ԶՔեզ Տէր օրհնեն դասք սրբոց մարտիրոսաց.
Քաղցր ձայնիւ հնչմամբ Քեզ երգեն.
Փա՛ռք Քեզ, փա՛ռք Քեզ, Աստուա՛ծ:
Որք քաջութեամբ համբերեցին բռնաւորացն սպառնալեաց.
Եւ ընդ անմարմնոցն դասակցեալ Քեզ երգեն.
Փա՛ռք Քեզ, փա՛ռք Քեզ, Աստուա՛ծ:
Այսօր ցնծայ վերինն Երուսաղէմ. ընդունելով զսոսա յարկսն լուսեղէն
Ուրախանան եւ հրեշտակք ասելով.
Փա՛ռք Քեզ, փա՛ռք Քեզ, Աստուա՛ծ:
(Շարակնոց)
Իմաստասէր, հանճարեղ եւ սքանչելի կոյս Նեքտարինէն Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքից էր: Ազգական էր Կոստանդիանոս Մեծին եւ ապրել է Մաքսենտիոս ու Մաքսիմինոս բռնակալ թագաւորների օրօք: Հաւատքով քրիստոնեայ էր եւ յոյժ գեղեցկատես, անչափ ուշիմ եւ ճարտար մտքով: Բացի Սուրբ Գրքից՝ նա ուսանեց ողջ հելլենական հռետորական եւ փիլիսոփայական գիտութիւնները, որը սովորելն Ալեքսանդրիայի ճեմարանում օրէնք էր ոչ միայն ուշիմ արանց, այլեւ կանանց համար, որոնց մէջ Նեքտարինէն փայլեց անհամեմատելի առաջադիմութեամբ: Նա իր ընդարձակ մտքի մէջ ժողովում էր հելլեն Հոմերոս քերթողի ու հռոմէացի Վիրգիլիոսի գրքերը, Արիստոտելի, Պլատոնի, Պիւթագորասի եւ այլ իմաստասէրների եւ հռետորների մատեանները, ինչպէս եւ նախկին՝ հին եւ նշանաւոր բժիշկների՝ Ասկլեպիոսի, Հռուփոսի, Հիպոկրատեսի ու Գաղիանոսի գրքերը՝ չհաշուած թուաբանական, երկրաչափական, աստղաբաշխական եւ երաժշտական գիտութիւնները: Մինչեւ անգամ բերանացի գիտէր ողջ օտար գրականութիւնը եւ լեզուագիտութեան մէջ զարմանալի գտնուելով՝ սովորեց աւելի քան երեսուն ազգութիւնների լեզուներ: Խօսում էր իւրաքանչիւրի լեզուով, եւ ովքեր տեսնում նրան ու լսում նրա մասին, սքանչանում էին: Նրա իմաստութեան համբաւը տարածուել էր բոլոր ազգերում:
Մի օր նա տեսաւ Մաքսենտիոս (կամ Մաքսիմինոս) թագաւորին, որը եկել էր Ալեքսանդրիա եւ հեթանոսական տօնի օրը մեծ ամբոխով մեհեաններում զոհեր էր մատուցում կուռքերին: Արքայական զարմից լինելու եւ սքանչելի իմաստութեան համար Նեքտրինէն համարձակութիւն ունէր արքունիքում: Ուստի առաջնորդուելով Աստուծոյ շնորհներով՝ աներկիւղ գնաց, մտաւ թագաւորի մօտ եւ սկսեց իմաստուն խօսքերով լռեցնել ու յանդիմանել նրան՝ գարշելի կուռքերին զոհաբերութիւններ մատուցելու համար: Նրանց կուռքերի ստութեան մասին տեղին ու պատշաճ խօսքերով առաջ բերեց հելլեն իմաստունների գրուածքներից, նաեւ խօսեց նրանց լեզուներով՝ թարգմանելով այլ ազգերի գրքերից ու ցոյց տալով, որ հեթանոսների բոլոր պաշտամունքները սնոտի են, իսկ թագաւորն ու նրա հետ եղողները զարմացան նրա իմաստութեան սքանչելի խօսքերից եւ բազմազգ լեզուների իմացութիւնից:
Տեսնելով, որ թագաւորն ու ամբոխը կորցրել են իրենց գլուխները, որովհետեւ չէին կարողանում պատասխանել, երանելի կինն սկսեց խօսել պարզ եւ յստակ: Նա թագաւորին ասաց. «Ինչո՞ւ ես հաւաքել այս մեծ ամբոխը եւ նրանց ունայնութեամբ կորստեան ես մատնում կուռքերի մոլորութեան մէջ: Արդ, ազատուի՛ր այդ մոլորութիւնից եւ լսի՛ր ինձ: Ճանաչի՛ր նրան, Ով խօսքով հաստատեց ամբողջ աշխարհը, որովհետեւ միայն Նա է ճշմարիտ Աստուած, Ով Իր Միածնին առաքեց աշխարհ, որպէսզի Իր խաչով փրկի մեզ: Նա է մոլորեալների Փրկիչը եւ յաւիտենական Աստուած, եւ միայն Նրանն է փառքը յաւիտեանս. ամէն»:
Այնժամ տարակուսած թագաւորը նրան իր յետեւից տարաւ իր ապարանքը՝ կարծելով, թէ մեղմ ու համոզիչ խօսքերով կը փոխի նրա միտքը՝ կուռքերին զոհ մատուցելու համար եւ կը հեռացնի Քրիստոսից, սակայն նա ինքն էր ջանում աստուածիմաստ խօսքերով համոզել թագաւորին: Այնուհետեւ թագաւորը, խորհրդակցելով իւրայինների հետ, կանչել տուեց հռետոր վարդապետների, որպէսզի խօսեն նրա հետ եւ յաղթեն նրա մտքին՝ ընդունելու հեթանոսական կրօնը: Այնժամ աշխարհի իմաստուններից հաւաքուեցին հռետոր, փիլիսոփայ եւ անուանի յիսուն մարդիկ: Երբ նրանք սկսեցին խօսել թագաւորի առջեւ, սրբուհի Նեքտարինէն հրեշտակների օգնականութեամբ զարմացրեց ու ամաչեցրեց գերագոյն հռետորական վարդապետներին, ցոյց տուեց նրանց տգէտ եւ իմաստազուրկ լինելը: Ահաբեկուած փիլիսոփայ վարդապետներն այլեւս չհամարձակուեցին խօսել կամ հարցնել փիլիսոփայական գրքերից: Տեսնելով նրանց վարանումների մէջ՝ երանելի Նեքտարինէն կուռքերի ստութեան մասին սկսեց առաջ բերել բազմապատիկ վկայութիւններ նախկին իմաստուններից ու խօսեց երկնքի եւ երկրի արարիչ միակ Աստուծոյ մասին: Խօսեց աստուածպաշտութեան խորին խորհրդի շուրջ, առաջ բերեց նաեւ կանխագուշակութիւններ, որ կան օտար ուսմունքների մէջ ու շատ զօրաւոր խօսքեր Հին եւ Նոր կտակարաններից, մանաւանդ Պօղոս առաքեալի եւ Դաւթի խօսքերից, որոնցով հռետորներին ու փիլիսոփաներին ուսուցանեց եւ խրատեց հաւատալ Քրիստոսին ու չմնալ հեթնոսական կուրութեան եւ յետին անմտութեան մէջ: «Ճանաչէ՛ք, - ասաց, - մեր Տէր Յիսուս Քրիստոսին՝ աշխարհի Փրկչին, Ով մեզ համար մարմնացաւ, խաչուեց, թաղուեց, յարութիւն առաւ մեռելներից ու երկինք համբարձուեց եւ պիտի գայ՝ դատելու ողջերին ու մեռեալներին»:
Երբ թագաւորը տեսաւ, որ իմաստուն կարծեցեալ վարդապետները պարտութեան մատնուեցին եւ անպատասխան մնացին Քրիստոսի անյաղթ վկայ Նեքտարինէի եւ ճշմարիտ իմաստասէրի առաջ, բարկացաւ նրանց վրայ եւ հրամայեց յիսուն մարդկանց միասին հրկիզել: Եւ երբ տանում էին, նրանցից մէկը խրատում էր միւսներին, որ ընկնեն սուրբի ոտքերը եւ խնդրեն սովորեցնել իրենց փրկութեան տանող միջոցները եւ ընդունեն Քրիստոսի դրոշմը: Այնժամ Նեքտարինէն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, այլ ուրախ եղէք ի Տէր: Երանի ձեզ, որ հեռացաք մոլորութիւնից եւ ճանաչեցիք ճշմարիտ Աստծուն: Այժմ ընդունէ՛ք հրով մկրտութիւնը եւ ուրախ կը լինէք հրեշտակների հետ»:
Այդպէս յիսուն այրերը, խոստովանելով Տէր Յիսուս Քրիստոսին, նահատակուեցին ուրախութեամբ: Նրանց գլխից մի մազ անգամ չայրուեց, որի համար ամբոխից շատերը հաւատացին Քրիստոսին, որոնց մէջ էր Պորփիւրիոս ստրատելատը՝ երկու հարիւր զօրականներով հանդերձ: Ապա բռնաւորը հրամայեց Քրիստոսի անարատ հարս երանելի Նեքտարինէին գանահարութեամբ տանջանքների մատնել: Հանեցին նրա ծիրանիները, բեհեզը եւ ոսկէ զարդերը ու թողեցին միայն շապիկը, որի վրայից ուժգին հարուածեցին արջառաջլերով եւ ապա բանտարկեցին, մինչեւ նորանոր տանջանքներ կը յօրինէին նրա համար:
Եւ մի այրի կին, որը մի ժամանակ Մագնենտիոս արքայի թագուհին էր, ցանկացաւ տեսնել Նեքտարինէին ու իմաստուն խօսքեր լսել նրանից: Պորփիւրոս ստրատելատը գիշերը թագուհուն տարաւ նրա մօտ, եւ թագուհին նրա վարդապետութեամբ հաւատաց Քրիստոսին եւ տուն վերադառնալով՝ մկրտուեց:
Այնուհետեւ երանելի Նեքտարինէին դարձեալ տարան ատեանի առաջ, եւ նա անսասան հաւատով, լի իմաստութեամբ եւ Սուրբ Հոգով խոստովանեց ու քարոզեց Քրիստոս Աստծուն: Այնժամ Խուրսասադեմ իշխանի խորհրդով ու թագաւորի հրամանով նրան կապեցին չարահնար եւ սրալից անուի վրայ, որպէսզի պտտուելիս ջախջախուի նրա ողջ մարմինը: Եւ երբ սրբուհին ամբողջ սրտով աղօթեց Տիրոջը, Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, փրկեց նրան դժնի գործիքից: Այնժամ երանելի թագուհին, որը հաւատաց Քրիստոսին, հերարձակ գնաց թագաւորի մօտ, անգոսնեց ու մեղադրեց նրան անողորմութեան եւ անգթութեան համար ու համարձակ խոստովանեց իր քրիստոնէական հաւատքը, որի համար նախ կտրեցին նրա ստինքները եւ ապա՝ գլուխը: Այդպէս թագուհին բարի խոստովանութեամբ նահատակուեց ի Քրիստոս: Գլխատուեցին նաեւ Պորփիւրոս ստրատելատը եւ նրա երկու հարիւր զօրականները:
Երբ բռնաւորը տեսաւ, որ շատ հարցաքննելուց յետոյ սուրբ կոյսն ամենեւին ուշ չի դարձնում իր խրատներին եւ սպառնալիքներին, հրամայեց տանել ու գլխատել նրան: Կառափնարան տանելու ճանապարհին նրա յետեւից շատ ժողովուրդ էր գնում: Տեղ հասնելով՝ նա խնդրեց դահիճներին մի փոքր սպասել՝ աղօթելու համար: Եւ նա, աչքերը երկնքին յառած, աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր Աստուած իմ, լսի՛ր Քո աղախնուն եւ շնորհի՛ր ինձ իմ խնդրանքները: Առատապէս ողորմի՛ր նրանց, ովքեր կը յիշատակեն իմ անունը եւ բժշկի՛ր նրանց բոլոր ցաւերից: Ովքեր կը յիշատակեն ինձ հոգեվարքի ժամին, առաքի՛ր բարի հրեշտակին, որպէսզի խաղաղութեամբ աւանդեն իրենց հոգիները: Խաղաղութեամբ ընդունի՛ր նաեւ իմ հոգին, որովհետեւ Քոնն է փառքը յաւիտեանս. ամէն»: Այնժամ երկնքից ձայն եկաւ. «Ե՛կ եւ հանգստացի՛ր սուրբերի հետ, ուր հրեշտակները սպասում են քեզ: Ես կը կատարեմ քո խնդրանքները եւ կը տամ բոլոր նրանց խնդրանքները, ովքեր կը նշեն քո յիշատակի օրը»: Եւ երբ աստուածային ձայնից յետոյ գլխատեցին երանելուն, որ եղաւ նոյեմբերի քսանհինգին, արեան հետ կաթ բխեց:
Որպէս մեծ վկայուհու վարքագիր ճանաչուած է Աթանաս անունով մէկը, որ նրա ընտանիքից էր: Նա «Ճառընտիր»-ի մէջ վերջաբանում գրում է. «Ես՝ նրա ծառայ Աթանաս դպիրս, գրեցի իմ տիկնոջ՝ սուրբ Նեքտարինէի վկայաբանութիւնը, որը նահատակուեց ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր, Որին փառք յաւիտեանս. ամէն»:
Նա ինքը՝ իմաստասէր կոյս սուրբ Նեքտարինէն, իրաւացիօրէն ընտրուած է որպէս կրթութեան, գիտութեան եւ իմաստութեան բարեխօս ու պաշտպան: Եւ այդ խորհրդով էլ նա պատկերուած է սրբապատկերներում, որտեղ մեր Տէր Յիսուս Քրիստոսից մատանի է ընդունում իր մատին՝ ոչ միայն ի խորհուրդ կուսութեամբ հարսնանալու Փրկչին, այլեւ աստուածային իմաստութիւն ունենալու համար որպէս իմաստութեամբ պսակուած սուրբի: Եւ Իմաստունը՝ ի դէմս Քրիստոսի, իմաստութեան մասին ասում է. «Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից»[1], «Սիրեցի այն, հետամուտ եղայ նրան իմ պատանեկութեան օրերից, խնդրեցի նրան, որ ինձ հարսնանար, եւ ցանկացայ նրա գեղեցկութիւնը ... եւ բոլորի Տէրը սիրեց այն»[2]:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Նեքտարինէ կոյսի յիշատակը տօնում է Սուրբ Խաչի երրորդ երեքշաբթի օրը՝ սուրբ Եւստաթէոսի, նրա կնոջ՝ Թէոպիստիայի եւ նրանց որդիների Ագապիոսի ու Թէոպիստոսի եւ Երմոնիա կոյսի հետ:
[1] Իմաստ. Է 28:
[2] Իմաստ. Ը 2, 3:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: