1․ Եւ էր արքայ Սողոմոն թագաւորեալ ի վերայ Իսրայէլի:
2․ եւ այս էին իշխանք նորա: Ազարիա որդի Սադովկայ` քահանայ:
3․ Էլիարեփ, եւ Աքիա որդիք Սիսայ` դպիրք. եւ Յովսափատ` որդի Աքիլիդայ ի վերայ յիշատակաց:
4․ եւ Բանեա որդի Յովիդայեայ ի վերայ զաւրաց: եւ Սադովկ` եւ Աբիաթար քահանայք:
5․ եւ Ազարիա որդի Նաթանայ ի վերայ գործավարաց: եւ զԱբութ` որդի Նաթանայ քահանայ բարեկամ արքայի:
6․ եւ Աքիսար` էր հրամատար: եւ Էլիակո` հազարապետ: եւ Էլիափ որդի Սափայ շահապ. եւ Ադոնիրամ որդի Աբդովայ ի վերայ հարկաց:
7․ Եւ էին Սողոմոնի երկոտասան գործակալք ի վերայ ամենայն Իսրայէլի, տալ ռոճիկ արքայի եւ տան նորա մէն մի ամիս ի տարւոջ:
8․ Եւ այս են անուանք նոցա. Բէին որդի Ովրայ` ի լերինն Եփրեմի:
9․ Մի` որդի Դակարայ ի Մաքմաս, եւ ի Սալաբիմ, եւ ի Բեթսամիւս, եւ Յայիլոմ մինչչեւ ցԲեթանան:
10․ Որդի Եսգայ` յԱրաբաւթն. նորա Սոքով եւ ամենայն երկիրն Ոփերայ:
11․ Որդի Ամինադաբայ եւ ամենայն Նեփադովր, որոյ Տափաթ դուստր Սողոմոնի` էր նորա կնութեան:
12․ Բաանա` որդի Այիլովթայ, զԹանաք եւ զՄաքդով, եւ զամենայն տունն Սանայ. որ առ Ելսարթսանաւ, ի ներքոյ Եզրայելի, եւ ի Բեթսաինա մինչչեւ ցԱբէլմաուլա, եւ մինչչեւ ցՄամբրալա:
13․ Եկմաալ որդի Գաբերայ Յռամովթ Գաղաադ. նորա Աւիովթ Յայիրայ որդւոյ Մանասէի ի Գաղաադ. նորա վիճակն Երգաբա որ ի Բասան. վաթսուն քաղաքք մեծամեծք պարսպաւորք պղնձանիգք:
14․ Այինադաբ որդի Ադդովայ ի Մայենեմ:
15․ Աքիմաս ի Նեփթաղիմ. սա առ զՄասեմաթ դուստր Սողոմոնի կնութեան:
16․ Բաանաս որդի Քուսեայ` յԱսեր եւ ի Բաալովթ:
17․ Յովսափատ որդի Փուարայ` յԻսաքար:
18․ Սեմէի որդի Ելայ` ի Բենիամին:
19․ Գաբեր որդի Ադայի, յերկրին Գաղաադու. յերկրին Սեհոնի արքայի ամովրհացւոց, եւ Ովգայ արքայի Բասանու: Նաբիփ յերկրին
20․ Յուդայ: Եւ Իսրայէլ բազում էր իբրեւ զաւազ առ եզր ծովու բազմութեամբ. ուտէին եւ ըմպէին եւ ուրախ լինէին:
21․ Եւ Սողոմոն` իշխան էր թագաւորութեանց, ի գետոյ երկրին այլազգեաց մինչչեւ ի սահմանս Եգիպտոսի: բերէին պատարագս` եւ ծառայէին Սողոմոնի զամենայն աւուրս կենաց նորա:
22․ Եւ այս ռոճիկք էին Սողոմոնի ի միում աւուր. երեսուն քոռ նաշհւոյ եւ քառասուն քոռ ալեր գերմակոյ:
23․ եւ տասն եզն ընտիր, եւ քսան կով արաւտական, եւ հարիւր ոչխար: թող զեղջերու եւ զայծեամն, եւ զընտիր ընտիր հաւուց պարարելոց:
24․ Զի էր իշխան ամենայնի յայնկոյս գետոյն` ի Թափսայ մինչչեւ ցԳազայ, ամենայն թագաւորութեանց յայնմ կողմանէ գետոյն: եւ էր նմա խաղաղութիւն յամենայն կողմանց շուրջանակի:
25․ Եւ բնակեալ էր Յուդա եւ Իսրայէլ վստահութեամբ. իւրաքանչիւր ոք ընդ որթով եւ ընդ թզենեաւ իւրով. ուտէին եւ ըմպէին` ի Դանայ մինչչեւ ցԲերսաբեէ զամենայն աւուրս Սողոմոնի:
26․ Եւ էին Սողոմոնի քառասուն հազար մատակ ձիոց ի կառս, եւ երկոտասան հազար երիվարաց:
27․ եւ տային այնպէս ռոճիկ գործակալքն արքայի Սողոմոնի: եւ զամենայն հրամանս սեղանոյն արքայի` զիւրաքանչիւր ամիս: եւ ոչ սխալէին բան մի:
28․ Նոյնպէս եւ զգարին եւ զյարդն երիվարացն` եւ կառամտացն, բերէին ի տեղին ուր էր արքայ` իւրաքանչիւր ոք ըստ սակի իւրում:
29․ Եւ ետ Տէր իմաստութիւն Սողոմոնի` եւ հանճար բազում յոյժ, եւ զեղումն սրտի իբրեւ զաւազ առ եզեր ծովու:
30․ եւ բազմացաւ իմաստութիւնն Սողոմոնի յոյժ, քան զհանճար ամենայն նախնեաց մարդկան, եւ քան զամենայն իմաստնոց Եգիպտոսի:
31․ Եւ իմաստնացաւ քան զամենայն մարդիկ: եւ իմաստնացաւ քան զԳեթան զԱրաացի, եւ զԵման, եւ զՔաղքաղ եւ զԴարդան` որդիս Մաւուլայ: եւ էր անուանի յամենայն ազգս շուրջանակի:
32․ Եւ խաւսեցաւ Սողոմոն երիս հազար առակս. եւ էին աւրհնութիւնք նորա հինգ հազար:
33․ եւ խաւսեցաւ զփայտից զեղեւնափայտէն որ ի Լիբանան, մինչչեւ ցԶոպայն որ յորմն ելանէ: եւ խաւսեցաւ զանասնոց, եւ զթռչնոց, եւ զձկանց:
34․ Եւ գային ամենայն ազգք լսել զիմաստութիւնն Սողոմոնի եւ յամենայն թագաւորաց երկրի որ լսէին զիմաստութիւն նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: