ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐԵԿԱՄ ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐՈՍԻ ԵՒ ՆՐԱ ՔՈՅՐԵՐԻ՝ ՄԱՐԹԱՅԻ ԵՒ ՄԱՐԻԱՄԻ ՎԱՐՔԸ

Կենդանութեանց բաշխող Քրիստոս. ի Բեթանիա եկաւորեալ այսօր.

Բարեկամին Ղազարու պարգեւէ զկենդանութիւն:

Տնօրինաբար արտասուելով ընդ Մարթայի եւ ընդ Մարիամու.

Ողբակցէր եւ որպէս մարդ հարցանէր՝ ո՞ւր եդիք զՂազարոս:

Եւ որպէս զԱստուած բարբառով յարուցանէ ի մեռելոց զչորեքօրեան.

եւ զուգընթաց ձայնին մեռեալն եկն արտաքս անապական:

(Շարակնոց)

 

 

Ահա երանելի ազգատոհմ եւ ցանկալի տուն, որտեղ սիրով հանգստանում էր մարդացեալն Աստուած: Այն գտնւում էր Բեթանիայում, որ թարգմանաբար նշանակում է «Տիրոջ շնորհների տուն» եւ գտնւում էր Երուսաղէմից տասնհինգ ասպարէզ հեռաւորութեամբ: Այնտեղ էին բնակւում Յիսուսի սիրելի երեք հարազատ անձինք՝ Ղազարոսը եւ նրա քոյրերը՝ Մարթան ու Մարիամը: Նրանց ծայրաստիճան գովքը եւ հէնց իսկ Տիրոջ կողմից սիրուած լինելն ու բարեկամական կապը, որը կատարելութեան գագաթ էր, բովանդակուած է աւետարանի մէջ, քանզի գրուած է. «Յիսուս սիրում էր Մարիամին, նրա քրոջը՝ Մարթային, եւ Ղազարոսին»[1]: Եւ ինչպէս Ղազարոսի քոյրերն իրենց եղբօր հիւանդութիւնը Փրկչին յայտնեցին սիրոյ նշանով` փոխանցելով միջնորդի միջոցով. «Տէ՛ր, ահաւասիկ որին Դու սիրում էիր, հիւանդացել է», նոյնպէս էլ Յիսուս բարեկամական սիրոյ նոյն նշանով էր խօսում Ղազարոսի մասին՝ ասելով իր աշակերտներին. «Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ»[2]: Բայց ամենահիասքանչն է այն, որ գորովալից սիրուց դրդուած՝ Քրիստոս, որ տիեզերքի ցնծութիւնն է, անգամ արտասուեց Ղազարոսի գերեզմանի մօտ՝ որպէս հարազատ եւ սիրելի բարեկամի, որի համար հրեաները մինչեւ իսկ ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»[3]: Տէրը նոյն անպատմելի սիրով աստուածաբար կանչեց նրան մահուանից դէպի կեանք, որպէսզի ոչ միայն կատարէր Իր սիրելիների՝ Մարթայի եւ Մարիամի խնդրանքը, այլեւ վերստին կենդանութեամբ Իր բարեկամ Ղազարոսին վայելել տար Իր սէրը, եւ որ նոյնն է՝ միաժամանակ վայելէր նաեւ նրա սէրը, որովհետեւ բարեկամի սէրը բարեկամի հանդէպ ճշմարտուած է փոխադարձ լինելու դէպքում:

 

Ուստի կարող ենք քաջ իմաստասիրել, որ ինչպէս մեր Տէրը սիրում էր այդ երեք հարազատներին, նոյնպէս էլ նրանց կատարեալ սէր էր տուել՝ սիրելու Իրեն, որը յայտնի է դարձնում նրանց գործերի արդիւնքը: Քանզի Մարթան երկնաւոր Վարդապետի հանդէպ անչափ սիրուց երբեմն իր կարողութեամբ ծառայում էր կերակուրների պատրաստութեամբ՝ Նրան արժանապէս պատուասիրելու համար, սակայն Տէրը հարկ համարեց մեղմել նրա սրտի առաւել եռանդը՝ խրատելով արտաքին եւ մարմնաւոր աստուածպաշտութեան ծառայութեան մէջ բաւականանալ քչով ու առաւելապէս հոգ տանել ներքին եւ հոգեւոր պաշտամունքի համար: Բայց քանի որ պէտք է նաեւ արտաքինը, ասաց. «Այստեղ քիչ բան է պէտք»[4]: Եւ թէ որքան Տիրոջը հաճելի եղաւ այն գործը, որ առաջ եկաւ Մարիամի առաւել սիրուց, յայտնի է Փրկչի անզուգական գովեստի խօսքից, որ ասաց Մարթային. «Մարիամը ընտրել է լաւ մասը, որը նրանից չպիտի վերցուի»[5]:

 

Եւ արդ, եթէ սրանցով Մարիամը կեանքի շրջահայեացութեան, իսկ Մարթան գործնականի գեղեցիկ օրինակներ եղան, ապա համարում ենք, որ նրանց սիրասուն եղբայր Ղազարոսը շքեղացած էր այդ երկուսով, քանզի տեսում ենք նրան որպէս Քրիստոսի սիրելի բարեկամ թէ՛ կեանքում եւ թէ՛ մահացած: Այդ պատճառով տիրասպան քահանայապետերը խորհուրդ էին անում, որ սպանեն նաեւ Ղազարոսին, որովհետեւ հրեաներից շատերը գնում էին՝ տեսնելու Ղազարոսին ու նրանով հաւատում Յիսուսին:

 

Քրիստոսի բարեկամ Ղազարոսը, որը համարւում է Քրիստոսի եօթանասուներկու աշակերտներից մէկը, ըստ շատերի՝ եպիսկոպոս ձեռնադրուեց առաքեալների կողմից, եւ ինչպէս աւանդում են, նրա վարքի եւ վախճանի մասին նշուած է նրա տապանի վրայ, որը գտնուել է Կիպրոս կղզու Կիտուան քաղաքում՝ Վասիլ Արշակունու որդու՝ Լեւոն Իմաստասէրի օրօք: Այս Լեւոն բարեպաշտ ինքնակալը, որը թագաւորել է Տիրոջ 886 թուականից մինչեւ 911 թուականը, սուբր Ղազարոսի անունով Կոստանդնուպօլսում շինեց մեծածախ եւ շքեղ եկեղեցի՝ մենաստանով հանդերձ: Եւ երբ աւարտեց շինուածքը, օրհնել տուեց տաճարն ու մեծ նաւակատիք արեց: Այնժամ Տիրոջ հրեշտակը տեսիլքի մէջ երեւաց թագաւորին եւ ասաց նրան. «Մարդիկ ուղարկիր Կիպրոս կղզի՝ Կիտուան քաղաք, եւ նրանք այնտեղ կը գտնեն հողով ծածկուած մի տապան, որտեղ դրուած է Քրիստոսի բարեկամ Ղազարոսը: Երբ բերեն, դու կը դնես նրան եկեղեցում, որ շինեցիր նրա անուամբ, քանզի Աստծուց հրաման եղաւ, որ յայտնուեն նրա նշխարները»:

 

Արթնանալով արքան սաստիկ ուրախ եղաւ: Հրեշտակի երեւման մասին պատմեց պատրիարքին եւ ամբողջ աւագանուն: Իսկոյն ուղարկեց իշխանական դասից պատուական մարդկանց, որոնք գալով նշուած տեղում մարմարէ մի տապան գտան, որի վրայ փորագրուած էին այս խօսքերը. «Այս է Յիսուսի բարեկամ Ղազարոսը, ով չորս օրուայ մեռած էր եւ յարութիւն առաւ մեռելներից: Վերնատանը Սուրբ Հոգու իջնելուց յետոյ նա եպիսկոպոս ընտրուեց առաքեալների կողմից, եկաւ Կիպրոսի Կիտուան քաղաք եւ այստեղ քարոզեց Քրիստոսին: Իր յարութիւնից տասնհինգ տարի յետոյ մեռաւ խաղաղութեամբ: Որքան ապրեց երկրի վրայ, չծիծաղեց նախկին հոգէվարքի պատճառով եւ երբ փոխուեց այս կեանքից, դրուեց այս տապանում»:

 

Ընթերցելով այս տապանագիրը՝ կայսեր իշխանները լցուեցին ուրախութեամբ: Երբ բացեցին տապանը, անուշ բուրմունք տարածուեց, եւ բազմաթիւ հիւանդութիւնների բժշկութիւն եղաւ, որից հիացած փառաւորեցին Աստծուն: Մարմարէ տապանից հանեցին սուրբի պատուական մարմինը, դրեցին պատրաստած փայտէ տապանակի մէջ, որ բերել էին իրենց հետ եւ տարան մեծ ուրախութեամբ: Երբ Կոստանդնուպօլիս հասան, բոլոր քաղաքացիները եւ թագաւորն իր մեծամեծներով, անպատմելի ցնծութեամբ, խունկերով եւ մոմերով ընդառաջ ելան: Երկրպագութեամբ մօտեցան սուրբին եւ մեծ պատուով տարան դրեցին իր անուան եկեղեցում: Բազմաթիւ ախտաժէտներ, որոնք հաւատով եւ սրբութեամբ մօտեցան սուրբ Ղազարոսի նշխարներին, առողջութիւն ստացան իրենց ցաւերից:

 

***

Ղազարոսը, Մարիամը եւ Մարթան եղբայր եւ քոյրեր էին, որոնց հանդէպ Յիսուս ունեցել է ուրոյն սէր եւ բարեկամութիւն: Ամէն անգամ, երբ Յիսուս Երուսաղէմ էր գալիս, սովորաբար գիշերում էր նրանց տանը, որը գտնւում էր Երուսաղէմի մերձակայ Բեթանիա գիւղում, Ձիթենեաց լերան հարաւ-արեւելեան լանջին:

 

Յովհաննէսի աւետարանի մէջ ականատեսի մանրամասնութեամբ պատմւում է Ղազարոսի հիւանդանալը, մահը, քոյրերի անձկութիւնն ու վիշտը եւ ի վերջոյ՝ Յիսուսի ձեռամբ յարութիւնը[6]: Ղազարոսի յարութիւնից յետոյ նրա մասին որեւէ տեղեկութիւն չունենք, բացի այն հաւաստիքից, որ երբ հրեաները որոշում են սպանել Յիսուսին, վճռում են սպանել նաեւ Ղազարոսին, որովհետեւ նրա յարութիւնը մեծապէս նպաստում էր Յիսուսի համբաւի եւ ժողովրդականութեան տարածմանը: Թէ Ղազարոսի համար իրենց որոշումը գործադրեցին կամ չգործադրեցին, ոչ մի ակնարկ չկայ աւետարանների մէջ:

 

Եղբօրից եւ երկու քոյրերից բաղկացած այս ընտանիքը կառավարողը յայտնապէս աւագ քոյրը՝ Մարթան է՝ գործունեայ, աշխատասէր եւ ժրաջան մի կին, որի մասին աւետարանն ունի հետեւեալ դրուագը. «Եւ մինչ նրանք գալիս էին, Յիսուս մտաւ մի գիւղ, եւ Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մէջ: Եւ սա մի քոյր ունէր, որի անունը Մարիամ էր, որ եկաւ նստեց Տիրոջ ոտքերի առաջ եւ լսում էր նրա խօսքերը: Իսկ Մարթան, որ զբաղուած էր տնային շատ գործերով, եկաւ կանգնեց նրա մօտ եւ ասաց. «Տէ՛ր, քեզ փոյթ չէ՞, որ քոյրս ինձ մենակ է թողել ծառայութեան գործի մէջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»: Յիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում եւ շատ բաներով ես զբաղուած, բայց այստեղ քիչ բան է պէտք. Մարիամը ընտրել է լաւ մասը, որ նրանից չպիտի վերցուի»[7]:

 

Աւետարանական այս հատուածից կարելի է ենթադրել, որ Մարթան գործունեայ քրիստոնեայի օրինակ է, իսկ Մարիամը՝ Աստուծոյ խօսքն ունկնդրող, նուիրուած, բարեպաշտ եւ աղօթասէր հաւատացեալի: Այս երեքի մէջ երանելին եղաւ Մարիամը ոչ միայն «լաւագոյն բաժինն» ընտրելու համար, այլեւ Քրիստոսին լաւագոյն ծառայութիւն մատուցած լինելու համար: Եղբօր յարութիւնից յետոյ Մարիամը Յիսուսին թանկարժէք իւղերով օծելու երանութիւն ունեցաւ: Թէպէտ իր օծման շարժառիթը երախտիքի զգացումն էր, սակայն Յիսուս նրան առաւել բարձր նշանակութիւն տուեց, երբ ոմանք քննադատեցին այս ազնուական արարքը՝ համարելով այն իբրեւ «վատնում»: Յիսուս ասաց. «Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց Իմ մարմինը ի նշան պատանքուելու: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանն ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»[8]:

 

Սխալ է Ղազարոսի քրոջը՝ այս Մարիամին նոյնացնել Մարիամ Մագդաղենացուն կամ այն անանուն մեղաւոր կնոջը, որը նոյնպէս օծեց Յիսուսին, ինչպէս երբեմն փորձում են անել կաթոլիկ շրջանակներում: Այս երեքը տարբեր անձնաւորութիւններ են: Աւանդութիւնը Ղազարոսին եւ իր քոյրերին Կիպրոս է տանում եւ այնտեղ վախճանուած տեսնում: Իսկ ուրիշ աւանդութիւն էլ ասում է, թէ նրանք գնացել են Մարսիլիա եւ այնտեղ էլ վախճանուել: Այն գերեզմանը, որտեղից Յիսուս կանչեց չորսօրեայ մեռած Ղազարոսին, մինչեւ օրս ցոյց է տրւում ստորերկրեայ մի վայր, որ կայ իր գիւղում՝ Բեթանիայում, որն այսօր իսլամական մի խղճուկ աւան է դարձել մէկ-երկու հին ու նոր փառաւոր եկեղեցիներով:

 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քոյրերի՝ Մարթայի եւ Մարիամի յիշատակը տօնում է ս. Խաչի Զ կիրակիին յաջորդող երկուշաբթի օրը՝ Ղունկիանոս հարիւրապետի, Յովսէփ Աստուածահօր եւ սուրբ Յովսէփ Արիմաթացու հետ:

 

ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐՆԵՐ

  1. Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, աշխատասիրութեամբ Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Բ:
  2. Շնորհք արք. Գալուստեան. «Աստուածաշնչեան սուրբեր», երրորդ հրատ., Գանձասար, 1997:
  3. Աստուածաշունչ մատեան Հին եւ Նոր կտակարանների. Մայր Աթոռ ս.Էջմիածին, 1994:

 

 

[1] Յովհ. ԺԱ 5:

[2] Յովհ. ԺԱ 11:

[3] Յովհ. ԺԱ 35:

[4] Ղուկ. Ժ 42:

[5] Ղուկ. Ժ 42:

[6] Տե՛ս Յովհ. ԺԱ 1-44:

[7] Ղուկ. Ժ 38-42:

[8] Մարկ. ԺԴ 8-9: