Գիրք` 22. Բ Մակաբայեցիներ

Ներածութիւն

   
   Մակաբայեցիների երկրորդ գիրքը նոյն անունը կրող առաջին գրքի շարունակութիւնը չի կազմում։ Այս գրքի նպատակն է հրաւէր կարդալ Եգիպտոսի հրեաներին, որ իրենք եւս ոգեկոչեն Յուդա Մակաբայեցու կողմից վերանուաճուած եւ մաքրագործուած Երուսաղէմի տաճարի Նաւակատիքի հիշատակը։ Այդ նպատակը յստակօրեն երեւում է գրքի առաջին մասում, յատկապէս այնտեղ մէջբերուած այն երկու նամակներում, որոնք Երուսաղէմի կրօնական իշխանութիւնների կողմից ուղղուած են Եգիպտոսի հրէական համայնքին։
   Գրքի երկրորդ մասում պատմւում է, թէ ինչպես յոյները կամ նրանց կողմնակիցները կողոպտում են տաճարի սրբազան գանձերը եւ այնտեղ ներմուծում, իրենց հեթանոսական պաշտամունքները, թէ ինչպես են ձգտում նաեւ բազմատեսակ տանջանքների միջոցով բռնադատել հաւատարիմ հրեաներին՝ ուրանալու իրենց հաւատը եւ ընդունելու յունական սովորոյթներն ու կրօնը։
   Երրորդ մասում նկարագրուած են Յուդա Մակաբայեցու գլխաւորած զինեալ ապստամբութիւնը եւ նրա ունեցած առաջին յաջողութիւնները յունական զօրքի դէմ, որոնց շնորհիւ հնարաւոր եղաւ մաքրագործել տաճարը եւ վերահաստատել հրէական պաշտամունքը։ Այս մասում այնուհետեւ հիշատակվում են Յուդայի ձեռք բերած նոր յաղթանակները մինչեւ Դեմետրիոս Ա-ի բանակի զօրագլուխ Նիկանորի մահը։