ՏՈՒԲԻԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ
1. Նրանք եկան Եկբատան եւ մտան Ռագուէլի տուն: Սառան ընդառաջ ելաւ, եւ ողջունեց նրանց, նրանք էլ՝ նրան, եւ Սառան նրանց տարաւ տուն:
2. Ռագուէլն իր կին Հեդնային ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ այս պատանեակը նման է իմ եղբօրորդի Տոբիթին»:
3. Ռագուէլը հարցրեց նրանց եւ ասաց. «Որտեղի՞ց էք, եղբայրնե՛ր»: Նրան ասացին. «Նեփթաղիմի որդիներից ենք, որ գերի ենք տարուած Նինուէ»:
4. Ապա ասաց. «Դուք ճանաչո՞ւմ էք մեր եղբայր Տոբիթին»: Ասացին. «Ճանաչում ենք»:
5. Ռագուէլը նրանց ասաց. «Ո՞ղջ է»: Նրանք ասացին. «Ողջ եւ կենդանի է»:
6. Իսկ Տուբին ասաց. «Նա իմ հայրն է»: Ռագուէլն անմիջապէս վեր կացաւ, համբուրեց նրան, շատ լաց եղաւ,
7. օրհնեց նրան եւ ասաց. «Բարի ես դու եւ բարերար մարդու որդի»: Իսկ երբ լսեց, որ Տոբիթի աչքերը կուրացել են,
8. լաց եղաւ եւ տրտմեց. տրտմեցին նաեւ իր կին Հեդնան եւ նրանց դուստր Սառան: Նրանք մեծ ուրախութեամբ ընդունեցին ու պահեցին նրանց:
9. Ապա նրանք հօտից մի խոյ մորթեցին, բազում խորտիկներ պատրաստեցին ու դրեցին նրանց առջեւ: Տուբին ասաց Ռափայէլին. «Եղբա՛յր Ազարիա, այժմ ասա այն, ինչի մասին խօսում էիր ճանապարհին, որպէսզի քո ասածը լինի»: Ռափայէլն այդ խօսքերը հաղորդեց Ռագուէլին. եւ Ռագուէլը Տուբիին ասաց. «Կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր, որովհետեւ քեզ է վիճակուած առնել իմ աղջկան: Բայց քեզ ճշմարիտն ասեմ. ես իմ աղջկան տուել եմ եօթը մարդու, եւ երբ նրանք ցանկանում էին մերձենալ նրան, նոյն գիշերը մեռնում էին: Իսկ այժմ, որդեա՛կ իմ, դու ուրախ եղիր»:
10. Տուբին ասաց. «Ես այստեղ ոչ մի բան չեմ ուտի, մինչեւ չվերջացնէք այս գործը»:
13. Ռագուէլն ասաց. «Ըստ օրէնքի, նրան վերցրո՛ւ քեզ, որովհետեւ դու աղջկան եղբայր ես գալիս, եւ թող նա քոնը լինի.
14. թող ողորմածն Աստուած ձեզ բարին յաջողեցնի»:
15. Նա կանչեց իր դուստր Սառային, բռնեց նրա ձեռքից, տուեց Տուբիին կնութեան եւ ասաց. «Ահա՛, ըստ Մովսէսի օրէնքի, դու վերցրո՛ւ նրան եւ տա՛ր քո հօր մօտ»: Եւ նա օրհնեց նրանց:
16. Ապա կանչեց իր կին Հեդնային եւ տան ամբողջ ունեցուածքը վերցրեց, տուեց աղջկան, մուրհակներով հաստատեց դրանք եւ կնքեց:
17. Նրանք սկսեցին ուտել, խմել եւ ուրախանալ:
18. Ռագուէլը կանչեց իր կին Հեդնային ու ասաց նրան. «Քո՛յր, դու պատրաստի՛ր միւս սենեակը եւ աղջկան տար այնտեղ»:
19. Կինը արեց այնպէս, ինչպէս հրամայել էր իրեն, եւ նրան տարաւ այնտեղ: Աղջիկը լալիս էր, մայրը սրբում էր աղջկայ արտասուքները եւ ասում նրան.
20. «Քաջալերուի՛ր, դո՛ւստրս, երկնքի եւ երկրի Տէրն այս տրտմութեան փոխարէն քեզ ուրախութիւն ու ցնծութիւն կը տայ, քաջալերուի՛ր, աղջի՛կս, քաջալերուի՛ր»:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: