Գիրք` 11. Պօղոս Առաքեալի թուղթը Փիլիպեցիներին

Ներածութիւն

   
    Եւրոպայի առաջին քաղաքը, որտեղ Պօղոս առաքեալը քարոզեց Քրիստոսի Աւետարանը, Փիլլիպեն է, որը գտնւում է Մակեդոնիայի հռոմէական նախկին նահանգում (Յունաստանի հիւսիս-արեւելեան կողմը): Առաքելական իր երկրորդ ճանապարհորդութեան ժամանակ Պօղոսն այնտեղ հիմնեց մի Եկեղեցի: Մի քանի տարի անց, մինչ նա բանտարկուած էր (ըստ ոմանց՝ Եփեսոսում, ըստ ուրիշների՝ Կեսարիայում կամ Հռոմում), մի թուղթ ուղարկեց փիլլիպիցիներին՝ գրուած առանձնապէս ջերմ տոնով: Նա ցանկանում էր շնորհակալութիւն յայտնել նրանց այն նուէրների համար, որ նրանք ուղարկել էին իրեն Եպափրոդիտոսի միջոցով, երբ ինքը կարիքի մէջ էր գտնւում: Նա ուզում էր նաեւ քաջալերել նրանց, որպէսզի հաւատարիմ մնան Քրիստոսին եւ չհրապուրուեն կեղծ վարդապետաութիւններով, որոնք սպրդում էին իրենց համայնքից ներս:
   Թղթի սկզբում Պօղոսը իր ուրախութիւնն ու երախտագիտութիւնն է արտայայտում՝ մտածելով փիլիպպեցիների մասին: Այնուհետեւ տեղեկութիւններ է տալիս իր անձնական կեանքի վերաբերեալ: Գտնուելով անորոշ մի ապագայի առաջ՝ դրսեւորում է ամբողջական վստահութիւն, որ նա ստանում է Յիսուս Քրիստոսից նրա հետ ունեցած հաղորդակցութեան շնորհիւ: Նա քաջալերում է փիլիպպեցիներին, որ հաստատ մնան իրենց հաւատի մէջ եւ ձգտեն միմեանց հետ լինել միաբան՝ մշտապես ցուցաբերելով խոնարհութիւն եւ ծառայութեան ոգի, որոնք գալիս են Յիսուս Քրիստոսից:
    Մինչեւ Պօղոսին նորից տեսնելը, փիլիպպեցիների պատուերով Եպափրոդիտոսը եւ Պօղոսի մարտակից ընկեր Տիմոթէոսը պահպանում են կապը առաքեալի եւ Փիլիպպեի համայնքի միջեւ:
   Այնուհետեւ Պօղոսը իր ընթերցողներին խստիւ զգուշացնում է ճշմարիտ Աւետարանին անհաւատարիմ մարդկանցից: Նա փիլիպպեցիներին հրաւիրում է հետեւելու իրեն՝ հաստատամտութեամբ եւ աներկիւղ առաջ ընթանալու համար դէպի քրիստոնէական կեանքի վեհ նպատակը, այն է՝ դառնալ նման Յիսուս Քրիստոսի: Թուղթն աւարտւում է քաջալերութիւններով, շնորհակալութիւններով եւ ողջոյններով:
   Այս թուղթը կոչուել է «ուրախութեան թուղթ», որովհետեւ ուրախութեան թեման կարմիր թելի նման անցնում է նամակի մէջ մէկ ծայրից միւսը: Այդ ուրախութիւնը կապուած է Քրիստոսին հաւատարիմ լինելու զգացման հետ: