Խաչ Քո եղիցի մեզ ապաւէն բոցանիշ փայլմամբն իւրով.
Խորտակեաց զթշնամին եւ ելոյծ զդատակնիք.
Անուանեալ փայտն կենաց ի փրկութիւն տիեզերաց:
Վեր առեալ ցնծան երկինք եւ երկիրս ուրախանայ.
Ընդ յայտնիլ սրբոյ Խաչին սեռակնաձեւ քառաթեւին.
Որ զաշխարհս լուսաւորեաց արեգակնակերպ ճառագայթիւք:
(Շարակնոց)
Կղօդիոս կայսեր կինը եւ Հռոմի Պատրոնիկէ թագուհին Պետրոս առաքեալի քարոզչութեամբ հաւատաց Քրիստոսին եւ նրա պատուէրով մեծ սիրով ու կատարեալ հաւատով եկաւ Երուսաղէմ՝ աղօթելու տնօրինական վայրերում: Բոլոր քաղաքացիներն արքունական պատուին վայել նրան ընդառաջ ելան, եւ քանի որ նա Հռոմի Կղօդիոս մեծ կայսեր թագուհին եւ դշխուհին էր, նրան տարան Հերովդէսի ապարանքը: Ապա նա իր մօտ կանչեց Յակոբոս Տեառնեղբօրը եւ հարցուփորձ արեց Գողգոթայի, սուրբ գերեզմանի ու կենսատու սուրբ Խաչի մասին, եւ սուրբ Յակոբոսը թագուհուն պատմեց հրեաների չարութեան մասին, թէ ինչպէս են նրանք նեղում ու հալածում Քրիստոսի հաւատացեալներին, եւ որ թաքցրել են Քրիստոսի Խաչափայտն ու հաւատացեալներին թոյլ չեն տալիս տեսնել ու պաշտել այն:
Քրիստոսի խաչելութիւնից, թաղումից եւ յարութիւնից յետոյ Քրիստոսի խաչափայտը, նրա հետ նաեւ աւազակների խաչափայտերը, անխնամ ընկած էին Գողգոթայում, որն այդ ժամանակներում հեռու էր գտնւում տներից ու բնակավայրերից: Գարնանային օրեր էին, եւ ըստ մարդկային սովորութեան, որը ձգւում է դէպի բնութիւնը, երեխաները, ելնելով քաղաքից, վազվզում էին այնտեղ: Ոտքից կաղ մի տղայ այլ երեխաների հետ գետնի վրայ սողալով գնաց առողջ տղաների հետեւից՝ ընկերների հետ խաղալու ու ծաղիկներ տեսնելու համար եւ այդպէս գնալով՝ հպուեց Քրիստոսի խաչափայտին: Նա անմիջապէս ամրացած ոտքերով ու հաստատուն անդամներով վեր կացաւ եւ վազեց ընկերների յետեւից: Այս տեսնելով՝ շատերը զարմացան, իսկ ուրիշներն էլ տեղեկանալով այդ մասին, վկայեցին, որ գիշերը Քրիստոսի խաչափայտի վրայ շողացող լոյս են տեսել: Երբ յայտնի եղան այս երկու նշանները, հրեաները, խիստ նեղն ընկնելով, ամօթահար եղան եւ վերցնելով երեք խաչափայտերը՝ տարան ու դրեցին տաճարի մուտքի մօտ: Մի բորոտ մերձեցաւ Քրիստոսի սուրբ խաչափայտին եւ անմիջապէս մաքրուեց: Ապա մի կոյր դիպաւ սուրբ խաչափայտին, եւ նրա աչքերը բացուեցին: Հհրաշքները կատարւում էին, սակայն չգիտէին, թէ որ խաչափայտից էին զօրութիւններ ելնում: Այդ պատճառով հրեաները վերցրին երեք խաչափայտերը եւ տարան դրեցին Քրիստոսի գերեզմանի քարայրում եւ քարայրի մուտքը փակեցին քարերով ու հողով: Իսկ երբ դշխուհին եկաւ՝ գտնելու սուրբ խաչափայտը, հրեաները թագուհու ահից եւ սաստից ստիպուած ցոյց տուեցին տեղը: Բացելով քարայրը՝ գտան երեք խաչափայտերը, սակայն չգիտէին, թէ որն է Քրիստոսինը: Տեսնելով խաչափայտերը՝ թագուհին ուրախացաւ եւ հարցրեց, թէ՝ ո՞րն է մեր Կենարարի՝ Քրիստոսի խաչափայտը: Չգիտէին ո՛չ Տեառնեղբայրը, ո՛չ հաւաքուածներից որեւէ մէկը: Երուսաղէմի սրբութիւններին երկրպագելու համար թագուհին իր հետ բերել էր երեք դուստրերին եւ երկու որդիներին: Եւ մինչ որոնումների մէջ էին, թագուհու դուստրերից մէկը յանկարծամահ եղաւ: Թագուհին սկսեց լալ ու մեծապէս ողբալ դստեր համար, իսկ տարակուսած սուրբ Յակոբոս Տեառնեղբայրը չգիտէր, թէ ինչ անէր: Այնժամ դշխուհու աւագ որդին մօտեցաւ, կանգնեց մօր առաջ եւ ասաց. «Թագուհի մա՛յր իմ, իմացի՛ր, որ իմ քրոջ մահն Աստուծոյ նախախնամութեամբ է: Ձերդ մեծութիւնը փնտռում է Քրիստոսի խաչափայտը, եւ մենք չգիտենք, թէ որն է այն, քանզի դրանցից երկուսը աւազակներինն են: Այժմ մեռեալին մէկ-մէկ մօտեցնենք խաչափայտերին, որպէսզի յայտնի լինի Քրիստոսի խաչափայտը»:
Արքայորդու խօսքը հաճելի թուաց նրա մօրը՝ թագուհուն, եւ սուրբ հայրապետ Յակոբոս Տեառնեղբօրն, ու արեցին այնպէս, ինչպէս արքայորդին ասաց: Մեռելին դրեցին իւրաքանչիւր խաչափայտի առաջ: Առաջին խաչը, որին մօտեցրին մեռելին, աջակողմեան աւազակինն էր, որի համար մեռելը բացեց իր աջ աչքը եւ դարձեալ փակեց ու նաեւ իր աջ ոտքը շարժեց: Դրանով յայտնի դարձաւ աջակողմեան աւազակի խաչափայտը: Ապա դրեցին միւս խաչափայտի վրայ, մէկ ժամ սպասեցին, սակայն մեռելի վրայ կենդանութեան որեւէ նշան չերեւաց: Այդպիսով իմացան, որ դա ձախակողմեան աւազակի խաչափայտն է: Ապա աւազակների երկու խաչափայտներին դնելուց յետոյ մեռելին դրեցին Քրիստոսի խաչափայտի առաջ, եւ Տեառնեղբայրն ու թագուհին միաբան աղօթեցին: Եւ Քրիստոսի սուրբ Խաչի զօրութեամբ մեռելն անմիջապէս յարութիւն առաւ: Այս բանից բոլոր հաւատացեալները մեծ ուրախութեամբ բերկրանքով ցնծացին: Բազում աղօթքներից եւ իր ուխտը կատարելուց յետոյ աստուածասէր դշխուհին խնդրեց Տեառնեղբօրը տալ իրեն մի մաս Քրիստոսի կենսատու խաչափայտից: Իսկ սուրբ Յակոբոս Տեառնեղբայրը, տեսնելով թագուհու ջերմեռանդ յոյսը եւ հաստատուն հաւատքը, աղօթքով սուրը դրեց սուրբ խաչափայտի մօտ եւ ողջ գիշերը սուրբ եւ մաքուր մտքով անցկացրեց հսկմամբ ու աղօթելով առ Աստուած: Յաջորդ օրը տեսան խաչափայտից հատուած մի մաս՝ ներկուած աստուածային Արեամբ: Վերցնելով այն՝ սուրբ Յակոբոսն ուրախութեամբ համբուրեց մասը եւ տուեց աստուածասէր դշխուհի Պատրոնիկէին, իսկ նա, երկրպագելով հաւատով, ընդունեց մեծ ցնծութեամբ: Ճանապարհ ընկնելով՝ ուրախութեամբ վերադարձաւ Հռոմ՝ Կղօդիոս կայսրին տանելով աստուածային պարգեւը՝ սուրբ խաչափայտի մասունքը:
Եւ Կղօդիոս կայսրը, Պատրոնիկէ դշխուհին եւ նրանց զաւակները, ինչպէս նաեւ նրանց տոհմի սուրբ կոյս Հռիփսիմէի ընտանիքները հաւատքով պաշտում ու պատւում էին կենաց Խաչափայտից բերուած սուրբ նշանը: Երբ սուրբ Հռիփսիմէի ծնողները վանամայր սուրբ Գայիանէի հոգածութեամբ Հռիփսիմէին ընծայեցին վանքին, նրա պարանոցին հագցրին կենսատու սուրբ Նշանը՝ ներկուած Քրիստոսի Արեամբ՝ որպէս կնիք ու պահապան ընդդէմ չարի ներգործութիւնների: Երբ նրանք Հռոմից փախան դէպի արեւելք, սուրբ Խաչն իրենց հետ Հայոց աշխարհ բերեցին: Եւ բոլոր տեղերում նրանով շատ նշաններ ու սքանչելիքներ էին գործում, հալածում էին դեւերին եւ փարատում բոլոր ցաւերը:
Հասնելով Տոսպ գաւառ՝ միառժամանակ բնակուեցին մի գեղատեսիլ վայրում, որ կոչուեց Սուրբ Խաչ: Այն այլազգիների կողմից Ղուռուպաշ էր կոչւում եւ գտնւում էր Շամիրամակերտի[1]՝ Վանայ բերդի հարաւային կողմում: Այնուհետեւ, երբ փախան Վարագայ լերան բարձունքից, որ Գալիլեա էր կոչւում, սուրբ Նշանն ամփոփեցին այնտեղ՝ մի խաչաքարի[2] մէջ: Իջնելով լերան վրայից՝ Սուրբ Հոգու առաջնորդութեամբ գնացին հասան Վաղարշապատ քաղաքը, որտեղ սուրբ Հռիփսիմէն իր երեսունվեց ընկերների հետ նահատակուեց վկայութեամբ: Սակայն երկու քահանաներ եւ ուրիշներ, որ կոյսերից էին, մնացին Վարագայ լերան վրայ՝ ի սպաս սուրբ Նշանին, որոնց սուրբ Գրիգորը գալով քաջալերեց, մխիթարեց եւ եկեղեցի հիմնեց:
Այնուհետեւ խիստ կլիմայի պատճառով այդ վայրն անբնակ մնաց: Ողջ Հայոց աշխարհը գիտէր Վարագայ լերան վրայ սուրբ Խաչի գոյութեան մասին, որ սուրբ կոյսերը պահել էին Գալիլեայում (Վարագայ լերան բարձունքում), սակայն մինչեւ տէր Ներսէս Շինարար հայրապետի[3]՝ Արծրունեաց տան իշխանաց իշխան մեծն Վարդ պատրիկի ժամանակները չէին կարողանում հաւաստի իմանալ, թէ որ տեղում է: Այդ շրջանում Վարագայ լերան վրայ՝ սուրբ կոյսերի բնակութեան վայրում, կար Թոդիկ անունով մի այր, որը ճգնում էր իր սրբասէր աշակերտի՝ Յովէլի հետ, որոնք նախաբնակ ճգնաւորներից ուսանել էին կրօնաւորութեան կարգը: Երկար ճգնութիւնից յետոյ նրանց սիրտը տոչորւում էր Քրիստոսի սիրով եւ սուրբ Նշանը տեսնելու փափագով: Սուրբ հայր Թոդիկը տենչում էր, որ թերեւս հնար լինի գտնել սուրբ Նշանը, «որպէսզի, - ասում էր՝ աղօթելով Քրիստոսին, - բաղձանքով համբուրեմ այն»: Եւ այս խորհրդով առաւել խստացնելով ճգնութիւնները՝ տասներկու օր ծոմապահութեամբ հայցում էր աղօթքները հաճութեամբ ունկնդրող Տէր Աստծուց տեսնել փափագելին: Իսկ մարդասէր Աստուած, Ով կատարում է Իր երկիւղածների կամքը, լսեց նրանց աղօթքները. երբ գիշերուայ մէջ սուրբ հայր Թոդիկն ու իր աշակերտ Յովէլն աղօթում էին, սոսկալի ձայն լսեցին: Նրանք զարմացած ուղիղ նայեցին լերանը, որտեղից եկաւ ձայնը եւ լերան բարձրադիր վայրում, որտեղ վէմի մէջ պահուած էր սուրբ Նշանը, պայծառ լոյս տեսան: Ինչպէս յետոյ ստուգուեց, լոյսն այնտեղ դրուած փայտեայ խաչի չափով եւ ձեւով էր: Նրանք ակնապիշ նայում էին խաչին, որն աւելի ու աւելի էր պայծառանում ճառագայթներով եւ արեգակի ճաճանչներից առաւել լուսաւորում ամբողջ լեռը:
Բոլոր տեսնողները սքանչացած փառաւորում էին Աստծուն: Ապա տեսան երկրից մինչեւ երկինք խոյացած լոյսի տասներկու սիւներ: Ամբողջ լեռը լցուեց անուշահոտ բուրմունքով: Լսելի էր նաեւ հրեշտակների հրաշալի եւ քաղցրաձայն օրհներգութիւնները, որոնք պար էին բռնել աստուածընկալ սուրբ Նշանով: Կրօնաւորները մեծ ուշադրութեամբ նայում էին սքանչելի երեւմունքին, վայելում հրեշտակային անպատմելի երգասացութիւնները եւ զմայլուած շնչում հրեշտակային սքանչելի անուշահոտ բուրմունքը: Նրանք նայում էին լուսեղէն Խաչին, որ փայլում էր վէմի վրայ եւ ապշած դիտում հրաշալի երեւմունքը, որը տեւեց կէսգիշերից մինչեւ օրուայ վեցերորդ ժամը[4]: Եւ ապա լուսեղէն սուրբ Նշանն իր պահոցով շարժուեց վէմից, փայտեղէն Խաչը լոյսի մէջ վեր բարձրացաւ ու ցոլարձակելով սքանչելի լոյսով եկաւ-մտաւ եկեղեցի, ուր նրանք աղօթում էին: Եւ լոյսեր ճառագող խաչի սուրբ Նշանը մնաց օրուայ վեցերորդ ժամից մինչեւ իններորդ ժամը[5]: Մինչ ճգնաւորները համակուած էին երկիւղով ու զարմանքով, խաչանիշ լոյսից ձայն եկաւ նրանց, որն ասաց. «Քրիստոս հաճեցաւ բնակուել այս սուրբ Նշանի մէջ՝ ի պահպանութիւն եւ ի փրկութիւն Հայոց աշխարհի»: Եւ առաջ գալով՝ նրանք ահ ու դողով մտան եկեղեցի ու տեսան սուրբ Նշանը՝ լուսեղէն իջած սուրբ Սեղանի վրայ, որն իրենց ձեռքն առնելով՝ համբուրեցին արտասուքներով եւ գոհացան Աստծուց:
Այդ սքանչելի տեսիլքը երեւաց ոչ միայն նրանց, այլեւ երկրի բոլոր բնակիչներին, որոնք ակներեւ տեսան լոյսը, որ ծագեց Վարագայ լերան Գալիլեա կոչուող բարձրագոյն գագաթից: Տասներկու օր շարունակ լոյսի սիւները պարուրում էին լեռնագագաթը: Բազմամբոխ ժողովուրդը եպիսկոպոսների եւ քահանաների հետ բարձրացան լեռը, նրանց հետ նաեւ իշխանաց իշխան եւ բարեպաշտ պատրիկ Վարդն իր զօրքով, որը մենակեացներին հարցուփորձ էր անում լուսեղէն սիւների տեսիլքի մասին: Եւ նրանք ըստ կարգի ամէն բան պատմեցին նրան ու ցոյց տուեցին հրեշտակների դասի կողմից եկեղեցի բերուած եւ լոյսով պայծառացած կենսատու Խաչի սուրբ Նշանը, որին երկրպագելով՝ բոլորն ուրախութեամբ փառաւորում էին Աստծուն: Անուշահոտ բուրմունքը դեռեւս զմայլեցնում էր ամենքին, որոնք հիացած օրհնում էին Աստծուն: Սուրբ Նշանի երեւման օրը, որը Մեհեկան[6] ամսի քսանն էր, մեծահանդէս տօնախմբութիւն կատարեցին եւ կարգեցին նոյնն անել ամէն տարի՝ ի փառս Քրիստոսի եւ Նրա սուրբ Խաչի: Տասներկու լուսեղէն սիւների տեղում շինեցին տասներկու եկեղեցիներ, իսկ այն եկեղեցին, որտեղ իջաւ սուրբ Նշանը, նորոգելով ընդարձակեցին եւ տեղում մեծապայծառ ու հռչակաւոր վանք հիմնեցին միաբանների համար՝ ի պաշտպանութիւն սուրբ Խաչի, որ կայ մինչ օրս՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ:
Տէ՛ր, Քո կենսատու եւ պատուական Խաչի շնորհիւ ապրեցրո՛ւ այս գրութիւնը թողնողի հոգին:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարագայ սուրբ Խաչի տօնը նշում է Խաչվերացից երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Այս տօնը, որ հաստատուել է 653 թուականին՝ Ներսէս Գ Տայեցու կողմից, կապուած է ազգային աւանդութեան հետ եւ այն նշում է միայն հայ Եկեղեցին:
[1] Վան քաղաքի նախկին անուանումը: Ըստ Չամչեանի՝ Վան Հայկազունին, որը գահակալել է մ.թ.ա. 371 թուականին, վերանորոգել է Շամիրամակերտ քաղաքը եւ այն կոչել իր անունով՝ Վան:
[2] Տպազիոնի նման քար՝ խաչաձեւ կրկնաբիւրեղներով, սովորաբար գորշ գոյնի:
[3] Ներսէս Գ Շինարար Տայեցի հայրապետ (641-661թթ.):
[4] Ժամը տասներկուսը:
[5] Ժամը տասներկուսից մինչեւ տասնհինգը:
[6] Մեհեկան ամիսը դեկտեմբերի 16-ից մինչեւ յունուարի 14-ն ընկած ժամանակահատուածն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: