Խորհուրդն անճառ ծածկեալն յազգաց եւ յաւիտեանց.
Յայտնեցաւ իջմամբ հրեշտակապետին այսօր առ Կոյսն Մարիամ.
Զոր առ Տէր ունիմք բարեխօս վասն անձանց մերոց:
Անժամանակն առ ի Հօրէ՝ եւ անմարմին ծոցածին ծնունդ.
Այսօր աւետեօքն Գաբրիէլի մարմին զգենու ի սրբոյ Կուսէն.
Զոր առ Տէր ունիմք բարեխօս վասն անձանց մերոց:
Անտանելին ի համայնից՝ բովանդակիչ բնութեանց բոլորից.
Պարագրի այսօր մարդասիրապէս յորովայնի անարատ կուսին.
Զոր առ Տէր ունիմք բարեխօս վասն անձանց մերոց:
Ուրախութիւն տրտմեցելոյ բնութեանս բերկրեալ Կոյս Մարիամ.
Զոր ողջունաբեր աւետեօք կրեցեր զտւողն ի քեզ զօրէնս ողջոյնի.
Առ Նա միշտ բարեխօսեա վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Աւետման տօնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է անփոփոխ՝ ապրիլի եօթին:
Ամենասրբուհի Կոյս Մարիամը՝ կանանցից օրհնեալը, ծնուեց Յովակիմին եւ Աննային տրուած աւետիսով, ովքեր Իսրայէլի որդիների՝ Ղեւիի եւ Յուդայի քահանայական եւ թագաւորական ազգից էին: Ուխտեալ ծնողները երեքամեայ մանկանը բերեցին տաճար, ուր Զաքարիա քահանան, ով Յովհաննէս Մկրտչի հայրն էր, իր գիրկն առնելով սուրբ մանկանը, նրան Մարիամ կոչեց, որը նշանակում է լուսաւորութիւն, քանզի արդարեւ եւ ճշմարտապէս նա լուսաւորուած եղաւ Է-ական Լոյսից: Զաքարիան օրհնեց սուրբ մանկանը եւ մարգարէացաւ նրա համար, թէ նա անուանի պիտի լինի մարդկանց մէջ եւ երանելի՝ բոլոր ազգերի կողմից:
Եւ Յովակիմն ու Աննան, կատարելով իրենց ուխտը, մանկան հետ վերադարձան իրենց տուն: Ամէն տարի՝ տարելիցի օրը, մանկանը բերում էին տաճար եւ դարձեալ տանում: Բայց երբ նա եօթ տարեկան դարձաւ, բերեցին տաճար եւ այլեւս չտարան: Մարիամը մնաց տաճարում, մեծացաւ սրբութեամբ եւ սպասաւորուեց հրեշտակների կողմից, որոնք երկնքից իջնելով՝ մանանայ էին բերում եւ կերակրում նրան: Տաճարում վարագոյրի համար մանում էր բեհեզ, կարմիր, կապոյտ եւ ծիրանագոյն մետաքսէ թելեր:
Եւ երբ դարձաւ տասնչորս տարեկան, քահանաները պահպանութեան համար նրան յանձնեցին հիւսն Յովսէփին, որովհետեւ սուրբ Կոյս Մարիամի ծնողներն արդէն ննջել էին: Իսկ Յովսէփն առաքինի եւ աստուածապաշտ, սուրբ, արդար եւ Աստծուց երկիւղած այր էր, որի համար էլ քահանաները Մարիամին ըստ վիճակի յանձնեցին նրան, որն այսպէս եղաւ:
Տաճարում մնում էին տասներկու սուրբ կոյսեր, եւ երբ լրանում էր նրանցից իւրաքանչիւրի տասնչորս տարին, յանձնում էին մարդկանց: Նրանցից մէկն էր տասնչորս ամեայ սուրբ Կոյս Մարիամը: Քահանաները կանչեցին տասներկու ամուրի մարդկանց, որպէսզի կոյսերին յանձնէին նրանց: Եւ երբ նրանք եկան, քահանաները վերցրեցին նրանց գաւազանները, դրեցին տաճարի խորանում, իսկ կոյսերին հրամայեցին մէկ-մէկ մտնել, վերցնել մէկ գաւազան եւ դուրս գալ: Նրանց թւում նաեւ սուրբ Կոյս Մարիամը ներս մտաւ եւ վերցրեց մի գաւազան, որը պատկանում էր Յովսէփին[1]: Եւ Յովսէփն, առնելով նրան, տարաւ Գալիլեացիների երկիրը՝ Նազարէթ:
Սուրբ Կոյսը երեք ամիս մնաց Յովսէփի տանը: Եւ մի օր, երբ գնաց աղբիւրից ջուր բերելու, Գաբրիէլ հրեշտակապետը երեւաց նրան ու ասաց. «Ողջո՛յն քեզ, Մարիա՛մ, ուրախացի՛ր, ո՛վ բերկրեալ, Տէրը քեզ հետ է»: Մարիամը խռովուեց այս խօսքերից եւ մտածեց, թէ ի՞նչ էր այս ողջոյնը: Զարհուրելով հրեշտակի խօսքերից՝ վերցրեց սափորը եւ շտապեց տուն վերադառնալ: Մտածում էր եւ ասում. «Ինչո՞ւ եմ բերկրեալ եւ ինչպէ՞ս է Տէրն ինձ հետ»: Եւ մինչ նա այս մտորումների մէջ էր, յանկարծ Գաբրիէլը երիտասարդի կերպարանքով տան մէջ կանգնեց Կոյսի առջեւ եւ ասաց. «Ողջո՛յն քեզ, Մարիա՛մ, ո՛վ շնորհընկալ, ուրա՛խ եղիր, բերկրեալ, քանզի Տէրը քեզ հետ է»: Եւ սուրբ Կոյսը խռովուեց իր մտքում: Հրեշտակն ասաց. «Մի՛ երկնչիր, Մարիա՛մ, քանզի չեմ եկել քեզ խաբելու, ինչպէս օձը՝ Եւային: Մի՛ երկնչիր, Մարիա՛մ, Իմ խօսքերը պատրանքներ չեն, այլ աւետիս: Մի՛ երկնչիր, Մարիա՛մ, քանզի չեմ խօսում քեզ հետ խաբելու համար, այլ քեզ աւետիս եմ տալիս: Ահա դու կը յղիանաս, կը ծնես մի Որդի եւ Նրան Յիսուս կը կոչես, որովհետեւ Նա պիտի փրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից»: Մարիամն ասաց հրեշտակին. «Այդ ինչպէ՞ս կը լինի, քանզի ես այր չեմ ճանաչում»: Պատասխանեց հրեշտակը եւ ասաց. «Սուրբ Հոգին կ՚իջնի քեզ մօտ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, քանզի Նա, Ով պիտի ծնուի քեզնից, սուրբ է եւ Աստուծոյ Որդի կը կոչուի»: Մարիամն ասաց. «Հեռացի՛ր, քանզի ահա կը գայ հիւսն Յովսէփը, ով ինձ առաւ տաճարից եւ կը տեսնի ինձ քեզ հետ խօսելիս»:
Այս ասելով՝ Մարիամը ձեռքն առաւ իլիկը եւ սկսեց տաճարի վարագոյրի համար ծիրանի թել մանել: Իսկ հրեշտակապետը շարունակեց ողջոյն տալ եւ ասել. «Ուրա՛խ եղիր, ո՛վ բերկրեալ, Տէրը քեզ հետ է, քանզի քո Որդին, որ պիտի ծնուի քեզնից, նստում է Դաւթի Աթոռին, յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ եւ Նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: Մարիամն ասաց. «Մի խօսք ասում ես երկնքից բերուած, եւ մի խօսք՝ երկրից: Ասում ես՝ Դաւթի Որդի է եւ Նրա թագաւորութիւնն անվախճան է: Ո՞վ է այն թագաւորը, ով անվախճան մնաց երկրի վրայ: Արդեօք բոլորը չմեռան՝ դժոխք իջնելով եւ որդերի կեր դառնալով: Եւ ինքը՝ Դաւիթը, որին իմ Որդու հայր ես կոչում, արդեօք չմեռաւ եւ չթաղուեց: Եւ ինչպէ՞ս միայն իմ Որդին պիտի թագաւորի յաւիտեան»:
Հրեշտակապետն ասաց. «Այդ իսկ է զարմանքը. բոլոր մեռան, եւ միայն քո Որդին պիտի յաղթի մահուանը: Անհաւատալի մի՛ համարիր իմ խօսքերը, որպէսզի չընդունես Զաքարիային հասած պատիժը, ով չհաւատաց ինձ ու դատապարտուեց լռութեան: Ասում եմ՝ քեզնից Ծնուածը Բարձրեալի Որդի կը կոչուի, քանզի Նա, Ով ծնուեց Հօրից անմայր, քեզնից կը ծնուի անհայր: Եւ Դաւթի Որդի քեզ համար ասացի, որովհետեւ դու Դաւթի որդու զաւակից ես: Խելամի՛տ եղիր եւ հաստատիր իմ խօսքերը քո սրտում, քանզի ես քո Որդու սպասաւորն եմ, որ պիտի ծնուի քեզնից, եւ Նա ինձ առաքեց քեզ մօտ: Տեսայ Նրան երկնքում՝ նստած Հօր աջ կողմում, եւ արդ, հաւատում եմ, որ Նա քո արգանդում է»: Մարիամն ասաց. «Երկնչում եմ, որ ինչպէս օձը Եւային, այնպէս էլ դու ինձ չպատրես»: Գաբրիէլն ասաց. «Մի՛ երկնչիր, Մարիա՛մ, քանզի քեզ մատուցում եմ աւետիս մխիթարութեան եւ ոչ թէ բօթ՝ տրտմութեան: Մի՛ երկնչիր, Մարիա՛մ, քանզի քեզ տալիս եմ խնդութեան աւետիս եւ ոչ թէ տխրութեան առիթ: Մի՛ երկնչիր, Մարիա՛մ, քանզի քեզ յայտնում եմ բերկրանքների աւետիս եւ չեմ խոսում նենգութեամբ, ինչպէս սկզբնաչարը՝ Եւային: Եւայից տնկուեց մահը, իսկ քեզնից կը բուսնի Կեանքը, նրանից՝ մահուան ծաղիկը, քեզնից՝ կեանքի Պտուղը, նրանից՝ ատելութիւնը, քեզնից՝ սէրն ու խաղաղութիւնը, նրանից՝ անէծքը, քեզնից՝ օրհնութիւնը: Եւայից եղաւ մահուան վճիռը, քեզնից՝ կեանքի խոստումը, Եւայից՝ յիմարութիւնը, քեզնից՝ իմաստութիւնը, Եւայից՝ յուսահատութիւնը, քեզնից՝ յուսադրութիւնը, Եւայից՝ տրտմութիւնը, քեզնից՝ խնդութիւնը, նրանից՝ չարչարանքը, քեզնից՝ հանգիստը, նրանից՝ անէծքի փուշը, քեզնից՝ օրհնութեան ծաղիկը, նրանից՝ մոլորութեան տանող ճանապարհը, քեզնից՝ ճշմարիտ դարձը, նրանից՝ եղբօրն ատելը, քեզնից՝ օտարասիրութիւնը, նրանից՝ կորստաբեր ջրհեղեղը, քեզնից՝ մկրտութեան Աւազանը, նրանից՝ ողջերի մահը, քեզնից՝ մեռելների յարութիւնը, նրանից՝ անկումը, քեզնից՝ բարձրանալը, նրանից՝ ծառայութիւնը, քեզնից՝ ազատութիւնը, նրանից՝ մահուան դառնութիւնը, քեզնից՝ Կեանքի քաղցրութիւնը, նրանից՝ Աստծուց օտարանալը, քեզնից՝ Աստծուն մօտենալը: Մի՛ երկնչիր, Մարիա՛մ, քանզի դու Աստծուց շնորհ գտար: Դու Որդի կը ծնես եւ Նրա անունը Յիսուս կը դնես, կը ծնես Որդի, Ով ծնուել է նախքան ժամանակները, կը ծնես Որդի, Ով ստեղծեց Ադամին, կը ծնես Որդի, Ով կապում է երկնակամարը, կը ծնես Որդի, Ով հաստատեց երկիրը, կը ծնես Որդի, Ով համայնի արարիչն է, կը ծնես Որդի, Ով ամենակալ Հօր էակիցն է, կը ծնես Որդի, Ով ճշմարիտ Հոգու փառակիցն է, կը ծնես Որդի, Ում չենք կարողանում նայել, կը ծնես Որդի, Ում առջեւ սոսկում եմ կանգնել ես՝ Գաբրիէլս: Թող քեզ վկայութիւն լինի քո ազգական Եղիսաբէթը, ով յղի է իր ծերութեան մէջ: Նա, ով ամուլ էր, իր յղութեան վեցերորդ ամսում է, քանզի Աստուծոյ համար անհնարին ոչինչ չկա»: Այնժամ Մարիամն ընդունեց նրա խօսքերը եւ ասաց. «Ահաւասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող լինի քո խօսքի համաձայն»:
Եվ սուրբ Կոյս Մարիամի հաւանութիւն տալու նոյն պահին Բանն Աստուած իջաւ նրա արգանդ եւ, առնելով ամենամաքուր Կոյսի արիւնից, մարմին առաւ: Կոյսի արգանդում նկարելով ստեղծեց Ադամի հին կերպարանքը, որպէսզի նոր Ադամը լինի որպէս հին Ադամ եւ ամենեւին ոչ պակաս, այլ ամէն ինչով ամբողջովին նման նախաստեղծին:
Ո՜հ, խորին իմաստութիւն եւ մեծութիւն Աստուծոյ, քանզի առանց քննութեան են Նրա դատաստանները եւ առանց զննելու են Նրա ճանապարհները: Գաբրիէլ հրեշտակը Կոյս Մարիամին աւետեց մահուան եւ դժոխքի դէմ տարած յաղթանակի մասին: Աստուած Գաբրիէլի հրեղէն լեզուով յղութեան աւետիս տուեց սրբուհի Կոյս Մարիամին եւ ասաց. «Ուրա՛խ եղիր, բերկրեա՛լ, Տէրը քեզ հետ է»: Փառաւորեալ է այս ողջոյնը, որովհետեւ ողջոյնն առաքեց Աստուած, իսկ Գաբրիէլը՝ պատգամաբերը, հրեշտակապետ էր: Սրբութեան ուրախութիւն էր, որ մատուցեց՝ ասելով. «Ուրա՛խ եղիր, բերկրեալ», որը նշանակում է բերկրալի կենցաղավարութեան շնորհը: Ասաց՝ Տէրը քեզ հետ է, խորհրդանշում է գերապատիւ յղութիւնը, քանզի յղացաւ երկնքի եւ երկրի Տիրոջը եւ ծնեց մարդացեալ Աստծուն: Ասաց՝ «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ եւ բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ Նա, Ով կը ծնուի քեզնից, սուրբ է եւ Աստուծոյ Որդի կը կոչուի»[2]: Այս ասելով՝ յայտնապէս քարոզում է սուրբ Երրորդութեան անձանց, քանզի Սուրբ Հոգին իջաւ Աստուածածին Կոյսի վրայ, Բանը մարմին առաւ նրանից, եւ Հօր օրհնութիւնը շուրջանակի հովանի եղաւ նրան: Սուրբ Հոգին նախ մաքրեց նրան, Միածին Որդին առաւ ամենամաքուր Կոյսի արիւնից, եւ Հայրը հովանի եղաւ՝ անարատ պահելով նրան ներմուծուող եւ ներելի մեղքերից: Հայրը մարմնացրեց, Բանը մարմնացաւ, եւ Սուրբ Հոգին գործակից եղաւ:
Եւ երբ հարցրեց, թէ ի՞նչ էր այս ողջոյնը, հրեշտակից իմացաւ անճառելի խորհրդի մասին, որ իր յղութիւնը Սուրբ Հոգով է, եւ իրենից ծնուողը՝ Աստուծոյ Որդի: Ապա խոնարհուեց եւ ասաց. «Ահաւասիկ մնում եմ Տիրոջ աղախինը, թող լինի քո խոսքի համաձայն»[3]:
Այսօր Գաբրիէլ հրեշտակապետը մարդկային ազգի փրկութեան աւետիս տուեց սուրբ Կոյսին: Այսօր նրան տրուեց աւետիս սուրբ Ծննդեան: Նրանից պիտի ծնուէր Աստուած, Ով անստուեր Լոյսն է եւ անմատոյց լոյսի Հօր ճառագայթը, նկարագիրը եւ Աստուծոյ փառքի ծագումը, Ում արդարները, թագաւորները եւ նահապետները ցանկանում էին գոնէ աղօտ տեսնել, բայց չկարողացան:
Սուրբ Աստուածածինը վեր է, քան մարգարէները, առաքեալները, նախահայրերը, մարտիրոսները, վարդապետները, հրեշտակները եւ երկնային բոլոր զօրքերը:
Այսօր յիշատակն է նաեւ մի սքանչելիքի, որ եղաւ Երուսաղէմում: Այնտեղ կար մի վարդապետ՝ Պօղոս անունով: Նա ունէր մի խիստ առաքինի աշակերտ: Այդ օրը՝ առաւօտեան, մինչ նա աղօթում էր, մի ահեղ ու զարմանալի տեսիլք տեսաւ, որը գալով պատմեց իր վարդապետին: Նա ասում էր. «Մինչ ես աղօթում էի սուրբ Յակոբ եկեղեցու վերնատանը, յանկարծ Գաբրիէլ հրեշտակապետի պատկերը, որը գտնւում էր ամենասրբուհի Աստուածածնի պատկերի դիմաց, պայծառացաւ, սկսեց խօսել եւ ասել. «Ուրա՛խ եղիր, ո՛վ դու՝ բերկրեալդ, Տէրը քեզ հետ է: Օրհնեալ ես դու կանանց մէջ, եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը»: Այնժամ տաճարի բոլոր սրբապատկերները, հետեւելով նրան, սկսեցին նոյնը խօսել մինչեւ մեծ ժամը եւ ասել. «Ուրա՛խ եղիր, ո՛վ բերկրեալ, Տէրը քեզ հետ է»: Ես զարմացած փառք տուի Աստծուն եւ քննելով տոմարական հաշիւներով՝ գտայ, որ այդ օրը արէգ ամսուայ երեսունն էր եւ ապրիլի եօթը՝ Նիսանի տասնհինգը: Այս տեսիլքը եւ հրաշքը հաստատում են հայոց տօնի ճշմարտացիութիւնը, եւ ոչ թէ, ինչպէս հակառակւում են միւս ազգերը, մանաւանդ յոյները, որոնք անխոհեմաբար ասում են, թէ աւետման օրը մարտի քսանհինգն է»: Այս պատմեց ճշմարտախոհ այն մարդը՝ ի հաստատումն մեր ուղղափառ հաւատի:
Ուստի մենք եւս միանանք Գաբրիէլ հրեշտակապետին եւ ասենք՝
Աստուածածին Կոյս Մարիամ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Բարձող անիծիցն Ադամայ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Գարուն հոգեւոր. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Դրախտ ցանկալի. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Երկանցն Եւայի լուծիչ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Զաւակ փրկութեան մարդկան. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Էակցին Հօր բնակարան. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ընդհանուր մարդկան պարծանք. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Թագաւորին անմահի Աթոռ փառաց. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ժառանգ աւետեաց ուխտին. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Իմանալի դրախտ հոգեւոր. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Լեառն Վիմածին. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Խորհուրդ կենաց. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ծաղիկ անթառամ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Կենդանատու ազգի մարդկան. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Հոգւոյն Սրբոյ տաղաւար. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ձայնիւ Գաբրիէլի աւետարանեալ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ղեկավար ճարտար անցաւորաց ընդ ծով կենցաղոյս. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ճառագայթ լուսածագ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Մաքուր աղաւնի միշտ Կոյս. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Յիսուսածին Մարիամ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Նարդոս ցանկալի. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Շուշան ծաղկեալ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ուրախութեան պատճառ ազգի մարդկան. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Չորեքնիւթեայ Աթոռ Անեղին. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Պայծառ քան զարեգակն. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ջրհոր կենդանի Ջրոյ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Ռամկաց բարձրացուցիչ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Սուրբ Կոյս Մարիամ անարատ. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Վեհագոյն քերովբէից. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
Տէր ընդ քեզ յաւիտեան. Ուրա՛խ լեր բերկրեալդ, Տէր ընդ քեզ:
ՈՂՋՈՅՆԻ ՄԱՍԻՆ
Ըստ Ղուկաս աւետարանչի վկայութեան՝ երբ Գաբրիէլ հրեշտակապետը եկաւ աւետելու սուրբ Կոյսին, հրէական սովորութեան համաձայն նախ ողջոյն տուեց՝ ասելով. «Ուրախ եղիր, բերկրեալ, Տէրը քեզ հետ է»: Եւ նա, խռովուելով այս խօսքից, խորհում էր, թէ ի՞նչ է այս ողջոյնը: Տե՛ս, որ հրեշտակը «Ուրախ եղիր, բերկրեալ» ասաց, բայց սրբուհի Կոյսն այն ողջոյն համարեց, որովհետև միեւնոյն խորհուրդն ունէր:
Եւ Մարիամն այդ օրերին փութապէս գնաց Յուդայի լեռնակողմը, մտաւ Զաքարիայի տուն եւ ողջոյն տուեց Եղիսաբէթին: Ուրեմն այս ողջոյնն ասում են, երբ մէկը գնում է միւսի մօտ եւ պատշաճ է գտնում ասելու այս խօսքը, որը նշանակում է խաղաղութիւն քեզ, ինչպէս որ Տէրն ասաց իր աշակերտներին. «Որ տունը մտնէք, ողջոյն կը տաք այդ տանը»: Նոյնպէս էլ Պօղոս առաքեալն է իր թղթերում բազում տեղերում գրում. «Ձեզ ողջոյն են տալիս բոլոր եղբայրները», կամ «Ողջոյն տուէք միմեանց սուրբ համբոյրով»:
Եւ գիտենք, որ երբ հրեշտակապետը սուրբ Կոյսին ասաց. «Ուրա՛խ լեր, բերկրեա՛լ», այնժամ նա դեռեւս Աստուածածին չէր, այլ մի հրէայ աղջիկ: Թէպէտ նա մաքրուած էր Սուրբ Հոգով, յարդարուած եւ պատրաստուած Աստուծոյ Բանի համար որպէս տաճար, սակայն սովորութեան համաձայն՝ հրեշտակապետը ողջոյն տուեց: Իսկ երբ այնուհետեւ անճառապէս յղացաւ Բանն Աստծուն, հրաշափառապէս ծնեց կուսութեամբ, եղաւ Աստուծոյ Բանի մայր եւ Եփեսոսի սուրբ ժողովի կողմից խոստովանուեց որպէս Աստուածածին: Ուրեմն մեծ յանդգնութեան եւ թերահաւատութեան նշան է նրան լոկ Մարիամ անուամբ կոչելը, այլ պէտք է սուրբ Գրիգոր Նարեկացու հետ ասենք. «Աղաչում եմ քեզ, սուրբ Աստուածածի՜ն, ո՜վ մարդ-հրեշտակ ու մարմնատեսիլ անբիծ քերովբէ, երկնի թագուհի, անխառն՝ ինչպէս օդ, մաքուր՝ ինչպէս լոյս, անեղծ՝ երկնաճեմ արուսեակի պէս, անապակութեամբ գերազանց՝ անկոխ սրբութիւններից, առատախոստում երանութեան վայր, շնչաւոր եդեմ, բոցեղէն սրով պաշտպանուած՝ կենաց անմահութեան ծառ, հովանավորուած, զօրացած՝ բարձրեալ Արարչի ձեռքով, հանգստեամբ Հոգու՝ շնորհազարդուած ու մաքրագործուած, յարդարուած, որպէս տաղաւար, Որդուդ սուրբ բնակութեամբ, անաղտ մաքրութեամբ հանդերձ՝ գթասիրտ, անբիծ սրբութեամբ հանդերձ՝ բարեխօս ու խնամակալ, …»:
Կամ ասել. «Ընկնում ենք քո առջեւ, սուրբ Աստուածածի՛ն եւ աղաչում անարատ Կոյսիդ, բարեխօսի՛ր մեր անձանց համար եւ աղաչի՛ր Միածին Որդուդ՝ փրկել մեզ փորձութիւններին եւ բոլոր վտանգներից»: Եւ կամ՝. «Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ սուրբ Կոյս Աստուածածին Մարիամ, մա՛յր Քրիստոսի, մատուցի՛ր մեր աղաչանքները քո Որդուն եւ մեր Աստծուն»: Սոյնպիսի այլ ներբողներ շատ կան Հայաստանեայց սուրբ Եկեղեցում, եւ բոլոր բարեպաշտ եւ աստուածասէր մարդիկ պէտք է, նման ներբողներով պատուելով, փառաւորեն ու մեծարեն կանանցից ամենօրհնեալ եւ ողորմութեան մայր սրբուհի Աստուածածնին, եւ ոչ թէ սոսկ անուամբ ասել՝ ողջոյն քեզ, Մարիամ[4] /այսինքն ասել՝ ողջ լինես, Մարիամ/: Եթէ մէկ անգամ «ողջոյն քեզ, Մարիամ» ասելն անպատեհ է ուղղափառ միտք ունեցողների համար, ապա բազմիցս կրկնելը խելագարութիւն է ասողների համար եւ բարկութիւն՝ լսողների համար: Թէպէտ շարականի մէջ երգում ենք՝ ասելով. «Ողջոյն քեզ, Մարիամ», ապա դա ասում ենք ոչ թէ մեր կողմից, այլ յիշատակում ենք Գաբրիէլի աւետիսը եւ ասում. «Ուրախացի՛ր այն աւետիսով, որը քարոզում էր Տիրոջ գալստեան մասին»:
Եւ դարձեալ մեր աղօթքների սկզբում դիմում ենք նրան ոչ միայն «սրբուհի Աստուածածին Մարիամ» ասելով, այլեւ յիշատակում ենք նրան բազում գովասանական պատուանուններով: Գերադրական եւ փառաբանական անուններով պատւում է մեր սուրբ Եկեղեցին նրան, ով փառաւորուած է հրեշտակների եւ մարդկանց կողմից, վեհագոյն է Քերովբէներից, իմանալի դրախտ է հոգեւոր եւ մարդկային ազգի ուրախութեան պատճառ:
[1] Ըստ ս. Գրիգոր Տաթեւացու՝ Զաքարիա քահանայապետն աղօթում էր սուրբ Կոյսի համար, թէ ում յանձնի նրան: Եւ մի Ձայն լսեց, որն ասաց. «Երեկոյեան բոլորի գաւազանները կը դնես խորանում, եւ առաւօտեան ում գաւազանը տեսնես ծաղկած, նրան կը յանձնես Մարիամին»: Յաջորդ օրը Զաքարիան տեսնում է, որ ծաղկել է Յովսէփի գաւազանը: Եվ քահանայապետն օրհնեց սուրբ Կոյսին ու նրան յանձնեց Յովսէփին:
[2] Ղուկ. Ա 35:
[3] Ղուկ. Ա 37:
[4] Ինչպէս ասում են երկու բնութիւն դաւանողները:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ
1. .Գիրք, որ կոչի «Յայսմաւուրք» տպագրուած ի Հայրապետութեան սրբոյն Էջմիածնի լուսակառոյց Աթոռոյն տեառն Աբրահամու սրբազան կաթողիկոսի ամենայն հայոց, ի թըւին Հայոց ՌՃՀԹ, էջ 496:
2. Ղազար Ճահկեցի. Աստուածաբանական Դրախտ ցանկալի. վերատպեալ յԵրուսաղէմ-2002, էջ 121:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: