ԸՆԴԴԷՄ ԱՆՍԱՆՁ ԼԵԶՈՒԻ
1. Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտէք: Իմացէ՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու,
2. քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում: Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը:
3. Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք:
4. Ահա՛ւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է:
5. Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում:
6. Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը, բորբոքուած գեհենի կրակով:
7. Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը,
8. բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնազանդեցնել:
9. Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ:
10. Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ: Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի:
11. Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞:
12. Եղբայրնե՛ր իմ, միթէ կարելի՞ է, որ թզենին ձիթապտուղ տայ կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ:
ԵՐԿՐԱՅԻՆ ԵՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ
13. Ձեր մէջ ո՞վ է իմաստուն եւ խելացի. թող նա, բարի ընթացքով, ցոյց տայ իմաստութեամբ եւ հեզութեամբ կատարած իր գործերը:
14. Իսկ եթէ ձեր սրտերում դառն նախանձ եւ հակառակութիւն ունէք, մի՛ պարծեցէք, որ սուտ էք հանում ճշմարտութիւնը:
15. Այս իմաստութիւնը ի վերուստ չէ իջած, այլ՝ երկրաւոր է, մարմնաւոր եւ դիւային.
16. որովհետեւ, ուր հակառակութիւն եւ նախանձ կայ, այնտեղ կայ անկարգութիւն եւ ամէն չար բան:
17. Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան:
18. Արդարութեան պտուղը խաղաղութեամբ է սերմանւում նրանց համար, ովքեր խաղաղութիւն են անում:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: