1. Ամենեցուն ժամանակ է` եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից:
2. Ժամանակ ծնանելոյ, եւ ժամանակ մեռանելոյ: Ժամանակ տնկելոյ, եւ ժամանակ խլելոյ զտնկեալն:
3.Ժամանակ սպանանելոյ, եւ ժամանակ բժշկելոյ: Ժամանակ քակելոյ, եւ ժամանակ շինելոյ:
4. Ժամանակ լալոյ, եւ ժամանակ ծիծաղելոյ: Ժամանակ կոծելոյ, եւ ժամանակ կաքաւելոյ:
5. Ժամանակ ցրելոյ քարինս, եւ ժամանակ ժողովելոյ քարինս: Ժամանակ գիրկս արկանելոյ, եւ ժամանակ հեռանալոյ ի գիրկս արկանելոյ:
6. Ժամանակ խնդրելոյ, եւ ժամանակ կորուսանելոյ: Ժամանակ պահելոյ, եւ ժամանակ արտաքս հանելոյ:
7. Ժամանակ պատառելոյ, եւ ժամանակ կարկատելոյ: Ժամանակ լռելոյ, եւ ժամանակ խաւսելոյ:
8. Ժամանակ սիրելոյ, եւ ժամանակ ատելոյ:
9. Արդ` զի՞նչ առաւելութիւն է այնմ որ առնէ որով ինքն ջանայ:
10. Տեսի ես զամենայն զբազումն զոր ետ Աստուած որդւոց մարդկան զբաղնուլ ի նմա:
11. Ամենայն ինչ զոր գործեաց` բարի է ի ժամանակի իւրում: նա` եւ զամենայն յաւիտեանս ետ ի սիրտս նոցա. զի մի գտցէ մարդ զարարածն զոր արար Աստուած ի սկզբանէ մինչ ցկատարած:
12. Գիտացի` թէ ոչ գոյ բարի ի նոսա` եթէ ոչ ուրախ լինել` եւ գործել բարիս ի կեանս իւրում.
13. քանզի ամենայն մարդ` որ ուտիցէ եւ ըմպիցէ, եւ տեսանիցէ բարի յամենայն վաստակս իւր, այն պարգեւ Աստուծոյ է:
14. Գիտացի` թէ զամենայն զոր արար Աստուած` այն կայ յաւիտեան. ի նոսա ոչինչ յաւելուլ, եւ ի նոցանէ ոչինչ գոյ պակասեցուցանել: եւ արար Աստուած, զի երկիցեն յերեսաց նորա:
15. Որ ինչ եղեւն այն ահա կայ, եւ որ ինչ լինելոցն էր` ահա եղեւ. եւ Աստուած խնդրեսցէ զհալածեալն:
16. Դարձեալ տեսի ի ներքոյ արեգական տեղի դատաստանի` եւ անդ ամպարիշտ. եւ տեղի արդարոյ` եւ անդ բարեպաշտ:
17. Եւ ասացի ես ի սրտի իմում, թէ զարդարն եւ զամպարիշտն դատի Աստուած. զի ժամանակ է ամենայն իրաց, եւ ի վերայ ամենայն արարածոց ժամ եւ ժամանակ:
18. Անդ ասացի ես ի սրտի իմում վասն խաւսից որդւոց մարդկան` եթէ դատի զնոսա Աստուած. եւ զի ցուցցէ եթէ նոքա անասունք են:
19. Սակայն եւ ի մէջ նոցա պատահար է որդւոց մարդկան: եւ պատահար է անասնոց, եւ պատահար յամենեսին ի նոսա: Որպէս մահ սորա` նոյնպէս եւ մահ նորա: եւ շունչ է յամենեսին: եւ զի՞նչ առաւելութիւն եղեւ մարդոյ քան զանասնոյ, եւ ոչինչ. զի ամենայն ինչ ընդ ունայն է:
20. Ամենայն ի մի տեղի երթայ. ամենայն եղեւ ի հողոյ, եւ ամենայն դառնայ ի հող:
21. Եւ ո՞վ գիտէ զոգի որդւոց մարդկան` թէ ելանէ ի վեր, եւ զշունչ անասնոց` թէ իջանէ ի խոնարհ յերկիր:
22. Եւ տեսի զի ոչ գոյ բարի, բայց թէ ուրախ լիցի մարդ յարարածս իւր. զի այն է բաժին նորա: զի ո՞վ ածիցէ զնա տեսանել զայն ինչ որ յետ նորա լինիցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: