23․ Ով խոսեց Օրենքում, Մարգարեներում և Ավետարաններում.

Որ խօսեցաւ յՕրէնս և ի Մարգարէս և յԱւետարանս.

 

«Օրենքում»: «Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1: 2), Նա առաջին մարդու կենդանության և շնորհների Շունչն էր (Ծննդ. 2: 7), ով [առաջին մարդկանց] պատվիրանազանցության պատճառով վերադարձավ Փչողի մոտ, Ով ասաց. «Իմ Հոգին չի մնա այդ մարդկանց մեջ, քանի որ դրանք մարմին են» (Ծննդ. 6:3): Աստծո այս Հոգին հայտնեց  Ղամեքի  մտքին  նրա  որդի  Նոյի մասին, թե նա երկիրը կազատի տառապանքի անեծքից, որով Տերն անիծեց [առաջին մարդկանց]` հանցանքի պատճառով (Ծննդ. 5: 29): Որովհետև արդարները, աստվածային Հոգով  արժանանալով  աստվածային  հայտնությունների և Աստծո հետ խոսակցելու, Հոգու կյանքով դառնում էին կենդանի օրենք և Աստծո կենսատու օրենքի ուսուցիչ, ինչպես  Մովսեսը,  որ  [դարձավ]  Աստծո  և ժողովրդի միջնորդ: Քանզի Աստծո Հոգով ստացավ աստվածագիր օրենքը (Ելք 32: 15-16),  նրա  մտքում  Հոգով  տպվեց  Վկայության խորանի տեսքը` իբրև Եկեղեցու խորհուրդ (Ելք 25-27), նաև ինչպես նրա ներքին  լուսազարդ  միտքը`  նրա  դեմքը նույնպես աստվածային Հոգով լուսավորվեց (Ելք 34: 29-35): Աստծո Հոգին լցրեց Բեսելիելին ու նրա ընկերակից արվեստագետներին, ովքեր զարդարեցին ու հարդարեցին [Վկայության] խորանը (Ելք 31: 2-10): Աստծո Հոգին շրջում ու խոսում էր ժողովրդի հետ, Մովսեսը Հոգով ստացավ աստվածավանդ պատգամները, քահանա օծեց Ահարոնին ու նրա որդիներին (Ելք 28: 1): Նույն Հոգուց Մովսեսը վերցնում տալիս էր բանակում  գտնվող  յոթանասուներկու  ծերերին (Թիվք 11: 16, 24-30), և չէր նվազում նրա մարգարեական անսպառ շնորհը: [Սուրբ Հոգին] սրանցով և նմանատիպ ձևերով խոսեց Օրենքում: Իսկ  մարգարեների  մասին  վկայությունները շատ են, որովհետև ինչ էլ խոսում էին, Աստծո Հոգով էին խոսում, ինչպես Դեբորա կինը` պատերազմում հաղթանակելու մասին (տե՛ս Դատ. 4), և Գեդեոնը, որ բրդի օրինակով ցույց տվեց Աստծո Խոսքի մարդեղությունը (տե՛ս Դատ. 6: 36-40): Աղոթական Հոգի ուներ նաև Աննա մարգարեուհին, որով Աստծուց պարգև ստացավ ուխտադրյալ մանկանը, ում խանձարուրից ընծայեց Աստծուն, և նա Հոգու շնորհով դարձավ քահանա, մարգարե, ով մարգարեացավ Հիսուսի մասին, և թագավորներին Աստծո հրամանով օծող (տե՛ս 1 Թագ. 1 - 25): Իսկ օծյալ Դավիթը Հոգու զորությամբ և Սուրբ Հոգուց տրված մարգարեական շնորհով հոգիանում էր և ասում. «Ուղիղ Հոգի՛ նորոգիր իմ ներսում», «Քո Սուրբ Հոգին մի՛ հանիր իմ միջից», «Քո պետության Հոգով հաստատի՛ր ինձ» (Սաղմ. 50: 12-14), «Աստծո բերանի Հոգով լցվեցին երկնքի զորությունները» (հմմտ. Սաղմ. 32: 6), «Թող Քո բարի Հոգին առաջնորդի ինձ» (Սաղմ. 142: 10), և նրա բոլոր սաղմոս-երգերն էլ մարգարեական հոգևոր նվագարան են: Այսպես էլ բոլոր մարգարեները Սուրբ Հոգով խոսեցին ամեն ինչ, ինչպես Որդու, այնպես էլ հենց Իր` Հոգու աստվածության ու շնորհաբաշխության մասին: Որովհետև իմաստնացած [Սողոմոնը] Նրանո՛վ ասաց. «Տիրոջ Հոգին լցրեց տիեզերքը» (Իմաստ. 1: 7): Իսկ Եսային էլ [Սուրբ Հոգու]` Միածնի վրա իջնելու և խորհուրդը մեզ փոխանցելու մասին ասաց. «Կիջնի Աստծո Հոգին` իմաստության ու հանճարի, խորհրդի ու զորության, գիտության, աստվածպաշտության  և  Աստծո  երկյուղի  Հոգին» (հմմտ. Ես. 11: 2-3): Մարդացած Աստծո անունից էլ ասում է. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, այդ պատճառով էլ օծեց Ինձ» (Ես. 61: 1): Իսկ մի ուրիշն [ասում է]. «Ամենակալի Հոգին զորացրեց ինձ», մի ուրիշն էլ` «Ես լցվեցի Տիրոջ զորության Հոգով» (Միք. 3: 8), և` «Տերը, Տերն ուղարկեց ինձ և Նրա Հոգին» (Ես. 48: 16): Հայր Աստծո անունից էլ` «Իմ Հոգին, որ ձեր մեջ է» (Անգե 2: 6):

Նաև Աստծո Հոգով էին Աստվածության մասին հայտնող տեսիլքները երևում նրանց առաջ, ինչպես որ Եսային բարձրացած աթոռի վրա նստած Աստվածությանը տեսավ (տե՛ս Ես. 6: 1), և Եզեկիելը նույնպես Աստվածությանը տեսավ չորս կենդանիների կառքին բազմած և ասում էր, որ Աստծո Հոգին էր շարժում անիվները (տե՛ս Եզեկ. 1), մի ուրիշ տեղ էլ` «Հոգին վերցրեց ինձ» (Եզեկ. 11: 1), և` «Հոգին բարձրացրեց ինձ» (Եզեկ. 3:14): Իսկ Դանիելը Հոգով տեսավ աստվածասքանչ տեսիլքը, ուր աթոռներն ընկան, և Հինավուրց Աստվածը նստեց`բյուրավոր ծառայողների կողմից սպասավորվելով, Նույնին տեսավ նաև Մարդու Որդու տեսքով և երկնքի ամպերով գալիս (տե՛ս Դան. Է 9-14): Սրանք և սույնպիսի բազմաթիվ տեսիլքներ ու հոգևոր խոսակցություններ են ցույց տրվում Օրենքում ու Մարգարեների գրքերում, նաև` Ավետարաններում: Օրինակ`ավետարանվեց Կույսին. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա» (Ղուկ. 1:35), «Եվ Նա, Ով ծնվելու է քեզանից, Սուրբ Հոգով է» (հմմտ.  Ղուկ.  35):  Նույն  Հոգին  լցրեց նաև Եղիսաբեթին և մանուկ Հովհաննեսին` նրա  որովայնում.  մեկը  խայտաց,  մյուսը թարգմանեց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, և օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկ. 1: 42), «և Ով ծնվելու է քեզանից, Աստծո Որդի է»: Նաև Սուրբ Հոգով մաքրված Կույսը,  երբ  Խոսք  Աստծուն  իր  որովայնում հղացված ուներ, գոհացավ մեծագույն պարգևից` ասելով. «Հոգիս կմեծարի Տիրոջը» (Ղուկ. 1:46): Մարգարեաբար գոհացավ նաև Զաքարիան Կարապետի ծննդյան ժամանակ  և  օրհնեց  Հայր  Աստծուն`  Դավթի զավակից ըստ մարմնի ծնվելիք Միածնի համար. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ մեզ այցելեց և Իր ժողովրդին փրկություն բերեց, բարձրացրեց զորավոր եղջյուրը, որի մասին ասաց, թե Դավթից պիտի ծագի» (հմմտ. Ղուկ. 1:68-70), իսկ ծնված մանկան` [Հովհաննեսի] մասին ասաց, թե Բարձրյալի մարգարեն պիտի լինի (տե՛ս Ղուկ. 1:76): Նույն Հոգուց շարժվելով` նաև ծերունի Սիմեոնը գիրկն առավ [մանուկ Հիսուսին], գգվեց և աղերսանքով դիմեց արձակելու իր կյանքի կապանքները, քանի որ Մանկանը դավանեց իբրև Տեր և կյանքի ու մահվան իշխան  (տե՛ս  Ղուկ.  2:29):  Նույն  ժամին նաև Աննա մարգարեուհին գոհացավ Աստ- ծուց` դավանելով Մանկանն իբրև Իսրայելի փրկիչ և Երուսաղեմի մխիթարություն (տե՛ս Ղուկ. 2:38): [Հիսուս Մանկան] մարմնի աճելը նույնպես Սուրբ Հոգով էր. ավետարանագիրն ասում է, որ Մանուկն աճում էր և իմաստությամբ լի զորանում, և Աստծո, այսինքն` փառակից Հոգու շնորհը Նրա վրա էր (տե՛ս Ղուկ. 2:52): Սրանք Սուրբ Հոգու խորհրդական խոսքերն են, որ խոսեց նախ Օրենքում ու Մարգարեների գրքերում, ապա Ավետարաններում:

 

Հաջորդը՝

24․ Ով Հորդանանում աղավնու տեսքով իջավ Միածնի վրա, Հոր ձայնի հետ միասին քարոզեց ուղարկված Որդուն և [բնակվեց սուրբերի մեջ].

Նախորդը՝

 22․ անեղին ու կատարյալին.