Թեսաղոնիկեցիներին ուղղուած երկրորդ թղթում Պօղոս առաքեալը վերստին կանգ է առնում այն նիւթի վրայ, որն արդէն շօշափել էր առաջին թղթում. դա Քրիստոսի փառաւոր գալստեան մասին առաջադրուած հարցն էր: Այս նիւթը շարունակում է յուզել Թեսաղոնիկէի քրիստոնեաներին: Արդարեւ, նրանցից ոմանք պնդում էին, որ այդ օրը եկել հասել է արդէն, ուրիշները մերժում էին՝ աշխատելով պատճառաբանել, որ ժամանակների վախճանը մօտալուտ է, եւ հետեւաբար ապրում էին աշխատասէր, գործունեայ եղբայրների հաշուին: Թղթի նպատակն էր, ուրեմն, սրբագրել նրանց սխալ գաղափարները, որոնք տագնապի էին մատնել Թեսաղոնիկէի Եկեղեցին:
Առաքեալը նախ գոհութիւն է յայտնում Աստծուն այն հաւատի եւ սիրոյ համար, որ ցուցաբերում էին Թեսաղոնիկէի քրիստոնեաները: Միեւնոյն ժամանակ նա Տիրոջից խնդրում է յարատեւութիւն շնորհել նրանց այն ծառայութեան մէջ, որին կոչուել էին նրանք: Անմիջապէս յետոյ նա կանգ է առնում թղթի գլխաւոր թեմայի, այսինքն՝ Քրիստոսի փառաւոր գալստեանը վերաբերող ուսուցման վրայ: Այդ գալուստը տեղի չի ունենալու մինչեւ որ չյայտնուի «Չարը»՝ այն խորհրդաւոր անձը, որն իր ծայրագոյն աստիճանին է հասցնելու ըմբոստութիւնը Աստծու դէմ եւ հակառակութիւնը Քրիստոսին: Չարի զօրութեան սանձազերծման դիմաց, անհրաժեշտ է, որ հաւատացեալները անխախտ մնան Աւետարանի նկատմամբ իրենց հաւատարմութեան մէջ եւ չդադարեն բնաւ աղօթելուց: Այնուհետեւ Առաքեալը ազդու շեշտով մեղադրում է ծոյլերին՝ հակադրելով նրանց այն եղբայրների օրինակը, որոնք աշխատում են, որպէսզի ոչ ոքի վրայ ծանրութիւն չլինեն:
Թուղթն աւարտւում է մի կարճ օրհնութեամբ եւ ողջոյններով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: