Սա դաստիարակչական բնոյթի մի պատմութիւն է, ուր նկարագրված է աստուածավախ իսրայէլացի մի ընտանիքի կեանք։ Այդ ընտանիքը ասորեստանցիների կողմից աքսորված է Նինուէ՝ Սամարայի կործանումից անմիջապէս առաջ (722թ․ն․Ք․)։ Տոբիթը եւ իր որդին․ իրենց ընտանիքի վրա ծանրացած դժբախտութեան օրերին, աշխատում են բարեպաշտօրեն եւ ամենայն բծախնդրութեամբ կատարել հրէական օրէնքի սահմանած բոլոր պատուիրանները։ Նրանց ծրագրերի իրականացման ճանապարհին Ռափայէլ հրեշտակը իր հրաշագործ զօրութեամբ մշտապէս օգնում է նրանց՝ իրենց հաւատակից եղբայրներից մէկի կերպարանքն ստացած։
Տոբիթի գրքի նպատակն է ուսուցանել եւ քաջալերել այն հրեաներին, որոնք առանձնացած ապրում են օտարութեան մէջ։ Գիրքը յիշեցնում է կեանքի կանոնները, որոնց պարտաւոր են հետեւել Աստծուն հաւատարիմ բոլոր իսրայէլացիները․ յարգանք ծնողների հանդեպ, ողորմութիւն եւ աղօթք, ծառայութիւն մերձաւորներին, ամուսնութիւն Աստծու կամքին համաձայն եւ այլն։ Ապրելով ըստ այս սկզբունքների, իսրայէլացիները կը կարողանան պահպանել իրենց ինքնութիւնը հեթանոս ժողովուրդների մեջ՝ մնալով հանդերձ Աստծու հաւատարիմ եւ արդար զաւակները։ Աստուած այդպիսիներին երբեք չի զլանում իր օգնութիւնը։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: