Որ զօրինակ երկոտասան առաքելոց Քոց Քրիստոս.
Եւ զեօթանասուն ընտրելոց աշակերտացն.
Յառաջագոյն ծանուցեր ի թիւ արմաւենեաց յԱղիմայ.
Աղաչանօք սոցա խնայեա ի մեզ մարդասէր Փրկիչ:
Որ շինեցեր զտուն Քո զեկեղեցի իմաստութիւն Հօր Յիսուս.
Եւ կանգնեցեր ի սմա սիւնս զեօթնարփեան Հոգւոյն զօրութիւն.
Եւ առաքեցեր զծառայս Քո սուրբ զառաքեալսն.
Կոչել զհեթանոսս յարբումն ուրախութեան խառնեցելոյ բաժակին.
Աղաչանօք սոցա խնայեա ի մեզ մարդասէր Փրկիչ:
(Շարակնոց)
Քրիստոսի եօթանասուներկու (ընդհանրացրած կոչում են եօթանասուններ) աշակերտների երանելի դասը գործակից էր տասներկու առաքեալներին՝ իբրեւ եպիսկոպոսների քորեպիսկոպոսներ, որոնցից շատերը, գրեթէ բոլորը, եպիսկոպոսներ եղան: Ընդհանուր բոլորին առաքեալներ են կոչում, որովհետեւ նրանց բոլորին Տէրն Ինքն ընտրեց ու երկու-երկու առաքեց քարոզչութեան նախ Հրէաստանի սահմաններում եւ ապա Իր Յարութիւնից յետոյ պատուիրեց հեթանոսների դարձի համար քարոզել աւետարանն ամբողջ աշխարհում: Նրանց թիւը վերին տեսչութեամբ կարգուեց խորհրդաբար, քանզի ինչպէս տասներկու առաքեալների թիւն ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի թուի էր, նոյնպէս էլ եօթանասուներկու աշակերտները, վեց-վեց սպասաւորելով տասներկու աշակերտներից իւրաքանչիւրին, անուղղակի կերպով խորհրդանշեցին Իսրայէլի տունը՝ ըստ Մովսէսի ընտրած եօթանասուներկու ծերերի: Երկու դասերը՝ տասներկու առաքեալներն ու եօթանասուներկու աշակերտները, խորհրդանշում են նաեւ Եղիմի տասներկու աղբիւրները եւ եօթանասուն արմաւենիները Ելք 15:27: Ինչպէս որ տասներկու առաքեալները երկնային զարդերի տասներկու կենդանակերպերի օրինակով եղան աշխարհի լուսաւորիչները պանծալի քարոզչութեամբ, նոյնպէս էլ եօթանասուներկու աշակերտները երկնքի ներքոյ սփռուեցին բոլոր հեթանոս ազգերի մէջ, որոնք սկզբնական ժամանակաշրջանում լեզուների բաժանմամբ տրոհուեցին եօթանասուներկու ազգերի՝ ի մի հաւաքելու Աստուծոյ ցրուած որդիներին:
Արդ, առաջին՝ յայտնի է նախկին բոլոր մատենագիրներից եւ Եկեղեցու ստոյգ աւանդութիւնից, որ Քրիստոսի եօթանասուներկու աշակերտներն աշխարհի զանազան կողմերում քարոզչութեամբ, մեծամեծ նշաններով եւ զօրութեամբ շրջելուց յետոյ նահատակուեցին Տիրոջ անուան համար տարբեր տեսակ մահապատիժներով:
Երկրորդ՝ յայտնի է, որ ինչպէս Յուդան, որ տասներկուսից մէկն էր, ընկաւ, եւ նրա տեղը լրացրեց Մատաթիան, որ եօթանասուններից էր, նոյնպէս էլ եօթանասուներկուսի դասից ընկան աւելի քան երկուսը եւ երեքը, որոնք, ինչպէս կարծւում է, աղանդապետ Նիկողայոս Անտիոքացին էր, այլափառ Փիգեղոսն ու Հերմոգինէսը, Դեմաս ուրացողը եւ ըստ ոմանց՝ նաեւ Ալեքսանդրոս դարբինը, սակայն ընտրեալ աշակերտներից ուրիշները զբաղեցրին նրանց տեղը եւ Քրիստոսի կողմից սահմանուած թիւն ամբողջ պահեցին:
Երրորդ՝ յայտնի է, որ ո՛չ աւետարանից, ո՛չ «Գործք առաքելոց» գրքից եւ ո՛չ էլ առաքեալների թղթերից աւանդուած չէ, թէ անուանապէս ովքեր էին եօթանասունների թուից, եւ թէ ինչ էր նրանցից իւրաքանչիւրի անունը: Ուստի եթէ կան ինչ-ինչ աւանդութիւններ նախկին հայրերից ու վարդապետներից, ապա պէտք է բաւարարուել դրանցով: Եւ եթէ նրանք նոյնն են աւանդում, ապա այն պէտք է համարել ստոյգ, իսկ եթէ ոչ՝ անստոյգ եւ սխալական:
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՐԱՒԱՄԲ ՀԱՄԱՐՒՈՒՄ ԵՆ ԵՕԹԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԹՈՒԻՑ
1. Յակոբոս տեառնեղբայր կամ աստուածեղբայր՝ Յակոբոս Արդար՝ Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը, որին վերջին ժամանակներում յատկապէս Արեւմուտքում համարում էին, որ նա տասներկուսից մէկն է: Սակայն Յայսմաւուրքը նրա վարքագրութեան մէջ ասում է. «Նրանց առաջինը՝ մեծը եւ գլուխը, սուրբ Յակոբոս տեառնեղբայրն էր»: Եւ շարականն այսպէս է ասում նրա մասին. «Սա եղաւ սուրբ առաքեալների (այսինքն եօթանասունների) գլուխը եւ կոչուեց տեառնեղբայր Դաւթի տնից»: Նրա նահատակութիւնը մանրամասն պատմւում է հին վկայաբանութիւնների մէջ: Յայտնի էր, որ Յակոբոսը, քրիստոնեայ լինելով հանդերձ, հրեաների մէջ մեծ յարգանք էր վայելում իր պատուիրանապահութեան եւ օրինապահութեան համար: Ուստի մի օր ստիպեցին նրան, որ ելնի տաճարի աշտարակի վրայ եւ այնտեղից յայտարարութիւն անի ընդդէմ Քրիստոսի, որպէսզի Նրա պատճառով ստեղծուած պառակտումը վերանայ իրենց ժողովրդի միջից, սակայն Յակոբոսը յայտարարեց. «Յիսուս Մեսիան է եւ Աստուծոյ Որդին, Որն այժմ նստած է Աստուծոյ աջ կողմում ու պիտի գայ՝ աշխարհն արդարութեամբ դատելու համար»: Շատերն այս յայտարարութիւնից հաւատքի եկան, բայց ուրիշներն էլ բարձրացան, Յակոբոսին նետեցին աշտարակից ու սկսեցին քարկոծել նրան: Ի վերջոյ, նրանցից մէկը թափիչի մեծ փայտով փշրեց արդարի գլուխը, եւ նա առ Աստուած աւանդեց իր հոգին, որ եղաւ Տիրոջ 62 թուականին: Նահատակութիւնից յետոյ նրա մարմինը բերուել եւ թաղուել է իր տան պարտէզում, ուր թաղուած էր նաեւ Յակոբոս առաքեալի գլուխը: Այս տան տեղում շինուել է Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան մայր տաճարը, եւ այդ իսկ պատճառով այն կոչւում է «Սրբոց Յակոբեանց տաճար», այսինքն «Սուրբ Յակոբների եկեղեցի»:
2. Մատաթիա, որը լրացրեց տասներկու առաքեալների թիւը, որն ակնարկում է նաեւ Պետրոս առաքեալը «Գործք առաքելոց» գրքում՝ ասելով. «Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր, եւ սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ եւ պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի Նրա յարութեանը» Գործք. 1: 21-22:
3. Յովսէփ, որին Բարսաբայ էին կոչում: Նոյն Յովսէն կամ Յեսուսն է, որ է Յուստոս, որ Արդար անուանուեց եւ եղաւ Մատաթիայի վիճակակիցը: Ըստ ոմանց՝ նա եղաւ Պաղեստինի Ելեւթերուպօլս քաղաքի եպիսկոպոսը, իսկ ըստ այլոց՝ Երուսաղէմի երրորդ եպիսկոպոսը Շմաւոնից յետոյ:
4. Թադէոս Հայոց առաքեալ՝ Թովմաս առաքեալի եղբայրը: Մեր ազգային աւանդութեան համաձայն՝ Թադէոս առաքեալը նախ գալիս է Եդեսիա, որտեղ, ինչպէս խոստացել էր Քրիստոս, բժշկում եւ քրիստոնեայ է դարձնում Աբգար թագաւորին: Թադէոսն իր քարոզչութիւնը ծաւալում է դէպի հիւսիս, անցնում Հայոց Սանատրուկ թագաւորի սահմանները եւ դարձի բերում շատ հայերի, որոնք հանդիսանում են Հայ Առաքելական Եկեղեցու երախայրիքն ու հիմնաքարերը: Մտնում է նաեւ արքունիք եւ դարձի բերում թագաւորի դստերը՝ Սանդուխտին, որը նահատակւում է իր իսկ հօր ձեռքով: Ի վերջոյ, Թադէոս առաքեալն էլ շատ հրաշքներ գործելուց եւ հազարաւոր հոգիներ դարձի բերելուց յետոյ սրով նահատակւում է Արտազ գաւառում՝ ներկայիս Պարսկական Ատրպատական գաւառի արեւմտեան կողմում, որտեղ մինչ օրս կայ նրա գերեզմանը, որի վրայ փառաւոր եկեղեղեցի է շինուած: Այս հայոց Թադէոս առաքեալը Երկուորեակ կոչուած Թովմաս առաքեալի եղբայրն էր, որին ոմանք շփոթում են տեառնեղբայր Յուդայի՝ Ղեբէոս կոչուած Թադէոսի հետ, որը տասներկուսից մէկն էր, սակայն ըստ Եւսեբիոս Կեսարացու 3, պատմահայր Մովսէս Խորենացու 4, Դորոթէոսի եւ այլոց՝ նա եօթանասուներկու աշակերտների դասից էր:
5. Շմաւոն՝ Քրիստոսի ազգականը՝ Երուսաղէմի երկրորդ եպիսկոպոսը, որն աստուածահայր սուրբ Յովսէփի եղբայր Կղէովպասի որդին էր: Պէտք է նրան նոյնացնել տեառնեղբայրներից Սիմոնի հետ (Մարկ. 4:3), որի մասին Նոր Կտակարանում անունից բացի ոչինչ չգիտենք: Աւանդութիւնը համարում է, որ նա եղել է Երուսաղէմի երկրորդ եպիսկոպոսը՝ յաջորդելով Յակոբոսին: Շուրջ յիսուն տարի վարել է այդ պաշտօնը: Որպէս քրիստոնեաների առաջնորդ՝ հրեաների կողմից մատնուել է Պաղեստինի հռոմէացի կառավարչի ձեռքն ու չարչարանքների է ենթարկուել, որոնց տոկացել է զարմանալի համբերութեամբ: Ի վերջոյ, խոր ծերութեան մէջ՝ աւելի քան հարիւր տարեկան հասակում, նահատակուել է խաչելութեամբ:
6. Ստեփաննոս Նախավկայ եւ Նախասարկաւագ (առաջին սարկաւագը): Առաջին անգամ նրա անուանը հանդիպում ենք, երբ քրիստոնէական եկեղեցին կատարում է իր առաջին ընտրութիւնը: Սկզբնական շրջանում նախնական եկեղեցին փորձեց ապրել ընդհանրական կեանքով: Ունէին ընդհանուր գանձանակ եւ սեղան: Վաճառելով իրենց ունեցածը կամ ագարակները՝ հաւատացեալներն առաքեալների տրամադրութեան տակ էին դնում դրամական միջոցներ, իսկ ընդհանուր սեղանին առանց խտրութեան մասնակցում էին բոլորը: Երբ խումբը մեծացաւ, դժուարացաւ սեղան պատրաստելու գործը, եւ բարդութիւններ առաջացան: Առաքեալները, որոնք ընդհանուր սեղանի հոգսն իրենց վրայ էին վերցրել, տեսան, որ դա արգելք է հանդիսանում իրենց աւելի կարեւոր՝ քարոզչական գործին: Ուստի «Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնն ու ասացին. "Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել: Եղբայրնե՛ր, ընտրէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար. իսկ մենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք" Գործք. 6:2-4»: Հաւատացեալները եօթ մարդ ընտրեցին, որոնցից առաջինը Ստեփաննոսն էր: Ստեփաննոսն առաջին իսկ պահից որակուեց որպէս Սուրբ Հոգով եւ հաւատքով, շնորհով եւ զօրութեամբ լեցուն մարդ եւ մինչեւ անգամ սկսեց հրաշքներ գործել: Ստեփաննոսը, որն ամէն բանում Քրիստոսի կատարեալ հետեւորդն էր, նմանուեց Նրան նաեւ իր մահուամբ, երբ թողութիւն խնդրեց իրեն քարկոծողների համար՝ ասելով. « Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց» Գործք. 7:59: Եւ ապա «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»Գործք. 7:58 ասելով՝ ննջեց:
7. Փիլիպպոս՝ Ստեփաննոսի ընկերը, որն աւետարանիչ է կոչւում: Նա այն եօթնեակից էր, որն ընտրուեց ընդհանուր սեղանին սպասաւորելու համարԳործք. 6: 4: Ստեփաննոսի մահից յետոյ քրիստոնեաների դէմ մեծ հալածանքներ սկսուեցին Երուսաղէմում, եւ բացի առաքեալներից՝ բոլորը ցրուեցին դէպի Հրեաստանի եւ Սամարիայի գիւղերը: Նրանցից մէկն էր Ստեփաննոսի ընկերն ու պաշտօնակիցը, որը գնաց Սամարիա եւ սկսեց այնտեղ քարոզել 9: Փիլիպպոսի քարոզչական գործը զուգակցւում էր հրաշագործութեան շնորհով, որի համար շատերը հաւատացին, դարձի եկան, մկրտուեցին ու այդպէս ազատագրուեցին Սիմոն անունով մոգի կախարդանքից, որն իր ազդեցութեան տակ էր պահում Սամարիայի բնակչութեանը: Սակայն ի վերջոյ Սիմոն մոգը եւս հաւատաց ու մկրտուեց: Փիլիպպոսն իր քարոզչութիւնն առաջ տարաւ նոյն շրջանի ծովափնեայ քաղաքների մէջ՝ մինչեւ Պաղեստինեան Կեսարիա, որտեղ էլ վերջնականապէս հաստատուեց: Նրա վախճանի մասին գրեթէ ոչինչ չգիտենք:
8. Պրոխորոն կամ Պռոքորոն՝ եօթ սարկաւագներից մէկը, որն ինչպէս ասւում է, եղել է Բիւթանիայի Նիկոմիդիա քաղաքի եպիսկոպոսը, ինչպէս նաեւ Ասիայում Յովհաննէս աւետարանչի գործակիցն ու դպիրը: Նահատակուել է Անտիոքում:
9. Նիկանոր, որը եօթ սարկաւագներից մէկն էր: Ըստ ոմանց՝ կարծիք կայ, որ շատերի հետ նահատակուել է սուրբ Ստեփաննոսի հետ՝ նոյն հալածանքների ժամանակ, իսկ ըստ այլոց՝ նահատակուել է Կիպրոսում եւ թաղուել այնտեղ:
10. Տիմոն՝ եօթ սարկաւագներից մէկը, որը յետոյ շրջեց Կորնթոսում եւ Բերիայում ու եղաւ Բուստրայ քաղաքի եպիսկոպոսը, որտեղ ըստ ոմանց՝ նահատակուել է հրեաների մատնութեամբ՝ հրկիզուելով հեթանոսների կողմից, ըստ ոմանց էլ՝ փրկուել է հրկիզումից եւ մեռել խաչի վրայ:
11. Պարմենաս՝ եօթ սարկաւագներից մէկը, որն ըստ ոմանց՝ վախճանուել է խաղաղութեամբ՝ սպասաւորելով առաքեալներին, ըստ ոմանց էլ՝ նահատակուել է հրեաների կողմից սուրբ Ստեփաննոսի դեմ յարուցուած հալածանքների ժամանակ:
12. Նիկողայոս Անտիոքացի՝ դարձեալ եօթ սարկաւագներից մէկը: Ըստ Դորոթէոսի՝ յետագայում եղել է այլափառ սամարացիների եպիսկոպոսը՝ յարելով Սիմոն մոգին: Նրանից է առաջացել նիկողայեցիների աղանդը: Սակայն ստոյգ չէ, թէ ինքը՝ Նիկողայո՞սն է սերմանել մոլար վարդապետութիւնը, թէ՞ նրա խօսքերը վերցնելով՝ նրա աշակերտներն են ուսուցանել մոլորութիւնը:
13 Անանիա առաքեալ, որը Դամասկոսում մկրտեց սուրբ Պօղոսին: Համարւում է Դամասկոսի եպիսկոպոսը: Պօղոսը, որ գրեթէ կուրացել էր Դամասկոսի ճանապարհին ունեցած փայլակնային տեսիլքից յետոյ, մտաւ քաղաք: Երեք օր ոչ կերաւ եւ ոչ էլ խմեց, այլ անցկացրեց աղօթքներով ու խոկումներով: Երրորդ օրն Աստուած թելադրում է Անանիային, որ գնայ եւ պէտք եղածը յայտնի նրան: Թէ երբ եւ թէ ինչ հանգամանքներում է Անանիան քրիստոնեայ դարձել, ոչինչ յայտնի չէ: Յայտնի չէ նաեւ, թէ արդեօք բնիկ դամասկացի էր, թէ՞ Հրեաստանից գնացած մէկը: Իմանալով, որ Սողոսը հալածիչ է, Անանիան հնազանդուեց աստուածային հրահանգին եւ գնաց այն տունը, ուր Սողոսն էր: Ձեռքերը դրեց նրա վրայ եւ ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէ՛րն ինձ ուղարկեց, այն Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով» Գործք. 9:17: Երբ Անանիան ձեռքերը դրեց Սողոսի գլխին, նրա աչքերից կեղեւի պէս բաներ թափուեցին, ապա երբ սկսեց տեսնել, ոտքի ելաւ ու մկրտուեց: Անանիայի մասին Նոր Կտակարանից գիտենք այսքանը, սակայն Յայսմաւուրքն աւելացնում է, որ նա ձերբակալուել է որպէս քրիստոնեայ, տարուել դատաւորի մօտ, որն իրեն ասել է. «Իմաստուն եւ պատկառելի մարդ ես երեւում, ուստի զուր տեղը չարչարանքներով կորստեանդ պատճառ մի՛ եղիր, այլ զոհ մատուցիր մեր աստուածներին»: Անանիան նրան պատասխանում է. «Չեմ զոհաբերի եւ չեմ երկրպագի խուլ, համր, անզգայ աստուածներին, որովհետեւ պաշտում եմ Յիսուս Քրիստոսին, իմ ճշմարիտ Աստծուն, Ով մեզ համար գիտութեան լոյս եղաւ, Ում տեսանք մեր աչքերով եւ շօշափեցինք մեր ձեռքերով եւ Ով ազատեց մեզ կռապաշտութեան մոլորութիւնից»: Ենթարկուել է սաստիկ չարչարանքների եւ ի վերջոյ քարկոծումով աւարտել իր կեանքը:
14. Բառնաբաս առաքեալ՝ Պօղոսի գործակիցը եւ Մարկոս աւետարանչի եղբայրը: Առաջին շրջանի քրիստոնէական եկեղեցու գլխաւոր գործիչներից է եւ եղել Պօղոսին առաջնորդողն իր առաքելական ճամփորդութեան մէջ: Ծնուել է Կիպրոսում, բայց քրիստոնէական թատերաբեմում երեւում է Երուսաղէմում, որտեղ ունէր եղբայր կամ քոյր եւ յանձինս Մարկոս աւետարանչի՝ եղբօրորդի: Ղեւտացի էր՝ քահանայական ցեղից: Ունէր մի ագարակ, որը վաճառեց եւ գումարը յանձնեց առաքեալներին՝ օգտագործելու եկեղեցու ընդհանուր կարիքների համար: Նախկին անունը Յովսէփ էր, որն առաքեալները փոխեցին եւ Բառնաբաս կոչեցին, որ թարգմանաբար նշանակում է «մխիթարութեան որդի»: Բառնաբասն էր, որ դարձի եկած Սողոսին ներկայացրեց առաքեալներին, «որոնք վախենում էին նրանից՝ իբրեւ նախկին հալածչի եւ չէին կարողանում հաւատալ, թէ նա դարձի է եկել: Բայց Բառնաբասը նրան բերեց առաքեալների մօտ ու նրանց պատմեց, թէ ինչպէս ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խօսել էր Նրա հետ եւ թէ Դամասկոսում էլ համարձակ քարոզել է Յիսուսի անունով» Գործք. 9:26-27: Երբ սկսուեց Պօղոս առաքեալի քարոզչական առաքելութիւնը, նրան առաջնորդողը պաշտօնապէս Բառնաբասն էր: Աւանդութիւնն ասում է, որ նա եղել է Կիպրոսի առաջին եպիսկոպոսը: Համարւում է, որ նահատակուել է Կիպրոսի Սալամինա քաղաքում:
15. Յովհաննէս Մարկոս աւետարանիչ՝ Պետրոսի գործակիցը: Երկու անուններով ճանաչուած այս անձն առաջին անգամ յիշատակւում է «Գործք առաքելոց» գրքում, երբ Պետրոս առաքեալը, բանտից ազատուելով, նրանց տուն է գալիս. «... եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը» Գործք. 12:12: Այստեղից երեւում է, որ Յովհաննէս եւ Մարկոս անունները նոյն անձի երկու տարբեր անուններ են, մէկը՝ եբրայերէն, միւսը՝ յունա-հռոմէական լեզուով: Մարկոսը երուսաղէմացի էր եւ Բառնաբաս առաքեալի եղբօրորդին, որը հաստատում է Պօղոս առաքեալի կողոսացիներին ուղղուած թուղթը, որի մէջ ողջոյն է յղում՝ գրելով. «Մարկոս՝ Բառնաբասի եղբօրորդի»: Իսկ Տիմոթէոսին ուղղուած երկրորդ թղթում Պօղոսը յանձնարարում է նրան. «Քեզ հետ բե՛ր Մարկոսին, որովհետեւ նա ինձ պէտք է ծառայութեան համար» Բ Տիմ. 4: 11: Մարկոսի անունն անմահացնողը եւ քրիստոնէական եկեղեցուն իր մատուցած մնայուն ծառայութիւնն իր Աւետարանն է: Թէպէտ այն չորս աւետարանների մէջ ամենահամառօտն է, բայց միաժամանակ ամենահինն է: Կարծիք կայ, որ այն գրուել է Պետրոս առաքեալի թելադրանքով ու առաջնորդութեամբ, որը նրան իր առաջին թղթում կոչում է. «Մարկոսը՝ իմ որդին» Ա Պետ. 5:13: Համարւում է, որ այն գրուել է հեթանոսների՝ յատկապէս հռոմէացիների համար:
16. Ղուկաս աւետարանիչ՝ Պօղոսի գործակիցը: Նրա անունը միայն երկու-երեք անգամ է յիշատակուած ամբողջ Նոր կտակարանի մէջ, այն էլ Պօղոս առաքեալի թղթերում՝ այլեւայլ անունների շարքում: Առաջինը Փիլիմոնին ուղղուած Պօղոս առաքեալի կարճ թղթի մէջ՝ որպէս «գործակից» (առաջին գլխի 24-րդ համար), ապա կողոսացիներին ուղղուած թղթի մէջ՝ որպէս «Ղուկաս՝ սիրելի բժիշկը» Կող. 4:14: Մէկ այլ տեղում առաքեալը հաստատում է, որ բոլորը հեռացել են իրենից, եւ «Միայն Ղուկասն է ինձ հետ»Բ Տիմ. 4:10: Այս մէջբերումներից եզրակացնում ենք, որ Ղուկասը մասնագիտութեամբ բժիշկ էր եւ Պօղոս առաքեալի ամենահաւատարիմ ու անձնուէր գործակիցներից մէկը: Յայտնի է, որ «Գործք առաքելոց» գրքի հեղինակը նոյն ինքը՝ Ղուկասն է: Նրա անունից եւ այլ հանգամանքներից կարելի է հետեւութիւն անել, որ Ղուկասը հրեա չէր, այլ հեթանոսութիւնից քրիստոնէութեան դարձած մէկը: Ղուկասի մեզ թողած անգին ժառանգութիւնն իր անունով յայտնի աւետարանը եւ «Գործք առաքելոց» գիրքն է:
17. Շիւղա՝ Պօղոսի գործակիցը, որին իրաւամբ նոյնացնում են Սիլուանոսի հետ: Շիւղան նրա եբրայերէն անունն է, իսկ Սիլուանոսը՝ յունարէն տարբերակը: Շիւղան եւ Պօղոսը բանտարկուել են Մակեդոնիայի Ֆիլիպպէ քաղաքում, բայց ազատուելով բանտից՝ իրենց քարոզչութիւնը շարունակել են ամբողջ Յունաստանով՝ հիւսիսից հարաւ, Սալոնիկէ, Աթէնք եւ Կորնթոս, որտեղից դարձեալ անցել փոքր Ասիա՝ Եփեսոս, որտեղից ճանապարհ ընկնելով Երուսաղէմ գնացել: Այս ճամփորդութեան ժամանակ Շիւղան վերջին անգամ յիշատակւում է Սալոնիկէում Գործք. 17:4, որից յետոյ կորցնում ենք նրա հետքերը: Նկատելի յանգամանք է, որ «Գործք առաքելոց» գրքի մէջ նա միշտ յիշատակւում է որպէս Շիւղա, իսկ առաքելական թղթերի մէջ՝ Սիլուանոս: Նրա վախճանի մասին գրեթէ ոչինչ յայտնի չէ: Կարծիք կայ, որ եղել է Ֆիլիպպէի առաջին եպիսկոպոսը, որտեղ էլ վախճանուել է:
18. Յուդա՝ Շիւղայի ընկերը եւ նրա մարգարէակիցը Անտիոքում: Նաեւ Բարսաբայ է կոչւում, ինչպէս Յովսէփը կամ Յուստոսը:
19. Յովհաննէս՝ Բառնաբասի եղբօր որդին, որ կոչուեց Մարկոս՝ ոչ աւետարանիչը:
20. Բարդուղիմէոս՝ Փիլիպպոս առաքեալի գործակիցը, ոչ Բարդուղիմէոս առաքեալը, որ տասներկուսից էր:
21. Ղազարոս՝ Քրիստոսի սիրելին ու բարեկամը, որին Նա յարութիւն է տուել մեռելներից: Ըստ աւանդութեան՝ Ղազարոսը եւ իր քոյրերը գնում են Կիպրոս եւ համարւում է, որ այնտեղ էլ վախճանւում են: Իսկ մէկ այլ աւանդութիւն էլ ասում է, որ նրանք գնացել են Մարսէլ եւ այնտեղ էլ վախճանուել: Այն գերեզմանը, որտեղից Յիսուս դուրս կանչեց չորս օրուայ մեռած Ղազարոսին, մինչեւ օրս համարւում է մի ստորերկրեայ վայր, որ գտնւում է Բեթանիայի նրա գիւղում, որն այսօր իսլամակաան խղճուկ մի աւան է հին ու նոր մէկ-երկու փառաւոր եկեղեցիներով:
22. Նաթանայէլ՝ Գալիլեայի Կանա քաղաքից:
23. Ղուկիոս կամ Ղուկաս Կիւրենացի, որը յիշատակուած է «Գործք առաքելոց» գրքում: Ասւում է, թէ եպիսկոպոս է եղել ասորիների Լաւոդիկիա քաղաքում եւ բազմաթիւ վայրերում Ապեղասի ու Կղեմէսի հետ քարոզել Քրիստոսին:
24. Մանայէն՝ Հերովդէս Չորրորդապետի դայեակի որդին՝Ղուկիոսի գործակիցն Անտիոքում: Հրեաներին եւ հեթանոսներին քարոզել է Քրիստոսին եւ ապա նահատակուել:
25. Շմաւոն Նիւգեր՝ նախորդ երկուսի մարգարէակիցը եւ գործակիցը:
26. Տիտոս՝ Կրետէի եպիսկոպոսը: Համարւում է Պօղոսի գործակիցը եւ աշակերտը: Կարծիք կայ, որ նաեւ աշակերտել է Քրիստոսին: Պօղոս առաքեալը նրան կոչում է իր սիրելի որդինՏիտ. 1:2, իսկ մէկ ուրիշ տեղում՝ եղբայր, հաւասար եւ գործակից Բ Կորնթ. 2:13 և Բ Կորնթ. 8:23: Պօղոս առաքեալի կողմից Տիտոսն ուղարկուեց Կրետէ կղզի՝ ստանձնելու տեղի նորակազմ եկեղեցու վերատեսչութիւնը եւ ծաւալելու սկսած գործը: Համարւում է այդ կղզու առաջին եպիսկոպոսը:
27. Գայիոս՝ Պօղոսի հիւրընկալը, որին ուղղուած Յովհաննէս աւետարանիչը թուղթ է գրել: Տիմոթէոսից յետոյ եղել է Եփեսոսի եպիսկոպոսը:
28. Ագաբոս Մարգարէ, որը յիշատակւում է «Գործք առաքելոց» գրքում:
29. Կրեսկէս, որը յիշատակւում է Պօղոս առաքեալի Տիմոթէոսին ուղղուած երկրորդ թղթի մէջ:
30. Դեմետրիոս, որը քարկոծուել է հրեաների կողմից: Սուրբ Յովհաննէսը գովաբանում է նրան Գայիոսին ուղղուած թղթում՝ ասելով. «Դեմետրիոսի մասին վկայում են բոլորը, եկեղեցին եւ ինքը՝ ճշմարտութիւնը. վկայում ենք նաեւ մենք. եւ դու գիտես, որ մեր վկայութիւնը ճշմարիտ է»Յովհ. 1:12:
31. Մինաս՝ որն ըստ Յայսմաւուրքների՝ քարկոծուել է Բերիայում, այսինքն Հալէպում կամ Բիւրիտոնում՝ կուսութիւն եւ պարկեշտութիւն քարոզելու համար:
32. Կիւրղոս՝ նահատակուել է Կեսարիայում:
33. Նիկիտաս՝ սղոցուել է Տաբարիայում:
34. Ղազար Երկրորդ՝ նահատակուել է Բերիայում:
35. Զաքարիա՝ այրի կնոջ որդին, որին Տէրը յարութիւն տուեց Նային քաղաքում: Նահատակուել է Տրայիանոսի օրօք, Հուրինա կամ Խուրինա քաղաքում:
36. Զակքէ՝ նահատակուել է անապատում: Երանելի Յակոբոսից յետոյ չորրորդն էր, որ հովուել է Երուսաղէմի եկեղեցին:
37. Անանիա՝ նահատակուել է Սիմէոնի հետ Բիւզանդիայում:
38. Եղիշէ՝ որը նահատակուել է Աղուանքում: Արեւելեան այս երկրի, ինչպէս նաեւ Չողի եւ Լփինքի լուսաւորութիւնը սուրբ Եղիշէի միջոցով, սկիզբ է առել Երուսաղէմից: Այս երանելին քրիստոնէութեան տարածումն սկսեց Աղուանքի ծայրամասերից, որտեղից լուսաւորուեց հիւսիս-արեւելեան որոշ մասեր միայն եւ ոչ թէ ամբողջը: Երբ Թադէոս առաքեալը նահատակուեց Սանատրուկ արքայի կողմից, նրա աշակերտ սուրբ Եղիշէն վերադառնում է Երուսաղէմ եւ պատմում նրա սքանչելի նահատակութեան մասին: Այնտեղ սուրբ Եղիշէն ձեռնադրւում է սուրբ Յակոբի՝ Երուսաղէմի առաջին հայրապետի կողմից՝ իր համար վիճակ ընտրելով Արեւելքը: Քարոզչութիւնն սկսում է Չողում 21 եւ բազմաթիւ այլ տեղերում, որտեղ շատերին աշակերտ դարձնելով՝ ճանաչել է տալիս փրկութիւնը: Այնտեղից երեք աշակերտների հետ գալիս է Ուտի գաւառի Սահառ 22 քաղաքը: Նրանց անհաւատ հարազատներից ոմանք հետապնդում են. աշակերտներից մէկը նրանց կողմից նահատակւում է, իսկ միւս երկուսը թողնում են երանելի Եղիշէին ու գնում անօրէն մարդասպանների յետեւից: Սուրբ հայրապետը, գալով Գիս 23, կառուցում է եկեղեցի եւ մատուցում անարիւն պատարագ: Արեւելցիների եկեղեցիների սկիզբն այս տեղում եղաւ, որը դարձաւ մայրաքաղաք եւ լուսաւորութեան վայր: Այնտեղից անցաւ Զերգունի դաշտակը 24, որը դիցամոլ կռապաշտների զոհաբերումների վայր էր, որտեղ էլ նահատակուեց: Մարմինը նետուեց մահապարտների մի փոսի մէջ եւ երկար ժամանակ ծածկուած մնաց այդ տեղում, որ կոչւում էր Հոմենք 25: Ճշմարտութիւնը չէր կարող ծածկուած մնալ, եւ լոյսը փակի տակ լինել. սուրբ Եղիշէի տեսիլքով յայտնաբերուած նշխարները տարան թաղեցին Ուռեկան 26 աւանում, ուր սուրբ քահանայ Ստեփանոսի ձեռքով ամփոփուած էր գլուխը: Ապա այնտեղից փոխադրեցին Ներսմիհրի27 սուրբ միաբանութիւնը, որն այժմ կոչւում է Ջրվշտիկ: Երկար ժամանակ անցնելուց յետոյ Աղուանքի բարեպաշտ Վաչագան թագաւորը Եղիշէի նահատակութեան փոսի վրայ հուշասիւն կանգնեցրեց 28:
39. Դեմաս՝ որն այլափառ եղաւ:
40. Հերմոգինէս եւ Փիգեղոս՝ որոնք եւս այլափառ եղան: Դորոթէոսն աւելացնում է նաեւ Փիգեղոսին՝ գրելով այսպէս. «Փիգեղոսը, որ Եփեսոսի եպիսկոպոս եղաւ, խորհում էր Սիմոնինը, իսկ Հերմոգինէսը, որը եւ մոգ էր, արաբացիների եպիսկոպոս եղաւ ... : Եւ Դեմասը, սիրելով այժմէականը, մերժեց աւետարանական խօսքը եւ Թեսալոնիկէում կուռքերի քուրմ եղաւ»: Նրանց համար Յովհաննէս առաքեալը գրում է. «Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին» Ա Յովհ. 2:19:
Բացի նշեալ քառասուն աշակերտներից, որոնք առաւել կամ նուազ չափով վաւերական են համարւում, կան նաեւ բազմաթիւ աշակերտներ՝ յիշատակուած տարբեր Յայսմաւուրքների մէջ, որոնք ենթադրելի են համարւում: Նրանց թուին կարելի է դասել հետեւեալ աշակերտներին.
1. Կղէոպաս՝ Տիրոջ ազգակիցը՝ Յովսէփ աստուածահօր եղբայրը: Հայոց Յայսմաւուրքը նրան ճանաչում է եօթանասունից մէկը՝ գրելով. «Կղէոպասը՝ Յովսէփ աստուածահօր եղբայրը, որ Զատկի աւագ օրը Էմաւուսի ճանապարհին տեսաւ Քրիստոսին, հրեաներին քարոզեց Քրիստոսին եւ նահատակուեց Երուսաղէմում»:
2. Յովսէփ Արիմաթացի՝ որը թաղեց Տիրոջը: Սուրբ աւետարանների մէջՄատթ. 25:57-58, Մարկ. 17:42-43, Ղուկ. 50-52, Յովհ. 19:38 այս պատուական մարդու մասին ասուածները համադրելով՝ կ՚ունենանք հետեւեալ պատկերը. նա մի պարկեշտ, բարեգործ եւ արդար անձնաւորութիւն էր, Յիսուսի ծածուկ աշակերտը, որն ունէր Աստուծոյ արքայութեան ակնկալութիւնը: Ըստ այս տուեալների՝ Յովսէփը ներկայանում է որպէս ազնուական թէ՛ նիւթական կացութեամբ, թէ՛ դիրքով եւ թէ՛ հոգով: Յովսէփն այն սակաւաթիւ «մեծահարուստ»-ներից էր, որոնք ծածուկ աշակերտել են Քրիստոսին եւ իրենց դիրքն ու նիւթական միջոցները դրուած էին ի սպաս քրիստոնէութեան օրինական տարածման եւ ազդեցութեան: Երբ Յովսէփն իմացաւ, որ Յիսուս արդէն իսկ մահացած է խաչի վրայ եւ իմանալով, որ ըստ իրենց օրէնքի՝ այդ օրը խաչի վրայ պիտի չմնար, համարձակութիւն ունեցաւ մօտենալ Պիղատոսին եւ անձամբ թաղելու համար խնդրել Յիսուսի մարմինը: Պիղատոսը շնորհեց Յիսուս մարմինը: Իր այս արարքով Յովսէփը գործնականում հաստատեց, որ արդարեւ ինքը բարեգործ եւ արդար մարդ էր, որովհետեւ անտէր մեռեալին տէր կանգնելն ու նրան թաղելը մեծագոյն բարեգործութիւն էր համարւում հրեաների մօտ: Յովսէփ Արիմաթացին արժանացաւ անփոխարինելի՝ Յիսուսի աստուածային մարմինն անձամբ խաչից իջեցնելու եւ իր ընտանիքի համար պատրաստուած նոր գերեզմանի մէջ թաղելու պատուին:
3. Նիկոդեմոս՝ նրա գործակիցը:
4. Սիմոն Կիւրենացի՝ որը կրեց Քրիստոսի Խաչը, եւ նրա հետ իր երկու որդիները՝ Ռուփոսը եւ ԱլեքսանդրոսըՄարկ. 15:21: Դորոթէոսը նրանցից միայն Ռուփոսին է դասում եօթանասունի թւում: Աւետարանիչը յայտնում է, որ Սիմոնի որդիներն առաւել անուանի եւ նշանաւոր էին, քան իրենց հայրը, որովհետեւ նրան յիշատակում է որդիների անունով՝ Ալեքսանդրոսի եւ Ռուփոսի հայր ասելով: Ճառընտիրը նրա մասին գրում է. «Տեսնելով սքանչելիքները, որ եղան Քրիստոսի խաչելութեան ժամանակ, Սիմոնը ժողովրդից ծածուկ հաւատաց Քրիստոսին: Սակայն իր ազգականներից մէկը մատնեց նրան հրեաներին ու քահանայապետներին, եւ նրանք, կաշառելով Պիղատոսին, Քրիստոսի անուան համար խաչեցին Սիմոնին ու խոցեցին նրա երկու կողերը՝ հեղելով արիւնը: Նա բարի խոստովանութեամբ աւանդեց իր հոգին, եւ մենք նրան բարեխօս ունենք առ Քրիստոս»: Սիմոնի համար գեղեցիկ վարձք պէտք է համարել Քրիստոսի խաչը կրելը: Նրա անունը թարգմանաբար նշանակում է հնազանդ:
5. Կեփաս՝ ոչ Պետրոսը:
6. Մարկոս երկրորդ կամ Յովհաննէս երկրորդ՝ որոնք անորոշ կերպով քաղուած են «Գործք առաքելոց» գրքից եւ առաքեալների թղթերից:
7. Ստաքէոս՝ որը յիշատակւում է հռոմէացիներին ուղղուած թղթում Հռոմ. 16:9: Անդրէաս առաքեալի կողմից եպիսկոպոս է կարգուել Բիւզանդիայում:
8. Եւոդիոս՝ որը սուրբ Պետրոսի կողմից եպիսկոպոս է կարգուել Անտիոքում: Նրա անունը յիշատակուած է անտիոքացիներին ուղղուած սուրբ Իգնատիոսի թղթերում:
9. Եպենտոս կամ Եպենետոս՝ որին Պօղոս առաքեալը յիշատակում է հռոմէացիներին ուղղուած թղթում Հռոմ. 16:5: Ըստ Դորոթէոսի՝ եղել է Գալիլիայի եպիսկոպոսը, իսկ ըստ Հիպողիտոսի՝ Կարքեդոնի եպիսկոպոսը: Նահատակուել է Ատտալիայում:
10. Անդրոնիկոս եւ ՅունիաՀռոմ. 16: 7՝ Պանոնիայի եպիսկոպոսը, որի համար Յայսմաւուրքը գրում է. «Անդրոնիկոսը եւ Յունիան՝ Պօղոսի ազգականները, նահատակուեցին Տարսոնում»: Պանծալի է առաքեալի խօսքը նրանց մասին. «Ողջունեցէ՛ք Անդրոնիկոսին եւ Յունիային՝ իմ ազգականներին եւ բանտակիցներին, որոնք երեւելիներ են առաքեալների մէջ եւ որոնք ինձնից առաջ իսկ դարձան ի Քրիստոս»Հռոմ. 16:7:
11. Ամպլիաս՝ որ առաքեալի կողմից սիրելի կոչուեց: Ըստ Դորոթէոսի՝ Մակեդոնիայում եղել է ոդիսացիների եպիսկոպոսը եւ նահատակուել է Զմիւռնիայում:
12. Ուրբանոս՝ մակեդոնացիների եպիսկոպոսը: Նահատակուել է Հռոմում: Ամլիասը, Ուրբանոսը եւ Ստաքէսը նահատակուել են այլեւայլ տեղերում, իսկ նրանց պատուական նշխարները յետագայում փոխադրուել են Կոստանդնուպօլիս:
13. Ապելիս՝ որ թարգմանաբար նշանակում է ընտրեալ ի Տէր: Եղել է Հերակլիայի եպիսկոպոսը:
14. Ապելէս՝ եղել է Զմիւռնիայի եպիսկոպոսը Պօղիկարպոսից առաջ:
15. Ապողոս՝ յիշատակուած է կորնթացիներին ուղղուած առաջին թղթի 3-րդ գլխի 4,6 եւ 16-րդ գլխի 12 համարներում, ինչպէս նաեւ «Գործք առաքելոց» գրքի 18-րդ գլխի 24 համարում: Բանիբուն, ուսեալ եւ ճարտարախօս մի հրեայ էր Ալեքսանդրիայից, որը զօրաւոր էր Սուրբ Գրքի գիտութեամբ եւ Եփեսոս գալով եռում էր հոգով, խօսում էր ճշմարտութեամբ եւ ուսուցանում Յիսուսի մասին, բայց տեղեակ էր միայն Յովհաննէսի մկրտութեան մասին: Ակիւղասն ու Պրիսկիղան իրենց մօտ ընդունեցին նրան եւ սովորեցրին ճշմարտագոյնը: Եղել է Կեսարիայի եպիսկոպոսը: Եփեսոսից գնացել է Կորնթոս, որտեղ մեծ ճարտարութեամբ քարոզել է աւետարանը եւ ոռոգել ու ընդարձակել Պօղոսի սկսած գործը:
16. Սոսթենէս՝ կողոփոնացիների եպիսկոպոսը: Յիշատակուած է «Գործք առաքելոց» գրքի 18-րդ գլխի 17 համարում, ինչպէս նաեւ Կորնթացիներին ուղղուած առաջին թղթի առաջին գլխի առաջին համարում, Կորնթոսում եղել է հրեաների ժողովրդապետը եւ իրաւամբ համարւում է Պօղոսի աշակերտը:
17. Տիւքիկոս՝ յիշատակուած է «Գործք առաքելոց» գրքի 20-րդ գլխի 4 համարում եւ եփեսացիներին ուղղուած թղթի 6-րդ գլխի 21 համարում: Եղել է Կողոփոնիայի եպիսկոպոսը Սոսթենէսից յետոյ:
18. Եպափրոդիտոս՝ յիշատակուած է Փիլիպպեցիներին ուղղուած երկրորդ գլխի 25 եւ չորրորդ գլխի 18 համարներում: Եղել է Ադրիական ծովափնեայ քաղաքի եպիսկոպոսը՝ կարգուած սուրբ Պետրոսի կողմից:
19. Կեսար կամ Կայսր՝ յիշատակուած է հռոմէացիներին ուղղուած թղթում: Եղել է Ալբանիայի Դիւռակիա քաղաքի եպիսկոպոսը:
20. Արտեմաս՝ լիւստրացիների եպիսկոպոսը եւ Տիւքիկոս՝ Քաղկեդոնի եպիսկոպոսը: Յիշատակուած են Պօղոս առաքեալի Տիտոսին ուղղուած երրորդ գլխի 12 համարում. «Երբ քեզ մօտ ուղարկեմ Արտեմասին կամ Տիւքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մօտ՝ Նիկոպոլիս»:
21. Կղեմաս կամ Կղեմէս՝ որը յիշատակուած է Պօղոսի կողմից՝ որպէս գործակից, թէպէտ ըստ աւանդութեան՝ եղել է Պետրոսի աշակերտը եւ յաջորդել Հռոմի նրա Աթոռին: Եկեղեցական պատմագրութեան մէջ նշանաւոր է որպէս «Առաքելական հայրեր» անունով մատենագիրներից առաջինը, որոնց աշխատութիւնները լոյս են սփռում առաջին երկու դարերի քրիստոնէական կենցաղի, սովորոյթների եւ յատկապէս աստուածաբանութեան եւ պատմութեան վրայ:
22. Ոնեսիփորոս՝ Պօղոսի մէկ այլ պատուական բարեկամն ու գործակիցը: Երբ Պօղոսը Հռոմում բանտարկուեց երկրորդ անգամ, իր աշակերտ Տիմոթէոսին գրեց հետեւեալը. «Այս բանն իմացի՛ր, որ մեզնից հեռացան բոլոր նրանք, որ Ասիայից էին ... : Սակայն թող Աստուած ողորմած լինի Ոնեսիփորոսի ընտանիքին, որովհետև նա ինձ շատ անգամ հանգստացրեց եւ իմ կապանքներն ամօթ չհամարեց, այլ, երբ Հռոմ եկաւ, եռանդագին փնտռեց ինձ ու գտաւ (տայ Տէրը, որ նա ողորմութիւն գտնի Տիրոջից այն օրը). եւ թէ ինչքա՜ն ինձ ծառայութիւն մատուցեց Եփեսոսում, այդ դու ինքդ քաջ գիտես»36 և 4:19:
23. Կարպոս՝ Թրակիայի Բերիա քաղաքի եպիսկոպոսը եւ համարւում է Պօղոսի աշակերտը:
24. Արիստարքոս՝ Ապամիայի եպիսկոպոսը:
25. Զինաս կամ Զենաս՝ համարւում է դիոպոլսեցիների եպիսկոպոսը:
26. Փիլիմոն՝ Գազայի եպիսկոպոսը, որին Պօղոս առաքեալը թուղթ գրեց:
27. Արիստարքոս, Պուդէս եւ Տրոփիմոս: Այս երեքը չարչարակից եղան առաքեալների բոլոր հալածանքների ժամանակ եւ Պօղոսի հետ նահատակուեցին Հռոմում՝ գլխատուելով Ներոն կայսեր կողմից:
28. Յասոն եւ Սոսիպատրոս՝ Պօղոսի աշակերտները:
29. Արիստաբուղոս՝ նրան յիշատակում է Պօղոսը հռոմէացիներին ուղղուած թղթումՀռոմ. 16:11: Նահատակուել է Թեսաղոնիկէում:
30. Նարկեսոս՝ յիշատակուած է հռոմէացիներին ուղղուած նոյն թղթում: Եղել է Աթէնքի եպիսկոպոսը եւ նահատակուել Դաղմատիայում:
31. Հերովդիոն կամ Իւրոդէոս՝ յիշատակուած է վերոնշեալ նոյն տեղում, որտեղ առաքեալը նրան իր ազգական է կոչում: Եղել է Տարսոնի եպիսկոպոսը:
32. Ռուփաս կամ Ռուփոս՝ յիշատակուած են նոյն թղթում:
33. Ասիւնկրիտոս՝ վրկանների եպիսկոպոսը:
34. Փղեգոն՝ մարթոնացիների եպիսկոպոսը:
35. Երմիս կամ Հերմէս՝ դազմատացիների եպիսկոպոսը:
36. Երմաս կամ Երմէս՝ փիլիպուպօլսեցիների եպիսկոպոսը:
37. Ղինոս՝ Պետրոսի յաջորդը Հռոմի Աթոռին:
38. Փիղողոգէոս՝ յիշատակուած է հռոմէացիներին ուղղուած վերոնշեալ նոյն թղթում: Եղել է Սինոպի եպիսկոպոսը՝ կարգուած Անդրէաս առաքեալի կողմից:
39. Ողիւմպաս՝ գլխատուել է Հռոմում:
40. Հռոդիոն՝ Ողիւմպասի հետ գլխատուել է Հռոմում:
41. Տերտերիոս՝ սուրբ Պօղոսի նօտարը՝ Իկոնիայի եպիսկոպոսը:
42. Երաստոս՝ Կորնթոսի քաղաքապետը, որին Դորոթէոսը կոչում է Երուսաղէմի եկեղեցու տնօրէնը եւ Պանէադասի եպիսկոպոսը:
43. Կուարտոս՝ Բիւրիտոնի եպիսկոպոսը:
44. Կոդրատոս՝ Տրայիանոսի օրօք գլխատուել է Հռոմում:
Այստեղից կարելի է եզրակացնել, որ ինչպէս Դորոթէոսի, այնպէս էլ զանազան Յայսմաւուրքներում յիշատակուած եօթանասունների անունները մեծամասամբ անստույգ են: Բաւական է, որ ըստ Տիրոջ խոստման՝ նրանց անունները գրուած են երկնքում: Մեր քաջ հռետորը՝ սուրբ Նարեկացին, տասներկու սուրբ առաքեալների հետ իրաւամբ ներբողում է նաեւ եօթանասուներկուսին՝ գրելով. «... Ո՞ր խօսքերը կարող են ներբողել այսքան բազմագումար ընտրեալ դասերին: Քանզի աւետարանական ամենասուրբ պատմագրութեան մէջ նրանք իրենց մաքուր կենցաղավարութեամբ եւ տիրաքարոզ ճանապարհորդութեամբ ճեպելով հասան իրենց Առաքողին եւ Տիրոջ պատկերին յանդիման զուարթ բերկրանքով պատմեցին իրենց Կանչողի անուան զօրութեան մասին, որով բժշկեցին ախտերը եւ հալածեցին դեւերին: Այնժամ աւետարանուեց նրանց մեծագոյն յոյսի տեսիլքը՝ ուրախացէ՛ք, որովհետեւ ձեր անունները գրուած են երկնքում ... Ոչ միայն առաքեալներ էին, այլեւ նահատակներ, ոչ միայն խոստովանողներ, այլեւ մարտիրոսներ, ցանկալիներ եւ երեւելիներ, գովելիներ եւ պատուելիներ, խնկելիներ եւ պսակելիներ»:
Նրանք մեր նախնիներն են, մեր ծնօղներն՝ ըստ աւազանի, մեր դաստիարակներն ու աշակերտողներիս վարդապետները: Թող որ նրանց ընդունելի եւ հաճոյական մաղթանքներով ու աղօթքներով փրկութեան մաս ունենանք Աստուծոյ բարերար գթութեան առաջ, Որին փա՛ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի աշակերտների յիշատակութեան օրը տօնում է Վարագայ սուրբ Խաչին յաջորդող շաբաթ օրը:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
1. Լիակատար վարք եւ վկայաբանութիւնք սրբոց, աշխատասիրութեամբ հ. Մկրտիչ վրդ. Աւգերեանի, Վենետիկ, 1810, հատոր Ա, էջ 581:
2. Շնորհք արք. Գալուստեան. «Աստուածաշնչեան սուրբեր», երրորդ հրատարակութիւն, Գանձասար, 1997:
վ ՔԱՐՈԶ ԵՕԹԱՆԱՍՈՒՆԵՐԿՈՒ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ՈՐՆ ԱՍՈՒՄ Է.
«Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւ երկու-երկու ուղարկեց նրանց» [Ղուկ. 10:1]
Եօթանասուներկու աշակերտների խորհրդի նախատիպերը եւ օրինակները բազում են, որոնք հարկ է բացայայտել:
Նախ՝ աշտարակաշինութեան օրերին եօթանասուներկուսը հաւաքուեցին չար միաբանութեամբ, եւ անօրէնները կամեցան աշտարակ շինել, ճանապարհ բացել դէպի երկինք եւ հակառակուել Աստծուն, սակայն Աստուած ուժգին հողմով ցրեց աշտարակը, խափանեց նրանց գործը եւ մի լեզուն բաժանեց եօթանասուն լեզուների: Այդպէս էլ նոյն Տէրը յետոյ շինեց բարձր աշտարակ, որն է Եկեղեցին, որ երկինք է երկրի վրայ հաստատուն եւ անշարժ հիմքով, որին չեն կարող սասանել ո՛չ դեւերի շունչը, ո՛չ փորձութիւնների անձրեւները եւ ո՛չ էլ մեղաւորների գետերը, որովհետեւ այն շինուած է հաստատուն վէմի վրայ: Այն աշտարակը շինուեց Բելի կողմից եօթանասուն տանուտէրերով, իսկ այս աշտարակը հիմնարկուեց Տիրոջ կողմից եօթանասուն աշակերտներով: Այնտեղ մի լեզուն բաժանուեց եօթանասուն լեզուների, իսկ այստեղ եօթանասուն լեզուները մի Անձի մէջ ժողովեց: Դարձեալ՝ այնտեղ վերացրեց չար միաբանութիւնը, իսկ այստեղ անջատուած եւ բաժանուած մարդկանց միաբանութեան բերեց ու մի հոգու, մի մարմնի եւ մի յոյսի մէջ հրաւիրեց, ինչպէս որ ասում է. «Հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր»Գործք. 4:32: Այսպէս եօթանասուներկու աշակերտների միջոցով բոլոր հաւատացեալներին սուրբ աւազանից ծննդեամբ մի դարձրեց, դարձրեց լոյսի եւ ցերեկուայ մի որդիներ, Աստուծոյ ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ:
Երկրորդ՝ Յակոբ նահապետն իրենից սերուած նոյնքան մարդկանցով Եգիպտոս մտաւ եւ մեծ բազմութեամբ դուրս եկաւ այնտեղից: Այդպէս էլ մեր Տէրն Իր կողմից կանչուած եօթանասուներկու աշակերտներով մտաւ հեթանոսների խաւարաբնակ գաւառները, բայց դուրս եկաւ հաւատացեալների անթիւ բազմութեամբ, որոնք թողեցին իրենց մեղքերի կարծացած տիղմը եւ ազատուեցին իմանալի փարաւոնի մեղքերի ծառայութիւնից ու նրա չար գործակալից: Նրանք անցան աշխարհի մեղքերի ծովի միջով եւ հասան չարիքից հեռու մի վայր, այսինքն այժմեան եկեղեցի: Մահից յետոյ պիտի հասնեն անդրանիկների եկեղեցիներ՝ ընտրեալների ժողովներ եւ ապա՝ յարութիւնից յետոյ՝ հոգով ու մարմնով երկնքի Արքայութիւն, որ պարգեւների երկիրն է, «քանզի, - ասաց, - ուր Ես եմ, այնտեղ կը լինի եւ Իմ ծառան» Յովհ. 12:26: Եւ այս բոլոր բարիքները մեզ եղան սուրբ աշակերտների միջոցով:
Երրորդ՝ երբ Մովսէսը խաչանիշ գաւազանով ճեղքելով անցաւ Կարմիր ծովը, նախ եկան տասներկու աղբիւրների եւ ապա եօթանասուն արմաւենիների մօտ: Այդպէս էլ Յեսսէի արմատից բխած խաչանիշ գաւազանը ճեղքեց աշխարհի ծովը, անցկացրեց իր ժողովրդին եւ նախ անապատ՝ տասներկու առաքեալների մօտ բերեց, որոնք մեզ կենդանի ջուր խմեցրին, իսկ յետոյ տարան եօթանասուն արմաւենիների՝ եօթանասուն աշակերտների դասի մօտ, որոնք իւրաքանչիւր քաղաքներում եպիսկոպոսներ եղան եւ իրենց քաղցր վարդապետութեամբ կերակրեցին հաւատացեալների հոգիներին: Դաւիթ մարգարէն կանխաձայնելով գովերգում է նրանց՝ ասելով. «Արդարներն արմաւենու պէս կը ծաղկեն, Լիբանանի մայրիների պէս կը բազմանան» Սաղմ. 91:13 իրենց աշակերտներով: Նրանք տնկուեցին Տիրոջ տան մէջ, որ սուրբ Եկեղեցին է եւ Աստուծոյ գաւթում Սուրբ հոգով ծաղկեցին աւազանի ջրի միջոցով: Տէրը գալու է այդ տան գաւիթները եւ ճանաչելու է Իր կողմից հովուածներին, իսկ ծաղկելն այն է, որի համար Սողոմոնն ասում է. «Պիտի ծաղկի նշենին» Ժող. 12:5, որ լինելու է արդարների յարութեան ժամանակ:
Չորրորդ՝ նրանք եօթանասուն ծերերն են, որոնք կանչուեցին Մովսէսի կողմից, եւ եղան ամբողջ ժողովրդի դատաւորներն ու պետերը, սակայն նրանք արբեցին Մովսէսի հոգով, իսկ սրանք՝ Քրիստոսի, ինչպէս որ ասաց. «Երբ ես գնամ, կ՚ուղարկեմ Նրան ձեզ մօտ, եւ Նա կ՚ուսուցանի ձեզ այն ամէնը, ինչ պատուիրեցի ձեզ» Յովհ. 14:26: Եւ սրանք (եօթանասուներկու աշակերտները) եկեղեցու մէջ առաքեալների փոխարէն ծերեր ու դատաւորներ են, տասներկուսից յետոյ երկրորդ աթոռակիցները եւ դատաւորները ահեղ Դատաստանի օրը:
Հինգերորդ՝ Դաւիթ մարգարէն մարդկանց համար կեանքի եօթանասուն տարեթիւ սահմանեց, եւ Դաւթի Որդին՝ ըստ մարմնի, այդքան թուով աշակերտներ ընտրեց, որպէսզի մեր ժամանակաւոր կեանքում նրանք խնամատարներ ու դայեակներ լինեն, իսկ յետոյ առաջնորդելով մտցնեն յաւիտենական կեանք՝ ասելով. «Ահաւասիկ ես եւ իմ մանուկները, որոնց տուեցիր ինձ»Եբր. 2:13 եւ լսելով. «Բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ, ... մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ» Մատթ. 25:21:
Վեցերորդ՝ եօթանասուն տարի ժողովուրդը մնաց Բաբելօնի գերութեան մէջ եւ յետոյ ազատուեց Զօրաբաբէլի միջոցով: Արդ, Բաբելօն թարգմանաբար նշանակում է չար խառնակչութիւն եւ խորհրդանշում է այս աշխարհը, որի մէջ խառնակւում ենք զանազան մեղքերով եւ գերի ու ծառայ լինում դեւերի չար բռնաւորին, ինչպէս որ Տէրն է ասում. «Ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է»Յովհ. 8:34: Եւ սա վերաբերում է թէ՛ ընդհանուր մարդկանց եւ թէ՛ իւրաքանչիւր մէկին, որ գերւում է ախտից եւ լինում մեղքերի ծառայ, երբ «Բաբելօնի գետերի մօտ նստած լալիս էին» Սաղմ. 136: 1, այսինքն լալիս էին ախտերով յորդահոս գետերի մօտ, քանզի Տէրն ասում է. «Չկայ ուրախութիւն անօրէնների համար, եւ մեղաւորները պիտի ծփան ծովի պէս ու հանգիստ չգտնեն» Յայտն. 21:8: Երբ բարեպաշտութեան քնարները լռեցին ու անգործ եղան, դրանք կախուեցին անպտուղ ծառից, քանզի երբ անձը չարիք է գործում, ուռենու պէս անպտուղ է լինում, որից կախուած հոգու քնարները՝ տասը զգայարանները, լուռ են եւ հեռու Աստուծոյ օրհնութիւններից: Աստուածային հոգու քնարի գործիքը չի բախում նրանց, որովհետեւ Աստուծոյ օրհնութիւնը վայել չէ մեղաւորի բերանին, ինչպէս որ գրուած է սաղմոսում: Այսպէս մեղաւորի հոգին գերի է լինում սատանայի չար բռնաւորին: Իսկ գերութեան եօթանասուն տարիները, որ ինչպէս ասուեց մարդկանց կեանքի թիւն են, խորհրդանշում են, թէ մարդկանց կեանքը՝ ծննդեան օրից մինչեւ վախճանը, սատանայի ծառայութեան տակ էր, մինչեւ որ բարձունքներից եկաւ փառքի Թագաւորը եւ Իր եօթանասուն աշակերտներով՝ իբրեւ քաջ զօրականներով ազատեց եօթանասունամեայ գերուն ու վերադարձրեց Իր բնակութեան քաղաքը՝ վերին Երուսաղէմ: Այսպէս Տէրը մեղքի, տրտմութեան ու սուգի մէջ ընկած իւրաքանչիւր մէկին այս աշակերտների միջոցով տանում է դէպի ուրախութիւն եւ Իր կամքի նաւահանգիստը:
Եօթերորդ՝ երբ Պետրոսը հարցրեց, թէ որքան պէտք է ներել, մինչեւ եօ՞թ անգամ, որպէսզի մեղաւորն ապաշխարի, Տէրը նրան պատասխանեց. «Երբ մեղաւորը յետ դառնայ, ների՛ր նրան ոչ թէ մինչեւ եօթ անգամ, այլ եօթանասուն անգամ եօթ» Մատթ. 18:21, 22:, որպէսզի ճշմարիտ լինի այն խօսքը, թէ ընտրեց եօթանասուն այրեր եւ ուղարկեց հեթանոս բազմամեղ ազգերի մէջ եւ պատուիրեց նրանց բժշկել հիւանդներին, քայլեցնել անդամալոյծներին, փարատել այլ բոլոր մեղքերից ծագած ախտերը, հանել դեւերին, որոնց բանսարկուն բուն էր դրել մարդկանց մէջ եւ կարծում էր, թէ յաւիտեան պէտք է իրենը լինեն: Եւ նրանք, թողութիւն տալով մեղքերին, տեսակ-տեսակ վէրքերը բժշկելով եւ մարդկանցից դեւերին հալածելով, աւետիս էին տալիս Փրկչին՝ ասելով. «Տէ՛ր, դեւերն էլ են մեզ հնազանդւում Քո անունով» Ղուկ. Ժ 17: Այդ պատճառով Տէրն ուրախալի աւետիսների համար պարգեւ խոստացաւ՝ ասելով նրանց. «Ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»Ղուկ. Ժ 20:
Ութերորդ՝ այս խօսքերը յաջորդելով գնում-հասնում են նախկիններին, քանզի եթէ «Կայէնից եօթն անգամ է վրէժ պահանջւում, ապա Ղամէքից՝ եօթանասունեօթն անգամ»Ծննդ. Դ 24, որովհետեւ կամ նա (Կայէնը) չունէր սպանողի օրինակը, իսկ սա (Ղամէքը) ունէր, կամ էլ նա սպանեց մէկին՝ Աբէլին, իսկ սա՝ երկուսին, ինչպէս որ ասաց. «Ես սպանեցի մի մարդու՝ ինձ վիրաւորելու համար, եւ մի երիտասարդի՝ ինձ հարուածելու համար»Ծննդ. Դ 23, եւ կամ Աստուած հրամայեց, որ որեւէ մէկը չսպանի Կայէնին, բայց նա (Ղամէքը) մեղանչեց Աստուծոյ հրամանի դէմ, որի համար Ղամէքն առաւել պատուհաս կրեց, քան Կայէնը: Քանզի Աստուած Կայէնին տրուած անէծքը երկրի երեսից վերացրեց ջրհեղեղով, որը եօթերորդն էր նրա ազգում, իսկ Ղամէքին տրուած անէծքը վերացրեց Յորդանանի միջոցով որպէս ըստ Ղուկասի ազգաբանութեան՝ եօթանասուներորդը: Այդ պատճառով այն եօթանասուն ազգերի փոխարէն նրանց սերունդներից ընտրեց եօթանասուն աշակերտներ, որոնցով քաւուեցին նրանց յանցանքների համար տրուած անէծքները:
Իններորդ՝ եօթ եօթանասուներորդ է վճռուած Իսրայէլի ժողովրդի համար, ինչպէս որ Դանիէլն է ասում. «Պիտի վերանան օծութիւնները: Եւ եօթերորդ վաթսուներկուսից յետոյ օծեալը պիտի սպանուի» Դան. Թ 25-26: Արդ, եօթերորդ վաթսուներկուսը նշանակում է եօթերորդ վաթսունինը, որոնք չորս հարիւր ութսուներեք տարիներ են, մինչեւ որ գայ ճշմարիտ Օծեալը: Գերութիւնից յետոյ այդքան տարիներ քահանաներն առաջնորդներ եղան, եւ ապա վերացաւ օծեալ քահանաների տէրութիւնը, որովհետեւ երբ ծնուեց ճշմարիտ Օծեալը՝ Քրիստոս, նրանց տիրում էր այլազգի Հերովդէսը, եւ խափանուած էին նրանց բոլոր օրէնքները: Այդ պատճառով Դանիէլի եօթանասուներորդի լրանալու սոյն ժամանակաշրջանում ընտրեց եօթանասուն աշակերտներ եւ հրամայեց նրանց օծել հիւանդներին ու բժշկել, որպէսզի այս նոր ճշմարիտ օծութեամբ վերանայ քահանաների հին եւ ստուերային օծութիւնը:
Տասներորդ՝ աստուածային Հին եւ Նոր Կտակարանների բոլոր գրքերը, որոնք մարգարէների եւ առաքեալների կողմից խօսում են աշխարհի փրկութեան մասին, թուով եօթանասուներկուսն են: Ինչպէս որ Հնում Աստուած կամեցաւ եօթանասուներկու թարգմանիչների միջոցով թարգմանել մարգարէների խօսքերը եւ յայտնել բոլոր ազգերին, նոյնպէս էլ Նորում եօթանասուներկու աշակերտներով կամեցաւ յայտնել ու սփռել սուրբ Աւետարանը եւ առաքելական խօսքերն աշխարհի բոլոր քրիստոնէական եկեղեցիներում:
Այսքան եւ աւելի խորհուրդներ ունեն եօթանասուն աշակերտները, ինչպէս որ ցոյց տրուեց՝ համաձայն սուրբ վարդապետների խօսքերի:
* Իսկ աշակերտներին կանչելու պատճառները սրանք են: Տեսնելով աստուածագործ նշանները՝ փարիսեցիները, որ ամէն բանում հակառակւում էին մեր Տիրոջն ու Փրկչին, երբեմն ասում էին, թէ Նա բեեղզեբուղի միջոցով է հանում դեւերին, երբեմն էլ, թէ՝ հնարագիտութեամբ: Աշակերտները բժշկել սովորեցին Նրանից, երբ Նա իջաւ լերան վրայից, որ ցոյց տայ աստուածութեան փառքը, սակայն մի իշխան, որի որդին այսահար էր, եկաւ Յիսուսի մօտ եւ ասաց. «Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել» Մարկ. Թ 17: Այս բանը դպիրներին եւ փարիսեցիներին կարծել տուեց, թէ աշակերտները չէին սովորել Վարդապետից, որի համար չէին կարողացել հանել: Աշակերտները, որ դեռեւս անկատար էին, նոյնը ենթադրելով՝ հարցրին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք» Մարկ. Թ 27: Եւ Նա պատասխանեց՝ ձեր թերահաւատութեան պատճառով, ցանկանալով ասել, թէ այսպիսի նշանը կատարւում է հաւատքով եւ ոչ թէ հմտութեամբ, որի համար զայրանում է իշխանի վրայ եւ անհաւատ ու մոլորուած կոչում: Ապա յայտնապէս սաստում է դեւին՝ ասելով. «Դո՛ւ, հա՛մր եւ խո՛ւլ ոգի, Ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից եւ այլեւս չմտնես դրա մէջ» Մարկ. Թ 24: եւ այսպիսով վերացրեց նրանց չար կարծիքները: Եւ քանի որ շատ ժողովուրդ հաւաքուեց՝ տեսնելու սքանչելիքը, այնժամ կանչեց աշակերտներին եւ նրանցից ընտրեց եօթանասունին: Երկու-երկու բաժանեց նրանց, ուղարկեց բոլոր քաղաքներն ու գիւղերը՝ հրաշքներ գործելու, հիւանդներին բժշկելու եւ դեւերին հանելու համար ու պատուիրեց անհրաժեշտ մարմնաւոր կարիքների համար ոչինչ չվերցնել, ո՛չ հաց, ո՛չ գաւազան, ո՛չ մախաղ եւ ոչինչ, այլ միայն հոգալ աւետարանի քարոզութեան համար եւ կրել աշակերտների մարմնաւոր կարիքները, որովհետեւ «Մշակն արժանի է իր կերակրին» Մարկ. Ժ 10: Նահապետն արձակեց աղաւնուն՝ տեսնելու, թէ արդեօք ջրերը քաշուել են երկրի երեսից, եւ աղաւնին, գալով ձիթենու տերեւով, աւետեց աշխարհակործան ջրհեղեղի յետ քաշուելու մասին: Նոյնպէս էլ այս եօթանասուներկու աշակերտներն արձակուեցին Քրիստոսի կողմից եւ դեւերին հնազանդեցնելով՝ աւետիս տուին աշխարհին, թէ պիտի վերանայ աշխարհի դիւապաշտ մոլորութիւնների ջրհեղեղը, եւ սուրբ աւետարանի ճշմարտութիւնը պիտի տիրի ամբողջ աշխարհին, ինչպէս որ սաղմոսն է ասում. «Նա թող իշխի ծովից մինչեւ ծով, եւ գետերից մինչեւ ծագերն աշխարհի» Սաղմ. ՀԱ 8: Արդ, մեր Տէրը տիրեց եւ թագաւորեց ամբողջ աշխարհին, խափանեց չարի բազմադիմի պատերազմները, խաղաղութիւն հաստատեց երկնքում եւ երկրում ու հեռաւորներին եւ մերձաւորներին աւետարանեց նոր բարի պարգեւներ: Ուղղեց մեզ՝ երկինք նայելու, պաշտելու կենդանի Աստծուն, բարի գործերով հաճոյանալու Նրան եւ ապա ակնկալելու Նրա Գալստեանը Հօր փառքով ու Իր սուրբ հրեշտակներով, որպէսզի վրէժխնդիր լինեն նրանցից, ովքեր չհնազանդուեցին Իր փառքի աւետարանին, եւ ապա յաւիտենական ու անմահ կեանքի ժառանգորդներ դարձնեն Կենաց խօսքին աշակերտողներին եւ հաւատացեալներին՝ ըստ Իր անսուտ խոստման, թէ «Ուր Ես եմ, այնտեղ կը լինի եւ Իմ ծառան, որպէսզի տեսնեն Իմ փառքը» Յովհ. ԺԲ 26: Թող Նա մեզ եւ Իր անուանը հաւատոցողներին արժանի դարձնի բոլոր սուրբ երկնաւորների եւ երկրաւորների, առաքելական գնդի ու աշակերտների դասի ուրախութեանը, եւ մենք ճշմարտութեան աւետարանիչների հետ մասնակից ու հաղորդ լինենք անճառ երանութեանը եւ անպատում ուրախութեանը մեր Տէր Յիսուս Քրիստոսով, որ օրհնեալ է Հօր եւ Սուրբ Հոգու հետ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
ՍԿԶԲՆԱՂԲԻՒՐ
Ս.Գրիգոր Տաթեւացի. Ամառան հատոր, տպեալ յամի 1741 ի Պօլիս, գլուխ ՃԻԳ, էջ 466:
Գրիգոր Նարեկացի - Մատեան Ողբերգութեան. Բան 82
2
Այժմ, յանուն սուրբ առաքեալների,
Ձեռնադրուած Քո երկնաստեղծ ձեռքով, Սուրբ Հոգովդ օծուած,
Որոնց արժանի գովեստն ես արի,
Ըստ կարողութեան, մի այլ գրուածքում՝
Յանուն փառքի Քո, Տէ՜ր ամենայնի,
Ողորմիր եւ ինձ՝ յիշելով սէրն այն,
Որին Դու նրանց արժանացրիր:
Նրանց միջոցով բաց եւ ի՛նձ համար ելքի ճանապարհ
Դէպի ըղձալի լոյսն երանութեան.
Նրանց հովւութեան բարի ձայնը թող
Հասնի ինձ որպէս կենարար ողջոյն:
Թող որ ես նոյնպէս անեղծ փրկութեան
Տօնելի յոյսի բաժին ունենամ
Նրանց հետ, որոնք առաջնորդներ են
Կեանքի, այս պատուի նախաշնորհներ,
Փառաւոր խմբեր, գետեր բանական,
Աւետաւորներ բարձրաբարբառ ու իշխաններ վսեմ,
Պճնուած թագերով պերճ ու լուսափայլ,
Պայծառ՝ շնորհի զօրութեան զարդով անկողոպտելի,
Նուիրագործուած տիրական լոյսի
Զուարթացուցիչ իւղով սրբազան:
Գ
Աղաչում եմ եւ բարձրեալ Աստծուդ
Մեծ պատուիրանի աշակերտների,
Նահատակութեամբ ընտիր ճանաչուած վկաների հետ,
Որ մշտաչարչար մահացու մարմնով
Եւ անդամներով բազմատառապանք ու ամենակիր,
Երկրաւորական ու հողազանգուած իրենց բնութեամբ
Բոլոր նիւթեղէն գոյութիւնների,
Տարերքների դէմ կռիւ մղելով՝
Պսակազարդուած փառաւորուեցին
Ու կենդանացան ընդմիշտ հոգեպէս
Եւ արիաբար կրելով մահվան ամէն փորձութիւն՝
Մարտիրոսուեցին սուրբ ճշմարտութեան
Ու ելան երկրից, ըստ մարգարէի,
Այստեղից արդէն աներկբայ յոյսով՝
Տեսնելով այնտեղ ծածկուած հոգեղէն բարիքներն ամէն.
Որպէս աշակերտ առաքեալների
Ու չարչարակից, իրենց գործերով
Կատարելապէս նրանց հաւասար,
Պարում են հիմա խրախճանքներում
Յավիտենական երանութեան մէջ:
Յարգելով նրանց մաղթանքներն հաճոյ ու ընդունելի
Եւ արիւնընծայ, վաստականուէր
Ու քրտնակնդրուկ աղերսներն առ Քեզ՝
Ընդունի՛ր դարձեալ եւ ինձ՝ նրանց հետ
Հիմնաւորաբար շաղկապելով Քեզ անեղծ փրկութեամբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: