ՍՈՒՐԲ ՓՈԿԱՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԵՒ ՄԻՒՍ ՀԱՄԱՆՈՒՆ ՎԿԱՆԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Ժողովեալքս ի յիշատակ սրբոց մարտիրոսացն. միաբանութեամբ երգելով.

Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:

Քանզի հեղմամբ արեան սոցա պարտեցաւ թշնամին.

Եւ մեծարեալ պարծի Սիոն երգելով.

Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:

Դասակցելոցն ընդ զօրս վերին զուարթնոցն՝

Յիշատակաւ բերկրեալ ի սրբութիւն սոցա՝ երգեսցուք.

Օրհնութիւն ի բարձունս երկնաւոր Թագաւորիդ:

(Շարակնոց)

 

ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԲ ՓՈԿԱՍ

 

ՊՈՆՏՈՍԻ ՍԻՆՈՊ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ՓՈԿԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԱՐՔԸ

 

Հաւատքի հաստատութեան եւ բարեկարգութեան ժամանակաշրջանում կար Պամփիւլոս անունով բարեգործ ու քրիստոնեայ մի մարդ, որ պոնտացի էր եւ ունէր եւս բարեգործ մի կին, որի անունը Մարիամ էր: Պամփիւլոսը նաւագործ եւ նաւապետ էր ու հմուտ էր նաւագնացութեան բոլոր գործերում: Նրանք զաւակ չունէին, ուստի ուխտերով եւ աղօթքներով խնդրում էին Տիրոջը տալ իրենց զաւակ՝ որպէս իրենց կեանքի սփոփանք, եւ Աստուած տուեց նրանց աղօթքների պտուղը: Ութերորդ օրը նրանք մկրտեցին մանկանը, անուանեցին Փոկաս եւ մեծացրին երկիւղածութեամբ՝ մեծ զգուշութեամբ սնելով մանկական տարիքին յատուկ կերակուրներներով ու ըմպելիքներով:

 

Երբ նա հինգ տարեկան դարձաւ, տուեցին Սուրբ Գրքի սերտողութեան: Նա սովորում եւ իմաստնանում էր առաւել, քան իր հասակակիցները: Առաջնորդուելով դէպի լաւագոյնը արդարութեան մէջ՝ Սուրբ Հոգու շնորհներով օրըստօրէ առաջադիմում էր բարի կարգ ու կանոնի մէջ, վարժեցնում իրեն խիստ պահեցողութեան եւ մշտապէս՝ գիշեր թէ ցերեկ, աղօթում արտասուքներով, իսկ երբ տասը տարեկան դարձաւ, ծնողները որոշեցին, որ նա սովորի նաւարկութեան արհեստը:

 

Պատահեց այնպէս, որ մի ալեքսանդրացի ձմեռեց Պոնտոսում, եւ երբ գարունը եկաւ, պատրաստուեց նաւով ճանապարհուել: Հաւաքուեց մեծ բազմութիւն՝ շուրջ հազար եօթ հարիւր մարդ, որոնք նաւապետի հրամանով, որի անունը Թէոն էր, կամեցան նաւը ծով իջեցնել: Այդ ժամանակ կոտրուեց նաւի լծակը, եւ երեք երիտասարդներ, հրմշտուելով բազմութեան մէջ, վախճանուեցին: Մարդկանց մէջ մեծ խռովութիւն ընկաւ: Թէոնը տրտմած նիրհի մէջ ընկաւ, եւ տեսիլքի մէջ յայտնուեց իրեն, որ գտնեն Փոկասին՝ Պամփիւլոսի եւ Մարիամի որդուն, որպէսզի նա գալով փրկի իրենց բանսարկուի վտանգներից: Եւ երբ բերեցին տղային, դեւը ճչաց ու ասաց. «Փոկա՛ս, Աստուծո՛յ ծառայ, ինչո՞ւ եկար եւ ինչո՞ւ ես հալածում ինձ այս նաւից: Ես պատրաստւում էի կործանել սրանց»: Ասում էր այսպէս եւ ճոճում նաւը՝ կամենալով ծովը լցնել մարդկանց ու ամէն բան, ինչ որ կար նաւում: Փոկասն աղօթքներով հալածեց դեւին, իսկ հաւաքուած մարդկանց խրատեց ապրել Աստուծոյ երկիւղի, հաւատքի եւ սիրոյ մէջ ու յաւիտենական կեանքի յոյսով եւ ապա խաղաղութեամբ ճանապարհեց նրանց այնտեղ, ուր պիտի գնային: Նրա համբաւը տարածուեց Պոնտոսի ողջ երկրով, եւ ովքեր նաւում էին ծովով, պատմում էին այս ամէնը:

 

Մի անգամ էլ մի նաւ սաստիկ փոթորկուած ալիքներից ծփում էր երկու ժայռերի միջեւ, որ Ամասիայի մօտակայքում էր: Քաղաքացիները, տեսնելով նաւորդների վտանգը, որոնց նաւը գրեթէ խորտակւում էր, իսկոյն յայտնեցին Փոկասին, եւ նա երկու մարդկանց հետ մակոյկով շտապ հասաւ նաւին, աղօթքներով հանդարտեցրեց ծովի ալիքները, փրկեց վտանգուածներին եւ բժշկեց նաւի մէջ եղող դիւահար մէկի: Նրանք շատ ոսկի եւ արծաթ տուեցին, բայց նա չվերցրեց, իսկ երբ խնդրեցին, որ հարիւր դահեկան վերցնի ու տայ աղքատներին, նա յանձն առաւ եւ վերադառնալով Ամասիա՝ այն բաշխեց բոլոր կարօտեալներին:

 

Մարմնով անմարմինների վարք ստանալով՝ նա Տէր Յիսուս Քրիստոսի անունով բժշկութեան առիթ եղաւ բազմաթիւ հիւանդների եւ այսահարների համար: Նոյն կերպով օգնութեան հասաւ նաեւ մէկ ուրիշ նաւի, որը գնում էր դէպի Պոնտոս եւ երկար օրեր հողմակոծուելով՝ չէր կարողանում որեւէ նաւահանգիստ հասնել: Երբ նաւորդները սուրբ Փոկասի բարեխօսութեամբ աղաչեցին Աստծուն, սուրբը Տիրոջ թելադրանքով հասաւ ծովափ եւ գտնելով մի պատրաստի նաւակ՝ նաւեց ու հասաւ այն նաւին: Աղօթեց նրանց հետ միասին եւ նրանց ապահով նաւահանգիստ հասցրեց:

 

Քսան տարեկանում սրբութեամբ եւ հրաշագործութեամբ ձգտեց առաւել առաջադիմել: Նա չէր հպարտանում ի վերուստ իրեն տրուած շնորհների համար, այլ խոնարհ էր եւ հեզաբարոյ, բարեգործ էր կարօտեալների հանդէպ, աստուածասէր ու եղբայրասէր: Փութաջան էր բարեպաշտութեանն ուղղուած ջանքերի մէջ եւ անդադար աղօթքներով ու խիստ պահեցողութեամբ անյագ ցանկութիւն ունէր աստուածային սուրբ վարք ձեռք բերելու: Չէր ուրախանում գովեստներից, այլ մաքուր սրտով եւ բոլոր մաքուր զգայարաններով փառաւորում էր Աստծուն: Չէր դադարում բարիք գործելուց, այլ օրէցօր աւելին էր անում:

 

Երբ լրացաւ քսան տարին, կանչուեց սարկաւագութեան եւ առաւել դարձրեց բարեպաշտութեան ուղղուած իր ջանքերը: Երեսուն տարեկանից յետոյ կանչուեց քահանայութեան եւ առաւել առատաձեռն եղաւ բոլոր բարեգործութիւններում, իսկ երեսուներեք տարեկանում կոչուեց եպիսկոպոսութեան: Բոլոր աստիճաններին՝ սարկաւագութեան, քահանայութեան եւ եպիսկոպոսութեան կոչուեց բռնադատուելով սուրբերի կողմից: Այդ բոլոր կոչումները կրելով կրօնաւորի վարքով՝ արդարեւ խոկում էր ի Քրիստոս վերին կոչման մասին եւ աւետարանի ճշմարտութեամբ հովւում Տիրոջ ժողովրդին՝ խորհուրդներով, խօսքով եւ գործով միշտ ջանալով առաջընթաց ունենալու մասին: Հոգու վայելչութեամբ միշտ անխախտ էր պահում մեր Քրիստոս Աստուծոյ պատուիրանները եւ այդպիսի առաքինութեան վարքով երեւելի ու սքանչելագործ էր՝ սկսած մանկուց մինչեւ իր վախճանը: Հռչակաւոր էր բոլորի՝ թէ՛ հաւատացեալների եւ թէ՛ անհաւատների առաջ: Ալեկոծուածների փրկիչ էր ոչ միայն իր կենդանութեան օրօք. վախճանից յետոյ Աստծուց նրան պարգեւ տրուեց, որ ովքեր վտանգի մէջ լինեն ծովում եւ նրա բարեխօսութեամբ օգնութիւն խնդրեն, փրկութիւն գտնեն:

 

Արդ, սուրբ Փոկաս հայրապետը, լինելով Պոնտոսի Սինոպ քաղաքի եպիսկոպոսը, փայլում էր իր գործած բազմաթիւ սքանչելիքներով, որոնցով հեթանոսներից շատերին քրիստոնեայ դարձրեց ու մկրտեց: Մի օր մի աղաւնի իջաւ, նստեց նրա գլխին եւ պսակ տուեց՝ ասելով. «Փոկա՛ս, ընդունի՛ր սա որպէս քո վախճանի նշան: Դու պիտի խմես Տիրոջ բաժակը եւ լինես Քրիստոսի յաղթող զօրականը»: Կարճ ժամանակ անց, երբ Տրայիանոսն արեւելքում էր, լսեց Փոկասի մասին եւ հրամայեց բռնել նրան որպէս կուռքերին մատուցուող զոհաբերութիւնները խափանողի: Երբ նրան բերեցին, թագաւորը հարցաքննեց նրան ունեցած հաւատքի շուրջ, եւ նա խոստովանեց Քրիստոս Աստծուն, իսկ իրեն՝ որպէս Քրիստոսի ծառայ, եպիսկոպոս եւ քրիստոնեաների վարդապետ: Յանդիմանելով անարգեց կուռքերին եւ թագաւորի կռապաշտութիւնը, որից բարկացած Տրայիանոսը մատնեց նրան մեծ չարչարանքների եւ ապա հրամայեց սպանել սրով ու հրկիզել մարմինը: Այդպէս սուրբ Փոկաս եպիսկոպոսը նահատակուեց ի Քրիստոս, Որին փառք բոլոր սուրբերից յաւիտեանս. ամէն:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Փոկաս հայրապետի յիշատակը տօնում է Ս. Խաչին յաջորդող չորրորդ կիրակիից յետոյ եկող երկուշաբթի օրը՝ սուրբ Երանոս հայրապետի հետ:

 

ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԲ ՓՈԿԱՍ

 

Բոլոր Յայսմաւուրքները եւ նրանց ժամագրքերը միաբան աւանդում են, թէ այդ ժամանակաշրջանում, բացի Պոնտոսի վերոգրեալ սուրբ Փոկաս եպիսկոպոսից՝ կար Փոկաս անունով ուրիշ նշանաւոր վկայ:

 

Գթասէր եւ իմաստուն հզօր բժշկի, հովուի եւ վարդապետի՝ մեր Տէր Աստուծոյ եւ փրկիչ Յիսուս Քրիստոսի գալուստից ի վեր քրիստոնեաները բազմիցս ընդունեցին սուրբ եւ անարատ Խորհուրդը, վկայեցին՝ անցնելով բազմաթիւ եւ մեծամեծ նեղութիւնների՝ պահեցողութեան եւ հալածանքների, փախուստների եւ համբերութեան, պատուի եւ անարգանքների, փառքի ու նուաստութեան, չարչարանքների եւ փրկութեան միջով: Իսկ սուրբ եւ անարատ առաքեալները հաւասար եղան հրեշտակներին, չարչարուեցին անուանի եւ փառաւորեալ Խորհրդի համար ու մեզ օրինակ տուեցին Քրիստոսի չարչարանքները եւ իրենց անպարսաւ ու անխոտոր հաւատքը:

 

Եղբայրնե՛ր, որ բնակւում էք Պոնտոսում, Բիւթանիայում, Պամփլագոնիայում, Միւսիայում, Գաղատիայում, Կապադոկիայում եւ Մեծ Հայքում, կարեւոր համարեցինք փոխանցել ձեզ բոլոր տեղերում եղող երանելի անբիծ վկաների նահատակութեան քաջութեան եւ գեղեցիկ ու փառաւոր կրօնաւորութեան պատմութիւնը եւ այս գրութեամբ այն թողնել ձեզ որպէս յիշատակարան, որպէսզի նախանձախնդիր լինենք նրանց նահատակութեանը: Քանզի յիշելով նրանց չարչարանքները, որ եղան հրով եւ սրով, խաչելութեամբ, գազանների առաջ նետուելով, ջրահեղձութեամբ, քերուելով, պէս-պէս տանջանքներով եւ զանազան խոշտանգումներով, խրատուենք, ձգտենք առաջադիմել ու ակնկալենք մեծամեծ բարիքների ժառանգորդ լինել մեր Տէր Յիսուս Քրիստոսով: Առաւել պէտք է ու տեղին է յիշել նաեւ երանելի Փոկասի քաջալերութեան եւ համբերութեան մասին, որն անցաւ ոչ միայն հրի ու տանջանքների միջով, այլ մինչ այս աշխարհում էր, ապրեց բարի եւ անարատ քաղաքավարութեամբ՝ միշտ աչքի առջեւ ունենալով Քրիստոս Փրկչին: Դեռեւս պատանի հասակից չխաբուեց ժանտ եւ ապականիչ օձից, այլ եղաւ որպէս Տիրոջ սուրբ եւ անբիծ աղաւնի, մանկուց լուծ կրող եւ բարեպաշտ, բոլորի առաջ երեւելի այր, քանզի օգնում եւ ձեռք էր մեկնում աղքատներին, խրատում էր մեծահարուստներին եւ յորդորում դէպի բարին ու օգտակարը: Մարդկանցից ոչ ոք չի կարող ըստ արժանւոյն պատմել նրա ճգնութեան արիութեան մասին, սակայն մենք փոքր-ինչ կը հաղորդենք ձեր աստուածսիրութեանը:

 

Տրայիանոսի թագաւորութեան ժամանակներում քրիստոնեաների երամներից յափշտակուեցին շատերը: Որոնեցին նաեւ սուրբ հովուին եւ բռնելով երանելուն՝ բերեցին ատեանի առջեւ: Ափրիկանոս եպարքոսն ասաց նրան. «Սա՞ է այն Փոկասը, որն ասում է, թէ աստուածներ չկան եւ ոչ էլ Տրայիանոսին է աստուած համարում: Արդ, ասա՛ ինձ, մի՞թէ բոլոր պատերազմների յաղթանակները նրա ձեռքով չեղան: Ուստի ուրիշ ո՞վ է աստուած»: Փոկասը լռեց, իսկ Ափրիկանոսը շարունակեց. «Ի՞նչ կ՚ասես այդ մասին, պատասխան չե՞ս տալիս, թէ՞ չգիտես, թէ ուր ես եկել»: Փոկասն ասաց. «Եթէ խօսում ես իմ Աստուծոյ մասին, որ երկնքում է, բարի է, իսկ եթէ մարդու մասին ես ասում, թէ աստուած է, ամենեւին մի՛ ակնկալիր, թէ ինձնից որեւէ խօսք կը լսես»: Ափրիկանոսն ասաց. «Իսկ ինքնակալներն աստուածներ չե՞ն»: Փոկասը պատասխանեց. «Բաւական չէ՞ Տրայիանոսին, որ թագաւոր է կոչւում, նաեւ իրեն անզուգական անո՞ւն է դնում»: Ափրիկանոսն ասաց. «Ինչո՞ւ են քրիստոնեաներն ընդունում քեզ իբրեւ աստուծոյ»: Փոկասն ասաց. «Քա՛ւ լիցի, որ դա անցնի անգամ մէկի մտքով, որովհետեւ մենք՝ մարդիկս, որ մահկանացու ենք, ընկած եւ թաթախուած մեղքերի մէջ ու պիտի հաշիւ տանք ապրած կեանքի, կատարած գործերի եւ հաւատքի համար՝ կանգնելով աներեւոյթ Աստուծոյ դատաստանի առջեւ, ինչպէ՞ս կարող ենք այդ ահաւոր անունը կրել մեզ վրայ»: Ափրիկանոսն ասաց. «Ինչպէ՞ս քո համբաւը հասաւ մինչեւ ինքնակալին»: Փոկասը պատասխանեց. «Նրան հասել է ոչ թէ իբրեւ Աստուծոյ, այլ որպէս Աստուծոյ մարդու համբաւը: Ես շատ հեռու եմ մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաքեալների սրբակրօն վարքից»: Ափրիկանոսն ասաց. «Շատ իմաստուններ են պէտք, որ վիճաբանեն քեզ հետ»: Փոկասը պատասխանեց. «Եթէ անգամ աշխարհի բոլոր իմաստուններին մի տեղ հաւաքես, նրանք չեն կարող արժանի պատասխաններ տալ Տիրոջ աշակերտներից որեւէ մէկին»: Ափրիկանոսն ասաց. «Ո՞վ կարող է հետեւել խաչեալ Վարդապետին ... »: Եւ նման շատ հարցուպատասխանից յետոյ երբ եպարքոսը ստիպեց նրան զոհ մատուցել կուռքերին, նա յանձն չառաւ: Այնժամ եպարքոսը սպառնաց նրան զրկել կեանքից՝ տանջանքների մատնելով ու հրկիզելով, իսկ Փոկասն ասաց նրան. «Եթէ զոհ չմատուցելու համար կամենում ես տանջել ինձ, ահա՛ ես, տանջի՛ր, ինչպէս կամենում ես»: Ափրիկանոսն ասաց. «Մենք զոհ ենք մատուցում սուրբ եւ անարատ աստուածներին, իսկ դու նրանց պի՞ղծ ես կոչում»: Փոկասն ասաց. «Ոչ միայն պիղծ եմ կոչում, այլեւ ամբարտաւան, կախարդ, շնացող, տաճարներ կողոպտող եւ անշունչ դեւեր: Եւ ոչ միայն նրանք, այլեւ բոլորը, ովքեր ասում են, թէ կան այլ աստուածներ: Մի է ամենակալ Աստուած, որ ամէնից վեր է. Նրան փա՛ռք, պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն»:

 

Երբ ներկայ եղող եղբայրների բազմութիւնն ասաց՝ ամէն, յանկարծ յորդահոս ջրերի շառաչիւն լսուեց եւ երկիրը շարժուեց: Ահաբեկուած Ափրիկանոսը եւ նրա զօրքը կիսամեռ ընկան, որին մենք ականատես եղանք: Այնժամ երկնքի արեգակից առաւել սաստիկ լոյս ծագեց, եւ երեք հրեշտակներ երեւացին հրեղէն երիվարներով: Մենք բոլորս սաստիկ երկիւղեցինք եւ քարացած կանգնեցինք, իսկ նրանք, ողջագուրելով երանելի Փոկասին, խօսեցին նրա հետ ու դարձեալ երկինք վերացան:

 

Կես ժամ անց Ափրիկանոսի կինը, որի անունը Տերենտինա էր, իր հինգ որդիների եւ սպասաւորների հետ գալով՝ ընկաւ երանելի Փոկասի առաջ: Նա թախանձում էր, որ վերադարձնի իր ամուսնուն՝ յանձն առնելով իր ամբողջ ընտանիքով հաւատալ ճշմարիտ Աստծուն: Այնժամ երանելի Փոկասը, կանչելով եկեղեցու միաբանութեանը, աղօթեց նրա ամուսնու փրկութեան համար: Եւ Ափրիկանոսը, փրկուելով անակնկալ ու նորահրաշ օրինակով, գնաց եւ Տրայիանոսին պատմեց Քրիստոսի անհամեմատ զօրութեան ու քրիստոնեաների մեծ յոյսի մասին: Ապա Տրայիանոսը կանչեց Փոկասին եւ երկար նրան հարցաքննելուց յետոյ հրամայեց կախել ու քերել նրա մարմինը: Եւ երբ սուրբն աղօթեց, երկնքից ձայն եկաւ, որն իրեն հրաւիրում էր երկնային դրախտ, իսկ Տրայիանոսին սպառնաց պատրաստած յաւիտենական տանջանքներով, որից ահաբեկուած թագաւորը հրամայեց նրան բանտ տանել ու կոճղի մէջ սեղմել մարմինը: Եւ մինչ գիշերուայ մէջ սուրբն աղօթում էր, բանտը բացուեց, եւ վառուեցին ամրոցի բիւրաւոր ջահերը: Այս տեսնելով՝ զինուորները, որոնք դրսից հսկում էին բանտը, ներս վազեցին եւ ընկնելով նրա ոտքերը՝ խնդրեցին մկրտուել սուրբ աւազանով: Իսկ երանելին, վերցնելով այդ մարդկանց եւ տանելով քաղաքից դուրս՝ ծովափնեայ մի վայր, տուեց նրանց Քրիստոսի կնիքը, եւ Տէրը երեւաց նրանց: Ապա կատարելով ամբողջ կարգը՝ դարձեալ բանտ վերադարձան:

 

Առաւօտեան նորից հարցաքննելուց յետոյ Տրայիանոսը հրամայեց գցել նրան կրով լի հորի մէջ, որտեղ երեք ժամ մնալուց յետոյ նա անվնաս դուրս եկաւ: Ապա թագաւորը հրամայեց նետել նրան բաղնիքի եռացող աւազանի մէջ, որը կրակից շիկացած պղնձի նման էր դարձել: Այնժամ սուրբ Փոկասն աղօթեց՝ ասելով. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր, որ Քո անուան համար արժանացրիր ինձ կապանքների եւ բանտարկութեան, բազմաթիւ տանջանքների ու փորձութիւնների: Եւ այժմ առաքի՛ր Քո հրեշտակին ու փրկի՛ր ինձ Տրայիանոսի ձեռքից, որպէսզի հեթանոսները երբէք չասեն, թէ՝ ո՞ւր է նրա Աստուածը»: Երբ աւարտեց աղօթքը եւ ասաց՝ ամէն, մայրամուտին աւանդեց իր հոգին:

 

Սուրբի մարմինը դուրս բերեցին բաղնիքից. այն բուրում էր անուշահոտ նարդոսի պէս եւ պատուած էր պատուական իւղով: Յաջորդ օրը սուրբը երեւաց Տրայիանոսին եւ ասաց նրան. «Բռնակա՛լ Տրայիանոս, գնա՛ քեզ համար պատրաստուած տեղը՝ դէպի խոր անդունդները եւ յաւիտենական հուրը: Ինձ համար բացուել է փափկութեան դրախտը, իսկ քեզ եւ քո կուռքերի համար՝ դժոխքի վիհը: Երեք օրից բացի՝ թողութեան արժանանալու ժամանակ չունես, որովհետեւ բազում արդարների արիւն ես հեղել»: Եւ զարհուրած Տրայիանոսը գնաց արքունի իր պալատը: Մեծ վտանգի մէջ տառապելով ու բարձր ջերմութեամբ՝ ընկաւ ախտերի մահիճը եւ մեռաւ՝ որդնալից լինելով:

 

Այսպէս երանելի Փոկասն այսպիսի ուղիղ վարք եւ նահատակութեան մեծ քաջութիւն ցուցաբերեց Պոնտոսում, որը պատմւում է մինչեւ այսօր: Նաւավարների նաւապետն էր ու ամբողջ երկրի խօսնակը, որի ճշմարիտ պատմութիւնը փառաւորապէս տարածուած է հայերի, պոնտացիների եւ պամփլագոնացիների մօտ: Նա երեւաց մեզ իբրեւ առաքելական մի այր, իբրեւ սուրբերի երամից մէկը՝ առնելով յաղթութեան նշանը եւ Կեանքի առհաւատչեան, որ խոստացաւ Տէրը, Որին փա՛ռք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԲ ՓՈԿԱՍ, ՈՐ ՊԱՐՏԻԶՊԱՆ ԷՐ

Ամասիայի Աստերիոս եպիսկոպոսի ներբողը՝ ուղղուած սուրբ եւ պատուական Փոկաս վկային

 

Բարի եւ օգտակար է յիշատակել սուրբերի ճգնողական ջանքերը, որոնք ոչ միայն խօսքով են դաստիարակում առաքինութիւն եւ բարեպաշտութիւն տենչողներին, այլեւ ճշմարիտ, առաքինի ու սրբակենցաղ անձանց գործերով նրանց լուսափայլ վարդապետներ են դարձնում: Սրա համար է մեր Տէրը առաքինութեան յորդորներ տալով՝ ասում է. «Ով կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի»[1]: Մէկ այլ տեղում էլ ասում է. «Թող փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»[2]: Բանաւոր դաստիարակութիւնն աւելի նուաստ ու տկար վարդապետ է, քան գործնական ներգործութիւնը, ինչպէս որ տեսնելն աւելի ստոյգ է, քան լսելը, նոյնպէս էլ ընդունելի է, որ գործն աւելի զօրեղ է, քան խօսքը ... : Իսկ ես, այսօր գալով երիցս երանելի Փոկասի անուան պատուական տաճար, ամբողջովին համակւում եմ նրա մասին ասուած պատմութեան յիշողութեամբ: Տեսնում եմ հմուտ պարտիզպանին, հոգով անխարդախ անձին, օտարասէրին, ծովափի վայելչութեանը, միջերկրեայ բարերարին, սրբոց սրբագոյնին եւ Քրիստոսին փառաւորողներից փառաւորագոյնին:

 

Չկայ մէկը, որ չիմանայ Փոկասի մասին, այլ ինչպէս արեգակի ճառագայթը ծագում է բոլորի աչքերին, այնպէս էլ այս վկայի համբաւը հնչում է բոլորի ականջներում: Եւ որպէսզի համառօտ ասեմ, ովքեր մի անգամ Տէր ճանաչեցին Քրիստոսին, նրանք հաւատարիմ ծառաներ ճանաչուեցին: Արդ, ներկայացնելու եմ այս սուրբ մարդուն՝ քրիստոնեաների մեծ զօրավիգին, Սինոպ հին եւ ծանօթ քաղաքի դրացուն ... : Կեանքը հրահանգել էր նրան դրախտի մշակութիւն եւ պահպանութիւն, որը ստանալով նոյն քաղաքի մուտքի մի տեղում՝ մշակում էր ջանասիրութեամբ՝ իր եւ կարոտեալների կարիքների համար: Օտարների առաջ յօժարութեամբ բացում էր իր փոքր եւ չքաւոր տունը ու բնակուելով վաճառանոցում՝ բոլոր եկողների առաջ դնում էր իր ունեցածը: Նա մի նոր Ղովտ էր ոչ թէ Սոդոմի, այլ Սինոպի: Ժամանակի ընթացքում օտարասիրութիւնից շահում էր մահուան կենսաբեր առիթ, իսկ թէ որտեղից եւ ինչպէս, լսէ՛ք:

 

Մինչ աւետարանւում էր բարեպաշտութիւնը, եւ աստուածային քարոզչութիւնը հասնում էր բոլորի լսելիքներին ու ճանաչելի դարձնում Քրիստոսին եւ խորհուրդներին, հեթանոսները խռովուեցին, ինչպէս որ սաղմոսն է ասում, թագաւորներն ու իշխանները հաւաքուեցին, եւ  մոլորուած ժողովուրդները բարկանում էին Քրիստոսի վարդապետութեան տարածման համար: Որոնում էին բոլոր քրիստոնեաներին՝ որպէս չարագործների: Ով մօտ էր իրենց, պատժում էին, իսկ հեռու եղողներին՝ փնտռում: Փոկասը չծածկուեց պարտիզպանութեան քողի տակ, այլ նա եւս՝ իբրեւ հարազատ, բայց առաւելապէս Քրիստոսի ծառայ, ի յայտ եկաւ: Եւ ահա մօտեցան նրանք, ովքեր աղցաւոր եւ մեղաւոր աշխարհից հրաման էին առել բռնել նրան առանց դատաստանի եւ հարցաքննութեան, քանզի «յանցանքն» այնպիսինն էր, որ առաքինին խոստովանում էր համարձակաձայն, երբ չէր հարցաքննւում, հանդէս էր գալիս գործով, իսկ որեւէ մէկի հարցուփորձի դէպքում՝ զուարթամիտ ձայնում:

 

Արդ, եկան մարդիկ, որոնք նրա տանջանքների սպասաւորներն ու այս տօնի առիթներն էին եւ առանց նրան ճանաչելու՝ իջեւանեցին նրա մօտ, որին փնտռում էին: Նրանք չճանաչեցին եւ ոչ էլ ճանաչուեցին, այլ ծածուկ պահեցին իրենց գալստեան պատճառը, որպէսզի նախապէս ուսումնասիրելով քաղաքից դուրս եղող իրավիճակը, իմանային, թէ ուր է Փոկասը, որտեղ է բնակւում ու յանկարծակի վրայ հասնելով՝ բռնէին նրան, ինչպէս որ այն ժամանակ եբրայեցիները Յուդայի յետ պարտէզում բռնեցին Տիրոջը: Եւ նրանք չգիտէին, որ ցանցի մէջ որս ունէին, շները՝ ոչխար, գայլերը՝ գառ, մագիլաւոր թռչուններն՝ աղաւնի: Ինչպէս Եսայի մարգարէն է ասում՝ ուլը մակաղում էր ինձերի հետ, գառը ճարակում գայլերի հետ, եւ առիւծները կցորդ լինում կենաց որթատունկին:

 

Ինչպէս սովորաբար լինում է, հիւրասիրութիւնն ու ընտանութիւնը վստահութիւն են տալիս միմեանց: Ուստի երբ վկան հարցրեց նրանց, թէ ովքեր են եւ ինչ նպատակով են եկել, նրանք, պատկառելով վկայի զուարթագին ընդունելութիւնից եւ հիւրասիրութիւնից ու պատուիրելով իրենց ասածն ուրիշին չասել, բացեցին իրենց գաղտնիքը եւ փնտրուողին յայտնեցին, թէ կամենում են բռնել Փոկասին ու տանջանքների մատնել եւ շարունակելով հիւրասիրուել՝ խնդրեցին օգնել իրենց՝ որսալու փնտրուողին:

 

Լսեց Տիրոջ ծառան եւ անայլայլ հոգով ընդունելով խօսքը՝ չասաց ոչ մի նուաստ կամ անարգ խօսք եւ ոչ էլ զգուշանալով վտանգից՝ մտածեց փախչել, քանզի խուսափելու անարգել կարողութիւն ունէր: Սակայն գործեց հակառակը՝ հաստատելով իր սրտում առաւել արիանալ եւ ոչ թէ փախչել: Ապա տեղի տուեց նրանց խնդրանքներին եւ ասաց. «Ես շուտով կ՚օգնեմ ձեզ, որովհետեւ ճանաչում եմ այդ մարդուն: Որոնելով հեշտութեամբ կը գտնեմ նրան, եւ դա շատ ուշ չի լինի, այլ վաղն եւեթ նրան ձեզ ցոյց կը տամ: Դուք միայն իջեւանէք այս աղքատիկ յարկում»:

 

Այսօրինակ հաստատուն եւ երաշխաւորուած խոստումը երկուսի բաժանեց նրան՝ իրեն սպանողներին ընդունելութեան եւ գերեզմանի պատրաստութեան: Իր թաղման փոսը եւ այլ անհրաժեշտութիւնները պատրաստելուց յետոյ յաջորդ օրը մօտեցաւ նրանց: «Ջանասիրութեամբ, - ասաց, - փնտռեցի Փոկասին, եւ ահա որսը պատրաստ է: Եթէ կամենաք, ես կը բռնեմ նրան»: Եւ նրանք ուրախացած ասացին. «Որտե՞ղ է նա»: «Նա հեռու չէ, - ասաց, - այլ ձեզ հետ է: Ես եմ, ում փնտռում էք, ահա ձեր առջեւ եմ: Արդ, յաջողուեցին ձեր գործերը: Աւարտէ՛ք ձեր այդ նեղութիւնների եւ ճանապարհի ընթացքը»:

 

Աղուհացից եւ աղքատութեան մէջ պատուասէր հրաւէրքից պատկառած մարդիկ ընդարմացան ու քարացան լսած լուրից, իսկ նա խնդրեց համարձակ տանել իրեն եւ պատուիրեց անգամ փոքր-ինչ չվարանել: «Սպանութիւնը ձեր ձեռքին չէ, - ասաց, - այլ դուք հրամանի յանձնառութեան ներքոյ էք»: Համոզեց, մօտեցաւ չարչարանքներին եւ գլխատմամբ Աստծուն հաճելի պատարագ մատուցեց: Սուրբ վկայի մարմինը դրուեց փառաւոր մի տաճարում, որը եղաւ վշտացեալներին անդորրութիւն, հիւանդների բժշկարան եւ քաղցածներին առատ սեղան:

 

[1] Մատթ. Ե 19:

[2] Մատթ. Ե 16: