Գիրք` 8. Հռութ

Գլուխ 3

ՀՌՈՒԹԸ ԱՄՈՒՍԻՆ Է ԳՏՆՈՒՄ
   
1․ Նրա սկեսուր Նոոմինն ասաց Հռութին. «Աղջի՛կս, քեզ համար ապաստան փնտռեմ, որ քեզ լաւ լինի:
2․ Արդ, չէ՞ որ Բոոսը, որին ծառայող աղջիկների հետ մնում էիր, մեր ազգականն է: Ահա նա այս գիշեր գարի է կալսում:
3․ Դու լուացուի՛ր, օծանելիք ցանուի՛ր, հագուստներդ հագի՛ր եւ դո՛ւրս արի կալը, բայց այդ մարդուն մի՛ յայտնուիր, մինչեւ որ նա ուտելն ու խմելը վերջացնի:
4․ Երբ նա գնայ քնելու, իմացի՛ր նրա քնելու տեղը, գնա՛, բա՛ց արա ծածկոցը ոտքի կողմից եւ պառկի՛ր: Նա քեզ կ՚ասի, թէ ինչ պիտի անես»:
5․ Հռութը նրան ասաց. «Կ՚անեմ այն ամէնը, ինչ որ ասացիր ինձ»:
6․ Նա իջաւ կալը եւ ամէն ինչ արեց այնպէս, ինչպէս պատուիրել էր իր սկեսուրը:
7․ Բոոսը կերաւ, խմեց, եւ նրա սիրտը զուարթացաւ, գնաց պառկեց դէզի մօտ: Հռութը թաքուն եկաւ, բացեց ծածկոցը նրա ոտքերի կողմից եւ պառկեց:
8․ Կէս գիշերուայ մօտ մարդը վախեցաւ, շփոթուեց եւ տեսաւ, որ իր ոտքերի մօտ մի կին է պառկել:
9․ Ասաց. «Ո՞վ ես դու»: Նա ասաց. «Ես քո աղախին Հռութն եմ: Քո քղանցքը տարածի՛ր քո աղախնի վրայ, որովհետեւ դու իմ ազգականն ես»:
10․ Բոոսն ասաց.«Օրհնեալ լինես դու Տէր Աստծուց, աղջի՛կս, որովհետեւ քո այս վերջին բարեգթութիւնը աւելին է, քան առաջինը, քանի որ աղքատ կամ հարուստ երիտասարդների յետեւից չգնացիր:
11․ Հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր, ինչ որ ասես ինձ, բոլորը կ՚անեմ քեզ համար, որովհետեւ իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ դու զօրաւոր կին ես:
12․ Ես, արդարեւ, քո ազգականն եմ, բայց ինձանից աւելի մօտ ուրիշ ազգական էլ կայ:
13․ Այս գիշեր այստեղ գիշերի՛ր, իսկ առաւօտեան եթէ այն ազգականը տէր կանգնի քեզ, լաւ է, թող տէր կանգնի, իսկ եթէ չկամենայ քեզ տէր կանգնել, ե՛ս քեզ տէր կը կանգնեմ: Կենդանի է Տէրը: Պառկի՛ր այստեղ մինչեւ առաւօտ»:
14․ Նա պառկեց նրա ոտքերի մօտ մինչեւ առաւօտ: Հռութը վեր կացաւ. այնքան մութ էր դեռ, որ մարդ մարդու չէր կարող ճանաչել: Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանայ, որ կին է եկել ինձ մօտ կալը:
15․ Վրայիդ ծածկոցը բե՛ր եւ բռնի՛ր այստեղ»: Հռութը բռնեց այն, եւ Բոոսը վեց չափ 336գարի չափեց, դրեց նրա շալակը, եւ Հռութը մտաւ քաղաք:
16․ Նա գնաց իր սկեսրոջ մօտ, որը նրան ասաց. «Ի՞նչ եղաւ, աղջի՛կս»: Եւ նա պատմեց նրան այն ամէնը, ինչ որ այդ մարդն արել էր իր համար,
17․ եւ ասաց. «Այս վեց չափ գարին տուեց ինձ եւ ասաց. «Քո սկեսրոջ մօտ ձեռնունայն չգնաս»»:
18․ Նոոմինն ասաց. «Նստի՛ր, մինչեւ որ պարզ լինի մեզ, թէ գործն ինչպես կը վերջանայ, որովհետեւ այն մարդը չի հանգստանայ, մինչեւ որ այս գործն այսօր չվերջացնի»: