Իսրայէլցիները Մովսէսից ստանալուց յետոյ այն բոլոր օրէնքները, որ Աստուած հաղորդել էր նրան Սինայի լերան վրայ, պատրաստւում են ճանապարհ ընկնել դեպի աւետեաց երկիրը։ Այդ ճանապարհորդութիւնը նախ նրանց տանում հասցնում է Կադէս-Բառնեա կոչուած երկիրը, որի մուտքի մօտ նրանք կանգ են առնում, որովհետեւ վախենում են այնտեղ մտնել։ Այդպիսով, դատապարտուած լինելով մնալու այնտեղ, նրանք քառասուն տարի անցկացնում են անապատում։ Ի վերջոյ շարժւում են դէպի հարաւ եւ երկար թափառումներից յետոյ վերջապէս հասնում Մովաբ կոչուած երկիրը, Մեռեալ Ծովի արեւելքում։
Գրքի վերջին գլուխներում յիշատակւում են զանազան իրադարձութիւններ, որոնք տեղի են ունենում Մովաբում։ Այստեղից է, որ, աւելի ուշ, իսրայէլացիները կարողանում են մտնել Քանանի երկիրը։
Այս գիրքը շարունակութիւնն է կազմում Ելք եւ Ղեւտական գրքերի եւ ցոյց է տալիս իսրայէլցի ժողովրդի մարդկային բնութիւնն իր իսկութեան մեջ, ուր վստահութիւն եւ կասկած, եռանդ եւ յուսահատութիւն, մեծութիւն եւ ստորութիւն փոխնիփոխ յաջորդում են միմեանց։ Դրան հակառակ, գրքում ցոյց է տրուած նաեւ Աստծու անայլայլ հաւատարմութիւնն իր ժողովրդի հանդէպ, հաւատարմութիւն, որ, սակայն, չի բացառում Նրա խստութիւնն ու արդարութիւնը։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: