապետների անունները.

 

Ա. Սուրբ Դիոնեսիոս Արիսպագացի (Առաջին դար, Աթէնք), Պօղոս առաքեալի աշակերտը, առաքելական հայր՝ զօրաւոր իր գրչով ու խօսքով, Յովհաննէս աստուածաբան աւետարանչից յետոյ աստուածաբանութեան ճանաչուած գագաթ: Դիոնիսիոս Արիսպագացու յիշատակը տօնւում է երկու անգամ՝ Խաչվերացի Ե կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը եւ տասներկու վարդապետների հետ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը:

 

Բ. Սուրբ Յռեթէոս Աթենացի (Առաջին դար, Աթէնք), Դիոնեսիոսի ընկերը եւ միաժամանակ վարդապետ, ճարտարախօս եւ հոգիաբուխ բերան, որը շարադրեց աստուածաբանութեան հիմնական դրոյթները, այսինքն սկզբունքները եւ հրահանգները: Գրեց նաեւ այլ խորիմաստ ճառեր եւ օրհնութիւններ: Յիշատակւում է սուրբ Դիոնեսիոս Արիսպագացու հետ:

 

Գ. Հռոմի սուրբ Սեղբեստրոս հայրապետ (314-335թթ.). Կոստանդիանոսի Մեծի դարձի եւ առաջին տիեզերական սուրբ ժողովի գումարմամբ նրա նախաձեռնութեամբ եւ սահմանադրութեամբ պայծառացաւ քրիստոնէական հաւատքը: Նրան յիշատակում ենք երկու անգամ՝ առաջինը դեկտեմբեր ամսուայ մէջ՝ յունուարի 1-ին մօտ շաբաթ օրը սուրբ Բարսեղի եւ նրա ընկերների հետ, երկրորդը՝ տասներկու վարդապետների հետ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը:

 

Դ. Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի (295-373թթ.). իր ազդու խօսքով եւ գրչով ուղղափառութեան հզօր առաջամարտիկն էր՝ ընդդէմ քրիստոսամարտ հերետիկոսների՝ մեծ հալածանքներով հանդերձ: Յիշատակում ենք երկու անգամ՝ առաջինը յունուար ամսուայ մէջ եւ երկրորդը՝ տասներկու վարդապետների հետ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը:

 

Ե. Սուրբ Կիւրեղ Երուսաղէմացի (315-386թթ.). ճշմարտութեան լուսաւոր քարոզիչ էր՝ ընդդէմ հրեաների, հեթանոսների եւ բոլոր աղանդաւորների: Հրահանգիչ եւ լուսաւորիչ էր ճշմարիտ հաւատքն ընդունողների համար: Նա ինքն է «Կոչումն ընծայութեան» գրքի եւ Երուսաղէմում սուրբ Խաչի երեւման մասին թղթի հեղինակը՝ ուղղուած Կոստանդ կայսրին: Յիշատակւում է տարեկան երկու անգամ՝ Մեծ Պահքի երրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը եւ հոկտեմբեր վերջին՝ տասներկու վարդապետների հետ:

 

Զ. Սուրբ Եփրեմ Խուրի Ասորի (306-373թթ.). եղել է սուրբ Յակոբ Մծբնեցու աշակերտը, փայլել է ճգնութեամբ եւ վարդապետութեամբ, ինչպէս նաեւ՝ Հին եւ Նոր Կտակարանների հոգելից մեկնիչ, տէրունական տօների ու Աստուծոյ սուրբերի ճառասաց եւ ներբողասաց է՝ բազում աղօթական խօսքերով հանդերձ: Յիշատակւում է տարին երկու անգամ՝ յունուարի 1-ի մերձակայ շաբաթ օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը տասներկու վարդապետների հետ:

 

Է. Սուրբ Բարսեղ Կեսարացի (329-379թթ.). պայծառափայլ, կորովամիտ եւ իմաստալից այր, Սուրբ Հոգու եօթնարփեան շնորհների ընդունարան, բազմաթիւ գրաւոր աշխատութիւնների հեղինակ ու անխոնջ մշակ՝ հերձուածները վերացնելու եւ ուղղափառութիւնը հաստատելու համար, եկեղեցական պաշտամունքների ու կրօնաւորական կարգերի զարդարիչ օրինադիր: Յիշատակւում է տարեկան երկու անգամ՝ յունուարի 1-ի մերձակայ շաբաթ օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը տասներկու վարդապետների հետ:

 

Ը. Սուրբ Գրիգոր Նազիազանցի, որ Աստուածաբան է կոչւում (330-390թթ.). այր էր՝ լի Աստուծոյ Սուրբ Հոգով, բարձրագոյն վարդապետութեամբ հոգեմարտների եւ բոլոր հերձուածողների բերանները խցող: Իր գրութիւններով եւ գործերով բազմաթիւ են նրա թողած պտուղները ուղղափառ հաւատքը հաստատելու գործում: Յիշատակւում է տարեկան երկու անգամ՝ սուրբ Ծննդեան երրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը եւ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը տասներկու վարդապետների հետ:

 

Թ. Սուրբ Գրիգոր Նիւսացի (334 կամ 335-394թթ.)՝ Բարսեղ Մեծի եղբայրը, համանման նոյն գիտութեամբ եւ առաքինութեամբ, գեղեցկախօս եւ նրբախօս գրչով ու լեզուով: Գրեց բազմաթիւ իմաստալից ճառեր եւ մեկնութիւններ ու երկրորդ տիեզերական ժողովի օրերին մեծ ջանքեր դրեց եկեղեցու պայծառութեան համար: Յիշատակւում է տարեկան երկու անգամ՝ յունուարի 1-ի մերձակայ շաբաթ օրը եւ հոկտեմբերի վերջին շաբաթ օրը տասներկու վարդապետների հետ:

 

Ժ. Սուրբ Եպիփան Կիպրացի (315-403թթ.)՝ ճգնաւոր եւ հրաշագործ այր, որ առաքելական իր հոգով մեծ պտուղներ բերեց եկեղեցուն՝ բազմապիսի գրաւոր աշխատութիւններով հանդերձ: Յիշատակւում է տարեկան երկու անգամ՝ Հոգեգալստեան տօնի երրորդ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը եւ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը տասներկու վարդապետների հետ:

 

ԺԱ. Սուրբ Յովհան Ոսկեբերան (մօտ 345 կամ 350 - 407թթ.), տիեզերալոյս վարդապետ, որ արեգակնափայլ ցոլաց ընդհանուր տիեզերքում, ընդհանրական հայր՝ ըստ Պօղոսի եւ բոլոր հայրերից առաւել բազմավաստակ վարդապետ իր գրութիւններով: Իր ոսկեղէն բերանով ծովածաւալ սփռեց իր վարդապետութիւնը եւ գետի պէս հոսեցրեց՝ շարունակ գրելով, որոնք կան եւ պահւում են եկեղեցու գանձերում: Կոչւում է նաեւ ապաշխարութեան վարդապետ, որովհետեւ թէ՛ իր ճառերում եւ թէ՛ սուրբ Գրքի մեկնութիւններում նրա վարդապետութիւնը մեծամասամբ քարոզչական է՝ ճշմարիտ վարք ստանալու համար: Յիշատակւում է տարեկան երկու անգամ՝ Խաչվերացի եօթերորդ կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը եւ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը տասներկու վարդապետների հետ:

 

ԺԲ. Սուրբ Կիւրեղ Ալեքսանդրացի (375-444թթ.). նոյն կերպ, Աթանաս Մեծի եւ Գրիգոր Աստուածաբանի պէս լցուած Սուրբ Հոգով, երրորդ տիեզերական ժողովի օրերին թէ՛ գրաւոր եւ թէ՛ բանաւոր խօսքով եղաւ ուղղափառութեան քաջարի ախոյեան՝ ընդդէմ մարդադաւան Նեստորի եւ իր իմաստուն գրչով սանձեց բոլոր հերձուածողներին: Թողել է մեկնութիւններ եւ յորդորիչ ճառեր: Յիշատակւում է տարեկան երկու անգամ՝ սուրբ Ծննդեան երրորդ կամ երկրորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը եւ հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը տասներկու վարդապետների հետ:

 

Արդ, թէպէտ Աստուծոյ եկեղեցու մէջ նրանցից առաջ եւ յետոյ եղել են նաեւ այլ անհամար վարդապետներ, որ ականաւոր էին իրենց սրբութեամբ եւ գրաւոր ու բանաւոր քարոզչութեամբ, սակայն նրանք առաւել շատ լուսածագել են իրենց ազգի մէջ, ինչպէս մեր ազգի մէջ մեր երանելի հայրը՝ սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, նրա որդիներն ու թոռները, սուրբ թարգմանիչները, եւ արեւմուտքում՝ սուրբ Ամբրոսիոսը, Օգոստինոսը, Հերոնիմոսը եւ Գրիգոր Մեծը: Իսկ վերոնշեալ տասներկու սուրբ վարդապետները՝ իբրեւ լուսափայլ աստղեր, եղան պայծառացնողները համօրէն եկեղեցիների, որ կան ամբողջ տիեզերքում: Եւ քանի որ մի աստղը միւսից առաւել է փառքով, նոյն կերպով այդ վարդապետներից չորսը՝ ըստ չորս աւետարանիչների թուի, առաւել ճաճանչափայլ եղան աստուածաբանութեան ասպարէզում: Նրանք էին Աթանասը, Կիւրեղը, Բարսեղը եւ Գրիգոր Աստուածաբանը, իսկ քարոզչութեան ասպարէզում ճանաչուած է միայն Ոսկեբերանը:

 

Այս սուրբ վարդապետներից իւրաքանչիւրի հոգեպարգեւ ձիրքերի ու առաքինի վարքի մասին առանձին-առանձին կարելի է գտնել իւրաքանչիւրի տօնի օրը՝ ըստ մեր Տօնացոյցի:

 

Հայ Առաքելական Եկեղեցին տասներկու սուրբ վարդապետներին յիշատակում է հոկտեմբեր ամսուայ վերջին շաբաթ օրը:

 

Սկզբնաղբիւրներ

1.Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ, էջ 650:

2.Քրիստոնեայ Հայաստան հանրագիտարան, Երեւան-2002:

 

 

[1] Ա Կորնթ. ԺԲ 28: