Հաւատամք ի մի Աստուած՝ [ի] Հայրն ամենակալ
[Շուրջ] երեք հարյուր հոգին, ովքեր պաշտելի և ընդհանրական հավատամքը սահմանեցին և ավանդեցին, Բյութանիայի Նիկիա [քաղաքում] Սուրբ Հոգով էին հավաքվել: Նրանց աթոռակիցն Ինքը Քրիստոսն էր, Ով ասաց. «Ուր Իմ անունով երկու կամ երեք հոգի են հավաքված, Ես նույնպես այնտեղ եմ» (հմմտ. Մատթ. 18:20): Այսպես, ըստ Իր խոստման, աներևութաբար նրանց հետ էր, ովքեր և սուրբ ու անսխալ կերպով հաստատեցին հավատքի դավանությունը, և դա էր հիմքն ու արմատը՝ ըստ Պողոսի. «Այլ հիմք ուրիշ մեկը դնել չի կարող, քան դրվածը, որ Հիսուս Քրիստոսն է» (Ա Կորնթ. 3:11): Սա էլ ընդունեցին ու պահեցին նրանք, ովքեր աշխարհի համար լուսավորիչներ դարձան և աստվածային խորհրդին քաջահմուտ՝ աշխատեցին, մեծ ջանք թափեցին, որ Եկեղեցու հաստաբեստ շինվածքն առաքելական ամուր հավատքի մեջ որևէ թերություն չունենա՝ որպես զգուշություն գալիք ժամանակների ամբարիշտ հերետիկոսներից և որպես հաստատություն ուղղաքարոզ ճշմարտություն:
Եվ այսպես, սկսենք սուրբ հայրերից ավանդված և մեր կողմից հավերժապես պահպանվող հավատքի [դավանության] առաջին խոսքից:
Եկեղեցու ընդհանրական դավանության այս կետը համաձայն է աստվածագիծ Օրենքի առաջին [պատվիրանին]. «Քո Աստվածը մեկ Տեր է» (հմմտ. Բ Օր. 6:4, Մարկ. 12:29): Սա ոչնչացնում է հեթանոսների բազմաստվածության փառքը, ովքեր «անեղ Աստծո փառքը փոխեցին ստեղծված արարածների նմանությանը» (Հռոմ. 1:23), այլև իրենց ձեռքի ուրվականային ու մեռելոտի գործերին, որոնց հնազանդվեցին և հիմարությամբ պաշտեցին իրենց իմաստուն կարծողները, ինչպես ասում է առաքյալը (տե՛ս Հռոմ. 1:22): Եվ, բազմաստվածության մոլորությունը ջնջելու համար, այժմ աստվածիմաց հայրերն ընդհանրական դավանությամբ մեկ Աստված են սովորեցնում, ինչն Ինքը՝ ամենագործ Աստված էլ է պատվիրում Իրեն ճանաչողներին. «Այլևս քեզ համար Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի՛ լինեն» (Ելք 20:3), նաև մարգարեի միջոցով է նույնն ավանդում. «Այո՛, Ես եմ առաջին և վերջին Աստվածը, և Ինձանից բացի ուրիշ մեկը չկա» (Եսայի 43:6): Այս պատճառով էլ ամենագեղեցիկ սուրբ հայրերը հավատքի հիմքն այստեղից գցեցին, թե մեկ է Աստված և միակն է՝ բնությամբ և էությամբ: Ուստիև ասացին, որ հավատում ենք մեկ Աստծո, Ում նաև «ամենակալ Հայր» անվանեցին, որպեսզի Հոր դավանման միջոցով անուն ընծայվի նաև Որդուն, Ով Նրա հետ միասին է և Նրա գոյակիցը, ճշմարիտ Պատճառ Հոր անճառելի Ծնունդ: Քանզի [Հայր Աստված] ժամանակով չէ՛, որ Հայր եղավ, այլ մի՛շտ կար, ուստի բոլոր գոյություններից էլ վեր է, ինչ պատճառով էլ տիրում ու իշխում է ամենքի վրա: Ավելացվում է «ամենակալ» անունը, որով Նրա անզուգական փառք է ցույց տրվում: Իսկ որ ամեն ինչի արարիչն է, հաջորդ խոսքով է բացատրվում:
Հաջորդը՝
2․ Իբրև երկնքի և երկրի և երկնքում ու երկրում գտնվողների Արարչի.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: