Ի վերայ վիմի հաւատոյ շինեցեր զՔո սուրբ զեկեղեցի.
Զսա պահեա ի խաղաղութեան:
Որ շնորհեցեր ողորմութիւն ի բնակարանս հրեշտակաց եւ մարդկան քաւարան.
Տուր սմա զանշարժ Քո զխաղաղութիւն:
Ի տաճարի փառաց սրբութեան Քո Քեզ երգեն մանկունք.
Տուր սոցա զառատ Քո զողորմութիւն:
Եկայք ժողովուրդք ի տաճարի փառաց Քրիստոսի.
Տուք ամենեքեան օրհնութիւն ի բարձունս.
Քանզի Թագաւորն Քրիստոս պսակեաց զսա սքանչելի փառօքն Իւրովք.
Տուք ամենեքեան օրհնութիւն ի բարձունս:
(Շարակնոց)
Սուրբ Գրիգոր Տաթեւացի
Ամենակարող Աստուած, որի իմաստութիւնը սահման չունի, ստեղծուած արարածներից իւրաքանչիւր տեսակի համար ստեղծեց բնակութեան զանազան յարկեր. հրեշտակների համար արարեց հրեղէն երկինքը, բանսարկուի համար ներքին դժոխքը, մարդկանց համար այս աշխարհը, ձկների համար ծովը, թռչունների համար օդը, եօթ մոլորակների համար եօթ երկինքները, իսկ ութերորդը, որը հաստատութիւնն է, դարձրեց անմոլար աստղերի բնակութեան յարկը: Եւ պատշաճ էր, որ Աստուած Իր համար պատրաստէր բնակութեան յարկ՝ ըստ Իր սրբութեան. Նա Իր համար երկու սուրբ յարկ արարեց՝ երկնքում եւ երկրի վրայ: Երկնքում սուրբ յարկերը երկուսն են, մէկն իմանալի, եւ միւսը զգալի: Զգալի յարկը հրեղէն երկինքն է, եւ իմանալի յարկը հրեշտակների ու սուրբերի կամքն է, որոնք հոգեւոր յարկեր են Աստուծոյ հանգստեան համար, ինչպէս որ մարգարէն է ասում. «Տէրը երկնքում հաստատեց Իր աթոռը»[1]:
Երկրի վրայ յարկերը եւս երկուսն են՝ հոգեւոր եւ մարմնաւոր. հոգեւոր յարկը հաւատացեալ ժողովուրդն է, իսկ մարմնաւոր յարկը՝ շինուած եկեղեցիները, եւ պէտք է, որ երկուսն էլ սուրբ լինեն: Այդ պատճառով մարգարէն ասում է. «Բարձրեալը սուրբ արարեց Իր յարկերը»: Արդ, սկզբում Աստուած Մովսէսին պատուիրեց վկայութեան Խորան շինել Սինա անապատում, որպէսզի այն լինի Աստուծոյ տուն եւ աղօթքների ու պատարագների վայր: Եւ Մովսէսը զանազան նիւթերից կառուցեց հրաշալի տասնափեղկ եւ եռայարկ խորան, ինչպէս որ Աստուած պատուիրեց: Սակայն այստեղ երեք հարց է ծագում. նախ՝ ինչո՞ւ Աստուած պատուիրեց խորան շինել, երկրորդ՝ ի՞նչ էին նշանակում տասը փեղկերը եւ նիւթերի չորս որակները, երրորդ՝ ի՞նչ էր խորհրդանշում խորանի եռայարկ ձեւը:
* Քննենք առաջին հարցումը, թէ ինչու Աստուած պատուիրեց այդպիսի գեղեցիկ խորան շինել: Վարդապետներն ասում են՝ տասը պատճառով:
Նախ՝ Աստուած Մովսէսին պատուիրեց գրել աշխարհի լինելիութեան մասին եւ դա կերպաւորեց նրա մտքում, որպէսզի նա չմոռանայ յանգամանքները: Այդ պատճառով պատուիրեց նրան զգալի խորան շինել:
Երկրորդ՝ աշխարհի որպիսութիւնն ու ձեւը ցոյց տուեց եռայարկ խորանով, որը կազմուած էր չորս նիւթերից՝ անապական եւ ապականացու բնակիչների չորս տարրերի փոխարէն:
Երրորդ՝ Աստուած կամեցաւ, որ մարդը, որն Իր պատկերն էր, գործակից եւ մասնակից լինի աշխարհի արարմանը, որի համար պատուիրեց շինութեան նիւթն առնել նրանցից:
Չորրորդ՝ անկարօտ լինելով՝ Աստուած ստեղծեց արարածներին եւ կրում է ամէն բան եւ նոյն Ինքը պատուիրեց խորան շինել:
Հինգերորդ՝ ժողովուրդը միամիտ էր եւ զուարճանում էր տեսութեամբ: Այդ պատճառով այն զարդարեց զանազան գոյներով:
Վեցերորդ՝ ժողովուրդը սովոր էր զարդարել կուռքերի տաճարը: Այդ պատճառով այս խորանը զարդարում է առաւել, քան նրանցը:
Եօթերորդ՝ նոր ժողովրդի համար շինեց նորն ու չնաշխարհիկը, իսկ նոր Օրէնքի համար պիտի լինէր նոր տաճար՝ հռչակուած ծովով ու ցամաքով, ինչպէս արդարների պսակն ու փառքը, որն աչքը չի տեսել, եւ ականջը չի լսել, եւ որն անհասանելի է մարդկանց մտքին:
Ութերորդ՝ եթէ ժողովուրդը թողնի այս խորանի վայելչութիւնը եւ հետեւի ուրիշներին, ապա պատասխան չի ունենալու պատուհասուելիս, ինչպէս որ ապերախտ ժողովուրդը ի դատապարտութիւն իրեն՝ հեռացաւ եւ առաւ Մողոքի վրանն ու Հռեմփէոսի աստղը:
Իններորդ՝ այնտեղից էր լինում աստուածյայտնութիւնը եւ աստուածախօսութիւնը, եւ որպէս առաջինը՝ իջած երկնքից, պէտք է, որ երկնազարդ լինէր:
Տասներորդ՝ այն եկեղեցու խորանի օրինակն էր, որովհետեւ նա ստուեր էր, իսկ սա՝ ճշմարտութիւն: Այդ պատճառով գեղեցկազարդ շինուեց:
* Երկրորդ հարցումը, թէ ի՞նչ է նշանակում խորանի տասը փեղկը: Վարդապետներն ասում են, որ տասը կատարեալ թիւ է եւ խորհրդանշում էր տասնաբանեայ Օրէնքը, որն Աստուած տուեց նրանց: Եւ դարձեալ՝ խորհրդանշում էր մեր տասը զգայարանները՝ հոգու հինգ զօրութիւնները եւ մարմնի հինգ զգայարանները: Դարձեալ՝ խորհրդանշում էր արարածների տասը մասերը, որոնք ճանաչելի են հինգ կերպով, այսինքն երկիր եւ երկրաւորներ, ծով եւ ծովայիններ, օդ եւ օդային թռչուններ, երկինք եւ երկնաւոր աստղեր, հրեշտակներ եւ մարդիկ: Դարձեալ՝ արարածների տասը մասերը հրեշտակների բանական բնութեան ինը դասերն են, իսկ մէկը՝ մարդկային բնութիւնը, որոնք Աստուծոյ օրհներգուներն են: Դարձեալ՝ արարածների տասը մասերը Արիստոտելի տասը հասկացութիւններն են: Դարձեալ՝ խորհրդանշում են երաժշտական երգերի տասը ձայները, որոնք եկեղեցիներում քաղցր ձայնով միշտ օրհնաբանում են Աստծուն, այսինքն դրանք չորս ձայներն են, իրենց չորս կողմերը եւ երկու ստեղիները[2]: Դարձեալ՝ տասը փեղկերը գերապատիւ մարդկանց տասը դասերի օրինակն է, որոնք են հայրերը, նահապետները, օրէնսդիրները, քահանաները, դատաւորները, թագակալները, մարգարէները, առաքեալները, վարդապետները եւ վկաները: Իսկ նրա նիւթը չորս գոյներից էր, որը խորհրդանշում էր չորս տարրերը, որովհետեւ տարրերի բնական որակները հետեւեալն են. սեւը հողինն է, սպիտակը՝ ջրինը, կարմիրը՝ օդինը, եւ դեղինը՝ հրինը: Սակայն այն ժամանակ Աստուած տարրերի ներգործական որակները պատուիրեց անել չորս նիւթերից՝ կապուտակից եւ ծիրանուց, կարմիրից եւ բեհեզից: Կապոյտն օդի գոյնն է, որովհետեւ եթէ այլ՝ սպիտակ կամ սեւ գոյնով լինէր, կը վնասէր եւ կը վերացնէր տեսողութիւնը, իսկ կապոյտը հանգիստ է տեսողութեան համար: Կարմիրը հրինն է, որովհետեւ հուրը երկուսն է՝ իր շրջանակի մէջ եւ սփռուած ամէն բանի մէջ, այդ պատճառով կարմիրը երկուսն էր: Ծիրանին ջրինն է, որովհետեւ կոնքեղը[3], որ ներկում է ծիրանին, ջրից է: Եւ բեհեզը հողինն է, որովհետեւ վուշը, որ սպիտակ է, հողից է լինում: Իսկ չորս գոյները հոգեւոր առումով մեր մէջ խորհրդանշում են չորս առաքինութիւնները. ծիրանին, որ թագաւորական է, խոհեմութիւնն է, սպիտակ բեհեզը խորհրդանշում է ողջախոհութիւնը, կապոյտն արիութեան հաստատումն է մեր մէջ, իսկ հրակերպ կարմիրը արդարութիւնն է՝ սփռուած ամէնքի մէջ, որը կարգաւորում է միւս բոլոր առաքինութիւնները: Խորանի ձեւը սագաշէն[4] եկեղեցու պէս էր, որի երկարութիւնը քսանութ կանգուն էր, բարձրութիւնը՝ տասը կանգուն, եւ շուրջբոլոր լայնութիւնը՝ քսան կանգուն: Տասը խորհրդանշում է մանկութեան, քսանը՝ պատանի զինուորութեան, եւ քսանութը՝ երիտասարդ հասակը, որը չորս եօթն է: Արտաքին սրահի պատուարը խորանն իր մէջ ընդգրկում էր բոլոր կողմերից. հարիւր կանգուն երկարութեամբ հիւսիսային եւ հարաւային կողմերից, յիսուն կանգուն լայնութիւն արեւելեան եւ արեւմտեան կողմերից: Իսկ բարձրութիւնը տասնհինգ կանգուն էր, որպէսզի խորանը չերեւար: Սրբութիւնների սրբութիւնն եւ նրա մէջ սրբութիւնը արեւելեան կողմում էին, որովհետեւ Երուսաղէմը նրանց արեւելեան կողմում է, իսկ սրահն արեւմուտքից էր, ինչպէս մեր եկեղեցում: Այս մասին յայտնապէս ասում է Աստուածաշունչ սուրբ Գիրքը:
* Երրորդ հարցումն այն էր, թէ ի՞նչ է նշանակում եռայարկ խորանը: Ասենք, որ այն հինգ բան է խորհրդանշում:
Նախ խորհրդանշում է աշխարհի ձեւը. Սրբութիւններ Սրբութիւնը լուսեղէն երկինքը եւ անջրպետուած հաստատութիւնն է, սրբութիւնը՝ երկինքը, ուր շարժւում են լուսատուները, վարագոյրն այս օդն է, իսկ արտաքին սրահը՝ այս աշխարհը՝ մարմնաւոր վայրը:
Երկրորդ՝ ունի երկնայինների ձեւը. առաջին յարկը՝ Աթոռներինը եւ Քերովբէներինն է, միջինը՝ Տէրութիւններինը, եւ վերջինը՝ հրեշտակների դասինը:
Երրորդ՝ ունի եկեղեցու ձեւը, ուր բեմն է, եկեղեցու միջնամասը եւ արտաքին գաւիթը կամ ժամատունը:
Չորրորդ՝ մեր իմացութիւնը Սրբութիւնների Սրբութիւնն է, հոգին՝ սրբութիւնը, իսկ մեր մարմինը՝ արտաքին սրահը:
Հինգերորդ՝ առաջին յարկը քանահաներն ու քահանայապետներն են, միջինը՝ սարկաւագներն ու սպասաւորները, իսկ սրահը՝ ընդհանուր ժողովուրդը:
Ահա այսքանն էին հին Վկայութեան Խորանի մասին հարցերն ու պատասխաններն՝ ըստ այն խօսքի, թէ «Բարձրեալը սրբացրել է Իր օթեւանը»[5]: Սակայն, ինչպէս վերն ասուեց, երկրի վրայ Աստուծոյ յարկերը երկուսն են՝ մարմնաւոր եւ հոգեւոր. հոգեւոր յարկը քրիստոնեայ ժողովուրդն է, իսկ մարմնաւոր յարկը՝ քարերից շինուած կառոյցները:
Արդ, հարց է առաջանում նախ շինուած եկեղեցու եւ ապա կենդանի տաճարի մասին, իսկ մարմնաւորի մասին հարց է ծագում. Աստծուն, որ երկնքում է, պէ՞տք է պաշտել միայն երկնքում՝ հոգեւոր կերպով, թէ՞ նաեւ նիւթեղէն եկեղեցի շինել երկրի վրայ: Վարդապետներն ասում են, թէ Աստծուն առաւել պէտք է պաշտել հոգեպէս, բայց Աստուած պաշտելի է նաեւ մարմնապէս եւ զգալապէս, որն ունի երեք պատճառ:
Նախ՝ Աստուած մեզ համար երեք տեսակ բարիքներ պատրաստեց. առաջին բարիքը հոգեւոր է, ինչպէս մեր բանական հոգին, երկրորդ բարիքը մարմնաւոր է, սակայն ստորադաս, ինչպէս մեր այս մարմինը, երրորդը մարմնաւոր է եւ արտաքին, ինչպէս ունեցուածքը, ոսկին ու արծաթը: Եւ այս պարգեւների համար պարտաւոր ենք ծառայել Նրան: Նա չունի դրանց կարիքը, ինչպէս սաղմոսն է ասում. «Իմ բարիքները Քեզ ամենեւին պէտք չեն», բայց քանի որ Նա ստեղծող է, իսկ մենք՝ ստեղծուած, պէտք է ամէն կերպով ծառայել Նրան. առաջինը՝ հոգով, այսինքն ջերմ սիրով եւ սուրբ աղօթքով, երկրորդը՝ մարմնով, այսինքն ծնրադրութեամբ ու երգերով եւ երրորդը՝ ունեցուածքով եկեղեցի շինել եւ պատրաստել եկեղեցու ամբողջ սպասքն ու զարդերը:
Երկրորդ պատճառ՝ վարդապետներն ասում են, թէ հոգին երեք տեսակ է: Առաջին տեսակն այն է, երբ մարմնով ծնւում է եւ մարմնով էլ մեռնում, այսինքն անասունների հոգիները: Երկրորդն այն է, երբ ծածկուած է լինում մարմնով, սակայն մարմնի հետ չի մեռնում, ինչպէս մարդու բանական հոգին: Երրորդ տեսակը ծածկուած չէ մարմնով, ոչ էլ մեռնում է մարմնի հետ, ինչպէս հրեշտակները: Եւ ինչպէս հոգին երեք տեսակ է, նոյնպէս եւ երեք տեսակ է ճանաչողութիւնը, որովհետեւ անասունները ճանաչում են միայն այն, ինչ մարմնաւոր է, այսինքն նրանք ճանաչում են հինգ զգայարաններով, իսկ մարդիկ բանական հոգով ճանաչում են ոչ միայն մարմնաւորները, այլեւ հոգեւորները, սակայն նախ ճանաչում են մարմնաւորները եւ ապա մարմնաւորի միջնորդութեամբ ճանաչում են հոգեւորը, ինչպէս որ ասում է առաքեալը. «Աստուծոյ աներեւոյթ յատկութիւնները իմանալի կերպով տեսանելի են երեւացողների մէջ»[6]: Իսկ հրեշտակները ճանաչում են թէ՛ հոգեւորները եւ թէ՛ մարմնաւորները, սակայն նախ հոգեւորները եւ ապա հոգեւորի միջնորդութեամբ՝ մարմնաւորները: Ուրեմն պարզ է, որ մարդիկ իրենց բնութեամբ են մարմնով ուղղւում են դէպի երկնայինների սէրն ու ճանաչումը: Այդ պատճառով Աստծուն պէտք է պաշտել հոգեւոր եւ մարմնաւոր առումներով:
Երրորդ պատճառ՝ բժիշկներն ասում են, թէ երկու ներհակները վերացնում են միմեանց: Արդ, մարդու հիւանդութիւնը հպարտութիւնից էր, ինչպէս ասաց օձը՝ կը լինէք Աստուածների պէս՝ բարին ու չարը ճանաչող: Ուստի պէտք էր, որ մարդը բժշկուէր խոնարհութեամբ: Կատարեալ է այն խոնարհութիւնը, երբ մէկը խոնարհւում է աւելի փոքրի առջեւ: Եւ մարդը, որ կազմուած է հոգուց եւ մարմնից, աւելի բարձր է, քան միայն մարմնաւորը: Այդ պատճառով երբ խոնարհւում է դէպի աւելի փոքրը, ինչպէս եկեղեցի շինելն է, հոգեւոր եւ մարմնաւոր սրբութիւն ու առողջութիւն է ստանում: Եւ պէտք է իմանալ, որ այս շինուած եկեղեցին երեք տեսակ փրկագործութիւն ունի, որ մեծարւում ու պատւում է մեր կողմից: Առաջինը հիմնարկէքն է, երբ եպիսկոպոսը դնում է առաջին քարը: Եւ այս ունենք Յակոբից, երբ նա Բեթէլում օծեց վէմը եւ այդ վայրը կոչեց Աստուծոյ տուն եւ երկնքի դուռ: Երկրորդը եկեղեցու օրհնութիւնն է, եւ այս ունենք Մովսէսից, երբ նա օրհնեց խորանն ու ամբողջ կահքն օծեց իւղով: Երրորդը նիւթեղէն եկեղեցու սպասքն է, ինչպէս նիւթեղէն սեղանը, գինին եւ խորհրդական այլ իւղերը ու նիւթեղէն ամէն բան, ինչ-որ Աստուած ընտրել է ի պատիւ Իր անուան: Իսկ մարդը, որ մեծ է այդ ամէնից, հնազանդւում եւ պատիւ է առնում Աստուծոյ փառքի համար: Այս է կատարեալ խոնարհութիւնը, որով բժշկւում է մեր հոգեւոր հիւանդութիւնը, այսինքն հպարտութիւնը: Այդ պատճառով Նեեման Ասորին քանի դեռ չէր իջել Յորդանանի ջրերի մէջ, չէր բժշկւում հիւանդութիւնից, բայց երբ նա հնազանդուեց Եղիսէի պատգամներին եւ իրեն լուաց ջրով, շուտով բժշկուեց: Ապա ուրեմն պարզ է, որ Աստծուն պէտք է պաշտել հոգեւոր եւ մարմնաւոր կերպով: Այդ պատճառով եկեղեցիներ եւ սեղաններ ենք շինում, որպէսզի Աստծուն պաշտենք այդտեղ: Սակայն ոմանք հակառակւում են մեզ չորս կերպով:
Նախ՝ կրկնում են սամարացի կնոջ Քրիստոսին ուղղուած խօսքը՝ մեր հայրերն այս լերան վրայ էին երկրպագում, իսկ դուք ասում էք, թէ պէտք է միայն երկրպագել Երուսաղէմում: Յիսուս նրան պատասխանեց. «Դուք երկրպագում էք նրան, ում չգիտէք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք: Հոգի է Աստուած, եւ Նրա երկրպագուները պէտք է հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագեն»[7]: Ապա ուրեմն Աստծուն պէտք է միայն հոգեպէս պաշտել: Սակայն վարդապետները սրան պատասխանում են՝ Աստուած Հոգի է, սակայն մարմնաւորների Արարիչն է, եւ այդ պատճառով պէտք է Նրան պաշտել նախ հոգեւոր եւ ապա մարմնաւոր կերպով, որպէսզի յայտնի լինի, թէ Աստուած ոչ միայն հոգեւորների, այլեւ մարմնաւորների Արարիչն է: Իսկ մանիքեցիները մոլորուեցին՝ երկու աստուածներ ասելով. նրանք մէկին համարում էին աներեւոյթների ստեղծիչ, միւսին՝ երեւացողների եւ այդ պատճառով միայն հոգեպէս էին պաշտում: Իսկ մեր հաւատացեալների սուրբ եկեղեցին հոգեւոր եւ մարմնաւոր կերպով է պաշտում Աստծուն, որպէսզի մանիքեցիների մոլորեալ աղանդը վերանայ եւ անհետանայ:
Երկրորդ՝ ոմանք հակառակւում են, թէ պէտք չէ օրհնել եկեղեցին, սեղանը, աւազանը կամ եկեղեցու որեւէ սպասք: Նախ՝ ասում են, թէ ինչ որ շինում ենք Աստուծոյ անունով, այն սրբւում է Աստուծոյ անունով եւ ոչ մարդու: Երկրորդ՝ ասում են՝ եթէ մենք նրանցից՝ եկեղեցուց, աւազանից եւ սեղանից ենք սրբութիւն ստանում, ինչպէ՞ս ենք օրհնում եւ սրբագործում մեզ սրբողին: Առաջինին պատասխանում ենք՝ թէպէտ եկեղեցին եւ սեղանը շինում ենք Աստուծոյ անունով, սակայն պէտք է օրհնել ու սրբագործել: Մենք սրբութեամբ աղաչում ենք Աստծուն, որ Նա ընդունի եւ խոնարհուի դէպի այն ու Իր անունը դնի նրա վրայ: Իսկ երկրորդին պատասխանում ենք՝ թէպէտ մենք սրբւում ենք եկեղեցուց եւ աւազանից, սակայն պէտք է նախ աստուածային խօսքով օրհնել ու սրբագործել այն, որպէսզի նա զօրանայ Աստուծոյ շնորհներից ու կարողանայ սրբագործել մեզ: Եւ որ նորակերտ եկեղեցին, սեղանը, աւազանը, դուռը եւ եկեղեցու միւս սպասքը պէտք է օրհնուեն ու սրբուեն, պարզ է չորս բանից: Նախ՝ Մովսէսից, երբ նա անապատում կանգնեցրեց խորանը, սուրբ իւղով եւ պատարագների արեամբ ցօղեց ու սրբագործեց ամբողջ խորանը, տապանակը, սեղանը, աշտանակը եւ խորանի միւս կահքն ու սպասքը: Նաեւ՝ Սողոմոնը նախ օրհնեց շինուած տաճարը, եւ ապա Աստուծոյ փառքն իջաւ տաճարի վրայ: Ապա ուրեմն պէտք է օրհնել եկեղեցիները եւ նրանում եղած բոլոր սպասքներն ու գործիքները: Երկրորդ՝ յայտնի է, որ եկեղեցու շինութեան նիւթը հողից, քարերից, փայտից եւ այլ տարրերից է, եւ գիտենք, որ Ադամի մեղանչումից յետոյ աշխարհն անիծուեց, եւ տարրերն ապականուեցին: Այդ պատճառով եկեղեցին օրհնում ենք Աստուծոյ խօսքով, որպէսզի շինութեան նիւթերն ու քարերն ազատուեն նախկին անէծքից եւ օրհնութիւն կրեն: Երրորդ՝ քանի որ եկեղեցին շինւում է հողեղէն ու քարեղէն նիւթերից, որոնք ոտնակոխ են արուած անասունների եւ մարդկանց կողմից ու շինուած են արհեստաւորների ձեռքով, այդ պատճառով օրհնում եւ սրբագործում ենք, որպէսզի այն սուրբ լինի նախկին աղտեղութիւններից: Չորրորդ՝ առհասարակ մարդն Աստուծոյ պատկերն է, սակայն օրհնութեամբ ոմանք լինում են կարգ ունեցողներ՝ քահանաներ եւ պաշտօնեաներ, աւազանով մենք լինում ենք Աստուծոյ որդիներ, եւ ամէն հաց, որ սուրբ է, սակայն օրհնութեամբ հացը լինում է Քրիստոսի Մարմին, իսկ գինին՝ Արիւն, այդպէս էլ թէպէտ առհասարակ բոլոր փայտերն ու քարերը Աստուծոյ ստեղծածներն են եւ սուրբ են, սակայն առանձնակի օրհնութեամբ լինում են Աստուծոյ բնակարան եւ Նրա անուան վայրեր: Կաւից շինուած որեւէ անօթ նախ թրծւում է, եւ ապա այն պիտանի է դառնում մադկանց: Հրով թրծելը երկու պատճառ ունի. նախ՝ սրբւում է հողի ոտնակոխ եղած եւ անարգ նիւթը եւ երկրորդ՝ թրծելն ամրացնում եւ հաստատում է այն: Նմանապէս եւ սուրբ եկեղեցու օրհնութիւնը նախ սրբում է անարգ նիւթը եւ դարձնում Աստուծոյ տաճար ու հրեշտակների բնակավայր եւ երկրորդ՝ զօրացնում է եկեղեցուն՝ շնորհ տալու բոլոր նրանց, ովքեր գնում են եկեղեցի, դիմում են նրան եւ նրա միջնորդութեամբ խնդրում Աստուծոյ պարգեւներ: Ապա ուրեմն պէտք է օրհնել եկեղեցիներն ու սեղանները, խաչն ու աւազանը եւ միւս բոլոր խորհուրդ ունեցող նիւթերը: Երրորդ՝ ոմանք հակառակւում են, թէ Մովսէսը պատարագի արեան կէսը խառնեց ջրի հետ եւ ցօղեց ժողովրդի վրայ, կէսն էլ հեղեց սեղանի շուրջը, ապա ուրեմն պէտք է ջուր խառնել խորհրդին, ինչպէս որ Մովսէսը: Պատասխանում ենք, որ այն ջուրը, որ նա խառնեց արեան հետ, նշանակում է այն ժողովուրդը, ովքեր սրբւում են աւազանով եւ հաղորդուելով խառնւում Քրիստոսի արեանը: Այդ պատճառով մկրտութիւնից յետոյ մենք կնքուողին հաղորդութիւն ենք տալիս: Իսկ այն, որ հեղեց սեղանի շուրջը, խորհրդանշում է քահանաներին, որոնք միշտ սպասաւորում են Սեղանի մօտ, որ Քրիստոսն է, եւ արիւն թափելու չափ պատերազմում են ընդդէմ ախտերի ու դեւերի: Իսկ որ պէտք չէ ջուր խառնել Խորհրդին, պարզ է երեք բանից՝ նոյն Մովսէսից: Նախ՝ Մովսէսը անխառն արեան կէսը յայտնապէս հեղեց սեղանի շուրջը, որը խորհրդանշում է անխառն /անապական/ արեան խորհուրդը, իսկ միւս կէսը խառնեց ջրին, որը խորհրդանշում է միասին կատարուող մկրտութեան եւ հաղորդութեան խորհուրդները: Երկրորդ՝ խառնարանում նախ ջուրն էր, եւ Մովսէսն արիւնը հեղեց ջրի վրայ, որը ցոյց է տալիս մկրտութիւնը, իսկ սրանք նախ արիւնն են հեղում եւ ապա ջուրը: Երրորդ՝ նա ժողովրդի վրայ ցօղեց խառնուած ջուրը, որ մկրտութիւնն է, իսկ սրանք ճաշակում են ջուրն ու արիւնը: Ահա սրանց արարողութեան ձեւը յայտնապէս տարբեր է օրինակից: Եւ յայտնի է, որ մկրտութիւնից յետոյ պէտք է հաղորդուել, սակայն նրանք այդպէս չեն անում, ինչպէս որ ցոյց տրուեց: Չորրորդ՝ ոմանք հակառակւում են՝ ասելով, թէ մէկ անգամ օրհնուած եկեղեցին պղծուելուց յետոյ պէտք չէ աղօթել եւ սրբագործել, որովհետեւ այն մէկ անգամ օրհնուած է, եւ այդ օրհնութիւնն այլեւս չի բաժանւում նրանից: Նրանց կը պատասխանենք՝ թէեւ եկեղեցին մէկ անգամ օրհնուած է եւ սրբուած, սակայն եթէ որեւէ պիղծ բան մտնի այնտեղ, ոտք դնի կամ շօշափի, կամ եթէ այն քանդուի եւ վերստին շինուի, պէտք է դարձեալ օրհնել եւ պղծուած տաճարն աղօթելով սրբել: Եւ սա յայտնի է երկու բանից: Նախ՝ ունենք Յուդա Մակաբայեցու օրինակը. երբ հեթանոսները մտել էին տաճարը, նա դարձեալ այն սրբագործել, օրհնել եւ օծել տուեց սուրբ իւղով: Երկրորդ՝ մարմնաւոր տաճարը ցոյց է տալիս հոգեւոր տաճարը մեր մէջ, ինչպէս որ Պետրոսն է ասում իր ընդհանրական թղթում. «Եւ դուք՝ որպէս կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն՝ հոգեւոր պատարագ մատուցելու համար»[8]: Իւրաքանչիւր մարդ Աստուծոյ տաճար է: Նա իրեն կենդանի ընծայ է մատուցում Աստծուն, իսկ սրտից մատուցում է աղօթքի բանաւոր պատարագներ: Արդ, շինուած տաճարը նախ սրբագործւում է օրհնութեամբ եւ սուրբ իւղով, բայց երբ յետոյ այն պղծւում է, դարձեալ սրբագործուելու կարիք է ունենում: Այդպէս եւ մենք նախ սրբւում ենք աւազանով ու լինում Աստուծոյ տաճար եւ Սուրբ Հոգու բնակարան, իսկ երբ յետոյ պղծւում եւ աղտեղւում ենք ներգործական մեղքերով, դարձեալ զղջմամբ, խոստովանութեամբ եւ ապաշխարութեամբ վերստին սրբւում ենք մեղքերից եւ լինում Աստուծոյ տաճար: Դարձեալ, եօթանասուն տարիների գերութիւնից եւ տաճարի աւերումից յետոյ Զօրաբաբելը նախ շինեց տաճարը, իսկ յետոյ կանգնեցրեց պարիսպը մեր այս տաճարի խորհուրդի օրինակով: Այդպէս էլ երբ գերւում ենք մեղքերից, եօթ զգայարաններով աւերւում է մեր սրբութեան տաճարը, իսկ երբ զղջում ենք մեր մեղքերի համար, նախ խոստովանութեամբ շինում ենք մեր սրբութեան տաճարը եւ ապա ապաշխարութեամբ, որը հատուցումն է, կանգնեցնում ենք պարիսպը եօթ զգայարաններով եւ եօթ ժամանակների փոփոխմամբ՝ եօթ հասակներով ու այս կեանքի եօթ դարերով, ու լինում մեր Քրիստոս Աստուծոյ տաճար եւ քաղաք: Դարձեալ՝ ինչպէս շինուած եկեղեցին կոփածոյ եւ քառանկիւն քարերից է, այդպէս էլ կոփածոյ են ընտրեալների դասերը, որոնք սրբուած եւ տաշուած են մարմնի նեղութեամբ եւ չարչարանքներով՝ պահեցողութեամբ, աղօթքներով, ճգնութիւններով, կուսութեամբ եւ միւս բոլոր նահատակութիւններով, որոնք կրում են Քրիստոսի համար: Իսկ եկեղեցու քարերի քառանկիւն լինելը նշանակում է, որ կատարեալները պէտք է ունենան չորս բան, այսինքն հաւատ, յոյս, սէր եւ բարի գործ: Եւ սրանք կցորդ են միմեանց, որովհետեւ որքան մարդը հաւատ ունենայ, նոյն չափով էլ յոյս կ՚ունենայ եւ որքան հաւատ եւ յոյս ունենայ, նոյն չափով էլ սէր կ՚ունենայ եւ որքան հաւատ, յոյս եւ սէր ունենայ, նոյն չափով էլ՝ բարի գործ: Իսկ քառակողմ քարը վեց երես ունի եւ յոյժ հաստատուն է, որովհետեւ մի երեսն ուղղուած է դէպի վեր, միւսը՝ դէպի վայր, երրորդը՝ դէպի արեւելք, չորրորդը՝ դէպի արեւմուտք, հինգերորդը՝ դէպի հիւսիս, վեցերորդը՝ դէպի հարաւ: Այսպէս քրիստոնեան, որը եկեղեցու բանաւոր քար է եւ վէմ, պէտք է լինի քառակողմ եւ ունենայ վեց երես: Առաջին երեսը պէտք է ուղղուած լինի դէպի երկինք, որպէսզի հանապազ խոկայ երկնքի արքայութեան փառքը: Երկրորդ երեսը պէտք է լինի դէպի վայր, որպէսզի մտաբերի դժոխքի տանջանքները: Երրորդը պէտք է ուղղուած լինի դէպի արեւելք, որպէսզի մտաբերի, թէ իր մօր արգանդից մերկ ու լալով եկաւ այս աշխարհ: Չորրորդ երեսը պէտք է լինի դէպի արեւմուտք, որպէսզի միշտ մտորի, թէ մահուամբ մերկ, աղքատ եւ լալով ենք կամենում ելնել այս աշխարհից: Հինգերորդը պէտք է լինի դէպի հիւսիս, որպէսզի փախչի չարութիւնից, սառչելուց եւ բարիքների պակասութիւնից: Եւ վեցերորդը պէտք է լինի դէպի հարաւային տաք կողմը, որպէսզի հանապազ խոկայ Քրիստոսի ջերմեռանդ սիրոյ մասին, Ով մեզ համար բազում չարչարանքներ ու մահ կրեց:
Ահա այս է խորհրդանշում եկեղեցու շինութեան քարերի վեցակողմ երեսը: Դարձեալ՝ ինչպէս ասում է Թագաւորութիւնների գիրքը, Սողոմոնի տաճարի շինութեան ժամանակ մուրճի, ուրագի, սղոցի կամ երկաթեայ որեւէ գործիքի ձայն չհնչեց, որովհետեւ բոլոր քարերը պատրաստւում էին դրսում: Այսպէս էլ հոգեւոր եկեղեցու քարերը, որոնք բոլորը սուրբ են, պատրաստւում են այս կեանքում, տաշւում են նեղութիւններով ու չարչարանքներով եւ ապա շինւում Վերին Երուսաղէմում, ուր չկայ որեւէ նեղութիւն կամ աղմուկ, եւ որտեղից մերժուած են ցաւերը, տրտմութիւններն ու հեծութիւնները: Եւ նրանք միշտ յարազուարճ բերկրանքով ուրախացած եւ հանգիստ են առած յաւիտենական կեանքում մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ օրհնեալ է Իր Հօր եւ Ամենասուրբ Հոգու հետ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՔԱՐՈԶ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ԴԱՒԹԻ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ԽՄԲՈՎԻՆ ՕՐՀՆԵՑԷՔ ԱՍՏԾՈՒՆ, ՏԻՐՈՋԸ՝ ԻՍՐԱՅԷԼԻ ԱՂԲԻՒՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ» [Սաղմ. ԿԷ 27]
«Եկեղեցի»-ն համանուն է եւ բազում նշանակութիւններ ունի: Համանուն լինելը պէտք է փնտռել երեք բանում. նախ՝ քանի նշանակութիւն ունի այն, ապա՝ դրանցից որի մասին է խօսքը, եւ այնուհետեւ՝ խօսել դրանց մասին:
Արդ, «եկեղեցի»-ն ունի մէկ անուն, բայց երկու նշանակութիւն՝ շինուածք եւ այն շինողներ, մէկը՝ բնակութեան յարկ եւ միւսը՝ բնակուողներ, այսինքն ժողովարան եւ ժողովուողներ: «Եկեղեցի» անունը նշանակում է հաւաքել, ինչպէս որ Աստուած պատուիրեց Մովսէսին՝ ասելով. «Եկեղեցացրո՛ւ, քո ժողովրդին Վկայութեան խորանի դրան մօտ»[9], այսինքն՝ հաւաքի՛ր քո ժողովրդին: Ուստի եկեղեցու անունը նախ Աստուած կոչեց: Արդ, եկեղեցու երկու նշանակութիւնների՝ շինուածքի եւ հաւաքուածների անունը մէկն է՝ եկեղեցի, սակայն մէկ անուն ունենալով՝ նրանք շատ համեմատութիւններ ունեն:
Նախ՝ ինչպէս որ շինուածք-եկեղեցին կազմուած է քարերից եւ այլ նիւթերից, այդպէս էլ մարդ-եկեղեցին՝ ոսկորներից, երակներից, մսից կամ զանազան դէմքերից ու ազգութիւններից, տղամարդկանցից ու կանանցից, ծերերից ու երիտասարդներից, որոնց հաւաքը մի անուամբ եկեղեցի է կոչւում:
Երկրորդ՝ ինչպէս որ շինուածք-եկեղեցին ունի եռայարկ խորան՝ գաւիթ, միջնամաս եւ բեմ, այնպէս էլ մարդն է եռայարկ. մարմինն արտաքին յարկն է, հոգին՝ միջինը եւ միտքը՝ առաջինը:
Երրորդ՝ ինչպէս որ շինուածք-եկեղեցին խաչանման է, արեւելահայեաց եւ գմբեթաձեւ, այնպէս էլ մարդն է խաչաձեւ: Մենք երկրպագում ենք՝ դէպի արեւելք դարձած, որտեղից սպասում ենք Փրկչի Գալստեանը, ինչպէս որ եկեղեցու լուսանցոյցն է դրուած արեւելքից, իսկ գմբեթը վերինը խորհելու խորհուրդն ունի, ուր Քրիստոս է նստում Աստուծոյ աջ կողմում:
Չորրորդ՝ շինուածք-եկեղեցին կոչւում է Աստուծոյ տաճար եւ բնակարան՝ ըստ այն խօսքի, թէ «Տէրն Իր սուրբ տաճարում է»[10], եւ թէ «դուք կենդանի Աստուծոյ տաճար էք»[11], եւ «Աստուծոյ Հոգին է բնակւում ձեր մէջ»[12]:
Հինգերորդ՝ շինուածք-եկեղեցու հիմքում դրւում են տասներկու քարեր եւ տասներկու լուսանցոյցներ՝ ի խորհուրդ մարգարէների եւ առաքեալների, որոնք եկեղեցու հիմքերն են եւ ծագող լոյսերը: Այդպէս էլ մենք տասներկու անդամներ եւ զգայարանների տասներկու դռներ ունենք, ինչպէս երկու աչքերը, երկու ականջները, քթանցքերը, բերանը եւ այլն:
Վեցերորդ՝ շինուածք-եկեղեցին ունի երկու դուռ՝ հարաւային եւ արեւմտեան, որոնք խորհրդանշում են Աստուծոյ ողորմութեան եւ արդարութեան՝ հարաւային եւ արեւմտեան դռները, քանզի երբ ողորմութիւնն անտեսում է, հարաւային դուռն է, եւ երբ արդարութիւնը դէմ յանդիման դատում է ճշմարտութեամբ, արեւմտեան դուռն է: Իսկ մեր մէջ մարմնի այն դուռը, որ դէպի երկիր եւ դէպի խաւարն է նայում, արեւմտեանն է, իսկ մտքի դուռը, որը երկնքին եւ լոյսին է նայում, հարաւայինն է:
Եօթերորդ՝ շինուածք-եկեղեցու մէջ եօթ խորհուրդներ են կատարւում. նա դրանք կատարում է մեր մէջ եւ ամփոփում: Մենք եւս կատարում ենք այդ խորհուրդները եւ կրում մեր մէջ, որոնք են մկրտութիւնը, դրոշմը, պատարագը, ապաշխարութիւնը, օծումը, կարգը եւ պսակը:
Ութերորդ՝ շինութեան անունը եկեղեցի է: Այն կոչւում է նաեւ Սիօնի դուստր, սուրբ հարս, անախտ եւ անարատ թագուհի Քրիստոս Փեսայի աջ կողմում՝ ըստ այն խօսքի, թէ «Թագուհին կանգնած է Քո աջից՝ զարդարուած եւ պաճուճուած ոսկեհուռ զգեստներով»[13]: Այն կոչւում է հոգով ծնուածներիս մայր, իսկ մենք կոչւում ենք հոգեւոր բարի զաւակների մայր եւ ծնող:
Իններորդ՝ շինուածք-եկեղեցու մէջ մէր փրկչական խաչն է, իսկ մեր մէջ՝ Քրիստոսի չարչարանքների ու մահուան խաչը: Նրա մէջ սուրբ Սեղանն է, իսկ մեր մէջ՝ սուրբ սիրտը՝ որպէս ընծայաբերութեան սեղան: Այնտեղ մատուցւում է անարիւն պատարագ, իսկ մեր մէջ՝ բանաւոր պատարագ՝ հոգին եւ մարմինը միշտ կենդանի Աստծուն նուիրելով: Այնտեղ սպասաւորների՝ քահանայապետների, քահանաների եւ սարկաւագների երեք դասերն են, իսկ մեր մէջ՝ իշխանական, իմացական եւ բարի խորհուրդների դասերը: Այնտեղ վառւում է լոյսը, իսկ մեր մէջ՝ խղճմտանքի լոյսը եւ անշէջ Սուրբ Հոգին: «Մի՛ հանգցրէք, - ասում է, - Սուրբ Հոգին»[14]:
Տասներորդ՝ շինուածք-եկեղեցին սրբւում է ջրով ու օծւում, եւ ապա եկեղեցի է դառնում, իսկ այս եկեղեցին մկրտւում է ջրով, դրոշմւում է սուրբ միւռոնով, եւ ապա լինում եկեղեցի եւ Քրիստոսի ժողովուրդ:
Այդ պատճառով էլ շինում են Աստուծոյ անուան այս տունը, օրհնութեամբ սրբում են այն, որպէսզի այնտեղ կատարուի մեր հաշտութիւնը: Եթէ այն նիւթեղէն չլինէր, մեր բնակութեան վայր չէր լինի: Եւ եթէ չսրբուի ու չօրհնուի, Աստուած այնտեղ չի բնակուի: Եւ քանի որ ամէն տեղ կան մեղաւորներ, ամէն տեղ պէտք է շինել եկեղեցի, որպէսզի այնտեղ կատարուի այս հաշտութիւնը:
Եւ արդ, եկեղեցի շինւում է չորս պատճառով: Նախ՝ Աստուծոյ կողմից, երկրորդ՝ մարդկանց կողմից, երրորդ՝ հրեշտակների կողմից, չորրորդ՝ դեւերի կողմից:
* Արդ, նախ եկեղեցի շինւում է Աստուծոյ կողմից, որովհետեւ Աստուծոյ անունը նրա վրայ է. այն կոչւում է Աստուծոյ տաճար եւ բնակարան: Նաեւ՝ որովհետեւ այս տունն օծեալ է, եւ Քրիստոս, որ Հօր եւ Սուրբ Հոգու կողմից օծուեց Աստուածութեան իւղով, թարգմանաբար նշանակում է օծեալ: Նա այստեղ ունի Իր աչքերն ու ականջները՝ ըստ այն խօսքի, թէ «Տիրոջ աչքերն ուղղուած են արդարներին, իսկ Նրա ականջները՝ նրանց աղօթքին»[15]: Նա տեսնում է սուրբերի ծնրադրելն ու արտասուելը, լսում է նրանց աղօթքներն ու սրտի հառաչանքները, տեսնում է նաեւ ոմանց արատաւոր խնդրանքները, որոնք, մեղքով եւ ցանկութիւններով լցուած, զարդարում են իրենց ի ցոյց մարդկանց: Լսում է նաեւ ոմանց, յատկապէս կանանց, բամբասանքները եւ չարախօսութիւնները, մինչդեռ նրանք պէտք է լռութեամբ կանգնեն վերջում, ծածկած գլուխներով ու երեսներով եւ ոչ թէ լրբաբար այս ու այն կողմ շրջեն աչքերը: Նաեւ պէտք է հաւաքեն իրենց մտքերը, Աստուծոյ առաջ տարածեն իրենց յանցանքները եւ իբրեւ դատաւորի առջեւ դատապարտուածներ՝ կապուած ձեռքերով, խոնարհած դէմքով եւ աչքերով, կոտրուած սրտով եւ յորդ արտասուքով, հառաչանքով ու պաղատանքներով մեղքերի թողութիւն խնդրեն անյիշաչար Տիրոջից: Այսքանը Աստուծոյ կողմից շինուած եկեղեցու մասին:
* Իսկ մարդկանց կողմից եկեղեցի շինւում է, որովհետեւ եկեղեցին յոյժ անհրաժեշտ է մարդկանց՝ ամենայն բարիք ընդունելու եւ ամէն չար բան մերժելու համար: Նախ՝ եկեղեցուց ընդունում ենք բարին, որովհետեւ այնտեղ են կատարւում քրիստոնէական եօթ խորհուրդները՝ մկրտութիւնը, դրոշմը, հաղորդութիւնը, քահանայութիւնը, ապաշխարութիւնը, օծումը, պսակը եւ այլն: Այնտեղ ենք աղօթում եւ խօսում Աստուծոյ հետ, խնդրում հոգեւոր եւ մարմնաւոր ամենայն բարիք, աշխարհին խաղաղութիւն, թշնամիներին՝ հաշտութիւն, հիւանդներին՝ առողջութիւն, եղանակի բարեխառնութիւն, անձրեւների եւ պտուղների առատութիւն: Ուրեմն հոգեւոր եւ մարմնաւոր բոլոր բարիքները եկեղեցում ենք խնդրում եւ ստանում: Նաեւ մերժում ենք բոլոր չարիքները, նախ խնդրում ենք մեղքերի թողութիւն, կապանքներից արձակում եւ դժոխքից ազատում, ապա խնդրում ենք ընդդէմ աշխարհի վրայ ցասման՝ կարկուտի, երաշտի, մառախուղի, տարաժամ մահերի կամ հիւանդութիւնների ու ցաւերի համար: Եւ ինչ որ խնդրում ենք եկեղեցում, Աստուած լսում է եւ կատարում, ինչպէս երբ Սողոմոնը Աստուծոյ տաճարի օրհնութեան ժամանակ խնդրեց այս ամէնը, եւ Աստուած լսեց նրան: Ուրեմն օրհնուած եկեղեցին անհրաժեշտ է մարդկանց, որովհետեւ ամենայն բարիք՝ թէ՛ հոգեւոր եւ թէ՛ մարմնաւոր շնորհներ, այստեղ ենք ընդունում եւ ամենայն չարիք՝ թէ՛ հոգեւոր եւ թէ՛ մարմնաւոր, այստեղ է մերժւում մեր մէջ:
* Երրորդ պատճառ. եկեղեցին օրհնւում է հրեշտակների համար, որովհետեւ հրեշտակներն իջնում են օրհնուած եկեղեցում եւ սպասաւորում չորս կերպով:
Նախ՝ երբ Քրիստոս պատարագւում է, մօտենում են հրեշտակները եւ սպասաւորում քահանայի հետ: Այդ պատճառով էլ Սրբասացութիւնը երգում ենք ի դէմս հրեշտակների, որոնք սուրբ պատարագի ժամանակ պարակից են լինում մարդկանց, որպէսզի հաւատացեալներից ոչ ոք չերկբայի: Քահանայի խօսքի ձայնից երկինքն ու հրեշտակները երկիր են իջնում եւ կցորդ լինում երկրաւորներիս՝ սպասաւորելու պատարագի ժամանակ:
Երկրորդ՝ սպասաւորում են՝ հաւատացեալների աղօթքներն առ Աստուած բարձրացնելով, ինչպէս որ հրեշտակն ասաց Տոբիթին. «Երբ աղօթելու կանգնեցիք դուք եւ քո հարս Սառան, ես ձեր աղօթքների յիշատակը մատուցեցի սուրբ Աստծուն»[16]:
Երրորդ՝ սպասաւորում են, որ պահպանեն հաւատացեալներին դեւերի հարուածներից եկեղեցի գալիս, այնտեղ եղած ժամանակ եւ վերադառնալիս, ինչպէս որ Յուդիթն է ասում. «Հրեշտակը պահեց ինձ այնտեղ բնակուելիս եւ այնտեղից դառնալիս»:
Չորրորդ՝ սպասաւորում են, որ սաղմոսողներին իրենց երգակից դարձնեն, ինչպէս Դաւիթն է ասում. «Իշխաններն առաջ անցան՝ օրհնութիւն մատուցելու կոյսերի եւ գովերգուների մէջ»[17]: Որովհետեւ հրեշտակները եկեղեցում առաջ են անցնում սաղմոսողներից, միանում նրանց Աստծուն փառաբանելիս եւ անձանձիր օրհնութեամբ մերձ լինում նրանց հոգիներին:
* Չորրորդ պատճառ. եկեղեցին օրհնւում է դեւերի պատճառով, որովհետեւ օրհնուած եկեղեցին յոյժ ահարկու է դեւերի համար հինգ պատճառով:
Նախ՝ քանի որ այնտեղ է հրեշտակների օգնականութիւնը, որով ամրանում է եկեղեցին:
Երկրորդ՝ այնտեղ է պատարագւում եւ պահւում տէրունական Մարմինը:
Երրորդ՝ այնտեղ է կանգնեցւում խաչը:
Չորրորդ՝ այնտեղ են զեղւում հաւատացեալների աղօթքները:
Հինգերորդ՝ այնտեղ են ամփոփւում սուրբերի նշխարները:
Եւ սրանք բոլորը յոյժ ահարկու են դեւերի համար: Սատանայ նշանակում է առիւծ, ինչպէս Պետրոսն է ասում. «Ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս»[18], իսկ առիւծը չորս բանից է վախենում:
Նախ՝ կառքերի ընթացքից եւ անիւներից, երկրորդ՝ բորբոքուած հրից, երրորդ՝ խօսողից, մանաւանդ եթէ սպիտակ է, չորրորդ՝ երբ տեսնում է, որ իր առջեւ ծեծում են իր կորիւնին: Արդ, անիւն ու կառքերը խորհրդանշում են հրեշտակների զօրքերին, ինչպէս Դաւիթն է ասում. «Աստուծոյ կառքերը բիւրապատիկ են»[19]: Նոյն իրենք՝ հրեշտակները, Եղիային երեւացին հրեղէն կառքով, եւ նրանք ահարկու են դեւերի համար: Երբ Յակոբը տեսաւ սանդուղքը, որով հրեշտակները ելնում եւ իջնում էին, ասաց. «Ահարկու է այս տեղը»[20]: Սանդուղքը խորհրդանշում է մեր ապաշխարութիւնը, այսինքն երբ հրեշտակներն իջնում են եւ ելնում, մեր աղօթքները մատուցում են Աստծուն, եւ դեւերը յոյժ զարհուրում են:
Երկրորդ՝ առիւծը վախենում է բորբոքուած հրից: Հուրը խորհրդանշում է հաւատացեալների ջերմեռանդ աղօթքները, որոնք այնքան սարսափազդու են դեւերի համար, որ անգամ այրում են նրանց, ինչպէս սատանան սուրբ Բարդուղիմէոսին ասաց՝ քո աղօթքներն այրում են ինձ: Նաեւ վարդապետներն են ասում, թէ Աստուծոյ խօսքն ու աղօթքի բառերը նետեր են՝ ուղղուած սատանայի դէմ: Վարդապետներն ասում են նաեւ, թէ հաւատը, յոյսը եւ գործերը թշնամուն սպանող սրեր են:
Երրորդ՝ առիւծը վախենում է սպիտակ խօսողից, որը խորհրդանշում է սուրբերին, մարտիրոսներին եւ խոստովանողներին, որոնք վկայելով Քրիստոսին՝ խօսողներ եղան: Նրանք սպիտակ են, մաքուր եւ անբիծ, իսկ նրանց նշխարները, որ ամփոփուած են եկեղեցում, խիստ ահարկու են դեւերի համար, ինչպէս Ոսկեբերանն է ասում. «Աւազակները, ճանաչելով թագաւորական հարսանիքը, զարհուրում եւ փախչում են»: Այսպէս եւ դեւերը, որոնք տեսնում են մարտիրոսների դրուած մարմինը, իսկոյն զարհուրում եւ փախչում են:
Չորրորդ՝ առիւծը վախենում է, երբ հարուածում են իր կորիւնին, որը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մարմնով եղաւ Աստուծոյ կորիւնը, արթնացրեց մեղքի մէջ թմրածներին եւ Իր լեզուով բժշկեց չարի հասցրած վէրքերը: Այս Կորիւնը ծեծուեց եւ ինչպէս Եսային է ասում. «Ոտքերից մինչեւ գլուխ Նրա վրայ առողջ տեղ չկայ»[21]: Բայց Տիրոջ այս ծեծից ու չարչարանքներից երկու բան մեզ յիշատակ մնաց, մէկը խաչափայտը, միւսը՝ Նրա Մարմնի եւ Արեան խորհրդածութիւնը: Եւ այս երկուսն էլ սարսափելի են սատանայի ու նրա դեւերի համար: Խաչափայտն ահարկու է, որովհետեւ նրա վրայ սուր կայ, որով վիրաւորւում է: Ինչպէս Ոսկեբերանն է ասում. «Այնքան մեծ է սուրբ Խաչի զօրութիւնը, որ եթէ մէկը հաւատարմութեամբ միշտ պահի իր մտքում, դեւը չի կարող մօտենալ նրան, որովհետեւ տեսնում է այն սուրը, որով կործանուեց ինքը»: Դեւերի համար ահարկու է նաեւ Մարմնի եւ Արեան մասին խորհրդածութիւնը, ինչպէս Ոսկեբերանն է ասում. «Ամենուր, ուր տեսնում են Տիրոջ Արիւնը, դեւերը փախչում են, իսկ հրեշտակները՝ մօտենում»:
Եկեղեցին շինւում է ահա այս չորս պատճառներով է եւ օրհնւում է ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ, որ օրհնեալ է յաւիտեանս. ամէն:
ՔԱՐՈԶ ԵԿԵՂԵՑՈՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ /գլուխ ՃԽԴ/ Ձմ.
Պէտք է իմանալ, որ եկեղեցին կառուցւում է լուսեղէն երկնքի օրինակով: Այսինքն բեմը, ուր քահանայապետն է, քահանան եւ սարկաւագները, խորհրդանշում է Աթոռներին, Քերովբէներին եւ Սերովբէներին: Եկեղեցու միջնամասը, ուր դպիրներն են, խորհրդանշում է Տէրութիւններին, Զօրութիւններին եւ Իշխանութիւններին: Եւ դուռը, ուր դռնապանը, երդմնեցուցիչը, սուրբ ժողովուրդը, ջահընկալն ու ընթերցողն են, խորհրդանշում է Պետութիւններին, հրեշտակապետներին եւ հրեշտակներին:
Երկրորդ՝ եկեղեցին խորհրդանշում է ամբողջ աշխարհը: Բեմը լուսեղէն երկինքն է, միջնամասը՝ հաստատութիւնը, իսկ արտաքին գաւիթը՝ տեսանելի երկիրը:
Երրորդ՝ եկեղեցին դրախտն է: Բեմն այն տեղն է, ուր Աստուած խօսում էր մարդու հետ, միջնամասը՝ երբ մարդը կերաւ պտուղն եւ ծածկուեց տերեւով, իսկ գաւիթը՝ երբ մարդն արտաքսուեց դրախտից: Այս դիտաւորութեամբ սեղանը դուրս ենք հանում՝ յօրինակ Ադամի դրախտից ելնելու: Քահանայապետի դուռը փակելը խորհրդանշում է Աստուծոյ հրամանը Քերովբէներին, այն էր՝ փակել կենաց Ծառի ճանապարհը, մինչեւ որ Քրիստոս Իր Խաչով կրկին բացեց դրախտի դուռը, ինչպէս ասաց աւազակին. «Այսօր Ինձ հետ դրախտում կը լինես»[22]:
Չորրորդ՝ եկեղեցին Նոյեան տապանն է, որի ներքնատունն անասնաբարոյ ժողովուրդն է, միջնատունը՝ եկեղեցու մէջ մարդու Աստուծոյ պատկերը, եւ վերնատունը՝ թռչունները, այսինքն այն մարդիկ, որոնք առաքինութեան թեւերով սլանում են երկինք, կամ էլ երկնքում բնակուող հրեշտակները: Ահա եկեղեցին մեզ համար այն տապանն է, որը պահպանում է մեղքերի ջրերի հեղեղից:
Հինգերորդ՝ եկեղեցին Աբրահամի խորանն է, ուր Աստուած երեւաց կաղնու մօտ, որ Խաչն է, իսկ նրա հետ եղող երկու հրեշտակները Երրորդութեան խորհուրդն ունեն, կաթը՝ Աստուծոյ իմաստութիւնը, կարագը՝ շնորհների լոյսը, հորթը՝ պարարտ եզը, իսկ բաղարջը՝ անապական Մարմինը:
Վեցերորդ՝ եկեղեցին Սինա լեռն է, ուր Աստուած իջաւ ամպով ու հրով եւ խօսեց Մովսէսի հետ: Յեսուի հետ Նա խօսեց լերան վրայ, ծերերի հետ՝ ստորոտում, իսկ ժողովուրդը հեռու էր կանգնած: Եթէ լերանը գազան մօտենար, կը քարկոծուէր: Սինա լեռը, որ անմատոյց է կոչւում, սուրբ եկեղեցին է, որ վեր է խոյացած այս երկրի վրայ եւ անմատչելի է բազմութեան համար: Լերան գլուխը բեմն է, քահանան՝ Մովսէսը, քահանային մերձ կանգնած սարկաւագը՝ Յեսուն: Ամպից դուրս գտնուող ծերերը՝ դպիրները, հեռւում կանգնածները՝ ժողովուրդը, գազանները՝ մեղսալից, չար մարդիկ, անասունները՝ տգէտները, այսինքն օրէնքները չիմացողները, որոնք եթէ մօտենան նրան, կը քարկոծուեն այստեղ խղճմտանքից, իսկ այնտեղ՝ յաւիտենական տանջանքներից:
Եօթերորդ՝ եկեղեցին Մովսէսի խորանն է Սինայի անապատում: Երեքյարկեան Սրբութիւնների Սրբութիւնը բեմն է, սիւնը՝ տապանակը, Քաւութիւնը՝ Մարմնի եւ Արեան սուրբ Սեղանը, քշոցը՝ քերովբէները: Քահանայապետը պէտք է տարին մէկ անգամ քաւութեան ծէս անէր[23], իսկ քահանան, տարին օրուայ հետ փոխելով, պէտք է օրական մէկ անգամ պատարագ մատուցի: Սրբութիւնը եկեղեցու միջնամասն է, ուր սպասաւորում են քահանաները, եւ սրահը՝ արտաքին ժողովարանը, ընդհանուր աղօթքի եւ նուիրաբերման տեղը:
Ութերորդ՝ եկեղեցին Սողոմոնի շինած եւ Զօրաբաբելի նորոգած տաճարն է՝ դարձեալ եռայարկ ձեւով եւ նոյն խորհրդով:
Իններորդ՝ եկեղեցին սուրբ Վերնատունն է, որտեղ մեր Տէրը լուաց աշակերտների ոտքերը եւ բաշխեց փրկչական սուրբ Մարմինն ու Արիւնը: Սուրբ եկեղեցին Վերնատունն է: Այնտեղ է մկրտութեան աւազանը, եւ այնտեղ է կատարւում Քրիստոսի պատարագի բաշխումը:
Տասներորդ՝ Իր յարութիւնից յետոյ Տէրը փակ դռների միջով մտաւ սուրբ Վերնատուն, փչեց առաքեալների վրայ, իշխանութիւն տուեց նրանց՝ կապելու եւ արձակելու մեղքերը, ու այնտեղ ցոյց տուեց Իր խոցերի տեղերը: Քրիստոս սուրբ եկեղեցի մտնում է փակ դռների միջով եւ շնորհում պարգեւների փչումը: Այնտեղ քահանաներին իշխանութիւն է տալիս կապելու եւ արձակելու: Այնտեղ տեսնում ենք Քրիստոսի չարչարանքների տեղը, գործիքները, փրկչական խաչն ու Նրա կենդանագիր պատկերը: Նոյն Վերնատան մէջ Սուրբ Հոգին հրեղէն լեզուներով իջաւ առաքեալների վրայ եւ մխիթարեց նրանց: Այնտեղ՝ սուրբ եկեղեցում, իջնում են Սուրբ Հոգու եօթնարփեան շնորհները, որոնք ըստ իւրաքանչիւրի կարողութեան՝ տալիս է լեզուի ու գիտութեան խօսք եւ հրաւիրում առաքինութեան ըստ իւրաքանչիւրի՝ քահանայապետի, քահանայի, սարկաւագի, դպրի եւ միւսների աստիճանի: Սուրբ եկեղեցին այս խորհուրդն ունի: Իսկ թէ ինչու ենք օրհնում այն, նոյնպէս բազում պատճառներ ունի:
Նախ՝ մարդու յանցանքի պատճառով դատապարտուեցին տարերքները՝ հողը, ջուրը եւ այլն՝ ըստ այն խօսքի, թէ «Թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով»[24]: Իսկ եկեղեցին այդ նիւթից է շինուած, այդ պատճառով էլ օրհնում եւ նոյն աստուածային խօսքով սրբում ենք առաջին անէծքից:
Երկրորդ՝ քանի որ նրա նիւթը քարերից ու փայտից են, որոնք անասունների եւ անսուրբ մարդկանց ոտքի կոխան են եղել, այդ պատճառով օրհնում ենք այն եւ սրբում:
Երրորդ՝ քանի որ Մովսէսը խորանը կանգնեցնելիս այն օծեց եւ սրբեց նոխազների արիւնով, ջրով եւ իւղով, մենք եւս եկեղեցին սրբում ենք ջրով ու գինով եւ օրհնում սուրբ միւռոնով:
Չորրորդ՝ երբ Սողոմոնը շինեց տաճարը, աղօթեց, նոյնպէս օրհնեց եւ օծեց այն, ինչպէս որ Մովսէսը, որի համար Աստուծոյ փառքը լցրեց տաճարը եւ հուր իջաւ պատարագի վրայ: Այս դիտաւորութեամբ խունկ ենք վառում սեղանի չորս անկիւններում եւ մէջտեղում, որովհետեւ նախ՝ հուրը իջաւ Աբրահամի սեղանի վրայ, երկրորդ՝ Մովսէսի խորանում՝ ողջակէզի սեղանի վրայ, եւ անշէջ մնաց, երրորդ՝ Դաւթի ողջակէզի սեղանի վրայ. Ուռնայի կալում երկնքից կրակ իջաւ, այրեց ողջակէզները, եւ կոտորածը վերացաւ: Չորրորդ՝ Սողոմոնի տաճարում աղօթելուց յետոյ Աստուծոյ փառքը տաճարը լցրեց ամպով, եւ հուր իջաւ սեղանի վրայ: Հինգերորդ՝ հուր իջաւ Եղիայի սեղանի վրայ եւ Աքաաբի առջեւ ողջակիզեց զոհին, ու երկնքից անձրեւ տեղաց, որ երեք տարի եւ վեց ամիս չէր տեղացել:
Հինգերորդ՝ եկեղեցին օրհնում ենք, որպէսզի Վերնատան նոյն օրհնութիւնը, ուր Տէրը պատարագեց, եւ Սուրբ Հոգին իջաւ առաքեալների վրայ, իջնի սուրբ եկեղեցում:
Վեցերորդ՝ եկեղեցին օրհնում ենք, որպէսզի օրհնութիւնը տարածուի այն աշխարհականների տներին, որոնք սուրբ օծութիւն չունեն:
Եօթերորդ՝ Աստուած, որ բնակւում է տաճարում, սուրբ է: Այդ պատճառով եկեղեցին սրբւում է՝ լինելու սուրբ Աստուծոյ տաճար, որովհետեւ Տէրն Իր սուրբ տաճարում է:
Ութերորդ՝ եկեղեցին սրբում ենք, որպէսզի այն Սրբութիւնների Սրբութիւն լինի՝ սրբելու նրանց, ովքեր մօտենում են:
Իններորդ՝ եկեղեցին սրբում ենք, որովհետեւ այնտեղ բնակուողները եւ նրա սպասաւորները պէտք է սուրբ լինեն, որպէսզի չպղծեն սրբութիւնները:
Տասներորդ՝ եկեղեցին սրբում եւ օծում ենք յօրինակ մեզ, որովհետեւ մենք եւս եկեղեցի ենք կոչւում, ինչպէս ասուեց վերեւում:
Արդ, ջուրը, գինին եւ միւռոնը նշանակում են սուրբ աւազանի ջուրը եւ միւռոնը, որոնցով օծւում եւ դրոշմւում ենք եւ ապա մեղսաքաւիչ Արեան ճաշակմամբ կատարեալ դառնում: Նաեւ՝ սրբւում ենք խոստովանութեան ջրով, զմայլւում թողութեան գինով, զուարթանում եւ լուսաւորւում շնորհների իւղով:
Այս է եկեղեցու օրհնութեան խորհուրդը: Իսկ պղծուած տաճարն աղօթում կամ տեղաշարժուած սեղանն օրհնում եւ հաստատում ենք, որպէսզի երբ մեր սրբութիւնն ապականուի որեւէ մեղքով, կամ մէկը սասանուի հաւատքի մէջ, վերստին կարողանայ հաստատուել, դարձեալ խոստովանել ու ապաշխարել եւ դառնալ նախկին սուրբ տաճարն ու Աստուծոյ Հոգու բնակարանը՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ, որ օրհնեալ է յաւիտեանս. ամէն:
ՔԱՐՈԶ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ «ԵԿԵՂԵՑՈՒՄ ՕՐՀՆԱԲԱՆԷՔ ԱՍՏԾՈՒՆ, ՏԻՐՈՋԸ՝ ԻՍՐԱՅԷԼԻ ԱՂԲԻՒՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ» [Սաղմ. ԿԷ 27] Գլուխ ՃՁԴ
Նախ, պէտք է եւ արժանի է իմանանք, թէ ինչ նշանակութիւն ունեն այս խօսքերը եւ ապա խորամուխ լինել՝ քննելու դրանք:
Առաջին. ինչո՞ւ ենք աղօթում եկեղեցում:
Երկրորդ. ինչո՞ւ ենք թէ՛ շինող ժողովրդին եւ թէ՛ քարերից շինուած կառոյցին նոյն անուամբ՝ եկեղեցի կոչում:
Երրորդ. ինչո՞ւ է մեր այս եկեղեցին կոչւում իգական անուամբ:
Չորրորդ. ինչո՞ւ է մեր այս եկեղեցին կոչւում վերին Սիօնի դուստր:
Հինգերորդ. ինչո՞ւ է այն կոչւում Վերին Սիօնի քաղաք:
Վեցերորդ. ինչո՞ւ ենք ասում, թէ եկեղեցին երկինք է երկրի վրայ:
Եօթերորդ. ի՞նչ է նշանակում սրբարան բեմը եւ այլն՝ ըստ կարգի:
* Գանք առաջին գլխին՝ թէ ինչու ենք աղօթում եկեղեցում: Ասենք, որ բազմաթիւ պատճառներով:
Նախ՝ եկեղեցում է Աստուծոյ պատշաճ եւ զգուշացնող խօսքը, որովհետեւ երբ գտնւում ենք եկեղեցուց դուրս, մտածում ենք, թէ հեռու ենք Աստծուց: Եւ այս առումով անզգոյշ ենք լինում աղօթքի ժամանակ, որովհետեւ սաղմոսի եւ աղօթքի հետ խառնում ենք գործը, գործի հետ՝ շատախօսութիւնը, որտեղից ծնւում է դատարկաբանութիւնը, որից էլ՝ խեղկատակութիւնը, դրանից էլ՝ մտքի զեխութիւնը եւ այլն: Արդիւնքում Աստուծոյ հետ հաշտութեան փոխարէն դարձեալ խռովութիւն է լինում:
Երկրորդ՝ թէպէտ Աստուած ամենուր է, որին հաւատում ենք, սակայն մենք ամէն տեղում մերձ չենք Նրան, այլ հաւատում ենք, որ Նրա առջեւ կանգնած ենք միայն այնտեղ: Եւ հաւատքի այս պտղով զգուշութիւն ենք հաղորդում մարմնին: Ինչպէս թագաւորը, որը թէպէտ իշխանութիւն ունի ամբողջ երկրի վրայ, սակայն ովքեր ցանկանում են տեսնել նրան, կարող են միայն թագաւորական պալատում:
Երրորդ՝ երբ եկեղեցում զգօն ենք լինում մարմնով, օրըստօրէ դա առաջնորդ է լինում մտքի մաքրութեանը՝ կարողանալու մտնել Աստուծոյ իմանալի կայանները՝ ընդ որում այս զգալի մարմիններով:
Չորրորդ՝ երբ մտնում ենք եկեղեցի, որ Աստուծոյ տունն է, հարազատ եւ որդիական սէր ենք ցուցաբերում այդ տան Տիրոջ ու բնակիչների հանդէպ, այդ սիրոյ միջոցով պահում ենք պատուիրանը, առանց երկիւղի Նրա մօտ ենք առաքում աղօթքները վեր բարձրացնող հրեշտակին, եւ ապա Հայրը խաղաղւում է որդիների հետ: Այնժամ ծանօթ ենք դառնում միմեանց եւ ապա արժանի լինում սրտի խորքերից խօսել Նրա հետ: Այդ ժամանակ Աստուած հաշտւում է մեզ հետ, եւ Աստուծոյ պարգեւներն ու շնորհներն իջնում են մարդու վրայ: Իսկ ովքեր Աստուծոյ տուն չեն մտնում, ծառայական երկիւղ ունեն ընդդէմ այս ամէնի:
Հինգերորդ՝ եկեղեցու մէջ պէտք է այնքան պատրաստ եւ զգօն լինել Աստուծոյ առաջ, ինչպէս տաճարում թագաւորի ծառան՝ արքայի առջեւ, որովհետեւ նախ՝ ինչպէս ծառան կանգնում է արքայի առաջ ու չի նստում, նոյնպէս էլ պէտք է, որ մենք չնստենք եկեղեցու մէջ, այլ կանգնենք, որպէս թէ արի ենք եւ չենք ընկղմուած մեղքերի մէջ: Երկրորդ՝ նա պէտք է հաստատուն կանգնի երկու ոտքերի վրայ, ոչ թէ յենուի մէկի վրայ, որպէսզի ցոյց տայ, թէ՝ պատրաստ եմ հոգով եւ մարմնով կատարել Քո պատուիրանները: Երրորդ՝ ծառան պէտք է ձեռքերը միացրած դնի կրծքին՝ ցոյց տալու, թէ ես իշխան չեմ, այլ իշխանութեան տակ եմ: Նոյնը պէտք է անել եկեղեցում ինչպէս մէկը, որն իշխանութիւն չունի քանդելու օրէնքը, այլ գտնւում է Աստուծոյ հրամանների եւ օրէնքի ներքոյ, որոնք պիտի կատարի, ինչ որ պատուիրում են: Չորրորդ՝ պէտք չէ, որ ծառան գաւազան վերցնի որպէս ծուլութեան կամ իշխանութեան նշան: Այդպէս պէտք է անենք եւ մենք, այսինքն չսիրենք հեշտութիւնն ու ծուլութիւնը, ինչպէս որ Աստուած ասաց Մովսէսին. «Ցած գցիր գաւազանդ», այսինքն ծուլութիւնդ: Հինգերորդ՝ ծառան թագաւորի առաջ միշտ կանգնում է նրա զգեստն ուսին գցած: Այդպէս էլ պէտք չէ, որ քահանան Աստուծոյ առջեւ եկեղեցի մտնի առանց փիլոնի, որովհետեւ դա այն հանդերձն է, որով Տէրն Իր փեսայութեան օրը թագաւորեց մահուան վրայ: Վեցերորդ՝ ծառան չի յենւում արքայարանի անկիւններում կամ պատերին, այլ կանգնում է մէջտեղում՝ թագաւորի երեսի առջեւ: Այդպէս էլ ով մտնում է Աստուծոյ տուն, պէտք չէ յենուի եկեղեցու պատերին կամ ծածկուի Աստուծոյ երեսից՝ խորաններում աղօթելը պատճառ բռնելով: Եօթերորդ՝ ծառան ոչինչ չի անում՝ բացի ծառայութիւնից: Այդպէս էլ ով եկեղեցի եւ աղօթարան է մտնում, պէտք չէ մարմնաւոր գործեր անի, այլ սպասաւորի Աստծուն, որովհետեւ այդպիսիններն առաւել սիրում են մարմնաւոր գործը, քան Աստծուն: Ութերորդ՝ թագաւորի առաջ ծառան չի խօսում որեւէ մէկի հետ: Այդպէս էլ աղօթքի ժամին պէտք չէ խօսել որեւէ մէկի հետ, որովհետեւ մեր խօսակիցն Աստուած է, իսկ Աստծուն թողնել եւ խօսել այլ մէկի հետ, նշանակում է խօսակցել սատանայի հետ: Իններորդ՝ ծառան չի պատկառում որեւէ մէկից, այլ աչքը միշտ թագաւորի վրայ է պահում, որ գուցէ հրաման ստանայ նրանից, եւ ինքը պատրաստ լինի, այլ ոչ թէ ուրիշներին նայելով՝ չկատարի թագաւորի հրամանը եւ պատժուի: Այդպէս էլ պէտք չէ նայել որեւէ մէկին կամ էլ յետ նայել, որպէսզի չցրուեն միտքն ու զգայարանները: Տասներորդ՝ ծառան ականջն ու միտքը միշտ բեւեռում է թագաւորի եւ նրա հրամանների վրայ, որպէսզի փութով կատարի դրանք: Նոյնը պէտք է անենք եւ մենք. մեր ականջներն ու միտքը պէտք է լինեն աղօթքի ձայնի եւ երգերի մէջ, որպէսզի երբ իջնի շնորհը, անմասն չմնանք:
* Գանք երկրորդ գլխին, թէ ինչու միեւնոյն անուամբ եկեղեցի ենք կոչում թէ՛ Աստուծոյ տունը, որ անշունչ քարերից է եւ թէ՛ քրիստոնեաների հաւաքը: Կը պատասխանենք բազմաթիւ պատճառներով:
Նախ՝ ըստ անուան՝ եկեղեցի է թէ՛ այն եւ թէ՛ այս:
Երկրորդ՝ ըստ կայացման՝ այն կազմուած է բազմաթիւ մարդկանցից, իսկ այս՝ բազմաթիւ քարերից, փայտից եւ այլ նիւթերից:
Երրորդ՝ ըստ գործի՝ այն ժողով է, իսկ այս՝ ժողովարան:
Չորրորդ՝ ըստ ձեւի՝ մարդը քառաձեւ է, իսկ եկեղեցին՝ քառակողմ եւ խաչաձեւ:
Հինգերորդ՝ ըստ որպիսութեան՝ մարդը՝ որպէս դռներ ունի հինգ զգայարաններ, իսկ որպէս մուտք՝ միտքը: Նոյնպէս էլ եկեղեցին չորս կողմերից ունի դուռ՝ ինը դռներ՝ երկու չորս զգայարաններով եւ մէկ բերանով, որ լինում է ինը: Եւ այն ունի չորս վերին գմբեթներ եւ չորս ստորին գմբեթներ ու դուռ, որ լինում է ինը:
Վեցերորդ՝ մարդը ստացաւ Աստուծոյ Հոգին սուրբ աւազանի միջոցով, իսկ եկեղեցին ստացաւ օրհնութեամբ:
Եօթերորդ՝ մարդն անձնաւորուած բանականութեամբ եւ յատկութեամբ է, իսկ եկեղեցին անձնաւորուած օրհնութեամբ հաւասար է նրան:
Ութերորդ՝ սրբութեամբ մարդն Աստուծոյ տաճար է, իսկ եկեղեցին՝ Աստուծոյ սրբուած բնակարան:
Իններորդ՝ նա ծնում է մարդու ախտաւոր որդի, իսկ եկեղեցին անախտութեամբ ծնում է Աստուծոյ որդի:
Տասներորդ՝ նրանք տալիս եւ բաշխում են մարմնաւոր հաց եւ ըմպելիք, իսկ եկեղեցին մարդկային ազգի փրկութեան համար տալիս է կեանքի Հաց՝ իջած երկնքից: Դարձեալ, նա ունի չորս առաքինութիւններ՝ որպէս աղօթքներ ընծայող եւ վարքի մաքրութեան սեղան, իսկ եկեղեցին՝ սուրբ Հացի քառակողմ սեղան: Դարձեալ, նա շինուեց Պետրոսի հաւատի վէմի վրայ, իսկ եկեղեցին՝ առաքեալների, մարգարէների եւ վարդապետների խօսքի հիման վրայ:
* Այժմ քննենք երրորդ գլուխը, թէ ինչու է իգական անուամբ՝ [հարս] կոչւում մեր եկեղեցին, իսկ Քրիստոս՝ Փեսայ՝ ըստ առաքեալի այն խօսքի, թէ «Ձեզ նշանեցի մի մարդու՝ որպէս մի անբիծ կոյս՝ Քրիստոս Փեսային ներկայացնելու համար»[25]: Իսկ Դաւիթն ասում է. «Լսի՛ր, Դո՛ւստր»[26], եւ աւետարանն էլ, թէ «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց»[27]: Այս խօսքերը մեզ համարձակութիւն են տալիս եկեղեցուն եւ Քրիստոսին համեմատել փեսայի եւ հարսի հետ, որովհետեւ նրանց ամենազգօն միտքը մաքուր եւ հեռու է ախտաւոր մեղկութեան խորհուրդներից: Եւ պէտք է մենք եւս հասնենք այս վեհագոյնին եւ ապա զօրութեամբ քննենք խորհուրդները:
Ահա այսպէս են համեմատւում հոգեւոր եւ մարմնաւոր հարսանիքները:
Նախ՝ երբ հարսը նշանւում է փեսայի հետ, տեսութեամբ հեռու է լինում նրանից: Այդպէս եւ մենք, չճանաչելով Նրան, անաստուածութեամբ եւ մեղքերով հեռացանք Նրանից:
Երկրորդ՝ միջնորդները գալիս են հարսի մօտ եւ փեսայի համար խօսում հարսի հետ: Նոյնպէս էլ մարգարէները եւ առաքեալները գնացին հրեաների ու հեթանոսների մօտ եւ հարսնացրին նրանց Քրիստոս Փեսային՝ ասելով. «Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մօտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին եւ քո հօր տունը, քանզի թագաւորը ցանկացաւ քո գեղեցկութիւնը»[28], այսինքն հոգուն, որ Աստուծոյ պատկերն է:
Երրորդ՝ հարսի մօտ գովում են փեսայի փառքն ու գեղեցկութիւնը, եւ այդ խօսքերից փեսայի սէրը կաթում է կոյսի սրտի մէջ: Այդպէս էլ հարսնացեալ մարդկային ազգի մօտ գովում են Քրիստոս Փեսային՝ ասելով. «Իմ եղբօրորդին կարմիր է եւ սպիտակ, գեղեցիկ, քան մարդկանց բոլոր որդիները»[29]: Եւ Դաւիթն էլ ասում է. «Գեղեցիկ ես մարդկանց բոլոր որդիներից»[30], եւ թէ «Մեծ է Տէրը եւ յոյժ օրհնեալ»[31], կամ «Նրա մեծութիւնը սահման չունի»[32], եւ առաքեալն էլ ասում է. «Երանելին եւ միակ Հզօրը, թագաւորների Թագաւորը»[33]: Եւ այս խօսքերից Քրիստոս Փեսայի սէրը կաթեց եկեղեցու սրտի մէջ, ինչպէս որ հարսն ասաց Փեսային. «Այրւում եմ քո խանդակաթ սիրով, քանի որ հաւատաց Աստծուն եւ Տիրոջը»[34]:
Չորրորդ՝ երբ հարսի միտքը գերւում է փեսայի սիրով, նա թողնում է իր հօրն ու մօրը եւ գնում նրա յետեւից: Նոյնպէս էլ եկեղեցիներն ազգերին գերեցին Քրիստոսի սիրով, որոնք թողեցին ժողովուրդներին եւ հայրական տունը, այսինքն ծերերի աւանդութիւններն ու տաճարը: Եւ հեթանոսները թողեցին կուռքերի տներն ու զոհաբերութիւններն ու գնացին Քրիստոս Փեսայի յետեւից՝ ըստ այն խօսքի, թէ «Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մօտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին եւ քո հօր տունը, քանզի թագաւորը ցանկացաւ քո գեղեցկութիւնը»: Եւ Պետրոսն էլ ասում է. «Մենք թողեցինք ամէն բան»[35]:
Հինգերորդ՝ փեսայի մօտ գովում են հարսին՝ ասելով. «Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի»[36] եւ «քո աչքերը նման են աղաւնիների»[37] եւ նաեւ «Թագուհին կանգնած է քո աջից»[38], որը նաեւ ընկերներ է բերում քեզ, որոնց ծնում է հաւատքով՝ խօսքով եւ իմաստութեամբ, ինչպէս հարսներն են բերում իրենց նաժիշտներին:
Վեցերորդ՝ երբ համաձայնւում են լինել մէկ անձ, երկուսը պսակով մէկ մարմին են լինում, ինչպէս որ Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից»[39]: Այսպէս սատանայից հրաժարուելուց եւ ամենասուրբ Երրորդութեանը հաւատալուց յետոյ աւազանի մկրտութեամբ լինում ենք ոսկոր՝ նրա ոսկորներից եւ մարմին՝ նրա մարմնից ու Սուրբ Հոգու յօդակապութեամբ խառնւում միմեանց:
Եօթերորդ՝ սերմ առնելով փեսայից՝ հարսը ծնում է զանազան որդիներ: Այդպէս էլ սուրբ եկեղեցին, առնելով Քրիստոսի վարդապետութեան խօսքերի սերմը, յղացաւ ու ծնեց հայրեր եւ հայրապետներ, մարտիրոսներ եւ ճգնաւորներ, արդարներ եւ սուրբեր, ուսուցանեց նրանց երկու կտակարանների իմաստութեան երկու ստինքներից եւ «հասցրեց կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով Քրիստոսի հասակի չափը»[40]:
Ութերորդ՝ հարսը օտար չէ փեսային, այլ էութենակից է նրան: Այսպէս եւ Քրիստոս Փեսան օտար չէ մեզ, այլ մեր բնութենակիցն ու մարմնակիցն է:
Իններորդ՝ հարսը չի թողնում իր ամուսնուն եւ գնում այլ մէկի մօտ, որովհետեւ դա շնութիւն է համարւում: Այդպէս էլ եկեղեցին չի ընդունում օտար վարդապետութիւնները, որոնք ուսուցանում են հակառակ Քրիստոսի օրէնքների:
Տասներորդ՝ հարսը զարդարւում է պատուական զարդերով, որպէսզի հաճելի լինի փեսային: Այդպէս էլ եկեղեցին զարդարւում է առաքինութեամբ, որպէսզի հաճելի լինի Տիրոջը՝ ըստ այն խօսքի, թէ «Տէրը սիրեց Սիոնը»[41]: Եւ դարձեալ, երբ հարսը զարդարւում է, չի հարցնում ընկերներին, թէ արդեօք գեղեցիկ է, այլ վերցնում է հայելին եւ դրանով ուղղում զարդարանքը: Այդպէս էլ երբ եկեղեցու հարսը զարդարւում է առաքինութեամբ, պէտք է վերցնի Սուրբ Գիրքը եւ ըստ նրա պատուիրանների՝ բարի գործեր անի: Ժրաջան հարսը ամուսնու պսակն է: Այսպէս էլ մարդիկ, տեսնելով մեր բարի գործերը, կը փառաւորեն մեր երկնաւոր Փեսային: Այսքանն այս մասին:
* Այժմ անցնենք չորրորդ գլխին, թէ ինչու է մեր եկեղեցին կոչւում վերին Սիոնի դուստր եւ մեր մայր, ինչպէս որ առաքեալն է ասում. «Վերին Երուսաղէմը, որը մեր բոլորի մայրն է, ազատ է»[42]: Եւ Զաքարիան մեզ դուստր է կոչում՝ ասելով «Ուրախ եղիր, Սիոնի դո՛ւստր»: Եւ սա ասում է բազմաթիւ պատճառներով:
Նախ՝ սուրբ ժողովուրդների բոլոր աստուածային գրքերը մայր կոչեցին արդար նախահայրերին, որովհետեւ նրանք՝ առաքեալներն ու մարգարէները, հոգեւոր երկունքով ծնեցին հայրապետներ, որոնք գնացին եւ ժողովուեցին վերին Սիոնում՝ ճշմարիտ դիտանոցում, ուր հաւաքուած էին տեսուչները: Մայր կոչեցին նաեւ Երուսաղէմը, որ նշանակում է խաղաղութիւն, այսինքն հեռու բոլոր թշուառութիւններից: Հայրապետները նրանց ծննդկան դուստրերն էին, որովհետեւ նրանք վարդապետութեան խօսքով ծնեցին իրենց հետեւորդներին: Եւ այսպէս մէկը միւսից ծնուելով եւ այնտեղ ժողովուելով՝ առաջինները եղան երկրորդների մայրը, որովհետեւ նրանք ծնեցին սրանց, եւ սրանք էլ ծնեցին դուստրեր, որոնք էլ ծնեցին ուրիշներին:
Երկրորդ՝ մայրը նախ յղանում է եւ ապա ծնում: Այսպէս էլ նրանք իրենց հոգիներում նախ յղացան Սուրբ Հոգուց եւ ապա ծնեցին մեզ:
Երրորդ՝ մայրը մանկանը սնում է կաթով: Եւ նրանք էլ երկու կտակարաններով իմաստացրին մեզ, ինչպէս որ առաքեալն է ասում. «Իբրեւ մանուկներ ի Քրիստոս կաթ տուեցի ձեզ»[43]:
Չորրորդ՝ կաթից յետոյ մայրը երեխային հաստատուն կերակուր է տալիս: Եւ նրանք էլ խօսքով քարոզելուց յետոյ տուեցին հրեշտակների Հացը՝ իջած երկնքից, որ է Տիրոջ Մարմինն ու Արիւնը:
Հինգերորդ՝ մայրը սիրում է որդուն եւ պահպանում նրան բոլոր վտանգաւոր պատահարներից: Այդպէս էլ նրանք սիրում են մեզ, եւ մենք էլ՝ նրանց: Մենք նրանց պատգամներով պահպանւում ենք մեղքի պատճառած բոլոր վնասներից:
Վեցերորդ՝ մայրը տրտմում է զաւակի ինչ-ինչ թերութիւններից եւ ուրախանում նրա յաջողութիւններով: Նոյնպէս էլ նրանք են տրտմում, երբ պակասում են մեր բարի գործերը, սակայն ուրախանում են բարի գործերի համար՝ ըստ այն խօսքի, թէ «Ուրախութիւն կը լինի մէկ մեղաւորի համար, որն ապաշխարում է»[44]:
Եօթերորդ՝ որքան զաւակը մօրից հեռու է լինում, մտահոգութեան եւ վարանումների մէջ է լինում, բայց երբ մօր մօտ է լինում, անդորր է գտնում: Այդպէս էլ նրանք. որքան դեռեւս այստեղ ենք, հոգսերի եւ երկիւղի մէջ են, որ գուցէ մեղանչենք, բայց երբ խառնուենք իրենց, անդորր կը գտնենք:
Ութերորդ՝ որդիներն իրենց գործերով ուր էլ որ գնան, երեկոյեան կը ժողովուեն մօր մօտ եւ հանգիստ կը գտնեն: Այսպէս է եւ մեր եկեղեցում. իւրաքանչիւր ոք, ով ըստ իր կամքի եւ ընտրութեան ընթանում է որեւէ գործով, սակայն մահուան նախորդ օրը ժողովւում է նրանց մօտ եւ հանգիստ գտնում: Այսքանն այս մասին:
* Այժմ գանք հինգերորդ գլխին, թէ ինչու է քաղաքը վերին Սիոն կոչւում, ինչպէս որ առաքեալն է ասում. «Դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստուծոյ քաղաքին, երկնային Երուսաղէմին»[45]: Ասենք, որ բազմաթիւ պատճառներով:
Նախ՝ քաղաքը կազմուած է հաւաքուած բազմաթիւ մարդկանցից, որտեղ կան անհամար՝ հազար-հազարաւոր եւ բիւր-բիւրաւոր արդար սուրբերի հոգիներ, ինչպէս որ Յովհաննէսն է ասում. «Տեսայ հոգիների բազմութիւն, որոնք կային Աստուծոյ Աթոռի շուրջը»[46]:
Երկրորդ՝ քաղաքն ամփոփւում է պարսպով եւ դռներով: Եւ Յովհաննէսը տեսաւ այն քաղաքի պարիսպը, որ շափիւղայից էր, եւ նրա դռները, որ ամբողջական մարգարիտից էին՝ ըստ այն խօսքի, թէ «Քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին եւ ընտիր-ընտիր քարերից»[47]:
Երրորդ՝ քաղաքում կան ամէն տեսակ արհեստաւորներ: Եւ այն քաղաքում կան մարգարէների, առաքեալների, վարդապետների, հայրապետների, քահանաների, մարտիրոսների, ճգնաւորների, կոյսերի բազմաթիւ այլ դասեր:
Չորրորդ՝ ամէն բան, ում ինչ պէտք է, կարելի է գտնել քաղաքում: Եւ այն քաղաքը, որ աչքը չի տեսել, ականջը չի լսել եւ սրտի մէջ չի ընկել, լի է ամէն բարիքներով:
Հինգերորդ՝ քաղաքը թագաւորաբնակ է: Այդպէս էլ այն երկնաւոր Թագաւորի արքայական գահն է:
Վեցերորդ՝ քաղաքը զարդարւում է ի վայելումն արքայի: Նոյնպէս եւ երկնաքաղաքացիները սուրբ ջրով եւ սուրբ վարքով սպանեցին ախտերը, դրոշմուեցին կնիքով ու Հոգու շնորհներով զարդարուեցին անկողոպտելի զարդերով:
Եօթերորդ՝ քաղաքացին զրկուած չէ թագաւորի տեսութիւնից, ինչպէս ռամիկը, որ հեռւում է, այլ միշտ տեսնում է նրան եւ ուրախ լինում: Այդպէս էլ նրանք միշտ տեսնում են Աստծուն եւ ուրախ են Աստուծոյ իրենց հանդէպ ունեցած սիրով, ինչպէս որ ասաց. «Ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի»[48]:
Ութերորդ՝ գեղեցիկ է քաղաքի շինուածքը: Այդպէս էլ գեղեցիկ է այն քաղաքի շինուածքը, որ պատուական է, որովհետեւ ձեռակերտուած է հաւատով, յոյսով եւ սիրով:
Իններորդ՝ քաղաքից դուրս ելնողները վնասւում են աւազակների եւ գազանների կողմից: Այդպէս էլ այն քաղաքից դուրս գտնուողները վնասւում են աւազակից, որ սատանան է, որը կողոպտում է մեր բոլոր բարիքները եւ առիւծաբար պատառոտում:
Տասներորդ՝ գազաններն ու աւազակները քաղաք չեն մտնում: Եւ սատանան էլ չի կարող մտնել այն քաղաքը, որովհետեւ այն ողջերի եւ անմեղների քաղաք է: Սատանան անդարձ մեղանչեց եւ իր անկումով մահացաւ յաւիտենական մահով:
* Այժմ քննենք վեցերորդ գլուխը, թէ ինչու է եկեղեցին երկինք երկրի վրայ, որը ցոյց կը տանք բազմաթիւ պատճառներով:
Նախ՝ Աստուած մարդացաւ, եւ մարդն աստուածացաւ, ու Երկնաւորը երկրաւոր եղաւ: Ապա ուրեմն երկիրը երկինք եղաւ:
Երկրորդ՝ երբ ասաց՝ «Երկրի վրայ խաղաղութի՜ւն»[49], երկնային խաղաղութիւնը երկիր իջաւ: Եւ առաքեալն էլ ասում է. «Քանդեց միջնորմը ... եւ խաղաղութիւն աւետարանեց ձեզ՝ հեռու եղողներիդ, եւ խաղաղութիւն՝ մօտ եղողներիդ»[50]:
Երրորդ՝ հաճութիւնն ու ուրախութիւնը, որ ունեն երկնայինները, ունեցան երկրաւորները, ինչպէս որ գրուած է. «Հաճութի՜ւն մարդկանց մէջ»[51]:
Չորրորդ՝ երկնայինները խառնուեցին մարդկանց, եւ մարդիկ էլ միմեանց մէջ: Եւ այն փառքը, որ մարդիկ տալիս էին երկրաւոր կուռքերին, երկինք առաքեցին, այդ պատճառով երկիրը երկինք եղաւ:
Հինգերորդ՝ Նա անսուտ խոստում տուեց՝ ասելով. «Ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»[52], իսկ մենք եկեղեցու մէջ ենք: Ապա ուրեմն եկեղեցին երկինք է:
Վեցերորդ՝ Նա ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն Իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ»[53]: Եւ մենք բազմութեամբ ժողովւում ենք եկեղեցու մէջ, եւ Նա էլ՝ մեր մէջ: Ապա ուրեմն եկեղեցին երկինք է:
Եօթերորդ՝ երբ մենք սիրում ենք Նրան եւ պահում Նրա պատուիրանները, Հայրը, Որդին եւ սրբագործ Սուրբ Հոգին բնակւում են մեր մէջ՝ ըստ առաքեալի այն խօսքի, թէ «Արդարեւ, դուք կենդանի Աստուծոյ տաճար էք»[54], եւ «Աստուծոյ Հոգին բնակւում է ձեր մէջ»[55], որովհետեւ Աստուած բնակւում է մարդկանց մէջ, ինչպէս որ հրեշտակների մէջ: Մարդիկ բնակւում են տաճարում, իսկ հրեշտակները՝ երկնքում, եւ Արարիչը երկրպագւում է երկնաւորների ու երկրաւորների միաձայնութեամբ: Ապա ուրեմն սուրբ եկեղեցին երկինք է:
Եւ դարձեալ, սուրբ եկեղեցին ունի երկնքի նմանութիւնը, որովհետեւ.
Նախ՝ երկինքը բարձր է իր տեղով, իսկ եկեղեցին բարձր է իր տեղով՝ մեր ընդհանուր բնակավայրից:
Երկրորդ՝ երկինքը մշտակայ լոյս է, իսկ եկեղեցում միշտ վառ են կանթեղների լոյսը:
Երրորդ՝ երկինքը զարդարուն եւ գեղեցիկ է լուսատուներով, իսկ եկեղեցին զարդարուած է նուիրապետութեան զանազան աստիճաններով, լուսաւորուած է երկու կտակարաններով եւ այլ բազմաթիւ պատուիրաններով, որոնք լոյս են տալիս աչքերին:
Չորրորդ՝ երկինքն անշարժ է բնութեամբ, իսկ եկեղեցուն Տէրն անշարժելի եւ հաստատուն պահեց հերձուածողների խօսքերից ու բերանից:
Հինգերորդ՝ երկնքում զանազան օրհնութիւններ են իր բնակիչների՝ իմանալի հրեշտակների կողմից, իսկ եկեղեցում Աստուծոյ օրհնաբանութեան բազմազան երգեր են իր բնակիչների կողմից:
Վեցերորդ՝ նրանք անընդմիջաբար կանգնած են Աստուծոյ առաջ, եւ եկեղեցում մենք եւս:
Եօթերորդ՝ նրանք բնակիչներ են, որ փառքի Աթոռի առաջ կան ներքեւից դէպի վեր, եւ երկնքում բնակուողներն օրհնութիւն են մատուցում: Եւ եկեղեցում բնակուողները կան Աւագ Խորանում՝ Աստուծոյ փառքի Աթոռին, հանգչում են Սուրբ սեղանին, որ Աստուածութեան խորհուրդն է, եւ ընծայում են աղօթքներ ու օրհնութիւն:
Ութերորդ՝ երկինքը վերնային մշտական խաղաղութեան վայր է, եւ եկեղեցում բնակուողները եւս խաղաղւում են, որովհետեւ գայլներն ու գառները միասին ճարակում են եւ չեն վնասում միմեանց: Այսինքն ագահները եւ պարզամիտները, զրկողները եւ նենգաւորներն ու միւսները, թողնելով իրենց բարքը, միասին սիրով բնակւում են եկեղեցում: Ապա ուրեմն եկեղեցին երկինք է երկրի վրայ:
Իններորդ՝ Սուրբ Հոգին սուրբ եկեղեցուն միացաւ քահանայական կատարեալ օրհնութեամբ եւ միւռոնով: Այնտեղ պատարագւում է Որդին, որի համար Հայրն ընդունում է այն: Ապա ուրեմն եկեղեցին արդարեւ երկինք է երկրի վրայ:
Տասներորդ՝ եկեղեցու մէջ հրաման առանք աղօթել առ Հայր Որդու անունով: Այսինքն մտնելով եկեղեցի՝ պէտք է որդեգրուել, կրել մեր մէջ Նրա նմանութիւնը եւ Հօր նմանութիւնը, ինչպէս որ Նա, եւ ապա աղօթել առ Հայր, որպէսզի ինչպէս որ Հայրն անյապաղ լսում է Որդուն, այդպէս էլ լսի մեզ: Եւ տես, որ եթէ մեր մէջ բերենք Նրա նմանութիւնը եւ ապա մտնենք եկեղեցի ու Նրան Հայր կոչենք, ինչպէս որդին է մտնում հօր մօտ եւ ապա խնդրում, այնժամ եկեղեցին ճշմարտապէս երկինք է լինում: Իսկ եթէ ունենում ենք ոչ թէ Նրա, այլ հակառակորդի նմանութիւնը եւ մտնում ենք եկեղեցի, այնժամ եկեղեցին լինում է դժոխք, որի բնակիչները սատանայ են, եւ որի նմանութիւնն ունեն մեղսասէրները: Այդ պատճառով պէտք է սրբութեամբ մտնել եկեղեցի, որը երկինք է, որովհետեւ եկեղեցին, որ երկնքի պատկերն է, անմեղների վայր է: Այդ պատճառով ովքեր մեղանչում են, հեռանում եւ այլեւս այնտեղ չեն մտնում, այլ գնում են դէպի յաւիտենական տանջանքները:
* Այժմ քննենք եօթերորդ գլուխը, թէ ինչ է նշանակում սրբարան բեմը: Այն Աստուծոյ փառքի Աթոռի հաւաստիքն է, որի շուրջն անընդմիջաբար Աթոռները, Սերովբէները եւ Քերովբէներն են, իսկ սուրբ Սեղանն Աստուծոյ պատկերն է, որովհետեւ ինչպէս որ խաչն Աստուծոյ պատկերն է իր մէջ բնակուող Նրա զօրութեան պատճառով, այնպէս էլ քահանայական կատարեալ օրհնութեամբ եւ սուրբ միւռոնով Սուրբ Հոգու զօրութիւնն ու ներգործութիւնն է տպաւորուած սուրբ Սեղանի մէջ: Ինչպէս սուրբ Դիոնեսիոսն է ասում՝ Յիսուս հաճեցաւ մեզ համար լինել սեղան՝ Աստուածութեան սեղան, որի վրայ մարդկային բնութիւնն անճառապէս միաւորեց Իր բնութեանը եւ Իր մահուամբ պատարագուեց Աստուածութեան՝ իբրեւ Հօր սեղանի վրայ: Այսինքն Յիսուս միւռոնի շնորհիւ իմացականապէս բնակւում է Սեղանի մէջ եւ սրբագործում է նրան գերագոյն աստուածութեամբ, որի վրայ մատուցում է Իրեն որպէս պատարագ, եւ ինչպէս այնժամ, այնպէս էլ այժմ ամէն օր Հօրից բերում է մեղքերի քաւութեան շնորհներ: Եւ այս դիտաւորութեամբ է սուրբ Սեղան կանգնեցւում սուրբ խորանի մէջ: Նրա վրայ դնում են Աւետարանը, այսինքն՝ Քրիստոսին: Եւ ինչպէս թէ՛ Աստուծոյ շուրջը եւ թէ՛ Նրանից անջրպետուած կան փառաբանիչ հրեշտակներ, այդպէս էլ սեղանի շուրջն անընդմիջաբար պարում են սպասաւորների դասերը: Եւ ինչպէս որ վարագոյրի ներքին կողմը մտաւ միայն մեր Կարապետը՝ Յիսուս՝ մեզ համար յանդիման լինելու Աստուծոյ երեսի առաջ, այդպէս էլ խորանի ներքին կողմը մտնում է միայն քահանան՝ Քրիստոսի նմանութեան պատկերով, մեզ համար բարեխօսելու: Ինչպէս որ այժմ մեր յոյսը կախուած է Քրիստոսից, Որը երկնքում մարդկանց փրկութեան առհաւատչեան է՝ ըստ առաքեալի, այդպէս էլ ամբողջ եկեղեցու յոյսը կախուած է քահանայի աղօթքից, որը մաղթում է մեզ համար աստուածային Խորհրդի ժամին: Իսկ սեղանի զանազան ծածկոյթներն ունեն անմատոյց լոյսի եւ Նրա շուրջն եղող ամպի նմանութիւնը: Դարձեալ, խորհրդանշում է Յովսէփ Արիմաթացու սպասաւորութիւնը, որը պատանեց Տիրոջ Մարմինը պատուական պատմուճանով եւ գերեզման դրեց: Այդպէս էլ երբ քահանայապետը զարդարուած կտաւի վրայ օրհնութեամբ սրբում է հացն ու բաժակը, անկասկած հաւատում ենք, որ ճաշակում ենք Տիրոջ ճշմարիտ Մարմինը, որը մեզ անմահութիւն եւ անապականութիւն է շնորհում: Պատարագիչը նստում է Աթոռի վրայ, որովհետեւ ինչպէս մեր Քահանայապետը՝ Քրիստոս, իջնելով կատարեց տնօրէնութիւնը եւ ապա ելաւ երկինք ու նստեց Հօր աջ կողմում, այդպէս էլ քահանան Քրիստոսի օրինակով իջնում է ու խնկարկում եւ ելնելով օտար վայրից՝ նստում Սեղանի աջ կողմի բարձրագոյն Աթոռին: Ջահեր եւ լապտերներ վառելը խորհրդանշում է հաւատացեալների բազմութիւնը, որ կայ Աստուծոյ առաջ, իսկ այս զգալի պատկերը, որ ստեղծեցին իրենց իմանալի մտքով, իմացականապէս բոցավառւում է Աստուծոյ սիրոյ հրով:
Երկրորդ՝ ինչպէս խարոյկից վառուող կրակը միշտ դէպի վեր է ուղղւում, այդպէս էլ եկեղեցու ժողովուրդը, բորբոքուած աստուածային սիրոյ կայծով, վերանում է դէպի Նա՝ լուսաւոր մտքով եւ միշտ վերինը խորհելով:
Երրորդ՝ ինչպէս որ հրեշտակները լոյս են վերին եկեղեցում, այդպէս էլ այս լոյսը վառուեց նրանց օրինակով:
Չորրորդ՝ այս լոյսը ցոյց է տալիս սուրբերի լոյսը, որոնք լուսաւոր եւ հանգստաւէտ վայրերում են:
Հինգերորդ՝ զգալի լոյսը խորհրդանշում է Քրիստոսի իմանալի լոյսը, որը սուրբ եկեղեցում քահանայական օրհնութեամբ եւ կատարեալ միւռոնով ծնում է մեզ անախտ արգանդով որպէս Աստուծոյ որդիներ:
Վեցերորդ՝ Քրիստոսի խաչի վրայ պատարագուելիս խաւարեցին լուսատուները՝ յօրինակ հրեաների մտքի եւ հոգու: Իսկ այստեղ Սեղանի վրայ պատարագելու ժամանակ շատ լոյսեր ենք վառում, որպէսզի դրանք բազմապատիկ լուսաւորեն մեր մտքերն ու մարմինները:
Եօթերորդ՝ լոյսերը, որոնք վառում ենք եկեղեցում, չեն մարում քամուց: Այդպէս էլ դիւային քամիները եւ մարմնաւոր փառքը չեն մարում ու վերացնում առաքինութեան գործերը եւ աղօթքները, որ կատարւում են Աստուծոյ տանը, ինչպէս որ ի փառս Աստուծոյ այն վառ պահեցին իմաստուն կոյսերը:
Ութերորդ՝ տաճարից դուրս գտնուող լոյսերը շուտ են հանգչում: Այդպէս են մարում մարմնաւոր փառքով յայտնի մարդկանց գործերն ու աղօթքները:
* Իսկ խունկը, որ ծխեցնում ենք եկեղեցում, բազում խորհուրդներ ունի:
Նախ՝ խունկը չոր է իր բնութեամբ: Այդպէս էլ աղօթողը պէտք է հեռու լինի ցանկական ախտերից, որպէսզի աղօթքի հոտը բուրի առ Աստուած:
Երկրորդ՝ խունկը պտուղ է անկենդան ծառից: Այդպէս էլ պէտք է մեռնել աշխարհի համար եւ մեռցնել ախտերը, ապա աղօթել, ինչպէս որ հաճելի է Աստծուն:
Երրորդ՝ երբ խունկը գցում են կրակի մէջ, վառւում է բոցով: Այդպէս էլ լոյս է լինում աղօթողն իր իմանալի հոգով եւ մտքով:
Չորրորդ՝ երբ ծամում ենք խունկը, այն սկզբում դառն է, բայց յետոյ քաղցրահամ է լինում: Այդպէս էլ աղօթքը միառժամանակ դառն ու դժուար է թւում, սակայն յետոյ քաղցրանում է աղօթողի հոգու ճաշակելիքին:
Հինգերորդ՝ խունկը սպիտակ է: Այդպէս էլ մենք սրբւում ենք, երբ հոգով սպիտակ ծածկոց ենք հագնում:
Վեցերորդ՝ խունկը դեղամիջոց է ընդդէմ ցաւերի եւ խոցերի: Այդպէս էլ աղօթքն է հոգեւոր ցաւերի եւ անբժշկելի խոցերի համար, որ սատանայից են: Իսկ եթէ մէկն ասի՝ քանի որ Աստուած հոգի է ու հոգեւոր ընծաներ է պահանջում եւ ոչ մարմնաւոր, ապա Նորում ի՞նչ կարիք կայ մարմնաւոր ընծաների: Ասենք, որ Աստուած հոգեւոր ընծայաբերութիւն պահանջում է միայն հոգեղէն հրեշտակներից, իսկ մեզնից, որ խառն ենք՝ կազմուած հոգուց եւ մարմնից, կամենում է մարմնաւոր խնկարկութիւն, որպէսզի այն ուղեկից լինի հոգու ցանկութիւններին: Դարձեալ, մարմնաւոր ընծան հաւատքի եւ սիրոյ նշան է, իսկ երբ խնկարկում են առանց հաւատքի եւ սիրոյ, ասում է. «Ձեր խնկերը պիղծ են Ինձ համար»[56]: Եւ երբ հաւատքն ու սէրն առանց խունկի են լինում, ասում է. «Դու Ինձ Սաբայից խունկ չբերեցիր»[57]: Եւ ճշմարտապէս երկուսն էլ պէտք են, որպէսզի հոգի եւ մարմին ունեցողներիս միմեանց վկայ լինեն հոգեւորը մարմնաւորին, մարմնաւորը՝ հոգեւորին: Եւ մեր Քրիստոս Աստծուն փառք յաւիտեանս. ամէն:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1. Ս. Գրիգոր Տաթեւացի. Ամառան հատոր, տպեալ յամի 1741 ի Պօլիս, գլուխ ՃԲ, էջ 382:
2. Ս. Գրիգոր Տաթեւացի. Ձմեռան հատոր, տպեալ յամի 1741 ի Պօլիս, գլուխ ՃԽԳ, էջ 654:
3. Ս. Գրիգոր Տաթեւացի. Ձմեռան հատոր, տպեալ յամի 1741 ի Պօլիս, գլուխ ՃԽԴ, էջ 656:
4. Ս. Գրիգոր Տաթեւացի. Ամառան հատոր, տպեալ յամի 1741 ի Պօլիս, գլուխ ՃՁԴ, էջ 705:
[1] Սաղմ. ՃԲ 19:
[2] Շարականի ութ ձայնից դուրս շարական:
[3] Ծովային խեցէմորթ, որից ստացւում է ծիրանի ներկը:
[4] Թեք տանիքով շինուած:
[5] Սաղմ. ԽԵ 5:
[6] Հմմտ. Հռոմ. Ա 20:
[7] Յովհ. Դ 22, 24:
[8] Ա Պետր. Բ 5:
[9] Ղեւտ. Ը 3:
[10] Սաղմ. Ժ 5:
[11] Բ Կորնթ. Զ 16:
[12] Հռոմ. Ը 11:
[13] Սաղմ. ԽԴ 10:
[14] Թես. Ե 19:
[15] Սաղմ. ԼԳ 16:
[16] Տոբ. ԺԲ 12:
[17] Սաղմ. ԿԷ 26:
[18] Ա Պետր. Ե 8:
[19] Սաղմ. ԿԷ 18:
[20] Ծննդ. ԻԸ 17:
[21] Ես. Ա 6:
[22] Ղուկ. ԻԳ 43:
[23] Տե՛ս Ելք Լ 11:
[24] Ծննդ. Գ 17:
[25] Բ Կորնթ. ԺԱ 2:
[26] Սաղմ. ԽԴ 11:
[27] Մատթ. ԻԲ 2:
[28] Սաղմ. ԽԴ 11:
[29] Հմմտ. Երգ Ե 10:
[30] Սաղմ. ԽԴ 3:
[31] Սաղմ. ԽԷ 2:
[32] Սաղմ. ՃԽԴ 3:
[33] Ա Տիմ. Զ 15:
[34] Հմմտ. Երգ Բ 5:
[35] Մատթ. ԺԹ 27:
[36] Երգ Դ 3:
[37] Երգ Դ 1:
[38] Սաղմ. ԽԴ 10:
[39] Ծննդ. Բ 23:
[40] Եփ. Դ 13:
[41] Սաղմ. ՃԼԱ 13:
[42] Գաղ. Դ 26:
[43] Ա Կորնթ. Գ 2:
[44] Ղուկ. ԺԵ 10:
[45] Եբր. ԺԲ 22:
[46] Հմմտ. Յայտն. Է 9:
[47] Ես. ԺԴ 12:
[48] Յովհ. ԺԵ 22:
[49] Ղուկ. Բ 14:
[50] Եփ. Բ 14, 17:
[51] Ղուկ. Բ 14:
[52] Մատթ. ԻԸ 20:
[53] Մատթ. ԺԸ 20:
[54] Բ Կորնթ. Զ 16:
[55] Հռոմ. Ը 9:
[56] Ես. Ա 13:
[57] Ես. Զ 20:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: