1. Տեսէ՛ք՝ որպիսի՛ սէր շնորհեաց մեզ հայր. զի որդի՛ք Աստուծոյ կոչեսցուք մեք: Վասն այսորիկ աշխարհ ո՛չ ճանաչէ զմեզ, քանզի ո՛չ ծանեաւ զնա:
2. Սի՛րելիք՝ այժմ որդի՛ք Աստուծոյ եմք, եւ չե՛ւեւս է յայտ՝ եթէ զինչ լինելոց եմք. Գիտեմք՝ զի յորժամ նա յայտնեսցի՝ նմա՛ն նմա լինելոց եմք, զի տեսանելո՛ց եմք զնա՝ որպէս եւ է՛ն:
3. Եւ ամենայն որ ունի զայս յոյս յանձին՝ սրբէ՛ զանձն իւր՝ որպէս եւ նայն սուրբ է:
4. Ամենայն որ զմեղս գործէ, նա՝ եւ զանաւրէնութիւն առնէ, եւ ինքն իսկ մեղքն անաւրէնութիւն է:
5. Եւ գիտեմք՝ զի նա յա՛յն սակս յայտնեցաւ՝ զի զմեղս բարձցէ՛, եւ ի նմա մեղք ո՛չ են:
6. Ամենայն որ ի նա է հաստատեալ, ո՛չ մեղանչէ. եւ ամենայն որ մեղանչէ, ո՛չ ետես զնա՝ եւ ո՛չ ծանեաւ զնա:
7. Մա՛նկունք մի՛ ոք զձեզ խաբեսցէ. որ առնէ զարդարութիւն, արդա՛ր է՝ որպէս եւ նա՛յն արդար է:
8. Եւ որ առնէ զմեղս՝ ի սատանայէ՛ է, զի իսկզբանէ՛ սատանայ մեղանչէ: Վասն այսորիկ յայտնեցաւ որդին Աստուծոյ՝ զի լուծցէ զգործս սատանայի:
9. Ամենայն որ յԱստուծոյ է ծնեալ մեղս ո՛չ առնէ, զի սերմն նորա ի նմա՛ մնայ. եւ ո՛չ կարէ մեղանչել, զի յԱստուծո՛յ է ծնեալ:
10. Ա՛յսուիկ յայտնի են ի միմեանց որդիք Աստուծոյ՝ եւ որդիք սատանայի: Ամենայն որ ո՛չ առնէ զարդարութիւն՝ չէ՛ նա յԱստուծոյ, եւ որ ո՛չ սիրէ զեղբայր իւր.
11. զի ա՛յս է պատուիրանն զոր լուարուք իսկզբանէ, զի սիրեսցո՛ւք զմիմեանս:
12. Ո՛չ որպէս Կայէնն ի չարէ անտի էր՝ եւ սպա՛ն զեղբայրն իւր, եւ յո՞ր սակս սպան զնա. զի իւր գործքն չար էին, եւ եղբաւրն բարի՛:
13. Եւ մի՛ ինչ զարմանայք ե՛ղբարք, եթէ աշխարհ զձեզ ատեայ:
14. Մեք գիտեմք՝ զի փոխեցաք ի մահուանէ ի կեա՛նս, քանզի սիրե՛մք զեղբարս. իսկ որ ոչն սիրէ, անդէ՛ն ի մահուն կայ:
15. Ամենայն որ ատեայ զեղբայր իւր՝ մարդասպա՛ն եւ գիտէք՝ զի ամենայն մարդասպան ո՛չ ունի զկեանս յաւիտենականս յանձին հաստատեալ:
16. Այսուիկ գիտացաք զսէրն. զի նա՝ զա՛նձն իւր եդ ի վերայ մեր. եւ մեք վասն եղբա՛րց մերոց պարտիմք դնել զանձինս:
17. Որ ունիցի՛ զկեանս ինչ զաշխարհիս, եւ տեսանիցէ՛ զեղբայր իւր կարաւտեալ իւիք, եւ փակիցէ զգութս իւր առ ի նմանէ, զիա՞րդ սէրն Աստուծոյ ի նմա իցէ բնակեալ:
18. Ո՛րդեակք՝ մի՛ բանիւք եւ լեզուաւք սիրեսցուք, այլ արդեամբք եւ ճշմարտութեամբ:
19. Եւ ա՛յսուիկ լիցուք ծանուցեալք՝ եթէ ի ճշմարտութենէ՛ անտի իցեմք. եւ առաջի նորա արասցուք հանդէ՛ս սրտից մերոց:
20. Եթէ ըստգտանիցե՛ն զմեզ սիրտք մեր, այլ Աստուած մեծ է քան զսիրտս՝ եւ գիտէ՛ զամենայն:
21. Սի՛րելիք՝ եթէ սիրտք մեր զմեզ ո՛չ ըստգտանիցեն համարձակութիւն ունիմք առ Աստուած:
22. Եւ զոր ինչ հայցեմք՝ առնո՛ւմք ի նմանէ. զի զպատուիրանս նորա պահեմք, եւ զհաճո՛յս առաջի նորա առնեմք:
23. Եւ ա՛յս է պատուիրան նորա, զի հաւատասցո՛ւք յանուն որդւոյ նորա Յիսուսի Քրիստոսի, եւ սիրեսցուք զմիմեանս, որպէս եւ ե՛տ մեզ պատուէր:
24. Եւ որ պահէ զպատուիրանս նորա, ի նմա՛ է հաստատեալ՝ եւ նա ի սմա. եւ յայսմանէ գիտեմք եթէ բնակէ՛ ի մեզ ի հոգւոյ անտի զոր ետ մեզ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: