Գիրք` 20. Յակոբոս Առաքեալի ընդհանրական թուղթը

Ներածութիւն

   
   Յակոբոս առաքեալի թուղթը պարունակում է մի քանի գործնական ցուցումներ՝ ուղղուած «աշխարհով մէկ սփռուած համայն իսրայէլացի ժողովրդին»: Յակոբոսը (որի մէջ ոմանք տեսնում են Տիրոջ եղբօրը) կենդանի և առոյգ լեզուով, տպաւորիչ պատկերներով գրում է այս թուղթը քրիստոնեաներին՝ դատապարտելով նրանց վերաբերմունքը ինչպէս իրենց փոխադարձ յարաբերութիւններում, այնպէս էլ ոչ քրիստոնեաների նկատմամբ:
   Շօշափուող նիւթերը յաջորդում են միմեանց չշաղկապուած, որի պատճառով հնարաւոր չէ դրանք յստակօրեն ի մի բերել: Յակոբոսը նախ ոգեկոչում է իմաստութիւնը՝ ասելով, որ այն գալիս է Աստծաուց եւ, հետեւաբար, պէտք է լի հաւատով խնդրուի նրանից: Դրանից յետոյ նրա հրահանգները յաջորդաբար վերաբերում են աղքատութեանն ու հարստութեանը, փորձութիւններին ու փորձանքներին, ճշմարիտ կրօնին, որը պէտք է արտայայտուի գործերով: Հեղինակը այնուհետեւ դատապարտում է ամեն տեսակի խտրականութիւն համայնքի մէջ, ապա քննութեան է առնում մի նիւթ, որ կարող ենք համարել նրա թղթի հիմնական թեման, այն է՝ կապը հաւատի եւ գործերի միջեւ: Արտայայտիչ համեմատութիւններով լի մի հատուածում նա մատնացոյց է անում լեզուի միջոցով գործուած չարիքները: Ապա կրկին անցնում է ճշմարիտ իմաստութեանը վերաբերող թեմային: Խստագոյնս կշտամբում է այն անձանց, որոնք պատճառ են դառնում կռիւների ու վեճերի, որոնք բարեկամ են աշխարհիկ հաճոյքներին անձնատուր մարդկանց, որոնք իրենք իրենց իրաւունք են վերապահում դատելու իրենց եղբայրներին: Նա յարձակւում է նաեւ բանուորներին շահագործող հարուստների վրայ:
    Աւարտելով իր թուղթը՝ Յակոբոս առաքեալը յանձնարարում է համբերութիւն, յարատեւ աղօթք եւ փոխադարձ հոգեւոր օգնութիւն:
   Քրիստոնեաներին ուղղուած այսպիսի մի շրջաբերական նամակով առաջադրուած պահանջը յստակ է. բաւական չէ տեսականօրէն հաւատալ Աւետարանին, հարկաւոր է, որ հաւատն արտայայտուի առանձին մի վերաբերմունքով, որովհետեւ «հաւատն առանց գործերի մեռած է»: