Չարչարեալ, խաչեալ, թաղեալ և ընդ մեռեալս լեալ, ի գերեզմանի եդեալ և յերիր աւուր յարուցեալ.
Որ ըստ աստվածային բնության անչարչարելի է Խոսքը, թող ոչ ոք սրանում չտարակուսի կամ չկարծի, թե գերագույն Էությունը կարող է մահվան չարչարանքների տակ ընկնել. սակայն մարդանալիս Կույսի արյունից ու շնչից վերցնելու միջոցով [Իր] մարդկությունը ստեղծելով՝ դրանով նաև չարչարվելն է սեփականացրել: Աստվածաշունչը խոսում է Աստծո Խոսքի և չարչարանքի մեջ անչարչար Մնացողի` իբրև մարդ չարչարվելու մասին, որպեսզի խոստովանվի, որ մեր փրկությունն Աստծով է [իրականացել]: Որովհետև եթե Աստված էր և մարդ դարձավ` չդադարելով Աստված լինելուց, բնությամբ Արարիչը դարձավ արարածներից մեկը, Օրենսդիրը մտավ Օրենքի տակ, Աստված էր և առավ ծառայի կերպարանք՝ Տեր լինելուց չհրաժարվելով, Միածինը «բազում եղբայրների մեջ անդրանիկ եղավ» (հմմտ. Հռոմ. 8:29), նմանապես էլ իբրև մարդ չարչարվեց մարմնով, սակայն իբրև Աստված անչարչարելի է դավանվում: Եվ քանի որ միշտ կենդանի է Հոր Ծնունդը, Ով կյանք և կենարար է, ինչպես նաև «ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կորնթ. 15:20), Իր մարմի՛նը մահն ընդունող դարձրեց Աստծո շնորհով և ըստ Պողոս առաքյալի՝ ամենքի համար մահ ճաշակեց մարմնով (տե՛ս Եբր. 2:9), որով էր հնարավոր չարչարվել, առանց սակայն Կյանք լինելուց հրաժարվելու: Ուստի Իր մարմնո՛վ և ոչ թե Աստվածության բնությամբ ընդունեց չարչարանքները, և Նա, Ով չարչարանքի մեջ անչարչարելի է, Նույնը նաև մահվան մեջ էր կենդանի և թաղվելիս մահվանն անենթակա, իսկ հարություն առնելով` մահվանն ու ապականությանը հաղթեց ու խափանեց, ինչպես ասում է մարգարեն և բացատրում առաքյալը. մահը խափանվեց` կյանքից պարտվելով, ինչի մասին հեգնաբար ասվում է. «Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, որով զորանում էիր, և ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը, որով սպանում էիր» (հմմտ. Օսեե 13: 14, Ա Կորնթ. 15:55):
Քանզի Կենարարի ձեռքով մեռար, Անարատի` խաչի վրա բարձրանալով խայտառակվեցիր և այժմ մեռած, անգործ ու անկենդան ես: Ըստ ձևի` սա հիշեցնում է Մովսեսի ողջախոհ օձը, որն օրինակն էր և ցույց տվողը տերունական անմեղ մարմնի: Սա՛ է Տիրոջ հարության արդյունքը, ինչից հետո նաև Նրա համբարձման դավանումն է ներկայացվում:
Հաջորդը՝
17․ Հարություն առած նույն մարմնով ելավ երկինք.
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: